ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունվարի 2015 թվականի N 58-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածով, հիմք ընդունելով Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությանը (ՅՈՒՆԵՍԿՕ) Հայաստանի Հանրապետության անդամակցությունը` միջազգային պարտավորությունների արդյունավետ կատարումն ապահովելու նպատակով՝
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողով:
2. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի կազմը` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հունվարի 29 Երևան |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2015 թ. հունվարի 29-ի N 58-Ա որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) միջգերատեսչական խորհրդակցական մարմին է, որի գործունեության հիմնական նպատակը Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության հետ (այսուհետ` ՅՈՒՆԵՍԿՕ) կրթության, գիտության, մշակույթի, հաղորդակցության ու տեղեկատվության ոլորտներում Հայաստանի Հանրապետութան պետական մարմինների, հաստատությունների և հասարակական կազմակերպությունների համագործակցության համակարգումն ու ապահովումն է:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի սահմանադրությամբ (կանոնադրությամբ), ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան իրավական ակտերով:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
3. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են`
1) ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության առաջնային ուղղությունների սահմանումը, նշված համագործակցության Հայաստանի երկամյա ծրագրերի մշակումն ու հաստատումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության առջև որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով խորհրդատու հանդես գալը` ուղղորդելով և կողմնորոշելով Հայաստանի Հանրապետության պետական մարմինների գործունեությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում.
3) ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում ընդունված համապատասխան իրավական ակտերի կիրարկումը և տեղայնացումը Հայաստանի Հանրապետությունում ապահովելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
4) քաղաքացիական հասարակության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության ամրապնդմանը նպաստելը:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրների լուծման համար`
1) հանդես է գալիս Հայաստանի Հանրապետությունում որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական գործընկեր` ապահովելով կապն ու համագործակցությունը Հայաստանի Հանրապետության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև.
2) Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերի շրջանակներում միջազգային համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ.
3) ապահովում է Հայաստանի Հանրապետության մասնակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերին ու նախաձեռնություններին, որոնք ուղղված են կրթության, գիտության, մշակույթի, հաղորդակցության և տեղեկատվության զարգացմանը.
4) հասարակայնության լայն շրջանակներին ներկայացնում և պարզաբանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նպատակներն ու խնդիրները՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և իր գործունեության մասին համապատասխան տեղեկատվություն տարածելու միջոցով.
5) խթանում է կապն ու համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում գործող պետական ու հասարակական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների և անհատների միջև՝ վերջիններիս ներգրավելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեության մեջ.
6) կապեր է հաստատում և համագործակցություն ծավալում այլ պետությունների` ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով ազգային հանձնաժողովների հետ՝ համատեղ իրականացնելով Հայաստանի Հանրապետության համար հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր և միջոցառումներ.
7) անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին և հաստատություններին տրամադրում է իր գործունեության մասին տեղեկատվություն և ցուցաբերում է համապատասխան օժանդակություն.
8) ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի և այլ միջկառավարական հանդիպումների շրջանակներում ապահովում է համապատասխան խորհրդատվություն Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող պատվիրակությունների համար.
9) քննարկում և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաստատմանն է ներկայացնում վերջինիս կողմից ֆինանսավորվող նախագծերը.
10) ընտրում և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի հաստատմանն է ներկայացնում բարի կամքի դեսպանների թեկնածություններ.
11) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ քննարկում և ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարություն է ներկայացնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան մարմիններում Հայաստանի Հանրապետությունից թեկնածություններ:
5. Հանձնաժողովի բացարձակ իրավասության ներքո է գտնվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի խորհրդանիշի տրամադրման գործընթացը:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
6. Հանձնաժողովը կազմված է հանձնաժողովի նախագահից, գլխավոր քարտուղարից և անդամներից, ովքեր իրենց գործունեությունն իրականացնում են հասարակական հիմունքներով:
7. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն տարեկան մեկ անգամ։ Անհրաժեշտության դեպքում կարող են արտահերթ նիստեր գումարվել հանձնաժողովի նախագահի կամ անդամների երկու երրորդի նախաձեռնությամբ։
8. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը:
9. Հանձնաժողովի նիստի օրակարգն ու քննարկվելիք հարցերին վերաբերող անհրաժեշտ նյութերը հանձնաժողովի անդամներին են ուղարկվում նիստից մեկ շաբաթ առաջ։
10. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելին: Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող նյութերի հիման վրա հանձնաժողովն ընդունում է որոշում։ Հանձաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող` հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։ Հավասար ձայների առկայության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է։ Հանձնաժողովի ընդունած որոշումների մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և գլխավոր քարտուղարը։ Հանձնաժողովի որոշմանը դեմ քվեարկած հանձնաժողովի անդամների հատուկ գրավոր կարծիքները կցվում են արձանագրությանը։
11. Հանձնաժողովի նախագահի հրավերով` նիստին կարող են ներկա լինել այլ մասնակիցներ:
12. Հանձնաժողովն իր գործառույթներն իրականացնելու նպատակով կարող է ստեղծել աշխատանքային խմբեր:
13. Հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարն է:
14. Հանձնաժողովի նախագահը`
1) իրականացնում է հանձնաժողովի ընդհանուր ղեկավարումը.
2) հրավիրում է հանձնաժողովի նիստները, նշանակում հանձնաժողովի նիստի անցկացման օրը, վայրը և հաստատում նիստի օրակարգը.
3) ստորագրում է հանձնաժողովի ընդունած որոշումները, արձանագրությունները, հանձնաժողովի գործունեության հետ կապված գրագրությունները.
4) ներկայացնում է հանձնաժողովն այլ մարմինների և անձանց հետ հարաբերություններում.
5) իրականացնում է սույն կանոնադրությունից բխող այլ գործառույթներ:
15. Հանձնաժողովի անդամը`
1) մասնակցում է հանձնաժողովի աշխատանքներին.
2) հարցեր է ներկայացնում հանձնաժողով` քննարկման.
3) ներկայացնում է առաջարկություններ հանձնաժողովի գործունեության և նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.
4) կատարում է հանձնաժողովի ընդունած ընթացակարգային որոշումները։
16. Հանձնաժողովի գլխավոր քարտուղարն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետն է, որը՝
1) ապահովում է հանձնաժողովի աշխատանքների, նիստերի օրակարգերի, անհրաժեշտ նյութերի, ինչպես նաև որոշումների նախագծերի նախապատրաստումը և դրանք տրամադրում հանձնաժողովի անդամներին.
2) ղեկավարում է հանձնաժողովի քարտուղարության ընթացիկ աշխատանքները.
3) հանձնաժողովի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ձեռնարկում է միջոցներ` հանձնաժողովի ծրագրերի ու գործունեության իրականացումը պատշաճ մակարդակով ապահովելու համար.
4) մասնակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի աշխատանքներին.
5) ներկայացնում է հաձնաժողովն այլ երկրների ազգային հանձնաժողովների գլխավոր քարտուղարների հանդիպումներում.
6) աշխատանքային հարաբերություններ է հաստատում ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարության, ինչպես նաև այլ երկրների ազգային հանձնաժողովների հետ.
7) պատրաստում և հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում տարեկան հաշվետվությունները.
8) հանձնաժողովի նախագահի հետ միասին ստորագրում է հանձնաժողովի որոշումներն ու արձանագրությունները.
9) հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ` իրականացնում է այլ գործառույթներ.
10) կազմում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.
11) ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությամբ և այլ ծրագրերի շրջանակներում կազմակերպության քննարկմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև անհատների կողմից մշակված ու հանձնաժողովի քննարկմանը ներկայացված և վերջինիս կողմից հաստատված ազգային, տարածաշրջանային ու միջազգային ծրագրերի վերաբերյալ առաջարկությունները.
12) ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովների և այլ կարևոր հանդիպումների ժամանակ ընդունված որոշումներից բխող առաջարկություններ ու տեղեկատվություն է ներկայացնում հանձնաժողովին.
13) ուսումնասիրում և ամփոփում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում հանդիպումներին մասնակցած Հայաստանի Հանրապետության պատվիրակների հաշվետվությունները, որոնք պետք է ներկայացվեն քարտուղարություն` մասնակցի վերադարձից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։
17. Սույն կանոնադրության 16-րդ կետում նշված գործառույթները հանձնաժողովի գլխավոր քարտուղարն իրականացնում է հանձնաժողովի աշխատանքային մարմնի` քարտուղարության միջոցով, որը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ՅՈՒՆԵՍԿՕ-ի բաժինն է, և ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության միջոցով:
18. Հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ` հանձնաժողովը կարող է ունենալ պատվավոր անդամներ, որոնք սփյուռքի և Հայաստանի Հանրապետության հանրության կողմից ճանաչված, բարձր հեղինակություն ունեցող և բարեգործական գործունեության շնորհիվ հանրության հարգանքը վայելող անհատներ են, ովքեր աջակցում են հանձնաժողովի գործունեությանը և խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում են հանձնաժողովի նիստերին։
19. Հանձնաժողովի ծրագրերի վերաբերյալ առաջարկությունների իրականացման համար ֆինանսական միջոցների ձևավորման աղբյուր կարող են լինել ՅՈՒՆԵՍԿՕ-ի բյուջետային և արտաբյուջետային միջոցներից հատկացված գումարները և օրենքով չարգելված այլ միջոցներ: Հանձնաժողովը ֆինանսական միջոցներն օգտագործում է միայն սույն կանոնադրությամբ սահմանված նպատակով:
20. Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում իր գործունեության վերաբերյալ ամենամյա հաշվետվություն։
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ |
Գ. Դումանյան |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2015 թ. հունվարի 29-ի N 58-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար
Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (համաձայնությամբ)
Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն (համաձայնությամբ)
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի (Մատենադարան) տնօրեն (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ |
Գ. Դումանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
29.08.2019, N 1216-Ա | 30.08.2019, N 58-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|