Գլխավոր տեղեկություն
Համար
N 2307-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (04.04.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.07.01/36(335) Հոդ.150
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.12.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.01.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
23.01.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.02.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 23 հունվարի 2006 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 դեկտեմբերի 2005 թվականի N 2307-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի կատարումն ապահովելու նպատակով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի N 1922-Ն որոշման 236-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2006/2007 ուսումնական տարվանից Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում (այսուհետ` բուհ) սկսել ուսման կազմակերպման կրեդիտային համակարգի (այսուհետ` կրեդիտային համակարգ) ներդրման գործընթացը:

2. Սահմանել ուսանողի տարեկան լրիվ ուսումնական բեռնվածությունը` հավասար 60 ակադեմիական կրեդիտի:

Կրեդիտը ներառում է`

մասնակցությունը դասախոսություններին, լաբորատոր և գործնական պարապմունքներին, պրակտիկաներին,

քննությունների և ստուգարքների հանձնումը,

անհատական պարապմունքների ցուցանիշը,

ռեֆերատների, կուրսային, դիպլոմային և ուսումնական պլանով նախատեսված այլ աշխատանքների կատարման աստիճանի, որակի գնահատումը:

Բակալավրի աստիճան ստանալու համար սահմանվում է առնվազն 240, ոստիկանական մասնագիտությունների համար` առնվազն 180 կրեդիտ:

Մագիստրոսի աստիճան ստանալու համար սահմանվում է 60-120 կրեդիտ: Բժշկական մասնագիտությունների համար (մագիստրոսի աստիճանին հավասարեցված՝ անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի արդյունքում կրթական աստիճանի շնորհմամբ) սահմանվում է առնվազն 300 կրեդիտ:

(2-րդ կետը խմբ., փոփ. 28.07.11 N 1040-Ն, խմբ. 19.03.15 N 250-Ն)

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

ա) 2005/2006 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակից կրեդիտային համակարգը կրթափորձի կարգով մասնակիորեն կիրարկել այդ բնագավառում որոշակի փորձ ունեցող բուհերում` Երևանի պետական համալսարանում, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում, Հայաստանի պետական ագրարային համալսարանում, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում և Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում: Կրթափորձի արդյունքներն ամփոփել 2005/2006 ուսումնական տարվա ավարտին.

բ) մշակել և հաստատել բուհերում կրեդիտային համակարգով ուսման գործընթացի կազմակերպման օրինակելի կարգ.

գ) կրթափորձի արդյունքներով` ըստ բուհերի, կրթական ծրագրերի և մասնագիտությունների կազմել ժամանակացույց` բուհերի կրեդիտային համակարգին փուլային անցման համար.

դ) հաստատել նոր կրթական չափորոշիչները և դրանց հենքի վրա իրականացնել գործող ուսումնական պլանների արմատական վերակառուցում, ուղենիշ ունենալով դրանց մոդուլացումը և արտահայտումն ուսանողի լրիվ ուսումնական բեռնվածությունն արտահայտող կրեդիտային արժեքներով` պարտադիր ու ընտրովի դասընթացների և ուսումնական մոդուլների ցանկով և դրանց ամրագրված կրեդիտների չափաբաժիններով: Նորացված ուսումնական ծրագրերն ու դրանց բովանդակությունը մերձեցնել եվրոպական չափանիշներին և մասնագիտական աշխատանքային շուկայի առկա պահանջներին` շնորհվող կրեդիտների ու որակավորումների ճանաչելիությունը և կրեդիտների կուտակման ու տեղափոխման եվրոպական համակարգի հետ (ECTS) դրանց համադրելիությունն ապահովելու նպատակով.

ե) կազմակերպել բուհերի ուսումնական վարչակազմի և դասախոսների վերապատրաստում` ուսումնական հաստատության միջոցների հաշվին` կրեդիտային համակարգի կիրարկման համար.

զ) մշակել համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթ` նպատակ ունենալով ապահովել կրեդիտներով արտահայտված կրթական արդյունքների ծրագրից ծրագիր և բուհից բուհ փոխանցման ու դրանց փոխադարձ ճանաչման, ոչ լրիվ ուսումնական բեռնվածությամբ ուսումնառության և դրա հետ կապված երկարացված տևողությամբ կրթական ծրագրերի իրականացման, կիսամյակային ուսման վարձերի` ըստ կրեդիտների թվի վճարման հնարավորությունը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ա. Մարգարյան


2006 թ. հունվարի 20
    Երևան