Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1192
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.03.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.03.25/16(1105) Հոդ.170.1
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
03.03.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
03.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.03.2015

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

3 մարտի 2015 թ.

 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԱՐԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ, ԴՎԻՆ ԻՍԱՆՅԱՆՍԻ, ՌՈՒԴՈԼՖ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ, ՄԱԳԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ, ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ, ԽԱՉԱՏՈՒՐ ՄԱՐՈԶՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 154-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 158-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողներ Դ. Իսանյանսի, Ռ. Հովակիմյանի, Մ. Եղիազարյանի և Ա. Սարգսյանի ներկայացուցիչ Ա. Զեյնալյանի,

դիմողներ Ա. Սարգսյանի, Խ. Մարոզյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հ. Սարգսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացիներ Արա Սարգսյանի, Դվին Իսանյանսի, Ռուդոլֆ Հովակիմյանի, Մագդա Եղիազարյանի, Արամ Սարգսյանի, Խաչատուր Մարոզյանի դիմումների հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասի և 158-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» միավորված գործը:

Գործի քննության առիթը քաղաքացիներ Արա Սարգսյանի, Դվին Իսանյանսի, Ռուդոլֆ Հովակիմյանի, Մագդա Եղիազարյանի, Արամ Սարգսյանի, Խաչատուր Մարոզյանի համապատասխանաբար` 09.07.2014թ., 26.09.2014թ. և 27.12.2014թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումներն են:

Սահմանադրական դատարանի 09.12.2014թ. ՍԴԱՈ-70 աշխատակարգային որոշմամբ «Քաղաքացիներ Դվին Իսանյանսի, Ռուդոլֆ Հովակիմյանի, Մագդա Եղիազարյանի, Արամ Սարգսյանի դիմումների հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասի և 158-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» և «Քաղաքացի Արա Սարգսյանի դիմումի հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերը միավորվել են:

Սահմանադրական դատարանի 20.01.2015թ. ՍԴԱՈ-1 աշխատակարգային որոշմամբ միավորվել են «Քաղաքացի Խաչատուր Մարոզյանի դիմումի հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» և «Քաղաքացիներ Արա Սարգսյանի, Դվին Իսանյանսի, Ռուդոլֆ Հովակիմյանի, Մագդա Եղիազարյանի, Արամ Սարգսյանի դիմումների հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասի և 158-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերը:

Ուսումնասիրելով միավորված գործով զեկուցողների գրավոր հաղորդումները, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից` 2013 թվականի դեկտեմբերի 5-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2013 թվականի դեկտեմբերի 28-ին և ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 7-ից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է. «Ֆիզիկական և իրավաբանական անձինք վճռաբեկ բողոք կարող են բերել միայն փաստաբանի միջոցով»։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է. «Վճռաբեկ բողոքին կցվում են նաև օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը և բողոքի պատճենը գործը քննող դատարան և դատավարության մասնակիցներին ուղարկելու մասին ապացույցները, վճռաբեկ բողոքի էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը)»:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի ընդունվելուց ի վեր դրա 154-րդ հոդվածի 4-րդ մասում և 158-րդ հոդվածի 5-րդ մասում փոփոխություններ և լրացումներ չեն կատարվել:

2. Միավորված գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.

 

2.1. Դվին Իսանյանսի դիմումը

Ոստիկանությունը 20.11.2013թ. «Վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին» հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ դիմողի:

Դիմողի անունից 09.01.2014թ. «ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի` 20.11.2013թ. Դվին Իսանյանսին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին հայցը մերժելու, կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, միավորումներ կազմելու (խաղաղ հավաքների ազատության), ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքների խախտման փաստը ճանաչելու և ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին» ձևակերպմամբ հակընդդեմ հայց է ներկայացվել Վարչական դատարան ընդդեմ Ոստիկանության:

Վարչական դատարանը 20.01.2014թ. «Հակընդդեմ հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ մերժել է վարույթ ընդունել հակընդդեմ հայցը, ինչը բողոքարկվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարան: Վերջինս իր` 24.02.2014թ. «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ մերժել է քննության ընդունել վերաքննիչ բողոքը:

Դիմողն անձամբ ներկայացրել է վճռաբեկ բողոք, ինչի կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանն իր` 26.03.2014թ. «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ վերադարձրել է վճռաբեկ բողոքն այն պատճառաբանությամբ, որ բողոքին կից չի ներկայացվել բողոքի էլեկտրոնային տարբերակը և փաստաբանի արտոնագիրը: Դիմողին տրվել է մեկամսյա ժամկետ բողոքը կրկին ներկայացնելու համար:

Կրկին ներկայացված վճռաբեկ բողոքի կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանն իր` 29.05.2014թ. «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշմամբ մերժել է վճռաբեկ բողոքը քննել` հետևյալ պատճառաբանությամբ. «Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 26.03.2014 թվականի որոշմամբ Դվին Իսանյանսի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է, միաժամանակ սահմանվել է ժամկետ վճռաբեկ բողոքի սխալները շտկելու և այն կրկին բերելու համար: Մինչդեռ Դվին Իսանյանսը վերոնշյալ որոշմամբ արձանագրված սխալները վերացրել է մասնակի, մասնավորապես` վճռաբեկ բողոքը չի բերել փաստաբանի միջոցով, ինչպես նաև վճռաբեկ բողոքին կից չի ներկայացրել իր ներկայացուցչի` սահմանված կարգով ձևակերպված լիազորագիրը (փաստաբանական գործունեության արտոնագիրը), միաժամանակ բողոք բերած անձը կրկին ներկայացրած վճռաբեկ բողոքում դարձյալ բավարար չի նշել, թե Վերաքննիչ դատարանը նյութական կամ դատավարական իրավունքի որ նորմերն է խախտել կամ սխալ կիրառել և բողոքում չի հիմնավորել գործի ելքի վրա դրանց ազդեցությունը և կրկին նույն հիմքով ներկայացրել է վճռաբեկ բողոք, որի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում կայացրել է»:

 

2.2. Մագդա Եղիազարյանի դիմումը

Մագդա Եղիազարյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` հայցադիմումում թույլ տրված խախտումը վերացնելու` հայցը ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և այն վերականգնելու համար:

Վարչական դատարանը միջնորդությունն ու հայցադիմումի ընդունումը մերժել է:

Դիմողը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը նույնպես մերժվել է:

Դիմողը ներկայացրել է վճռաբեկ բողոք:

Վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/1178/05/13 վարչական գործով 05.03.2014թ. «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ վերադարձրել է դիմողի բողոքն այն պատճառաբանությամբ, որ դիմումին կից ներկայացված չեն փաստաբանի լիազորագիրը և բողոքի էլեկտրոնային տարբերակը: Դիմողին մեկամսյա ժամկետ է տրվել սխալները վերացնելու և դիմումը կրկին ներկայացնելու համար:

Կրկին ներկայացված վճռաբեկ բողոքի կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանն իր` 14.05.2014թ. «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշմամբ մերժել է վճռաբեկ բողոքը քննել` հետևյալ պատճառաբանությամբ. «…Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.03.2014 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 26.11.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Մագդա Եղիազարյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է. միաժամանակ սահմանվել է ժամկետ վճռաբեկ բողոքի սխալները շտկելու և այն կրկին բերելու համար: Մինչդեռ Մագդա Եղիազարյանի ներկայացուցիչը, չվերացնելով որոշմամբ արձանագրված սխալները, այն է` վճռաբեկ բողոքը չի բերել փաստաբանի միջոցով, և կրկին նույն հիմքով է ներկայացրել վճռաբեկ բողոքը, որի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել»:

 

2.3. Արամ Սարգսյանի դիմումը

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի թիվ ՎԴ3/0222/05/13 վարչական գործով 2013 թվականի դեկտեմբերի 10-ի որոշման դեմ դիմողի ներկայացուցիչն իր անձնական հասցեից էլեկտրոնային ստորագրությամբ (էլեկտրոնային փաստաթուղթ, էլեկտրոնային տարբերակ) 09.01.2014թ. էլեկտրոնային փոստով վճռաբեկ բողոք է առաքել Վճռաբեկ դատարան, Վարչական վերաքննիչ դատարան և պատասխանողին: Այն նույն օրը մուտքագրվել է հասցեատերերի էլեկտրոնային հասցեներին: Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարից 10.01.2014թ. ստացվել է թիվ ԴԴ6-Ե-33 գրությունը, որով վերջինս ընդունել է վճռաբեկ բողոքն էլեկտրոնային փոստով 09.01.2014 թվականին ստացված լինելու փաստը: Գրության մեջ նշվել է. «… ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն վարչական գործերով դատավարությունն իրականացվում է գործի քննության ժամանակ գործող օրենքով, իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով էլեկտրոնային դատավարության ձև սահմանված չէ, և նույն օրենսգրքի 118.4-րդ և 118.5-րդ հոդվածների կանոնակարգումների տրամաբանության համաձայն վճռաբեկ դատարան վճռաբեկ բողոքը պետք է ներկայացվի բնօրինակով: ….Վերոգրյալի հիման վրա հայտնում եմ, որ Դուք կարող եք Ձեր վճռաբեկ բողոքը ներկայացնել նշված իրավանորմերի պահանջների պահպանմամբ, ուստի վերը նշված էլեկտրոնային փաստաթուղթ ֆայլը չի կարող համարվել որպես ՀՀ վճռաբեկ դատարանում մուտքագրված վճռաբեկ բողոք»:

Դիմողի անունից վերը նշված վճռաբեկ բողոքը ներկայացվել է փաստաթղթային տարբերակով, ինչի արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ վերադարձրել է վճռաբեկ բողոքը, ի թիվս այլնի, մատնանշելով, որ դիմողը բողոքին կից չի ներկայացրել բողոքի էլեկտրոնային տարբերակը և սահմանված կարգով ձևակերպված փաստաբանի լիազորագիրը (փաստաբանական գործունեության արտոնագիրը): Դիմողին տրվել է մեկամսյա ժամկետ սխալները շտկելու և բողոքը կրկին ներկայացնելու համար:

Կրկին ներկայացված վճռաբեկ բողոքի կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդունել է «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշում` հետևյալ պատճառաբանությամբ. «…Այսպիսով, կրկին օրենքի պահանջների խախտմամբ բողոք ներկայացնելու դեպքում սխալները շտկելու համար վերստին ժամկետ սահմանելը կհակասի իրավական որոշակիության սկզբունքին:

Նկատի ունենալով, որ կրկին նույն հիմքով ներկայացված բողոքում սխալները չշտկելու պարագայում չեն վերացվում բողոքը քննության առնելու խոչընդոտները, իսկ մյուս կողմից տվյալ գործով Վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման դեպքերում կրկին ներկայացված բողոքն անհրաժեշտ է թողնել առանց քննության` նույն գործով Վճռաբեկ դատարանի կողմից արդեն իսկ որոշում կայացրած լինելու հիմքով:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.03.2014 թվականի որոշմամբ որպես Արամ Սարգսյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է` միաժամանակ սահմանվել է ժամկետ վճռաբեկ բողոքի սխալները շտկելու և այն կրկին բերելու համար: Մինչդեռ Արամ Սարգսյանի ներկայացուցիչը չվերացնելով որոշմամբ արձանագրված սխալը, վճռաբեկ բողոքը չի բերել փաստաբանի միջոցով, ինչպես նաև վճռաբեկ բողոքին կից չի ներկայացրել իր ներկայացուցչի` սահմանված կարգով ձևակերպված լիազորագիրը (փաստաբանական գործունեության արտոնագիրը) և կրկին նույն հիմքով ներկայացրել է վճռաբեկ բողոք, որի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում կայացրել է»:

 

2.4. Ռուդոլֆ Հովակիմյանի դիմումը

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը 17.12.2013թ. «Վճարման կարգադրություն արձակելու մասին» երկու տարբեր հայցադիմումներով դիմել է ՀՀ վարչական դատարան ընդդեմ դիմողի` 50.000.00 ՀՀ դրամի չափով վճարման կարգադրություն արձակելու պահանջով, որոնց կապակցությամբ ՀՀ վարչական դատարանը համապատասխանաբար 19.02.2014թ. և 25.02.2014թ. արձակել է վճարման կարգադրություններ:

Նշված վճարման կարգադրությունների կապակցությամբ դիմողի անունից 21.03.2014թ. ներկայացվել են երկու տարբեր հակընդդեմ հայցադիմումներ, որոնցով պահանջվել է նշանակված և հնգապատկված տուգանքը բռնագանձելուն ուղղված` ՀՀ կառավարությանն առընթեր ճանապարհային ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչել և հայցադիմումը մերժել:

Նշված հակընդդեմ հայցադիմումների կապակցությամբ ՀՀ վարչական դատարանը համապատասխանաբար` 28.03.2014թ. և 02.04.2014թ. կայացրել է` «Վճարման կարգադրության վարույթից հայցային վարույթի անցում կատարելու, հակընդդեմ հայցադիմումը վերադարձնելու մասին» և «Վճարման կարգադրության վարույթից հայցային վարույթի անցնելու և հակընդդեմ հայցը վերադարձնելու մասին» որոշումներ, որոնք բողոքարկվել են ՀՀ վարչական վերաքննիչ դատարան: Այդ բողոքներից մեկով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը 22.04.2014թ. կայացրել է «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշում, իսկ մյուսով 09.06.2014թ. կայացրել է «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշում:

Վարչական վերաքննիչ դատարանի 22.04.2014թ. «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան, որն իր` 04.06.2014թ. «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ վերադարձրել է վճռաբեկ բողոքը` հետևյալ պատճառաբանությամբ, որ. «…ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վճռաբեկ բողոքը ստորագրում են բողոք բերողը, գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը: Բողոքին կցվում է ներկայացուցչի` նույն օրենսգրքով սահմանված կարգով ձևակերպված լիազորագիրը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` ֆիզիկական և իրավաբանական անձինք վճռաբեկ բողոք կարող են բերել միայն փաստաբանի միջոցով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքն ուղարկվում է վճռաբեկ դատարան, իսկ բողոքի պատճենը` վերաքննիչ դատարան ու դատավարության մասնակիցներին:

Տվյալ դեպքում բողոք բերած անձը բողոքին կից չի ներկայացրել վճռաբեկ բողոքի պատճենը Ծառայությանն ուղարկված լինելու վերաբերյալ ապացույց…»: Դիմողին տրվել է մեկամսյա ժամկետ բողոքը կրկին նեկայացնելու համար:

Վարչական վերաքննիչ դատարանի 09.06.2014թ. «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը նույնպես բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան, որն իր` 23.07.2014թ. «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ վերադարձրել է վճռաբեկ բողոքը` հետևյալ պատճառաբանությամբ. «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վճռաբեկ բողոքն ստորագրում են բողոք բերողը, գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը: Բողոքին կցվում է ներկայացուցչի` նույն օրենսգրքով սահմանված կարգով ձևակերպված լիազորագիրը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև բողոքը բերվել է Ռուդոլֆ Հովակիմյանի ներկայացուցիչ (հիմք 18.03. 2014 թվականին տրված լիազորագիրը, գ.թ. 21) Արտակ Զեյնալյանի կողմից, սակայն գործում առկա չէ Արտակ Զեյնալյանի` փաստաբան լինելու վերաբերյալ ապացույց, ուստի բողոք բերած անձը, խախտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, վճռաբեկ բողոքը չի բերել փաստաբանի միջոցով, այսինքն` բողոքին կից չի ներկայացրել սահմանված կարգով ձևակերպված լիազորագիրը (փաստաբանական գործունեության արտոնագիրը)»: Դիմողին տրվել է ժամկետ դիմումը կրկին ներկայացնելու համար:

Կրկին ներկայացված վճռաբեկ բողոքի կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանն իր` 03.09.2014թ. «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշմամբ առանց քննության է թողել վճռաբեկ բողոքը` հետևյալ պատճառաբանությամբ. «Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.07.2014 թվականի որոշմամբ Ռուդոլֆ Հովակիմյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է և միաժամանակ սահմանվել է ժամկետ վճռաբեկ բողոքի սխալները շտկելու և այն կրկին բերելու համար: Մինչդեռ Ռուդոլֆ Հովակիմյանի ներկայացուցիչը չի վերացրել որոշմամբ արձանագրված սխալները, մասնավորապես` Ռուդոլֆ Հովակիմյանը կրկին վճռաբեկ բողոքը չի բերել փաստաբանի միջոցով. թեև վճռաբեկ բողոքը բերվել է Ռուդոլֆ Հովակիմյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի կողմից (հիմք` 18.03.2014 թվականին տրված լիազորագիրը, գ.թ. 20), սակայն գործում առկա չէ Արտակ Զեյնալյանի` փաստաբան լինելու վերաբերյալ որևէ ապացույց: Այսինքն` Ռուդոլֆ Հովակիմյանը կրկին նույն հիմքով ներկայացրել է վճռաբեկ բողոք, որի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում կայացրել է:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է թողնել առանց քննության…»:

 

2.5. Արա Սարգսյանի դիմումը

Երևանի քաղաքապետը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ Արա Սարգսյանից 400.000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ բռնագանձելու նպատակով վճարման կարգադրություն արձակելու պահանջով, ինչի կապակցությամբ ՀՀ վարչական դատարանը 01.02.2012թ. արձակել է վճարման կարգադրություն:

Նշված վճարման կարգադրության կապակցությամբ դիմողը ՀՀ վարչական դատարան է ներկայացրել հակընդդեմ հայց՝ Երևանի քաղաքապետի 26.10.2011թ. թիվ Վ-35/4 որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:

Նշված հակընդդեմ հայցադիմումի կապակցությամբ ՀՀ վարչական դատարանը 21.02.2013թ. կայացրել է «Վճարման կարգադրությունից հայցային վարույթի անցում կատարելու, հակընդդեմ հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշում:

Կրկին ներկայացված հակընդդեմ հայցադիմումի կապակցությամբ ՀՀ վարչական դատարանն իր` 03.07.2013թ. կայացրած վճռով հայցը մերժել է, իսկ հակընդդեմ հայցը՝ բավարարել:

Նշված վճռի դեմ Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վարչական վերաքննիչ դատարանն իր` 24.01.2014թ. որոշմամբ ՀՀ վարչական դատարանի վճիռը բեկանել և փոփոխել է. հակընդդեմ հայցի առնչությամբ գործի վարույթը կարճվել է, իսկ Երևանի քաղաքապետարանի հայցը՝ բավարարվել:

Նշված որոշման դեմ դիմողի կողմից բերված վճռաբեկ բողոքի քննության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանն իր` 12.03.2014թ. «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ վերադարձրել է վճռաբեկ բողոքը, ի թիվս այլնի, հետևյալ պատճառաբանությամբ. «Տվյալ դեպքում բողոք բերած անձը, …, վճռաբեկ բողոքը չի բերել փաստաբանի միջոցով…»: Դիմողին տրվել է տասնհինգօրյա ժամկետ` որոշումը ստանալու պահից որոշմամբ նշված սխալները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին բերելու համար:

Կրկին ներկայացված վճռաբեկ բողոքի կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանն իր` 14.05.2014թ. «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշմամբ առանց քննության է թողել վճռաբեկ բողոքն այն պատճառաբանությամբ, որ. «… Արա Սարգսյանը … վճռաբեկ բողոքը չի բերել փաստաբանի միջոցով…»:

 

2.6. Խաչատուր Մարոզյանի դիմումը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Էրեբունու հարկային տեսչությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ Խաչատուր Մարոզյանից 2.000.000 /երկու միլիոն/ ՀՀ դրամ բռնագանձելու նպատակով վճարման կարգադրություն արձակելու պահանջով:

Խաչատուր Մարոզյանը հակընդդեմ հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` 14.05.2012թ. թիվ 1104074 ակտը և դրա հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Էրեբունու հարկային տեսչության 12.06.2012 թվականի թիվ 194186 որոշումն առ ոչինչ կամ անվավեր ճանաչելու պահանջով:

ՀՀ վարչական դատարանն իր` 01.05.2012թ. որոշմամբ վճարման կարգադրության վարույթից անցել է հայցային վարույթի և հակընդդեմ հայցադիմումը վերադարձրել, իսկ իր` 28.02.2014թ. վճռով բավարարել է ներկայացված հայցը:

Դիմողի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վարչական վերաքննիչ դատարանն իր` 27.05.2014թ. որոշմամբ մերժել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը:

Դիմողի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի քննության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը 09.07.2014թ. ընդունել է «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշում, որով վերադարձրել է վճռաբեկ բողոքը, ի թիվս այլնի, հետևյալ պատճառաբանությամբ. «… բողոք բերած անձը … վճռաբեկ բողոքը չի բերել փաստաբանի միջոցով…»: Դիմողին տրվել է տասնհինգօրյա ժամկետ` որոշումն ստանալու պահից որոշմամբ նշված սխալները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին բերելու համար:

 

3. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասի առնչությամբ սույն միավորված գործով դիմողների փաստարկները հանգում են նրան, որ օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը հակասում է ՀՀ Սահմանադրության 3, 14.1, 18, 19 և 20-րդ հոդվածներին և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածին, քանի որ բացառում է ֆիզիկական և իրավաբանական անձի կողմից իր անունից անձամբ կամ իր ընտրած անձի միջոցով վճռաբեկ բողոք բերելու հնարավորությունը:

Արձանագրելով, որ նախկինում անձը կարող էր առանց որևէ խոչընդոտի վճռաբեկության կարգով բողոքարկել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատական ակտերը, դիմողներն այն համոզմունքն են հայտնում, որ ներկայումս վերացվել է ՀՀ վճռաբեկ դատարան անմիջապես դիմելու կարգը՝ սահմանափակելով իրավունքների արդյունավետ պաշտպանության հնարավորությունները:

Իրենց պահանջը հիմնավորելու համար դիմողները նշում են, որ ՀՀ վճռաբեկ դատարանին բողոքարկման ենթակա ակտերը բացառապես փաստաբանի միջոցով ներկայացնելու օրենսդրական արգելքի պայմաններում անհրաժեշտ է օրենքով կարգավորել փաստաբանների կողմից անվճար հիմունքներով երաշխավորված իրավաբանական օգնության տրամադրման որևէ մեխանիզմ՝ անկախ կողմի նյութական դրությունից:

Դիմողները բարձրացնում են նաև այն հիմնահարցը, որ փաստաբանի մատուցած ծառայություններից օգտվելու համար ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, ինչը հաճախ անհասանելի է դարձնում այդ ծառայություններից օգտվելը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 5-րդ մասի առնչությամբ դիմողների փաստարկները հանգում են նրան, որ օրենսգրքի 158-րդ հոդվածի 5-րդ մասը հակասում է ՀՀ Սահմանադրության 1, 3, 18 և 19-րդ հոդվածներին:

Իրենց պահանջը հիմնավորելու համար դիմողները նշում են, որ օրենսգրքի 158-րդ հոդվածի 5-րդ մասը չի բավարարում իրավական օրենքին ներկայացվող հստակության, ճշգրտության և կանխատեսելիության որակները: Այն ձևակերպված է անորոշ, քանի որ պարզ չէ, թե ինչ էլեկտրոնային տարբերակ պետք է կցվի վճռաբեկ բողոքին և ինչ էլեկտրոնային կրիչով: Դիմողները գտնում են նաև, որ նշված դրույթն անիրագործելի է դարձնում դատական ակտերի վիճարկումը վճռաբեկ դատարան այն անձանց համար, որոնց մատչելի չեն համակարգիչը, տպիչը, էլեկտրոնային կրիչները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 5-րդ մասի այն դրույթի առնչությամբ, որը վերաբերում է բողոքի պատճենը գործը քննող դատարան և դատավարության մասնակիցներին ուղարկելու մասին ապացույցները վճռաբեկ բողոքին կցելու պարտականությանը, դիմողները գտնում են, որ նշված դրույթում «ուղարկել» եզրույթին իրավակիրառական պրակտիկայում տրվել է այնպիսի մեկնաբանություն, որը բացառում է վճռաբեկ բողոքն էլեկտրոնային ստորագրությամբ էլեկտրոնային փոստով գործը քննող դատարան և դատավարության մասնակիցներին ուղարկելը: Նշված տեսակետը հիմնավորելու համար դիմողները վկայակոչում են «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի վերաբերյալ ՍԴՈ-722 որոշման մեջ ամրագրված իրավական դիրքորոշումները և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները:

 

4. Պատասխանող կողմը` առարկելով դիմողների փաստարկներին, գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վիճարկվող նորմերը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասի առնչությամբ պատասխանողը, վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը, փաստարկում է, որ վճռաբեկ դատարանում դիմողի շահերը որակավորում ունեցող փաստաբանի կողմից ներկայացվելու պահանջը չի կարող ինքնին համարվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածին հակասող, և այդպիսի ընթացակարգ սահմանելն արդարացված է ավելի գրագետ բողոքներ ներկայացնելու անհրաժեշտությամբ:

Հարցին անդրադառնալով փաստաբանի և հավատարմագրված փաստաբանի միջև նմանությունների և տարբերությունների տեսանկյունից և վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-765 որոշումը, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը, և, մասնավորապես, այդ հոդվածի այն դրույթը, համաձայն որի` անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը ներառում է բողոքների կազմումը, պատասխանողն ընդգծում է, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով էականորեն ընդլայնվեցին անվճար իրավաբանական օգնության և անվճար իրավաբանական օգնությունից օգտվելու իրավունք ունեցող անձանց շրջանակները: Ըստ պատասխանողի` «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածում նշված կատեգորիաների մեջ չընդգրկված ցանկացած անվճարունակ ֆիզիկական անձ ևս կարող է օգտվել անվճար իրավաբանական օգնությունից:

Հարցին անդրադառնալով միջոցի և հետապնդվող նպատակի միջև համաչափության տեսանկյունից` պատասխանողն արձանագրում է, որ այդպիսի միջոցի ընտրությունը պայմանավորված է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի խստացումով, ինչը պահանջում է անհրաժեշտ չափով իրավական գիտելիքներ:

Ամփոփելով` պատասխանողը գտնում է, որ նախ` վճռաբեկ դատարանում իրավունքների պաշտպանությունից օգտվելու` դատավարության մասնակցի հնարավորությունը, ինչպես նաև դատավարության կողմերի իրավահավասարությունը կախման մեջ չի դրվել անձի ֆինանսական հնարավորություններից, երկրորդ` ի տարբերություն հավատարմագրված փաստաբանների ինստիտուտի, բացառապես փաստաբանի միջոցով վճռաբեկ բողոք բերելու վերաբերյալ իրավակարգավորումը որևէ խտրականություն չի առաջացնում փաստաբանների միջև, երրորդ` խնդրո առարկա իրավապայմանը համաչափ է հետապնդվող նպատակին:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 5-րդ մասի առնչությամբ պատասխանողը փաստարկում է, որ վճռաբեկ բողոքին ներկայացվող պահանջներն ինքնանպատակ չեն, այլ իրենց տրամաբանության մեջ ուղղված են վճռաբեկ դատարանի գործառույթների արդյունավետ իրականացմանը և թելադրված են գիտության ու տեխնիկայի զարգացմամբ:

Վկայակոչելով «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքը` պատասխանողը գտնում է, որ էլեկտրոնային կրիչը տվյալ դեպքում վճռաբեկ բողոքի էլեկտրոնային տարբերակը պահպանելու և փոխանցելու համար պիտանի կրիչի ցանկացած տեսակ է, և դրա տեսակներն օրենսդրությամբ չեն կոնկրետացվել` նպատակ հետապնդելով տալ ընտրության լայն հնարավորություն և նվազագույնի հասցնել էլեկտրոնային կրիչի ձեռքբերման կապակցությամբ կատարվելիք ծախսերը:

Պատասխանողը հիմնավոր չի համարում դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումն էլեկտրոնային կրիչ ձեռք բերելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայությամբ պայմանավորելը, քանի որ, ըստ պատասխանողի, վճռաբեկ բողոքի ներկայացումն ինքնին բողոքաբերից որոշակի ծախսեր է պահանջում` կապված, ի թիվս այլնի, պետական տուրքի և բողոքի պատճենները գործը քննող դատարան և դատավարության մասնակիցներին ուղարկելու հետ: Իսկ ֆինանսապես խոցելի վիճակում գտնվող անձանց համար օրենսդիրը նախատեսել է անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք, որը «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի ուժով, ի թիվս այլնի, ներառում է բողոքների կազմումը:

 

5. Սույն գործով բարձրացված սահմանադրաիրավական վեճի շրջանակներում ՀՀ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում պարզել և գնահատել.

- ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասով և 158-րդ հոդվածի 5-րդ մասով ամրագրված իրավական պահանջների նշանակությունը` հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածներով, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված՝ անձի իրավունքների դատական պաշտպանության արդյունավետ միջոցի, արդար դատաքննության տարր հանդիսացող` դատարանի մատչելիության իրավունքների երաշխավորվածությունը և լիարժեք իրացման անհրաժեշտ կառուցակարգերի ապահովումը,

- ՀՀ վճռաբեկ դատարան բացառապես փաստաբանի միջոցով վճռաբեկ բողոք բերելու օրենսդրական կարգավորման համակարգային տրամաբանությունն ու իրավաչափ նշանակությունը՝ հաշվի առնելով նաև փաստաբանի միջոցով իրավունքների դատական պաշտպանության ինստիտուտի էության ու բովանդակության, դրա օրենսդրական կարգավորման արդյունավետության ու սահմանադրականության խնդիրների վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-765 և ՍԴՈ-833 որոշումներում ամրագրված իրավական դիրքորոշումները:

 

6. Վերոհիշյալ որոշումներում, տվյալ գործերով քննության առարկա հարցերը դիտարկելով նաև դատարանի մատչելիության, դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքների օրենսդրական լիարժեք և ամբողջական կարգավորման անհրաժեշտության համատեքստում, ՀՀ սահմանադրական դատարանն արտահայտել է, մասնավորապես, հետևյալ իրավական դիրքորոշումները.

ա) «Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանի միջոցով վճռաբեկ դատարան դիմելու պարտադիր պահանջով վճռաբեկ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը համաչափ չէ իր նպատակին, քանի որ նման սահմանափակումը թույլ չի տալիս արդյունավետորեն և անարգել իրացնել անձի արդար դատաքննության իրավունքը» (ՍԴՈ-765),

բ) «Ինչ վերաբերում է դատավարության մասնակիցների համար օրենքի առջև հավասարության սկզբունքի նկատմամբ հարգանքն ապահովելուն, ապա, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ օրենսդրությունը վճռաբեկ բողոք կազմելու առնչությամբ չի երաշխավորում անվճար իրավաբանական օգնության տրամադրում, ..., սահմանադրական դատարանը գտնում է, որ հավատարմագրված փաստաբանների ինստիտուտի առկայությամբ խախտվում է նաև հավասարությունը դատավարության մասնակիցների միջև՝ պայմանավորված նրանց գույքային վիճակով» (ՍԴՈ-765),

գ) «... հաշվի առնելով նշված ինստիտուտի գործունեության ձեռնարկատիրական, մենաշնորհային բնույթը, դրա վրա հիմնված՝ հավատարմագրված փաստաբանների կողմից ընդամենը վճռաբեկ բողոք կազմելու համար պահանջվող համեմատաբար բարձր վճարները, սահմանադրական դատարան, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար պաշտպանության միջոցներն սպառելու պարտադիր պահանջը, կարելի է փաստել, որ վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանների ինստիտուտն իր գոյությամբ սահմանափակում է ոչ միայն վճռաբեկ դատարանի, այլ նաև սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մատչելիության, դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքները, ըստ էության նպաստավոր պայմաններ է ստեղծում խտրական վերաբերմունքի ցուցաբերման հնարավոր դեպքերի համար՝ պայմանավորված անձի գույքային դրության հիմքով» (ՍԴՈ-765),

դ) «...պայմանավորված վճռաբեկ դատարանի գործառնական առանձնահատկություններով՝ փաստաբանի միջոցով վճռաբեկ դատարան դիմելու պահանջը կարող է իրավաչափ համարվել, եթե բխում է ֆիզիկական և իրավաբանական անձանց շահերից՝ ներկայացուցչությունն իրականացնելով արհեստավարժ և փորձառու մասնագետների միջոցով: Սահմանադրական դատարանը միաժամանակ հարկ է համարում ընդգծել, որ փաստաբանի միջոցով վճռաբեկ դատարան դիմելու ինստիտուտը՝ որպես այլընտրանքային տարբերակ, իրավաչափ կարող է համարվել միայն այն դեպքում, երբ օրենսդրությունը փաստաբանի ծառայությունից օգտվելու հնարավորությունը երաշխավորի յուրաքանչյուրի համար՝ անկախ տվյալ անձի ֆինանսական հնարավորություններից» (ՍԴՈ-765),

ե) «... վիճարկվող նորմում փաստաբանի միջոցով ներկայացուցչության վերաբերյալ պարտադիր պահանջը, փաստաբանների կողմից՝ դատական ակտերի վերանայման վերաբերյալ բողոք ներկայացնելու կապակցությամբ անվճար հիմունքներով իրավաբանական օգնության տրամադրման հնարավորություն չնախատեսելու պայմաններում, անհամաչափորեն սահմանափակում է անձի խախտված սահմանադրական և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքները ...՝ վտանգելով անձի թե՛ սահմանադրական արդարադատության իրավունքի և թե՛ իր խախտված իրավունքները միջազգային ատյաններում դատական կարգով պաշտպանելու սահմանադրական իրավունքի արդյունավետ իրացումը» (ՍԴՈ-833):

Վերահաստատելով ՍԴՈ-765, ՍԴՈ-833 որոշումներում ամրագրված` վերը նշված իրավական դիրքորոշումները և արձանագրելով, որ դրանք անտեսվել են հետագա օրենսդրական փոփոխությունների ընթացքում` սահմանադրական դատարանը գտնում է, որ նշված իրավական դիրքորոշումները վերաբերելի են նաև սույն գործի առնչությամբ:

 

7. Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանների դատական ակտերը վերանայելու լիազորությունների իրականացման համար, ի թիվս այլնի, կարևոր երաշխիք է նաև դատական ակտերի բողոքարկման ինստիտուտը՝ նյութական և ընթացակարգային օրենսդրական այնպիսի կարգավորմամբ, որն ապահովի անձի իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ և լիարժեք իրականացումը: Նշված համատեքստում սահմանադրական դատարանը կարևորում է դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի համակարգային ամբողջականությունը և կիրառման արդյունավետությունն ապահովող կառուցակարգային ու օրենսդրական համապատասխան երաշխիքների առկայությունը, ինչն անհրաժեշտ է դատական պաշտպանության իրավունքի իրացման լիարժեքությունն ինչպես այլ, այնպես էլ վճռաբեկ վարույթում գնահատելու առումով:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով երաշխավորված իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ: Վճռաբեկ բողոքի ընդունելիության պայմանները սահմանելիս պետք է գերակայեն վճռաբեկ դատարանի մատչելիության և արդյունավետ բողոքարկման իրավունքի ապահովման երաշխիքները: Վճռաբեկ դատարանի՝ որպես ընդհանուր իրավասության դատարանների համակարգում բարձրագույն մարմնի կառուցակարգային կարգավիճակը չի կարող խոչընդոտել օրենքով նրան վերապահված իրավասության լիարժեք իրականացմանը և այդ բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացմանը, եթե ստեղծվում են դրա համար անհրաժեշտ նաև իրավական ու կառուցակարգային երաշխիքներ:

ՀՀ վճռաբեկ դատարան փաստաբանի միջոցով վճռաբեկ բողոք բերելու պահանջի նախատեսումը լիարժեքորեն կայացած և գործուն փաստաբանական համակարգի պարագայում կոչված կլինի նպաստելու մարդու արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի իրացմանը: Նման մոտեցման պարագայում ինքնին խնդրահարույց չէ վճռաբեկ բողոքի ընդունելիության այնպիսի պահանջներ սահմանելը, որոնք կարող են ավելի խիստ լինել: Սակայն այս ատյանում ևս՝ ինչպես վարչական, այնպես էլ քաղաքացիական իրավահարաբերություններից բխող բողոքների ընդունումը դատարանի վարույթ չի կարող իրականացվել անձի՝ սահմանադրորեն պաշտպանվող իրավունքների անտեսմամբ կամ անհամաչափ սահմանափակմամբ: Այսինքն, նախապայմանների խստացումը չպետք է տեղի ունենա անհամաչափ՝ անձանց համար ստեղծելով իրավունքների պաշտպանության խոչընդոտներ: Այս համատեքստում սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ դատարանն իր ՍԴՈ-1167 որոշման մեջ ամրագրել է. «... ցանկացած, հատկապես՝ նոր, իրավապայման պետք է ունենա առավել արդյունավետ երաշխիքներ ստեղծելու օրինաչափ նպատակ, որը չպետք է իրացվի ի հաշիվ սահմանադրաիրավական որևէ նորմի ու սկզբունքի անտեսման»: Նշվածի համատեքստում սահմանադրական դատարանն էական է համարում ընդգծել նաև այն հանգամանքը, որ, օրինակ, սահմանադրական արդարադատության մարմնում «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն կողմերը սահմանադրական դատարանում կարող են հանդես գալ անձամբ և (կամ) ներկայացուցիչների միջոցով:

 

8. Վիճարկվող դրույթի սահմանադրականության խնդրին սահմանադրական դատարանը հարկ է համարում անդրադարձ կատարել նաև վարչադատավարական օրենսդրության զարգացման համատեքստում: Մինչև ՀՀ վարչական դատավարության գործող օրենսգրքի ընդունումը ՀՀ վարչական դատավարության նախկին օրենսգրքով ՀՀ վճռաբեկ դատարան վճռաբեկ բողոքը միայն փաստաբանի միջոցով բերելու պարտադիր պահանջ առկա չէր, այսինքն` նախատեսված էր վճռաբեկ բողոքն անմիջականորեն ներկայացնելու կարգ: Մինչդեռ վիճարկվող դրույթը ոչ միայն սահմանում է վճռաբեկ բողոք բերելու միջնորդավորված կարգ, այլև բացառում է վճռաբեկ բողոքն անմիջականորեն բերելու հնարավորությունը: Փաստորեն, ներկայումս գործում է միայն միջնորդավորված և այն էլ միայն փաստաբանի միջոցով վճռաբեկ դատարան դիմելու կարգը: Այսինքն` վերացվել է այն միակ անհրաժեշտ ուղին, որով ապահովվում էր վճռաբեկ դատարան անմիջականորեն դիմելու հնարավորությունը: Նման իրավակարգավորման արդյունքում վճռաբեկ դատարանի մատչելիությունը էապես սահմանափակվել է:

Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է իրավաբանորեն գրագետ, հիմնավորված և օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանվածությամբ վճռաբեկ բողոք ներկայացնելու աստիճանով և հանգամանքով: Միաժամանակ, պետք է նկատի ունենալ, որ փաստաբանի միջոցով վճռաբեկ բողոք բերելու պարագայում վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը վերադարձնելու, առանց քննության թողնելու, վարույթ ընդունելը մերժելու հանգամանքի հավանականությունը պահպանվում է: Այսինքն, ինչպես նախկինում, երբ առկա էր վճռաբեկ բողոք բերելու անմիջական կարգը, այնպես էլ ներկայումս, երբ վճռաբեկ բողոք կարող է բերվել միայն փաստաբանի միջոցով, վճռաբեկ դատարանը վարույթ չէր (չի) ընդունում վճռաբեկ այն բողոքները, որոնք չեն համապատասխանում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված և սույն գործով չվիճարկվող իրավական նորմերով սահմանվող այլ պահանջներին՝ վճռաբեկ բողոքը վերադարձնելով, առանց քննության թողնելով կամ վարույթ ընդունելը մերժելով: Այդ մասին է վկայում նաև ՀՀ դատական դեպարտամենտին ուղղված գրությանն ի պատասխան ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից 16.02.2015թ. թիվ ԴԴ-1 Ե-693 պատասխան գրության մեջ արտացոլված փաստացի վիճակագրական տվյալների ուսումնասիրությունը, որի համաձայն, մասնավորապես, 2013թ. ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատ մակագրված 820 վճռաբեկ բողոքներից վարույթ է ընդունվել 43-ը, որը կազմում է մակագրված վճռաբեկ բողոքների 5.24 տոկոսը, իսկ 2014թ. ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատ մակագրված 1006 վճռաբեկ բողոքներից վարույթ է ընդունվել 50-ը, որը կազմում է մակագրված վճռաբեկ բողոքների 4.97 տոկոսը: Նշված տվյալները փաստում են, որ նույնիսկ այն պարագայում, երբ վճռաբեկ բողոք միայն փաստաբանի միջոցով է բերվել, էական և շոշափելի փոփոխություններ չեն առաջացել` կապված վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հետ:

 

9. Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ վճռաբեկ բողոք բերելու` տվյալ դեպքում միայն փաստաբանի միջոցով վճռաբեկ բողոք բերելու ինստիտուտի կանոնակարգումների ժամանակ օրենսդրի կողմից ամբողջապես հաշվի չեն առնվել ՀՀ սահմանադրական դատարանի վերը հիշատակված որոշումներում ամրագրված հստակ և հետևողական իրավական դիրքորոշումները։ Օրենսդիրն անհրաժեշտ հետևողականություն չի ցուցաբերել քննության առարկա հարցով օրենսդրական կանոնակարգումները սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներին ներդաշնակ և համահունչ զարգացնելու առումով: Մասնավորապես, օրենսդրորեն համարժեքորեն չեն լուծվել գույքային խտրականության հետ կապված հարցերը, ընդ որում` խնդիրն առկա է ինչպես վարչական դատավարության, այնպես էլ վճռաբեկ բողոք ներկայացնելու նախապայմանների օրենսդրական միասնական քաղաքականության շրջանակներում, ինչն ըստ էության նպաստավոր պայմաններ է ստեղծում խտրական վերաբերմունքի ցուցաբերման հնարավոր դրսևորումների համար՝ պայմանավորված անձի գույքային դրության հիմքով: Այս հանգամանքը փաստվում է ելնելով նրանից, որ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը միանշանակ սահմանում է, որ «Օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներին», իսկ վերջիններս իմաստ ու բովանդակություն են ստանում, դառնում են իրավունքի աղբյուր իրենց ամբողջականության մեջ՝ հիմքում ունենալով սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները: Սահմանադրական դատարանի` սույն որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումներն օրենսդրական զարգացումների համար կարևոր աղբյուր են:

Քննության առարկա հիմնահարցը վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո դիտարկելով՝ սահմանադրական դատարանը հանգում է այն հետևությանը, որ վիճարկվող դրույթով` միայն փաստաբանի միջոցով վճռաբեկ բողոք բերելու պահանջի ամրագրումը, անձի իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ և լիարժեք իրականացմանը նպաստելու իրավաչափ նպատակ հետապնդելով հանդերձ, փաստացի հանգեցրել է հենց այդ իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակմանը, անձի՝ դատական ակտի բողոքարկման իրավունքի իրացման հնարավորության և դատարանի մատչելիության իրավունքի ոչ համարժեք սահմանափակմանը:

Ի դեպ, նման եզրահանգում է կատարել նաև ՀՀ փաստաբանների պալատը (ըստ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի` ՀՀ սահմանադրական դատարանին 27.02.2015թ. թիվ Ն/202 նամակով հասցեագրված մեկնաբանությունների):

 

10. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված` վճռաբեկ բողոքին կից բողոքի էլեկտրոնային տարբերակը ներկայացնելու պահանջի` որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար անհրաժեշտ նախապայմանի առնչությամբ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն կանոնակարգումն անմիջականորեն կապված է ՀՀ Սահմանադրության հոդված 18-ում երաշխավորված իրավունքների, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված` անձի դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչ հանդիսացող դատարանի մատչելիության իրավունքի հետ (access to court): Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր մի շարք որոշումներում արձանագրել է, որ այս իրավունքը բացարձակ չէ, և պետությունները կարող են այն իրացնելու հնարավորությունը պայմանավորել որոշակի պահանջներով և չափանիշներով (Luordo v. Italy, 2003թ. հոկտեմբերի 17-ի վճիռ, Staroszczyk v. Poland, 2007թ. հուլիսի 9-ի վճիռ, Stanev v. Bulgaria, 2012 թ. հունվարի 17-ի վճիռ և այլն): Վիճարկվող դրույթն ամրագրված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածում, որով սահմանվում են վճռաբեկ բողոքին ներկայացվող պահանջերը` թե՛ բովանդակությանը, թե՛ բողոքին կից ներկայացվող փաստաթղթերին: Այսպիսով, 158-րդ հոդվածի ուսումնասիրությունը վկայում է, որ այն ամրագրում է դատարանի մատչելիության իրավունքից օգտվելու համար որոշակի իրավական պահանջներ, ուստիև բողոքին կից բողոքի էլեկտրոնային տարբերակը ներկայացնելը ևս հանդես է գալիս որպես այդ իրավունքի իրացման նախապայման: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և իր ծանրությամբ չհանգեցնի իրավունքի էության խախտման: ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքին կից բողոքի էլեկտրոնային տարբերակը ներկայացնելու պահանջն ինքնին չի արգելափակում անձի` դատարանի մատչելիության իրավունքի իրացման հնարավորությունը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման պահանջով անձի վրա չի դրվում օբյեկտիվ իրականության մեջ առկա հնարավորությունների հաշվառմամբ անիրագործելի և Սահմանադրության արժեբանությանը հակասող վարքագիծ դրսևորելու պարտականություն, հետևաբար` այն չի հանգեցնում նաև իրավունքի էության խախտման:

Սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրում է, որ ո՛չ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով, ո՛չ որևէ այլ իրավական ակտով նախատեսված չեն բողոքի էլեկտրոնային տարբերակին ներկայացվող պահանջները (էլեկտրոնային փաստաթղթի ձևավորման չափանիշները, վավերապայմանները, ձևաչափը և այլն): Նման պահանջների բացակայությունը պետք է մեկնաբանվի որպես բողոքաբերի իրավունք` ընտրելու էլեկտրոնային եղանակով փաստաթղթեր ներկայացնելու ցանկացած ձևաչափ և ցանկացած չափանիշի ընտրության հնարավորություն: Ընդ որում, որևէ պահանջ նախատեսված չէ նաև էլեկտրոնային թվային ստորագրության վերաբերյալ, հետևաբար` անձը չի կրում նման ստորագրություն ունենալու և այն օգտագործելու պարտականություն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջն իրացնելիս:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված «էլեկտրոնային կրիչ»-ին ներկայացված պահանջները որևէ իրավական ակտով ևս նախատեսված չեն: «Էլեկտրոնային կրիչ» հասկացությունը բացահայտված է «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքով: Մասնավորապես, նշված օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է. «էլեկտրոնային կրիչ՝ մագնիսական սկավառակ, մագնիսական ժապավեն, լազերային սկավառակ, կիսահաղորդչային և այլ նյութական կրիչներ, որոնք օգտագործվում են էլեկտրոնային կամ այլ տեխնիկական միջոցներով տեղեկատվության գրանցման և պահպանման համար»: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 5-րդ մասն ամրագրում է «էլեկտրոնային կրիչ» եզրույթը և ինքնին` կրիչին ներկայացվող այլ պահանջ չի նախատեսում (կրիչի տեսակը), ուստիև անձի կողմից ցանկացած էլեկտրոնային կրիչով բողոքի էլեկտրոնային տարբերակը ներկայացնելու պարագայում նշված պահանջը համարվում է կատարված:

Պատասխանողն իր բացատրության մեջ նույնպես նման կերպ է մեկնաբանել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, մասնավորապես նշել է. «Թեև դատավարական օրենսգրքերում ձևակերպման առումով օրենսդիրը միասնական մոտեցում չի դրսևորել և չի կոնկրետացրել էլեկտրոնային փաստաթղթի ձևաչափն ու չի կոնկրետացրել էլեկտրոնային կրիչի տեսակը, սակայն այդ հանգամանքը գործող իրավակիրառական պրակտիկայի պայմաններում չի կարող իրավունքների խախտման տեղիք տալ: ... Օրենսդիրը կրիչի տեսակը չորոշակիացնելով` ըստ էության, որպես ընդունելի տարբերակ է դիտել վճռաբեկ բողոքի էլեկտրոնային տարբերակը պահպանելու և փոխանցելու համար պիտանի կրիչի ցանկացած տեսակ»:

 Սահմանադրական դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 5-րդ մասի առնչությամբ նաև արձանագրում է, որ թեպետ սույն հոդվածով «էլեկտրոնային տարբերակը» հասկացությունը փակագծերի մեջ բացահայտված է որպես «էլեկտրոնային կրիչ», սակայն այս եզրույթները նույնական չեն. առաջինը վերաբերում է վճռաբեկ բողոքի տեքստը պարունակող համակարգչային նիշքին (ֆայլին), որը մատչելի է համակարգչային որևէ ծրագրի, իսկ երկրորդը` այդ տեքստը պահպանելու և փոխանցելու համար պիտանի տեխնիկական սարքին: Սահմանադրական դատարանը կարևորում է այս տարբերակումը, քանի որ բողոքի էլեկտրոնային տարբերակը հնարավոր է ներկայացնել ոչ միայն էլեկտրոնային կրիչի, այլև` էլեկտրոնային փոստի միջոցով, իսկ պատասխանողն էլ սույն գործով ներկայացրած իր բացատրության մեջ նշում է. «Փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը, եթե այն չի ներկայացվում էլեկտրոնային փոստի միջոցով, կարող է հասանելի դառնալ փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը կրելու ունակ որևէ կրիչի միջոցով»: Ուստիև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված պահանջը չի վերաբերում բացառապես բողոքի փաստաթղթային տարբերակին կից էլեկտրոնային կրիչով բողոքի էլեկտրոնային տարբերակը ներկայացնելուն, այլ թույլ է տալիս անձին ներկայացնել բողոքի էլեկտրոնային տարբերակը նաև էլեկտրոնային փոստի միջոցով:

Սահմանադրական դատարանը նաև գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված` վճռաբեկ բողոքի էլեկտրոնային տարբերակը ներկայացնելու պահանջի իրացման միատեսակության ապահովման համար համապատասխան միասնական չափանիշները պետք է ստանան իրավական ամրագրում: Այս հարցի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրությունը ևս վկայում է, որ այն դեպքերում, երբ անձի վրա դրվում է պարտականություն փաստաթղթերի հետ մեկտեղ ներկայացնել նաև փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակը կամ ուղղակիորեն դիմել համապատասխան մարմին էլեկտրոնային եղանակով, մանրամասնորեն սահմանվում են փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակներին ներկայացվող պահանջները և հասանելի են լինում համապատասխան մարմնի պաշտոնական էլեկտրոնային կայքէջում (Կանադա, Մեծ Բրիտանիա և այլն):

Այսպիսով, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված` վճռաբեկ բողոքին կից բողոքի էլեկտրոնային տարբերակը ներկայացնելու միասնական չափանիշների բացակայությունը ենթադրում է դիմողի իրավունքը ներկայացնելու բողոքի էլեկտրոնային տարբերակը ցանկացած ձևաչափով և փաստաթղթի ցանկացած ձևավորմամբ թե՛ ցանկացած տեսակի էլեկտրոնային կրիչով, թե՛ էլեկտրոնային փոստով: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված` վճռաբեկ բողոքին կից բողոքի էլեկտրոնային տարբերակը ներկայացնելու միասնական չափանիշները պետք է իրավաբանորեն ամրագրվեն, իսկ մինչ այդ իրավակիրառական պրակտիկան պետք է զարգանա սույն որոշման մեջ խնդրո առարկա հիմնահարցի վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14.1-րդ հոդվածին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր` նկատի ունենալով, որ տվյալ դրույթի կիրառումն առկա իրավակարգավորումների պայմաններում սոցիալական անհամաչափ ծանրաբեռնվածություն է առաջացնում անձանց համար` կախված նրանց ֆինանսական հնարավորություններից, չապահովելով նաև անձի արդար դատաքննության, դատական պաշտպանության արդյունավետ միջոցի և դատարանի մատչելիության իրավունքների լիարժեք իրացումը։

2. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 5-րդ մասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող` սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

 3 մարտի 2015 թ.
ՍԴՈ-1192