030.0896.21.03.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի նոյեմբերի 25-ի «Ներդրումների խթանման և պաշտպանության Հայաստանի Հանրապետության պետական խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-847 հրամանագրին համապատասխան, որոշում եմ.
1. Հաստատել ներդրումների խթանման և պաշտպանության Հայաստանի Հանրապետության պետական խորհրդի կանոնադրությունը (կցվում է):
2. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնակատար, Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |
|
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ներդրումների խթանման և պաշտպանության Հայաստանի Հանրապետության պետական խորհուրդը (այսուհետև` խորհուրդ) Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր խորհրդակցական մարմին է:
2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, այլ իրավական ակտերով, սույն կանոնադրությամբ:
II. ԽՈՐՀՐԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
3. Խորհրդի հիմնական գործառույթներն են`
ա) օժանդակել ներդրումների խթանման և պաշտպանության պետական քաղաքականության հիմնադրույթների մշակմանը.
բ) օժանդակել ներդրումների խթանման և խրախուսման համար առավել բարենպաստ միջավայրի ստեղծմանը.
գ) նպաստել ներդրումների խթանման և ներդրողների իրավունքների պաշտպանության պետական համակարգի կայացմանը.
դ) օժանդակել ռազմավարական ներդրումային ծրագրերի իրականացմանը.
ե) նպաստել ներդրումների խթանմանն ուղղված քարոզչության և ներդրումային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ հասարակական աջակցության ապահովմանը.
զ) նպաստել ներդրումների զարգացմանը, խթանմանը և պաշտպանությանը, առկա խոչընդոտների բացահայտմանը, ինչպես նաև վերջիններիս վերացման համար պետական միջոցառումների մշակմանն ու իրականացմանը.
է) նպաստել ներդրումների շահերի պաշտպանությունն ապահովող միջոցառումների մշակմանն ու իրականացմանը:
III. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
4. Խորհրդի կազմը և կանոնադրությունը հաստատում կամ փոփոխում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
5. Խորհրդի անդամների խորհրդի աշխատանքներին մասնակցում են հասարակական կարգով:
6. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Խորհրդի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան երեք ամիսը մեկ: Խորհրդի նիստերն արձանագրվում են:
7. Խորհուրդն իրավազոր է որոշում ընդունել, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամների առնվազն երկու երրորդը: Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
8. Խորհրդի գործունեության վերլուծական-տեղեկատվական և կազմակերպական-տեխնիկական աշխատանքներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունը:
9. Խորհուրդը, անհրաժեշտության դեպքում, իր աշխատանքներին օժանդակելու նպատակով ստեղծում է փորձագիտական և աշխատանքային խմբեր:
10. Խորհուրդը, անհրաժեշտության դեպքում, իր աշխատանքներում ներգրավում է խորհրդի կազմում չընդգրկված` Հայաստանի Հանրապետության նախարարությունների, հանրապետական մյուս գործադիր մարմինների, այլ կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև առանձին մասնագետների:
11. Խորհուրդը Հայաստանի Հանրապետության նախարարություններից, հանրապետական մյուս գործադիր մարմիններից, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններից, գիտահետազոտական և այլ կազմակերպություններից սահմանված կարգով ստանում է իր իրավասությանը վերաբերող վերլուծական և տեղեկատվական նյութեր, վիճակագրական տվյալներ և այլ փաստաթղթեր:
12. Խորհրդի նախագահը ղեկավարում է խորհրդի գործունեությունը, կազմակերպում է խորհրդի աշխատանքները, հրավիրում և վարում է խորհրդի նիստերը:
13. Խորհրդի անդամները խորհրդի նիստերից առնվազն երկու շաբաթ առաջ խորհրդի նիստի օրակարգում ընդգրկելու համար կարող են առաջադրել հարցեր և ներկայացնել կարծիք խորհրդի նիստի օրակարգի վերաբերյալ` խորհրդի նիստից առնվազն մեկ շաբաթ առաջ:
14. Խորհրդի պատասխանատու քարտուղարը`
ա) խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում համակարգում է խորհրդի գործունեությանն առնչվող ընթացիկ աշխատանքները, իր իրավասության սահմաններում հետևում է խորհրդի որոշումների կատարմանը.
բ) նախապատրաստում է խորհրդի նիստերի օրակարգը և ապահովում նիստերին հրավիրված անձանց մասնակցությունը.
գ) նախապատրաստում է խորհրդի նիստերը, ապահովում է խորհրդի նիստերի արձանագրությունների վարումը.
դ) համակարգում է խորհրդին կից փորձագիտական և աշխատանքային խմբերի, առանձին մասնագետների աշխատանքը.
ե) ստորագրում է խորհրդի նիստերի արձանագրությունները.
զ) խորհրդի նախագահի հանձնարարությամբ խորհրդի քննարկմանն է նախապատրաստում խորհրդում ստացված դիմումներում բարձրացված հարցերը և առաջարկությունները` դրանք նիստի օրակարգում ընդգրկելու նպատակով:
15. Խորհուրդն ապահովում է իր աշխատանքների լուսաբանումը և հրապարակայնությունը:
16. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունում:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.12.2003, ՆՀ-189-Ն | 18.12.2003, ՆՀՊ-896 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|