Գլխավոր տեղեկություն
Համար
N 167-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.03.2015-02.06.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.03.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 մարտի 2015 թվականի N 167-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 17-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի, ինչպես նաև կայուն զարգացման համաշխարհային գործընթացին Հայաստանի Հանրապետության ակտիվ մասնակցությունն ապահովելու և դրա շրջանակներում իրականացվող աշխատանքները համակարգելու նպատակով`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման ազգային խորհուրդ և հաստատել դրա կազմը՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման ազգային խորհրդի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մարտի 9

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2015 թ.

մարտի 9-ի N 167-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ

 

ՀՀ վարչապետ ( խորհրդի նախագահ)

ՀՀ արտաքին գործերի նախարար

ՀՀ բնապահպանության նախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարար

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար

ՀՀ ֆինանսների նախարար

ՀՀ կրթության և գիտության նախարար

ՀՀ գյուղատնտեսության նախարար

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար

ՀՀ առողջապահության նախարար

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

ՀՀ քաղաքաշինության նախարար

ՀՀ մշակույթի նախարար

ՀՀ Ազգային ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

ՀՀ Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (համաձայնությամբ)

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

«Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)

«Տապան» էկո-ակումբ» ՀԿ-ի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

«Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

«Թռչնասերների կենտրոն» ՀԿ- ի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

«Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2015 թ.

մարտի 9-ի N 167-Ա

որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ դրույթներ

 

1. Սույն աշխատակարգի նպատակը կայուն զարգացման ազգային խորհրդի (այսուհետ` խորհուրդ) գործունեության կանոնակարգումն է:

2. Կայուն զարգացման բնագավառում ազգային զարգացման ծրագրերի և հիմնախնդիրների վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացը և այդ գործընթացին հասարակայնության լայն շերտերի մասնակցությունն ապահովելու համար խորհուրդն իրականացնում է խորհրդակցական մարմնի գործառույթներ:

 

II. Խորհրդի գործառույթները

 

3. Խորհրդին վերապահվում է հետևյալ գործառույթները՝

1) Ռիոյի, Հազարամյակի և Յոհաննեսբուրգի հռչակագրերի, Յոհաննեսբուրգի իրականացման պլանի, Օրակարգ 21-ի, «Ապագան, որ մենք ցանկանում ենք» ծրագրային փաստաթղթերի և կայուն զարգացման այլ գործընթացների շրջանակներում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների իրականացման համակարգում և ապահովում.

2) կայուն զարգացման հայեցակարգի և ռազմավարությունների մշակմանն աջակցելը.

3) ուղեցույցներ և մեխանիզմներ առաջարկելը, որոնք կընդլայնեն, կմանրամասնեն և իրագործելի կդարձնեն կայուն զարգացման հիմունքները և դրանք Հայաստանի Հանրապետության զարգացման ծրագրերում և քաղաքականության փաստաթղթերում ընդգրկելը՝ ինչպես ազգային, այնպես էլ՝ տեղական մակարդակներում.

4) քաղաքական ու օրենսդրական բարեփոխումների, նոր ծրագրերի, գործողությունների վերաբերյալ առաջարկությունների մշակում, որոնք կնպաստեն կայուն զարգացման ներկայիս և ծագող խնդիրների կարգավորմանը և կնախանշեն կայուն զարգացմանը վերաբերող հետագա գործողությունները.

5) իր կողմից ձևավորված փորձագիտական խմբերի միջոցով համապատասխան շահագրգիռ մարմիններին ազգային նշանակություն ունեցող բնապահպանական և սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում.

6) անհրաժեշտ մեխանիզմների ներդրմանը նպաստելը, որոնք կնախանշեն և կապահովեն կապը օրենսդիր և գործադիր մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, ոչ պետական կազմակերպությունների, գործարար և այլ շահագրգիռ սեկտորների միջև` կայուն զարգացման հարցերի շուրջ քաղաքականության մշակման և որոշումների կայացման ընթացքում.

7) կայուն զարգացման ոլորտի շրջանակներում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և կայուն զարգացման խորհրդի հետ հարաբերություններում գործելը՝ որպես համակարգող մարմին.

8) իրագործվող քաղաքականությունները, գործողություններն ու ծրագրերը դիտարկելը և գնահատելը՝ կայուն զարգացման տեսանկյունից.

9) տեղեկատվական համակարգի նեդրմանը նպաստելը, որով կհաստատվեն կապեր կայուն զարգացման ոլորտում ներգրավված տեղական և միջազգային կազմակերպությունների հետ, ինչպես նաև յուրաքանչյուր ոլորտի համար կայուն զարգացման հարցերի վերաբերյալ տեղեկատվական համակարգ ստեղծելը և կիրառության մեջ դնելը՝ ազգային մակարդակով.

10) անհրաժեշտության դեպքում մասնագիտական կազմակերպություններին, առանձին փորձագետների դիմելը՝ խորհրդին իր դերի ու գործողությունների կատարման հարցում աջակցելու համար.

4. Սույն աշխատակարգով նախատեսված խնդիրների իրագործման նպատակով խորհուրդը կարող է իրականացնել այլ գործառույթներ:

 

III. Խորհրդի նիստերը

 

5. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են առնվազն յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ:

6. Անհրաժեշտության դեպքում, խորհրդի նախագահի կամ խորհրդի անդամների առնվազն կեսի նախաձեռնությամբ կարող է հրավիրվել արտահերթ նիստ:

7. Խորհրդի նիստերին կարող են հրավիրվել պետական մարմինների` խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող մասնագետները, ինչպես նաև գիտական, կրթական, հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

8. Խորհրդի նիստերի մասին խորհրդի անդամներին և հանրությանը տեղեկացնում է խորհրդի քարտուղարությունը` նիստից առնվազն 15 օր առաջ, իսկ օպերատիվ բնույթի, հրատապ լուծում պահանջող հարցեր քննարկելու անհրաժեշտության դեպքերում` մեկ աշխատանքային օր առաջ:

9. Խորհրդի նիստերն անցկացվում են Երևան քաղաքում: Անհրաժեշտության դեպքում, խորհրդի նախագահի որոշմամբ, խորհրդի նիստերը կարող են անցկացվել արտագնա:

10. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների 2/3-ը: Քվորումի բացակայության դեպքում մեկ շաբաթվա ընթացքում հրավիրվում է նոր նիստ:

11. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության ժամանակ խորհրդի անդամն ունի մեկ ձայնի իրավունք: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

12. Խորհրդի նիստերն անցկացվում են խորհրդի կողմից հաստատված օրակարգով: Խորհրդի նախագահը որոշում է խորհրդի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը:

13. Խորհրդի նիստի օրակարգի նախագիծը և քննարկվելիք հարցերին վերաբերող մյուս անհրաժեշտ փաստաթղթերը խորհրդի անդամներին են փոխանցվում նիստի անցկացումից առնվազն 5 աշխատանքային օր առաջ:

14. Նիստի արձանագրությանը, անհրաժեշտության դեպքում, կցվում են քննարկված հարցերին վերաբերող նյութեր, այդ թվում` իրավական և այլ փաստաթղթերի նախագծեր (հայեցակարգեր, ռազմավարություններ, հաշվետվություններ և այլն), գրավոր զեկույցների և ելույթների տեքստեր, առաջարկություններ, կարծիքներ:

15. Խորհրդի նիստի արձանագրությունն ստորագրվում է խորհրդի նախագահի կողմից` նիստի ավարտին հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում:

16. Խորհրդի նիստերի արձանագրությունները պահվում են խորհրդի քարտուղարությունում:

 

IV. Խորհրդի կազմը

 

17. Խորհրդի կազմը հաստատվում է, և խորհրդի անդամները նշանակվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

18. Խորհրդի նիստին խորհրդի անդամի մասնակցության անհնարինության դեպքում նիստին մասնակցում է նրան փոխարինող անձը.

19. Խորհրդի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովների նախագահները և գործադիր մարմինների ղեկավարները, գիտական հաստատությունների, կայուն զարգացման ոլորտում կանոնադրական նպատակներ իրականացնող հասարակական կազմակերպություների, գործատուների միությունները: Խորհրդի կազմում փոփոխությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` խորհրդի առաջարկությամբ:

20. Խորհուրդը կարող է ձևավորել աշխատանքային և թեմատիկ խմբեր, փորձագիտական խորհուրդներ:

21. Խորհրդի անդամները՝

1) իրավունք ունեն`

ա. ներկայացնելու առաջարկություններ խորհրդի աշխատակարգում և այլ հիմնարար փաստաթղթերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ,

բ. ներկայացնելու խորհրդի որոշումերի նախագծեր, հայտնելու իրենց կարծիքը խորհրդում քննարկվող ցանկացած հարցի և խորհրդի գործունեության ընթացակարգի վերաբերյալ.

2) պարտավոր են՝

ա. մասնակցել խորհրդի նիստերին,

բ. անհրաժեշտության դեպքում մասնակցել աշխատանքային և թեմատիկ խմբերի նիստերին,

գ. պահպանել խորհրդի աշխատակարգի դրույթները և կատարել խորհրդի որոշումները: Հնարավորինս աջակցել խորհրդի աշխատանքներին և նպաստել դրա որոշումների կատարմանը:

 

V. Խորհրդի նախագահը

 

22. Խորհրդի նախագահն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության վարչապետն է:

23. Խորհրդի նախագահը՝

1) համակարգում է խորհրդի գործունեությունը և ապահովում որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը.

2) հրավիրում և վարում է խորհրդի նիստերը.

3) ներկայացնում է խորհուրդն այլ մարմինների, օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների և անձանց հետ հարաբերություններում.

4) համակարգում է խորհրդի քարտուղարության ընդհանուր աշխատանքները.

5) իրականացնում է սույն աշխատակարգով նախատեսված այլ գործառույթներ:

 

 VI. Խորհրդի Քարտուղարությունը

 

24. Խորհրդի քարտուղարության իրավասությունները վերապահվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին:

25. Քարտուղարության հիմնական նպատակը խորհրդի բնականոն գործունեությունն ապահովելը, դրա նիստերի կազմակերպմանն աջակցելը, խորհրդի անդամների, թեմատիկ խմբերի ու փորձագիտական խմբերի միջև մշտական կապն ապահովելը և այլ գործառույթների իրականացումն է:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.04.2020, N 479-Ա 23.04.2020, N 167-Ա
29.08.2019, N 1216-Ա 30.08.2019, N 167-Ա
01.06.2016, N 451-Ա 02.06.2016, N 167-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան