Գլխավոր տեղեկություն
Համար
N 435-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (19.02.2015-01.03.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.05.29/30(265) Հոդ.452
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.04.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.04.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
05.05.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.05.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 մայիսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 ապրիլի 2003 թվականի N 435-Ն

«ԳՅՈՒՄՐՈՒ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի «Գյումրիի տուն-ինտերնատ» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի «Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության։ «Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանում է «Գյումրիի տուն-ինտերնատ» պետական հիմնարկի իրավահաջորդը՝ փոխանցման ակտին համապատասխան։

2. «Գյումրիի տուն-ինտերնատ» պետական հիմնարկի տնօրինության՝ պետական սեփականություն հանդիսացող 1886,2 հազ. դրամ արժողությամբ գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։

«Գյումրիի տուն-ինտերնատ» պետական հիմնարկի տնօրինության՝ պետական սեփականություն հանդիսացող 185846,2 հազ. դրամ արժողությամբ շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքելով համապատասխան պայմանագիր։

3. Սահմանել, որ՝

ա) «Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական նպատակը խնամքի կարիք ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված՝ վաթսունհինգ տարին լրացած (այսուհետ` տարեց) միայնակ չաշխատող կենսաթոշակառուների, կամ տասնութ տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց, ընտանիքում աշխատունակ անդամ չունեցող տարեց անձանց, կամ ընտանիքում բռնության, սոցիալական մեկուսացվածության կամ բարոյահոգեբանական անհամատեղելի իրավիճակի առկայության դեպքում տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց` բացառությամբ քրոնիկ հոգեկան հիվանդությամբ կամ խորը մտավոր հետամնացությամբ հաշմանդամություն ունեցող, ծերունական փսիխոզով, ծանր արտահայտված սկլերոզով անձանց, շուրջօրյա լրիվ խնամքի, սոցիալական սպասարկման և երկարաժամկետ կացարանով բնակության ապահովումն է: «Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան կազմակերպությունում խնամվող անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, սննդով, հագուստով, կոշիկով, առաջին անհրաժեշտության այլ պարագաներով ապահովումն է, նրանց սոցիալ-հոգեբանական օգնության, առաջնային բժշկական օգնության և սպասարկման, իրավաբանական խորհրդատվության տրամադրման, պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ապահովման, բժշկասոցիալական փորձաքննության, հիվանդանոցային բժշկական հաստատություն ուղեգրման, ազատ ժամանցի և աշխատանքային թերապիայի կազմակերպումն է.

բ) «Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝ տնային պայմաններում սոցիալական սպասարկման և կենցաղային սպասարկման ծառայությունների մատուցում, խնամվողների ուժերով հացի արտադրություն, գորգերի և գորգեղենի արտադրություն, փայտի արտադրատեսակների արտադրություն։

(3-րդ կետը խմբ. 22.01.15 N 32-Ն) 

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 29.04.04 N 635-Ն)

5. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին՝ մեկամսյա ժամկետում հաստատել՝

ա) «Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունն ու այն սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման.

բ) «Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմը։

6. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի «Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական ռեգիստրում գրանցման, կնիքի պատրաստման թույլտվության, ինչպես նաև սույն որոշման համաձայն հանձնվող գույքի գրանցման հետ կապած ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 12-րդ կետով սահմանված կարգով։

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. ապրիլի 28
Երևան