Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1326
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.12.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.12.14/89(1269) Հոդ.1163
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ընդունման ամսաթիվ
06.12.2016
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
06.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

6 դեկտեմբերի 2016 թ.

 

ՀԱՅԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմող Հայկ Մարգարյանի ներկայացուցիչներ Ա. Զեյնալյանի, Ա. Կիրակոսյանի, Ա. Ղազարյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված՝ ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչներ՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հ. Սարգսյանի, նույն վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Վ. Դանիելյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության /2005թ. խմբագրությամբ/ 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց՝ «Հայկ Մարգարյանի դիմումի հիման վրա՝ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի և 9-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հ. Մարգարյանի՝ 2016 թվականի օգոստոսի 2-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2014 թվականի փետրվարի 4-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2014 թվականի փետրվարի 13-ին և ուժի մեջ է մտել 2014 թվականի հուլիսի 1-ին:

Օրենքի՝ «Պետական պաշտոն զբաղեցրած անձի և նրա ընտանիքի անդամների կենսաթոշակը հաշվարկելու կարգը» վերտառությամբ 5-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է.

«3. Սույն օրենքով սահմանված կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է հիմնական կենսաթոշակի չափը, մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը, գործակիցը փոխվելու դեպքում»:

Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը փոփոխությունների չի ենթարկվել:

Օրենքի՝ «Անցումային դրույթներ» վերտառությամբ 9-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է. «4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամին, դատավորին, դատախազին, հատուկ քննչական ծառայության ծառայողին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը նշանակված կենսաթոշակները, սույն օրենքի 9-րդ հոդվածով նշանակված կենսաթոշակները համարվում են սույն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն նշանակված կենսաթոշակներ և հաշվարկվում են սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով՝ հաշվի առնելով հիմնական կենսաթոշակի չափը, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով անձի զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված գործակիցը և մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը:

Եթե հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է նախկին (սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված) չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին (սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված) չափով»:

Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասը ենթարկվել է փոփոխությունների ՀՀ Ազգային ժողովի կողմից 01.12.2014թ. ընդունված` «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-198-Ն և 04.03.2015թ. ընդունված` «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-14-Ն ՀՀ օրենքներով:

 

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.

դիմողը կենսաթոշակի վերահաշվարկի կատարման խնդրանքով միաժամանակ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին: Ի պատասխան` հայտնվել է, որ «Պետական պաշտոն զբաղեցրած անձանց սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով նշանակված կենսաթոշակի չափի վերահաշվարկ նախատեսված չէ, և կենսաթոշակը պետք է վերահաշվարկվի «Պետական պաշտոն զբաղեցրած անձանց սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության` «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» 28.08.2014 թվականի թիվ 895-Ն որոշմամբ հաստատված կարգով:

Դիմողի հայցն ընդդեմ ՀՀ դատախազության` 2014 թվականի հուլիսի 1-ից սկսած կենսաթոշակի վերահաշվարկ կատարելուն և չվճարված գումարները միանվագ վճարելուն պարտավորեցնելու պահանջի մասին, մերժվել է ՀՀ վարչական դատարանի 09.06.2015 թվականի վճռով, դիմողի վերաքննիչ բողոքը մերժվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 29.12.2015 թվականի որոշմամբ, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանը 24.02.2016թ. որոշում է կայացրել վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին: Ընդ որում, ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ «… նախկինում նշանակված կենսաթոշակի հաշվարկման համար ելակետային է համարվում հիմնական կենսաթոշակի չափը, անձի զբաղեցրած վերջին պաշտոնի համար օրենքով սահմանված գործակիցը, մասնագիտական ստաժի արժեքը և ՀՀ գլխավոր դատախազի կամ Հայցվորի պաշտոնակցի՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի պաշտոնային դրույքաչափերի բարձրանալը չի կարող հիմք հանդիսանալ նախկինում նշանակված կենսաթոշակի վերահաշվարկման համար»:

 

3. Դիմողը գտնում է, որ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասն այնքանով, որքանով դատախազներին նշանակված կենսաթոշակի վերահաշվարկման համար հիմք չի համարում պաշտոնային դրույքաչափերի բարձրանալը, հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին, 10-րդ, 60-րդ և 83-րդ հոդվածներին:

Անդրադառնալով «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասին` դիմողը գտնում է, որ նշված մասում ամրագրված` «... հաշվի առնելով հիմնական կենսաթոշակի չափը, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով անձի զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված գործակիցը և մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը» դրույթը` իրավակիրառական պրակտիկայում դրան տրված բովանդակությամբ հանդերձ, հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին, 10-րդ, 60-րդ, 73-րդ, 78-րդ, 80-րդ և 83-րդ հոդվածներին:

Վկայակոչելով սեփականության իրավունքի օրինական ակնկալիքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներ և ՀՀ սահմանադրական դատարանի մի շարք որոշումներ, որոնցով, ըստ դիմողի, սոցիալական ապահովությանը վերաբերող իրավունքները ներկայացվում են որպես սեփականության իրավունքի դրսևորումներից մեկը, իր դիրքորոշումները դիմողը հիմնավորում է նրանով, որ վիճարկվող դրույթները հանգեցնում են անձի սոցիալական ապահովության իրավունքի այնպիսի սահմանափակման, որը չունի օբյեկտիվ և ողջամիտ հիմնավորում:

Մասնավորապես, ըստ դիմողի, եթե «Դատախազության մասին» ՀՀ օրենքով, «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով, «Ոստիկանությունում ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքով, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով դատախազի կենսաթոշակը վերահաշվարկվում էր դատախազի պաշտոնային դրույքաչափը փոփոխվելու դեպքում` նոր պաշտոնային դրույքաչափի բարձրացմանը համամասնորեն, ապա «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո սահմանափակվեց պաշտոնաթող դատախազների կենսաթոշակի վերահաշվարկման իրավունքը:

Ըստ դիմողի` դատախազի գործունեության անկախության ապահովումը ենթադրում է ոչ միայն նրան պատշաճ վարձատրության տրամադրումը, այլև նրա հետագա սոցիալական երաշխիքների օրենսդրական ձևակերպումը և կիրառումը, ինչը ոչ միայն արտոնություն է, այլ նաև սոցիալական երաշխիք: Սակայն գործող իրավակարգավորումը նվազեցնում է դատախազի սոցիալական պաշտպանության երաշխիքները:

Դիմողը գտնում է, որ նոր իրավակարգավորման պայմաններում օրենսդրական նշված սահմանափակումը համաչափ չէ հետապնդվող նպատակին, չի ապահովում անձի սոցիալական իրավունքները, ավելին, ունենալով հետադարձ ուժ սոցիալական ապահովության ոլորտում` հետընթաց է գրանցում` վերացնելով արդեն իսկ ձևավորված և իրավակարգավորում ստացած, անձի հիմնարար իրավունքների իրացման գործիք հանդիսացող, անձի կենսաթոշակային իրավունքները երաշխավորող ինստիտուտի գոյությունը, ինչը հակասում է սոցիալական պետության սկզբունքներին:

 

4. Պատասխանող կողմը, առարկելով դիմողի փաստարկներին, պնդում է, որ վիճարկվող դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրության պահանջներին:

Անդրադառնալով վիճարկվող դրույթների` դատախազների անկախության սկզբունքին հակասելու վերաբերյալ դիմողի փաստարկներին և արձանագրելով, որ դատախազների անկախության ապահովման համար կենսաթոշակի հաշվարկման կոնկրետ միջազգային չափորոշիչներ առկա չեն, պատասխանողն իր դիրքորոշումները կառուցում է ըստ դատավորների անկախության երաշխիքների համապատասխան միջազգային սկզբունքների: Այս կապակցությամբ վկայակոչելով Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` դատավորների անկախության, արդյունավետության և պատասխանատվության վերաբերյալ Rec(2010)12 հանձնարարականը, Դատավորների կարգավիճակի մասին եվրոպական խարտիան` պատասխանողը եզրահանգում է, որ դատավորի, կոնկրետ դեպքում` դատախազի կենսաթոշակի չափը միջազգային չափորոշիչներին համապատասխան պետք է հաշվարկվի իր աշխատանքի ժամանակ իրեն տրամադրված վարձատրությանը համարժեք, իսկ որևէ պահանջ առկա չէ, որ պաշտոնաթող դատավորի, հետևապես` դատախազի կենսաթոշակը վերահաշվարկվի ապագայում գործող դատավորների վարձատրության բարձրացման հետ մեկտեղ:

Հետևաբար, ըստ պատասխանողի` ոչ թե սահմանափակվել է պաշտոնաթող դատախազների կենսաթոշակի հաշվարկման իրավունքը, այլ փոխվել է կենսաթոշակի վերահաշվարկման բանաձևը, քանզի փոխվել է պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության ամբողջ համակարգը: Այս կապակցությամբ պատասխանողը, արձանագրելով, որ սոցիալական ապահովության իրավունքը չի կարող գերազանցել պետության ֆինանսատնտեսական հնարավորությունները, գտնում է, որ տվյալ դեպքում կարևորվում է այն հանգամանքը, որ կենսաթոշակային համակարգի փոփոխությունների արդյունքում կենսաթոշակի չափը չլինի ավելի ցածր նախկինում ստացած կենսաթոշակից:

Անդրադառնալով վիճարկվող դրույթների` իրավական որոշակիության և լեգիտիմ ակնկալիքների հանդեպ հարգանքի սկզբունքներին հակասելու վերաբերյալ դիմողի փաստարկներին և վկայակոչելով իրավական որոշակիության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած մի շարք իրավական դիրքորոշումները` պատասխանողը գտնում է, որ վիճարկվող դրույթներն ամբողջությամբ համապատասխանում են իրավական որոշակիության և կանխատեսելիության պահանջներին: Լեգիտիմ ակնկալիքների առնչությամբ պատասխանողը, վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկան, արձանագրում է, որ, ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածը վերաբերում է միայն տվյալ պահին գոյություն ունեցող սեփականությանը և չի ներառում գույք ձեռք բերելու իրավունքը: Հետևաբար, ըստ պատասխանողի` դիմողը Կոնվենցիայի իմաստով սեփականության իրավունք չի ունեցել հետագայում գործող դատախազների վարձատրության հնարավոր փոփոխությամբ պայմանավորված լրացուցիչ դրամական միջոցների նկատմամբ, իրավաչափ սպասելիք չի կարող ունենալ պետության քաղաքականության, այդ թվում` կենսաթոշակի վերահաշվարկման որևէ բանաձևի անփոփոխելիության նկատմամբ:

Անդրադառնալով դիմողի կողմից վկայակոչված` ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-723 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներին` պատասխանողը գտնում է, որ Սահմանադրական դատարանի կողմից ՍԴՈ-723 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները վերաբերում են նրան, որ կենսաթոշակառուն լեգիտիմ ակնկալիքի իրավունք է ձեռք բերում գործող իրավակարգավորմամբ կենսաթոշակի որևէ չափի նկատմամբ, որն այլևս նվազեցման ենթակա չէ հետագա իրավակարգավորումներով: Ըստ պատասխանողի` ՀՀ սահմանադրական դատարանի` դիտարկվող պահանջն արդեն իսկ ապահովված է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությամբ:

Անդրադառնալով վիճարկվող դրույթների` անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքների հետադարձ ուժի մերժման սկզբունքին հակասելու վերաբերյալ դիմողի փաստարկներին և վկայակոչելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթները` պատասխանողը, արձանագրելով, որ օրենսդիրը վիճարկվող դրույթներին հետադարձ ուժ չի հաղորդել, գտնում է, որ վիճարկվող իրավադրույթները բացառապես տարածվում են օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա, իսկ կենսաթոշակի վերահաշվարկի հետ կապված իրավահարաբերությունները պետության և դիմողի միջև ծագել են օրենքի ընդունումից հետո: Հետևաբար, ըստ դիմողի, սույն գործով անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքների հետադարձ ուժի բացառման սկզբունքը վերաբերելի չէ:

 

5. Դիմումի և դիմումին կից ներկայացված նյութերի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ դիմողն իր իրավունքների ենթադրյալ խախտումը պայմանավորում է այն հանգամանքով, որ ինքը մինչև վիճարկվող դրույթների ուժի մեջ մտնելը գործող իրավակարգավորման պայմաններում ձեռք էր բերել իր զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափերի բարձրանալուն զուգընթաց կենսաթոշակի չափի վերահաշվարկի օրինական ակնկալիք, սակայն վիճարկվող դրույթներն ուժի մեջ մտնելուց հետո այդ դրույթների հետևանքով խախտվել է իր օրինական ակնկալիքի իրավունքը, քանի որ, ի տարբերություն նախորդ իրավակարգավորման, գործող իրավակարգավորմամբ դատախազի կենսաթոշակի վերահաշվարկի համար հիմք է հանդիսանում ոչ թե դատախազի զբաղեցրած վերջին պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափի փոփոխությունը, այլ հիմնական կենսաթոշակի չափի, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով անձի զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված գործակցի և մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքի փոփոխությունը:

Դիմողի փաստարկների հաշվառմամբ` սույն գործի քննության շրջանակներում Սահմանադրական դատարանը նախ հարկ է համարում անդրադառնալ «կենսաթոշակի վերահաշվարկի իրավունք» և «օրինական սպասելիք»/«լեգիտիմ ակնկալիք» եզրույթների հարաբերակցության հարցին:

Միաժամանակ, սույն սահմանադրաիրավական վեճի շրջանակներում Սահմանադրական դատարանը կարևորում է հետևյալ հարցադրումները.

- որքանո՞վ է վիճարկվող դրույթներով սահմանափակվում սեփականության իրավունք ձեռք բերելու նկատմամբ լեգիտիմ ակնկալիքների հիմքով սեփականության իրավունքի պաշտպանության հնարավորությունը,

- որքանո՞վ է վիճարկվող դրույթներով ապահովվում անձի սոցիալական ապահովության իրավունքը,

- որքանո՞վ է վիճարկվող դրույթներով ամրագրված իրավակարգավորումը համապատասխանում ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված` անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքների և այլ իրավական ակտերի հետադարձ ուժի արգելքի սկզբունքին,

- որքանո՞վ են վիճարկվող դրույթները համապատասխանում քրեական արդարադատության համակարգում դատախազության դերի վերաբերյալ ՀՀ միջազգային իրավական ակտերով ամրագրված սկզբունքներին,

- արդյո՞ք վիճարկվող դրույթները համապատասխանում են իրավական որոշակիության սահմանադրաիրավական սկզբունքին:

 

6. Կենսաթոշակի և սոցիալական ապահովության իրավունքի վերաբերյալ դիրքորոշումներ ՀՀ սահմանադրական դատարանն արտահայտել է, մասնավորապես, իր ՍԴՈ-1142 որոշման մեջ: Նշված որոշման մեջ Սահմանադրական դատարանը նշել է հետևյալը. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ «կենսաթոշակ» հասկացությունը որևէ ձևով ամրագրված չէ։ Սակայն «սոցիալական» եզրույթը դիտարկվում է որպես պետության սոցիալական բնույթի բնութագրիչ /հոդվ. 1/, խտրականությունը բացառող հանգամանք /հոդվ. 14.1/, աշխատողի շահի դրսևորում /հոդվ. 32/, սոցիալական ապահովության իրավունքի բնութագրիչ /հոդվ. 37/, պետության հիմնական խնդիրների սահմանները բնորոշող ոլորտ /հոդվ. 48/, կառավարության կողմից իրականացվող քաղաքականության բնագավառ /հոդվ. 89/։ Բոլոր դեպքերում էականն այն է, որ իրեն նաև սոցիալական հռչակած պետությունը սահմանադրորեն որդեգրում է մարդկանց սոցիալական կյանքին առնչվող խնդիրների նկատմամբ հստակ դիրքորոշումներ։ Դրանց թվում՝ սոցիալական ապահովության իրավունքը ճանաչվել է որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հիմնական իրավունքներից մեկը և Սահմանադրության 3-րդ հոդվածի ուժով պետությունը սահմանափակված է նաև այս իրավունքով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք։ Հայաստանի Հանրապետությունը, վավերացնելով Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին 1966թ. դեկտեմբերի 16-ի միջազգային դաշնագիրը, նաև դրա 9-րդ հոդվածով է միջազգային պարտավորություն ստանձնել ճանաչելու յուրաքանչյուրի սոցիալական ապահովության իրավունքը»։

Սեփականության և սոցիալական ապահովության իրավունքներին սերտորեն առնչվում է սույն սահմանադրաիրավական վեճի շրջանակներում առանձնակի կարևորություն ունեցող` նյութական միջոցը ձեռք բերելու լեգիտիմ ակնկալիքի իրավունքը: Իր որոշումներում ՀՀ սահմանադրական դատարանը բազմիցս անդրադարձել է այս իրավունքին: Ի մասնավորի` ՍԴՈ-1238 որոշման շրջանակներում ՀՀ սահմանադրական դատարանը նշել է հետևյալը. «Դիմողը, փաստորեն, ձեռք է բերել …սեփականության իրավունքի օրինական ակնկալիք, ինչի վրա տարածվում է սեփականության իրավունքին համարժեք պաշտպանության ռեժիմ` համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի նախադեպային իրավունքի: Մասնավորապես, ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի (տես` մասնավորապես, Տրգոն ընդդեմ Խորվաթիայի գործով 2009թ. հունիսի 11-ի վճիռը, կետ 44) գույք է համարվում ոչ միայն գոյություն ունեցող նյութական միջոցը, այլ նաև նյութական միջոցը ձեռք բերելու լեգիտիմ ակնկալիքը»: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նշված վճիռը վկայակոչված է նաև ՀՀ սահմանադրական դատարանի 2010թ. հուլիսի 7-ի ՍԴՈ-902 որոշման մեջ: Իսկ ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-723, ՍԴՈ-741, ՍԴՈ-881 որոշումներում Սահմանադրական դատարանը փաստել է սեփականության իրավունք ձեռք բերելու նկատմամբ լեգիտիմ ակնկալիքների հիմքով սեփականության իրավունքի պաշտպանության հնարավորությունը: Ավելին, ՍԴՈ-741 որոշման 8-րդ կետում Սահմանադրական դատարանը նշել է. «Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ ՀՀ Սահմանադրության 31 հոդվածով երաշխավորված` սեփականության իրավունքի պաշտպանություն տրամադրվում է այն անձանց, ում սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով արդեն իսկ ճանաչված է, կամ ովքեր օրենքի ուժով ունեն սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիք»:

Հաշվի առնելով Սահմանադրական դատարանի` վերը նշված իրավական դիրքորոշումները` սույն գործի քննության շրջանակներում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սեփականության իրավունքի պաշտպանության իրավունքն անձի մոտ ծագում է երկու պարագայում, երբ.

- անձի սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով արդեն իսկ ճանաչված է,

- անձինք օրենքի ուժով ունեն սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիք:

Երկրորդ հիմքի համատեքստում Սահմանադրական դատարանը փաստում է, որ սույն սահմանադրաիրավական վեճի լուծման համար հարկ է նկատի ունենալ անձի մոտ վերահաշվարկի իրավունքի ծագման և պաշտոնային դրույքաչափերի բարձրանալն այլևս հաշվի չառնելու պահերը: Նախկին իրավակարգավորումների պարագայում անձի մոտ պաշտոնային դրույքաչափի բարձրացմամբ պայմանավորված վերահաշվարկի լեգիտիմ ակնկալիք կարող էր առաջանալ պաշտոնային դրույքաչափի բարձրացման պահից: Մինչդեռ վեճի առարկա իրավադրույթների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կենսաթոշակի նորովի վերահաշվարկի հնարավորություն սահմանող դրույթը /օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մաս/ և ՀՀ գլխավոր դատախազի կամ դիմողի պաշտոնակցի` ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի պաշտոնային դրույքաչափերի բարձրանալը նախկինում նշանակված կենսաթոշակի վերահաշվարկման համար հիմք չհամարող դրույթը /օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մաս/ ուժի մեջ են մտել միաժամանակ, միևնույն օրենքով: Ավելին, ներկա իրավակարգավորմամբ օրենքն անձի կենսաթոշակի վերահաշվարկի հիմք է համարում հիմնական կենսաթոշակի չափի, մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքի և/կամ գործակցի փոխվելը: Այլ կլիներ իրավիճակը, եթե խնդրո առարկա օրենքով անձի մոտ դատախազի պաշտոնային դրույքաչափի բարձրանալու հիմքով առաջանար կենսաթոշակի վերահաշվարկի իրավունք, այսինքն` օրենքի ուժով տվյալ անձն ունենար սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիք, որից հետո ընդունվեր այդ իրավունքի իրականացումն արգելող նորմ:

Սեփականության իրավունքի օրինական ակնկալիքի հարցին անդրադարձել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների (Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի, 07.05.2002 թվական, Բեյլերն ընդդեմ Իտալիայի, 05.01.2000 թվական)` «սեփականություն» հասկացությունը բովանդակում է ոչ միայն ֆիզիկական բարիքների սեփականությունը, այլև սեփականություն կարող են համարվել որոշ գույքային այլ իրավունքներ և շահեր, ինչպես նաև անվիճելի և կատարման ենթակա պահանջի իրավունքը։ Եվրոպական դատարանի վճիռների համաձայն՝ «պահանջի իրավունքը ևս կարող է համարվել «սեփականություն» Կոնվենցիայի նշված դրույթի իմաստով, եթե հիմնավորապես հաստատվել է, որ այդ պահանջը ենթակա է կատարման»։ Տվյալ դեպքում դատախազի պաշտոնային դրույքաչափի բարձրացմանը զուգընթաց կենսաթոշակի վերահաշվարկի պահանջի իրավունքը Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված անվիճելի և կատարման ենթակա իրավունքը չէ, քանի որ, ինչպես նշվեց, կենսաթոշակի նորովի վերահաշվարկի հնարավորություն սահմանող դրույթը /օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մաս/ և ՀՀ գլխավոր դատախազի կամ դիմողի պաշտոնակցի` ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի պաշտոնային դրույքաչափերի բարձրանալը նախկինում նշանակված կենսաթոշակի վերահաշվարկման համար հիմք չհամարող դրույթը /օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մաս/ ուժի մեջ են մտել միաժամանակ, միևնույն օրենքով:

Վերոգրյալի հաշվառմամբ` Սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող նորմերը ձևակերպված են բավարար հստակությամբ, համապատասխանում են իրավական որոշակիության և կանխատեսելիության պահանջներին, իսկ անձի` նյութական միջոցը ձեռք բերելու լեգիտիմ ակնկալիքի իրավունքը վիճարկվող նորմերով որևիցե կերպ չի խախտվել կամ խոչընդոտվել, հետևապես, խոսք չի կարող լինել սեփականության իրավունքի կամ սոցիալական ապահովության իրավունքի սահմանափակման կամ այդ իրավունքների խոչընդոտի մասին:

 

7. Վիճարկվող իրավադրույթները դիտարկելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված` անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքների և այլ իրավական ակտերի հետադարձ ուժի արգելքի սկզբունքի համատեքստում` Սահմանադրական դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ Սահմանադրության` «Օրենքների և այլ իրավական ակտերի հետադարձ ուժը» վերտառությամբ 73-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է. «1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն»:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի` «Իրավական ակտերի գործողությունը ժամանակի ընթացքում» վերտառությամբ 78-րդ հոդվածի 1-3 մասերով, մասնավորապես, սահմանվում է.

«1. Իրավական ակտը տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, այսինքն` ունի հետադարձ ուժ միայն սույն օրենքով և այլ օրենքներով, ինչպես նաև տվյալ իրավական ակտով նախատեսված դեպքերում:

Հետադարձ ուժ չի կարող տրվել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող, դրանց իրականացման կարգը խստացնող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող կամ պարտականությունների կատարման կարգ սահմանող կամ խստացնող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կարգ սահմանող կամ խստացնող, ինչպես նաև նրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող իրավական ակտերին:

2. Իրավախախտման համար սահմանված պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող կամ իրավախախտում կատարած իրավաբանական և ֆիզիկական անձանց դրությունն այլ կերպ բարելավող իրավական ակտը տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, այսինքն` ունի հետադարձ ուժ, եթե օրենքով կամ այդ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

3. Իրավական ակտում կատարված փոփոխությունների կամ լրացումների, բացառությամբ նրա առանձին մասերը վերացված կամ անվավեր կամ չեղյալ ճանաչելու դեպքերի, գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա, եթե սույն օրենքով, այլ օրենքներով, ինչպես նաև փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

Մինչև փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա տարածվում են մինչև փոփոխությունները կամ լրացումներն ուժի մեջ մտնելը գործող նորմերը, եթե սույն օրենքով կամ փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

Ուժը կորցրած իրավական ակտի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժը կորցնելու օրը ծագած հարաբերությունների վրա, եթե սույն օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ»:

Սահմանադրական դատարանը, հաշվի առնելով նաև առկա իրավակարգավորումները, արտահայտել է մի շարք իրավական դիրքորոշումներ անձի իրավական վիճակի վատթարացման հարցի վերաբերյալ: Սույն գործի քննության շրջանակներում նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Սահմանադրական դատարանը հարկ է համարում պարզել, թե արդյոք ՀՀ Սահմանադրության տեսանկյունից վիճարկվող իրավակարգավորումը հանդիսանում է «անձի իրավական վիճակը վատթարացնող»:

Այսպես, ՀՀ սահմանադրական դատարանն իր 2012թ. դեկտեմբերի 14-ի ՍԴՈ-1061 որոշման մեջ արձանագրել է. «8. Սահմանադրական դատարանն իր` ՍԴՈ-649, ՍԴՈ-723, ՍԴՈ-758, ՍԴՈ-881, ՍԴՈ-1000 որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումներով բազմիցս, այդ թվում՝ կենսաթոշակային հարաբերությունները կարգավորող նորմերի սահմանադրականությունը որոշելու վերաբերյալ գործերով, արձանագրել է անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքին և այլ իրավական ակտերին հետադարձ ուժ հաղորդելու անթույլատրելիությունը, կարևորելով, որ «... անձի իրավական վիճակը վատթարացնող նորմերի հետադարձ ուժի արգելման սկզբունքը` իրավական անվտանգության սկզբունքի հետ մեկտեղ, կոչված է ապահովելու լեգիտիմ ակնկալիքների հանդեպ հարգանքը», և որ անձի իրավական վիճակը վատթարացնող նորմերի հետադարձ ուժի արգելքը «... հանդիսանում է պետական իշխանության նկատմամբ վստահության և իրավական պետության սկզբունքների կարևոր բաղադրատարրերից մեկը: Այդ սկզբունքը միաժամանակ հանդես է գալիս որպես իրավական որոշակիության սկզբունքի ապահովման կարևոր երաշխիք: Օրենքի հետադարձ ուժի մերժման սկզբունքից բխում է այն արգելքը, համաձայն որի՝ անթույլատրելի է այն իրավունքների սահմանափակումը կամ վերացումը, որոնք ամրագրվել են նախկինում գործող նորմերի հիման վրա: Նման պարտավորություն է նաև ստանձնել Հայաստանի Հանրապետությունը մի շարք միջազգային պայմանագրերով»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում հաստատված չափանիշների համաձայն` «... սոցիալական օրենսդրության, այդ թվում՝ կենսաթոշակների ոլորտում, պետություններն ունեն հայեցողության լայն շրջանակ, որը ելնելով սոցիալական արդարության և տնտեսական բարեկեցության շահերից, կարող է իրավաչափորեն հանգեցնել բնակչությանը վճարվող կենսաթոշակի գումարի կարգավորմանը, հարմարեցմանը և նույնիսկ նվազեցմանը: Այնուամենայնիվ, ցանկացած այսպիսի միջոց պետք է կիրառվի ոչ խտրական ձևով և համապատասխանի համաչափության պահանջներին: Այդ պատճառով, օրենսդրին տրված հայեցողության շրջանակը քաղաքականության ընտրության հարցում պետք է լինի լայն, և նրա կողմից «հանրային շահի» գնահատումը պետք է հարգվի, եթե այն ակնհայտորեն զուրկ չէ ողջամիտ հիմնավորումից» (Carson and Օthers v. The United Kingdom [GC], cited above, p. 61; Andrejeva v. Latvia [GC], cited above, p. 83; as well as Moskal v. Poland, no. 10373/05, p. 61, 15 September 2009): Մեկ այլ գործով դատարանը կարևորել է, որ. «Չնայած 1-ին Արձանագրության 1-ին հոդվածը չի կարող սահմանափակել պետության ազատությունը սոցիալական ապահովության համակարգի շրջանակներում վճարվող գումարի չափի կամ տեսակի ընտրության հարցում, կարևոր է նաև ստուգել արդյոք դիմումատուի՝ սոցիալական ապահովության համակարգի շրջանակներում գումար ստանալու իրավունքը խախտվել է այնպես, որը հանգեցրել է նրա կենսաթոշակի իրավունքի էության աղավաղմանը» (Stec and Others v. The United Kingdom [GC], no. 65731/01, p. 53, ECHR 2006-VI, Wieczorek v. Poland, no. 18176/05, p. 57, 8 December 2009):

Ըստ կենսաթոշակային հարաբերությունների իրավակարգավորման բնագավառում ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշման` «... օրենսդիրն իրավասու է օրենսդրական փոփոխությունների արդյունքում սահմանելու կենսաթոշակի հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման լիովին նոր համակարգ: Սակայն նման փոփոխությունները չեն կարող վերացնել այն կենսաթոշակները, այդ թվում՝ արտոնյալ կարգով նշանակվող, որոնք ստանալու իրավունքն անձը ձեռք է բերել նախկինում գործող օրենսդրության հիման վրա: Եթե օրենքն արդեն սահմանել է կենսաթոշակի տեսակները, կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց շրջանակը, կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու պայմանները, կենսաթոշակի չափը և վճարման պայմանները, պետության համար ծագում է պարտականություն երաշխավորելու կենսաթոշակի իրավունքի առնչությամբ լեգիտիմ ակնկալիքների հանդեպ հարգանքի և իրավական որոշակիության սկզբունքների իրացումը» (ՍԴՈ-723):

Իր ՍԴՈ-881 որոշման մեջ Սահմանադրական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները. «… Աշխատավարձը և կենսաթոշակը փոխկապակցված, սակայն տարբեր ինստիտուտներ են, որոնց իրավակարգավորման չափանիշները նույնպես կարող են տարբեր լինել։ Դրանով են պայմանավորված նաև կենսաթոշակի նշանակման տարբերակված մոտեցումները տարբեր մասնագիտությունների համար։

Իսկ ինչ վերաբերում է դասային աստիճան ունեցող դատախազների համար՝ դատախազի, դատավորի և դատախազության քննիչի պաշտոնում աշխատած տարիներից ելնելով հավելավճարի սահմանմանը, ապա դա հենց այս պաշտոնների համար նախատեսված սոցիալական անկախության երաշխիք է և որևէ առնչություն չունի Սահմանադրության 14.1-րդ հոդվածի առաջին մասով սահմանված՝ օրենքի առջև բոլորի հավասարության սահմանադրական սկզբունքի հետ։

Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենքի առջև բոլորի հավասարության սահմանադրական սկզբունքը ենթադրում է օրենքի առջև հավասար պատասխանատվության, պատասխանատվության անխուսափելիության և իրավական պաշտպանության հավասար պայմանների ապահովում, և չի առնչվում իրավական տարբեր կարգավիճակ ունեցող սուբյեկտների համար որևէ իրավաչափ նպատակով պայմանավորված նախադրյալներ՝ տվյալ դեպքում սոցիալական անկախության երաշխիքներ նախատեսելուն կամ իրավունքի տվյալ կատեգորիայի սուբյեկտների համար լրացուցիչ պարտականություններ սահմանելուն»։

Սույն գործի քննության շրջանակներում զարգացնելով իր՝ 2008թ. հունվարի 15-ի ՍԴՈ-723 որոշման 8-րդ կետում ամրագրված իրավական դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենքի հետադարձ ուժի մերժման սկզբունքի տեսանկյունից Սահմանադրական դատարանի վերը նշված որոշման մեջ ամրագրված հինգ պայմաններից չորսը /կենսաթոշակի տեսակները, կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց շրջանակը, կենսաթոշակի չափը, կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու պայմանները/ կենսաթոշակային իրավունքի պարտադիր տարրեր են։ Ընդ որում, ՍԴՈ-723 որոշման 8-րդ կետում ամրագրված՝ կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու պայմանների ներքո Սահմանադրական դատարանը նկատի է ունեցել կենսաթոշակի ձեռքբերման արտոնյալ պայմանները։ Ինչ վերաբերում է վերջին տարրին՝ կենսաթոշակի վճարման պայմաններին, ապա այն ֆակուլտատիվ տարր է և կախված է կենսաթոշակի` նախկինում սահմանված կամ նշանակված չափից։ Այսինքն՝ այդ տարրը կարող է դառնալ պարտադիր տարր միայն այն դեպքում, երբ կենսաթոշակային իրավահարաբերությունների նոր համակարգ սահմանելիս նվազեցվում է նախկինում սահմանված կամ նշանակված կենսաթոշակի չափը։

«Դատախազության մասին» ՀՀ նախկին և գործող օրենքների համեմատական վերլուծության արդյունքներով Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ գործող օրենքի վիճարկվող դրույթը չի վերացնում մինչ այդ գոյություն ունեցող կենսաթոշակի տեսակը, չի սահմանափակում մինչ այդ սահմանված կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց շրջանակը, չի նվազեցնում մինչ այդ սահմանված կենսաթոշակի չափը, չի առնչվում արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքին:

 Նոր իրավակարգավորման պայմաններում երաշխավորվում է նախկինում նշանակված կենսաթոշակի չափը: Մասնավորապես, «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի՝ սույն գործով վիճարկվող 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Եթե հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է նախկին (սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված) չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին (սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված) չափով»:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող դրույթները չեն վերացնում մինչ այդ գոյություն ունեցող կենսաթոշակի տեսակը, չեն սահմանափակում մինչ այդ սահմանված կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց շրջանակը, չեն նվազեցնում մինչ այդ սահմանված կենսաթոշակի չափը, չեն առնչվում արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքին։ Հետևաբար՝ վիճարկվող իրավակարգավորումը չի հանդիսանում որպես անձի վիճակը վատթարացնող:

 

8. Անդրադառնալով այն հարցադրմանը, թե որքանո՞վ են վիճարկվող դրույթները համապատասխանում քրեական արդարադատության համակարգում դատախազության դերի վերաբերյալ ՀՀ միջազգային իրավական ակտերով ամրագրված սկզբունքներին, Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը. Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն իր` «Քրեական արդարադատության համակարգում դատախազության դերի վերաբերյալ» թիվ Rec(2000)19 հանձնարարականի 5-րդ կետով սահմանել է, որ. «5. Պետությունները պետք է միջոցներ ձեռնարկեն՝ երաշխավորելու, որպեսզի.

դ. Դատախազներն ապահոված լինեն աշխատանքի ողջամիտ պայմաններով, ներառյալ՝ իրենց առանցքային դերին համաչափ վարձատրությամբ, պաշտոնավարման և կենսաթոշակի պայմաններով, ինչպես նաև պատշաճ կենսաթոշակային տարիքով, և այս բոլոր պայմանները կարգավորվեն օրենքով»:

Միաժամանակ, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դատախազների անկախության ապահովման համար կենսաթոշակի հաշվարկման կոնկրետ միջազգային չափորոշիչներ առկա չեն, իսկ օրենքը, տվյալ դեպքում՝ «Դատախազության մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքները սահմանել են կենսաթոշակի պայմանները և կենսաթոշակային տարիքը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005թ. խմբագրությամբ) 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64, 68 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության /2005թ. խմբագրությամբ/ 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

6 դեկտեմբերի 2016 թ.

ՍԴՈ-1326

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան