Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԽ-32-Ո-29
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.01.14/2(1091) Հոդ.23
Ընդունող մարմին
Արդարադատության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.12.2014
Ստորագրող մարմին
Արդարադատության խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱԽ-32-Ո-29

2014 թ.

ԴԱՏԱՎՈՐԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի
   

մասնակցությամբ` ԱԽ անդամներ

Ա. Բաբայանի, Գ. Բադիրյանի, Կ. Բաղդասարյանի,

Ռ. Բարսեղյանի, Ա. Թումանյանի, Գ. Խանդանյանի,

Է. Հայրիյանի, Ս. Չիչոյանի, Վ. Ստեփանյանի, 

Հ. Փանոսյանի, Ս. Օհանյանի

   

մասնակցությամբ` դատավոր

Խ. Խաչատրյանի
   

ՀՀ գլխավոր դատախազ

Գ. Կոստանյանի
   

քարտուղարությամբ

Շ. Վարդանյանի

 

2014 թվականի դեկտեմբերի 27-ի նիստում Արդարադատության խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ), քննարկելով ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

ՀՀ Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ ՀՆ-2343 որոշմամբ մերժվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Խ. Խաչատրյանին կալանավորելու համաձայնություն տալու մասին Խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ ԱԽ-31-Ո-28 որոշմամբ ներկայացված առաջարկը:

ՀՀ գլխավոր դատախազը 2014 թվականի դեկտեմբերի 27-ին Խորհուրդ ներկայացրել է միջնորդություն` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Խ. Խաչատրյանին կալանավորելու համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին առաջարկություն ներկայացնելու վերաբերյալ` նշելով այնպիսի հիմքեր, որոնք նախորդ միջնորդությամբ չեն ներկայացվել և Խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 26-ի նիստում քննարկման առարկա չեն հանդիսացել:

 

ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը.

 

Ըստ միջնորդության`

«2014 թվականի դեկտեմբերի 19-ին «Զոսեկար» ՍՊ ընկերության տնօրեն Սեյրան Կարապետյանը ՀՀ ԿԱ ԱԱԾ-ում հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը նշված ընկերությանը սնանկ ճանաչելուց հետո, գրավադրված անշարժ գույքի աճուրդով վաճառքի ժամկետը երկարաձգելու և իր համար շահեկան տարբերակով դրանք ձեռք բերելու հնարավորություն ընձեռելու համար իրենից պահանջել է 20.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Հաղորդման հիման վրա ՀՀ ԿԱ ԱԱԾ կողմից իրականացվել են մի շարք օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, այդ թվում` արտաքին և ներքին դիտում, որոնց ընթացքում ձայնագրառվել է Սեյրան Կարապետյանի և Խաչատուր Խաչատրյանի միջև 2014 թվականի դեկտեմբերի 20-ին կաշառքի շուրջ ձեռք բերված համաձայնության վերաբերյալ տեղի ունեցած առանձնազրույցը, կաշառք տալու նմանակում, որի ընթացքում 2014 թվականի դեկտեմբերի 25-ին Սեյրան Կարապետյանը, պայմանավորվածության համաձայն, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում` Խաչատուր Խաչատրյանի աշխատասենյակում, վերջինիս պահանջով կաշառքի առարկա հանդիսացող 20.000 ԱՄՆ դոլար գումարը դրել է նույն աշխատասենյակում գտնվող պահարանի դարակի մեջ: Դրանից անմիջապես հետո աշխատասենյակ են մուտք գործել օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնող ԱԱԾ աշխատակիցները և հայտնաբերել կաշառքի գումարը:

Դատավորի կողմից, իր լիազորությունների շրջանակներում, Սեյրան Կարապետյանի օգտին գործողություն կատարելու համար առանձնապես խոշոր չափերով` 9.186.000 ՀՀ դրամին համարժեք 20.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում 2014 թվականի դեկտեմբերի 26-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Լոռու մարզի Լեռնավան գյուղի բնակիչ Սեյրան Կարապետյանը, Վանաձոր քաղաքում տեղակայված, իրեն պատկանող երեք անշարժ գույքերը 2006-2007թթ. ընթացքում գրավադրելով «Ինեկոբանկ» ՓԲ ընկերության Վանաձորի մասնաճյուղում, պարբերաբար ստացել է տարբեր չափերի վարկեր, սակայն, հետագայում, դրանք ու նախատեսված տոկոսային հավելավճարները մարել չկարողանալու պատճառով, «Ինեկոբանկ» ՓԲ ընկերության կողմից հայց է ներկայացվել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` Սեյրան Կարապետյանի հիմնադրած «Զոսեկար» ՍՊ ընկերությունից 517.939,80 ԱՄՆ դոլար գումարի պահանջի վերաբերյալ: Քաղաքացիական վարույթն իրականացնող դատավոր Խաչատուր Խաչատրյանի 2014 թվականի հոկտեմբերի 2-ի որոշմամբ «Զոսեկար» ՍՊ ընկերությունը ճանաչվել է սնանկ, որից հետո, Խաչատուր Խաչատրյանը, «Զոսեկար» ՍՊ ընկերությանը պատկանող անշարժ գույքի աճուրդով վաճառքի ժամկետը երկարաձգելու և Սեյրան Կարապետյանի համար շահեկան տարբերակով դրանք ձեռք բերելու հնարավորություն ընձեռելու համար, վերջինիցս 2014 թվականի դեկտեմբերի 20-ին պահանջել և դեկտեմբերի 25-ին ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի իր աշխատասենյակում ստացել է առանձնապես խոշոր չափերով` 9.186.000 ՀՀ դրամին համարժեք 20.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Դատավոր Խաչատուր Խաչատրյանը 2014 թվականի դեկտեմբերի 26-ին` ժամը 02.35-ին, ձերբակալվել է` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով: Ձերբակալման համար հիմք է հանդիսացել այն, որ նա բռնվել է քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելուց անմիջապես հետո: Նա կասկածվում է այնպիսի հանցագործության մեջ, որի կատարման համար կարող է նշանակվել պատիժ` ազատազրկան ձևով:

Գործով ձեռք են բերվել դատավոր Խաչատուր Խաչատրյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մասին վկայող հետևյալ փաստական տվյալները.

Սեյրան Կարապետյանի հաղորդումը և որպես վկա տված ցուցմունքն այն մասին, որ «Ինեկոբանկ» ՓԲ ընկերությունից վարկեր ստանալու համար գրավադրել է Վանաձորում գտնվող մետաղապլաստե դռների արտադրամասը, առևտրի կենտրոնի շենքը և «Վիվասել» ընկերությանը վարձակալությամբ տված տարածքը: Քանի որ սահմանված ժամկետներում չի կարողացել կատարել վարկային պարտավորությունները, բանկը դիմել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` «Զոսեկար» ՍՊ ընկերությունը սնանկ ճանաչելու խնդրանքով: Դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 2-ի վճռով «Զոսեկար» ՍՊ ընկերությունը ճանաչվել է սնանկ: Սնանկության գործընթացի ժամանակ տեղեկացել է, որ մինչև 2014 թվականի վերջը բանկում գրավադրված գույքը պետք է վաճառվի աճուրդի միջոցով:

Քանի որ նպատակ է ունեցել մինչև 2015 թվականի մարտ ամիսը ՌԴ տարածքում բնակվող հարազատներից գումար խնդրել ու այդ միջոցների հաշվին աճուրդով` համեմատաբար էժան գնով ձեռք բերելու գրավադրված գույքը, դիմել է դատավոր Խաչատուր Խաչատրյանին` գրավադրված գույքի աճուրդի ժամկետը մինչև 2015 թվականի մարտի 1-ը երկարացնելու և դրանով իսկ նշված գույքն իր կողմից գնելու հնարավորություն ընձեռելու համար:

Վերջինս խոստացել է կատարել իր խնդրանքը` դրա դիմաց մինչև 2014 թվականի դեկտեմբերի 20-ը պահանջելով 15.000 ԱՄՆ դոլար, որին ստիպված համաձայնել է, սակայն, չկարողանալով հայթայթել պահանջված գումարը, դիմել է ՀՀ ԱԱԾ և 2014թ. դեկտեմբերի 19-ին հաղորդում ներկայացրել այդ մասին:

Երբ հերթական անգամ` 2014 թվականի դեկտեմբերի 20-ին, հանդիպել է դատավոր Խաչատուր Խաչատրյանին, վերջինս հայտնել է, որ 15.000 ԱՄՆ դոլարի փոխարեն պետք է տա 20.000 ԱՄՆ դոլար` պատճառաբանելով, որ այդքան է անհրաժեշտ գործի համար:

ՀՀ ԱԱԾ մարմիններից ստանալով կաշառքի համար նախատեսված 20.000 ԱՄՆ դոլար գումարը` դատավոր Խաչատուր Խաչատրյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2014 թվականի դեկտեմբերի 25-ին գնացել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ դատարանի աշխատակիցներից մի տղամարդ ուղեկցել է իրեն դատավոր Խաչատուր Խաչատրյանի սենյակ, ապա հեռացել: Դատավոր Խաչատուր Խաչատրյանի պահանջով ինքը 20.000 ԱՄՆ դոլար գումարը նրա ներկայությամբ դրել է աշխատասենյակի պահարանի մեջ, վերջինիս ներկայությամբ և, կրկին համոզվելով իրենց նախնական պայմանավորվածության հավաստիության մեջ, հեռացել է:

Կաշառք տալու նմանակում օպերատիվ-հետախուզական միջոցառման վերաբերյալ կազմված արձանագրությունը և դրա հավելված հանդիսացող տեսագրությունը, դատավոր Խաչատուր Խաչատրյանի աշխատասենյակի զննման արձանագրությունը, համաձայն որի` վերջինիս աշխատասենյակի պահարանից հայտնաբերվել և վերցվել է կաշառքի առարկա հանդիսացող 20.000 ԱՄՆ դոլար գումարը:

Խաչատուր Խաչատրյանը ներկայումս հրաժարվում է ցուցմունքներ տալուց, վկա Սեյրան Կարապետյանի հետ առերեսվելուց:

Այսպիսով, ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Ռաֆիկի Խաչատրյանին սույն քրեական գործով ներգրավելու որպես մեղադրյալ և առաջադրելու մեղադրանք` դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ մասերով:

Վերը թվարկված փաստական տվյալները վկայում են Խաչատուր Խաչատրյանի կողմից իր լիազորությունների շրջանակներում, Սեյրան Կարապետյանի օգտին գործողություն կատարելու համար առանձնապես խոշոր չափերով` 9.186.000 ՀՀ դրամին համարժեք 20.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու հիմնավոր կասկածի առկայության մասին, ինչը ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի ուժով պարտադիր պայման է մարդուն ազատությունից զրկելու, տվյալ դեպքում` կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:

Բացի առերևույթ հանցանք կատարած լինելու մասին հիմնավոր կասկածից, առկա են նաև Խաչատուր Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար բավարար հիմքեր:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «1. Դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը խափանման միջոց կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է`

1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.

2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.

3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.

4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.

5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը: (...)»:

Դատավորի կողմից, իր լիազորությունների շրջանակներում, Սեյրան Կարապետյանի օգտին գործողություն կատարելու համար առանձնապես խոշոր չափերով` 9.186.000 ՀՀ դրամին համարժեք 20.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ Խաչատուր Ռաֆիկի Խաչատրյանը, ազատության մեջ մնալով, կարող է`

1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, որպիսի հավանական վարքագծի մասին հիմք է տալիս ենթադրելու Խաչատուր Խաչատրյանին վերագրվող` քրեական օրենսգրքով արգելված արարքի հասարակական հնչեղության հնարավոր ազդեցությունը և սպասվող պատժի խստության մտավախությունը,

 2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով, որպիսի հավանական վարքագծի մասին հիմք է տալիս ենթադրելու այն հանգամանքը, որ Խաչատուր Խաչատրյանը 2009 թվականից զբաղեցրել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, որի շնորհիվ ՀՀ Լոռու մարզում անձանց որոշակի շրջանակի հետ իր ունեցած անձնական կապերն օգտագործելով կամ անձամբ կարող է փորձել` համոզելու, հարկադրելու, կաշառելու կամ այլ անօրինական եղանակով ներգործել ինչպես Սեյրան Կարապետյանի, այնպես էլ հետագայում քննությանը ներգրավման ենթակա անձանց վրա, որպեսզի նրանք տան իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ կամ ընդհանրապես հրաժարվեն ցուցմունք տալուց,

3) խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը` իր օգնականի կամ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի այլ աշխատողների միջոցով Սեյրան Կարապետյանի դիմումի հիման վրա իր նախագահությամբ քննված քաղաքացիական գործի վարույթից իր վերաբերյալ հարուցված գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու միջոցով»:

 

Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն. «Արդարադատության խորհուրդն օրենքով սահմանված կարգով (...) առաջարկ է ներկայացնում Հանրապետության Նախագահին (...) դատավորին կալանավորելու (...) համաձայնություն տալու մասին»:

ՀՀ դատական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Դատավորին կալանավորելու (...) համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին առաջարկություն ներկայացնելու հարցով Արդարադատության խորհուրդ է դիմում ՀՀ գլխավոր դատախազը (...)»:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն. «ՀՀ գլխավոր դատախազը (...) Արդարադատության խորհրդին է ներկայացնում դատավորին կալանավորելու (...) համար հիմք հանդիսացող նյութերը»:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն. «Դատավորին կալանավորելու (...) համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին ներկայացված Արդարադատության խորհրդի առաջարկը և դրա հիման վրա տրված Հանրապետության Նախագահի համաձայնությունը չեն նշանակում դատավորին կալանավորելու, նրան դատական կարգով քրեական (...) պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայության հաստատում և չեն կաշկանդում իրավասու դատարանին համապատասխան հարցը օրենքով սահմանված կարգով լուծելիս»:

Քննարկելով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Խ. Խաչատրյանին կալանավորելու համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին առաջարկություն ներկայացնելու հարցը, լսելով ՀՀ գլխավոր դատախազի դիրքորոշումը, դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով ներկայացված նյութերը` Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը և դրան կից նյութերը բավարար են ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Խ. Խաչատրյանին կալանավորելու համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին առաջարկություն ներկայացնելու համար:

Խորհրդի նման դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ դատավոր Խ. Խաչատրյանը կասկածվում է առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետեր), ինչպես նաև այն, որ ելնելով դատավորի կարգավիճակից, կարող է որոշակի ազդեցություն ունենալ մինչդատական վարույթում գործի օբյեկտիվ քննության վրա:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ հոդվածով, 161-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով` Խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը բավարարել: Առաջարկել Հանրապետության Նախագահին համաձայնություն տալ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Խ. Խաչատրյանին կալանավորելու մասին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Արդարադատության խորհրդի անդամներ`

Ա. ԲԱԲԱՅԱՆ 
 

Գ. ԲԱԴԻՐՅԱՆ

Կ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ 

Ռ. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ա. ԹՈՒՄԱՆՅԱՆ

Գ. ԽանդանՅԱՆ 

Է. ՀԱՅՐԻՅԱՆ 

Ս. Չիչոյան

Վ. Ստեփանյան

Հ. Փանոսյան

Ս. Օհանյան