Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.10.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.02.25/9(1098).1 Հոդ.114.20
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
31.10.2014
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
31.10.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական
դատարանի որոշում 

Քրեական գործ թիվ ԱՎԴ4/0003/01/14

 ԱՎԴ4/0003/01/14

 

Նախագահող դատավոր՝  Մ. Պետրոսյան

Դատավորներ՝   

Ս. Համբարձումյան

 

Ա. Պետրոսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

   

Ս. Ավետիսյանի

   

Ե. ԴԱնիելյանի

   

Ա. Պողոսյանի

   

Ս. Օհանյանի

   

   քարտուղարությամբ

Հ. Պետրոսյանի

 

 

   

 

 2014 թվականի հոկտեմբերի 31-ին

 ք.Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Մկրտիչ Պողոսի Հաջիպողոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2014 թվականի ապրիլի 8-ի որոշման դեմ ամբաստանյալ Մ.Հաջիպողոսյանի պաշտպան Հ.Դավթյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2013 թվականի սեպտեմբերի 4-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց ձորի մարզի քննչական բաժնում հարուցվել է թիվ 37104013 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:

Նախաքննության մարմնի 2013 թվականի սեպտեմբերի 20-ի որոշմամբ Մկրտիչ Հաջիպողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ է ներգրավել նաև Աբգար Հակոբյանը, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով:

2014 թվականի հունվարի 8-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանը, դատական քննության արագացված կարգով քննելով գործը, 2014 թվականի փետրվարի 1-ի որոշմամբ կիրառել է ՀՀ Ազգային ժողովի 2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման (այսուհետ նաև` Համաներման ակտ) 5-րդ կետի 3-րդ ենթակետը, Մ.Հաջիպողոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցրել է և նրա մասով քրեական գործի վարույթը կարճել:

Առաջին ատյանի դատարանի նույն օրվա դատավճռով Ա.Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և Համաներման ակտի 1-ին կետի 3-րդ ենթակետի կիրառմամբ ազատվել է ազատազրկման ձևով նշանակված պատժի կրումից:

3. Մեղադրողի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի ապրիլի 8-ի որոշմամբ բողոքը բավարարել է: Մ.Հաջիպողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի փետրվարի 1-ի որոշումը բեկանվել է և գործն ուղարկվել նույն դատարան` նոր քննության:

4. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի ապրիլի 8-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Մ.Հաջիպողոսյանի պաշտպան Հ.Դավթյանը:

Վճռաբեկ դատարանի 2014 թվականի հունիսի 18-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Մ.Հաջիպողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա 2013 թվականի օգոստոսի 30-ին, ժամը 01.30-ի սահմաններում ընկերոջ` Աբգար Հակոբյանի հետ միասին, խմբի կազմում, Արշալույս և Գագիկ Ղարախանյանների նկատմամբ բռնություն գործադրելու հետ զուգորդված, զուգորդված հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրման սպառնալիքով` կատարել է խուլիգանություն:

Այսպես`

2013թ. օգոստոսի 30-ին, ժամը 01.27-ին Մկրտիչ Հաջիպողոսյանն իր անձնական օգտագործման «ԲՄՎ» մակնիշի, 35 ՍD 129 համարանիշի ավտոմեքենայով ընկերոջ, Արարատ քաղաքի բնակիչ Աբգար Հակոբյանի, կնոջ` Թեհմինե Խալիլովայի և ինքնությունը չպարզված երկրորդ կնոջ հետ միասին գնացել է Վայոց ձորի մարզի Արենի գյուղի վարչական տարածքում գտնվող, Երևան-Մեղրի ավտոճանապարհի վրա տեղակայված շուրջօրյա գործող «Արենի» կոչվող շուկա, մոտեցել է շուկայում գործող Գոհար Ղազարյանի վաճառակետի ներսում ընթրող Արտուրիկ Առաքելյանին, առանց որևէ առիթի, իր անձի առավելությունը նրա նկատմամբ ընդգծելու դիտավորությամբ, այսինքն` խուլիգանական մղումներով, վիճաբանության մեջ է մտել Ա.Առաքելյանի հետ, ցուցաբերելով քաղաքացիների մեջ իրենց իրավունքների ու շահերի պաշտպանության կապակցությամբ տագնապ առաջացնող գործողություններ, մարդկային համակեցության կանոնների բացահայտ զանցառում, բարոյական վարքի կանոնների ցուցադրական անտեսում, իր անձը հակադրելով հասարակությանը, շրջապատին և իր գործողություններին տալով հրապարակային բնույթ, հասարակությունում մարդկանց միջև գոյություն ունեցող փոխադարձ հարգանքի, պատվի, արժանապատվության, ազատության, անձնական անձեռնմխելիության և այլ արժեքների դեմ արտահայտելով բացահայտ արհամարհանք, այսինքն` կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով հասարակության նկատմամբ, շուրջ 15-20 քաղաքացիների ներկայությամբ տվել է խուլիգանական բնույթի հայհոյանքներ, Արտուրիկ Առաքելյանի առջև` սեղանի վրա դրված մետաղյա տապական վերցրել և այն որպես զենք օգտագործելով` վերջինիս նկատմամբ տվել է բռնություն գործադրելու սպառնալիքներ և տապակայով փորձել է հարվածել նրան: Սակայն, Գոհար Ղազարյանը, այնուհետև շուկայում գտնվող Արշալույս և Գագիկ Ղարախանյանները, միջամտել են, կանխել են տապակայով հարվածը:

Այնուհետև, Մ.Հաջիպողոսյանն ընկերոջ` Ա.Հակոբյանի հետ միասին` խմբով, շարունակել են բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտել հասարակության նկատմամբ և կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, այն է` Ա.Հակոբյանի հետ միասին խուլիգանական մղումներով կռվի մեջ են մտել Գագիկ և Արշալույս Ղարախանյանների հետ, տվել են խուլիգանական բնույթի հայհոյանքներ, դիտավորությամբ հարվածել են Գագիկ և Արշալույս Ղարախանյաններին, այդ կերպ բռնություն գործադրելով նրանց նկատմամբ` վերջիններիս պատճառել է մարմնական վնասվածքներ, որոնք առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում: Իսկ երբ շուկայում գտնվող անհատ-ձեռնարկատեր Գայանե Մանուկյանը և վերջինիս որդին` Վիգեն Մանուկյանը, փորձել են խափանել Մ.Հաջիպողոսյանի կողմից հասարակական կարգի խախտումը, վերջինս չի ենթարկվել խուլիգանական գործողությունները դադարեցնելու մասին նրանց օրինական պահանջներին, դիմադրություն է ցույց տվել նրանց և շարունակել է իր խուլիգանական գործողությունները:

Մ.Հաջիպողոսյանը և Ա.Հակոբյանն իրենց խուլիգանական գործողությունները դադարեցրել են և ավտոմեքենայով փախել են դեպքի վայրից միայն այն ժամանակ, երբ իմացել են, որ ահազանգով ոստիկանության աշխատակիցները ժամանում են դեպքի վայր:

Մ.Հաջիպողոսյանի և Ա.Հակոբյանի գործողությունների հետևանքով 15 րոպե տևողությամբ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը, որի ընթացքում «Արենի» կոչվող շուկայում աշխատողները և շուկայում գտնվող հաճախորդները լուրջ անհանգստացել են, վախեցել և էականորեն խաթարվել են շուկայի բնականոն աշխատանքները:

Այսպիսով, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրման սպառնալիքով Մ.Հաջիպողոսյանը բռնություն գործադրելու և հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալու հետ զուգորդված` կատարել է խուլիգանություն» (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 135-136):

6. Քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի փետրվարի 1-ի որոշման համաձայն՝ «Մ.Հաջիպողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման համար, որի սանկցիան նախատեսում է պատիժ բացառապես ազատազրկման ձևով՝ չորսից յոթ տարի ժամկետով, որը տվյալ դեպքում` դատական քննության արագացված կարգի կիրառման պարագայում, չի կարող գերազանցել յոթ տարի ժամկետով ազատազրկման երկու երրորդը, այն է` չորս տարի ութ ամիս ժամկետով ազատազրկումը:

Արդյունքում, Համաներման ակտի 5-րդ կետի 3-րդ ենթակետում ձևակերպված` «սույն որոշման 2-րդ կետի 1-6-րդ ենթակետերում թվարկված անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով ազատազրկում» եզրույթի իմաստով, Մ.Հաջիպողոսյանին մեղսագրվող արարքի համար նախատեսված առավելագույն պատիժը կազմում է չորս տարի ութ ամիս ժամկետով ազատազրկումը, որը չի գերազանցում նշված կետով սահմանված առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման ձևով նախատեսվող պատիժը:

Անդրադառնալով Համաներման ակտի 5-րդ կետում ամրագրված բացառություններին` Դատարանն արձանագրում է, որ նույն ակտի 8-րդ կետի 4-6-րդ ենթակետերում` օրենսդրի կողմից ամրագրվել են այն դեպքերը, որոնց պարագայում անձանց համար սահմանվում է միայն պատժաչափի չկրած մասի կրճատում:

Տվյալ դեպքում՝ այդպիսիք բացակայում են և նշված դրույթները Մ.Հաջիպոսոսյանին վերաբերելի չեն:

(...)

Միևնույն ժամանակ, Մ.Հաջիպողոսյանի վերաբերյալ քրեական գործի նյութերում բացակայում են (...) Համաներման ակտի 9-րդ կետի (...) ենթակետերով նախատեսված սահմանափակումները, որոնք կարող են արգելք հանդիսանալ նրա նկատմամբ Համաներման ակտի կիրառման համար:

Սույն որոշման մեջ շարադրված իրավադրույթներն ու դրանց վերլուծության արդյունքում ձևավորված դատողությունները կիրառելով և շարադրված փաստական տվյալներն ու տեղեկությունները հետազոտելով` Դատարանը հանգում է այն հետևության, որ Մ.Հաջիպողոսյանի նկատմամբ կիրառելի է համաներման ակտի 5-րդ կետի 3-րդ ենթակետն [2-րդ խմբի հաշմանդամ է] ու այդ հիմքով պետք է դադարեցնել նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով հարուցված քրեական հետապնդումը, իսկ քրեական գործով նրա վերաբերյալ վարույթի մասը՝ կարճել, ինչին չի առարկել նաև ամբաստանյալը» (տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 160-161):

7. Վերաքննիչ դատարանը գտել է, որ Մ.Հաջիպողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը նրա մասով կարճելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական և հիմնավորված չէ, Համաներման ակտը ճիշտ չի կիրառվել, ինչն իր հերթին հանգեցրել է օրինականության սկզբունքի խախտման: Իր այդ հետևությունը Վերաքննիչ դատարանը հիմնավորել է հետևյալ կերպ. «Համաներման ակտի 5-րդ կետի 3-րդ ենթակետի տառացի մեկնաբանության հիման վրա Վերաքննիչ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ կարճման են ենթակա այն քրեական գործերը, որոնցով Համաներման ակտի 2-րդ կետի 1-6-րդ ենթակետերում թվարկված անձինք մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի սանկցիայով որպես պատիժ է նախատեսվում պատիժ` ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով ազատազրկում:

Ինչ վերաբերվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3753 -րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված` արագացված կարգով դատական քննության արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիս պատժի նշանակման կարգին, որի համաձայն` պատիժը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը, ապա այն կարող է կիրառվել միայն քրեական գործի դատական քննության փուլում, երբ դատարանը համապատասխան հիմքերի առկայության պայմաններում որոշում է կայացնում դատական քննությունն անցկացնել արագացված կարգով, իսկ համաներման ակտը որևէ ուղղակի հղում չի պարունակում օրենքով նախատեսված առավել խիստ պատժից ավելի մեղմ պատիժներ նշանակելու առանձին դեպքերի վերաբերյալ:

(…) [Ս]ույն քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ Դատարանը ոչ թե պետք է որոշում կայացներ Մկրտիչ Հաջիպողոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով նրա վերաբերյալ վարույթի մասը կարճելու մասին, այլ մեղադրական դատավճիռ կայացնելուց և վերջինիս նկատմամբ պատիժ նշանակելուց հետո պետք է Համաներման ակտի հիման վրա նրան ազատեր պատժից» (տե՛ս քրեական գործ, հատոր 6, թերթեր 41-42):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքաբերի պնդմամբ՝ սույն գործով դատարանները թույլ են տվել նյութական և դատավարական իրավունքի մի շարք նորմերի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:

Ի հիմնավորումն իր փաստարկի՝ բողոքի հեղինակը նշել է, որ Համաներման ակտի 5-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ կարճման ենթակա են այն գործերը, որոնցով 2-րդ խմբի հաշմանդամ անձինք մեղադրվում են այնպիսի հանցագործություն կատարելու մեջ, որի համար նախատեսված է պատիժ ոչ ավելի քան հինգ տարի ժամկետով ազատազրկում, իսկ 18-րդ կետը սահմանում է, որ համաներումը կիրառվում է արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձանց վիճակն այլ կերպ բարելավող օրենքը կիրառելուց հետո:

Ըստ բողոքաբերի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3753 -րդ հոդվածի 6-րդ մասը պատիժը մեղմացնող, անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենք է, քանի որ դրա կիրառման արդյունքում Մ.Հաջիպողոսյանին մեղսագրված ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի սանկցիայով նախատեսված առավելագույն յոթ տարի ժամկետով ազատազրկման փոխարեն կարող է նշանակվել ազատազրկում՝ առավելագույնը չորս տարի ութ ամիս ժամկետով: Հետևաբար, Համաներման ակտը պետք է կիրառվեր այդ օրենքը կիրառելուց հետո: Այսպիսով, Մ.Հաջիպողոսյանին սպառնացող առավելագույն պատիժը չէր գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, ինչն էլ հաշվի առնելով՝ Առաջին ատյանի դատարանը կարճել է գործի վարույթը:

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի հետևություններին՝ բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը, որ Համաներման ակտը որևէ ուղղակի հղում չի պարունակում օրենքով նախատեսված առավել խիստ պատժից ավելի մեղմ պատիժ նշանակելու առանձին դեպքերի վերաբերյալ, անհիմն է և հերքվում է Համաներման ակտի 18-րդ կետի առկայությամբ:

9. Վերոգրյալի հիման վրա՝ բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2014 թվականի ապրիլի 8-ի որոշումը և օրինական ուժ տալ Մ.Հաջիպողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և նրա մասով գործի վարույթը կարճելու մասին Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի փետրվարի 1-ի որոշմանը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. գործը դատական քննության արագացված կարգով քննելիս պատիժ նշանակելու կանոնները (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3753 -րդ հոդվածի 6-րդ մաս) կիրառելու պայմաններում արդյո՞ք Մ.Հաջիպողոսյանի նկատմամբ տարածվում է Համաներման ակտի 5-րդ կետի 3-րդ ենթակետը:

11. ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի համաձայն՝ «Հանցանք կատարած անձն օրենսդիր մարմնի կողմից ընդունվող համաներման ակտով կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, իսկ դատապարտյալը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, կամ պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով, կամ կարող է վերացվել դատվածությունը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի համաձայն՝ «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե ընդունվել է համաներման ակտ»:

Համաներման ակտի կիրառման առանձնահատկություններին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Վ.Ավետիսյանի գործով որոշման մեջ՝ իրավական դիրքորոշում ձևավորելով այն մասին, որ «(…) Համաներման ակտի կիրառումը հնարավոր է դատավարության ցանկացած փուլում: Ընդ որում, համաներման կիրառման սահմանափակումները նախատեսված են համաներման ակտով և պետք է պահպանվեն անվերապահորեն: Մասնավորապես, անվերապահորեն պետք է պահպանվեն համաներման ակտում նախատեսված այն կանոնները, որոնք սահմանում են անձանց շրջանակը, որոնց նկատմամբ համաներումը կիրառելի չէ, ինչպես նաև սահմանում են, թե հանցանք կատարած անձինք ինչ չափով պետք է օգտվեն համաներումից` պետք է ազատվեն քրեական պատասխանատվությունից կամ պատժից, կամ կարող է մեղմացվել պատիժը, կամ վերացվել դատվածությունը: Այդ կանոններից շեղումները, այդ թվում` նախատեսված համաներման չկիրառումը կամ նախատեսվածից դուրս համաներման կիրառումը կարող են հանգեցնել օրինականության սկզբունքի խախտման և կամայականության, առաջացնել օրենքի ոչ միատեսակ կիրառություն» (տե՛ս Վարուժան Գագիկի Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՍԴ3/0013/01/11 որոշման 16-րդ կետը):

12. Համաներման ակտի 5-րդ կետի 3-րդ ենթակետը նախատեսում է «Քրեական հետապնդում չհարուցել և քրեական հետապնդում չիրականացնել, ինչպես նաև կարճել մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը կատարած հանցագործությունների վերաբերյալ (…) դատարանների վարույթում գտնվող քրեական գործերը, (…), որոնցով` սույն որոշման 2-րդ կետի 1-6-րդ ենթակետերում թվարկված անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով ազատազրկում»:

Համաներման ակտի 18-րդ կետի համաձայն՝ «Սույն որոշումը կիրառվում է արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը կիրառելուց հետո»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3753 -րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Դատարանը արագացված կարգով դատական քննության արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիս նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը, իսկ եթե առավել խիստ պատժի երկու երրորդը փոքր է տվյալ հանցագործության համար նախատեսված առավել մեղմ պատժից` ապա առավել մեղմ պատիժը»:

Գործը դատական քննության արագացված կարգով քննելիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3753 -րդ հոդվածի 6-րդ մասի և Համաներման ակտի 5-րդ կետի 3-րդ ենթակետի կիրառման հարցերին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Գ.Մինասյանի գործով կայացված որոշմամբ: Այդ որոշմամբ վերլուծության ենթարկելով դատական քննության արագացված կարգը սահմանող նորմերը, դրանց վերաբերյալ Վճռաբեկ դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի որոշումները (տե՛ս mutatis mutandis Շողակաթ Ժուլվերնի Ամիրխանյանի և Գառնիկ Մարտինի Ֆարմանյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0209/01/10, Անդրանիկ Գարիկի Առուստամյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ՏԴ/0145/01/11 որոշումները, ՀՀ սահմանադրական դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ ՍԴՈ-931 որոշումը), Համաներման ակտը՝ Վճռաբեկ դատարանն արաձանագրել է, որ. «(…) համապատասխան պայմանների առկայության պարագայում դատարանի կողմից դատական քննության արագացված կարգի կիրառումն օրենսդրի պարտադիր պահանջն է, իսկ դատավարական այս մեխանիզմի գործադրման անխուսափելի արդյունքը մեղադրական դատավճիռ կայացնելու դեպքում այնպիսի պատիժ նշանակելն է, որը չի կարող գերազանցել անձին մեղսագրվող հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը, կամ եթե այն փոքր է տվյալ հանցագործության համար օրենքով նախատեսված առավել մեղմ պատժից, ապա` առավել մեղմ պատիժը:

(…)

 Համաներման ակտի 18-րդ կետն անհրաժեշտ է մեկնաբանել տառացի՝ անվերապահորեն պահպանելով դրանում նախատեսված կանոնն այն մասին, որ անձի նկատմամբ Համաներման ակտի կիրառումը, ի թիվս այլ պայմանների, հնարավոր է անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը կիրառելուց հետո:

(…)

[Ա]նձի նկատմամբ Համաներման ակտի 5-րդ կետի 3-րդ ենթակետի կիրառելիության հարցը լուծելիս անհրաժեշտ է պարզել, թե առկա չէ արդյոք արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենք, որը ենթակա է կիրառման նախքան Համաներման ակտի 5-րդ կետի 3-րդ ենթակետի կիրառումը: Անձի վիճակն այլ կերպ բարելավող է այն օրենքը, որը քրեական պատասխանատվության և պատժի նշանակման, քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելու կարգի ու պայմանների հետ կապված առավել նպաստավոր պայմաններ է ստեղծում հանցանք կատարած անձի համար:

(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3753 -րդ հոդվածի 6-րդ մասի իմաստով դատարանը արագացված կարգով դատական քննության արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիս նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը: Այլ խոսքով՝ արագացված դատական քննության արդյունքում անձի նկատմամբ նշանակվող պատժի առավելագույն ժամկետը ավելի մեղմ է, քան ընդհանուր կարգով գործի քննության արդյունքում նշանակվող պատիժը, ինչը նշանակում է, որ արագացված դատական քննության արդյունքում կիրառվող պատժի նշանակման կանոնները, ի համեմատ ընդհանուր կարգով գործի քննության արդյունքում կիրառվող պատժի նշանակման կանոնների, առավել նպաստավոր պայմաններ են ստեղծում հանցանք կատարած անձի համար:

Հետևաբար, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3753 -րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված՝ արագացված դատական քննության արդյունքում պատիժ նշանակելու կարգը Համաներման ակտի 18-րդ կետի իմաստով հանդիսանում է անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենք:

(…)

[Բ]ոլոր այն դեպքերում, երբ անձին մեղսագրվում է այնպիսի հանցագործություն, որի համար օրենքով նախատեսված պատիժն ի սկզբանե չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, վարույթն իրականացնող մարմինն իրավասու է Համաներման ակտի 5-րդ կետի 3-րդ ենթակետի կիրառմամբ քրեական գործով վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել: Իսկ ինչ վերաբերում է դատական քննության արագացված կարգի կիրառման արդյունքում Համաներման ակտի վերը հիշատակված դրույթի կիրառմանը, ապա դա նշված որոշման գործողության տակ ընկնելու լրացուցիչ հնարավորություն է այն անձանց համար, ովքեր ներկայացրել են դատական քննության արագացված կարգ կիրառելու մասին միջնորդություն, որը համապատասխան հիմքերի և պայմանների առկայության շնորհիվ բավարարվել է, և ինչի արդյունքում օրենքի իմպերատիվ դրույթի ուժով վերջիններիս վերագրվող հանցագործության համար օրենքով նախատեսված պատժի վերին սահմանը երկու երրորդով կրճատվելու արդյունքում իջեցվել է` բավարարելով հինգ տարի ժամկետով ազատազրկումը չգերազանցելու չափանիշին կամ պատժի վերին սահման է դարձել տվյալ հանցագործության համար օրենքով նախատեսված առավել մեղմ պատիժը, որը դարձյալ չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը: Իսկ Համաներման ակտի քննարկվող դրույթի բովանդակային մեկնաբանությունը նշված լրացուցիչ երաշխիքն անձին ընձեռելու որևէ արգելք չի պարունակում» (տե՛ս Գագիկ Հայկի Մինասյանի գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ԿԴ/0029/01/13 որոշման 19-21-րդ կետերը):

13. Վերահաստատելով սույն որոշման նախորդ կետում մեջբերված և Գ.Մինասյանի գործով որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախատեսված համաներման չկիրառումը կամ նախատեսվածից դուրս համաներման կիրառումը հանգեցնում են օրինականության սկզբունքի խախտման: Համաներման ակտը կիրառելու պայմաններ են սահմանված Համաներման ակտի 18-րդ կետով, որոնցից է` հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը կիրառելուց հետո Համաներման ակտը կիրառելու վերաբերյալ պահանջը: Հետևաբար, Համաներման ակտի, մասնավորապես դրա 5-րդ կետի 3-րդ ենթակետի կիրառելիության հարցը լուծելիս դատարանը նախևառաջ պետք է պարզի, ի թիվս այլնի, հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի առկայությունը կամ բացակայությունը, որից հետո միայն անդրադառնա Համաներման ակտը կիրառելու հարցին:

Դատական քննության արագացված կարգ կիրառելու դեպքում անձի նկատմամբ նշանակվող հնարավոր պատժի առավելագույն ժամկետը հստակ ամրագրված է օրենքով (ՀՀ քրեական դատավարության օրեսնգրքի 3753 -րդ հոդվածի 6-րդ մաս), փոփոխության ենթակա չէ և ավելի մեղմ է, քան ընդհանուր կարգով գործի քննության արդյունքում պատիժ նշանակելու դեպքում: Հետևաբար ՀՀ քրեական դատավարության օրեսնգրքի 3753 -րդ հոդվածի 6-րդ մասը Համաներման ակտի 18-րդ կետի իմաստով հանդիսանում է անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենք:

Ըստ այդմ, եթե օրենքով սահմանված հիմքերի և պայմանների առկայության դեպքում, օրենքով սահմանված դատավարական կարգի պահպանմամբ դատարանը որոշում է կայացնում դատական քննության արագացված կարգ կիրառելու մասին և պարզում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3753 -րդ հոդվածի 6-րդ մասի կանոններով պատիժ նշանակելու արդյունքում նշանակվելիք առավել խիստ պատիժը չի գերազանցում 5 տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև առկա են Համաներման ակտի 5-րդ կետի 3-րդ ենթակետի կիրառման մյուս հիմքերն ու պայմանները, ապա հիշատակված նորմի կիրառմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, իսկ գործի վարույթը՝ կարճվի:

14. Սույն գործի նյութերից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը, դատական քննության արագացված կարգով քննելով գործը, 2014 թվականի փետրվարի 1-ի որոշմամբ ամբաստանյալ Մ.Հաջիպողոսյանի նկատմամբ կիրառել է ՀՀ Ազգային ժողովի 2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 5-րդ կետի 3-րդ ենթակետը, ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցրել է և նրա վերաբերյալ քրեական գործի վարույթի մասը կարճել (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Մեղադրողի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ Մ.Հաջիպողոսյանի նկատմամբ Համաներման ակտը ճիշտ չի կիրառվել, քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու փոխարեն Առաջին ատյանի դատարանը պետք է կայացներ մեղադրական դատավճիռ, նշանակեր պատիժ, որից հետո Համաներման ակտի հիման վրա նրան ազատեր պատժից: Իր այդ հետևությունը Վերաքննիչ դատարանը հիմնավորել է նրանով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3753 -րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված` արագացված կարգով դատական քննության արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիս պատիժ նշանակելու կարգը կարող է կիրառվել միայն քրեական գործի դատական քննության փուլում, երբ դատարանը համապատասխան հիմքերի առկայության պայմաններում որոշում է կայացնում դատական քննությունն անցկացնել արագացված կարգով, իսկ Համաներման ակտը որևէ ուղղակի հղում չի պարունակում օրենքով նախատեսված առավել խիստ պատժից ավելի մեղմ պատիժ նշանակելու առանձին դեպքերի վերաբերյալ:

Այդ պատճառաբանությամբ Վերաքննիչ դատարանը բեկանել է Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի փետրվարի 1-ի որոշումը և քրեական գործն ուղարկել է նույն դատարան` նոր քննության (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

15. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով 11-13-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական քննության արագացված կարգի դեպքում պատիժ նշանակելու կանոններ սահմանող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3753 -րդ հոդվածի 6-րդ մասը Համաներման ակտի 18-րդ կետի իմաստով Մ.Հաջիպողոսյանի վիճակն այլ կերպ բարելավող օրենք է, հետևաբար Համաներման ակտի 5-րդ կետի 3-րդ ենթակետի կիրառելիության հարցը պետք է քննարկվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3753 -րդ հոդվածի 6-րդ մասը կիրառելուց հետո:

Վերոգրյալից հետևում է, որ Առաջին ատյանի դատարանը, արձանագրելով, որ դատական քննության արագացված կարգի կիրառման պարագայում Մ.Հաջիպողոսյանին մեղսագրվող արարքի համար նախատեսված առավելագույն պատիժը կազմում է չորս տարի ութ ամիս ժամկետով ազատազրկում, որը չի գերազանցում Համաներման ակտի 5-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման ձևով նախատեսվող պատիժը, իրավացիորեն կիրառելի է համարել Համաներման ակտի 5-րդ կետի 3-րդ ենթակետը և այդ հիմքով դադարեցրել նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով հարուցված քրեական հետապնդումը:

Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Մ.Հաջիպողոսյանի նկատմամբ դատական քննության արագացված կարգ կիրառելու պայմաններում Համաներման ակտի 5-րդ կետի 3-րդ ենթակետի հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու և նրա վերաբերյալ քրեական գործի վարույթի մասը կարճելու մասին որոշում չէր կարող կայացվել, այլ պետք է կայացվեր մեղադրական դատավճիռ, նշանակվեր պատիժ, այնուհետև Համաներման ակտի կիրառմամբ վերջինս ազատվեր պատժից, հիմնավորված չէ: Այս առումով Վերաքննիչ դատարանի դատական ակտը հակասում է Վճռաբեկ դատարանի` Գ.Մինասյանի գործով ընդունված և սույն որոշման 12-րդ կետում վկայակոչված որոշմանը:

Ինչ վերաբերում է Համաներման ակտը կիրառելի չհամարելու Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ «արագացված կարգով դատական քննության արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիս պատժի նշանակման [կարգը] կարող է կիրառվել միայն քրեական գործի դատական քննության փուլում, երբ դատարանը համապատասխան հիմքերի առկայության պայմաններում որոշում է կայացնում դատական քննությունն անցկացնել արագացված կարգով, իսկ համաներման ակտը որևէ ուղղակի հղում չի պարունակում օրենքով նախատեսված առավել խիստ պատժից ավելի մեղմ պատիժներ նշանակելու առանձին դեպքերի վերաբերյալ»՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ այն հանգամանքը, որ արագացված կարգի կիրառումը սահմանափակված է դատավարության որոշակի փուլով (դատական քննություն), ինչպես նաև կարող է կիրառվել օրենքով սահմանված որոշակի հիմքերի առկայության դեպքում, չի կարող բացառել կամ սահմանափակել դրա կիրառման հետ կապված այն անձանց իրավունքներն ու արտոնությունները (այդ թվում համաներման ակտով նախատեսված), ում վերաբերյալ գործով առկա է արագացված կարգ կիրառելու մասին դատարանի որոշում:

16. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը բողոք բերած անձի փաստարկները հիմնավորված է համարում և արձանագրում է, որ գործը դատական քննության արագացված կարգով քննելիս պատիժ նշանակելու կանոնները (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3753 -րդ հոդվածի 6-րդ մաս) կիրառելու պայմաններում Մ.Հաջիպողոսյանի նկատմամբ տարածվում է Համաներման ակտի 5-րդ կետի 3-րդ ենթակետը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ սույն որոշման 7-րդ կետում շարադրված հիմնավորմամբ բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Համաներման ակտի 5-րդ կետի 3-րդ ենթակետի, 18-րդ կետի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3753 -րդ հոդվածի պահանջների խախտում:

17. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նյութական և դատավարական իրավունքի վերոնշյալ խախտումները, որոնք հանգեցրել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող` չհիմնավորված որոշման կայացմանը և ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ, 406-րդ հոդվածների հիման վրա Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու հիմք են: Ուստի վճռաբեկ բողոքը պետք է բավարարել, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիման վրա` Մ.Հաջիպողոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի ապրիլի 8-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի փետրվարի 1-ի որոշմանը:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի ապրիլի 8-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Մկրտիչ Պողոսի Հաջիպողոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնելու և նրա վերաբերյալ քրեական գործի վարույթի մասը կարճելու մասին Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի փետրվարի 1-ի որոշմանը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Հ. ԱսատրՅԱՆ

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան