Գլխավոր տեղեկություն
Համար
N 266-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.03.2015-27.11.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.03.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մարտի 2015 թվականի N 266-Ա

 

«ՎԱՆԱՁՈՐԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 9-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմնադրման միջոցով ստեղծել «Վանաձորի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Սահմանել, որ «Վանաձորի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան է մարզական աշխատանքների և ֆիզիկական դաստիարակության համապատասխան ուսումնական ծրագրերի պահանջների իրականացումը, իսկ հիմնական նպատակներն են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով պարապողների առողջության պահպանումն ու ամրապնդումը, պարապողների մարզական ընդունակությունների կատարելագործումը և Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմերի համար հերթափոխի պատրաստումը։

3. Թույլատրել «Վանաձորի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) լրացուցիչ մանկավարժական, ֆիզկուլտուրային-առողջարարական ծրագրերի իրականացում.

2) մարզական ճամբարների կազմակերպում։

4. Սահմանել, որ «Վանաձորի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն է։

5. «Վանաձորի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության՝ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը:

6. Սահմանել, որ «Վանաձորի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված և անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի բռնցքամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը հատկացված՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու 171/1 հասցեում գտնվող՝ 2043,76 քառ. մետր ընդհանուր մակերես ու 52,804.664 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող անշարժ գույքը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 0,49 հեկտար հողատարածքը (այսուհետ` գույք) հետ վերցնել և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Վանաձորի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի բռնցքամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության հետ կնքել 2010 թվականի նոյեմբերի 11-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 38/0010 պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր (այսուհետ` համաձայնագիր)` սահմանելով, որ համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջոցների հաշվին.

2) սույն որոշման 7-րդ կետում և 8-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում «Վանաձորի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 7-րդ կետում նշված գույքի անհատույց, անժամկետ օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջոցների հաշվին:

9. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝

1) հաստատել՝

ա. «Վանաձորի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը,

բ. «Վանաձորի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմը.

2) ապահովել «Վանաձորի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մարտի 24

Երևան