ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության Քրեական գործ թիվ ԵԿԴ/0252/01/13 |
ԵԿԴ/0252/01/13
|
Նախագահող դատավոր՝ Գ. Մելիք-Սարգսյան |
Դատավորներ՝ |
Հ. Տեր-Ադամյան |
Մ. Արղամանյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Հ. Ասատրյանի | |
Ս. Ավետիսյանի | ||
Ե. ԴԱնիելյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
| ||
քարտուղարությամբ |
Հ. Պետրոսյանի | |
| ||
2014 թվականի հոկտեմբերի 31-ին |
ք.Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արարատ Ավագի Ավագյանի և Վահան Սերյոժայի Սահակյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի հուլիսի 8-ի որոշման դեմ ամբաստանյալ Ա.Ավագյանի պաշտպան Կ.Քամալյանի և ամբաստանյալ Վ.Սահակյանի պաշտպան Ա.Մկրտչյանի վճռաբեկ բողոքները,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2013 թվականի հոկտեմբերի 25-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է թիվ 13828513 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի և 268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության մարմնի 2013 թվականի հոկտեմբերի 25-ի որոշմամբ Վահան Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
2013 թվականի հոկտեմբերի 25-ին Արարատ Ավագյանը ձերբակալվել է:
2013 թվականի հոկտեմբերի 26-ին Ա.Ավագյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 26-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Ավագյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
2013 թվականի նոյեմբերի 1-ին Վ.Սահակյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով:
2013 թվականի դեկտեմբերի 24-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մարտի 25-ի դատավճռով Ա.Ավագյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով: Ա.Ավագյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, պատժի սկիզբը հաշվվել է 2013 թվականի հոկտեմբերի 25-ից:
Վ.Սահակյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 6 (վեց) ամիս ժամկետով: Վ.Սահակյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, պատժի սկիզբը հաշվվել է նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից:
Վճռվել է նաև քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված, փորձաքննությունից հետո առկա 0.45 գրամ հաստատուն քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցն ուղարկել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժին թիվ 15803613 քրեական գործին կցելու և օրենքով սահմանված կարգով հետագա ընթացքը լուծելու համար, իսկ ապացույց ճանաչված «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ից ստացված վերծանումները պահել քրեական գործի հետ միասին:
3. Ամբաստանյալ Ա.Ավագյանի պաշտպան Կ.Քամալյանի և ամբաստանյալ Վ.Սահակյանի պաշտպան Ա.Մկրտչյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի հուլիսի 8-ի որոշմամբ բողոքները մերժել է, Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մարտի 25-ի դատավճիռը` թողել օրինական ուժի մեջ:
4. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի հուլիսի 8-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել ամբաստանյալ Ա.Ավագյանի պաշտպան Կ.Քամալյանը և ամբաստանյալ Վ.Սահակյանի պաշտպան Ա.Մկրտչյանը:
Վճռաբեկ դատարանի 2014 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմամբ վճռաբեկ բողոքներն ընդունվել են վարույթ:
Մեղադրող Ա.Մանուկյանի կողմից ներկայացվել է Վ.Սահակյանի պաշտպան Ա.Մկրտչյանի վճռաբեկ բողոքի պատասխան: Մեղադրողը, գտնելով, որ Վ.Սահակյանի նկատմամբ Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի դատական ակտերը հիմնավոր են և օրինական, նշանակված պատիժը համաչափ է կատարված արարքի ծանրությանն ու ամբաստանյալի անձին, նյութական և դատավարական իրավունքի նորմեր խախտված չեն, խնդրել է վճռաբեկ բողոքը մերժել:
Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Ա.Ավագյանին և Վ.Սահակյանին մեղադրանք է առաջադրվել, և ստորադաս դատարանների դատական ակտերով նրանք մեղավոր են ճանաչվել հետևյալ արարքների համար.
Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի 18-րդ փողոցի 1-ին փակուղու թիվ 4 տան բնակիչ Ա.Ավագյանը և Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Չարենցի փողոցի 25-րդ շենքի թիվ 34 բնակարանի բնակիչ Վ.Սահակյանը 2006 թվականից ճանաչել են միմյանց և գտնվել ընկերական հարաբերությունների մեջ:
Վ.Սահակյանը 2012 թվականի սկզբներից առողջական խնդիրների պատճառով օգտագործել է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
Ա.Ավագյանը 2013 թվականի հոկտեմբերի 20-ից Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում գտնվող կենդանաբանական այգու մոտի տներից մեկում կատարել է վերանորոգման աշխատանքներ:
Վ.Սահակյանը 2013 թվականի հոկտեմբերի 24-ին ցանկացել է թմրամիջոց օգտագործել, սակայն իր մոտ չի եղել: Մի քանի օր առաջ տեղեկանալով, որ ամբաստանյալ Ա.Ավագյանն աշխատում է Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում գտնվող կենդանաբանական այգու հարևանությամբ գտնվող տներից մեկում՝ Վ.Սահակյանը ժամը 14:00-ի սահմաններում հանդիպել է Ա.Ավագյանին: Վ.Սահակյանը թմրամիջոց ձեռք բերելու առաջարկ է արել Ա.Ավագյանին, ինչից հետո վերջինս Վ.Սահակյանին ապօրինի իրացրել է զգալի չափի` 0.55 գրամ քաշով «չորացված մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Վ.Սահակյանը, ապօրինի ձեռք բերելով թմրամիջոցը, այն պահել է իր կողմից վարվող «Մերսեդես Ե 200» մակնիշի 08 ԼՏ 848 հաշվառման պետհամարանիշի ավտոմեքենայի մեջ և գնացել Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցի վրա գործող «Ոսկու աշխարհ» տոնավաճառ: Նույն օրը՝ ժամը 18:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Վ.Սարգսյան փողոցում Վ.Սահակյանին են մոտեցել ՀՀ ոստիկանության աշխատակիցները և բերման ենթարկել կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն, որտեղ էլ վերջինիս ավտոմեքենայի զննությամբ նշված թմրամիջոցը հայտնաբերվել է:
6. «Մերսեդես մակնիշի ավտոմեքենան զննության ենթարկելու մասին» 2013 թվականի հոկտեմբերի 24-ի արձանագրության համաձայն՝ նույն օրը՝ ժամը 18:50-ին, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության շենքի բակում Վ.Սահակյանին պատկանող «Մերսեդես Ե 200» մակնիշի 08 ԼՏ 848 հաշվառման համարանիշի ավտոմեքենան ենթարկվել է զննության: Զննության ժամանակ վարորդի նստատեղի աջ կողքից հայտնաբերվել է մոտ 0,6 գրամ քաշով սպիտակ թղթի մեջ փաթաթված դեղնականաչավուն զանգված: Վ.Սահակյանը հայտարարել է, որ այն կանեփի թփերից չորացված զանգված է, որը հյուրասիրել է իր ընկերը, և այն պահում է օգտագործելու համար: Զննությամբ ավտոմեքենայից հայտնաբերվել է նաև մոխրի հետքերով ջրի դատարկ շիշ, որի վերաբերյալ Վ.Սահակյանը հայտարարել է, որ այն կանեփի տերևները ծխելու հարմարանքի միջոց է (տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 1-ին, թերթ 5):
7. Կասկածյալի պաշտպանության և պաշտպան ունենալու իրավունքը բացատրելու 2013 թվականի հոկտեմբերի 24-ի արձանագրության համաձայն՝ Վ.Սահակյանին բացատրվել է պաշտպան ունենալու իրավունքը, իսկ վերջինս հայտնել է, որ պաշտպան ունենալ չի ցանկանում (տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 1-ին, թերթ 29):
8. Կասկածյալի հարցաքննության 2013 թվականի հոկտեմբերի 25-ի արձանագրության համաձայն՝ Վ.Սահակյանը ցուցմունք է տվել, որ իր ավտոմեքենայի միջից հայտնաբերված թմրամիջոցը 2013 թվականի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, կենդանաբանական այգու մոտ գտնվող տներից մեկի մոտ իր խնդրանքով իրեն է տվել Ա.Ավագյանը: Տվյալ հարցաքննությանը պաշտպան չի մասնակցել (տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 31-32):
Կասկածյալի հարցաքննության 2013 թվականի հոկտեմբերի 25-ի արձանագրության համաձայն՝ Ա.Ավագյանը ցուցմունք է տվել, որ 2013 թվականի հոկտեմբերի 24-ին Վ.Սահակյանի հետ հանդիպել են՝ անվադողերի հարցով, սակայն ժխտել է նրան թմրամիջոց տալու հանգամանքը (տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 40-41):
Վ.Սահակյանի և Ա.Ավագյանի միջև առերես հարցաքննություն կատարելու 2013 թվականի հոկտեմբերի 25-ի արձանագրության համաձայն՝ Վ.Սահակյանը ցուցմունք է տվել, որ թմրամիջոցն իրեն է տվել Ա.Ավագյանը, իսկ Ա.Ավագյանը ցուցմունք է տվել, որ Վ.Սահակյանի հետ զրուցել են անվադողերի հարցի շուրջ և նրան թմրամիջոց չի տվել (տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 1-ին, թերթ 44):
Մեղադրյալի հարցաքննության 2013 թվականի հոկտեմբերի 26-ի արձանագրության համաձայն՝ Ա.Ավագյանը ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, և նշել է, որ նման արարք չի կատարել (տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 1-ին, թերթ 51):
9. 2013 թվականի հոկտեմբերի 30-ին կասկածյալ Վ.Սահակյանը դիմում է գրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատախազին՝ հայտնելով, որ 2013 թվականի հոկտեմբերի 25-ին ճիշտ ցուցմունք չի տվել, հայտնած տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում, և ցանկություն է հայտնել լրացուցիչ ցուցմունք տալ դեպքի իրական հանգամանքների մասին (տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 1-ին, թերթ 80):
2013 թվականի հոկտեմբերի 30-ին կասկածյալ Վ.Սահակյանը դիմում է գրել նաև քննիչին՝ ցանկություն հայտնելով, որ իր շահերը պաշտպանի փաստաբան Վ.Էլբակյանը (տե՛ս քրեական գործի նյութերը, հատոր 1-ին, թերթ 81):
2013 թվականի հոկտեմբերի 31-ին մեղադրյալ Ա.Ավագյանը դիմում է գրել քննիչին՝ ցանկություն հայտնելով, որ իր շահերը պաշտպանի փաստաբան Կ.Քամալյանը (տե՛ս քրեական գործի նյութերը, հատոր 1-ին, թերթ 95):
10. Կասկածյալի լրացուցիչ հարցաքննության 2013 թվականի հոկտեմբերի 31-ի արձանագրության համաձայն՝ Վ.Սահակյանը պաշտպանի ներկայությամբ ցուցմունք է տվել, որ իր նախկին ցուցմունքն այն մասին, որ թմրամիջոցն իրեն է տվել Ա.Ավագյանը, իրականությանը չի համապատասխանում: Հայտնել է նաև, որ իրականում թմրամիջոցը 5.000 ՀՀ դրամով ձեռք է բերել 2013 թվականի հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում գործող ավտոշուկայում՝ անծանոթ երկու անձանցից: Նախկինում տրված ցուցմունքում Ա.Ավագյանի անունը հիշատակել է այն պատճառաբանությամբ, որ համոզված է եղել, որ հանցագործություն է համարվում թմրամիջոցի առուվաճառքը միայն, հետևաբար հայտնել է` իբր թմրամիջոցն իրեն է հյուրասիրել ընկերը՝ Ա.Ավագյանը՝ հույս ունենալով, որ այդ դեպքում իրենց վարչական կարգով կտուգանեն և բաց կթողնեն (տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 85-87):
Մեղադրյալի հարցաքննության 2013 թվականի նոյեմբերի 1-ի արձանագրության համաձայն՝ Վ.Սահակյանը պաշտպանի ներկայությամբ ցուցմունք է տվել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում` նշելով, որ Ա.Ավագյանն իրեն թմրամիջոց չի տվել, իրականությունն այն է, ինչ հայտնել է 2013 թվականի հոկտեմբերի 31-ին տված ցուցմունքի մեջ, իսկ թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու մեջ իրեն մեղավոր է ճանաչում (տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 1-ին, թերթ 91):
11. Փորձագետի 2013 թվականի հոկտեմբերի 30-ի հմ. 0916 եզրակացության համաձայն՝ Վ.Սահակյանի մեզի և մազի փորձանմուշներում հայտնաբերվել են կանաբինոիդների խմբի թմրամիջոցների թմրալկալոիդներ (տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 1-ին, թերթ 132):
Փորձագետի 2013 թվականի հոկտեմբերի 31-ի հմ. 0919 եզրակացության համաձայն՝ Ա.Ավագյանի մեզի և մազի փորձանմուշներում հայտնաբերվել են կանաբինոիդների խմբի թմրամիջոցների թմրալկալոիդներ (տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 1-ին, թերթ 131):
12. ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնի պետ Վ.Մեսրոպյանի կողմից ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետին հասցեագրված 2013 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 7/4-13536 գրության համաձայն. «(...) Որպես կասկածյալ լրացուցիչ հարցաքննվելիս և որպես մեղադրյալ հարցաքննվելիս Վահան Սահակյանը ցուցմունք է տվել այն մասին, որ իրականում իր մեքենայի միջից հայտնաբերված թմրամիջոցը Ա.Ավագյանը չի տվել իրեն, այն 5.000 ՀՀ դրամ գումարով գնել է 2013թ. հոկտեմբերի 20-ին, Երևան քաղաքի Նուբարաշեն թաղամասում գտնվող ավտոշուկայից:
Հայտնելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է հանձնարարել համապատասխան աշխատակիցներին ձեռնարկել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ պարզելու համար.
- դեպքի մասին տեղեկություններ ունեցող անձանց, վերջիններիս ներկայացնել քննչական բաժին:
- ստուգել Ա.Ավագյանի և Վ.Սահակյանի ցուցմունքների արժանահավատությունը:
- պարզել Ա.Ավագյանի կողմից թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը, վերջինս այլ անձանց թմրամիջոց իրացրել է, թե ոչ:
- պարզել դեպքի իրական հանգամանքները:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքների մասին հայտնել Կենտրոնականի քննչական բաժին» (տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 128-129):
13. Մեղադրյալի լրացուցիչ հարցաքննության 2013 թվականի դեկտեմբերի 18-ի արձանագրությունների համաձայն՝ Ա.Ավագյանը և Վ.Սահակյանը պաշտպանների ներկայությամբ ցուցմունք են տվել 2013 թվականի հոկտեմբերի 24-ին միմյանց հանդիպելու և անվադողերի հարցի շուրջ զրուցելու հանգամանքների մասին (տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 158, 160):
14. Ավագ քննիչ Է.Այվազյանի 2013 թվականի դեկտեմբերի 18-ի որոշման համաձայն. «Նկատի ունենալով, որ թիվ 13828513 քրեական գործի նախաքննության ընթացքում հայտնաբերվել է նոր՝ անհայտ անձի կողմից Արարատ Ավագյանին զգալի չափի՝ 0,55 գրամ քաշով «չորացված մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի իրացնելու դեպք (...) որոշեցի (...) անհայտ անձի կողմից Արարատ Ավագյանին զգալի չափի՝ 0,55 գրամ քաշով «չորացված մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի իրացնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասով հարուցել թիվ 15803613 քրեական գործը, այն առանձնացնել առանձին վարույթ և առանձին շարունակել նախաքննությունը» (տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 1-ին, թերթ 161):
15. «ԱՐԹՄԵԴ բժշկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ի 2013 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 16/13 գրության համաձայն՝ Վ.Սահակյանը 2005 թվականի մայիսի 13-ին դիմել է «ԱՐԹՄԵԴ» ԲՎԿ, ախտորոշվել է «դեպրեսիվ-պարանոիդ համախտանիշ» (տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 2-րդ, թերթ 173-177):
16. Ամբաստանյալ Վ.Սահակյանի հարցաքննության 2014 թվականի փետրվարի 28-ի արձանագրության համաձայն՝ Վ.Սահակյանը դատաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել վերապահումով և ցուցմունք է տվել, որ իր մեքենայից հայտնաբերված թմրամիջոցը, օրը կոնկրետ չի հիշում, 5.000 ՀՀ դրամով ձեռք է բերել Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում գործող ավտոշուկայում անծանոթ անձանցից (տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 45-47, դատական նիստի ձայնագրման կրիչը):
Ամբաստանյալ Ա.Ավագյանի հարցաքննության 2014 թվականի մարտի 13-ի արձանագրության համաձայն՝ Ա.Ավագյանը դատաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել, որ 2013 թվականի հոկտեմբերի 24-ին Վ.Սահակյանի հետ հանդիպել և զրուցել են վերջինիս կողմից ավտոմեքենան վաճառելու դեպքում անվադողերն իրեն տալու մասին, սակայն նրան թմրամիջոց չի իրացրել (տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 52-53, դատական նիստի ձայնագրման կրիչը):
17. Վկայի հարցաքննության 2013 թվականի դեկտեմբերի 16-ի և 2014 թվականի փետրվարի 7-ի արձանագրությունների համաձայն՝ վկա Սուրեն Միկոյանը նախաքննության և դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել, որ որպես ընթերակա մասնակցել է Վ.Սահակյանի ավտոմեքենայի զննությանը: Զննության ժամանակ ավտոմեքենայից հայտնաբերվել է մոտ 0,6 գրամ քաշով, սպիտակ թղթի մեջ փաթաթված դեղնականաչավուն զանգված: Ավտոմեքենայի տերը հայտնել է, որ դա թմրամիջոց է, որն իրեն է տվել իր ընկերը (տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 155-156, հատոր 2-րդ, թերթեր 35-36, դատական նիստի ձայնագրման կրիչը):
Վկայի հարցաքննության 2013 թվականի դեկտեմբերի 17-ի և 2014 թվականի փետրվարի 28-ի արձանագրությունների համաձայն՝ վկա Ալեն Ավետիսյանը ցուցմունք է տվել, որ որպես ընթերակա մասնակցել է Վ.Սահակյանի ավտոմեքենայի զննությանը: Զննության ժամանակ ավտոմեքենայից հայտնաբերվել է մոտ 0,6 գրամ քաշով, սպիտակ թղթի մեջ փաթաթված դեղնականաչավում զանգված: Ավտոմեքենայի տերը հայտնել է, որ դա պատկանում է իրեն և տվել է իր ընկերը (տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 1-ին թերթեր 150-151, հատոր 2-րդ, թերթեր 43-45, դատական նիստի ձայնագրման կրիչը):
18. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն. «Դատարանը վերլուծելով և գնահատման ենթարկելով դատաքննությամբ ուսումնասիրված՝ Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի ցուցմունքները, դրանք համարում է սուբյեկտիվ և անարժանահավատ և գտնում, որ այդպիսիք նպատակ են հետապնդում Արարատ Ավագյանի դեպքում՝ նրան ազատել քրեական պատասխանատվությունից և սպասվող խիստ պատժից, իսկ Վահան Սահակյանի դեպքում՝ վերականգնել իր՝ ընկերոջ և նրա շրջապատի մոտ ունեցած անունն ու բարի համբավը, փորձելով նախկինում տրված և դատարանի մոտ ավելի արժանահավատ դիտարկված ցուցմունքները ներկայացնել որպես իրենից խաբեության արդյունքում կորզված ապացույցներ» (տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 2-րդ, թերթ 82):
Առաջին ատյանի դատարանը, Ա.Ավագյանին և Վ.Սահակյանին առաջադրված մեղադրանքներում մեղավոր ճանաչելով, նրանց մեղադրանքի հիմքում դրել է Վ.Սահակյանի 2013 թվականի հոկտեմբերի 25-ի ցուցմունքները, որպես վկա հարցաքննված ընթերականեր Ս.Միկոյանի և Ա.Ավետիսյանի ցուցմունքները, մեքենայի զննության մասին արձանագրությունը, դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննությունների եզրակացությունները, իրեղեն ապացույց ճանաչված 0,55 գրամ քաշով «չորացված մարիխուանա» տեսակի թմրամիջոցը և ապացույց ճանաչված այլ փաստաթուղթ հանդիսացող՝ Ա.Ավագյանի և Վ.Սահակյանի կողմից օգտագործվող հեռախոսներից կատարված հեռախոսազանգերի վերծանումները (տե՛ս քրեական գործի նյութերը, հատոր 2-րդ, թերթեր 79-88):
19. Առաջին ատյանի դատարանի դատավճռով նաև արձանագրված է. «Որպես Վահան Սահակյանի անձը բնութագրող դրական հանգամանք դատարանը հաշվի է առնում Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի «Հաճն 3» համատիրության նախագահ Վ.Մեսրոպյանի կողմից տրված բնութագիրը, համաձայն որի՝ «Վահան Սերյոժայի Սահակյանը՝ ծնված 16.05.1968թ. հաշվառված և բնակվում է (...), ամուսնացած է խնամքին ունի երկու երեխա: Շուրջ 14 տարի է Վ.Սահակյանը բնակվում է վերը նշված հասցեում մոր, կնոջ և երկու երեխաների հետ: Ընտանիքում Վ.Սահակյանը սիրված և հարգված զավակ է, ամուսին և հայր: Միշտ թողել է խելացի, ազնիվ, համեստ և հավասարակշռված անձնավորության տպավորություն: Վայելում է հարևանների հարգանքը: Ընկերասեր է:
(...)
Դատարանը, ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ամբաստանյալ Վահան Սահակյանի արարքում նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում այն, որ նրա խնամքին է գտնվում մեկ անչափահաս երեխան՝ Սերգեյ Վահանի Սահակյանը, ծնված 16.05.1997թ.-ին: Բացի այդ, դատարանը նրա պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում այն, որ նա տառապում է «Դեպրեսիվ պարանոիդ համախտանիշ» հիվանդությամբ:
(...)
Դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի համաձայն՝ ամբաստանյալ Վահան Սահակյանի արարքում նրա պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:
Ելնելով գործի հանգամանքներից, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի դրույթը (...), ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթը (...) և 61-րդ հոդվածը (...), դատարանը գտնում է, որ ամբաստանյալներ Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի կողմից կատարված հանցավոր արարքների համար նրանց նկատմամբ պետք է պատիժներ նշանակվեն ազատազրկման ձևով, որպիսի պատիժները նրանք պետք է կրեն» (տե՛ս քրեական գործի նյութերը, հատոր 2-րդ, թերթեր 86-87):
20. Վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի հուլիսի 8-ի որոշման համաձայն. «(…) [Վ]երաքննիչ դատարանը վերլուծության ու գնահատության ենթարկելով գործով ձեռք բերված ապացույցները, դրանցից յուրաքանչյուրը գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, հանգում է այն հետևության, որ ամբաստանյալ Ա.Ավագյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորված և հաստատված է գործին վերաբերվող փոխկապակցված, հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, քրեական գործի ինչպես նախաքննությամբ, այնպես էլ դատաքննության ընթացքում քրեադատավարական օրենքի էական խախտումներ, որոնք գործին մասնակցող անձանց օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող են ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, թույլ չեն տրվել և գործի փաստական հանգամանքների մասին դատարանի դատավճռում շարադրված հետևությունները բխում են քրեական գործով ձեռք բերված ապացույցներից, հետևաբար ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը բեկանելու, ամբաստանյալ Ա.Ավագյանին արդարացնելու կամ արարքը որպես թմրամիջոց պահելու օժանդակություն վերաորակելու հիմքեր չկան» (տե՛ս քրեական գործի նյութերը, հատոր 3-րդ, թերթեր 93-94):
21. Վ.Սահակյանի նկատմամբ նշանակված պատժի մասով Վերաքննիչ դատարանն արձանագրել է. «Սույն քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող ամբաստանյալ Վահան Սերյոժայի Սահակյանի նկատմամբ պատժի տեսակն ու չափը որոշելիս ղեկավարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով սահմանված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, և բավարար չափով ստուգման ու պատշաճ գնահատության է ենթարկել ամբաստանյալ Վ.Սահակյանի կողմից կատարված հանցանքի հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, անձը բնութագրող տվյալները (…):
Ընդհանուր իրավասության դատարանը, ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ամբաստանյալ Վահան Սահակյանի արարքում նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել այն, որ նրա խնամքին է գտնվում մեկ անչափահաս երեխան՝ Սերգեյ Վահանի Սահակյանը, ծնված 16.05.1997թ-ին: Բացի այդ, դատարանը նրա պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել այն, որ նա տառապում է «Դեպրեսիվ պարանոիդ համախտանիշ» հիվանդությամբ:
Վահան Սահակյանի արարքում նրա պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չեն արձանագրվել:
Նման պայմաններում ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ նշանակել է արդարացի պատիժ, ինչը բխում է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով ամրագրված արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքից՝ համապատասխանում է կատարված հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ ու բավարար է նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար և կարող է ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակները, այն է՝ վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին:
Վերոգրյալ հիմքերով վերաքննիչ դատարանը գալիս է համոզման, որ ամբաստանյալի ուղղվելը և դաստիարակվելը հնարավոր չէ առանց նշանակված պատիժը կրելու, նրա նկատմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու կամ նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառելու հիմքեր չկան և դատարանի կողմից կայացված դատական ակտը՝ որպես օրինական ու հիմնավորված, պետք է թողնել օրինական ուժի մեջ» (տե՛ս քրեական գործի նյութերը, հատոր 3-րդ, թերթեր 88-89):
Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջները.
Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.
22. Ամբաստանյալ Ա.Ավագյանի պաշտպան Կ.Քամալյանի պնդմամբ՝ սույն գործով ստորադաս դատարանների դատական ակտերը կայացվել են նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներով: Մասնավորապես, ստորադաս դատարաններն իրենց դատական ակտերի հիմքում որպես միակ մեղադրող ուղղակի ապացույց դրել են գործով մյուս ամբաստանյալ Վ.Սահակյանի նախաքննական սկզբնական ցուցմունքները, որոնք ձեռք են բերվել ինչպես ներպետական օրենսդրության, այնպես էլ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով նախատեսված պահանջների ոտնահարմամբ:
Այսպես, բողոք բերած անձը փաստարկել է, որ ստորադաս դատարանները պետք է անթույլատրելի ապացույցներ ճանաչեին և մեղադրական դատավճռի հիմքում չդնեին Վ.Սահակյանի որպես կասկածյալ տված ցուցմունքը, Ա.Ավագյանի հետ առերես հարցաքննության ժամանակ տված ցուցմունքները, քանի որ Վ.Սահակյանը դրանք տվել է թմրամիջոց օգտագործած վիճակում, և նշված քննչական գործողություններին փաստաբան չի մասնակցել: Ուստի, բողոքաբերը գտնում է, որ վերոշարադրյալ փաստական տվյալները ձեռք են բերվել Վ.Սահակյանի պաշտպանության իրավունքի խախտմամբ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իմաստով: Վերոշարադրյալ փաստարկները հիմնավորելու համար բողոքաբերը նշել է, որ բողոքարկվող դատական ակտերը հակասում են Վճռաբեկ դատարանի նախկինում` Ա.Սարգսյանի գործով 2009 թվականի սեպտեմբերի 16-ին ընդունված թիվ ԵՔՐԴ/0295/01/08 և Ն.Պողոսյանի գործով 2010 թվականի մարտի 26-ին ընդունված թիվ ՀՅՔՐԴ 2/0153/01/08 որոշումներին:
Ինչ վերաբերում է պաշտպանի մասնակցությամբ ամբաստանյալ Վ.Սահակյանի ցուցմունքներին, որոնք հերքում են Ա.Ավագյանի կողմից Վ.Սահակյանին թմրամիջոց իրացնելու հանգամանքը, ապա բողոքաբերի պնդմամբ՝ ստորադաս դատարաններն առանց որևէ հստակ հիմնավորման դրանք գնահատել են որպես Ա.Ավագյանի կողմից քրեական պատասխանատվությունից և խիստ պատժից խուսափելու միտում, իսկ Վ.Սահակյանի կողմից՝ իր ընկերոջ և շրջապատի մոտ ունեցած անվան ու բարի համբավի վերականգնում:
Բողոք բերած անձը նշել է նաև, որ դատաքննության ընթացքում պաշտպանության կողմը դատարանին ներկայացրել է ապացույցներ ամբաստանյալ Վ.Սահակյանի` հոգեկան հիվանդությամբ տառապելու և համապատասխան բուժում անցած լինելու վերաբերյալ: Հետևաբար, ստորադաս դատարանները պետք է նշանակեին դատահոգեբուժական-դատահոգեբանական և նարկոլոգիական փորձաքննություն՝ պարզելու Վ.Սահակյանի մեղսունակության հարցը, և թե արդյոք թմրամիջոցների ազդեցության տակ գտնվելու ժամանակ Վ.Սահակյանը կարող էր իրականությանը համապատասխանող ցուցմունքներ տալ:
Անդրադառնալով մեղադրական դատավճռի հիմքում դրված ապացույցներին, մասնավորապես՝ վկաներ Ս.Միկոյանի և Ա.Ավետիսյանի ցուցմունքներին` բողոքաբերը փաստարկել է, որ դրանք չեն վերաբերում Ա.Ավագյանին առաջադրված մեղադրանքին և չեն հաստատում այն:
23. Ելնելով վերոգրյալից` բողոք բերած անձը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մարտի 25-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2014 թվականի հուլիսի 8-ի որոշումը, ամբաստանյալ Ա.Ավագյանին ճանաչել անպարտ և նրան առաջադրված մեղադրանքում արդարացնել:
24. Ամբաստանյալ Վ.Սահակյանի պաշտպան Ա.Մկրտչյանը փաստարկել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ: Մասնավորապես, խախտվել են ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 62-րդ, 70-րդ հոդվածների, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ, 360-րդ հոդվածների պահանջները:
Ի հիմնավորումն իր փաստարկի՝ բողոքի հեղինակը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը, թեև իր դատական ակտում ամրագրել է, որ Վ.Սահակյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առնում նրա կատարած հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող մի շարք հանգամանքներ, սակայն իրականում այդպիսիք հաշվի չի առել: Դատարանն անտեսել է, որ Վ.Սահակյանը նախկինում դատապարտված կամ որևէ կերպ արատավորված չի եղել, առաջին անգամ կատարել է ոչ մեծ ծանրության հանցագործություն, բնութագրվում է դրականորեն, վատառողջ է, խնամքին են գտնվում անչափահաս երեխան, վատառողջ մայրը, դուստրը սովորում է վճարովի հիմունքներով, ընտանիքի միակ կերակրողն է, պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքները բացակայում են: Բացի այդ, ամբաստանյալն անկեղծորեն զղջացել է և գիտակցել իր կատարածի հետևանքները, ինչի մասին է վկայում նաև նրա դրսևորած վարքագիծը, մասնավորապես այն, որ լինելով ազատության մեջ Վ.Սահակյանը որևէ խոչընդոտ չի ստեղծել վարույթն իրականացնող մարմնի համար, առաջին իսկ կանչով ներկայացել է քննությանը: Այս պայմաններում Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում որևէ հիմնավորում չի բերել, թե ինչի հիման վրա է Վ.Սահակյանի նկատմամբ 6 ամիս ժամկետով ազատազրկման ձևով պատիժ նշանակում, մեկուսացնում հասարակությունից, և ինչու ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը նրա նկատմամբ կիրառելի չէ:
Բողոքաբերը կարծիք է հայտնել, որ Վ.Սահակյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով և փորձաշրջան նշանակելով հնարավոր է հասնել պատժի նպատակներին՝ սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և նոր հանցագործությունների կանխմանը, ինչպես նաև ապահովել արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները:
25. Ելնելով վերոգրյալից՝ բողոք բերած անձը խնդրել է բեկանել և փոփոխել ստորադաս դատարանների դատական ակտերը, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով Վ.Սահակյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
26. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության, մասնավորապես` իրավունքի զարգացման գործառույթի իրացման ապահովումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանցանք կատարելու մեջ անձի մեղավորությունը հաստատելիս ապացույցների բավարարության, ինչպես նաև պատիժ նշանակելու մասով դատական ակտի պատճառաբանվածության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:
I. Հանցանք կատարելու մեջ անձի մեղավորությունը հաստատելիս ապացույցների բավարարությունը.
27. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. ամբաստանյալ Ա.Ավագյանին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ մեղավոր ճանաչելիս ստորադաս դատարանները պահպանե՞լ են արդյոք գործի լուծման համար բավարարության տեսանկյունից ապացույցները գնահատելու օրենսդրական պահանջը:
28. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն՝
«(…) 3. Հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ:
4. Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի: (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը ապացույցները գնահատում են իրենց ներքին համոզմամբ»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի համաձայն` «Միայն ապացույցների հիման վրա են հաստատվում`
1) դեպքը և հանգամանքները (կատարման ժամանակը, տեղը, եղանակը և այլն).
2) կասկածյալի և մեղադրյալի առնչությունը դեպքին.
3) հանցագործության` քրեական օրենքով նախատեսված հատկանիշները.
4) անձի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ.
5) քրեական օրենքով նախատեսված պատասխանատվությունը մեղմացնող կամ խստացնող հանգամանքները.
6) այն հանգամանքները, որոնցով դատավարության մասնակիցը կամ քրեական դատավարությանը մասնակցող այլ անձը հիմնավորում է իր պահանջները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն`
«1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:
2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Մեղադրական դատավճիռը չի կարող հիմնված լինել ենթադրությունների վրա և կայացվում է միայն այն դեպքում, երբ հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունն ապացուցված է դատական քննության ընթացքում: Հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունը կարող է համարվել ապացուցված, եթե դատարանը, ղեկավարվելով անմեղության կանխավարկածով, հիմնվելով պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատական քննության ընթացքում գործի հանգամանքների հետազոտման արդյունքների վրա, դատաքննության ժամանակ հետազոտված հավաստի ապացույցների հիման վրա, ամբաստանյալի մեղավորության մասին չփարատվող բոլոր կասկածները նրա օգտին մեկնաբանելով, սույն օրենսգրքի 360 հոդվածի առաջին մասի 1-4-րդ կետերում նշված հարցերին տալիս է հաստատող պատասխաններ»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի համաձայն՝ «Դատավճռի նկարագրական-պատճառաբանական մասում ցույց է տրվում (...) 3) այն ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, ինչպես նաև այս կամ այն ապացույցն անարժանահավատ համարելու փաստարկները»:
«Ապացույցների բավարարություն» հասկացության էությունը, ապացույցների բավարարությունը որոշելու ընդհանուր չափանիշները, դրանցից յուրաքանչյուրի բնութագիրը Վճռաբեկ դատարանը քննարկել և վերլուծել է Ս.Սաքանյանի վերաբերյալ գործով կայացրած որոշման շրջանակներում:
Մասնավորապես, վկայակոչված որոշման մեջ Վճռաբեկ դատարանը, համեմատական վերլուծության ենթարկելով «ապացուցման առարկա» և «ապացույցների բավարարություն» հասկացությունները, նշել է. «(…) եթե ապացուցման առարկան ցույց է տալիս, թե ինչ է անհրաժեշտ պարզել յուրաքանչյուր քրեական գործով, ապա ապացույցների բավարարությունը կապված է այն ապացուցողական նյութի հետ, որը վերաբերում է ապացուցման առարկային և թույլ է տալիս այդ հանգամանքների մասին գալ արժանահավատ հետևության: Որոշելով ապացույցների բավարարությունը` վարույթն իրականացնող մարմինները լուծում են քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների հետազոտման խորության աստիճանի հետ կապված հարցերը, մասնավորապես այն, թե ի՞նչ աստիճանի պետք է մանրացվի յուրաքանչյուր հանգամանքը, և ի՞նչ ծավալի ապացույցներ են անհրաժեշտ այդ հանգամանքները հավաստի պարզելու և դրա հիման վրա այս կամ այն դատավարական որոշումը կայացնելու համար:
Այսպիսով, ապացույցների բավարարությունը ենթադրում է կոնկրետ գործով ապացուցման շրջանակների այնպիսի որոշումը, որպեսզի հավաքված ապացույցները որակական կողմից ապահովեն ապացուցման առարկայի յուրաքանչյուր տարրի պարզումը, իսկ քանակական կողմից` այդ հանգամանքների բացահայտման արժանահավատությունը և դատավարական որոշումների հիմնավորվածությունն ու պատճառաբանվածությունը:
Ի տարբերություն ապացուցման առարկայի, ապացույցների բավարարություն հասկացության բովանդակությունը քրեական դատավարության օրենսդրությամբ բացահայտված չէ, այսինքն` օրենքում հստակ նշում չկա այն մասին, թե մինչև ե՞րբ պետք է հավաքվեն և հետազոտվեն ապացույցները, որպեսզի յուրաքանչյուր գործով պարզվի ապացուցման առարկան ամբողջությամբ կամ նրա տարրերն առանձին վերցրած: Բացի այդ, օրենքում սահմանված չէ միասնական չափանիշ առ այն, թե ե՞րբ են ի հայտ գալիս յուրաքանչյուր քրեական գործով ապացուցման առարկան բացահայտված համարելու հիմքերը:
Վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համակարգային վերլուծության հիման վրա արձանագրում է ապացույցների բավարարությունը որոշելու հետևյալ ընդհանուր չափանիշները՝
1) վարույթն իրականացնող մարմինների ներքին համոզմունք,
2) դատավարական որոշումների հիմնավորվածություն և պատճառաբանվածություն,
3) անմեղության կանխավարկած» (տե՛ս Սիրակ Սաքանյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0058/01/10 որոշման 14-15-րդ կետերը, իսկ վարույթն իրականացնող մարմինների ներքին համոզմունքի, դատավարական որոշումների հիմնավորվածության և պատճառաբանվածության, անմեղության կանխավարկածի մասին մանրամասն տե՛ս նույն որոշման 16-19-րդ կետերը):
29. Վերահաստատելով և զարգացնելով նախորդ կետում մեջբերված գործով արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «ապացույցների բավարարությունը» որոշելու չափանիշներն են.
1) անմեղության կանխավարկածը,
2) վարույթն իրականացնող մարմինների ներքին համոզմունքը,
3) դատավարական որոշումների հիմնավորվածությունը և պատճառաբանվածությունը:
30. Անդրադառնալով անմեղության կանխավարկածի սկզբունքին` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ քրեական դատավարությունում կանխավարկածը օրենքով կամ նախադեպային իրավունքով հաստատված այն կանոնն է, որի համաձայն՝ որոշակի հանգամանք համարվում է հաստատված, քանի դեռ օրենքով սահմանված կարգով չի ապացուցվել հակառակը: Մարդու անմեղությունը քրեական դատավարության կարևորագույն կանխավարկածներից է, որն ամրագրված է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով և օրենքներով, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքով: Հանցանք կատարելու մեջ անձի մեղավորությունը հաստատված համարելը ոչ այլ ինչ է, քան անմեղության կանխավարկածի հաղթահարում: Միևնույն ժամանակ, անձին դատապարտելու համար համարժեք ապացույցների բավարար համակցության բացակայությունը նշանակում է, որ անձի անմեղության կանխավարկածը հաղթահարված չէ: Այլ խոսքով՝ քրեական դատավարության ընթացքում չապացուցված մեղավորությունը հավասարազոր է ապացուցված անմեղության:
Հարկ է նշել նաև, որ անմեղության կանխավարկածն ամրագրող նորմերը, ինչպես նաև նախադեպային իրավունքը սահմանում են ոչ միայն այդ սկզբունքի բուն էությունը, այլև՝ դրա հաղթահարման, նույնն է, թե անձի մեղավորության հաստատման համար անհրաժեշտ դատավարական չափորոշիչները: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը Մ.Հակոբյանի գործով որոշման մեջ շեշտել է. «(…) ապացույցների կամայական գնահատման արգելքը դատարաններին պարտավորեցնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածում թվարկված՝ ապացուցման ենթակա հանգամանքների, այդ թվում՝ կոնկրետ հանցանքի հատկանիշների և այդ հանցանքի մեջ անձի մեղավորության վերաբերյալ իր հետևությունները հիմնավորել վերաբերելի, փոխկապակցված, հավաստի ապացույցներով և ոչ թե ենթադրություններով: Այլ խոսքով՝ հանցանքի մեջ մեղադրվող յուրաքանչյուր անձի վերաբերյալ` ապացուցման ենթակա յուրաքանչյուր հանգամանքի կապակցությամբ դատարանի հետևությունը պետք է հիմնված լինի ոչ թե գնահատողական դատողությունների, կանխատեսումների կամ կարծիքների, այլ կոնկրետ գործով օրենքով սահմանված կարգով ձեռք բերված փաստական տվյալների վրա: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ մեղսագրվող հանցագործության և դրա հատկանիշների ապացուցման բեռը կրում է մեղադրանքի կողմը, իսկ չփարատված կասկածները պետք է մեկնաբանվեն հօգուտ մեղադրյալի: Դրանից հետևում է, որ մեղադրանքի կողմը կրում է անձի մեղքը հաստատելու համար բավարար ապացույցներ ներկայացնելու պարտականությունը (…)» (տե՛ս Մարգար Հակոբյանի վերաբերյալ 2013 թվականի մայիսի 8-ի թիվ ԵԿԴ/0168/01/12 որոշման 13-րդ կետը): Անմեղության կանխավարկածի սկզբունքին Վճռաբեկ դատարանն անդրադարձել և իրավական դիրքորոշում է արտահայտել նաև Արմեն Բաբայանի և Սուրեն Թումանյանի գործով որոշման մեջ (տե՛ս Արմեն Բաբայանի և Սուրեն Թումանյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0044/01/11 որոշման 14-րդ կետը):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուսումնասիրությունը ևս ցույց է տալիս, որ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետով երաշխավորված անմեղության կանխավարկածի սկզբունքը, ի թիվս այլոց, ենթադրում է մեղադրանքի կողմի պարտականությունը ներկայացնելու անձին դատապարտելու համար բավարար ապացույցներ (տե՛ս, ի թիվս այլոց, Barbera Messegue and Jabardo v. Spain, գանգատ թիվ 10590/83, 1988 թվականի դեկտեմբերի 6-ի վճիռ, 77-րդ կետ, Janosevic v. Sweden, գանգատ թիվ 34619/97, 2002 թվականի հուլիսի 23-ի վճիռ, 97-րդ կետ):
Այսպիսով, անմեղության կանխավարկածի սկզբունքը ենթադրում է ապացույցների այնպիսի ամբողջության առկայություն, որն անհրաժեշտ է անձի մեղավորությունը ողջամիտ (հիմնավոր) կասկածից վեր ապացուցված համարելու, այլ ոչ թե անձի մեղավորության մասին ենթադրություններ անելու համար:
31. Ապացույցների բավարարությունը որոշելու մյուս չափանիշին՝ ներքին համոզմունքին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Մ.Հովհաննիսյանի և Ա.Մարտիրոսյանի վերաբերյալ որոշման մեջ և դիրքորոշում ձևավորել այն մասին, որ «(…) Ներքին համոզմունքը, որպես ապացույցների գնահատման արդյունք, բնութագրվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների անխզելի կապով. այն, մի կողմից, պետք է բխի հետազոտվող ապացույցների բավարար համակցությունից և հիմնվի դրանց վրա, իսկ մյուս կողմից, անկողմնակալ դիտորդի մոտ պետք է առաջացնի այն վստահությունը, որ ապացույցները հետազոտվել են արդարության բոլոր պահանջների պահպանմամբ:
Ապացույցները, որոնք հավաքվել և ստուգվել են օրենքին համապատասխան, կազմում են ներքին համոզմունքի այն օբյեկտիվ հիմքը, որն իր դրսևորումն է գտնում ընդունվող որոշումներում: Թեպետ ապացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա, այն չի կարող լինել կամայական: Դրա հիմքում պետք է դրված լինի գործի բոլոր հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը: (…)» (տե՛ս Մակար Հովհաննիսյանի և Աշոտ Մարտիրոսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵՔՐԴ/0632/01/08 որոշման 14-րդ կետը):
Այսպիսով, «ներքին համոզմունքը» սուբյեկտիվ-օբյեկտիվ կատեգորիա է: Այն ապացույցների գնահատումն իրականացնող սուբյեկտի գիտակցված և ողջամիտ համոզվածությունն է իր իսկ կողմից կայացված որոշման հիմնավորվածության մեջ (սուբյեկտիվ բնույթ): Այդպիսի համոզվածությունը պետք է ձևավորված լինի գործի բոլոր հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության արդյունքում և հիմնվի թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցների բավարար համակցությամբ հաստատված փաստերի վրա, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ ողջամտորեն կձևավորեն նույն համոզվածությունը (օբյեկտիվ բնույթ):
Ելնելով այն հանգամանքից, որ ներքին համոզմունքն ունի օբյեկտիվ հիմքեր, անհրաժեշտ է այն տարբերակել ինտուիցիայից, ենթադրություններից և այլ անհաշվետու զգացմունքներից: Ի տարբերություն դրանց, ներքին համոզմունքը չի կարող ձևավորվել առանց օբյեկտիվ հիմքի և հիմնվել անթույլատրելի, ոչ վերաբերելի, անարժանահավատ ապացույցների վրա: Այլ խոսքով, ներքին համոզմունքը հիմնվում է ողջամիտ կարծիքի, գիտելիքի վրա, այլ ոչ թե ենթադրությունների, երևակայության, համակրանքի, հակակրանքի կամ կանխակալ կարծիքի վրա:
Ներքին համոզմունքի՝ որպես ապացույցների գնահատման արդյունքի օբյեկտիվ հիմքը քրեական գործով ձեռք բերված, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտված ապացույցների բավարար համակցությունն է: Այս առումով անհրաժեշտ է վերլուծել ապացույցների թույլատրելիության, վերաբերելիության և արժանահավատության հատկանիշները, որոնց տեսանկյունից ապացույցները ենթակա են գնահատման:
31.1. Ապացույցների թույլատրելիության հատկանիշը վերաբերում է դրանց ձևական կողմին: Դրա էությունը կազմում է ապացույցները ձեռք բերելիս օրենքով նախատեսված դատավարական պահանջների պահպանվածությունը և ենթադրում է.
- աղբյուրի օրինականություն՝ ապացույցը պետք է ձեռք բերվի միայն օրենքով սահմանված աղբյուրներից (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մաս),
- ձեռքբերման միջոցների օրինականություն՝ պետք է պահպանված լինեն ապացույցների ձեռքբերմանն ուղղված գործողություններ կատարելուն օրենքով առաջադրված պահանջները,
- դատավարական ձևակերպում՝ ապացույցը, դրա ձեռքբերման գործընթացը պետք է օրենքով սահմանված կարգով ենթարկվեն դատավարական ձևակերպման,
- լիազորված սուբյեկտ՝ այն պետք է ստացված լինի ապացույց ձեռք բերելու լիազորությամբ օժտված սուբյեկտի կողմից:
Ապացույցն անթույլատրելի ճանաչելու հիմքերը հստակ սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածով:
31.2. Վերաբերելիությունն ապացույցի կարողությունն է իր բովանդակությամբ ծառայելու ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքները, գործի քննության և լուծման համար նշանակություն ունեցող այլ տվյալները բացահայտելուն և հաստատելուն: Այլ խոսքով՝ ապացույցի վերաբերելիության հատկանիշն արտացոլում է ապացույցի և գործի քննության ու լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների միջև կապը: Ապացույցը կհամարվի վերաբերելի, եթե տեղեկություններ պարունակի գործի համար որևէ նշանակություն ունեցող փաստի մասին:
31.3. Ապացույցի արժանահավատության հատկանիշը նույնպես վերաբերում է ապացույցի բովանդակային գնահատմանը: Արժանահավատ է այն ապացույցը, որի ճշմարտացիությունը կասկած չի հարուցում: Ապացույցն արժանահավատության տեսանկյունից գնահատելիս դատարանը պետք է հիմք ընդունի հետևյալ հանգամանքները.
ա) ապացույցի աղբյուրի հատկանիշները (օրինակ՝ փորձագետի ձեռնհասությունը, ցուցմունք տվող անձի շահագրգռվածությունը, որոշ դեպքերում հոգեբանական և ֆիզիոլոգիական հատկանիշները, վիճակը, ինչպես նաև անձին վերաբերող այլ հատկանիշներ, որոնք կարող են ազդեցություն ունենալ այդ անձի կողմից գործի համար նշանակություն ունեցող հանգամանքներն ընկալելու, մտապահելու, վերարտադրելու գործընթացի վրա),
բ) ապացույցի ձևավորման հանգամանքները (օրինակ՝ վկայի կողմից կոնկրետ հանգամանքն ընկալելու պայմանները, պաշտպանի, ներկայացուցչի ներկայությունը և այլն),
գ) ապացուցողական տեղեկությունը ձեռք բերելու միջոցը,
դ) ապացույցի բովանդակությունը կազմող տեղեկությունը հաստատող կամ հերքող հանգամանքների առկայությունը,
ե) նույն տեղեկության ստացումն այլ աղբյուրից:
Յուրաքանչյուր ապացույց արժանահավատության տեսանկյունից պետք է գնահատվի ապացույցների համակցության մեջ՝ բազմակողմանի և մանրամասն գնահատելով փաստական տվյալների ստացման աղբյուրները և ապացույցի ձևավորման ամբողջ ընթացքը: Ապացույցի արժանահավատության վերաբերյալ վերջնական որոշում կարող է կայացվել դրա բովանդակությունն այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների հետ համադրելու արդյունքում: Որոշակի փաստի վերաբերյալ այս կամ այն աղբյուրից ստացված տեղեկությունների արժանահավատությունը գնահատելու համար անհրաժեշտ է վերլուծել ստացված տեղեկությունների բովանդակությունը, համադրել դրանք այլ ապացույցների հետ, պարզել դրանց համապատասխանությունը կամ հակասությունը, հակասության դեպքում` դրա պատճառները:
Ապացույցի արժանահավատության վերաբերյալ դատարանի եզրահանգումները պետք է հիմնվեն գործում առկա փաստական տվյալների վրա:
32. Ապացույցների գնահատման արդյունքում ձևավորված ներքին համոզմունքն իրավական նշանակություն է ստանում և օբյեկտիվացվում ապացույցների բավարարությունը որոշելու մյուս՝ դատավարական որոշումների հիմնավորման և պատճառաբանման չափանիշի միջոցով (սույն չափանիշի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների մասին տե՛ս նաև Սիրակ Սաքանյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0058/01/10 որոշման 18-րդ կետը): Ապացույցների կամայական գնահատման արգելքը ենթադրում է ապացույցները բարեխիղճ վերլուծության ենթարկելու պարտականություն:
Վերջին դիրքորոշումը բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջից, որի համաձայն՝ «Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները»:
Դատական ակտի պատճառաբանվածության հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ֆ.Գալստյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) Դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման համար:
(…) Պատճառաբանված որոշման բացակայությունն արդեն իսկ օբյեկտիվորեն սահմանափակում է վերադաս դատական ատյանի հնարավորությունը` լիարժեք դատական ստուգման ենթարկելու բողոքարկվող դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը և կայացնելու արդարացի որոշում, հետևաբար դատական ակտի չպատճառաբանված լինելը հանգեցնում է քրեական դատավարության կարևորագույն սկզբունքներից մեկի` ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտման:
(…) Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր մի շարք որոշումներում՝ ներպետական դատարանների կողմից կայացված որոշումների չպատճառաբանվածությունը կամ ոչ բավարար պատճառաբանվածությունը դիտել [է] «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված` անձի արդար դատական քննության իրավունքի խախտում (տե՛ս Սալովն ընդդեմ Ուկրաինայի (Salov v. Սkraine) 06.09.2005 թվականի որոշումը, գանգատ թիվ 65518/01, Բոլդեան ընդդեմ Ռումինիայի (Boldea v. Romania) 15.02.2007 թվականի որոշումը, գանգատ թիվ 19997/02, Գրադինարն ընդդեմ Մոլդովայի (Gradinar v. Moldova) 08.04.2008 թվականի որոշումը, գանգատ թիվ 7170/02)» (տե՛ս Ֆրունզիկ Գալստյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09 որոշման 18-20-րդ կետերը):
Վերահաստատելով Ֆ.Գալստյանի գործով որոշմամբ ձևավորած իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանը պարտավոր է իր դատական ակտում ամրագրել և թույլատրելիության, վերաբերելիության ու արժանահավատության տեսանկյունից գնահատման ենթարկել այն ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, ինչպես նաև նշել այս կամ այն ապացույցն անարժանահավատ համարելու փաստարկները (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 3-րդ կետ): Հակառակ դեպքում ապացույցների գնահատումը, դրա արդյունքում դատարանի համապատասխան ներքին համոզմունքի ձևավորումը կկրեն սուբյեկտիվ բնույթ, կհանգեցնեն կամայականության և անձի արդար դատաքննության իրավունքի խախտման՝ սահմանափակելով նաև դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգելու վերադաս դատարանի հնարավորությունը:
33. Սույն որոշման 29-32-րդ կետերում կատարված իրավական վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի լուծման համար ապացույցների բավարարությունը որոշելու չափանիշները սերտորեն փոխկապակցված են և փոխադարձաբար պայմանավորում են միմյանց: Գործի լուծման համար բավարար ապացույցներ ասելով` պետք է հասկանալ թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցների համակցություն, որը, հաղթահարելով անմեղության կանխավարկածը, անաչառ դիտորդի մոտ կձևավորի հիմնավոր կասկածից վեր համոզվածություն անձի մեղավորության վերաբերյալ, ինչպես նաև կհաստատի գործով ապացուցման առարկան կազմող մյուս հանգամանքները և հնարավորություն կտա կայացնել հիմնավորված և պատճառաբանված որոշում:
Ս.Սաքանյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է. «Ապացույցների բավարարությունը չի կարող որոշվել թվաբանական ցուցանիշով (…) : Ակնհայտ է, որ ապացույցները բավարար չեն, եթե`
1) գործում բացակայում է որևէ ապացույց գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող որևէ հանգամանքի պարզման համար,
2) եղած ապացույցը թույլ չի տալիս պարզել այդ հանգամանքը անհրաժեշտ խորությամբ և լրիվությամբ,
3) այդ հանգամանքի ապացուցվածությունը կասկած է հարուցում:» (տե՛ս Սիրակ Սաքանյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0058/01/10 որոշման 17-րդ կետը):
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական դատավարությունում մեղքի հարցը լուծելիս որպես ապացույցների բավարարության շեմ պետք է գործի «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշը: Ընդ որում, «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշ ասելով, պետք է հասկանալ փաստական տվյալների (ապացույցների) այնպիսի համակցություն, որը բացառում է հակառակի ողջամիտ հավանականությունը: Վերոգրյալը չի նշանակում, որ հանցանք գործելու մեջ անձի մեղավորությունն ընդհանրապես չի կարող առաջացնել որևէ կասկած, սակայն այդպիսի կասկածի հավանականության դեպքում դրա աստիճանը պետք է լինի աննշան (խիստ ցածր): Այլ խոսքով՝ մեղադրանքը կազմող յուրաքանչյուր փաստական հանգամանք պետք է հիմնավորվի ապացույցների այնպիսի ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած:
34. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Ավագյանը ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և բոլոր ցուցմունքներում՝ թե՛ նախաքննական, թե՛ դատաքննական, հերքել է Վ.Սահակյանին թմրամիջոց իրացնելու հանգամանքը (տե՛ս սույն որոշման 8-րդ, 13-րդ և 16-րդ կետերը):
Առաջին ատյանի դատարանը դատավճռում պատճառաբանել է. «Դատարանը վերլուծելով և գնահատման ենթարկելով դատաքննությամբ ուսումնասիրված՝ Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի ցուցմունքները, դրանք համարում է սուբյեկտիվ և անարժանահավատ և գտնում, որ այդպիսիք նպատակ են հետապնդում Արարատ Ավագյանի դեպքում՝ նրան ազատել քրեական պատասխանատվությունից և սպասվող խիստ պատժից, իսկ Վահան Սահակյանի դեպքում՝ վերականգնել իր՝ ընկերոջ և նրա շրջապատի մոտ ունեցած անունն ու բարի համբավը, փորձելով նախկինում տրված և դատարանի մոտ ավելի արժանահավատ դիտարկված ցուցմունքները ներկայացնել որպես իրենից խաբեության արդյունքում կորզված ապացույցներ» (տե՛ս սույն որոշման 18-րդ կետը):
Մեջբերված փաստերը վերլուծելով սույն որոշման 31.3-րդ կետում շարադրված իրավական դիրքորոշման լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, գնահատելով Վ.Սահակյանի սկզբնական նախաքննական ցուցմունքները, ինչպես նաև հետագա նախաքննական և դատաքննական ցուցմունքների արժանահավատության հարցը, որևէ վերլուծություն և հիմնավորում չեն նշել համապատասխան ցուցմունքները տալու հանգամանքների, Վ.Սահակյանի հոգեբանական կամ ֆիզիոլոգիական վիճակի վերաբերյալ, ստացված տեղեկությունները չեն վերլուծել իրենց ամբողջության մեջ, համադրել դրանք այլ ապացույցների հետ, պարզել դրանց համապատասխանությունը կամ հակասությունը, հակասության դեպքում` դրա պատճառները:
Մինչդեռ, գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- գործի նյութերում առկա են փաստական տվյալներ, որոնց հիման վրա հնարավոր է ողջամիտ հետևություն անել այն մասին, որ Վ.Սահակյանը բերման ենթարկվելու օրը եղել է թմրամիջոց օգտագործած վիճակում: Վերջին դիրքորոշման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում փորձագետի 2013 թվականի հոկտեմբերի 30-ի հմ. 0916 եզրակացությունը, որի համաձայն Վ.Սահակյանի մեզի և մազի փորձանմուշներում հայտնաբերվել են կանաբինոիդների խմբի թմրամիջոցների թմրալկալոիդներ, և «Մերսեդես մակնիշի ավտոմեքենան զննության ենթարկելու մասին» 2013 թվականի հոկտեմբերի 24-ի արձանագրությունը, որի համաձայն` մեքենայից հայտնաբերվել է նաև մոխրի հետքերով ջրի դատարկ շիշ, որի վերաբերյալ Վ.Սահակյանը հայտարարել է, որ այն կանեփի տերևները ծխելու հարմարանք է, ինչպես նաև բողոքաբերի փաստարկները,
- ստորադաս դատարանների կողմից արժանահավատ գնահատված ցուցմունքները տրվել են 2013 թվականի հոկտեմբերի 25-ին, այսինքն` Վ.Սահակյանին բերման ենթարկելու օրվան՝ 2013 թվականի հոկտեմբերի 24-ին, հաջորդող օրը,
- Առաջին ատյանի դատարանի դատավճռով հաստատված է համարվել, որ Վ.Սահակյանը տառապում է «դեպրեսիվ - պարանոիդ համախտանիշ» հիվանդությամբ,
- կասկածյալ Վ.Սահակյանի 2013 թվականի հոկտեմբերի 25-ի հարցաքննությանը և Ա.Ավագյանի հետ առերեսմանը պաշտպան չի մասնակցել:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վ.Սահակյանի սկզբնական ցուցմունքների արժանահավատությունը գնահատելիս ստորադաս դատարաններն անտեսել են և հաշվի չեն առել նրա անձին և ցուցմունք տալու հանգամանքներին վերաբերող վերոհիշյալ հանգամանքները:
Գործի նյութերից երևում է նաև, որ Ա.Ավագյանը գործի քննության ողջ ընթացքում չի ընդունել Վ.Սահակյանին թմրամիջոց իրացնելու փաստը: 2013 թվականի հոկտեմբերի 25-ին ցուցմունք տալուց և Ա.Ավագյանի հետ առերես հարցաքննվելուց հինգ օր անց Վ.Սահակյանը դիմում է ներկայացրել` հայտնելով, որ ճիշտ ցուցմունք չի տվել և հայտնած տեղեկությունը իրականությանը չհամապատասխանելու պատճառաբանությամբ ցանկանում է լրացուցիչ ցուցմունք տալ դեպքի իրական հանգամանքների մասին: Հետագա թե՛ նախաքննական, թե՛ դատաքննական բոլոր ցուցմունքներում, որոնք տրվել են պաշտպանի ներկայությամբ, Վ.Սահակյանը հերքել է Ա.Ավագյանի մասնակցությունը հանցագործությանը:
Վերոնշյալ հանգամանքների համադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը հիմնավորված չի համարում ստորադաս դատական ատյանների այն հետևությունը, որ Վ.Սահակյանի 2013 թվականի հոկտեմբերի 25-ին տված ցուցմունքներն արժանահավատ են, իսկ դրանից հետո տրված ցուցմունքները՝ անարժանահավատ:
Ինչ վերաբերում է Առաջին ատյանի դատարանի այն պատճառաբանությանը, որ Վ.Սահակյանի հետագա նախաքննական և դատաքննական ցուցմունքները «սուբյեկտիվ և անարժանահավատ» են, քանի որ նպատակ են հետապնդում «վերականգնել իր՝ ընկերոջ և նրա շրջապատի մոտ ունեցած անունն ու բարի համբավը, փորձելով նախկինում տրված և դատարանի մոտ ավելի արժանահավատ դիտարկված ցուցմունքները ներկայացնել որպես իրենից խաբեության արդյունքում կորզված ապացույցներ»՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել հետևյալը.
«Անունն ու բարի համբավը» (հեղինակությունը) բարոյական բնույթ ունեցող հասկացություն են և իրենցից ներկայացնում են հանրորեն արժեքավորվող որակների գնահատման հիման վրա անձի մասին ձևավորված կարծիք: Սույն դեպքում դատարանը գտել է, որ արդարադատություն իրականացնող մարմնի առջև սուտ ցուցմունք տալը կարող է գնահատվել որպես անձի հեղինակությունը վերականգնելու միջոց, մինչդեռ սուտ ցուցմունք տալը, առավել ևս այլ անձանց կողմից հանցանք կատարելու վերաբերյալ, չի կարող համարվել հանրորեն արժեքավորվող որակ: Հետևաբար դատարանի կողմից Վ.Սահակյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքներն անարժանահավատ գնահատելու վերաբերյալ պատճառաբանությունը հիմնավորված չէ, չի բխում գործի փաստական տվյալներից կամ իրավունքի հանրաճանաչ սկզբունքներից:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատական ատյանները, Վ.Սահակյանի 2013 թվականի հոկտեմբերի 25-ին տված ցուցմունքներն արժանահավատ, իսկ դրանից հետո տրված ցուցմունքները՝ անարժանահավատ ապացույցներ գնահատելով, խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները:
34.1. Ա.Ավագյանին և Վ.Սահակյանին առաջադրված մեղադրանքներում մեղավոր ճանաչելով՝ Առաջին ատյանի դատարանը նրանց մեղադրանքի հիմքում դրել է՝ Վ.Սահակյանի 2013 թվականի հոկտեմբերի 25-ի ցուցմունքները, որպես վկա հարցաքննված ընթերականեր Ս.Միկոյանի և Ա.Ավետիսյանի ցուցմունքները, մեքենայի զննության մասին արձանագրությունը, դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննությունների եզրակացությունները, իրեղեն ապացույց ճանաչված 0,55 գրամ քաշով «չորացված մարիխուանա» տեսակի թմրամիջոցը և ապացույց ճանաչված այլ փաստաթուղթ հանդիսացող՝ Ա.Ավագյանի և Վ.Սահակյանի կողմից օգտագործվող հեռախոսներից կատարված հեռախոսազանգերի վերծանումները (տե՛ս սույն որոշման 18-րդ կետը): Ընդ որում, նշված բոլոր ապացույցները թվարկվել են Ա.Ավագյանին և Վ.Սահակյանին մեղսագրված արարքները նկարագրելուց հետո, առանց սահմանազատելու, թե դրանցից որն է հիմնավորում Ա.Ավագյանի մեղքը նրան վերագրվող արարքի կատարման մեջ, որը՝ Վ.Սահակյանի:
Ստորադաս դատարանների կողմից վկայակոչված Վ.Սահակյանի մեղքը հաստատող ապացույցների վերլուծությունից երևում է, որ դրանցից միայն Վ.Սահակյանի նախաքննական սկզբնական երկու՝ 2013 թվականի հոկտեմբերի 25-ին տված և նույն օրն առերեսման ժամանակ պնդած ցուցմունքներն են վերաբերում Ա.Ավագյանի կողմից Վ.Սահակյանին թմրամիջոց իրացնելու հանգամանքին (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը), որոնցից դեռևս նախաքննության ընթացքում Վ.Սահակյանը հրաժարվել է: Ինչպես արդեն նշվել է, Վ.Սահակյանը ցուցմունք տալուց հինգ օր անց՝ 2013 թվականի հոկտեմբերի 30-ին, դիմում է գրել դատախազին՝ հայտնելով, որ 2013 թվականի հոկտեմբերի 25-ին ճիշտ ցուցմունք չի տվել և ցանկանում է լրացուցիչ ցուցմունք տալ դեպքի իրական հանգամանքների մասին (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը): Դրանից հետո տրված ցուցմունքով Վ.Սահակյանը ժխտել է Ա.Ավագյանի կողմից իրեն թմրամիջոց տալու փաստը և ցուցմունք է տվել այն մասին, որ թմրամիջոցը ձեռք է բերել Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում գործող ավտոշուկայում անծանոթ անձանցից (տե՛ս սույն որոշման 10-րդ և 16-րդ կետերը): Վ.Սահակյանի 2013 թվականի հոկտեմբերի 25-ին տված ցուցմունքներն արժանահավատ գնահատելու վերաբերյալ ստորադաս դատարանների եզրահանգումները հիմնավորված չեն (տե՛ս սույն որոշման 34-րդ կետը):
Ինչ վերաբերում է մեղադրական դատավճռում նշված մնացած ապացույցներին՝ ապա նշված ապացույցներից.
- Ս.Միկոյանի և Ա.Ավետիսյանի ցուցմունքները պարզապես վերարտադրում են Վ.Սահակյանի սկզբնական հայտարարությունն այն մասին, որ վերջինին թմրամիջոց իրացրել է իր ընկերը, որի անունը, սակայն, չի նշվել,
- տոքսիկոքիմիական փորձաքննության թիվ 0916 և թիվ 0919 եզրակացություններով հաստատվում է Ա.Ավագյանի և Վ.Սահակյանի կողմից թմրամիջոց գործածելու փաստը,
- Ա.Ավագյանի և Վ.Սահակյանի կողմից օգտագործվող հեռախոսներից կատարված հեռախոսազանգերի վերծանումները հաստատում են, որ Ա.Ավագյանը և Վ.Սահակյանը 2013 թվականի հոկտեմբերի 24-ին որոշակի ժամերի գտնվել են Երևանի կենդանաբանական այգու մոտակայքում, որպիսի հանգամանքը երկուսն էլ չեն հերքել:
Վերոշարադրյալ ապացույցների բովանդակային վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք ինչպես առանձին, այնպես էլ համակցությամբ չեն հաստատում կոնկրետ գործով ապացուցման առարկան կազմող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են` Ա.Ավագյանի առնչությունը դեպքին և նրա մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված և նրան մեղսագրված արարքը կատարելու մեջ:
Ավելին, քրեական գործի ուսումնասիրությունից երևում է, որ թմրամիջոցն իրեն Երևանի ավտոշուկայում անծանոթ անձանց կողմից իրացնելու մասին Վ.Սահակյանի ցուցմունքների առնչությամբ նախաքննության մարմինը դեռևս 2013 թվականի դեկտեմբերի 6-ին համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարություն է տվել ոստիկանությանը՝ Ա.Ավագյանի և Վ.Սահակյանի ցուցմունքների արժանահավատությունը ստուգելու, դեպքի մասին տեղեկություններ ունեցող անձանց և դեպքի իրական հանգամանքները պարզելու նպատակով (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը): Սակայն տրված հանձնարարությանը հետամուտ չլինելով, այդ ուղղությամբ քննությունը մինչև վերջ չհասցնելով՝ նախաքննության մարմինը չի պահպանել գործով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելու վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ մասի 3-րդ կետի պահանջը և գործն ուղարկել է դատարան:
Ավելին, նախաքննության մարմինը որևէ նոր փաստական տվյալ ձեռք չբերելու պայմաններում 2013 թվականի դեկտեմբերի 18-ի որոշմամբ անհայտ անձի կողմից Ա.Ավագյանին զգալի չափի՝ 0,55 գրամ քաշով «չորացված մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի իրացնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նոր քրեական գործ է հարուցել (տե՛ս սույն որոշման 14-րդ կետը):
35. Սույն որոշման 34-34.1-րդ կետերում շարադրված փաստերը գնահատելով 28-33-րդ կետերում կատարված իրավական վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա ապացույցների համակցությունը բավարար չէ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ Ա.Ավագյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք, այն է՝ զգալի չափի թմրամիջոց է իրացրել Վ.Սահակյանին: Մեղադրական դատավճռի հիմքում դրված ապացույցների համակցությունը բավարար չէ Ա.Ավագյանին մեղսագրվող հանցավոր արարքի փաստական հանգամանքները հաստատված համարելու այն ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ա.Ավագյանին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ մեղավոր ճանաչելիս ստորադաս դատարանները չեն պահպանել ապացույցները գործի լուծման համար բավարարության տեսանկյունից գնահատելու օրենսդրական պահանջը՝ խախտելով անմեղության կանխավարկածի, ապացույցները գնահատելու վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ, 25-րդ, 127-րդ, 365-րդ հոդվածների պահանջները:
II. Ամբաստանյալ Վ.Սահակյանի նկատմամբ նշանակված պատժի համաչափությունը
36. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հաջորդ իրավական հարցը հետևյալն է. արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի պահպանման տեսանկյունից հիմնավորված և պատճառաբանվա՞ծ են արդյոք Վ.Սահակյանի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելու և այդ պատիժը նրա կողմից կրելու անհրաժեշտության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:
37. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:
ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:
ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն՝
«1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:
2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով:
3. Հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել խիստը նշանակվում է, եթե նվազ խիստ տեսակը չի կարող ապահովել պատժի նպատակները»:
Մեջբերված իրավական նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծել և դրանց վերաբերյալ իրավական դիրքորոշումներ է հայտնել թիվ ՎԲ-50/07, ՎԲ-142/07, ՎԲ-192/07, ՎԲ-201/07, ԵՇԴ/0029/01/08, ԵԿԴ/0042/01/11, ինչպես նաև մի շարք այլ գործերով կայացված որոշումներում: Նշված որոշումներում Վճռաբեկ դատարանի ձևավորած կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ պատժի արդարությունը դրսևորվում է հանցագործության և քրեաիրավական ներգործության միջոցների (պատժի) համաչափության ապահովմամբ: Պատիժն արդարացի է, եթե համաչափ է կատարված հանցագործությանը, ինչպես նաև բավարար պատժի նպատակներին հասնելու տեսանկյունից: Պատժի արդարության պահանջներից նահանջելը կարող է հանգեցնել չափազանց մեղմ կամ չափազանց խիստ պատժի նշանակման: Քրեական օրենքը համընդհանուր բնույթ ունի, իսկ արարքը և հանցավորի անձը կոնկրետ են: Հետևաբար կոնկրետ գործով պատիժ նշանակելիս դատարանի ներքին համոզմունքը ձևավորվում է կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթի ու աստիճանի, հանցավորի անձի, պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների վերլուծության հիման վրա: Նշված հանգամանքների գնահատման ժամանակ դատարանը պետք է ելնի ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված՝ պատժի նպատակների իրացումն ապահովելու անհրաժեշտությունից:
38. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն՝
«1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:
2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: (...)»:
Մեջբերված քրեաիրավական դրույթը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել թիվ ՎԲ-50/07, ՎԲ-139/07, ՎԲ-195/07, ՎԲ-01/08, ԵԿԴ/0034/01/08, ԱՎԴ2/0059/01/08, ԵԱՔԴ/0078/01/09, ԼԴ2/0019/01/09, ՍԴ/0226/01/09, ԳԴ1/0003/01/10, ՍԴ/0085/01/10, ԵԿԴ/0126/01/10, ԵԷԴ/0201/01/11, ԵԱԴԴ/0034/01/12, ԼԴ/0093/01/12, ինչպես նաև մի շարք այլ գործերով կայացված որոշումներում:
Վերոնշյալ որոշումներում Վճռաբեկ դատարանի կողմից ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ պատիժը կարող է պայմանականորեն չկիրառվել, եթե առկա է դատարանի համոզվածությունը, վստահությունը, որ ամբաստանյալի ուղղումը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու: Դատարանը նման հետևության հանգում է միայն օբյեկտիվ գոյություն ունեցող տվյալների վերլուծության հիման վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում են պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ չնայած պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքը ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսել, սակայն դատարանը, կոնկրետ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ գնահատման հիման վրա, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, ինչպես նաև նպատակ ունենալով ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պատժի նպատակների իրագործման հնարավորությունը, անձի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս պարտավոր է հաշվի առնել՝
ա) հանցավորի անձը բնութագրող տվյալները,
բ) պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և (կամ) ծանրացնող հանգամանքները,
գ) հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը,
դ) հանցագործության կատարման հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները,
ե) հանցանք կատարած անձի մեղքի ձևը,
զ) հանցանք կատարած անձի կողմից հանցագործության հանրորեն վտանգավոր հետևանքները նախատեսելու բնույթն ու աստիճանը և այլն:
39. Այսպիսով, նշանակվող պատժի արդարացիության հիմնական պահանջն այն է, որ պատիժը պետք է համապատասխանի հանցագործության հանրային վտանգավորության աստիճանին և բնույթին (հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի և բնույթի հարցերի վերաբերյալ մանրամասն տե՛ս Գարուշ Մադաթյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2009 թվականի փետրվարի 17-ի ԵՇԴ/0029/01/08 որոշման 14-րդ կետը):
Հանցագործության հանրային վտանգավորության տիպային բնութագիրն արտացոլվում է օրենսդրի կողմից սահմանված սանկցիայում, իսկ յուրաքանչյուր կոնկրետ գործով արարքի հանրային վտանգավորության գնահատականը դատարանի կողմից կարող է որոշվել կոնկրետ հանցագործության տարրերի առանձնահատկությունների, դրա կատարման հանգամանքների, հանցավորի անձնավորության, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների հիման վրա:
Այսպես, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում, ի թիվս այլնի, առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու կամ պահելու համար:
Նշված նորմի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ հանցագործության վերաբերյալ գործերով պատժի անհատականացման սկզբունքի տեսանկյունից արարքի հանրային վտանգավորությունը որոշելիս դատարանը, ի թիվս այլնի, պետք է հաշվի առնի.
- թմրանյութի տեսակը (վտանգավորության աստիճանը, անձի օրգանիզմի վրա ազդեցության աստիճանը),
- դրա չափը («Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը» սահմանող՝ ՀՀ քրեական օրենսգրքի թիվ 1 հավելվածում նշված կոնկրետ չափի նվազագույն կամ առավելագույն սահմանին մոտ լինելը),
- արարքի կատարման նպատակն ու շարժառիթը (օրինակ՝ հիվանդությամբ պայմանավորված ցավերը թեթևացնելու համար կատարելը):
Վկայակոչված հանգամանքները, այլ հանգամանքների հետ համակցությամբ ազդում են արարքի հանրային վտանգավորության վրա և պետք է իրենց համապատասխան գնահատականը ստանան յուրաքանչյուր գործով պատիժ նշանակելիս:
Պատժի անհատականացման սկզբունքի բովանդակության հիմնական մասն է կազմում նաև հանցավորի անձը բնութագրող տվյալների գնահատումը, որոնք իրենց ամբողջության մեջ հնարավորություն են տալիս անձին դիտել ոչ միայն որպես հանցանք կատարող, որը պետք է պատասխանատվություն կրի, այլ նաև որպես կոնկրետ անձ՝ իր անհատական հատկանիշներով: Ընդ որում՝ անձի այն հատկանիշները, որոնք գտնվում են հանցակազմից դուրս, նշանակություն են ունենում դատարանի կողմից պատժի տեսակը և չափը որոշելիս: Որպես հանցավորի անձը բնութագրող հատկանիշներ՝ գնահատվում են նրա սոցիալ-հոգեբանական, սոցիալ-ժողովրդագրական հատկությունները՝ վարքագիծն ընտանիքում և կենցաղում, աշխատանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը, կրթությունը, առողջական վիճակը, տարիքը, ծառայությունը պետության և հասարակության առջև և այլն:
40. Հանցագործության կատարման մեջ մեղավոր ճանաչված անձի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը պարտավոր է գործի նյութերում առկա փաստական տվյալների հիման վրա պատճառաբանել ինչպես պատժի տեսակի և չափի ընտրության, այնպես էլ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելու անհրաժեշտության վերաբերյալ իր որոշումը: Դատական որոշման որակը մեծապես կախված է դրա պատճառաբանական մասից, հետևաբար դատական որոշումները սկզբունքորեն պետք է պատճառաբանված լինեն: Պատժի տեսակի և չափի ընտրության, ինչպես նաև պատիժը կրելու անհրաժեշտության վերաբերյալ դատարանի եզրահանգումները հիմնավորող պատճառների մատնանշումը ոչ միայն ավելի հասկանալի և ընդունելի է դարձնում դատավճիռը վարույթի մասնակիցների համար, այլև՝ բացառում է կամայականությունը: Նախևառաջ, դա նշանակում է, որ դատավորը պարտավորված է լինում արձագանքել կողմերի ներկայացրած փաստարկներին և մատնանշել տվյալ որոշումը հիմնավորող և իրավաչափ դարձնող փաստարկները: Եվ երկրորդ` պատշաճ պատճառաբանությունը հասարակությանը թույլ է տալիս հասկանալ, թե ինչպես է գործում դատական համակարգը հանցանք կատարած անձի նկատմամբ պատիժ սահմանելիս:
Բացի այդ, դատական ակտի չպատճառաբանված կամ ոչ բավարար չափով պատճառաբանված լինելը հանգեցնում է նաև քրեական դատավարության կարևորագույն սկզբունքներից մեկի` արդար դատական քննության իրավունքի խախտման, քանի որ օբյեկտիվորեն սահմանափակվում է վերադաս դատական ատյանի հնարավորությունը` լիարժեք դատական ստուգման ենթարկելու բողոքարկվող դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը (տե՛ս Ֆրունզիկ Գալստյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի մարտի 26-ի ԵԿԴ/0058/11/09 որոշման 18-19-րդ կետերը):
Հետևաբար, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջները պահպանված լինելու առումով ընդունելի չի կարող համարվել ոչ միայն այն դատական ակտը, որտեղ պատժի վերաբերյալ դատարանի հետևությունները հիմնված չեն դատական քննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա, այլև այնպիսին, որում բացակայում են պատժատեսակի, պատժաչափի կամ պատիժը կրելու նպատակահարմարության վերաբերյալ դատարանի եզրահանգումները հիմնավորող հետևողական, հստակ և ոչ հակասական պատճառաբանությունները:
41. Անդրադառնալով սույն գործի հանգամանքներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վ.Սահակյանը առողջական խնդիրների պատճառով օգտագործել է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: 2013 թվականի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 18:50-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության աշխատակիցները Երևան քաղաքի Վ.Սարգսյան փողոցից կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն են բերման ենթարկել Վ.Սահակյանին, որտեղ էլ վերջինիս ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է 0.55 գրամ քաշով «չորացված մարիխուանա» տեսակի թմրամիջոց (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):
Քրեական գործի նյութերից երևում է նաև, որ Վ.Սահակյանը նախկինում դատապարտված կամ որևէ կերպ արատավորված չի եղել, վատառողջ է, տառապում է «Դեպրեսիվ պարանոիդ համախտանիշ» հիվանդությամբ, անկեղծորեն խոստովանել և ընդունել է հանցանքը, զղջացել կատարածի համար, բնութագրվում է բացառապես դրականորեն: Վ.Սահակյանն ամուսնացած է, բնակվում է մոր, կնոջ և երկու երեխայի հետ, որոնցից մեկն անչափահաս է:
Առաջին ատյանի դատարանը Վ.Սահակյանի նկատմամբ պատիժ նշանակելիս նշել է, որ հաշվի է առնում կատարված հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, գործի հանգամանքները, հանցավորի անձը դրականորեն բնութագրող և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները: Առաջին ատյանի դատարանը Վ.Սահակյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չի արձանագրել և այդ պայմաններում գտել է, որ նրա նկատմամբ պետք է նշանակվի ազատազրկման ձևով պատիժ, որը նա պետք է կրի (տե՛ս սույն որոշման 19-րդ կետը):
Վերաքննիչ դատարանը, քննության առնելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման հնարավորության և ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով ամրագրված պատժի նպատակների իրացվելիության հարցերը, հանգել է հետևության, որ տվյալ դեպքում Վ.Սահակյանի նկատմամբ հոդվածի սանկցիայի սահմաններում նշանակվել է համաչափ պատիժ, և որ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը չի կարող ապահովել պատժի նպատակները (տե՛ս սույն որոշման 21-րդ կետը):
42. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստերից հետևում է, որ Վ.Սահակյանի նկատմամբ պատիժ նշանակելիս ստորադաս դատարանները լրիվ և բազմակողմանի գնահատման չեն ենթարկել նրան մեղսագրված արարքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը: Մասնավորապես դատարանները հաշվի չեն առել այն, որ
- ամբաստանյալին մեղսագրված հանցագործության առարկան «չորացված մարիխուանա» տեսակի թմրամիջոց է, որը, դատելով ՀՀ քրեական օրենսգրքի թիվ 1 հավելվածից, համեմատաբար նվազ վտանգավորություն ունեցող թմրամիջոցի տեսակ է, քանի որ հարաբերականորեն ավելի մեծ քաշն է պատժելի համարվում,
- թմրամիջոցի քաշը 0.55 գրամ է, որն առավել մոտ է ՀՀ քրեական օրենսգրքի թիվ 1 հավելվածի 86-րդ կետով թմրամիջոցի այդ տեսակի համար սահմանված զգալի չափի (0.5-5 գրամ) նվազագույն սահմանին:
Ավելին՝ հաստատված համարելով, որ Վ.Սահակյանը տառապում է «դեպրեսիվ պարանոիդ համախտանիշ» հիվանդությամբ, որի պատճառով էլ գործածման նպատակով ձեռք է բերել և պահել «մարիխուանա» տեսակի թմրամիջոցը՝ Առաջին ատյանի դատարանն այդ հանգամանքը պատշաճ գնահատման չի ենթարկել պատիժ նշանակելիս:
42.1. Բացի այդ, Վ.Սահակյանին վերագրվող ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին, որի սանկցիան երկընտրելի է. նշված արարքի համար որպես պատիժ է նախատեսված կալանքը՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով և ազատազրկումը՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով: Առաջին ատյանի դատարանը, իր դատական ակտում նշելով, որ հաշվի է առնում կատարված հանցագործության հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը, ինչպես նաև հանցավորի անձը դրականորեն բնութագրող տվյալները, նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, այնուհետև եզրահանգել է, որ Վ.Սահակյանի նկատմամբ պատիժ պետք է նշանակել ազատազրկման ձևով, որը նա պետք է կրի:
Դատարանը որևէ հիմնավորում չի նշել, թե ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված պատիժներից նվազ խիստ տեսակը՝ կալանքը ինչո՞ւ չի կարող ապահովել պատժի նպատակները: Դատական ակտում բացակայում է նաև որևէ պատճառաբանություն, որը կոչված կլիներ հիմնավորելու ազատազրկման ձևով նշանակված պատիժը Վ.Սահակյանի կողմից կրելու անհրաժեշտության վերաբերյալ դատարանի որոշումը:
Վերաքննիչ դատարանն իր հերթին Վ.Սահակյանի նկատմամբ նշանակված պատժի արդարացիության հարցը քննարկելիս հիմք է ընդունել Առաջին ատյանի դատարանի հետևությունները, որոնք ուղղակի վերարտադրել է իր որոշման մեջ՝ առանց անդրադառնալու այն հարցին, թե ամբաստանյալի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելու և այդ պատիժը կրելու անհրաժեշտության մասին հետևությունները համապատասխանում են արդյոք գործի փաստական հանգամանքներին, արդարության և պատասխանատվության անհատականացման քրեաիրավական սկզբունքներին:
43. Սույն որոշման 42-42.1-րդ կետերում շարադրված փաստական վերլուծությունը գնահատելով 37-41-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները Վ.Սահակյանի նկատմամբ պատժի տեսակ և չափ ընտրելիս, ինչպես նաև նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս բազմակողմանի գնահատման չեն ենթարկել կատարված հանցագործության առանձնահատկությունները, հանցավորի անձը բնութագրող և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները՝ թույլ տալով արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքները, պատժի նպատակները, պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները և պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ, 70-րդ հոդվածների պահանջների խախտում:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, ինչպես նաև այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը չեն համապատասխանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածով սահմանված՝ դատական ակտին ներկայացվող օրինականության, հիմնավորվածության և պատճառաբանվածության պահանջներին: Ստորադաս դատարանների դատական ակտերում Վ.Սահակյանի նկատմամբ նշանակված պատժի տեսակի և չափի, ինչպես նաև պատիժը կրելու նպատակահարմարության վերաբերյալ արված հետևությունները հիմնված չեն դատական քննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա:
44. Միևնույն ժամանակ, հաշվի առնելով կատարված հանցագործության բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը (տե՛ս սույն որոշման 42-42.1-րդ կետերը), Վ.Սահակյանի անձը բնութագրող վերը նշված տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը` Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ ամբաստանյալի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելու հիմքեր չկան: Տվյալ դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված պատիժներից նվազ խիստ տեսակը՝ կալանքը կարող է ապահովել պատժի նպատակները:
Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով վկայակոչված հանգամանքները, գտնում է նաև, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ուստի նրա նկատմամբ նշանակվող պատիժը պայմանականորեն չպետք է կիրառել: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա Վ.Սահակյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին՝ սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը: Տվյալ դեպքում պատիժը պայմանականորեն չկիրառելը բխում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված` արդարության և պատասխանատվության անհատականացման, պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից:
45. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի պահպանման տեսանկյունից հիմնավորված և պատճառաբանված չեն Վ.Սահակյանի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելու և այդ պատիժը նրա կողմից կրելու անհրաժեշտության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:
46. Ամփոփելով սույն որոշման I և II մասերում շարադրված վերլուծություններն ու եզրահանգումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները
ա) Ա.Ավագյանին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքում մեղավոր ճանաչելու որոշում կայացնելով, թույլ են տվել գործի արդարացի քննության, անմեղության կանխավարկածի սկզբունքների խախտում, ինչը նույն օրենսգրքի 398-րդ հոդվածով նախատեսված քրեադատավարական օրենքի էական խախտում է,
բ) Վ.Սահակյանի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելու և այդ պատիժը պայմանականորեն չկիրառելն անթույլատրելի ճանաչելու մասին որոշում կայացնելով` թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ, 70-րդ հոդվածների պահանջների խախտում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է:
Բացի այդ, դատարանները կայացրել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտեր:
Վերը նշված նյութական և դատավարական իրավունքի խախտումները, որոնք ազդել են ամբաստանյալներ Ա.Ավագյանի մեղավորության հարցը որոշելու և Վ.Սահակյանի նկատմամբ արդարացի պատիժ նշանակելու և այն կրելու մասով գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա, ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու հիմք են: Ուստի անհրաժեշտ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիման վրա բեկանել և փոփոխել դրանք, քանի որ դատարանների կողմից հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնել նման ակտ, և դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
47. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա.Ավագյանի վերաբերյալ կայացված դատական ակտերը ենթակա են բեկանման, քրեական հետապնդումը՝ դադարեցման՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով: Ամբաստանյալ Ա.Ավագյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը պետք է վերացնել:
Նկատի ունենալով, որ ամբաստանյալ Ա.Ավագյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում սույն որոշման 22-րդ կետում շարադրված բողոքաբերի մնացած փաստարկներին:
48. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վ.Սահակյանի վերաբերյալ կայացված դատական ակտերը պատժի մասով ենթակա են բեկանման և փոփոխման: Ամբաստանյալ Վ.Սահակյանի նկատմամբ պատիժ պետք է նշանակել կալանքի ձևով և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան: Ամբաստանյալ Վ.Սահակյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, պետք է վերացնել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611 -րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Արարատ Ավագի Ավագյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և Վահան Սերյոժայի Սահակյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մարտի 25-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի հուլիսի 8-ի որոշումը բեկանել և փոփոխել:
2. Արարատ Ավագի Ավագյանին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնել և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` կատարված հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ:
Արարատ Ավագի Ավագյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացնել և նրան անհապաղ ազատել կալանքից:
3. Վահան Սերյոժայի Սահակյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով պատիժ նշանակել կալանք՝ 2 (երկու) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 1 (մեկ) տարի ժամկետով: Նրա վարքի նկատմամբ վերահսկողությունը դնել բնակության վայրի այլընտրանքային պատիժների կատարման բաժնի համապատասխան ստորաբաժանման վրա:
Վահան Սերյոժայի Սահակյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, վերացնել:
4. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մարտի 25-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի հուլիսի 8-ի որոշումը մնացած մասերով թողնել օրինական ուժի մեջ:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Դ. Ավետիսյան |
Դատավորներ` |
Հ. ԱսատրՅԱՆ |
Ս. Ավետիսյան | |
Ե. Դանիելյան | |
Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան | |
| |
| |
| |
|