Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1330
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.12.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.12.29/94(1274).1 Հոդ.1190
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
13.12.2016
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
13.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.12.2016

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

13 դեկտեմբերի 2016թ.

 

ԿԱՐԻՆԵ ԱՄԻՐԲԵԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 18-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմողի ներկայացուցիչ Ա. Սուքիասյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված՝ ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչներ՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հ. Սարգսյանի և նույն վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Վ. Դանիելյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության (2005թ. փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «Կարինե Ամիրբեկյանի դիմումի հիման վրա՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Կ. Ամիրբեկյանի՝ 2016 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքը (այսուհետ` օրենք) ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի մայիսի 5-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի հունիսի 3-ին և ուժի մեջ մտել 1999 թվականի հունվարի 1-ին:

Օրենքի` «Կատարողական թերթ տալը» վերտառությամբ 18-րդ հոդվածը՝ գործող խմբագրությամբ, սահմանում է.

«1. Կատարողական թերթը տալիս է ակտն ընդունած առաջին ատյանի դատարանը` պահանջատիրոջ կամ դրա համար հատուկ լիազորված նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա:

2. Կատարողական թերթը տրվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` դիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում` անհապաղ:

3. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա պետության դատարանի վճիռների և որոշումների կատարման վերաբերյալ կատարողական թերթը տալիս է Հայաստանի Հանրապետության այն դատարանը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով որոշում է կայացրել տվյալ օտարերկրյա պետության դատարանի վճիռը և որոշումը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ:

Եթե կատարման ենթակա է օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը` վնասի հատուցման կամ այլ գույքային բռնագանձման մասով, ապա կատարողական թերթը տալիս է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով այդ դատավճիռը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ որոշում կայացրած Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանը:

4. Եթե Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի հիմնադրման վերաբերյալ միջազգային պայմանագրով կամ դրա կանոնակարգերով նախատեսված է այդ դատարանի դատավճիռների կամ որոշումների կատարում, ապա դրանց վերաբերյալ կատարողական թերթը տալիս է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը` պահանջատիրոջ կամ նրա լիազոր ներկայացուցչի դիմումը ներկայացնելուց հետո անհապաղ, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ միջազգային դատարանը, իր կանոնակարգերով սահմանված կարգով, տվել է համապատասխան կատարողական թերթ, որը պարտադիր է Հայաստանի Հանրապետության համար»:

ՀՀ Ազգային ժողովի կողմից 2004 թվականի փետրվարի 4-ին ընդունված, ՀՀ Նախագահի կողմից 2004 թվականի փետրվարի 25-ին ստորագրված և 2004 թվականի մարտի 11-ին ուժի մեջ մտած` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-32-Ն ՀՀ օրենքով օրենքի վիճարկվող 18-րդ հոդվածը լրացվել է 3-4-րդ մասերով:

ՀՀ Ազգային ժողովի կողմից 2007 թվականի նոյեմբերի 28-ին ընդունված, ՀՀ Նախագահի կողմից 2007 թվականի դեկտեմբերի 20-ին ստորագրված և 2008 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-279-Ն ՀՀ օրենքով օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը «ընդունած» բառից հետո լրացվել է «առաջին ատյանի» բառերով:

 

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին:

2016 թվականի մայիսի 23-ին Կ. Ամիրբեկյանը, ներկայացուցչի միջոցով, դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան ԼԴ/1360/02/14 քաղաքացիական գործով նույն դատարանի կողմից իր վերաբերյալ 2015 թվականի հունիսի 25-ին կայացված վճռի՝ օրինական ուժի մեջ թողնված 3.3 կետի մասով իրեն կատարողական թերթ տալու համար: Դատարանը 2016 թվականի մայիսի 26-ի որոշմամբ դիմումը մերժել է` նշելով, որ որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից: Այդ որոշման դեմ նույն օրը դիմողի ներկայացուցչի կողմից վերաքննիչ բողոք է բերվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2016 թվականի հունիսի 21-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձրել է` պատճառաբանելով, որ կատարողական թերթ տրամադրելու դիմումը մերժելու մասին որոշումը բողոքարկման ենթակա չէ: Վերաքննիչ դատարանն իր որոշման եզրափակիչ մասում նշել է, որ այն կարող է երկշաբաթյա ժամկետում բողոքարկվել վճռաբեկության կարգով, սակայն այդ որոշման դեմ վճռաբեկ բողոք չի բերվել։

 

3. Դիմողը գտնում է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը հակասում է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով ամրագրված դատական պաշտպանության իրավունքին այնքանով, որքանով սահմանելով դատարանի կողմից կատարողական թերթ տալու կարգավորումները` չի նախատեսում կատարողական թերթ տրամադրելու դիմումը մերժելու մասին որոշումը բողոքարկելու հնարավորություն:

 Դիմողի կարծիքով` կատարողական թերթ տրամադրելու դիմումը մերժելու մասին որոշումը հանդիսանում է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իսկ ընդհանուր կանոնի համաձայն՝ դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտերը ենթակա են վերանայման վերաքննության կարգով:

Դիմողը պնդում է, որ վիճարկվող հոդվածը, չսահմանելով կատարողական թերթ տրամադրելու դիմումը մերժելու մասին դատարանի որոշումը բողոքարկելու ընթացակարգ, սահմանափակել է իր դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացումը` «…հնարավորություն չտալով իրացնել դատարանի` գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտը բողոքարկելու սահմանադրական իրավունքը` դրանով անձին զրկելով դատարանի ոչ արդարացի դատական ակտը բողոքարկելու իրավունքից և ստորադաս դատարանի հնարավոր ոչ արդարացի դատական ակտով իր խախտված կամ սահմանափակված իրավունքի վերականգնման հնարավորությունից»:

Դիմողը կարծում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում առկա է իրավական բաց, քանի որ այն կատարողական թերթ տրամադրելու կամ կատարողական թերթ տրամադրելը մերժելու վերաբերյալ կարգավորումներ չի սահմանում, իսկ դատարանի կողմից կիրառված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ մասի 7-րդ կետը և 5-րդ մասի 4-րդ կետը ևս չեն սահմանում այնպիսի իրավադրույթներ, որոնք դատարանին իրավունք վերապահեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա կատարողական թերթի տրամադրումը մերժել:

 

4. Պատասխանողը, վերլուծելով կատարողական թերթի նշանակությունը բացահայտող օրենսդրական կանոնակարգումները, եզրահանգել է, որ կատարողական թերթը հարկադիր ծառայության կատարման համար հանդիսանում է պաշտոնական ծանուցում առ այն, որ դատական ակտն օրինական ուժի մեջ է, իսկ պարտապանը կամովին չի կատարում դատական ակտի պահանջները: Հետևաբար, կատարողական թերթ տալը տեխնիկական գործընթաց է, իսկ կողմերի միջև իրավական վեճն արդեն իսկ լուծված է լինում դատական ակտով: Այդ իսկ պատճառով օրենսդիրը չի սահմանել կատարողական թերթի մերժման հիմքեր և ընթացակարգ. դատարանը յուրաքանչյուր դեպքում պարզելով դատական ակտի օրինական ուժի մեջ լինելու հանգամանքը` իրավունքի ուժով պարտավոր է տալ կատարողական թերթ: Պատասխանողն արձանագրում է, որ դատարանի նման տեխնիկական բնույթի պարտականությունները, որպես կանոն, ենթակա չեն բողոքարկման: Եթե նույնիսկ դատարանը կամայականորեն չտրամադրի կատարողական թերթ՝ անձը զրկված չէ կրկին անգամ դատարան դիմելու հնարավորությունից, դատարանի հնարավոր կամայականության դեպքում կարող է կատարողական թերթ ստանալ նաև նոտարին դիմելու միջոցով, որպիսի հնարավորությունը ՀՀ քաղաքացիներին ընձեռվել է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2016թ. հոկտեմբերի 19-ի ՀՕ-180-Ն օրենքով:

Պատասխանողի կարծիքով` դիմողի պնդումն իր սահմանադրական իրավունքի խախտման վերաբերյալ` հիմնազուրկ է, քանի որ այս պարագայում խոսք չի կարող գնալ դատարանի որոշման արդարացի կամ ոչ արդարացի լինելու մասին, քանզի դատարանը միայն ստուգում է ակտի օրինական ուժի մեջ մտնելու հանգամանքը՝ առանց ապացույցների հետազոտման, իսկ քաղաքացին դատական ակտի օրինական ուժի մեջ մտած լինելու մասին պաշտոնական փաստաթուղթ կարող է ստանալ նաև այլ մարմնից՝ նոտարից:

Պատասխանողի համոզմամբ` դիմողը, ձևականորեն վիճարկելով սույն գործով սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթները, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց: Պատասխանողը պնդում է, որ վիճարկվող իրավադրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը և միջնորդում է կարճել գործի վարույթը:

 

5. ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կարող է դիտարկվել որպես անձի դատական պաշտպանության իրավունքի խախտում, քանի որ դիմողին զրկում է իր խախտված իրավունքների վերականգնման, իրեն հասանելիք դրամական միջոցներն ստանալու հնարավորությունից, որոնք ստանալու համար նա իրավաչափ ակնկալիքներ է ունեցել:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը որպես հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմք սահմանում է՝ կատարողական թերթը և կատարողական մակագրության թերթը, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումը:

Նույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին կետը, ի թիվս այլնի, նախատեսում է կատարողական թերթի տրամադրումը դատարանի վճիռների, դատավճիռների, որոշումների և դատարանի արձակած վճարման կարգադրությունների հիման վրա: ՀՀ օրենսդրությամբ կատարողական թերթի տրամադրումը մերժելու որևէ հիմք նախատեսված չէ, և կատարողական թերթ ստանալու պահանջատիրոջ իրավունքը կապված է բացառապես դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու հանգամանքի հետ, ինչը նշանակում է, որ նրա դիմումի հիման վրա կատարողական թերթի տրամադրումը դատարանի հայեցողական լիազորություն չէ, և նշված ժամկետից հետո՝ այսինքն, դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, դատարանն իրավունքի ուժով պարտավոր է պահանջատիրոջը կատարողական թերթ տրամադրել:

Այսպիսով, կատարողական վարույթ հարուցելու կամ հարկադիր կատարման ընթացակարգ սկսելու և համապատասխան հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը հանդիսանում է կատարողական թերթը: Հարկադիր կատարողն օրենքով սահմանված հարկադիր կատարման միջոցները կարող է կիրառել բացառապես կատարողական թերթի հիման վրա կատարողական վարույթ հարուցելու մասին որոշում կայացնելուց հետո:

Հետևաբար, քանի դեռ քաղաքացուն կատարողական թերթ չի տրամադրվել` հարկադիր կատարման փուլն սկսված համարվել չի կարող, և դրան առնչվող խնդիրներն անհրաժեշտ է դիտարկել ոչ թե հարկադիր կատարման, այլ քաղաքացիական դատավարության շրջանակներում:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատական պրակտիկան պետք է առաջնորդվի սույն կետում արտահայտված իրավական դիրքորոշումներով:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ ՄԻԵԴ) ցանկացած դատարանի վճռի կամ դատավճռի կատարումը դիտում է որպես 6-րդ հոդվածով երաշխավորված դատաքննության անբաժանելի մաս (Burdov v. Russia, application no. 59498/00, 07/05/2002):

ՄԻԵԴ-ն անդրադառնալով դատական ակտերի կատարման հարցին` գտել է, որ «ցանկացած դատարանի կայացրած վճռի կատարումը պետք է 6-րդ հոդվածի իմաստով դիտվի որպես «դատական քննության» անբաժանելի մաս»: Եթե դատական ակտը մնում է թղթի վրա, ապա խախտվում է արդար դատաքննության իրավունքը (Hornsby v. Greece, application no. 18357/91, ECHR 1997, §40):

 

6. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում ինչպես կատարողական թերթ տրամադրելու դիմումը մերժելու մասին որոշման, այնպես էլ քաղաքացիական դատավարության շրջանակներում վճռի հարկադիր կատարման հարցերին առնչվող` առաջին ատյանի դատարանի այլ դատական ակտերի բողոքարկման վերաբերյալ հատուկ իրավակարգավորումներ նախատեսված չեն: Միևնույն ժամանակ հարկ է նաև նշել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում բացակայում է կատարողական թերթ տրամադրելու դիմումը մերժելու որոշման բողոքարկումն արգելող նորմ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` «Ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտերի բողոքարկումը» վերտառությամբ 1401-րդ հոդվածի համաձայն`

«1. Ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը կարող են բողոքարկվել միայն վերաքննության կարգով:

2. Ընդհանուր իրավասության դատարանի բողոքն ըստ էության չլուծող (միջանկյալ) դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել միայն սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում»:

Օրենսգրքի հիշյալ հոդվածից բխում է, որ օրենսդիրը քաղաքացիական դատավարության շրջանակներում նախատեսել է առաջին ատյանի դատարանի գործն ըստ էության լուծող բոլոր դատական ակտերի վերաքննիչ բողոքարկման հնարավորություն, իսկ միջանկյալ դատական ակտերի համար օրենսդիրը սահմանել է անմիջական բողոքարկման հնարավորություն միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված դեպքերում, ինչը չի բացառում միջանկյալ դատական ակտերի հետաձգված բողոքարկումը։

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 61-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված` անձի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի բաղադրատարր հանդիսացող` դատական ակտի բողոքարկման իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացումն ապահովելու խնդիրներին և այդ կապակցությամբ հայտնել է մի շարք սկզբունքային իրավական դիրքորոշումներ (ՍԴՈ-719, ՍԴՈ-936, ՍԴՈ-922, ՍԴՈ-1037): Մասնավորապես, ՍԴՈ-1037 որոշմամբ դատարանն արտահայտել է դիրքորոշում առ այն, որ «Դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի նպատակը ոչ միայն ներկայացված պահանջի մերժման կամ բավարարման իրավաչափության ստուգումն է։ Այս ինստիտուտն այն հիմնական և էական իրավական երաշխիքն է, որի միջոցով ապահովվում է ստորադաս դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքի հիմնական բաղադրատարրերի, մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասով և Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատավարական երաշխիքների պահպանումը։ Բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը չի պահպանել հիշյալ դատավարական երաշխիքները, քաղաքացին չունենալով վերաքննության իրավունք, ըստ էության զրկվում է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից»։

ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ գործն ըստ էության լուծող դատական ակտերը կարող են ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարել դիմողի /հայցվորի/ քաղաքացիաիրավական պահանջը: Եթե կատարողական թերթը պահանջվում է գործն ըստ էության լուծող դատական ակտի բավարարված մասով, իսկ այն կազմում է այդ դատական ակտի օրգանական մասը, հետևաբար` այն ենթարկվում է գործն ըստ էության լուծող դատական ակտերի օրենքով նախատեսված բողոքարկման ընդհանուր կանոնին:

 

7. ՀՀ սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրում է, որ դիմողը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի սահմանադրականության հարցը բարձրացնում է միայն այնքանով, որքանով հիշյալ հոդվածով ամրագրված իրավակարգավորումները չեն նախատեսում կատարողական թերթ տրամադրելու դիմումը մերժելու մասին դատարանի որոշումը բողոքարկելու հնարավորություն, և չի բարձրացնում վիճարկվող հոդվածով ամրագրված իրավակարգավորումների ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ այլ հարցեր:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի վերլուծությունը վկայում է այն մասին, որ որոշակի ակտերի առանձին տեսակների բողոքարկմանն առնչվող իրավակարգավորումներ առկա են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում: Այսպես, օրինակ, ըստ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի` բողոքարկման ենթակա են դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, կատարման եղանակի և կարգի փոփոխման որոշումները /22-րդ հոդված/, կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետի վերականգնման վերաբերյալ որոշումը /24-րդ հոդված/, վճռի կատարման շրջադարձի հարցը լուծելու վերաբերյալ որոշումը /27-րդ հոդված/, կատարողական թերթի պարզաբանման որոշումը /35-րդ հոդված/: «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով նախատեսված` բողոքարկման ենթակա հիշյալ որոշումները դատական ակտի հարկադիր կատարման հարցն ըստ էության չեն լուծում և վերաբերելի են արդեն տրված կատարողական թերթի առկայության պայմաններում կատարողական վարույթի կազմակերպման միջանկյալ հարցերին:

 

8. Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի` 17.03.2009 թվականի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի՝ Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու՝ դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի` վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68 հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով: Անհատական դիմումին ներկայացված այս պահանջը նշանակում է, որ դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև»:

Քննության առարկա դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ թիվ ԼԴ/1360/02/14 քաղաքացիական գործի շրջանակներում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված իրավակարգավորումներին հղում է կատարվել միայն ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` կատարողական թերթ տրամադրելու դիմումը մերժելու մասին 26.05.2016 թվականի որոշման մեջ, մինչդեռ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին 21.06.2016 թվականի որոշման կայացման համար հիմք է հանդիսացել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով ամրագրված իրավակարգավորումը, այն է` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման, ինչպես նաև ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի այն դիրքորոշումը, ըստ որի` կատարողական թերթ տրամադրելու դիմումը մերժելու մասին որոշման «…բողոքարկման ենթակա լինելու մասին որևէ նորմ նախատեսված չէ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում, այլ օրենքներով և/կամ/ այլ իրավական ակտերով։

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի` «Կատարողական թերթ տալը» վերտառությամբ 18-րդ հոդվածով ամրագրված դրույթներից հետևում է, որ հիշյալ հոդվածի կարգավորման առարկան կատարողական թերթ տալու հետ կապված հարցերն են, և այդ հոդվածի խնդիրը չէ կարգավորել կատարողական թերթ տրամադրելու դիմումը բավարարելու կամ մերժելու մասին դատարանի որոշումը բողոքարկելու հետ կապված հարաբերությունները:

ԼԴ/1360/02/14 քաղաքացիական գործի շրջանակներում ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի` դիմողի նկատմամբ կիրառման և դիմողի համար առաջացած բացասական հետևանքների, այն է` վերաքննության կարգով կատարողական թերթ տրամադրելու դիմումը մերժելու մասին դատարանի որոշումը բողոքարկելու հնարավորության բացակայության միջև առկա չէ անմիջական պատճառահետևանքային կապ:

Սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրում է, որ դիմողը չի դիմել վճռաբեկ դատարան և չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը՝ գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված՝ գործի քննությունը մերժելու հիմքեր։ Վերջին հոդվածի 6-րդ կետին համապատասխան այդպիսի հիմքերից են նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված դեպքերը։

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության /2005թ. փոփոխություններով/ 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ կետի, 60-րդ հոդվածի 1-ին կետի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. «Կարինե Ամիրբեկյանի դիմումի հիման վրա` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

13 դեկտեմբերի 2016 թ.

ՍԴՈ-1330

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան