ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
10 մարտի 2015 թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ԱՇԳԱԲԱՏՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՀԻՄՆՄԱՆ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՄՈՒՆԻՏԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ /գրավոր ընթացակարգի շրջանակներում/` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շ. Քոչարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև 2014 թվականի նոյեմբերի 20-ին Աշգաբատում ստորագրված` Բելառուսի Հանրապետությունում Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության հիմնման, արտոնությունների և իմունիտետների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 2015թ. փետրվարի 4-ի` ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:
Ուսումնասիրելով դիմումը, գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով քննության առարկա համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև Բելառուսի Հանրապետությունում Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության հիմնման, արտոնությունների և իմունիտետների մասին համաձայնագիրը /այսուհետ` Համաձայնագիր/ ստորագրվել է 2014 թվականի նոյեմբերի 20-ին` Աշգաբատում` Բելառուսի Հանրապետության տարածքում Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության հիմնման և գործունեության, ինչպես նաև արտոնություններ և իմունիտետներ տրամադրելու պայմանները սահմանելու նպատակով:
Համաձայնագրով Բելառուսի Հանրապետությունը համաձայնում է, որ իր տարածքում հիմնվի Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչություն:
Համաձայնագրի 2-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը, ներկայացուցչության ղեկավարը, անձնակազմի անդամները (դիվանագիտական անձնակազմը, վարչատեխնիկական անձնակազմը և սպասարկող անձնակազմը), դիվանագիտական և վարչական անձնակազմի անդամների հետ բնակվող ընտանիքի անդամները, դիվանագիտական և վարչատեխնիկական անձնակազմի մասնավոր տնային աշխատողները, շենքը, ներկայացուցչության փաստաթղթերը և արխիվը Բելառուսի Հանրապետության տարածքում օգտվում են նույն արտոնություններից ու իմունիտետներից և կրում են նույն պարտականությունները, որոնք սահմանված են 1961 թվականի ապրիլի 18-ի` Դիվանագիտական կապերի մասին Վիեննայի կոնվենցիայով:
Ըստ Համաձայնագրի` վերը նշված արտոնությունները և իմունիտետները չեն տարածվում Բելառուսի Հանրապետության քաղաքացիների վրա:
Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը նոր պարտավորություններ չի ստանձնում, այլ պարտավորվում է բարեխղճորեն կատարել 1961 թվականի ապրիլի 18-ի` Դիվանագիտական կապերի մասին Վիեննայի կոնվենցիային միանալիս (ՀՀ-ն միացել է 1992 թվականի հոկտեմբերի 6-ին՝ ԳԽ Հ.Ն-0703-I որոշմամբ) արդեն ստանձնած պարտավորությունները:
Համաձայնագրով նշված դիվանագիտական հարաբերությունների կարգավորման համար հիմք են ընդունվում նաև Համաձայնագրի նախաբանում վկայակոչված` 1992 թվականի մարտի 13-ի` Անկախ պետությունների լիազոր ներկայացուցչությունների մասին համաձայնագիրը և 1993 թվականի դեկտեմբերի 24-ի` Համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում մասնակից պետությունների մշտական լիազոր ներկայացուցչությունների մասին կանոնադրությունը:
Համաձայնագրով նախատեսված է, որ Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ ցանկացած վեճ ենթակա է լուծման Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև խորհրդակցությունների միջոցով:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև 2014 թվականի նոյեմբերի 20-ին Աշգաբատում ստորագրված` Բելառուսի Հանրապետությունում Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության հիմնման, արտոնությունների և իմունիտետների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
10 մարտի 2015 թ. |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|