Գլխավոր տեղեկություն
Համար
N 205-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.03.2015-28.09.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.04.01/8(520) Հոդ.185
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.02.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 փետրվարի 2015 թվականի N 205-Ն

 

ՀԻՊՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎԱԾ ՏՈԿՈՍՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓՈՎ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ ՆՈՏԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8.2-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. մարտի 10
 Երևան

 

 

 Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
փետրվարի 19-ի N 205-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԻՊՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎԱԾ ՏՈԿՈՍՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓՈՎ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ ՆՈՏԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8.2-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո ստացված և փաստացի բնակարանի ձեռքբերմանը կամ անհատական բնակելի տան կառուցմանն ուղղված հիպոթեքային վարկի (այսուհետ՝ հիպոթեքային վարկ) սպասարկման համար վճարվող տոկոսների (այսուհետ՝ տոկոս) գումարների չափով վարձու աշխատողներին, անհատ ձեռնարկատերերին և նոտարներին օրենքով սահմանված կարգով վճարված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով գանձված) եկամտային հարկը վերադարձնելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաև պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո բնակարան ձեռք բերող կամ Հայաստանի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տուն կառուցող վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների (այսուհետ՝ վարկառու) վրա՝ վերջիններիս կողմից սույն կարգի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերը կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի կամ անհատական բնակելի տան գտնվելու վայրի հարկային (տարածքային) մարմին (այսուհետ` հարկային (տարածքային) մարմին) ներկայացվելու դեպքում: Սույն կարգի կիրառման իմաստով վարկառու է հանդիսանում նաև վարձու աշխատող, անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող հիպոթեքային վարկի համավարկառուն` բնակարանի (անհատական բնակելի տան) սեփականատեր (համասեփականատեր) հանդիսանալու դեպքում:

3. Եթե վարկառուն միաժամանակ վարձու աշխատող և անհատ ձեռնարկատեր է, ապա հաշվետու տարվա համար ներկայացված տարեկան հաշվարկի հիման վրա հաշվարկված և վճարված եկամտային հարկի գումարների վերադարձը կատարվում է տվյալ տարվա ընթացքում հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների հանրագումարի և տվյալ տարվա եռամսյակների ամիսների համար վճարված և վերադարձված (վերադարձման ենթակա) եկամտային հարկի հանրագումարի դրական տարբերության չափով: Եթե հաշվետու եռամսյակի ընթացքում վարձու աշխատողին աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները հաշվարկել են միաժամանակ մի քանի գործատուներ, սակայն այդ գործատուներից որևէ մեկի կողմից հաշվետու եռամսյակի ամիսների համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկում հաշվարկված եկամտային հարկի գումարը մարված չէ կամ մարված է մասնակի, ապա վարկառուին այդ գործատուի պահած եկամտային հարկի վերադարձը կատարվում է սույն կարգին համապատասխան այդ պարտավորությունների ամբողջական մարումից հետո՝ վարկառուի կողմից սույն կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դիմումը ներկայացվելուց հետո:

4. Վարձու աշխատողին հաշվետու եռամսյակի որևէ ամսում հաշվարկված աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից տարբերվող այլ հարկվող եկամուտներ վճարված լինելու դեպքում այդ եկամուտների մասով հաշվարկված և վճարված եկամտային հարկի գումարները վերադարձման ենթակա չեն: Սույն կետով սահմանված դեպքում եկամտային հարկի վերադարձվող գումարի չափը հարկային (տարածքային) մարմնի կողմից որոշվում է միայն տվյալ ամսվա համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների գումարից՝ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 1.1-ին կետերով սահմանված դրույքաչափերով:

5. Հարկային մարմնի կողմից հիպոթեքային վարկի վճարված տոկոսների չափով առաջին անգամ եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով վարկառուն հարկային (տարածքային) մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը և դրանց լուսապատճենները`

1) եկամտային հարկի վերադարձի համար հարկային մարմնի կողմից սահմանված ձևի դիմում` վարկառուի բնակության վայրի հասցեի, կոնտակտային տվյալների, վարկառուին վերադարձվող եկամտային հարկի գումարները փոխանցելու համար բանկի անվանման և հաշվի համարի նշումով.

2) վարկառուի անձը հաստատող փաստաթուղթ` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կամ, առկայության դեպքում, նույնականացման քարտը, կամ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը, կամ փախստականի կարգավիճակ ունեցող անձի` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը.

3) վարկառուի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, ՀՎՀՀ-ն (առկայության դեպքում).

4) հիպոթեքային վարկի տրամադրման պայմանագրի բնօրինակ կամ այդ պայմանագրի նոտարական կարգով վավերացված պատճեն և գրավադրված գույքի սեփականության (կամ գրավադրված գույքի նկատմամբ իրավունքի) պետական գրանցման վկայական.

5) հիփոթեքային վարկը տրամադրած՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպության կողմից տրված տեղեկանք հաշվետու ժամանակահատվածում վարկառուի կողմից վճարված տոկոսների (բացառությամբ սուբսիդավորման հաշվին վճարված) գումարների մասին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ վարկառուն համաձայնություն է տվել ԱՔՌԱ վարկային բյուրոյին՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել տեղեկատվություն տվյալ վարկառուի կողմից հաշվետու ժամանակահատվածի ընթացքում վճարված տոկոսների մասին.

6) Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքը կառուցապատողի կողմից տրված տեղեկանք բնակարանն անմիջապես կառուցապատողից ձեռք բերված լինելու մասին, կամ անհատական բնակելի տան շինարարության թույլտվություն.

7) Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում բնակարանի առքուվաճառքի պայմանագիր:

6. Հետագա հաշվետու ժամանակահատվածներում վճարված եկամտային հարկի գումարները վերադարձնելու համար վարկառուն հարկային (տարածքային) մարմին է ներկայացնում եկամտային հարկի վերադարձի համար հարկային մարմնի կողմից սահմանված ձևի դիմում՝ ապահովելով միայն սույն կարգի 5-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված պահանջները, եթե մինչև այդ ներկայացված՝ սույն կարգի 5-րդ կետով պահանջվող տեղեկատվությունը մնացել է անփոփոխ:

7. Սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերում առկա տեղեկատվության փոփոխությունների դեպքում վարկառուն պարտավոր է փոփոխության կատարման եռամսյակին հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ դրա մասին տեղեկացնել հարկային (տարածքային) մարմնին՝ ներկայացնելով փոփոխությունները հավաստող փաստաթղթերը:

8. Եկամտային հարկի վերադարձման մասին դիմումը մերժվում է, եթե այն ներկայացնելու պահին համապատասխան եռամսյակի ընթացքում տվյալ վարձու աշխատողին վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված կամ համապատասխան հաշվետու տարվա ընթացքում անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից հաշվարկված եկամտային հարկի գումարներն ամբողջությամբ մարված չեն, և (կամ), եթե չեն ներկայացվել սույն կարգի 5-7-րդ կետերով պահանջվող փաստաթղթերը: Եկամտային հարկի վերադարձման մասին դիմումը հարկային (տարածքային) մարմնի կողմից մերժվելու դեպքում դիմումը ներկայացնելուն հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում մերժման հիմքերի մասին ծանուցվում է վարկառուին:

9. Եկամտային հարկի վերադարձի մերժման հիմքերի բացակայության դեպքում հարկային (տարածքային) մարմինը դիմումը ներկայացնելուն հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում կազմում է տվյալ հաշվետու ժամանակահատվածի համար վերադարձվող գումարի վերաբերյալ հարկային մարմնի կողմից սահմանված ձևի եզրակացություն և ուղարկում է վերադաս հարկային մարմին` եզրակացությունների հիման վրա վերադարձը, օրենքով սահմանված պահանջներին համապատասխան, կատարելու հանգամանքներն ստուգելու և հաշվառում իրականացնելու համար:

10. Կատարվող վերադարձը վերադաս հարկային մարմնի կողմից ընդունվելու դեպքում ոչ ուշ, քան եզրակացությունն ստանալու օրվան հաջորդող հինգերորդ աշխատանքային օրը գանձապետարան է ներկայացվում վճարման հանձնարարական: Վերադաս հարկային մարմնի կողմից եկամտային հարկի վերադարձը մերժվելու դեպքում եզրակացությունն ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ մերժման հիմքերի մասին կազմված տեղեկանքը՝ արձանագրության հետ միասին, վերադարձվում է այն ներկայացրած հարկային (տարածքային) մարմին՝ մերժման հիմքերի մասին վարկառուին ծանուցելու համար:

11. Վերադարձվող գումարը վարկառուին փոխանցելու նպատակով հարկային մարմնի կողմից գանձապետարան ներկայացվող վճարման հանձնարարականում նշվում են հետևյալ տվյալները`

1) վարկառուի անունը, ազգանունը.

2) վարկառուի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, ՀՎՀՀ-ն (առկայության դեպքում).

3) հաշվետու ժամանակահատվածը, որին վերաբերում է վերադարձվող գումարը.

4) վարկառուի բանկի անվանումը և հաշվի համարը.

5) վերադարձվող գումարի չափը.

6) տվյալ հաշվետու ժամանակահատվածի համար վերադարձվող գումարի վերաբերյալ կազմված եզրակացության համարը.

7) եկամտային հարկի հաշվեհամարը, որից պետք է վերադարձվի գումարը:

12. Հանձնարարականը ներկայացնելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվող գումարը փոխանցվում է վարկառուի բանկային հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան