Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (30.04.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.06.03/32(1121) Հոդ.421.31
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.04.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ
դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/0052/05/12

Վարչական գործ թիվ ՎԴ/0052/05/12

2015թ.

Նախագահող դատավոր` Ա. Սարգսյան

Դատավորներ`

Ք. Մկոյան

Ա. Բաբայան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

   

Ս. ԱնտոնյանԻ

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

   

Ե. Սողոմոնյանի

2015 թվականի ապրիլի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ռուբեն Հակոբյանի ներկայացուցիչ Վահե Մովսիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 17.04.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ռուբեն Հակոբյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե), Երևանի Մոսկովյան 24-րդ շենքի թիվ 7 բնակարանի ձեղնահարկի նկատմամբ 14.06.2011 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու (գրանցումը կատարված է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 01-006-4-30 մատյանի 000170 համարի տակ) պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ռուբեն Հակոբյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի Մոսկովյան 24-րդ շենքի թիվ 7 բնակարանի ձեղնահարկի նկատմամբ 14.06.2011 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը (գրանցումը կատարված է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 01-006-4-30 մատյանի 000170 համարի տակ):

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Միրզոյան) 09.11.2012 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 07.03.2013 թվականի որոշմամբ Ռուբեն Հակոբյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ ՀՀ վարչական դատարանի 09.11.2012 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 30.04.2013 թվականի որոշմամբ Արման Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ռ. Սարգսյան) (այսուհետ` Դատարան) 05.08.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 17.04.2014 թվականի որոշմամբ Արման Բաղդասարյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 05.08.2013 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել՝ հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռուբեն Հակոբյանի ներկայացուցիչը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել երրորդ անձ Արման Բաղդասարյանը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասը, 31-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ պարբերությունները, իրավունքի գրանցման պահին գործող խմբագությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը, 24-րդ հոդվածի 1-ին պարբերությունը, 43-րդ հոդվածի «ա» կետը, չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետը, որը պետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն ընդունել է, որ Արման Բաղդասարյանի՝ ձեղնահարկի նկատմամբ 14.06.2011 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցմամբ փոփոխվել են հողամասի բաժնային սեփականության մեջ մյուս սեփականատերերի, այդ թվում նաև՝ Ռուբեն Հակոբյանի բաժնեմասի չափերը (դրանք նվազել են, քանի որ կոտորակի հայտարարն ավելացել է): Վերաքննիչ դատարանն ընդունել է նաև այն փաստը, որ սեփականատերերի՝ հողամասում ունեցած բաժնեմասի փոփոխության համար բոլոր սեփականատերերի համաձայնությունը չի ստացվել (առկա չի եղել): Այսպիսով, Վերաքննիչ դատարանը, ըստ էության, հաստատել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին կետի խախտման փաստը, սակայն առանց որևէ պատճառաբանության՝ հանգել է բոլորովին այլ եզրակացության:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը խախտել է ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության կանոնները: Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածը ենթակա է կիրառման այն խմբագրությամբ, որն առկա է եղել 08.06.2005 թվականի և 15.08.2005 թվականի դրությամբ, մինչդեռ, իրավահարաբերությունը, որի նկատմամբ ենթակա է կիրառման ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածը, ծագել է 14.06.2011 թվականին, քանի որ միայն այդ ժամանակ է պետական գրանցման հետևանքով տեղի ունեցել բաժնեմասերի փոփոխությունը, իսկ շինարարության թույլտվությունը կամ ճարտարապետահատակագծային առաջադրանքը նման հետևանքներ չեն առաջացրել: Հետևաբար, սույն գործով կիրառելի է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի այն խմբագրությունը, որը գործել է 14.06.2011 թվականի դրությամբ:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ շինարարության թույլտվությունը, ճարտարապետահատակագծային առաջադրանքը կամ մեկ այլ քաղաքաշինական փաստաթուղթ չէին կարող փոխարինել շենքի սեփականատերերի համաձայնությանը, քանի որ միայն սեփականատերերը կարող էին որոշել իրենց գույքի՝ ընդհանուր սեփականության ճակատագիրը: Հետևաբար, վիճելի իրավունքի գրանցման պահին գործող խմբագրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերի՝ մնացած սեփականատերերի համաձայնության բացակայության պայմաններում Կոմիտեն պետք է նույն օրենքի 43-րդ հոդվածի «ա» կետի ուժով մերժեր ձեղնահարկի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17.04.2014 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 05.08.2013 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքում նշված նյութական իրավունքի նորմերի խախտման վերաբերյալ պատճառաբանություններն անհիմն են և առարկայազուրկ:

Ճարտարապետահատակագծային առաջադրանքը, շինարարության թույլտվությունը և շինարարության շահագործման փաստագրման ակտը հանդիսանում են բարենպաստ վարչական ակտեր, որոնցով Արման Բաղդասարյանին մի դեպքում տրամադրվել է քաղաքաշինական գործունեություն իրականացնելու թույլտվություն, իսկ մյուս դեպքում դրանք հանդիսացել են հիմք նոր ստեղծվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար: Նշված վարչական ակտերը համապատասխանում են ՀՀ օրենսդրության պահանջներին, դրանք ոչ վարչական, ոչ էլ դատական կարգով չեն վիճարկվել և ունեն իրավաբանական ուժ, որոնց հիմքով էլ կատարվել է Արման Բաղդասարյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված՝ մյուս սեփականատերերի համաձայնություն ներկայացնելու պահանջը չի վերաբերում այն դեպքերին, երբ օրենքով սահմանված քաղաքաշինական փաստաթղթերի հիմքով արդեն իսկ իրականացված շինարարության շահագործման փաստագրման ակտի հիման վրա ավարտված շինության նկատմամբ պետք է կատարվի իրավունքի պետական գրանցում: Նշված պահանջը վերաբերում է սեփականատիրոջ կողմից շինարարություն իրականացնելու համար համապատասխան քաղաքաշինական փաստաթղթեր ձեռք բերելուն:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Կոմիտեի Կենտրոն ստորաբաժանման կողմից 29.09.2010 թվականին տրված թիվ 2706970 սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի համաձայն` Կենտրոն համայնքի Մոսկովյան փողոցի 24-րդ շենքի թիվ 3 բնակարանի նկատմամբ գրանցվել է Ռուբեն Հակոբյանի սեփականության իրավունքը: Բնակարանի մակերեսը կազմել է 263,0քմ մակերես, շենքի սպասարկման համար հատկացված հողամասի ընդհանուր չափը` 0,100655հա մակերես, հողամասի բաժնային սեփականության մեջ Ռուբեն Հակոբյանի բաժնի չափը` 263/1574 (հատոր 1-ին, գ.թ. 14-16):

2) Կոմիտեի Կենտրոն ստորաբաժանման կողմից 14.06.2011 թվականին տրված թիվ 2691312 սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի համաձայն` 29.03.2005 թվականի թիվ 6524 բնակարանի առուվաճառքի պայմանագրի, 08.06.2005 թվականի ճարտարապետահատակագծային առաջադրանքի, 15.08.2005 թվականին տրված թիվ 23/35-155 շինարարության թույլտվության, 22.12.2006 թվականի նախագծի, 01.06.2011 թվականի թիվ 01/19-Բ-959 շինարարության շահագործման փաստագրման ակտի հիման վրա Երևանի Մոսկովյան փողոցի 24-րդ շենքի թիվ 7 բնակարանի նկատմամբ գրանցվել է Արման Բաղդասարյանի սեփականության իրավունքը: Բնակարանի մակերեսը կազմել է 450,1քմ, շենքի սպասարկման համար հատկացված հողամասի չափը կազմել է 0,1007հա մակերես, հողամասի բաժնային սեփականության մեջ Արման Բաղդասարյանի բաժնի չափը՝ 450/1574 (հատոր 1-ին, գ.թ. 17-19):

3) Կոմիտեի Կենտրոն ստորաբաժանման կողմից 31.03.2005 թվականին տրված թիվ 1491979 սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի համաձայն` Կենտրոն համայնքի Մոսկովյան փողոցի 24-րդ շենքի 223,5քմ մակերեսով թիվ 7 բնակարանի նկատմամբ գրանցվել է Արման Բաղդասարյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 55-56)։

4) Կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի ստորաբաժանման ղեկավարի 06.06.2013 թվականի թիվ ԿԽ-2/3708 գրության համաձայն՝ Երևանի Մոսկովյան փողոցի 24-րդ շենքի բնակարանների մակերեսը 29.09.2010 թվականի դրությամբ կազմել է 1689,63քմ, որից թիվ 7 բնակարանի մակերեսը 223,5 քմ, իսկ 14.06.2011 թվականի դրությամբ՝ 1914,23քմ, որից թիվ 7 բնակարանի մակերեսը՝ 450 քմ (հատոր 3-րդ, գ.թ. 18):

5) Արման Բաղդասարյանին 15.08.2005 թվականին տրամադրվել է շինարարական թույլտվություն՝ Երևանի Մոսկովյան փողոցի 24-րդ շենքի թիվ 7 բնակարան հասցեում մանսարդային հարկի կառուցման շինարարական աշխատանքներ կատարելու համար (հատոր 1-ին, գ.թ. 12):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից վիճելի իրավունքի գրանցման պահին գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին կետը սխալ մեկնաբանելու և կիրառելու, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 21-րդ, 43-րդ հոդվածները խախտելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին արդյո՞ք բազմաբնակարան շենքում մինչև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 15.12.2005 թվականի ՀՕ-238-Ն օրենքով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածում կատարված փոփոխությունը քաղաքաշինական փաստաթղթերը տրամադրված լինելու, սակայն շինարարությունը նշված օրենքով կատարված փոփոխությունից հետո ավարտվելու պարագայում դրա արդյունքում ավելացված տարածքի նկատմամբ իրավունքի գրանցման համար անհրաժեշտ է մյուս սեփականատերերի համաձայնությունը և արդյո՞ք այդ դեպքում տեղի է ունենում հողամասի ընդհանուր սեփականության մեջ բաժինների փոփոխություն:

Նշված հարցադրումներին պատասխանելու համար Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ բազմաբնակարան շենքում հողամասի ընդհանուր բաժնային սեփականությունում բաժինների փոփոխության իրավակարգավորումներին՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 15.12.2005 թվականի ՀՕ-238-Ն օրենքով կատարված փոփոխություններից հետո և դրանցից առաջ:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 15.12.2005 թվականի ՀՕ-238-Ն օրենքով կատարված փոփոխություններից հետո, վիճելի իրավունքի պետական գրանցման պահին գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի ընդհանուր բաժնային սեփականության հողամասի նկատմամբ յուրաքանչյուր բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի սեփականատիրոջ բաժինը որոշվում է տվյալ սեփականատիրոջը պատկանող բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի մակերեսի հարաբերությամբ այդ շենքի բոլոր բնակարանների ու ոչ բնակելի տարածքների մակերեսներին և արտահայտվում է կոտորակով։

Բնակարանի կամ ոչ բնակելի տարածքների սեփականատիրոջ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի բաժինները սահմանվում և գրանցվում են շենքի կառուցման ու սպասարկման համար նախատեսված հողամասի գրանցման հետ միասին և կարող են փոփոխվել միայն շենքի բոլոր սեփականատերերի համաձայնությամբ շենքում բնակարան կամ ոչ բնակելի տարածք ավելացնելու կամ պակասեցնելու կամ շենքի առկա բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների չափերը փոփոխելու դեպքում։ Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքում բնակարան կամ ոչ բնակելի տարածք կամ առկա բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների չափերն ավելացնելու կամ պակասեցնելու կամ շենքի առկա բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների չափերը փոփոխելու՝ սեփականատիրոջ համաձայնությունը համարվում է նաև տվյալ սեփականատիրոջը պատկանող հողամասի և ընդհանուր գույքի չափի ավելացման կամ պակասեցման համաձայնություն:

Վերը նշված հոդվածի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ`

1. բնակարանի կամ ոչ բնակելի տարածքների սեփականատիրոջ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի բաժինները սահմանվում և գրանցվում են շենքի կառուցման ու սպասարկման համար նախատեսված հողամասի գրանցման հետ միասին, այսինքն՝ հողամասի բաժնային սեփականության մեջ բաժիններն ի սկզբանե սահմանվում են շենքի կառուցման ու սպասարկման համար նախատեսված հողամասի գրանցման ժամանակ՝ ըստ գրանցման պահին առկա յուրաքանչյուր սեփականատիրոջը պատկանող բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի մակերեսի և այդ շենքի բոլոր բնակարանների ու ոչ բնակելի տարածքների մակերեսների հարաբերությամբ արտահայտված կոտորակների.

2․ հողամասի բաժնային սեփականության մեջ բաժինները գրանցելուց հետո դրանք կարող են փոփոխվել միայն հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝

ա) շենքում բնակարան կամ ոչ բնակելի տարածք ավելացնելու կամ պակասեցնելու կամ շենքի առկա բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների չափերը փոփոխելու դեպքում,

բ) շենքի բոլոր սեփականատերերի համաձայնությամբ:

Որևէ այլ կերպ կամ պայմաններով հողամասի բաժնային սեփականության մեջ բաժինները ենթակա չեն փոփոխության:

3․ Բնակարան կամ ոչ բնակելի տարածք կամ առկա բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների չափերն ավելացնելու կամ պակասեցնելու կամ շենքի առկա բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների չափերը փոփոխելու համար մյուս սեփականատերերի համաձայնությունն ինքնըստինքյան նշանակում է նաև հողամասի բաժնի փոփոխության համաձայնություն:

Այսպիսով, վիճելի իրավունքի գրանցման պահին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածը հողամասի բաժնային սեփականության մեջ բաժինների փոփոխությունների համար ուղղակիորեն սահմանել է բոլոր սեփականատերերի համաձայնության առկայության անհրաժեշտությունը:

Մյուս կողմից, մինչև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 15.12.2005 թվականի թիվ ՀՕ-238-Ն օրենքի ընդունումը գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածը, կարգավորելով բազմաբնակարան (ստորաբաժանված) շենքի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերի ընդհանուր գույքի վերաբերյալ հարցերը, որևէ դրույթ չի պարունակել բնակարան կամ ոչ բնակելի տարածք կամ առկա բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների չափերն ավելացնելու կամ պակասեցնելու կամ շենքի առկա բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների չափերը փոփոխելու համար մյուս սեփականատերերի համաձայնության անհրաժեշտության վերաբերյալ:

Վերը նշված իրավական նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով շինարարության թույլտվության տրամադրման պահին` 15.08.2005 թվականին, բազմաբնակարան շենքում տարածք ավելացնելու դեպքում ընդհանուր սեփականություն հանդիսացող հողամասի բաժինների փոփոխության հնարավորություն ընդհանրապես նախատեսված չի եղել:

Այսպիսով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 15.12.2005 թվականի թիվ ՀՕ-238-Ն օրենքով կատարված փոփոխություններից առաջ և հետո բազմաբնակարան շենքում տարածք ավելացնելու դեպքում ընդհանուր սեփականություն հանդիսացող հողամասի բաժինների փոփոխության վերաբերյալ կարգավորումները` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է՝

- մինչև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 15.12.2005 թվականի թիվ ՀՕ-238-Ն օրենքով կատարված փոփոխությունները բազմաբնակարան շենքում տարածք (բնակելի կամ ոչ բնակելի) ավելացնելու համար մյուս սեփականատերերի համաձայնությունը չի պահանջվել.

- մինչև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 15.12.2005 թվականի թիվ ՀՕ-238-Ն օրենքով կատարված փոփոխությունները բազմաբնակարան շենքում տարածքի (բնակելի կամ ոչ բնակելի) ավելացումը հողամասի բաժնային սեփականությունում բաժինների փոփոխության չի հանգեցրել.

- «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 15.12.2005 թվականի թիվ ՀՕ-238-Ն օրենքով կատարված փոփոխություններից հետո բազմաբնակարան շենքում տարածք (բնակելի կամ ոչ բնակելի) ավելացնելու, և (կամ) դրա հետևանքով բաժնային սեփականությունում բաժինների փոփոխությունների համար անհրաժեշտ է մյուս սեփականատերերի համաձայնությունը:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Կենտրոն համայնքի Մոսկովյան փողոցի 24-րդ շենքի 223,5քմ մակերեսով թիվ 7 բնակարանի նկատմամբ 31.03.2005 թվականին գրանցվել է Արման Բաղդասարյանի սեփականության իրավունքը, իսկ 29.09.2010 թվականին նույն շենքի 263քմ մակերեսով թիվ 3 բնակարանի նկատմամբ գրանցվել է Ռուբեն Հակոբյանի սեփականության իրավունքը: Ռուբեն Հակոբյանի բաժինը հողամասի ընդհանուր սեփականության մեջ կազմել է 263/1574 մաս: Թիվ 7 բնակարանին կից ձեղնահարկի կառուցման արդյունքում Կոմիտեի Կենտրոն ստորաբաժանման կողմից 14.06.2011 թվականին Երևանի Մոսկովյան փողոցի 24-րդ շենքի թիվ 7 բնակարանի նկատմամբ վերագրանցվել է Արման Բաղդասարյանի սեփականության իրավունքը, ընդ որում` բնակարանի մակերեսը կազմել է 450,1քմ, իսկ շենքի սպասարկման համար հատկացված հողամասի ընդհանուր բաժնային սեփականության մեջ Արման Բաղդասարյանի բաժինը գրանցվել է 450/1574 մաս:

Սույն գործով Դատարանը հայցը բավարարելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ երրորդ անձ Արման Բաղդասարյանն իր բնակարանի վրա կառուցել է ձեղնահարկ, որով փոփոխվել է Երևանի Մոսկովյան փողոցի թիվ 24 շենքի բնակարանների և ոչ բնակելի տարածքների ընդհանուր մակերեսը, քանի որ դրանց ավելացել է նաև ձեղնահարկի մակերեսը, հետևաբար ձեղնահարկի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելու արդյունքում փոփոխվել է մյուս սեփականատերերի` շենքի տակ գտնվող հողամասի բաժնային սեփականության մեջ բաժինների չափը, որպիսի փոփոխությունը կարող էր իրականացվել միայն բոլոր սեփականատերերի, այդ թվում՝ հայցվորի համաձայնության դեպքում։ Դատարանը նաև արձանագրել է, որ Կոմիտեն Երևանի Մոսկովյան փողոցի 24-րդ շենքի թիվ 7 հասցեում կառուցված ձեղնահարկի նկատմամբ Արման Բաղդասարյանի սեփականության իրավունքը գրանցելիս չի պարզել գրանցման համար ներկայացված փաստաթղթերի` օրենքով սահմանված կարգին համապատասխան կազմված լինելու հանգամանքը, քանի որ Կոմիտեն, որպես սեփականություն գրանցելով ձեղնահարկը, փոփոխություն է կատարել ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի բաժիններում, որպիսի փոփոխության համար պետք է ստուգեր շենքի բոլոր սեփականատերերի համաձայնության առկայությունը, իսկ այդպիսի համաձայնության բացակայության դեպքում պետք է մերժեր Երևանի Մոսկովյան փողոցի 24-րդ շենքի թիվ 7 հասցեում կառուցված ձեղնահարկի նկատմամբ Արման Բաղդասարյանի սեփականության իրավունքի գրանցումը։

Վերոգրյալի արդյունքում Դատարանը եզրահանգել է, որ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 01-006-4-30 մատյանի 000170 համարի տակ Երևանի Մոսկովյան փողոցի 24-րդ շենքի բնակարան 7 հասցեում գտնվող ձեղնահարկի նկատմամբ 14.06.2011 թվականին Արման Բաղդասարյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը կատարվել է գրանցման պահին գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին կետի խախտմամբ, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 21-րդ և 43-րդ հոդվածների պահանջների սխալ կիրառման արդյունքում, հետևաբար նշված իրավադրույթների խախտմամբ ընդունված վարչական ակտն ընդունելու պահից անվավեր` ոչ իրավաչափ վարչական ակտ է:

Վերաքննիչ դատարանը, իրավաչափ համարելով Դատարանի եզրահանգումներն առ այն, որ ձեղնահարկի մակերեսի հաշվին ավելացել է շենքի բնակարանների և ոչ բնակելի տարածքների մակերեսը, ինչը հանգեցրել է ընդհանուր սեփականության մեջ մյուս սեփականատերերի, այդ թվում` հայցվորի բաժինների նվազեցման, եզրակացրել է, որ Արման Բաղդասարյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման արդյունքում տեղի է ունեցել սեփականատերերի հողամասերի բաժնեմասերի փոփոխություն, հետևաբար վիճարկվող վարչական ակտը շոշափել է նաև հայցվորի իրավունքները և Ռուբեն Հակոբյանը հանդիսանում է դատարան դիմելու իրավասությամբ օժտված պատշաճ սուբյեկտ:

Այդուհանդերձ, անդրադառնալով Դատարանի կողմից կիրառված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածին՝ Վերաքննիչ դատարանը գտել է, որ նշված հոդվածը կիրառված խմբագրությամբ սկսել է գործել 15.12.2005 թվականից, մինչդեռ Արման Բաղդասարյանին ձեղնահարկի կառուցման համար հիմք հանդիսացող ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրվել է 08.06.2005 թվականին, իսկ շինարարության թույլտվությունը՝ 15.08.2005 թվականին, հետևաբար նշված վարչական ակտերը կայացվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի՝ մինչև 15.12.2005 թվականը գործող խմբագրության համաձայն, որը մյուս սեփականատերերի համաձայնության մասին որևէ պահանջ չի պարունակում։

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը բավարարելու հիմքում դրել է նաև այն պատճառաբանությունը, որ թեև Արման Բաղդասարյանի անվամբ ձեղնահարկի նկատմամբ 14.06.2011 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը հանգեցրել է մյուս սեփականատերերի, այդ թվում` Ռուբեն Հակոբյանի բաժնային սեփականության պակասեցմանը, սակայն դա չի կարող հիմք հանդիսանալ Արման Բաղդասարյանի անվամբ ձեղնահարկի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու համար՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացնող մարմինը քաղաքաշինական փաստաթղթերի հիմքով սեփականության իրավունքի պետական գրանցում իրականացնելիս շենքի բոլոր սեփականատերերի համաձայնության առկայությունը ստուգելու կամ նման փաստաթուղթ պահանջելու իրավասությամբ կամ լիազորությամբ օժտված չէ, իսկ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար հիմք հանդիսացող փաստաթղթերը՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքը, շինարարության թույլտվությունն ու շահագործման փաստագրման ակտն իրավաչափ վարչական ակտեր են, հետևաբար ենթակա են պարտադիր կատարման։

Միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Դատարան ներկայացված հայցով Ռուբեն Հակոբյանը խնդրել է անվավեր ճանաչել միայն ձեղնահարկի նկատմամբ 14.06.2011 թվականին Արման Բաղդասարյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, մինչդեռ հայցադիմումում նշված չէ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ հայցի առարկան հանդիսացել է հենց այդ մասով կատարված պետական գրանցումը։

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:

ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը։ Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը:

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետև՝ Կոնվենցիա) 1-ին Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել նրա գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տվել է Կոնվենցիայի 1-ին Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով «սեփականություն» հասկացության ընդլայնված մեկնաբանություն` օգտագործելով «օրինական սպասելիք» հասկացությունը։ Մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ պահանջի իրավունքն ստանում է «սեփականություն» որակումն այն պահից, երբ անձն ունենում է «օրինական սպասելիք» իր իրավունքներն իրականացնելու համար (տե՛ս, Պրեսոն Կոմպանիա Նավիեռան ՍԱ ընդդեմ Բելգիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 20.11.1995 թվականի 17845/91 վճիռը)։ «Օրինական սպասելիքը» առկա է այն բոլոր դեպքերում, երբ անձինք ունեն բավականաչափ իրավական հիմքեր վստահելու այն իրավական ակտերի իրավաչափ լինելուն, որոնք ուղղված են իրենց համար որոշակի իրավունքներ առաջացնելուն, անձի մոտ ստեղծում են իրավաչափ իրավական ակտի տպավորություն և վերաբերվում են սեփականության իրավունքի (տե՛ս, Կոպեկին ընդդեմ Սլովակիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 28.09.2004 թվականի թիվ 44912/98 վճիռը)։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «սեփականություն» հասկացությանը տրված մեկնաբանության լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Արման Բաղդասարյանին 15.08.2005 թվականին տրվել է վիճելի հասցեում մանսարդային հարկ կառուցելու շինարարության թույլտվություն, և վերջինս ձեռնամուխ է եղել շինարարության իրականացմանը, իսկ շինարարության թույլտվություն տալու պահին՝ մինչև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 15.12.2005 թվականի թիվ ՀՕ-238-Ն օրենքով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածում կատարված փոփոխությունները, շենքի մյուս սեփականատերերի համաձայնության անհրաժեշտություն, սույն գործով քննարկվող իրավիճակի պարագայում, առկա չի եղել:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արման Բաղդասարյանն ունեցել է շինարարությունն ավարտելու և շահագործումը փաստագրելուց հետո ձեղնահարկի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելու օրինական սպասելիք, ավելին՝ վերջինս ունեցել է շինարարության թույլտվության ակտին վստահելու իրավունք, հետևաբար մյուս սեփականատերերի համաձայնության առկայությունը կամ բացակայությունը չէր կարող խոչընդոտ հանդիսանալ իրականացված շինարարության արդյունքում ստեղծված (ավելացված) տարածքի նկատմամբ վերջինիս սեփականության իրավունքը գրանցելու համար, նույնիսկ եթե գրանցումը տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 15.12.2005 թվականի թիվ ՀՕ-238-Ն օրենքով կատարված փոփոխություններից հետո:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ձեղնահարկի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումն ինքնին չէր կարող հանգեցնել առանց մյուս սեփականատերերի համաձայնության ընդհանուր սեփականություն հանդիսացող հողամասի բաժինների փոփոխության՝ հետևյալ պատճառաբանությամբ․

Բազմաբնակարան շենքում հողամասի բաժնային սեփականության մեջ բաժինների փոփոխություն՝ կապված շենքում բնակելի և/կամ ոչ բնակելի տարածքների ավելացման հետ, մինչև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 15.12.2005 թվականի թիվ ՀՕ-238-Ն օրենքով կատարված փոփոխությունները չի նախատեսվել: Բաժինների փոփոխության հնարավորությունն առաջացել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 15.12.2005 թվականի թիվ ՀՕ-238-Ն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո միայն, ընդ որում, ընդհանուր սեփականություն հանդիսացող հողամասի բաժինների փոփոխության համար նախատեսվել է մյուս բոլոր սեփականատերերի համաձայնության առկայությունը:

Վիճելի իրավունքի պետական գրանցման պահին գործող խմբագրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի համար կազմված կադաստրային գործն իր մեջ ընդգրկում է անշարժ գույքի առանձին միավորների նկատմամբ իրավունքներ և սահմանափակումներ հաստատող հետևյալ փաստաթղթերը`

ա) անշարժ գույքի սուբյեկտներին հատկացված և որպես սեփականություն կամ օգտագործման անցած հողերի (տնամերձ, այգեգործական (ամառանոցային), բնակելի տան շինարարության և դրա սպասարկման, գյուղացիական կամ գյուղացիական կոլեկտիվ տնտեսություն վարելու, ինչպես նաև քաղաքաշինական գործունեություն ծավալելու համար) և շենքերի, շինությունների մասին,

ը) անշարժ գույքից կամ դրա մի մասից սեփականատիրոջ հրաժարվելու մասին որոշումները,

թ) անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքները և այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումը, փոփոխումը կամ դադարումը հաստատող փաստաթղթեր:

Վիճելի իրավունքի պետական գրանցման պահին գործող խմբագրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ առանց սեփականատիրոջ կամ օգտագործողի համաձայնության, չեն ընդունվում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների փոփոխություններ:

Վիճելի իրավունքի պետական գրանցման պահին գործող խմբագրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի համաձայն՝ պետական գրանցումը մերժվում է, եթե գրանցման համար ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում ՀՀ օրենսդրության պահանջներին:

Վկայակոչված նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի համար կազմված կադաստրային գործն իր մեջ ընդգրկում է անշարժ գույքի մի մասից սեփականատիրոջ հրաժարվելու մասին որոշումը, ինչպես նաև անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոփոխումը հաստատող փաստաթղթեր, ընդ որում, վիճելի իրավունքի գրանցման պահին գործող օրենսդրությունն ուղղակիորեն սահմանում է, որ առանց սեփականատիրոջ համաձայնության չեն ընդունվում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների փոփոխություններ:

Վերը նշված վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ, Արման Բաղդասարյանը, ձեղնահարկի շինարարության թույլտվության տրամադրման պահից ունենալով շինարարությունն ավարտելուց հետո ձեղնահարկի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելու օրինական սպասելիք, չէր կարող միաժամանակ ակնկալել, որ ձեղնահարկի գրանցման հետևանքով դրա մակերեսին համամասնորեն կարող է ավելանալ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասում իր բաժինը, քանի որ, մի կողմից, բազմաբնակարան շենքում տարածք (բնակելի կամ ոչ բնակելի) ավելացնելու հետևանքով բաժնային սեփականությունում բաժինների փոփոխությունների հնարավորությունն ի հայտ է եկել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 15.12.2005 թվականի թիվ ՀՕ-238-Ն օրենքով կատարված փոփոխություններից հետո, այսինքն՝ շինարարության թույլտվության տրամադրումից հետո, և մյուս կողմից, բազմաբնակարան շենքում տարածք (բնակելի կամ ոչ բնակելի) ավելացնելու, և (կամ) դրա հետևանքով հողամասի նկատմամբ բաժնային սեփականությունում բաժինների փոփոխության համար նշված փոփոխություններով նախատեսվել է մյուս սեփականատերերի համաձայնության անհրաժեշտությունը:

 Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մինչև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 15.12.2005 թվականի թիվ ՀՕ-238-Ն օրենքով կատարված փոփոխությունները սկսված, սակայն դրանցից հետո ավարտված շինության նկատմամբ իրավունքները կարող են գրանցվել քաղաքաշինական փաստաթղթերի հիման վրա՝ առանց մյուս սեփականատերերի համաձայնության, մինչդեռ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասում բաժինների փոփոխության համար Կոմիտեն իրավասու էր Արման Բաղդասարյանից պահանջել բազմաբնակարան շենքի մյուս սեփականատերերի, այդ թվում՝ Ռուբեն Հակոբյանի համաձայնությունը, իսկ այդ համաձայնությունը չներկայացնելու պարագայում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի՝ իրավունքի գրանցման պահին գործող խմբագրության 43-րդ հոդվածին համապատասխան պարտավոր էր մերժել ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասում Արման Բաղդասարյանի բաժնի փոփոխության պետական գրանցումը, քանի որ մյուս սեփականատերերի համաձայնության բացակայության պայմաններում հողամասի բաժնի փոփոխությունը գրանցելու համար վերջինիս ներկայացրած փաստաթղթերը չէին կարող համարվել ՀՀ օրենսդրության բոլոր, մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին կետի, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի՝ իրավունքի գրանցման պահին գործող խմբագրության 21-րդ, 22-րդ հոդվածների պահանջներին համապատասխանող: Մինչդեռ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասում Արման Բաղդասարյանի բաժնի փոփոխությունը Կոմիտեն գրանցել է մյուս սեփականատերերի համաձայնության բացակայության պայմաններում՝ խախտելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի՝ իրավունքի գրանցման պահին գործող խմբագրության 43-րդ հոդվածի պահանջները, ինչը հանգեցրել է մյուս սեփականատերերի, այդ թվում՝ Ռուբեն Հակոբյանի իրավունքների խախտման:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանն առ այն, որ Ռուբեն Հակոբյանն իր հայցով պահանջել է անվավեր ճանաչել միայն ձեղնահարկի նկատմամբ 14.06.2011 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և չի պահանջել անվավեր ճանաչել հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը, ապա Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նման պատճառաբանությունն անհիմն է, քանի որ հայցվորն ըստ էության պահանջել է անվավեր ճանաչել գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման՝ թիվ 01-006-4-30 մատյանի 000170 համարի տակ կատարված պետական գրանցումը, ինչն արձանագրել է նաև հայցապահանջում, իսկ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 01-006-4-30 մատյանի 000170 համարի տակ կատարված պետական գրանցումն իր մեջ ներառում է ոչ միայն ձեղնահարկի, այլ նաև հողամասի նկատմամբ Արման Բաղդասարյանի իրավունքի պետական գրանցումը:

 

Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակի բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին: Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ եթե պատասխանող է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը, ապա դատական ծախսերը դրվում են Հայաստանի Հանրապետության կամ համապատասխան համայնքի վրա, եթե պատասխանողի որոշումը, գործողությունը կամ անգործությունը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ:

Սույն գործով նկատի ունենալով, որ Ռուբեն Հակոբյանը վճռաբեկ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար, այսինքն` այդ ծավալով վճարված պետական տուրքն անհրաժեշտ է եղել վճռաբեկ բողոք բերող անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ռուբեն Հակոբյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Հայաստանի Հանրապետության կողմից:

 

 Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 17.04.2014 թվականի որոշման` Երևանի Մոսկովյան 24-րդ շենքի թիվ 7 բնակարանի ձեղնահարկի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման հետևանքով Երևանի Մոսկովյան թիվ 24 շենքի հողամասի ընդհանուր բաժնային սեփականության մեջ Արման Բաղդասարյանի անվամբ իրավունքների պետական գրանցման թիվ 01-006-4-30 մատյանի 000170 համարի տակ հողամասի 227/1574 մասով 14.06.2011 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու մասով հայցը մերժելու մասը, և այդ մասով այն փոփոխել` անվավեր ճանաչել Երևանի Մոսկովյան 24-րդ շենքի թիվ 7 բնակարանի ձեղնահարկի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման հետևանքով Երևանի Մոսկովյան թիվ 24 շենքի հողամասի ընդհանուր բաժնային սեփականության մեջ Արման Բաղդասարյանի անվամբ իրավունքների պետական գրանցման թիվ 01-006-4-30 մատյանի 000170 համարի տակ հողամասի 227/1574 մասով 14.06.2011 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումը:

Որոշումը՝ մնացած մասով, թողնել անփոփոխ:

2. Հայաստանի Հանրապետությունից հօգուտ Ռուբեն Հակոբյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ