Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.11.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.01.12/1(1090) Հոդ.13
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
28.11.2014
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
28.11.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.11.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/0111/02/13

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/0111/02/13

2014 թ.

Նախագահող դատավոր՝  Ա. Թումանյան

Դատավորներ՝   

Լ․ Գրիգորյան
 

Գ․ Մատինյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

   

Վ. Աբելյանի

   

Ս. Անտոնյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

Է. Հայրիյանի

   

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

2014 թվականի նոյեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Մանե Մուրադյանի ներկայացուցիչ Սարգիս Ասլանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.05.2014 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Մանե Մուրադյանի ընդդեմ «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ԲԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն), երրորդ անձ Գոհար Սարգսյանի` Գևորգ Մուրադյանին պատկանող 66 հատ բաժնետոմսերը «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ին պետական գրանցման ներկայացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Մանե Մուրադյանը պահանջել է պարտավորեցնել Ընկերությանը Գևորգ Մուրադյանին պատկանող 66 հատ անվանական բաժնետոմսերը ներկայացնել «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ին պետական գրանցման և վերացնել իր սեփականության իրավունքի խոչընդոտները:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ե. Քոչարյան) (այսուհետ՝ Դատարան) 18.02.2014 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 14.05.2014 թվականի որոշմամբ Մանե Մուրադյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 18.02.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մանե Մուրադյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 49-րդ, 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ընկերության բաժնետոմսերը կարող են տեղաբաշխվել ինչպես Ընկերության բաժնետերերի ռեեստրում բաժնետիրոջ անձնական հաշվում գրանցման, այնպես էլ` տպագրական եղանակով պատրաստված բաժնետոմսերի տեսքով: Դատարանը, հաշվի չառնելով այս հանգամանքը, Մանե Մուրադյանի վրա է դրել այն ապացույցների ձեռքբերումը, որոնք ի սկզբանե չէին կարող լինել վերջինիս տրամադրության տակ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.05.2014 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Մանե Մուրադյանի այն պնդումը, որ Ընկերությունը Գևորգ Մուրադյանին պատկանող թվով 66 հատ բաժնետոմսերը չի ներկայացրել դեպոզիտարիա` գրանցման, անհիմն է, քանի որ համաձայն «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի կողմից 07.05.2013 թվականին կազմված 06.05.2013 թվականին գրանցված սեփականատերերի ցուցակի` Ընկերության թվով 15.648 հատ բաժնետոմսերի 100 տոկոսի գրանցված սեփականատերն է Միխաիլ Գեորգիի Սամոդելկինը: Հետևաբար, թե′ Դատարանը, և թե′ Վերաքննիչ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատել են գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ և եկել են ճիշտ եզրահանգման:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Սովորական անվանական բաժնետոմսերի առաջին թողարկման հավաստագրի համաձայն` Գևորգ Մուրադյանը հանդիսանում է Ընկերության բաժնետեր, և 19.09.1995 թվականի դրությամբ ունի 66 հատ սովորական անվանական բաժնետոմս (հատոր 1-ին, գ.թ. 20):

2. ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տարածքային բաժնի կողմից 30.09.2004 թվականին տրված թիվ 001459 մահվան վկայականի համաձայն` Գևորգ Մուրադյանը մահացել է 29.09.2004 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 19):

3. 24.01.2006 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` հանգուցյալ Գևորգ Մուրադյանի գույքի նկատմամբ հավասար բաժիններով ժառանգներ են հանդիսանում կինը՝ Գոհար Սարգսյանը, և դուստրը՝ Մանե Մուրադյանը (հատոր 1-ին, գ.թ. 18):

4. «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ՓԲԸ-ն 31.01.2000 թվականից հանդիսանում է Ընկերության իրավահաջորդը (հատոր 1-ին, գ.թ. 13, հատոր 2-րդ, գ.թ. 20):

5. «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի տնօրեն Վ. Ստեփանյանի 29.11.2012 թվականի թիվ ՀԿԴ-4-1470 գրության համաձայն` 28.11.2012 թվականի դրությամբ «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ՓԲԸ-ի անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրում Գևորգ Մուրադյան անվամբ բաժնետեր գրանցված չէ (հատոր 1-ին, գ.թ. 17):

6. 19.07.2013 թվականի դատական նիստի ժամանակ Մանե Մուրադյանի ներկայացուցիչ Սարգիս Ասլանյանը Դատարանին միջնորդել է Ընկերությունից պահանջել Դատարան ներկայացնելու Ընկերության բաժնետերերի` բաժնեմասերի քանակով գրանցված մատյանները, սակայն Դատարանի որոշմամբ Մանե Մուրադյանի ներկայացուցչի միջնորդությունը մերժվել է (դատական նիստի արձանագրման համառոտագրություն, հատոր 2-րդ, գ.թ. 61-62):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ քաղաքացիական դատավարությունում ապացուցման պարտականության բաշխման և ապացույց պահանջելու ընթացակարգերի իրավակարգավորման առանձնահատկություններին:

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը։ Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498 -րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` դատարանը նախնական դատական նիստում կողմերի հետ քննարկում է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` կողմերի միջև բաշխում է ապացուցման պարտականությունը, ինչպես նաև սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետները:

Վերլուծելով վկայակոչված իրավադրույթները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանի կողմից ապացուցման առարկան որոշելու և ապացուցման պարտականությունը բաշխելու դատավարական գործողությունների իրականացումն ինքնանպատակ չէ: Նշված դատավարական գործողությունները մի կողմից կոչված են ապահովել գործի ըստ էության ճիշտ լուծումը, մյուս կողմից երաշխավորել գործին մասնակցող անձանց դատավարական իրավունքների իրականացումը: Մասնավորապես` մրցակցության և իրավահավասարության դատավարական սկզբունքների ապահովման նկատառումով գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է հստակ պատկերացում ունենա գործի լուծման համար նշանակություն ունեցող այն հանգամանքների մասին, որոնք ապացուցելու պարտականությունը կրելու է: Հետևաբար, դատարանը, գործը դատաքննություն նախապատրաստելու փուլում որոշելով ապացուցման առարկան, պետք է ձեռնամուխ լինի ապացուցման պարտականության բաշխմանը: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ընդհանուր կանոնի համաձայն, որն ամրագրված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետում, գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Ընդհանուր կանոնը, սակայն, կիրառելի է բոլոր այն դեպքերում, քանի դեռ դատավարական կամ նյութական իրավունքի նորմերով որոշակի փաստի հաստատման վերաբերյալ հատուկ կանոն սահմանված չէ: Մասնավորապես` առանձին դեպքերում, պայմանավորված վիճելի իրավահարաբերության փաստակազմի առանձնահատկությամբ, որոշակի փաստերի առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունն արդեն իսկ օրենքով կարող է դրված լինել դատավարության կոնկրետ մասնակցի վրա: Նման դեպքերում դատարանն ապացուցման պարտականության բաշխումը պետք է իրականացնի համապատասխան իրավակարգավորման հաշվառմամբ: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ապացուցման պարտականությունը բաշխելիս դատարանները չպետք է սահմանափակվեն միայն ընդհանուր կանոնով և յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնեն վիճելի նյութաիրավական հարաբերության իրավակարգավորումը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498 -րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` դատարանը նախնական դատական նիստում (...) սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետները: Վերը նշված իրավանորմից հետևում է, որ ապացուցման պարտականության բաշխմանը հաջորդում է ապացույցների ներկայացումը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498 -րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն՝ դատարանը նախնական դատական նիստում (...) կողմերի միջնորդությամբ, իսկ նույն օրենսգրքով նախատեսված դեպքում՝ իր նախաձեռնությամբ, պահանջում է անհրաժեշտ ապացույցներ, լուծում է փորձաքննություն նշանակելու, դատական նիստին փորձագետներ, վկաներ կանչելու, թարգմանիչ ներգրավելու, տեղում իրեղեն և գրավոր ապացույցներն ուսումնասիրելու հարցերը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք։ Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձը, որը հնարավորություն չունի անհրաժեշտ ապացույցն ինքնուրույն ձեռք բերել գործին մասնակցող կամ չմասնակցող այլ անձից, որի մոտ այն գտնվում է, իրավունք ունի տվյալ ապացույցը պահանջելու միջնորդությամբ դիմել դատարան: Միջնորդությունում պետք է նշվեն ապացույցը, գործի համար նշանակություն ունեցող այն հանգամանքները, որոնք կարող են հաստատվել այդ ապացույցով, ինչպես նաև ապացույցի գտնվելու վայրը, եթե այն հայտնի է:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վկայակոչված հոդվածների վերլուծությանը: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցներ հավաքելու և դատարան ներկայացնելու պարտականությունը կրում են կողմերը` ապացուցման բեռի բաշխմանը համամասնորեն: Դատավարական օրենքը դատարանին պարտավորեցնում է միայն կողմերի միջնորդությամբ օժանդակել ապացույցների ձեռքբերման հարցում: Նման միջնորդության ներկայացման համար նախապայման է հանդիսանում այն, որ միջնորդող կողմը պետք է հիմնավորի (ապացուցի), որ չունի հնարավորություն ինքնուրույն ձեռք բերելու ապացույցները։ Միջնորդությունը պետք է պարունակի կոնկրետ տեղեկություն հայցվող ապացույցի, ապացուցման ենթակա փաստի, իսկ հայտնի լինելու դեպքում` նաև ապացույցի գտնվելու վայրի վերաբերյալ: Միջնորդությունը ոչ հստակ լինելու դեպքում դատարանը, ելնելով գործի քննության արդյունավետությունից, կարող է պահանջել միջնորդություն ներկայացրած կողմին հստակեցնել այն (տե′ս, Հենրիկ Երիցյանն ընդդեմ Մերուժան Ղզրոյանի և մյուսների թիվ ՇԴ3/0325/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը):

Սույն գործում առկա ապացույցի, այն է` սովորական անվանական բաժնետոմսերի առաջին թողարկման հավաստագրի համաձայն` Գևորգ Մուրադյանը հանդիսանում է Ընկերության բաժնետեր, և 19.09.1995 թվականի դրությամբ ունի 66 հատ սովորական անվանական բաժնետոմս: ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տարածքային բաժնի կողմից 30.09.2004 թվականին տրված թիվ 001459 մահվան վկայականի համաձայն` Գևորգ Մուրադյանը մահացել է 29.09.2004 թվականին, իսկ 24.01.2006 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` հանգուցյալ Գևորգ Մուրադյանի գույքի նկատմամբ հավասար բաժիններով ժառանգներ են հանդիսանում կինը՝ Գոհար Սարգսյանը, և դուստրը՝ Մանե Մուրադյանը: «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի տնօրեն Վ. Ստեփանյանի 29.11.2012 թվականի թիվ ՀԿԴ-4-1470 գրության համաձայն` 28.11.2012 թվականի դրությամբ «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ՓԲԸ-ի անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրում Գևորգ Մուրադյան անվամբ բաժնետեր գրանցված չէ: 19.07.2013 թվականի դատական նիստի ժամանակ Մանե Մուրադյանի ներկայացուցիչը Դատարանին միջնորդել է Ընկերությունից պահանջել Դատարան ներկայացնելու Ընկերության բաժնետերերի` բաժնեմասերի քանակով գրանցված մատյանները, սակայն Դատարանի որոշմամբ Մանե Մուրադյանի ներկայացուցչի միջնորդությունը մերժվել է:

Դատարանը, հայցը մերժելով, պատճառաբանել է, որ գործում առկա չէ որևէ ապացույց, որը կհաստատեր, որ Ընկերության սովորական անվանական բաժնետոմսերի առաջին թողարկման հավաստագրով սահմանված թվով 66 անվանական բաժնետոմսերի նկատմամբ օրենքով սահմանված կարգով ծագել է հանգուցյալ Գևորգ Մուրադյանի սեփականության իրավունքը:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով, պատճառաբանել է, որ պահանջը հիմնավորելու համար հայցվորը պարտավոր էր դատարանում համապատասխան թույլատրելի և վերաբերելի ապացույցներով հիմնավորել, որ Գևորգ Մուրադյանը 29.09.2004 թվականի դրությամբ հանդիսացել է Ընկերության 66 անվանական հասարակ բաժնետոմսերի սեփականատեր և այդ իսկ հիմքով դրանք մտել են ժառանգական զանգվածի մեջ, ինչպես նաև այն, որ Գևորգ Մուրադյանն ունեցել է բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունք, որը խախտվել է Ընկերության կողմից այդ իրավունքը «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ում կամ այլ պահառուի մոտ չգրանցելու արդյունքում, մինչդեռ քաղաքացիական գործի լուծման համար էական նշանակություն ունեցող նշված հանգամանքները հայցվորի կողմից չեն հիմնավորվել: Ավելին, 31.01.2000 թվականին կատարվել է Ընկերության մասնակիցների փոփոխություն և այդ փոփոխության արդյունքում Գևորգ Մուրադյանի «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ՓԲԸ-ի սեփականատեր մնալու հանգամանքի ապացուցման բեռը ևս կրում է հայցվորը, որն այդ իր պարտականությունը չի կատարել և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 6-րդ կետի հիմքով կրում է դրա բացասական հետևանքները:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերը նշված վերլուծությունների համատեքստում, անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.

Ընկերության վերակազմավորման պահին գործող` «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի (ուժի մեջ է մտել 17.05.1996 թվականին, ուժը կորցրել է 06.12.2001 թվականին) 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բաժնետոմսերի հավաստագիրը (սերտիֆիկատը)` անվանական արժեթուղթ է, որը վկայում է նրա սեփականատիրոջ կողմից տվյալ ընկերության որոշակի քանակի բաժնետոմսերի տնօրինման մասին: Նույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված կարգով ընկերությունը վարում է բաժնետերերի և իր այլ արժեթղթերի սեփականատերերի ռեեստրը, որում նշվում են բաժնետիրոջ (այդ արժեթղթերի սեփականատիրոջ) մասին հետևյալ տվյալները` լրիվ անվանումը (ֆիզիկական անձանց համար` ազգանունը և անունը), իրավաբանական անձանց համար` գրանցման և փոստային հասցեն և հաշվարկային հաշիվը, ֆիզիկական անձանց համար` անձնագրային տվյալները և փոստային հասցեն, արժեթղթերի քանակը ըստ ձևերի և տեսակները, այդ թվում` լրիվ վճարված, բաժնետոմսերի (այլ արժեթղթերի) ձեռք բերման ամսաթիվը և հիմքերը, բաժնետոմսերի (այլ արժեթղթերի) օտարման ամսաթիվը և հիմքերը, ռեեստրի մեջ գրանցման ամսաթիվը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ընկերությունը պարտավոր է ապահովել ընկերության բաժնետերերի ռեեստրի Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված կարգով վարումը և պահպանումն ընկերության պետական գրանցման պահից մեկ ամսվա ընթացքում: Ընկերության ռեեստրը վարվում և պահպանվում է ընկերության և (կամ) նրա հանձնարարությամբ այլ, Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպության կողմից: Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով ընկերությունը պարտավոր է հանձնարարել ռեեստրի վարման և պահպանման գործը համապատասխան մասնագիտացված կազմակերության: Իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` ռեեստրի վարումը և պահպանումը մասնագիտացված կազմակերպությանը հանձնարարած ընկերությունը չի ազատվում այն վարելու և պահպանելու համար Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված պատասխանատվությունից:

ՀՀ կառավարության 13.03.1997 թվականի «Բաժնետիրական ընկերությունների կողմից բաժնետերերի և այլ արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման և պահպանման գործը կանոնակարգելու մասին» թիվ 41 որոշման (ուժի մեջ է մտել 10.04.1997 թվականին, ուժը կորցրել է 10.05.1999 թվականին) 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր բաժնետիրական ընկերությունները, որոնց բաժնետերերի կամ այլ արժեթղթերի սեփականատերերի թիվը 50 և ավելի է, պարտավոր են արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման և պահպանման գործն իրակացնել մասնագիտացված կազմակերպության` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Ազգային կենտրոնացված ռեեստր» պետական ձեռնարկության միջոցով:

ՀՀ կառավարության 08.04.1999 թվականի «Անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման և պահպանման գործընթացը կանոնակարգելու մասին» թիվ 211 որոշման 2-րդ մասի «ա» ենթակետի համաձայն` անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման գործունեության լիցենզիա ունեցող կազմակերպություններն իրենց գործունեությունն իրականացնում են «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի հետ կնքված գործակալության պայմանագրին համապատասխան:

 Վերը նշված իրավադրույթների վերլուծությունից հետևում է, որ ընկերության բաժնետերերի ռեեստրը տեղեկատվական բազա է, որը տվյալներ է բովանդակում բաժնետիրոջ, վերջինիս կողմից ձեռք բերված արժեթղթերի քանակի, ձևի և տեսակի, այդ արժեթղթերի ձեռք բերման ամսաթվի և հիմքերի, դրանց օտարման և այլնի վերաբերյալ: Միաժամանակ հետևում է, որ ընկերության բաժնետերերի ռեեստրը վարելու և պահպանելու պարտականությունը մինչև 10.04.1997 թվականն ամբողջությամբ դրված է եղել ընկերության վրա՝ անկախ ընկերության մասնակիցների քանակից կամ կառուցվածքային առանձնահատկություններից: Այդուհանդերձ նշված ժամանակահատվածի օրենսդրությունը բաժնետիրական ընկերություններին օժտել է որոշակի հայեցողությամբ և հնարավորություն է տվել ռեեստրի վարումը հանձնարարել մասնագիտացված կազմակերպություններին: Ըստ էության օրենսդրական նման կանոնակարգումը պայմանավորված է եղել անցումային ժամանակահատվածով, ինչպես նաև բացառապես մասնագիտացված կազմակերպությունների կողմից ռեեստրի վարում իրականացնելու ինստիտուտի աստիճանական ներդրմամբ: Նշվածը հիմնավորվում է այն կանոնակարգմամբ, որը սկսեց գործել 10.04.1997 թվականից, մասնավորապես` այն ընկերությունները, որոնք ունեին 50 և ավելի բաժնետեր կամ այլ արժեթղթերի սեփականատեր, պարտավոր էին բաժնետերերի ռեեստրի վարումը և պահպանումն իրականացնել մասնագիտացված կազմակերպության միջոցով: Սակայն նույնիսկ այդ պարագայում բաժնետիրական ընկերությունները, անկախ բաժնետերերի կամ արժեթղթերի սեփականատերերի քանակից, չեն ազատվել ռեեստրը վարելու և պահպանելու համար «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտականությունից:

Վերոնշյալի լույսի ներքո Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ապացուցման պարտականության բաշխումը և ապացույցը պահանջելու վերաբերյալ միջնորդության քննարկումը պետք է իրականացվեր վերը նշված իրավակարգավորման հաշվառմամբ: Մինչդեռ թե′ Դատարանը, և թե′ Վերաքննիչ դատարանն անտեսել են, որ Ընկերության բաժնետերերի ռեեստրի վարման և պահպանման պարտականությունը կրել է Ընկերությունը, հետևաբար ինչպես Գևորգ Մուրադյանը, այնպես էլ` նրա իրավահաջորդն օբյեկտիվորեն չէին կարող տիրապետել այդ տեղակատվական համակարգի մեջ մտնող որևէ տվյալի և այն ներկայացնել դատարան:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սխալ եզրահանգման է եկել առ այն, որ Ընկերության մասնակիցների` 31.01.2000 թվականին կատարված փոփոխության արդյունքում Գևորգ Մուրադյանի` «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ՓԲԸ-ի սեփականատեր մնալու հանգամանքի ապացուցման բեռը կրում է Մանե Մուրադյանը:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.2014 թվականի ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.05.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին, այդ թվում` վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10.07.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

 

Վ. ԱԲԵԼՅԱՆ

 

Ս. Անտոնյան

 

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

 

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

 

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան