Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 361-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.03.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.03.16/7(519) Հոդ.23.13
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
16.12.2014
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 փետրվարի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 05015022

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

16 դեկտեմբերի 2014 թ.

թիվ 361-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի ԹԻՎ 135-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով արժութային դիլեր-բրոքերի աշխատակցի որակավորման քննությունների կազմակերպման գործընթացին ներգրավել նաև Կենտրոնական բանկի սահմանած չափանիշներին բավարարող որակավորում իրականացնող մասնագիտացված կազմակերպություններին,

հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 70-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 4-ի ««Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեության լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 12-ը հաստատելու մասին» թիվ 135-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեության լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 12-ում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնակարգ 12-ի 4.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.1. Սույն կարգի իմաստով՝ որակավորող կազմակերպություն է համարվում Կենտրոնական բանկի կողմից ընտրված կազմակերպությունը, որն իրականացնում է արտարժույթի դիլեր-բրոքերի աշխատակիցների որակավորման ստուգում:»,

2) Կանոնակարգ 12-ի 5-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) լիցենզիայով նախատեսված աշխատանքներն իրականացնելու համար ներկայացված պատասխանատու անձի (այսուհետ՝ աշխատակից) մասնագիտական որակավորման վկայականի պատճենը, եթե մասնագիտական որակավորման վկայականը տրամադրվել է որակավորող կազմակերպության կողմից:»,

3) Կանոնակարգ 12-ի 6-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) աշխատակից մասնագիտական որակավորման վկայականի պատճենը:»,

4) Կանոնակարգ 12-ի 2-րդ գլխի 9-րդ կետի 2 նախադասությունը «նպատակով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սույն կանոնակարգի 21-րդ կետով սահմանված բողոքարկման դիմում ներկայացնելու դեպքում» բառերով,

5) Կանոնակարգ 12-ի 10-րդ կետը լրացնել 3-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«3) աշխատակիցը (աշխատակիցները) չունի մասնագիտական որակավորման վկայական կամ 13.4-րդ կետով սահմանված դեպքում աշխատակիցը (աշխատակիցները) չի ստացել Կենտրոնական բանկի կողմից տրվող որակավորման վկայական:»,

6) Կանոնակարգ 12-ի 3-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԳԼՈՒԽ 3. ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐ-ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

13. Արժութային դիլեր-բրոքերի աշխատակիցը պետք է ունենա Կենտրոնական բանկի կողմից տրված մասնագիտական որակավորման վկայական (այսուհետ՝ որակավորման վկայական):

13.1. Արժութային դիլեր-բրոքերի աշխատակիցը որակավորման ստուգումն անցնում է որակավորող կազմակերպություններում, որոնց ցանկը հրապարակվում է Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:

13.2. Կենտրոնական բանկի կողմից որակավորման վկայականը տրվում է սույն կանոնակարգի 13.4-րդ կետով սահմանված դեպքում Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցած կամ որակավորող կազմակերպության կողմից որակավորման վկայական ստացած անձին:

13.3. Անձը կարող է դիմել Կենտրոնական բանկ որակավորման վկայական ստանալու նպատակով միայն այն դեպքում, երբ ներկայացվել է արժութային բրոքեր-դիլերի ներդիրում ընդգրկվելու համար արժութային բրոքեր-դիլերի, մասնաճյուղի լիցենզավորման փուլում կամ ներդիրի վերաձևակերպման ժամանակ, ինչպես նաև սույն կանոնակարգի 23.1-ին կետով սահմանված դեպքում:

13.4. Այն դեպքում, երբ որևէ կազմակերպություն Կենտրոնական բանկի կողմից չի ընտրվել որպես որակավորող կազմակերպություն և (կամ) որակավորող կազմակերպության գործունեությունը դադարեցվել է, որակավորման ստուգման անցկացման գործընթացը կազմակերպվում է Կենտրոնական բանկում՝ սույն կանոնակարգով սահմանված ընթացակարգի համաձայն: Սույն կետով նախատեսված դեպքում սույն կանոնակարգի 5-րդ, 6-րդ, 7-րդ կամ 24-րդ կետերում նշված փաստաթղթերը ստանալու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպվում է որակավորման վկայական չունեցող աշխատակցի (աշխատակիցների) մասնագիտական որակավորման ստուգման քննության անցկացումը Կենտրոնական բանկում:

13.5. Որակավորված անձանց վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է Կենտրոնական բանկի կամ որակավորող կազմակերպության ինտերնետային կայքում` «Որակավորման վկայական ունեցող անձինք» ցուցակում` քննությունը հանձնելու օրվանից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում, Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում հղում է տրվում որակավորող կազմակերպության կայքէջին:

14. Որակավորման վկայական ստանալու համար արժութային դիլեր-բրոքերի աշխատակիցը պետք է գիտելիքներ ունենա հետևյալ թեմաների վերաբերյալ՝

1) «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենք,

2) «Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեության լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 12,

3) «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենք (Կենտրոնական բանկի կողմից արժութային դիլեր-բրոքերների նկատմամբ իրականացվող ստուգումների և վերահսկողության, ինչպես նաև արժութային դիլեր-բրոքերներին պատասխանատվության ենթարկելու կարգի ու պայմանների վերաբերյալ իմացություն),

4) «Ֆինանսական հաշտարարի մասին» ՀՀ օրենք,

5) արժութային դիլեր-բրոքերների կողմից իրականացվող գործառնությունների իմացություն:

15. Կենտրոնական բանկում արժութային դիլեր-բրոքերի աշխատակցի մասնագիտական որակավորման վկայական ստանալու համար դիմող անձանց (այսուհետ` թեկնածուներ) մասնագիտական համապատասխանության քննությունը (այսուհետ` քննություն) անցկացվում է համակարգչային ծրագրով` թեստային եղանակով: Թեստը հարցեր պարունակող փաստաթուղթ է, որը մշակվում է սույն կանոնակարգի 14-րդ կետով սահմանված թեմաների շրջանակներում:

16. Կենտրոնական բանկի կողմից կազմված թեստը պարունակում է 30 հարց: Թեստին պատասխանելու համար տրվում է 45 րոպե ժամանակ: Թեստի հարցերից յուրաքանչյուրը պարունակում է մի քանի պատասխան, որոնցից միայն մեկն է միանշանակ ճիշտ: Թեստի հարցի ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր: Սխալ պատասխաններ են համարվում միանշանակ սխալ և ոչ միանշանակ ճիշտ պատասխան նշելը, մեկից ավելի պատասխաններ նշելը կամ որևէ պատասխան չնշելը:

17. Կենտրոնական բանկում անցկացվող քննության թեստերի պատասխանների գնահատումն ու ամփոփումը կատարվում է հետևյալ կերպ. եթե թեկնածուն հավաքել է՝

1) մինչև 25 միավոր, ապա թեկնածուն համարվում է բացասական արդյունք ապահոված,

2) 25 և ավելի միավոր, ապա թեկնածուն համարվում է դրական արդյունք ապահոված:

18. Թեկնածուները Կենտրոնական բանկում քննությանը մասնակցում են` քննության օրը ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

1) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ և դրա պատճենը,

2) պետական տուրքի վճարման անդորրագիր,

3) հանրային ծառայությունների համարանիշ (ոչ ռեզիդենտների համար՝ առկայության դեպքում) կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը:

19. Կենտրոնական բանկում քննությունն անցկացվում է հետևյալ ընթացակարգով.

1) Քննությունն անցկացվում է առանձնացված սենյակում, որը վերահսկվում է տեսախցիկների միջոցով:

2) Թեկնածուին թույլատրվում է մուտք գործել քննության անցկացման սենյակ անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի ներկայացման դեպքում` ըստ նախապես կազմված ցուցակի նստեցնելով համապատասխան համակարգչի մոտ: Ուշացած թեկնածուների համար քննության տևողությունը չի երկարաձգվում:

3) Թեկնածուներին տրվում են բացատրություններ քննության անցկացման հետ կապված տեխնիկական հարցերի վերաբերյալ:

4) Քննության սկիզբը հայտարարելուց հետո թեկնածուն ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր հարցի (խնդրի) ենթադրյալ պատասխաններից ընտրում է մեկ (իր կարծիքով` նշվածներից միանշանակ ճիշտ) պատասխան:

5) Քննության ժամանակ թեկնածուին արգելվում է օգտվել տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութերից, էլեկտրոնային սարքերից (բացառությամբ Կենտրոնական բանկի կողմից տրամադրված էլեկտրոնային հաշվիչների), ինչպես նաև՝ աղմկել, հուշել, խոսել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, դուրս գալ սենյակից: Եթե թեկնածուն ցանկանում է լքել սենյակը, նրա աշխատանքը համարվում է դադարեցված: Նշված պահանջներից յուրաքանչյուրի չկատարման դեպքում թեկնածուն զրկվում է քննության հետագա ընթացքին մասնակցելու իրավունքից և համարվում է բացասական արդյունք ապահոված:

6) Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև՝ քննության առաջադրանքները կատարելու համար սահմանված ժամանակը սպառվելուց հետո թեկնածուին տրվում է իր հանձնած թեստի արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը (երկու օրինակից), որտեղ արտացոլվում են թեկնածուի միավորները՝ տոկոսային արտահայտությամբ: Հաշվետվությունները ստորագրվում են թեկնածուի կողմից, որոնցից մեկ օրինակը մնում է Կենտրոնական բանկում, մյուսը տրվում է թեկնածուին:

20. Կենտրոնական բանկում անցկացվող քննության թեստերի հարցերի պատասխանների արդյունքները (ելնելով համակարգչային տվյալներից) հաստատում է Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով), որի դրական եզրակացության հիման վրա թեկնածուին տրվում է որակավորման վկայական:

21. Կենտրոնական բանկում որակավորված թեկնածուները կարող են բողոքարկել անցկացված քննության արդյունքները քննության անցկացման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում` գրավոր դիմում ներկայացնելով Կենտրոնական բանկ` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 12-ի, կամ դիմումը լրացնելով Կենտրոնական բանկի ինտերնետային կայքի համապատասխան էջում: Դիմումը ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկը տեղեկացնում է բողոքարկողին բողոքարկման արդյունքների վերաբերյալ:

22. Կենտրոնական բանկի կողմից որակավորման վկայականը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 8-ի, տրվում է որակավորման ստուգում անցած թեկնածուներին կամ Որակավորող կազմակերպության կողմից տրված որակավորման վկայական ներկայացրած անձին՝ էլեկտրոնային եղանակով՝ ուղարկվելով թեկնածուի կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեին քննությունը հանձնելու օրվանից կամ սույն կանոնակարգի 9-րդ կետով սահմանված կարգով արժութային բրոքեր-դիլերի, մասնաճյուղի լիցենզիայի տրման կամ 26-րդ կետով սահմանված կարգով լիցենզիայի ներդիրի վերաձևակերպման օրվանից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

23. Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցած անձին որակավորման վկայականը տրվում է երեք տարի ժամկետով՝ հաշված դրա ստորագրման պահից: Որակավորող կազմակերպությունից ստացած որակավորման վկայականի հիման վրա Կենտրոնական բանկի կողմից որակավորման վկայականը տրվում է մինչև հիմք հանդիսացող որակավորման վկայականի վավերականության ավարտը:

23.1. Գործող արժութային բրոքեր-դիլերի ներդիրում ընդգրկված աշխատակցի որակավորման վկայականի ժամկետը լրանալուց առնվազն 5 աշխատանքային օր առաջ, բացառությամբ սույն կանոնակարգի 13.4-րդ կետով սահմանված դեպքի, արժութային բրոքեր-դիլերը Կենտրոնական բանկ է ներկայացնում աշխատակցի որակավորման վկայականի ստացման համար դիմում՝ կցելով աշխատակցի որակավորումը հավաստող փաստաթուղթը: Կենտրոնական բանկը որակավորումը հավաստող փաստաթղթի հիման վրա ղեկավարին տրամադրում է նոր որակավորման վկայական՝ դիմումը ներկայացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ սույն կանոնակարգով սահմանված կարգով: Սույն կանոնակարգի 13.4-րդ կետով սահմանված դեպքում աշխատակցի որակավորման վկայականի ժամկետը լրանալուց առնվազն 15 աշխատանքային օր առաջ արժութային բրոքեր-դիլերը Կենտրոնական բանկ է ներկայացնում աշխատակցի համար որակավորման ստուգման քննություն անցկացնելու դիմում` սույն կանոնակարգով սահմանված կարգով:

23.2. Կենտրոնական բանկում որակավորված անձինք որակավորման վկայականները 10 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային փոստով չստանալու կամ էլեկտրոնային փոստի խափանման դեպքում կարող են այդ մասին հայտնել Կենտրոնական բանկ` ներկայացնելով գրավոր դիմում Կենտրոնական բանկի նախագահի անունով` նշելով այն էլեկտրոնային փոստի հասցեն, որով նա ցանկանում է ստանալ որակավորման վկայականը: Դիմումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում որակավորման վկայականը էլեկտրոնային տարբերակով կրկին տրամադրվում է որակավորված անձին՝ ուղարկվելով նրա դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին:»:

5) Կանոնակարգ 12-ի 25-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

6) Կանոնակարգ 12-ի 29-րդ կետը «կամ» բառից հետո լրացնել «Կենտրոնական բանկի կողմից տրամադրված» բառերով:

7) Կանոնակարգ 12-ի 30-րդ կետի առաջին նախադասությունը «կամ» բառից հետո լրացնել «Կենտրոնական բանկի կողմից տրամադրված» բառերով:

8) Կանոնակարգ 12-ի հավելված 3-ի 1-ին կետը 1.8-րդ ենթակետից հետո լրացնել 1.9 ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«1.9. Մասնագիտական որակավորման վկայականի առկայություն.

ա. առկա է որակավորող կազմակերպության կողմից տրված վկայական,

բ. առկա է Կենտրոնական բանկի կողմից տրված վկայական,

գ. կանոնակարգի 13.4-րդ կետի հիմքով անհրաժեշտ է քննության կազմակերպում:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի մարտի 1-ին:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2014 թ. դեկտեմբերի 20

Երևան