Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.11.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.01.12/1(1090) Հոդ.4
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
28.11.2014
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
28.11.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.11.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ3/0085/02/09

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ3/0085/02/09

2014 թ.

Նախագահող դատավոր՝  Կ. Հակոբյան

Դատավորներ՝   

Ա. Խառատյան
 

Ա. Պետրոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

   

Ս. Անտոնյանի

   

Վ. Ավանեսյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

Է. Հայրիյանի

   

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

   

Ե. Սողոմոնյանի

2014 թվականի նոյեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Առլեն Պետրոսյանսի ներկայացուցիչ Աշոտ Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.12.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վանա Վարուջի Սաֆաիեի ընդդեմ Առլեն Պետրոսյանսի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Վանա Վարուջի Սաֆաիեին պահանջել է Առլեն Պետրոսյանսից հօգուտ իրեն բռնագանձել 102.778.000 ՀՀ դրամ և 90.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Հեբոյան) (այսուհետ` Դատարան) 05.11.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Առլեն Պետրոսյանսից հօգուտ Վանա Սաֆաիեի բռնագանձել 25.390.500 ՀՀ դրամ և 40.360 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որից 24.400.000 ՀՀ դրամը` որպես առուվաճառքի պայմանագրով վճարված գումար, 900.000 ՀՀ դրամը` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, 40.000 ՀՀ դրամը` որպես շինարարական թույլտվության և հողամասի տեխզննման համար վճարված գումար, 5.500 ՀՀ դրամը` որպես թիվ 3251 հողամասի առուվաճառքի պայմանագրի վավերացման համար վճարված գումար, 45.000 ՀՀ դրամը` որպես փորձաքննության համար վճարված գումար, 20.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը` որպես շինարարության կատարման համար նախապես վճարված գումար, 2.500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը` որպես շինարարական նախագծի համար նախապես վճարված գումար, 17.860 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը` որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգով հաշվարկված բանկային տոկոսներ, իսկ հայցապահանջը` մնացած մասով, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.12.2010 թվականի որոշմամբ Առլեն Պետրոսյանսի վերաքննիչ բողոքը վերադարձվել է և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով սահմանվել է երկշաբաթյա ժամկետ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.12.2013 թվականի որոշմամբ մերժվել է Առլեն Պետրոսյանսի վերաքննիչ բողոքը` նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայման վարույթ հարուցելու, Դատարանի 05.11.2010 թվականի վճիռը բեկանելու մասին և նշված վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Առլեն Պետրոսյանսի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.31-րդ, 204.32-րդ և 204.34-րդ հոդվածները, որն ազդել է գործի ելքի վրա և կայացվել է չպատճառաբանված դատական ակտ:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, անտեսելով բողոքում ներկայացված փաստարկները և դրանք հիմնավորող ապացույցները, առանց որևէ հիմնավոր պատճառաբանության մերժել է Առլեն Պետրոսյանսի վերաքննիչ բողոքը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Առլեն Պետրոսյանսը հանդիսանում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, պարբերաբար բացակայել է ՀՀ-ից և տեղյակ չի եղել թիվ ՀՅՔԴ4/0136/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.12.2010 թվականի որոշման մասին:

Այն հանգամանքի մասին, որ Վանա Սաֆաիեին հանդիսանում է ՀՀ Կոտայքի մարզի Քասախ գյուղի Չարենցի փողոցի թիվ 15 հասցեի անշարժ գույքի միակ սեփականատերը, Առլեն Պետրոսյանսնն իմացել է միայն 30.05.2013 թվականին` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված գրությամբ:

Նման պայմաններում ակնհայտ է, որ նոր երևան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված եռամսյա ժամկետի հաշվարկը պետք է սկսել 30.05.2013 թվականից, երբ Առլեն Պետրոսյանսն իմացել է, որ վիճելի հասցեի անշարժ գույքի սեփականատերը հաստատապես Վանա Սաֆաիեին է և տեղեկացել է թիվ ՀՅՔԴ4/0136/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.12.2010 թվականի որոշման մասին:

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ Առլեն Պետրոսյանսը, չտիրապետելով ՀՀ օրենսդրությանը, չի կարողացել իրացնել իր դատական պաշտպանության իրավունքը, մասնավորապես` թիվ ԿԴ3/0085/02/09 քաղաքացիական գործով կայացված վճռով վերջինիս վրա դրված ոչ իրավաչափ գումարային պարտավորությունների մասով, և միևնույն ժամանակ զրկվել է նաև ՀՀ Կոտայքի մարզի Քասախ գյուղի Չարենցի փողոցի թիվ 15 հասցեի անշարժ գույքի նկատմամբ իր ունեցած սեփականության իրավունքից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.12.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Դատարանի 05.11.2010 թվականի թիվ ԿԴ3/0085/02/09 վճռի հիմքում դրվել է նաև ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 10.09.2009 թվականի թիվ ՀՅՔԴ4/0136/02/08 վճիռը (հատոր 4-րդ, գ.թ. 132-139):

2) ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 10.09.2009 թվականի թիվ ՀՅՔԴ4/0136/02/08 վճռով Կարինե Հաիգազի Գաբրիի հայցն ընդդեմ Վանա Վարուջի Սաֆաիեի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Եղվարդի տարածքային ստորաբաժանման և երրորդ անձ Առլեն Պետրոսյանսի բավարարվել է: Վճռվել է մասնակի անվավեր ճանաչել Առլեն Պետրոսյանսի և Վանա Վարուջի Սաֆաիեի միջև 13.10.2008 թվականին կնքված ՀՀ Կոտայքի մարզի Քասախ գյուղի Չարենցի թիվ 15 հասցեում գտնվող հողամասի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և ճանաչվել է Կարինե Գաբրիի սեփականության իրավունքը նշված հասցեում գտնվող հողամասի 1/2 մասի նկատմամբ (հատոր 4-րդ, գ.թ. 1-6):

3) Առլեն Պետրոսյանսի կողմից 18.07.2013 թվականին բերված վերաքննիչ բողոքին կից ներկայացված ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.12.2010 թվականի որոշմամբ Վանա Սաֆաիեի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 10.09.2009 թվականի թիվ ՀՅՔԴ4/0136/02/08 վճիռը բեկանվել և փոփոխվել է. որոշվել է Կարինե Հաիգազի Գաբրիի հայցն ընդդեմ Վանա Վարուջի Սաֆաիեի, ՀՀ կառավարությանն աընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Եղվարդի տարածքային ստորաբաժանման և երրորդ անձ Առլեն Պետրոսյանսի` հողամասի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու և հայցվորի սեփականության իրավունքը ՀՀ Կոտայքի մարզի Քասախ գյուղի Չարենցի թիվ 15 հասցեում գտնվող անշարժ գույքի 1/2 մասի նկատմամբ ճանաչելու պահանջի մասին, մերժել (հատոր 5-րդ, գ.թ. 36-40):

4) Առլեն Պետրոսյանսի կողմից 18.07.2013 թվականին բերված վերաքննիչ բողոքին կից ներկայացված ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր) 30.05.2013 թվականի տեղեկանքի համաձայն` Կոտայքի մարզ, գ. Քասախ, Չարենցի փողոց թիվ 15 հասցեում գտնվող անշարժ գույքը միանձնյա սեփականության իրավունքով գրանցված է Վանա Սաֆաիե Վարուջի անվամբ (հատոր 5-րդ, գ.թ. 41):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նոր երևան եկած հանգամանքով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու համար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.34-րդ հոդվածի 1-ին կետում սահմանված ժամկետը պահպանված լինելու հարցին, ինչպես նաև օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցները դատական ակտի հիմնավորման հիմքում դնելու իրավաչափության խնդրին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե վերացվել է այն դատական ակտը, դատավճիռը, վարչական կամ տեղական ինքնակառավարման մարմնի որոշումը, որը հիմք է ծառայել տվյալ վճռի կայացման համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.34-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք կարող է բերվել 3 ամսվա ընթացքում այն պահից, երբ բողոք բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ դրանց ի հայտ գալու մասին:

Վկայակոչված իրավադրույթի վերլուծությունից հետևում է, որ բողոք բերած անձն է կրում դատական ակտը նոր երևան եկած հանգամանքի հիմքով օրենքով սահմանված ժամկետում բողոքարկելու փաստի ապացուցման պարտականությունը: Այսինքն` բողոք բերած անձը ոչ միայն պետք է ապացուցի, որ առկա է նոր երևան եկած հանգամանք, այլև պետք է համապատասխան թույլատրելի և վերաբերելի ապացույցների ներկայացմամբ հիմնավորի, որ այդ հանգամանքի ի հայտ գալու մասին իմացել կամ կարող էր իմանալ բողոքը ներկայացնելուն նախորդող եռամսյա ժամկետի ընթացքում:

Սույն գործով բողոք բերած անձը որպես նոր երևան եկած հանգամանք ներկայացրել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.12.2010 թվականի թիվ ՀՅՔԴ4/0136/02/08 որոշումը, և որպես այդ հանգամանքի մասին իր կողմից իմանալու փաստը հիմնավորող ապացույց վերաքննիչ բողոքին կցել է Կադաստրի 30.05.2013 թվականի տեղեկանքը, ըստ որի` Կոտայքի մարզ, գ. Քասախ, Չարենցի փողոց, թիվ 15 հասցեում գտնվող անշարժ գույքը միանձնյա սեփականության իրավունքով պատկանում է Վանա Սաֆաիեին:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով, արձանագրել է, որ բողոք բերած անձի կողմից նոր երևան եկած հանգամանքի վերաբերյալ տեղյակ լինելու փաստը գնահատելու համար անհրաժեշտաբար պահանջվել է թիվ ՀՅՔԴ4/0136/02/08 քաղաքացիական գործը և նշված հանգամանքը բացահայտվել է հիշյալ քաղաքացիական գործի նյութերի ուսումնասիրությամբ: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունել թիվ ՀՅՔԴ4/0136/02/08 քաղաքացիական գործում առկա հետևյալ ապացույցները.

ա) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.10.2010 թվականի որոշմամբ Վանա Սաֆաիեի վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ, և գործի քննությունը նշանակվել է 03.11.2010 թվականին (գործ թիվ ՀՅՔԴ4/0136/02/08, հատոր 3-րդ, գ.թ. 16-17):

բ) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.10.2010 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու, այն վերականգնելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու և վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու» մասին որոշումը 13.10.2010 թվականի թիվ ԴԴ7-23682 գրությամբ` ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Քասախ, Կենտրոն 3-րդ փողոց, թիվ 15 տուն հասցեով պատվիրված նամակով հետադարձ ծանուցմամբ ուղարկվել է Առլեն Պետրոսյանսին, հետադարձ ծանուցման թերթիկը ստորագրվել և փոստային բաժանմունքի կողմից հետ է վերադարձվել դատարան 21.10.2010 թվականին (գործ թիվ ՀՅՔԴ4/0136/02/08, հատոր 3-րդ, գ.թ. 31-33):

գ) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.12.2010 թվականի որոշմամբ Վանա Սաֆաիեի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` բեկանվել և փոփոխվել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 10.09.2009 թվականի թիվ ՀՅՔԴ4/0136/02/08 վճիռը և հայցը մերժվել է (գործ թիվ ՀՅՔԴ4/0136/02/08, հատոր 3-րդ, գ.թ. 76-80):

դ) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.12.2010 թվականի որոշումը նույն` ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Քասախ, Կենտրոն 3-րդ փողոց, թիվ 15 տուն հասցեով պատվիրված նամակով հետադարձ ծանուցմամբ 08.12.2010 թվականի թիվ ԴԴ7-28860 գրությամբ ուղարկվել է Առլեն Պետրոսյանսին, որը ստորագրությամբ վերջինիս հանձնվել է 13.12.2010 թվականին, իսկ հետադարձ ծանուցման թերթիկը նույն ստորագրությամբ փոստային բաժանմունքի կողմից հետ է վերադարձվել դատարան (գործ թիվ ՀՅՔԴ4/0136/02/08, հատոր 3-րդ, գ.թ. 93):

 Վերաքննիչ դատարանը, միաժամանակ նշելով, որ Առլեն Պետրոսյանսը մասնակցել է թիվ ՀՅՔԴ4/0136/02/08 քաղաքացիական գործին, ստացել է ինչպես վերաքննիչ բողոքի, այնպես էլ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և գործը վերաքննիչ դատարանում դատական նիստ նշանակելու մասին որոշումները, հանգել է այն հետևության, որ Առլեն Պետրասյանսի կողմից չի հիմնավորվել նոր երևան եկած հանգամանքով դատական ակտի վերանայման համար հիմք հանդիսացող հանգամանքի ի հայտ գալու վերաբերյալ բողոք բերած անձի իրազեկման պահից բողոք ներկայացնելու օրենքով սահմանված 3 ամսվա ժամկետի պահպանման փաստը:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի վերը նշված եզրահանգումների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձը, որը հնարավորություն չունի անհրաժեշտ ապացույցն ինքնուրույն ձեռք բերել գործին մասնակցող կամ չմասնակցող այլ անձից, որի մոտ այն գտնվում է, իրավունք ունի տվյալ ապացույցը պահանջելու միջնորդությամբ դիմել դատարան: Միջնորդությունում պետք է նշվեն ապացույցը, գործի համար նշանակություն ունեցող այն հանգամանքները, որոնք կարող են հաստատվել այդ ապացույցով, ինչպես նաև ապացույցի գտնվելու վայրը, եթե այն հայտնի է, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` միջնորդության քննարկման արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն իրավաբանական ուժ չունեն և չեն կարող դրվել դատարանի վճռի հիմքում:

Վկայակոչված իրավադրույթներից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության սկզբունքի հիման վրա: Մրցակցության սկզբունքը, որպես քաղաքացիական դատավարության հիմնարար սկզբունք, կոչված է խթանել գործին մասնակցող անձանց դատավարական ակտիվությունը, ինչն առաջնահերթ դրսևորվում է ապացուցման գործընթացում: Մրցակցային դատավարության պայմաններում ապացուցման պարտականությունը կրում են գործին մասնակցող անձինք: Դատարանը պատասխանատու է ապացուցման գործընթացի կազմակերպման համար, կարող է իրականացնել մրցակցությանն օժանդակող, այն երաշխավորող որոշակի գործառույթներ, սակայն իր նախաձեռնությամբ ապացույցներ ձեռք բերելու իրավունք չունի:

Դատարանը սեփական նախաձեռնությամբ ապացույց կարող է ձեռք բերել բացառապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 44-րդ հոդվածի 2-րդ կետով և 60-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքերում, այլ դեպքերում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով միայն կարող է օժանդակել գործին մասնակցող անձանց` համապատասխան ապացույցը ձեռք բերելու հարցում:

Հետևաբար, վերոնշյալ կանոնների խախտմամբ ձեռք բերված ապացույցները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներ են, իրավաբանական ուժ չունեն և չեն կարող դրվել դատական ակտի հիմնավորման հիմքում:

Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վերաքննիչ բողոքի մերժման հիմքում դրվել են այնպիսի ապացույցներ, որոնք Վերաքննիչ դատարանի կողմից թիվ ՀՅՔԴ4/0136/02/08 քաղաքացիական գործից ձեռք են բերվել սեփական նախաձեռնությամբ: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանը բողոք բերած անձի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.34-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետը պահպանված չլինելու փաստը հաստատված է համարել` բացառապես հիմնվելով իր նախաձեռնությամբ ձեռք բերված ապացույցների վրա, որոնք վերը նշված վերլուծությունների և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ կետի իրավանորմի հիմքով իրավաբանական ուժ չունեն և չեն կարող դրվել Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմքում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

Վերոնշյալ իրավանորմից հետևում է, որ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է և վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը որոշում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված նորմը ոչ միայն նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը կաշկանդված է վերաքննիչ բողոքի հիմքերով, այլ նաև նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտելով ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ: Հակառակ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի դրույթը կկրի հռչակագրային բնույթ, եթե դատարանները սահմանափակվեն զուտ այդ դրույթին համահունչ վերաքննիչ բողոքի հիմքերը դատական ակտում շարադրելով և չանդրադառնան այդ հիմքերի հիմնավորվածության հարցին: Հետևաբար բողոքում բարձրացված հիմքերը պարտադիր քննության առարկա պետք է դառնան վերադաս դատական ատյանում, և դատարանի կայացրած որոշումը պետք է պարունակի այդ հիմքերի վերաբերյալ եզրահանգումներ (տե՛ս, Համայակ Ոսկանյանն ընդդեմ Վոլոդյա Հակոբյանի թիվ ԵԷԴ/1643/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև հավելել, որ բոլոր այն դեպքերում, երբ Վերաքննիչ դատարանը քննության է առնում նաև բողոք բերած անձի կողմից բողոքարկման իրավունքի իրացման ժամկետների պահպանվածության հարցը, Վերաքննիչ դատարանը պարտավոր է նաև գնահատել բողոք բերած անձի կողմից ներկայացված ապացույցները:

Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը պարտավոր էր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.34-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետը պահպանված լինելու փաստի վերաբերյալ եզրահանգումներ անել` հետազոտելով և գնահատելով բողոք բերած անձի փաստարկները և դրանք հիմնավորող ապացույցները:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում վճռաբեկ բողոքի այն փաստարկը, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է ի հիմնավորումն բողոք բերելու համար սահմանված ժամկետը պահպանված լինելու փաստի ներկայացված ապացույցը:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.2014 թվականի ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.12.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. ԱԲԵԼՅԱՆ

 

Ս. Անտոնյան

 

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

 

Մ. Դրմեյան

 

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

 

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Ե. Սողոմոնյան