Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-195
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.1998-05.04.2000)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.12.31/33(66)
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
24.12.1998
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.12.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.04.2000

030.0195.24.12.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՀԻՄՆԵԼՈՒ ԵՎ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայրենական գրականության զարգացմանը նպաստելու եւ գրողներին խրախուսելու նպատակով որոշում եմ.

1. Հիմնել հետեւյալ ամենամյա պետական գրական մրցանակները`

ա) «Ոսկե եղեգն» գրական մեծ մրցանակ` շնորհվում է լավագույն գրական ստեղծագործության համար` անկախ ժանրից.

բ) ժանրային մրցանակներ` հետևյալ ժանրերի գրական ստեղծագործությունների համար`

- արձակ` 1-ին, 2-րդ, 3-րդ մրցանակներ,

- պոեզիա` 1-ին, 2-րդ, 3-րդ մրցանակներ,

- դրամատուրգիա` 1-ին, 2-րդ, 3-րդ մրցանակներ,

- մանկական գրականություն (անկախ ժանրից)` 1-ին, 2-րդ, 3-րդ մրցանակներ:

2. Հաստատել պետական գրական մրցանակների շնորհման կարգը` համաձայն հավելվածի:

3. Սահմանել, որ`

ա) պետական գրական մրցանակների շնորհման նպատակով մրցանակի հավակնորդների ընտրությունը կազմակերպվում է 1999 թվականից.

բ) մրցանակաբաշխության կազմակերպման, պետական գրական մրցանակների մաս կազմող հուշանվերների և վկայագրերի պատրաստման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը, ինչպես նաև մրցանակների մաս կազմող դրամական պարգևների վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի` պետական բյուջեով սահմանված ծախսերի կազմում նախատեսված պահուստային ֆոնդի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին`

ա) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել «Ոսկե եղեգն» գրական մեծ մրցանակի մաս կազմող «Ոսկե եղեգն» հուշանվերի և ժանրային 1-ին մրցանակի մաս կազմող հուշանվերի նկարագրերը, վկայագրերի ձևերը.

բ) ապահովել պետական գրական մրցանակների մաս կազմող հուշանվերների և վկայագրերի պատրաստումը:

5. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան
   

Երևան
24 դեկտեմբերի 1998 թ.
ՆՀ-195

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ
24-Ի ՆՀ-195 ՀՐԱՄԱՆԱԳՐԻ

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ

 

Կ Ա Ր Գ

 

1. Պետական գրական մրցանակները (այսուհետ` մրցանակ) շնորհվում են առավել արժեքավոր ստեղծագործությունների հեղինակներին:

2. Մրցանակի հայցման կարող են ներկայացվել միայն այն գրական ստեղծագործությունները, որոնք առաջին անգամ հրատարակվել են տվյալ տարվա մրցանակի հավակնորդների ընտրության ավարտման օրվան նախորդած երկու տարվա ընթացքում:

3. Որպես մրցանակ շնորհվում են` «Ոսկե եղեգն» հուշանվեր («Ոսկե եղեգն» գրական մեծ մրցանակի համար), ժանրային 1-ին մրցանակի հուշանվեր, մրցանակի դափնեկրի վկայագիր և դրամական պարգևներ հետևյալ չափերով`

ա) «Ոսկե եղեգն» գրական մեծ մրցանակի համար` մեկ միլիոն դրամ.

բ) ժանրային 1-ին մրցանակի համար` վեց հարյուր հազար դրամ.

գ) ժանրային 2-րդ մրցանակի համար` չորս հարյուր հազար դրամ.

դ) ժանրային 3-րդ մրցանակի համար` երկու հարյուր հազար դրամ:

4. Մրցանակը շնորհվում և հանձնվում է ամեն տարի, որպես կանոն, մրցանակի հավակնորդների ընտրության տարվան հաջորդող տարվա հունվարի 6-ին:

5. Մրցանակի հայցման ներկայացված ստեղծագործությունների քննարկման, մրցանակի հավակնորդների ընտրության և նրանց մրցանակ շնորհելու մասին առաջարկությունները Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնելու նպատակով ամեն տարի մինչև մայիսի 31-ը Հայաստանի Հանրապետության Նախագահը կազմավորում է պետական գրական մրցանակների հարցերով հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով), որը գործում է մինչև մրցանակաբաշխության ավարտը:

6. Հանձնաժողովի անդամները, բացառությամբ հանձնաժողովի նախագահի, չեն կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել հանձնաժողովի կազմում:

7. Հանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով:

Տվյալ տարվա հանձնաժողովի անդամները այդ տարին չեն կարող ներկայացվել մրցանակի:

8. Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման կարգը, ինչպես նաև մրցանակի հավակնորդների ընտրության չափանիշները և կարգը, մրցանակաբաշխություն անցկացնելու կարգը սահմանում է հանձնաժողովը:

9. Հանձնաժողովն իր կազմավորումից հետո 30-օրյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով տեղեկացնում է մրցանակաբաշխություն անցկացնելու, ինչպես նաև մրցանակի հայցման նպատակով առաջարկություններ ներկայացնելու մասին:

10. Մրցանակի շնորհման մասին առաջարկությունները հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության Նախագահին է ներկայացնում ոչ շուտ, քան տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը և ոչ ուշ, քան տվյալ տարվա դեկտեմբերի 15-ը:

11. Մրցանակի շնորհման մասին հանձնաժողովի առաջարկությունների հիման վրա մրցանակները շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` համապատասխան հրամանագրով:

12. Մրցանակը ստեղծագործության համահեղինակներին շնորհելու դեպքում մրցանակի մաս կազմող դրամական պարգևը հավասար բաշխվում է համահեղինակների միջև:

13. Մրցանակի արժանացած` մահացած դափնեկրի հուշանվերը և վկայագիրը հետմահու հանձնվում են նրա ընտանիքին, իսկ դրամական պարգևը փոխանցվում է նրա ժառանգներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

14. Մրցանակի արժանացած անձանց մրցանակները հանձնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` հանդիսավոր պայմաններում, որպես կանոն, Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան