Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1199
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.04.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.05.06/26(1115) Հոդ.257
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
07.04.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
07.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.04.2015

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

7 ապրիլի 2015 թ.

 

2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԿՈՇՏ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2014 թվականի դեկտեմբերի 19-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` մուտքագրված 13.03.2015թ.:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վարկային համաձայնագիրը, ինչպես նաև գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագիրն ստորագրվել է 2014թ. դեկտեմբերի 19-ին` Կոտայքի մարզում և Սևան քաղաքում կոշտ թափոնների կառավարումը բարելավելու հարցում Հայաստանի Հանրապետությանն աջակցելու նպատակով:

Համաձայնագիրն ունի երկու Առդիր` Առդիր 1. «Ծրագրի նկարագրությունը», Առդիր 2. «Կատեգորիաներ և մասհանումներ» և Առդիր 2-ին կից հավելված:

Ծրագիրը կազմված է հետևյալ մասերից` Մաս Ա. «Կապիտալ ծախսեր (Ներդրումային բաղադրիչներ)», Մաս Բ. «Տեխնիկական համագործակցություն (Խորհրդատվական համաձայնագրեր)»:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (այսուհետ` Բանկ)` համաձայնում է համաձայնագրում սահմանված կամ հղվող պայմաններով Հայաստանի Հանրապետությանը տրամադրել երեք միլիոն հինգ հարյուր հազար (3.500.000) եվրո գումար: Օգտագործման նվազագույն գումարը 300.000 եվրո է`աղբավայրի կառուցման համար, և 50.000 եվրո` Ծրագրի «Ա» մասի ներքո այլ ծախսերի համար: Վաղաժամ մարման նվազագույն գումարն է 500.000 եվրո, իսկ չեղյալ հայտարարման նվազագույն գումարը՝ 500.000 եվրո: Վերջին հասանելիության ամսաթիվը 2017թ. դեկտեմբերի 30-ն է կամ ավելի ուշ ընկնող մի ամսաթիվ, որը Բանկն իր հայեցողությամբ կարող է սահմանել և այդ մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետությանը: Ակնկալվում է, որ Ծրագրի «Ա» մասն ավարտվելու է մինչև 2017 թվականի նոյեմբերի 30-ը:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

● քսանչորս հավասար (կամ հնարավորինս հավասար) կիսամյակային վճարումներով՝ յուրաքանչյուր տարվա ապրիլի 16-ին և հոկտեմբերի 16-ին, սկսած 2018թ. ապրիլի 16-ից մինչև 2029թ. հոկտեմբերի 16-ը մարել Վարկը, ինչպես նաև վճարել հանձնառության վճար՝ տարեկան 0.5 %,

● վճարել մեկնարկային կոմիսիոն վճարը` Ստանդարտ պայմանների և դրույթների 3.05.դ բաժնին համապատասխան,

● ձեռնարկել կամ հարկադրել, որ ձեռնարկվեն բոլոր այն լրացուցիչ միջոցները, որոնք անհրաժեշտ են՝ ապահովելու բավարար միջոցներ Ծրագրի ավարտի համար և այլն:

3. Համաձայնագրի III հոդվածի 3.01. բաժնի «դ» մասով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է «… հարկադրի Ծրագրի յուրաքանչյուր Քաղաքապետարանին կատարել Ծրագրի իրականացման և աջակցության համաձայնագրով սահմանված իր բոլոր պարտականությունները»:

ՀՀ սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ հիշատակված դրույթի համատեքստում կիրառված «հարկադրել» /անգլ. to cause/ եզրույթը չի կարող մեկնաբանվել այն կերպ, որ խաթարվի ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ մասնակցությամբ միջազգային պայմանագրերով երաշխավորված՝ տեղական ինքնակառավարման սկզբունքի բովանդակությունը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2014 թվականի դեկտեմբերի 19-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

 7 ապրիլի 2015 թ.

ՍԴՈ-1199

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան