Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1200
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.04.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.04.15/21(1110).1 Հոդ.258
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
07.04.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
07.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.04.2015

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

7 ապրիլի 2015 թ.

 

2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ 2-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Գալստյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2014 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2015 թվականի մարտի 2-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունը և բանավոր պարզաբանումները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2014 թվականի դեկտեմբերի 20-ին` Մոսկվայում:

2. Համաձայնագրի նպատակն է կազմակերպել Հայկական ատոմային էլեկտրակայանի (այսուհետ՝ ՀԱԷԿ) 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները և համակարգել Կողմերի նշանակած իրավասու մարմինների ու լիազորված կազմակերպությունների միջև իրավական հարաբերությունները: Համաձայնագրի դրույթների իրականացման նպատակով Կողմերը նշանակում են իրավասու մարմիններ` հայկական կողմից` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, ռուսական կողմից` «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիան (հոդվ. 2, կետ 1): Ընդ որում, յուրաքանչյուր Կողմի իրավասու մարմինը նշանակում է լիազորված կազմակերպություն (հոդվ. 2, կետ 2), որոնց միջոցով Կողմերը համագործակցում են՝ ՀԱԷԿ-ի անխափան ու անվտանգ շահագործման և ՀՀ էներգետիկ բալանսի պահպանման համար 2-րդ էներգաբլոկի կողմից էլեկտրաէներգիայի կայուն արտադրության ապահովման ուղղությամբ (հոդվ. 3, կետ 2):

3. Համաձայնագրով նախատեսված համագործակցությունը պետք է իրականացվի երկու փուլով. Ծրագրի իրականացման առաջին փուլը ներառում է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի սարքավորումների և շինությունների համալիր ուսումնասիրությունը, ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստումը և ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման լրացուցիչ ժամկետի նախապատրաստման ծրագրի մշակումը: Ծրագրի իրականացման երկրորդ փուլը ներառում է ՀԱԷԿ-ի շահագործման լրացուցիչ ժամկետի նախապատրաստման ծրագրի իրականացումը, ներառյալ՝ հետազոտական, հաշվարկային, վերլուծական, նախագծային, կոնստրուկտորական, մոնտաժային և գործակարգաբերման աշխատանքները, ինչպես նաև` անհրաժեշտ սարքավորումների մատակարարումը:

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- ապահովել, որպեսզի ՀՀ իրավասու մարմինը մյուս Կողմի իրավասու մարմնի հետ համատեղ համակարգի Համաձայնագրի շրջանակներում լիազորված կազմակերպությունների միջև համագործակցությունը և վերահսկի Համաձայնագրի արդյունավետ իրականացմանն ուղղված միջոցառումների կատարումը (հոդվ. 2, կետ 5),

- ՀՀ լիազորված կազմակերպության միջոցով համագործակցել ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման ուղղությամբ (հոդվ. 3, կետ 1),

- ապահովել լիազորված կազմակերպությունների միջև ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նպատակով իրականացվող աշխատանքների, մատակարարումների և ծառայությունների մատուցման վերաբերյալ շրջանակային պայմանագրի կնքումը, որում, ի թիվս այլոց, կհստակեցվեն 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ժամկետները, ինչպես նաև ծրագրի իրականացման շրջանակներում մատակարարվող սարքավորումների արժեքների անկախ փորձագիտական գնահատման ապահովման պայմանները (հոդվ. 3, կետ 4),

- երաշխավորել, որ Համաձայնագրի իրականացման նպատակով ՀՀ լիազորված կազմակերպությունն ապահովի նախագծի իրականացման համար անհրաժեշտ` 2-րդ էներգաբլոկի սկզբնական տվյալների փոխանցումը, մյուս Կողմի լիազորված կազմակերպությանը՝ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի անվտանգության հիմնավորման վերաբերյալ Հաշվետվության մշակումը՝ էներգաբլոկի շահագործման լրացուցիչ ժամկետի նախապատրաստման նպատակով համալիր աշխատանքների արդյունքների հիման վրա, ռուսական լիազորված կազմակերպության պահանջներին համապատասխան ՀԱԷԿ-ի տարածքում աշխատանքների անցկացումը, ինչպես նաև մասնագետների ընդունման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը, պայմանագրերի համաձայն ռուսական լիազորված կազմակերպության կողմից կատարված աշխատանքների ժամանակին ընդունումը և վճարումը, հայտերի ներկայացումը և Հայաստանի Հանրապետության կարգավորող մարմնի կողմից համապատասխան լիցենզիաների և թույլտվությունների ստացումը, կարգավորող մարմնից լրացուցիչ ժամկետում շահագործման համար ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման թույլտվության ստացումը (հոդվ. 5, կետ 2),

- ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Համաձայնագրի շրջանակներում ստեղծված մտավոր գործունեության արդյունքների կամ նախորդող մտավոր սեփականության անվտանգությունն ապահովելու համար, և այդպիսի մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության համար (հոդվ. 8, կետ 1),

- իր իրավասու մարմնի և/կամ լիազորված կազմակերպությունների միջոցով մյուս Կողմին ժամանակին տեղեկացնել Համաձայնագրի շրջանակներում համագործակցության բոլոր այն արդյունքների մասին, որոնք ենթակա են իրավական պաշտպանության` որպես մտավոր սեփականություն, և անհապաղ մյուս Կողմի հետ փոխգործակցել դրանց իրավական պաշտպանությունն ապահովելու նպատակով (հոդվ. 8, կետ 2),

- չիրականացնել այնպիսի տեղեկատվության փոխանցում, որն արգելված է փոխանցման համար Կողմերի օրենսդրությամբ, կամ որի փոխանցումը չի համապատասխանում Կողմերի մասնակցությամբ միջազգային պայմանագրերին (հոդվ. 9, կետ 1),

- առավելագույնս սահմանափակել մյուս Կողմի` «Ծառայողական օգտագործման համար» նշումով տեղեկատվություն պարունակող փաստաթղթերին հասանելիություն ունեցող անձանց շրջանակը և ապահովել դրանց օգտագործումը միայն սույն Համաձայնագրով նախատեսված նպատակներով, ապահովել դրանց պաշտպանությունը ՀՀ օրենսդրությամբ և, առանց մյուս Կողմի նախնական գրավոր համաձայնության, չբացահայտել ու չփոխանցել երրորդ կողմին (հոդվ. 9, կետ 2),

- երաշխավորել, որ ըստ Համաձայնագրի` մյուս Կողմից ստացված միջուկային նպատակներով օգտագործվող երկակի նշանակության սարքավորումներն ու նյութերը, համապատասխան տեխնոլոգիաներն ու դրանց արտադրած ցանկացած կրկնօրինակ` ա) կօգտագործվեն միայն ներկայացված նպատակներով, որոնք կապ չունեն միջուկային պայթուցիկ սարքավորումների ստեղծման գործունեության հետ, բ) չեն օգտագործվի միջուկային վառելիքային ցիկլում իրականացվող գործունեության ընթացքում, որը երաշխավորված չէ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից, գ) չի կրկնօրինակվի, չի փոփոխվի, չի վերաարտահանվի և չի փոխանցվի որևէ մեկին առանց մյուս Կողմի իրավասու մարմնի գրավոր թույլտվության (հոդվ. 10, կետ 3),

- մյուս Կողմի հետ համագործակցել սարքավորումների արտահանման վերահսկման, հատուկ ոչ միջուկային նյութերի և համապատասխան տեխնոլոգիաների հարցերով (հոդվ. 10, կետ 4) և այլն:

5. Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցության ընթացքում առաջացած միջուկային վնասի համար քաղաքացիական պատասխանատվությունը կարգավորվում է Կողմերի կողմից, 1963 թվականի մայիսի 21-ի` Միջուկային վնասի քաղաքացիական պատասխանատվության մասին Վիեննայի կոնվենցիայով (հոդվ. 11):

6. ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Համաձայնագրի 13-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` Համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում Համաձայնագրի 8-11-րդ հոդվածներով նախատեսվող պարտականությունները մնում են ուժի մեջ:

7. ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ Համաձայնագրում հղում է կատարվում մի շարք միջազգային պայմանագրերի, մասնավորապես` 1963 թվականի մայիսի 21-ի՝ «Միջուկային վնասի քաղաքացիական պատասխանատվության մասին» Վիեննայի կոնվենցիային (Հայաստանի Հանրապետությունը միացել է 1993 թվականի հունիսի 22-ին՝ ՀՀ ԳԽ Հ.Ն-0873-I որոշմամբ), 1968 թվականի հուլիսի 1-ի` «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրին (Հայաստանի Հանրապետությունը միացել է 1991 թվականի սեպտեմբերի 24-ին՝ ՀՀ ԳԽ Ն-0396-I որոշմամբ), 1993 թվականի սեպտեմբերի 30-ի՝ «Հայաստանի Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև միջուկային զենքի չտարածման պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման մասին» համաձայնագրին (Համաձայնագրի 24-րդ հոդվածի ուժով այն ուժի մեջ է մտել 1994 թվականի մայիսի 5-ին), 1996 թվականի դեկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև կնքված` «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը վերացնելու մասին» համաձայնագրին (վավերացվել է 1997 թվականի դեկտեմբերի 26-ին ԱԺ Ն-217-I որոշմամբ (ՍԴՈ-75), 2000 թվականի սեպտեմբերի 25-ի` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրին (վավերացվել է 2001 թվականի հունվարի 10-ին Նախագահի ՆՀ-779 հրամանագրով):

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2014 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

 7 ապրիլի 2015 թ.

ՍԴՈ-1200