Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.12.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.04.15/21(1110).1 Հոդ.287.3
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
16.12.2014
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
16.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական
դատարանի որոշում 

Քրեական գործ թիվ ԵԱՔԴ/0161/01/13

ԵԱՔԴ/0161/01/13

 

Նախագահող դատավոր՝  Ա. Պետրոսյան

Դատավորներ՝   

Ս. Համբարձումյան

 

Մ. Պետրոսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ա. Պողոսյանի

   

Հ. Ասատրյանի

   

Ս. Ավետիսյանի

   

Ե. ԴԱնիելյանի

   

Ս. Օհանյանի

   

քարտուղարությամբ

Հ. Պետրոսյանի

     
  մասնակցությամբ մեղադրող

Ա. ԱՂԱՅԱՆԻ

 

2014 թվականի դեկտեմբերի 16-ին

 ք.Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Վահրամ Հակոբի Ավետիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի հունիսի 6-ի որոշման դեմ ամբաստանյալ Վ. Ավետիսյանի պաշտպան Ա. Ջուվանովայի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2006 թվականի հունվարի 30-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 14101306 քրեական գործը:

Նախաքննության մարմնի 2006 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ քրեական գործի վարույթը կասեցվել է հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու պատճառաբանությամբ:

2006 թվականի մայիսի 16-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 271-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է թիվ 13112306 քրեական գործը:

2006 թվականի հունիսի 12-ին Վահրամ Ավետիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 271-րդ հոդվածով: Վ. Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը և հայտարարվել է հետախուզում:

2007 թվականի մարտի 22-ին թիվ 13112306 քրեական գործը միացվել է թիվ 14101306 քրեական գործին:

Նախաքննության մարմնի 2007 թվականի մարտի 23-ի որոշմամբ Վ. Ավետիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 271-րդ հոդվածով:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2007 թվականի մարտի 23-ի որոշմամբ Վ. Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ռուսաստանի Դաշնության Միտիշ քաղաքի ժողովրդական դատարանի 2008 թվականի հուլիսի 22-ի դատավճռով Վ. Ավետիսյանը մեղավոր է ճանաչվել ՌԴ քրեական օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման՝ 4 տարի ժամկետով:

2. Նախաքննության մարմնի 2011 թվականի հունիսի 1-ի որոշմամբ Վ. Ավետիսյանի մեղադրանքը փոփոխվել է, և նա ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 268-րդ հոդվածի 1-ին մասով:

2012 թվականի մայիսի 26-ին Վ. Ավետիսյանն ամբողջությամբ կրել է ՌԴ Միտիշ քաղաքի ժողովրդական դատարանի 2008 թվականի հուլիսի 22-ի դատավճռով նշանակված պատիժը:

2013 թվականի սեպտեմբերի 26-ին Վ. Ավետիսյանը հանձնվել է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին:

2013 թվականի սեպտեմբերի 27-ին թիվ 14101306 քրեական գործի կասեցված վարույթը վերսկսվել է:

Նախաքննության մարմնի 2013 թվականի սեպտեմբերի 28-ի որոշմամբ Վ. Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

2013 թվականի նոյեմբերի 13-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

3. Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մարտի 24-ի դատավճռով Վ. Ավետիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատազրկման՝ 12 տարի ժամկետով:

4. Պաշտպանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2014 թվականի հունիսի 6-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մարտի 24-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին:

5. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի հունիսի 6-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Վ. Ավետիսյանի պաշտպան Ա. Ջուվանովան:

Վճռաբեկ դատարանի 2014 թվականի նոյեմբերի 4-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Վ. Ավետիսյանը դատապարտվել է այն բանի համար, որ իր ծանոթներ Արմեն Պողոսյանի և այլ անձի հետ միասին ավազակային հարձակում կատարելու վերաբերյալ նախնական համաձայնությամբ 2006 թվականի հունվարի 30-ին՝ ժամը 10-ի սահմաններում, Ա. Պողոսյանի անձնական օգտագործման ՎԱԶ 21010 մակնիշի ավտոմեքենայով գնացել են Երևանի Հր.Քոչար փողոցի 16/1 շենքի բակ, որտեղ Ա. Պողոսյանը սպասել է ավտոմեքենայի մեջ, իսկ Վ. Ավետիսյանն այլ անձի հետ միասին ապօրինի մուտք է գործել նշված շենքի 6-րդ հարկում գտնվող Արտյոմ Սարգսյանին պատկանող թիվ 17 բնակարան: Ատրճանակի գործադրմամբ վերջինիս մոր` Հասմիկ Աբրահամյանի և կնոջ` Գայանե Մանուկյանի կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, կպչուն ժապավենով կապել են նրանց և հարձակմամբ հափշտակել «Սոնի» մակնիշի տեսախցիկ, շախմատ ու այլ իրեր, ինչպես նաև չհրկիզվող պահարան, որում եղել են 33.000 ԱՄՆ դոլար, 10.000 եվրո և ոսկյա զարդեր` Ա. Սարգսյանին ընդհանուր առմամբ պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ 25.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս (տե՛ս քրեական գործ, հատոր 8-րդ, թերթ 61-70):

7. Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում հաստատված է համարել, որ «(…) Ռուսաստանի Դաշնության Միտիշ քաղաքի ժողովրդական դատարանի 22.07.2008թ-ի դատավճռով Ավետիք Վոլոդյայի Սարգսյանը /նույն ինքը Վահրամ Հակոբի Ավետիսյանը/ մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման 4 /չորս/ տարի ժամկետով, պատիժը լրիվ կրելով Ռուսաստանի Դաշնության Բաշկորտոստանի Հանրապետությունում 26.05.2012թ. ազատվել է պատժից, դատվածությունը չմարված (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 8-րդ, թերթ 61-70):

8. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «(…) Անդրադառնալով վերաքննիչ բողոքի հեղինակի այն պատճառաբանությանը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Վ. Ավետիսյանի նկատմամբ պետք է նշանակել ավելի մեղմ պատիժ և դրանից հաշվակցել ՌԴ Միտիշ քաղաքի ժողովրդական դատարանի` 22.07.2008թ-ի դատավճռով նշանակված և ամբողջությամբ կրած 4 /չորս/ տարի ազատազրկման ձևով պատիժը, ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այն անհիմն է, [քանի որ] օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը կարող է հաշվի առնվել բացառապես այն դեպքում, երբ այն ճանաչվել է Հայաստանի Հանրապետությունում:

Ինչպես երևում է սույն քրեական գործի նյութերից` Վ. Ավետիսյանի վերաբերյալ օտարերկրյա պետության դատարանի` տվյալ դեպքում ՌԴ Միտիշ քաղաքի ժողովրդական դատարանի 22.07.2008թ-ի դատավճռի ճանաչման վերաբերյալ իրավասու ՀՀ դատարանները համապատասխան որոշում չեն կայացրել:

Հետևաբար, Վերաքննիչ դատարանն իրավասու չէ հաշվակցել ՌԴ Միտիշ քաղաքի ժողովրդական դատարանի 22.07.2008թ-ի դատավճռով նշանակված 4 /չորս/ տարի ազատազրկման ձևով նշանակված պատիժը (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 9-րդ, թերթ 33-56):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքի հեղինակը գտնում է, որ ստորադաս դատարանների դատական ակտերն անհիմն են, դրանցով թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:

Ի հիմնավորումն իր փաստարկի` բողոքաբերը կարծիք է հայտնել, որ ստորադաս դատարանների դատական ակտերում շարադրված ապացույցներն ու հետևությունները բավարար չեն Վ. Ավետիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածով մեղավոր ճանաչելու համար: Այս կապակցությամբ բողոքի հեղինակը վերլուծել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք դրույթներ, սույն գործի փաստական հանգամանքները և նշել, որ գործում առկա ապացույցների ամբողջ զանգվածի գնահատման արդյունքում հնարավոր չէ եզրահանգել, որ Վ. Ավետիսյանի կողմից կատարվել է իրեն մեղսագրվող արարքը:

Բացի այդ, բողոք բերած անձի պնդմամբ՝ ստորադաս դատարանների կողմից չեն պահպանվել ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի պահանջները: Մասնավորապես, Վ. Ավետիսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանները ձևականորեն նշել են, որ հաշվի են առնում հանցավորի անձը դրականորեն բնութագրող տվյալները, պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը: Այս պայմաններում անհասկանալի է, թե ինչու են ստորադաս դատարանները Վ. Ավետիսյանի նկատմամբ նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի սանկցիայով նախատեսված պատժի նվազագույնից չորս տարի ավելի ժամկետով պատիժ:

10. Բողոքաբերը վերլուծել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ «Օտարերկրյա պետությունների դատարանների և միջազգային դատարանների դատավճիռների ճանաչումը ՀՀ տարածքում և դրա իրավական հետևանքները» վերտառությամբ գլխի հոդվածների դրույթները, ինչպես նաև մեջբերել է ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի թիվ ԵԷԴ/0124/01/09 գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները և եկել այն եզրահանգման, որ Վ. Ավետիսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս վերջնական պատժի ժամկետին պետք է հաշվակցվեր ՌԴ Միտիշ քաղաքի ժողովրդական դատարանի 2008 թվականի հուլիսի 22-ի դատավճռով նշանակված և ամբողջությամբ կրած 4 տարի ազատազրկման ձևով պատիժը, ինչը չի արվել:

Այս կապակցությամբ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ Վ. Ավետիսյանի նկատմամբ հանցանքների համակցությամբ պատիժ չի կարող նշանակվել, քանի որ օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը ՀՀ իրավասու դատարանի կողմից չի ճանաչվել, բողոքի հեղինակը նշել է, որ այս դեպքում խոսքը գնում է արդեն իսկ կատարված դատական ակտի մասին, որը ճանաչման ենթակա չէ: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կանոններով պատիժ նշանակելու համար օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը ճանաչելու ընթացակարգ չի նախատեսվում և բավարար է միայն դատական ակտի, ինչպես նաև նշանակված պատժի կրած կամ չկրած լինելու վերաբերյալ իրավասու մարմինների տեղեկանքների պատշաճ օրինակների առկայությունը:

11. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վ. Ավետիսյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի 2014 թվականի հունիսի 6-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման, մասնավորապես, իրավունքի զարգացման գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը ճանաչելու իրավական հիմքի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

 

I. Օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը ճանաչելու իրավական հիմքը.

 

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանը նպատակահարմար է համարում նախևառաջ անդրադառնալ բողոքաբերի բարձրացրած հետևյալ իրավական հարցին. իրավաչափ է արդյոք Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն այն մասին, որ Վ. Ավետիսյանի նկատմամբ հանցանքների համակցությամբ պատիժ չի կարող նշանակվել, քանի որ ՌԴ Միտիշ քաղաքի ժողովրդական դատարանի 2008 թվականի հուլիսի 22-ի դատավճիռը ՀՀ իրավասու դատարանի կողմից չի ճանաչվել:

14. ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն՝

«1. Հանցանքների համակցությամբ յուրաքանչյուր հանցագործության համար առանձին պատիժ (հիմնական և լրացուցիչ) նշանակելով՝ դատարանը վերջնական պատիժը որոշում է նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով:

(…)

6. Պատիժը նշանակվում է սույն հոդվածի կանոններով, եթե դատավճիռ կայացնելուց հետո պարզվի, որ դատապարտյալը մեղավոր է նաև մեկ այլ հանցանքի համար, որը նա կատարել է նախքան առաջին գործով դատավճիռ կայացնելը: Այս դեպքում վերջնական պատժի ժամկետին հաշվակցվում է առաջին դատավճռով նշանակված պատժի կրած մասը»:

Մեջբերված քրեաիրավական նորմը սահմանում է պատիժ նշանակելու այն կանոնները, որոնք վերաբերում են հանցանքների համակցությանը: Ի թիվս ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր մասում զետեղված պատիժ նշանակելու այլ կանոնների՝ հանցանքների համակցությամբ պատիժ նշանակելու կանոններն ունեն իմպերատիվ բնույթ և առանց դրանք հաշվի առնելու հնարավոր չէ ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի պահանջների կատարումը, այն է՝ հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ արդարացի պատիժ սահմանելը:

Հանցանքների համակցության կանոններով է պատիժ նշանակվում նաև այն իրավիճակում, երբ դատավճռի կայացումից հետո պարզվում է, որ դատապարտյալը մեղավոր է մեկ այլ հանցանքի համար, որը նա կատարել է նախքան առաջին գործով դատավճիռ կայացնելը: Նման դեպքերում, դատարանը վերջնական պատիժ պետք է սահմանի յուրաքանչյուր հանցագործության համար առանձին նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով: Դրանից հետո նշանակված պատժից պետք է հանվի առաջին դատավճռով նշանակված պատժի կրած մասը՝ պատժի սկիզբը հաշվելով վերջին դատական ակտը կայացնելու օրվանից, կամ եթե դատապարտյալն անընդմեջ գտնվել է անազատության մեջ, պատժի սկիզբը պետք է հաշվվի առաջին դատավճռով սահմանված ժամկետից (տե՛ս Էդուարդ Ներսիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԵԷԴ/0124/01/09 որոշման 17-18-րդ կետերը):

15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4998-րդ հոդվածի համաձայն՝

«1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա պետությունների դատարանների դատավճիռները ենթակա են ճանաչման Հայաստանի Հանրապետությունում:

2. Օտարերկրյա պետությունների դատարանների դատավճիռների՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու հիմքերը, ճանաչման ենթակա դատավճիռների (որոշումների) տեսակները սահմանվում են տվյալ պետության հետ կնքված կամ նրա մասնակցությամբ գործող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով:

(…)»:

Մեջբերված քրեադատավարական նորմը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դատարանների դատավճիռների (որոշումների) ճանաչման իրավական ընթացակարգը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4998-րդ հոդվածը, մասնավորապես, նախատեսում է, որ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դատարանների դատավճիռները ենթակա են ճանաչման միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում: Օտարերկրյա պետության հետ կնքված կամ նրա մասնակցությամբ գործող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով են նախատեսվում դատավճիռների ճանաչման հիմքերը, ճանաչման ենթակա դատական ակտերի տեսակները:

16. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև, ի թիվս այլնի, դատական ակտերի ճանաչման և կատարման վերաբերյալ երկկողմ իրավահարաբերությունները կարգավորվում են 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկում կնքված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» կոնվենցիայով (այսուհետ՝ Մինսկի կոնվենցիա):

Մինսկի կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ «Պայմանավորվող կողմերը միմյանց իրավական օգնություն են ցույց տալիս դատավարական և այլ գործողություններ կատարելու միջոցով, որոնք նախատեսված են Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, այդ թվում՝ (…) քաղաքացիական գործերով դատական որոշումների և դատավճիռների քաղաքացիական հայցի մասի, կատարողական մակագրությունների ճանաչման և կատարման (…) միջոցով»:

Մինսկի կոնվենցիայի 761-րդ հոդվածի համաձայն՝ «Անձին առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստ ճանաչելու, հանցագործության կրկնակի կատարման և պայմանական դատապարտման, դատավճռի կատարման հետաձգման կամ պայմանական վաղակետ ազատման հետ կապված պարտականությունների խախտման փաստերը պարզելու մասին հարցերը լուծելիս՝ Պայմանավորվող կողմերի արդարադատության մարմինները կարող են ճանաչել և հաշվի առնել այն դատավճիռները, որոնք կայացրել են (…) Պայմանավորվող կողմերի դատարանները»:

Մեջբերված կոնվենցիոն դրույթների վերլուծությունից ակնհայտ է, որ Մինսկի կոնվենցիան նախատեսում է բացառապես դատական ակտերի քաղաքացիական հայցի մասը ճանաչելու և կատարելու, ինչպես նաև առանձնապես վտանգավոր ռեցիդիվի, հանցագործության կրկնակի կատարման և պայմանական դատապարտման, դատավճռի կատարման հետաձգման կամ պայմանական վաղակետ ազատման հետ կապված պարտականությունների խախտման փաստերը պարզելու մասին հարցերը լուծելու նպատակով դատավճիռների ճանաչման հնարավորություն:

17. Սույն որոշման 15-րդ և 16-րդ կետերում կատարված վերլուծությունը համադրելով՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գործող միջազգային պայմանագրով չի նախատեսվում հանցանքների համակցությամբ պատիժ նշանակելու նպատակով միմյանց դատավճիռները ճանաչելու իրավական հնարավորություն: Իր հերթին ՀՀ քրեադատավարական օրենսդրությունը նախատեսում է, որ օտարերկրյա պետությունների դատարանների դատավճիռների՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու հիմքերը սահմանվում են տվյալ պետության հետ կնքված միջազգային պայմանագրով: Հետևաբար, Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո քրեական պատասխանատվության կանչվող անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասում ամրագրված կանոնների գործադրմամբ պատիժ նշանակելու հարցը քննարկելիս Ռուսաստանի Դաշնության համապատասխան դատավճիռը ճանաչելու իրավական հիմքը բացակայում է:

18. Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում հաստատված է համարել, որ Վ. Ավետիսյանը ՌԴ Միտիշ քաղաքի ժողովրդական դատարանի 2008 թվականի հուլիսի 22-ի դատավճռով ՌԴ քրեական օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ մասով դատապարտվել է ազատազրկման՝ 4 տարի ժամկետով: Պատիժն ամբողջությամբ կրելով ՌԴ Բաշկորտոստանի Հանրապետությունում՝ Վ. Ավետիսյանը 2012 թվականի մայիսի 26-ին ազատվել է (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանի վերաքննիչ բողոքը, իսկ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ թողել օրինական ուժի մեջ: Ի թիվս այլնի՝ Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է, որ բողոքաբերի փաստարկն առ այն, թե Վ. Ավետիսյանի նկատմամբ նշանակված պատժին պետք է հաշվակցվի ՌԴ Միտիշ քաղաքի ժողովրդական դատարանի դատավճռով նշանակված և ամբողջությամբ կրած 4 տարի ազատազրկման ձևով պատիժը, հիմնազուրկ է: Այս կապակցությամբ Վերաքննիչ դատարանը նշել է, որ օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը կարող է հաշվի առնվել բացառապես այն դեպքում, երբ այն ճանաչվել է Հայաստանի Հանրապետությունում: Մինչդեռ տվյալ դեպքում Վ. Ավետիսյանի նկատմամբ կայացված ՌԴ Միտիշ քաղաքի ժողովրդական դատարանի դատավճռի ճանաչման վերաբերյալ ՀՀ իրավասու դատարանները համապատասխան որոշում չեն կայացրել (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

19. Սույն որոշման 14-17-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն այն մասին, որ Վ. Ավետիսյանի նկատմամբ հանցանքների համակցությամբ պատիժ չի կարող նշանակվել, քանի որ ՌԴ Միտիշ քաղաքի ժողովրդական դատարանի 2008 թվականի հուլիսի 22-ի դատավճիռը ՀՀ իրավասու դատարանի կողմից չի ճանաչվել, իրավաչափ չէ: Նշված հիմնավորմամբ հրաժարվելով Վ. Ավետիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կանոններով պատիժ նշանակելուց՝ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված միջազգային պայմանագիրը հանցանքների համակցությամբ պատիժ նշանակելու նպատակով դատավճիռների ճանաչման իրավական ընթացակարգ չի նախատեսում, իսկ ՀՀ քրեադատավարական օրենսդրությունն ամրագրում է, որ օտարերկրյա պետությունների դատարանների դատավճիռների՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու հիմքերը սահմանվում են տվյալ պետության հետ կնքված միջազգային պայմանագրով:

20. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը խախտել է օտարերկրյա պետությունների դատարանների դատավճիռների ճանաչման կարգը սահմանող նորմի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4998-րդ հոդվածի պահանջները, ինչը նույն օրենսգրքի 398-րդ հոդվածի իմաստով քրեադատավարական օրենքի էական խախտում է, քանի որ կարող էր ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա:

Վերը նշված խախտումը, որը կարող էր ազդել պատժի նշանակման մասով գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

21. Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածը նախատեսում է, որ «1. Օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը կարող է հաշվի առնվել, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին, օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը դատապարտվել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարած հանցանքի համար և կրկին հանցանք է կատարել Հայաստանի Հանրապետության տարածքում:

2. Սույն հոդվածի առաջին մասին համապատասխան հանցագործությունների ռեցիդիվը, չկրած պատիժը կամ օտարերկրյա պետության դատարանի դատավճռի այլ իրավական հետևանքները հաշվի են առնվում նոր հանցանքը որակելիս, պատիժ նշանակելիս, քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելիս»:

ՀՀ քրեական օրենսգրքում բացակայում է որևէ նորմ, որը կպարտավորեցներ դատարանին անձի նկատմամբ հանցանքների համակցությամբ (ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մաս) պատիժ նշանակելու հարցը լուծելիս հաշվի առնել օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը: Ինչ վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորմանը՝ այն վերաբերում է նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերին, որոնցում ներառված չէ մինչև օտարերկրյա պետությունում դատապարտվելը Հայաստանի Հանրապետությունում կատարած հանցանքի համար անձին դատապարտելու դեպքը: Անձի նկատմամբ հանցանքների համակցությամբ պատիժ նշանակելու հարցը լուծելիս օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը հաշվի առնելու վերաբերյալ նորմ բացակայում է նաև Ռուսաստանի Դաշնության մասնակցությամբ գործող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրում՝ Մինսկի կոնվենցիայում:

Այս պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի այն հարցը, թե արդյոք սույն գործով ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասը կիրառման ենթակա է ընդհանրապես:

 

II. Բողոքաբերի բարձրացրած մյուս հարցերը.

 

22. Անդրադառնալով ամբաստանյալի անմեղության վերաբերյալ բողոքաբերի փաստարկներին (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը)՝ Վճռաբեկ դատարանը քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ եզրահանգում է, որ ստորադաս դատարանները, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ստուգման ենթարկելով քրեական գործի հիմքում դրված ապացույցների ձեռքբերման աղբյուրները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով թույլատրելիության, վերաբերելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ղեկավարվելով օրենքով, ներքին համոզմամբ, Վ. Ավետիսյանի մեղավորության վերաբերյալ հանգել են ճիշտ հետևության:

Ամբաստանյալ Վ. Ավետիսյանի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրված արարքում հաստատված է, իսկ բողոքաբերի պատճառաբանությունները հերքված են Ա. Սարգսյանի, Հ. Աբրահամյանի, Գ. Մանուկյանի, Ա. Պողոսյանի, Ա. Բազոյանի, Գ. Տոնոյանի, Ա. Մարտիրոսյանի ցուցմունքներով, հեռախոսահամարների մուտքային և ելքային զանգերի վերծանումներով, անձին ճանաչման ներկայացնելու, խուզարկություն, առգրավում կատարելու, առարկաները ճանաչման ներկայացնելու, դեպքի վայրի զննության մասին արձանագրություններով, իրեղեն ապացույցներով, քրեակատարողական հիմնարկի՝ ապացույց ճանաչված գրություններով:

Այսպիսով, Վ. Ավետիսյանի կատարած հանցանքն ապացուցված և նրա մեղավորությունը հաստատված է գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, այդ առումով ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված ու պատճառաբանված են, իսկ գործի փաստական հանգամանքների մասին դատարանների հետևությունները հետազոտված ապացույցներին չհամապատասխանելու և ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը հիմնավորված չլինելու վերաբերյալ բողոքաբերի փաստարկները գործի նյութերում իրենց հաստատումը չեն գտնում, հետևաբար չեն կարող հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար:

23. Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ առանց սույն որոշման 20-րդ կետում արձանագրված խախտումը վերացնելու հնարավոր չէ քննության առնել բողոքաբերի կողմից բարձրացված հաջորդ հարցը, այն է՝ ամբաստանյալ Վ. Ավետիսյանի նկատմամբ նշանակված պատժի արդարացիությունը (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը): Ուստի սույն որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանն այդ հարցին չի անդրադառնում:

24. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611 -րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Վահրամ Հակոբի Ավետիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի հունիսի 6-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ա. Պողոսյան

 

Հ. ԱսատրՅԱՆ

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան