Գլխավոր տեղեկություն
Համար
N 238-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.04.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.03.25/15(1104) Հոդ.206
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.03.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 մարտի 2015 թվականի N 238-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության մարզական կոչումների և մարզական կարգերի շնորհման չափորոշիչներն ու կարգը հաստատելու մասին» N 587-Ն որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մարտի 16
Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

մարտի 10-ի N 238-Ն որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2006 թվականի

մայիսի 4-ի N 587-Ն որոշման

 

Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ

 

1. «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ» մարզական կոչումը շնորհվում է այն դեպքում, երբ մարզիկը`

1) ազատ և հունա-հռոմեական ըմբշամարտ, բռնցքամարտ, ձյուդո, սամբո, ծանրամարտ, թաեքվոնդո, աթլետիկա, թիավարություն բայդարկաներով և կանոններով, նետաձգություն, հրաձգություն, հրապարակային և խճուղային հեծանվասպորտ, լող, եռամարտ (տրիատլոն), ուժային եռամարտ (պաուերլիֆտինգ) մարզաձևերում գրավել է`

ա. 1-8-րդ տեղ` օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում,

բ. 1-5-րդ տեղ` աշխարհի առաջնությունում,

գ. 1-3-րդ տեղ` Եվրոպայի առաջնությունում կամ եվրոպական պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում,

դ. 1-3-րդ տեղ` ուսանողական համաշխարհային մարզական խաղերում,

ե. 1-2-րդ տեղ` աշխարհի երիտասարդական առաջնությունում,

զ. 1-ին տեղ` Եվրոպայի երիտասարդական առաջնությունում,

է. 1-ին տեղ՝ պատանեկան օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում.

2) միջազգային ֆեդերացիաների օրացուցային պլանով նախատեսված մրցումներում կատարել է նորմատիվային պահանջ և գրավել է 1-16-րդ տեղը ծանրամարտ, աթլետիկա, թիավարություն բայդարկաներով և կանոններով, նետաձգություն, հրաձգություն, հրապարակային և խճուղային հեծանվասպորտ, լող, եռամարտ (տրիատլոն), ուժային եռամարտ (պաուերլիֆտինգ) մարզաձևերում.

3) առագաստանավային սպորտ, լեռնադահուկային սպորտ, դահուկավազք, սուսերամարտ, ակադեմիական թիավարություն, թիաոլորասահք, սեղանի թենիս, թենիս, բադմինթոն, ձիասպորտ, գեղասահք, սինքրոն լող, բատուտ, ջրացատկ, սպորտային պարեր, ակրոբատիկ մարմնամարզություն, գեղարվեստական մարմնամարզություն, սպորտային մարմնամարզություն, շաշկի, ռենձյու մարզաձևերում գրավել է`

ա. 1-12-րդ տեղ` օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում,

բ. 1-10-րդ տեղ` աշխարհի առաջնությունում,

գ. 1-8-րդ տեղ` Եվրոպայի առաջնությունում,

դ. 1-6-րդ տեղ` աշխարհի և Եվրոպայի երիտասարդական առաջնություններում,

ե. 1-4-րդ տեղ` ուսանողական համաշխարհային մարզական խաղերում,

զ. 1-3-րդ տեղ` եվրոպական պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում,

է. 1-ին տեղ՝ պատանեկան օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում.

4) ավիամոդելային սպորտ, բազկամարտ, բիլիարդ, նավամոդելային սպորտ, ուշու-սանդա, ուշու-թաուլո, կարատե մարզաձևերում գրավել է`

ա. 1-2-րդ տեղ` աշխարհի առաջնությունում,

բ. 1-ին տեղ՝ Եվրոպայի առաջնությունում.

5) խաղային մարզաձևերում մասնակցել է`

ա. օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերի, աշխարհի, Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլի մրցումներին,

բ. Եվրոպայի ակումբային թիմերի առաջնությունների, գավաթի խաղարկությունների 1/8-րդ եզրափակիչ փուլին` բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ, բեյսբոլ, լողափնյա վոլեյբոլ, կորֆբոլ, ռեգբի, ֆուտբոլ, ֆուտզալ, խոտի հոկեյ, տափօղակով հոկեյ, ջրագնդակ թիմային խաղային մարզաձևերում:

2. «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչումը շնորհվում է այն դեպքում, երբ մարզիկը`

1) հունա-հռոմեական և ազատ ոճի ըմբշամարտ, ձյուդո, բռնցքամարտ, սամբո, թաեքվոնդո, սուսերամարտ, սեղանի թենիս, դահուկավազք, առագաստանավային սպորտ, լեռնադահուկային սպորտ, գեղասահք, գոլֆ, ակադեմիական թիավարություն, սպորտային մարմնամարզություն, գեղարվեստական մարմնամարզություն, ակրոբատիկ մարմնամարզություն, բատուտ, թենիս, բադմինտոն, ձիասպորտ, ջրացատկ, սինքրոն լող, սպորտային պարեր, կոխ, ալպինիզմ, ձիասպորտ, ռենձյու, շաշկի մարզաձևերում գրավել է`

ա. 3-5-րդ տեղ` աշխարհի երիտասարդական առաջնությունում,

բ. 2-3-րդ տեղ` Եվրոպայի երիտասարդական առաջնությունում,

գ. 1-2-րդ տեղ` աշխարհի պատանեկան առաջնությունում,

դ. 1-ին տեղ` Եվրոպայի պատանեկան առաջնությունում,

ե. 1-ին տեղ՝ ֆրանկաֆոնյան խաղերում,

զ. 2-3-րդ տեղ` պատանեկան օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում,

է. 1-ին տեղ` Հայաստանի Հանրապետության առաջնություններում 2 կամ 3 անգամ դարձել է մրցանակակիր տարբեր տարիների ընթացքում.

2) ավիամոդելային սպորտ, բազկամարտ, բիլիարդ, նավամոդելային սպորտ, ուշու-սանդա, ուշու-թաուլո, կարատե, նարդի մարզաձևերում գրավել է`

ա. 3-րդ տեղ` աշխարհի առաջնությունում,

բ. 2-3-րդ տեղ՝ Եվրոպայի առաջնությունում,

գ. 1-3-րդ տեղ` աշխարհի երիտասարդական առաջնությունում,

դ. 1-2-րդ տեղ` Եվրոպայի երիտասարդական առաջնությունում,

ե. 1-ին տեղ` Հայաստանի Հանրապետության առաջնություններում 2 կամ 3 անգամ դարձել է մրցանակակիր տարբեր տարիների ընթացքում.

3) միջազգային մրցումներում (Հայաստանի Հանրապետություն և ոչ պակաս 4 օտարերկրյա պետություն) կամ Հայաստանի Հանրապետության առաջնություններում առնվազն մեկ անգամ կատարել է նորմատիվային պահանջ ծանրամարտ, աթլետիկա, թիավարություն բայդարկաներով և կանոեներով, նետաձգություն, հրաձգություն, հրապարակային և խճուղային հեծանվասպորտ, լող, եռամարտ (տրիատլոն), ուժային եռամարտ (պաուերլիֆտինգ) մարզաձևերում՝

ա. գրավել է 1-ին տեղ ֆրանկաֆոնյան խաղերում,

բ. գրավել է 2-3-րդ տեղ պատանեկան օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում.

4) շախմատ մարզաձևում ձեռք է բերել ազգային վարկանիշ (տղամարդիկ` 2350-ի սահմանագծի, իսկ կանայք` 2175-ի սահմանագծի).

5) շաշկի և ռենձյու մարզաձևերում վերջին մեկ տարվա ընթացքում մասնակցել է միջազգային մրցաշարի, և անհատական միջազգային վարկանիշը հասել է՝ տղամարդկանց դեպքում` 2300-ի, կանանց դեպքում` 2100-ի սահմանագծին.

6) ձեռք է բերել օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերի կամ եվրոպական պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերի մասնակցի վարկանիշ.

7) խաղային մարզաձևերում գրավել է 1-ին տեղը Հայաստանի Հանրապետության առաջնություններում երեք անգամ տարբեր տարիների ընթացքում կամ՝ երկու անգամ 1-ին և երկու անգամ` 2-3-րդ տեղերը, առնվազն 6 թիմերի մասնակցությամբ, և երբ մարզիկը խաղացել է խաղերի 50 %-ի չափով։

3. «Հայաստանի Հանրապետության առաջին կարգի մարզիկ» մարզական կարգը շնորհվում է այն դեպքում, երբ մարզիկը գրավել է`

1) 1-12-րդ տեղ` Հայաստանի Հանրապետության առաջնությունում.

2) 1-8-րդ տեղ` Հայաստանի Հանրապետության գավաթի խաղարկությունում, Հայաստանի Հանրապետության երիտասարդական առաջնությունում, մարզաձևերի Հայաստանի ազգային ֆեդերացիաների առաջնություններում.

3) 1-ին տեղ` Հայաստանի Հանրապետության մարզային առաջնությունում, մարզական ընկերությունների, միությունների առաջնություններում:

4. «Պատանեկան կարգ» մարզական կարգը շնորհվում է այն դեպքում, երբ մարզիկը գրավել է`

1) 1-6-րդ տեղ` Հայաստանի Հանրապետության պատանեկան առաջնությունում.

2) 1-3-րդ տեղ` մարզաձևերի Հայաստանի ազգային ֆեդերացիաների, Հայաստանի Հանրապետության մարզերի, մարզական ընկերությունների, միությունների, ակումբների առաջնություններում.

3) 1-2-րդ տեղ` մանկապատանեկան մարզադպրոցների, օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջների առաջնություններում:

5. Մարզական կոչումներ և մարզական կարգեր շնորհվում են միայն այն դեպքում, երբ մրցումներին տվյալ քաշային կարգում վարժությունում մասնակցել է առնվազն 8 մարզիկ, իսկ ծանր քաշային կարգում` 6 մարզիկ, և որոնք ունեն առնվազն 2 հաղթանակ, իսկ խաղային մարզաձևերի առաջնություններին մասնակցել է առնվազն 6 թիմ:

6. Նշված չափորոշիչները հավասարապես կիրառվում են հաշմանդամության տարբեր խմբերի` հենաշարժողական ապարատի շեղումներ ունեցող, կույր և խուլ-համր մարզիկների նկատմամբ` համաձայն հաշմանդամների՝ աշխարհի և Եվրոպայի առաջնություններում գրաված տեղի։»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան