Գլխավոր տեղեկություն
Համար
N 190-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.03.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.03.18/14(1103) Հոդ.179
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.03.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մարտի 2015 թվականի N 190-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 123-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի «Աուդիտորների որակավորման քննությունների անցկացման կարգը և քննությունների ծրագիրը հաստատելու մասին» N 123-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման վերնագրում «Աուդիտորների որակավորման քննությունների անցկացման կարգը և քննությունների ծրագիրը» բառերը փոխարինել «Աուդիտորների որակավորման հետ կապված հարցերը կանոնակարգելու մասին» բառերով.

2) որոշման 1.1-ին կետում՝

ա. «ե» ենթակետը «կողմից,» բառից հետո լրացնել «բացառությամբ Անգլիայի Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) որակավորման գործընթացին մասնակցելու դեպքերի,» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ե.1» ենթակետով.

«ե.1. Անգլիայի Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) որակավորման գործընթացին մասնակցող դիմորդները սույն կետի «ե» ենթակետում նշված փաստաթղթի փոխարեն ներկայացնում են Անգլիայի Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) հիմնական մակարդակի 9 բաժինների (F9) քննությունների դրական հանձնումը հաստատող քննությունների արդյունքների և կարգավիճակի վերաբերյալ հաշվետվությունը կամ անդամության վկայականի պատճենը:».

3) որոշման 1.4-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) աուդիտորների որակավորման քննություններն անցկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված մասնագիտացված կառույցը (այսուհետ` մասնագիտացված կառույց): Քննությունների արդյունքների համաձայն, ինչպես նաև սույն որոշման 1.1-ին կետով նախատեսված դեպքերում աուդիտորի որակավորման վկայականները շնորհում կամ վկայականների տրամադրումը մերժում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազորված մարմին)՝ լիազորված մարմնի կողմից ստեղծված աուդիտորների որակավորման հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) եզրակացության հիման վրա, հանձնաժողովի նիստի օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում: Լիազորված մարմնի կողմից աուդիտորի որակավորման վկայականի տրամադրումը մերժվում է դիմողի կողմից փաստաթղթերի կեղծ կամ որակավորման քննությունների անցկացման կարգի խախտման միջոցով ստացված կամ սույն որոշման 1.1-ին կետի պահանջներին անհամապատասխան փաստաթղթեր ներկայացվելու դեպքերում: Հանձնաժողովն իր նիստերի նախապատրաստումը, դիմողի մասին անհրաժեշտ տեղեկատվության ստացումն ապահովելու հետ կապված աշխատանքներն իրականացնելու նպատակով համագործակցում է լիազորված մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման հետ, որն ուսումնասիրում է վկայական ստանալու համար ներկայացված դիմումները` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում: Հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է լիազորված մարմնի պաշտոնական ինտերնետային կայքէջում` հանձնաժողովի նիստի օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և սույն որոշման գործողությունը չի տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ներկայացված դիմումների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մարտի 6
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան