Գլխավոր տեղեկություն
Համար
N 123-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (28.03.2015-19.03.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.03.04/16(388) Հոդ.263
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.02.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.02.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.02.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.03.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 22 փետրվարի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 փետրվարի 2005 թվականի N 123-Ն

ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 05.03.15 N 190-Ն)

«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասին և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.  (կետն ուժը կորցրել է 13.06.13 N 748-Ն)

1.1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում է օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների կողմից Հաշվապահների միջազգային դաշնության (այսուհետ` ՀՄԴ) կրթական ստանդարտներին համապատասխան կազմված ծրագրերով անցկացված քննությունների արդյունքում որակավորված մասնագետների, ինչպես նաև ՀՄԴ-ի հավաստագիր ունեցող` Հայաստանի Հանրապետությունում գործող հասարակական կազմակերպությունների կողմից ՀՄԴ-ի կրթական ստանդարտներին համապատասխան կազմված ծրագրերով անցկացված քննությունների արդյունքում որակավորված աուդիտորների որակավորումը, եթե դիմողը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`

ա) դիմում,

բ) անձնագրի պատճենը,

գ) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,

դ) 2 լուսանկար` 3x4 չափսի,

ե) մասնագետի որակավորման վկայականի պատճենը՝ տրված սույն կետով սահմանված համապատասխան մարմինների կողմից, բացառությամբ Անգլիայի Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) որակավորման գործընթացին մասնակցելու դեպքերի,

ե.1.) Անգլիայի Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) որակավորման գործընթացին մասնակցող դիմորդները սույն կետի «ե» ենթակետում նշված փաստաթղթի փոխարեն ներկայացնում են Անգլիայի Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) հիմնական մակարդակի 9 բաժինների (F9) քննությունների դրական հանձնումը հաստատող քննությունների արդյունքների և կարգավիճակի վերաբերյալ հաշվետվությունը կամ անդամության վկայականի պատճենը,

զ) վկայականը տված մարմնի հավաստումն այն մասին, որ վկայականը ներկայումս ուժի մեջ է կամ անդամության վկայականի պատճենը:

(1.1-ին կետը լրաց. 14.08.08 N 1009-Ն, խմբ. 16.02.12 N 143-Ն, փոփ. 13.06.13 N 748-Ն, լրաց. 05.03.15 N 190-Ն)

1.2. 1.1-ին կետով սահմանված փաստաթղթերն օտար լեզվով ներկայացվելու դեպքում դրանց հետ պետք է ներկայացվեն նաև դրանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված թարգմանությունները: Օտարերկրյա պետություններից ստացված փաստաթղթերը պետք է ներկայացվեն հյուպատոսական վավերացմամբ կամ ապոստիլով:

(1.2-րդ կետը լրաց. 16.02.12 N 143-Ն)

 1.3. 1.1-ին կետով սահմանված փաստաթղթերի ուսումնասիրության, դրանց հիման վրա աուդիտորի որակավորման վկայական տալու կամ այն մերժելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն որոշման 1.4-րդ կետի «ա» ենթակետով սահմանված դրույթներով:

(1.3-րդ կետը լրաց. 16.02.12 N 143-Ն, փոփ. 13.06.13 N 748-Ն)

1.4 Սահմանել, որ`

ա) աուդիտորների որակավորման քննություններն անցկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված մասնագիտացված կառույցը (այսուհետ` մասնագիտացված կառույց): Քննությունների արդյունքների համաձայն, ինչպես նաև սույն որոշման 1.1-ին կետով նախատեսված դեպքերում աուդիտորի որակավորման վկայականները շնորհում կամ վկայականների տրամադրումը մերժում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազորված մարմին)՝ լիազորված մարմնի կողմից ստեղծված աուդիտորների որակավորման հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) եզրակացության հիման վրա, հանձնաժողովի նիստի օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում: Լիազորված մարմնի կողմից աուդիտորի որակավորման վկայականի տրամադրումը մերժվում է դիմողի կողմից փաստաթղթերի կեղծ կամ որակավորման քննությունների անցկացման կարգի խախտման միջոցով ստացված կամ սույն որոշման 1.1-ին կետի պահանջներին անհամապատասխան փաստաթղթեր ներկայացվելու դեպքերում: Հանձնաժողովն իր նիստերի նախապատրաստումը, դիմողի մասին անհրաժեշտ տեղեկատվության ստացումն ապահովելու հետ կապված աշխատանքներն իրականացնելու նպատակով համագործակցում է լիազորված մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման հետ, որն ուսումնասիրում է վկայական ստանալու համար ներկայացված դիմումները` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում: Հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է լիազորված մարմնի պաշտոնական ինտերնետային կայքէջում` հանձնաժողովի նիստի օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում.

բ) աուդիտորների որակավորման քննություններն անցկացվում են Հաշվապահների միջազգային դաշնության (այսուհետ` ՀՄԴ) կրթական ստանդարտներին համապատասխան կազմված ծրագրով (այսուհետ` որակավորման քննությունների ծրագիր), որը պետք է ներառի հետևյալ բաժինները`

Ֆինանսական հաշվառման հիմունքներ

Ֆինանսական տեղեկատվություն կառավարման համար

Իրավագիտության հիմունքներ

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրություն

Ֆինանսական կառավարում և վերահսկողություն

Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում

Աուդիտ և ներքին վերահսկողություն:

(1.4-րդ կետը լրաց. 13.06.13 N 748-Ն, խմբ. 05.03.15 N 190-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. փետրվարի 14
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
փետրվարի 3-ի N 123-Ն որոշման


Կ Ա Ր Գ

ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
(հավելվածն ուժը կորցրել է 13.06.13 N 748-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     

Մ. Թոփուզյան

 

 Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
փետրվարի 3-ի N 123-Ն որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(հավելվածն ուժը կորցրել է 13.06.13 N 748-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     

Մ. Թոփուզյան