ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության Քրեական գործ թիվ ՇԴ/0051/01/11 |
ՇԴ/0051/01/11
|
Նախագահող դատավոր՝ Կ. Ղազարյան |
Դատավորներ՝ |
Հ. Տեր-Ադամյան |
Գ. Մելիք-Սարգսյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Պողոսյանի | |
Հ. Ասատրյանի | ||
Ս. Ավետիսյանի | ||
Ե. ԴԱնիելյանի | ||
Ս. Օհանյանի | ||
| ||
քարտուղարությամբ |
Հ. Պետրոսյանի | |
մասնակցությամբ պաշտպան |
Լ. ՍԻՄՈՆՅԱՆԻ |
2014 թվականի դեկտեմբերի 16-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Սերգեյ Սամվելի Մխիթարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի հունիսի 14-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2009 թվականի ապրիլի 28-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է թիվ 18114109 քրեական գործը:
Նախաքննության մարմնի 2009 թվականի մայիսի 13-ի որոշմամբ Սերգեյ Մխիթարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 14-րդ կետերով: Նույն օրը Ս. Մխիթարյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի մայիսի 13-ի որոշմամբ Ս. Մխիթարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
2. 2010 թվականի փետրվարի16-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 18106010 քրեական գործը:
Նախաքննության մարմնի 2010 թվականի փետրվարի 17-ի որոշմամբ թիվ 18106010 քրեական գործը միացվել է թիվ 18114109 քրեական գործին` համատեղ քննություն կատարելու համար:
2010 թվականի փետրվարի 27-ին վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ Ս. Մխիթարյանի մեղադրանքը փոփոխվել է, և նա ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 14-րդ կետերով և 327-րդ հոդվածի 1-ին մասով:
2010 թվականի նոյեմբերի 26-ին Ս. Մխիթարյանն արգելանքի է վերցվել, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 14-րդ կետերով և 327-րդ հոդվածի 1-ին մասով:
2011 թվականի ապրիլի 11-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):
3. Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի ապրիլի 13-ի դատավճռով Ս. Մխիթարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 14-րդ կետերով և 327-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 14-րդ կետերով Ս. Մխիթարյանը դատապարտվել է ազատազրկման՝ 6 տարի ժամկետով, 327-րդ հոդվածի 1-ին կետով` ազատազրկման՝ 2 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով՝ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ս. Մխիթարյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 7 տարի ժամկետով:
4. Ս. Մխիթարյանի և նրա պաշտպան Լ. Սիմոնյանի վերաքննիչ բողոքների հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2012 թվականի հունիսի 14-ին որոշում է կայացրել բողոքները մերժելու, Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի ապրիլի 13-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին:
5. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հունիսի 14-ի որոշման դեմ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանը:
Վճռաբեկ դատարանի 2014 թվականի նոյեմբերի 4-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել:
Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:
Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
6. Ս. Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել, և նա դատապարտվել է այն բանի համար, որ «(…) 2009 թվականի ապրիլի 15-ին՝ ժամը 17-ի սահմաններում, Գյումրու Պ. Սևակ փողոցի 14 շենքի շքամուտքի մոտ ընկերների՝ Գյումրի քաղաքի բնակիչներ Սամվել Սարգսյանի, Վալերի Աբրահամյանի, Էդգար Նազարյանի հետ, կենցաղային հարցով՝ ընկերոջ՝ Սամվել Սարգսյանի հետ մտերմական հարաբերությունների մեջ գտնվող Լիդա Եդիգարյանին ինտերնետ ցանցի միջոցով վիրավորելու պատճառով, վիճաբանել է Գյումրի քաղաքի Աճեմյան փողոցի 47 տան բնակիչ՝ անչափահաս, 09.10.1991թ-ին ծնված Տիգրան Թադևոսյանի հետ, որի ընթացքում Ս. Մխիթարյանը, նախապես հանցավոր համաձայնության գալով ընկերների՝ Վ. Աբրահամյանի, Է. Նազարյանի և Ս. Սարգսյանի հետ, ծանր մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, ձեռքերով, ոտքերով հարվածել է Տ. Թադևոսյանի մարմնի տարբեր մասերին, գլխին, պատճառել մարմնական վնասվածքներ, ապա չորսով հետապնդել են վազելով հեռացող Տ. Թադևոսյանին, Գյումրու Պ. Սևակ փողոց 13/3 հասցեում գտնվող «Լիլիա» գեղեցկության սրահի դիմաց հասնելով վերջինիս, մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, Ս. Մխիթարյանը 3 ընկերների հետ միասին ձեռքերով, ոտքերով հարվածել է Տ.Թադևոսյանի մարմնի տարբեր մասերին, գլխին, վերջինիս պատճառել ծանր մարմնական վնասվածքներ և դեպքի վայրից դիմել փախուստի: Տ. Թադևոսյանը ստացած մարմնական վնասվածքներից գիտակցության չգալով` 26.04.2009թ-ին Երևան քաղաքի Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում մահացել է:
Բացի այդ, 19.08.1991թ-ին ծնված Ս. Մխիթարյանը, լինելով զորակոչային տարիքի, 2009 թվականի աշնանային զորակոչին Գյումրու զինվորական կոմիսարիատ չի ներկայացել և խուսափել է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, այդ ծառայությունից ազատվելու՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայությամբ» (տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթ 313-333, հատոր 11, թերթ 48-61):
7. Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում արձանագրել է. «(…) Դատարանը ձեռք բերված ապացույցները գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության տեսանկյունից, դրանց համակցությամբ, հաստատված է համարում, որ ամբաստանյալ Սերգեյ Սամվելի Մխիթարյանը կատարել է (…) ՀՀ քր. օր-ի 327 հոդվածի 1-ին մասով նախատեսված [արարք, որով] էլ նա պետք է քրեական պատասխանատվություն կրի (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 11, թերթ 48-61):
8. Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ նշել է. «(…) քննության առնելով քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը գտնում է, որ ամբաստանյալի (…) կողմից` ՀՀ քրեական օրենսգրքի (…) 327 հոդվածի 1-ին մասով նախատեսված [հանցանք] կատարելը և նրա մեղքը հաստատված է, իսկ [վերաքննիչ բողոքի] պատճառաբանությունները հերքված են քրեական գործով պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ձեռք բերված և [Առաջին ատյանի դատարանում] հետազոտված (…) ապացույցներով (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 12, թերթ 85-99):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
9. Բողոքաբերի պնդմամբ՝ստորադաս դատարանների կողմից թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում կայացված դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը, խախտում են սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը: Մասնավորապես, դատարանների կողմից խախտվել է միջազգային իրավական ակտերով երաշխավորված` «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն նախատեսված չէ օրենքով» սկզբունքը, և սխալ է կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասը:
Ի հիմնավորումն իր փաստարկի` բողոք բերած անձը սույն գործի փաստական հանգամանքները վերլուծել է կոնվենցիոն և օրենսդրական դրույթների, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերի, ինչպես նաև` Վճռաբեկ դատարանի թիվ ԳԴ1/0013/01/11 գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո և եկել այն եզրահանգման, որ Ս. Մխիթարյանը «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով չի հանդիսացել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի սուբյեկտ: Հետևաբար բողոքաբերը գտել է, որ Ս. Մխիթարյանը ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է արարքում հանցակազմի բացակայության պայմաններում:
10. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ բողոքի հեղինակը խնդրել է Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հունիսի 14-ի որոշումը ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության, մասնավորապես` իրավունքի զարգացման գործառույթի իրացման ապահովումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու (ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդված) հանցակազմի քրեաիրավական բնութագրի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ Ս. Մխիթարյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք:
13. ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ «Քրեական պատասխանատվության միակ հիմքը հանցանք, այսինքն՝ այնպիսի արարք կատարելն է, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները»:
ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հանցագործություն է համարվում մեղավորությամբ կատարված՝ հանրության համար վտանգավոր այն արարքը, որը նախատեսված է սույն օրենսգրքով»:
ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորավարժանքից խուսափել[ու համար]՝ այդ ծառայությունից ազատվելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում (…)»:
Մեջբերված հանցակազմը Վճռաբեկ դատարանը վերլուծել է Ս. Աբրահամյանի գործով որոշման մեջ՝ իրավական դիրքորոշում հայտնելով այն մասին, որ «(…) ՀՀ քրեական օրենսգրքում [327-րդ հոդվածն] ամրագրված է բլանկետային դիսպոզիցիայի միջոցով: Այսպես՝ անձը ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորավարժանքից խուսափելու համար քրեական պատասխանատվության ենթակա է միայն այն դեպքում, երբ բացակայում են նրան ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից ազատելու՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հիմքերը: Բլանկետային դիսպոզիցիայի առկայությունը նշանակում է, որ անձի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը պայմանավորված է զինվորական կամ այլընտրանքային ծառայության զորակոչի, վարժական հավաքի կամ զորավարժանքի հիմքերը, կարգը և պայմանները սահմանող համապատասխան իրավական ակտերում ամրագրված նորմերի բովանդակությամբ և ծավալով: (…) Օրինակ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմի հատկանիշների առկայությունը կամ բացակայությունը պարզելու նպատակով անհրաժեշտ է դիմել «Զինապարտության մասին» և «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքներում ամրագրված դրույթներին և դրանց վերլուծության հիման վրա պարզել, թե կոնկրետ դեպքում առկա՞ են արդյոք ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից ազատելու համապատասխան հիմք(եր)ը և, հետևաբար, կոնկրետ անձի արարքում առկա՞ են արդյոք զինվորական ծառայությունից կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու հատկանիշները» (տե՛ս Սամվել Աբրահամյանի գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԿԴ1/0053/01/12 որոշման 12-րդ կետը):
14. Վերահաստատելով և զարգացնելով սույն որոշման նախորդ կետում մեջբերված և Ս. Աբրահամյանի գործով որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը դասվում է կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների շարքին և բնութագրվում որպես հանցավոր արարք, որը ոտնձգում է ՀՀ զինված ուժերի, զինվորական ծառայության շահերի և պետության պաշտպանունակության դեմ: Ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու օբյեկտ են հանդիսանում ՀՀ զինված ուժերի համալրման ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունները:
ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմը դրսևորվում է, ի թիվս այլնի, ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու ձևով՝ այդ ծառայությունից ազատվելու օրենքով սահմանված հիմքերի բացակայության դեպքում: Քննարկվող հանցագործության օբյեկտիվ կողմը կատարվում է անգործությամբ (ծանրացնող հանգամանքներում հանցանքը կարող է կատարվել նաև ակտիվ գործողություններով): Մասնավորապես ժամկետային զինվորական ծառայության ենթակա անձը այդ ծառայությանը զորակոչվելուց խուսափելու նպատակով, առանց հարգելի պատճառների չի ներկայանում իր հաշվառման (փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատ: Հանցանքն ավարտված է համարվում օրենքով սահմանված կարգով հայտարարված հերթական զորակոչի ժամկետն անցնելու պահին:
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ քննարկվող հանցակազմի օբյեկտիվ կողմի առկայությունը հավաստելու համար բավարար չէ միայն ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչին զինվորական կոմիսարիատ չներկայանալու փաստի հաստատումը: Անձին ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու կարևոր պայման է զինվորական ծառայությունից ազատվելու (տարկետման)՝ օրենքով սահմանված հիմքերի բացակայությունը: Զինապարտության մասին օրենսդրությամբ հստակ սահմանված են պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու, ընտանեկան դրության, առողջական վիճակի պատճառով, ուսումը շարունակելու նպատակով, ինչպես նաև այլ պատճառներով զորակոչից տարկետում ստանալու հիմքերը («Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 31-րդ, 11-16-րդ հոդվածներ): Օրենքով նախատեսված վերոգրյալ հիմքերից ցանկացածի առկայությունն ինքնին բացառում է անձի գործողություններում քննարկվող հանցակազմի օբյեկտիվ կողմի առկայությունը՝ անկախ նրանից, թե նա ներկայացել է ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչին, թե՝ ոչ:
15. Քննարկվող հանցագործության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ, հանցավորը գիտակցում է, որ իր գործողություններով (անգործությամբ) խուսափում է ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից և ցանկանում է դա: Հանցագործության սուբյեկտ կարող է լինել բացառապես ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ենթակա անձը:
Այսպես, «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն`
«1. Պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում 18-ից մինչև 27 տարեկան (…) արական սեռի զորակոչիկները և մինչև 35 տարեկան առաջին խմբի պահեստազորի սպաները, ովքեր առողջական վիճակի պատճառով ճանաչվել են զինծառայության համար պիտանի` խաղաղ պայմաններում:
2. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ենթակա չեն այն անձինք, որոնց նկատմամբ կատարվում է հետաքննություն (նախաքննություն, դատաքննություն) կամ ովքեր նախկինում դատապարտվել են ազատազրկման` ծանր կամ առնվազն երկու անգամ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար և ազատազրկման վայրում պատիժը կրել են 3 տարուց ոչ պակաս, ինչպես նաև, եթե կատարել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության դատախազության հաստատած ցանկում նշված հանցագործություն:
(…)»:
Մեջբերված իրավական նորմի վերլուծությամբ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քննարկվող հանցագործության սուբյեկտ են հանդիսանում, ի թիվս այլնի, 18-ից 27 տարեկան արական սեռի զորակոչիկները, ովքեր առողջական վիճակի պատճառով ճանաչվել են զինծառայության համար պիտանի` խաղաղ պայմաններում: Միևնույն ժամանակ, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ենթակա չեն, հետևաբար նաև ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու հանցակազմի սուբյեկտ չեն հանդիսանում՝
ա) անձինք, որոնց նկատմամբ կատարվում է հետաքննություն (նախաքննություն, դատաքննություն),
բ) անձինք, ովքեր նախկինում դատապարտվել են ազատազրկման` ծանր կամ առնվազն երկու անգամ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար և ազատազրկման վայրում պատիժը կրել են 3 տարուց ոչ պակաս,
գ) անձինք, ովքեր կատարել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ դատախազության հաստատած ցանկում նշված հանցագործություն:
16. Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թիվ 18114109 քրեական գործի շրջանակներում դեռևս 2009 թվականի մայիսի 13-ին Ս. Մխիթարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 14-րդ կետերով: Նույն օրը Ս. Մխիթարյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը (տե՛ս սույն որոշման 1-ին կետը):
Նախաքննության մարմնի 2010 թվականի փետրվարի 27-ի որոշմամբ Ս. Մխիթարյանի մեղադրանքը լրացվել է, և նա ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 14-րդ կետերով և 327-րդ հոդվածի 1-ին մասով (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը):
Ս. Մխիթարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրվել է այն, որ նա, լինելով զորակոչային տարիքի, 2009 թվականի աշնանային զորակոչին Գյումրու զինվորական կոմիսարիատ չի ներկայացել և խուսափել է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, այդ ծառայությունից ազատվելու՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայությամբ (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):
Քրեական գործի դատական քննության արդյունքում Առաջին ատյանի դատարանը, իսկ այնուհետև նաև Վերաքննիչ դատարանը հաստատված են համարել, որ Ս. Մխիթարյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք, որի համար պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության (տե՛ս սույն որոշման 7-8-րդ կետերը):
17. Մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-15-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ս. Մխիթարյանի նկատմամբ 2009 թվականի մայիսից ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 14-րդ կետերի հատկանիշներով իրականացվել է նախաքննություն: Հետևաբար 2009 թվականի աշնանային զորակոչին Ս. Մխիթարյանը, «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ենթակա չի եղել: Այլ խոսքով՝ Ս. Մխիթարյանը չի ներկայացել ժամկետային զինվորական ծառայության 2009 թվականի աշնանային զորակոչին՝ իր նկատմամբ կատարվող նախաքննության պայմաններում, ինչից հետևում է, որ նա ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության սուբյեկտ չի հանդիսացել, ինչպես նաև նրա գործողություններում բացակայել է նշված հանցագործության օբյեկտիվ կողմը:
Ուստի Ս. Մխիթարյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու հանցակազմը բացակայում է:
18. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ Ս. Մխիթարյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք, հիմնավորված չեն:
Ս. Մխիթարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրական դատավճիռ կայացնելիս Առաջին ատյանի դատարանը, իսկ նշված դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելիս նաև Վերաքննիչ դատարանը պատշաճ չեն գնահատել սույն գործի փաստական հանգամանքները: Արդյունքում տեղի է ունեցել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառություն, ինչը հանգեցրել է նաև նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող, անօրինական և չհիմնավորված դատական ակտերի կայացմանը:
19. Վերը նշված նյութական և դատավարական իրավունքի խախտումները Վճռաբեկ դատարանին հիմք են տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա բեկանելու և փոփոխելու Ս. Մխիթարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով կայացված ստորադաս դատարանների դատական ակտերը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե արարքի մեջ հանցակազմ չկա»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Դատարանը պարտավոր է սույն օրենսգրքի 35 հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով և երկրորդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում տվյալ դատական նիստում կայացնել արդարացման դատավճիռ»:
Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ս. Մխիթարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում պետք է արդարացնել և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
20. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի բեկանումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ստորադաս դատարանները թույլ են տվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտում, որի արդյունքում ընդունված դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը, խախտում են սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Սերգեյ Սամվելի Մխիթարյանի վերաբերյալ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի ապրիլի 13-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի հունիսի 14-ի որոշումը` ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով, բեկանել և փոփոխել:
2. Սերգեյ Մխիթարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնել և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
3. Սերգեյ Մխիթարյանին թողնել կրելու ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 14-րդ կետերով նշանակված 6 (վեց) տարի ժամկետով ազատազրկումը:
4. Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի ապրիլի 13-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի հունիսի 14-ի որոշումը մնացած մասով թողնել անփոփոխ:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Դ. Ավետիսյան |
Դատավորներ` |
Ա. Պողոսյան |
Հ. ԱսատրՅԱՆ | |
Ս. Ավետիսյան | |
Ե. Դանիելյան | |
Ս. Օհանյան |