Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.11.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.01.12/1(1090) Հոդ.18
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
28.11.2014
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
28.11.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.11.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/0976/02/13

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/0976/02/13

2014 թ.

Նախագահող դատավոր` Ա. Թումանյան

Դատավորներ`

Լ. Գրիգորյան

Գ. Մատինյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2014 թվականի նոյեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Սամվել Մարտիրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.02.2014 թվականի որոշման դեմ` ըստ Սամվել Մարտիրոսյանի հայցի ընդդեմ Գեղամ Մելիքսեթյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սամվել Մարտիրոսյանը պահանջել է Գեղամ Մելիքսեթյանից բռնագանձել 1.662.000 ՀՀ դրամ` որպես պայմանագրով նախատեսված փաստաբանական գործունեության վճար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվարկված բանկային տոկոսի գումարն առ 01.07.2013 թվականը` 115.400 ՀՀ դրամ բռնագանձումը շարունակելով մինչև պարտավորության լրիվ կատարումը, ինչպես նաև պետական տուրքի գումարը` 35.500 ՀՀ դրամ, ընդամենը` 1.813.000 ՀՀ դրամ:

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ն. Մարգարյան) (այսուհետ` Դատարան) 14.11.2013 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.02.2014 թվականի որոշմամբ Սամվել Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 14.11.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սամվել Մարտիրոսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Գեղամ Մելիքսեթյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 777-րդ, 779-րդ և 780-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ պատասխանողի` գումար վճարելու պարտավորությունը բխում է ոչ թե 31.01.2012 թվականին կնքված «Փաստաբանական ծառայություններ մատուցելու մասին» պայմանագրից (այսուհետ` Պայմանագիր), այլ թիվ ԵԱՆԴ/1132/02/10 և թիվ ԵԱՆԴ/1506/02/10 քաղաքացիական գործերով վերջինիս իրավաբանական օգնություն ցույց տալու հանգամանքից: Ընդ որում, իր և պատասխանողի միջև որևէ համաձայնություն չի կայացվել` անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:

Վերաքննիչ դատարանը պատշաճ չի հետազոտել 31.01.2012 թվականին կնքված Պայմանագիրը: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Պայմանագրի 1-ին կետով կողմերը մատուցվելիք ծառայությունների շրջանակը նախատեսել են «ըստ անհրաժեշտության»:

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել Պայմանագրի 2-րդ կետը, մասնավորապես` հաշվի չի առել այն հանգամանքը, որ Պայմանագրի վկայակոչված կետը շարադրելիս կողմերը նկատի են ունեցել, որ նախորդ օրը կատարողական թերթն արդեն իսկ ներկայացված է եղել հարկադիր կատարման, և համոզված են եղել, որ Տիգրան Հարությունյանի գումարը ստանալու այլ եղանակ, քան Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով, առկա չէ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.02.2014 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Ինչպես Դատարանը այնպես էլ Վերաքննիչ դատարանը գործում առկա բոլոր ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ գնահատելով, դրանք համադրելով մյուս ապացույցների հետ` ճիշտ եզրակացության են հանգել, մասնավորապես` պայմանագրի կողմերն ունեցել են իրավաբանական կրթություն և պարզ ցանկությամբ արտահայտել են իրենց կամքը պայմանագրով նախատեսված պայմաններով: Բացի այդ, պետք է ուշադրության արժանացնել այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանն օբյեկտիվորեն հանգել է եզրակացության առ այն, որ փաստաբանի գործողությունների կատարումից հետո Գեղամ Մելիքսեթյանի համար սահմանվել են պարտավորություններ` վճարել ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից (այսուհետ` Ծառայություն) Տիգրան Հարությունյանի անվամբ ստացված գումարի 3 տոկոսը, իսկ նման փաստ սույն գործով առկա չէ:

Նշել է նաև, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի 2-րդ կետը սույն գործով կիրառելի չէ, քանի որ նույն հոդվածի 1-ին կետում պարունակվող կանոնները հնարավորություն են տալիս որոշել պայմանագրի բովանդակությունը, այն է` մատուցել ծառայություն և վճարել կատարված աշխատանքի համար:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը բազմակողմանի ուսումնասիրել է պայմանագիրը, որպիսի պայմաններում վճռաբեկ բողոքին պատասխան ներկայացրած անձը խնդրել է մերժել վճռաբեկ բողոքը` ստորադաս դատարանի դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Սամվել Մարտիրոսյանի (այսուհետ` ներկայացուցիչ) և Գեղամ Մելիքսեթյանի (այսուհետ` վստահորդ) միջև 31.01.2012 թվականին կնքվել է «Փաստաբանական ծառայություններ մատուցելու մասին» պայմանագիր, համաձայն որի` ներկայացուցիչը պարտավորվում է հօգուտ վստահորդի իրականացնել փաստաբանական գործունեություն, այն է` հանդես գալ դատարանում Տիգրան Հարությունյանի շահերի պաշտպանությամբ և ավարտել գործի հետ կապված գործողությունները, այդ թվում` Ծառայությունում և կադաստրում, իսկ վստահորդը պարտավորվել է կատարված փաստաբանական ծառայության դիմաց վճարել Ծառայությունից Տիգրան Հարությունյանի անվամբ ստացված գումարի 3 տոկոսը (հատոր 1-ին, գ.թ. 27):

2) Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 27.01.2012 թվականին տրվել է թիվ ԵԱՆԴ/1132/02/10 կատարողական թերթը, համաձայն որի` Արտակ Կոստանդյանը պարտավորվել է պայմանագրով ստացած 100.000.000 ՀՀ դրամը և 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը վերադարձնել Տիգրան Հարությունյանին: Կատարողական թերթում որպես պահանջատեր նշված է Տիգրան Հարությունյանը, որպես վերջինիս ներկայացուցիչ` Սամվել Մարտիրոսյանը, իսկ որպես պարտապան` Արտակ Կոստանդյանը (հատոր 1-ին, գ.թ. 74):

3) Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 27.01.2012 թվականին տրված թիվ ԵԱՆԴ/1132/02/10 կատարողական թերթը 30.01.2012 թվականին ներկայացվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն` հարկադիր կատարման (հատոր 1-ին, գ.թ. 75):

4) Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱՆԴ/1506/02/10 վճռով հաստատվել է կողմերի միջև 03.10.2012 թվականին կնքված հաշտության համաձայնությունը, որով Տիգրան Հարությունյանն Արտակ Կոստանդյանին ներել է թիվ ԵԱՆԴ/1132/02/10 քաղաքացիական գործով կայացրած վերջնական դատական ակտով սահմանված 100 միլիոն ՀՀ դրամ և 10.000 ԱՄՆ դոլար պարտքը, պարտավորվել է հայցվորին վերադարձնել Երևան քաղաքի Ավանի Ծարավ Աղբյուր փողոցի թիվ 141 հասցեում գտնվող անշարժ գույքը` բնակելի տունը և տնամերձ հողամասն իր ներքին հարդարանքով և կահավորմամբ (ինչ վիճակով, որ ստացել է հայցվորից) և համաձայնվել է կրել թիվ ԵԱՆԴ/1132/02/10 և թիվ ԵԱՆԴ/1506/02/10 գործերով իր շահերը ներկայացնող փաստաբանի վարձատրության ծախսը և թիվ ԵԱՆԴ/1132/02/10 գործով պետական տուրքի ծախսերը: Հաշտության համաձայնագիրը ստորագրել է հայցվոր Արտակ Կոստանդյանը, պատասխանողի համար և նրա անունից` Գեղամ Մելիքսեթյանը, նաև ներկայացուցիչ Սամվել Մարտիրոսյանը: Վճիռն օրինական ուժի մեջ մտած է հայտարարվել հրապարակման պահից: Նշված վճռի հիման վրա 09.10.2012 թվականին տրամադրվել է թիվ ԵԱՆԴ/1506/02/10 կատարողական թերթը (հատոր 1-ին, գ.թ. 7-10):

5) Գեղամ Մելիքսեթյանի 22.11.2012 թվականի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից հետ է վերադարձվել թիվ ԵԱՆԴ/1132/02/10 գործով կատարողական թերթը, և հարուցված կատարողական վարույթն ավարտվել է (հատոր 1-ին, գ.թ. 97):

6) Գեղամ Մելիքսեթյանը որևէ առարկություն չի ներկայացրել Սամվել Մարտիրոսյանի կողմից պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցման որակի վերաբերյալ:

7) Սույն գործով կողմերը չեն վիճարկել փաստն առ այն, որ Գեղամ Մելիքսեթյանը Տիգրան Հարությունյանի անունից փաստաբան Սամվել Մարտիրոսյանին մատուցված ծառայությունների համար վճարել է 300 ԱՄՆ դոլար:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ փաստաբանի և վստահորդի միջև պայմանագրային հարաբերությունների կարգավորման այն դեպքերին, երբ վստահորդի` փաստաբանին վարձատրելու պարտականությունը ծագում է որոշակի պայմանի իրականացման արդյունքում` միաժամանակ վերահաստատելով պայմանագրի մեկնաբանման վերաբերյալ նախկինում արտահայտած դիրքորոշումը:

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` փաստաբանական գործունեության վճարի չափն ու վճարման կարգը որոշվում են փաստաբանի և վստահորդի միջև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով կնքված գրավոր պայմանագրով (այսուհետ` պայմանագիր):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք ազատ են պայմանագիր կնքելիս …: Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի հայեցողությամբ …:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 782-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հանձնարարության պայմանագրով մի կողմը (հանձնակատարը) պարտավորվում է մյուս կողմի (հանձնարարողի) անունից և նրա հաշվին կատարել որոշակի իրավաբանական գործողություններ…: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` հանձնարարության պայմանագիրը կնքվում է այն ժամկետի նշումով, որի ընթացքում հանձնակատարն իրավունք ունի գործել հանձնարարողի անունից կամ առանց դրա:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 783-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հանձնարարողը պարտավոր է հանձնակատարին վարձատրել, եթե դա նախատեսված է օրենքով, այլ իրավական ակտերով կամ հանձնարարության պայմանագրով …:

Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ հանձնարարության պայմանագրի ուժով հանձնակատարը հանձնարարողի անունից և նրա հաշվին պարտավոր է կատարել որոշակի իրավաբանական գործողություններ, պայմանագրում կարող է նշվել նաև այն ժամկետը, որի ընթացքում հանձնակատարն իրավունք ունի գործել հանձնարարողի անունից: Միաժամանակ, ինչպես ցանկացած պայմանագիր, այնպես էլ հանձնարարության պայմանագիր կնքելիս կողմերը` հանձնակատարը և հանձնարարողը, չփոխելով օրենսգրքի իմպերատիվ դրույթներով ամրագրված պայմանները, ազատ են որոշելու պայմանագրի պայմաններն իրենց հայեցողությամբ, այդ թվում նաև` հանձնարարողի կողմից հանձնակատարին վարձատրելու չափը և վճարման ժամկետը (տե′ս «Բրենդ Լիդեր» ՀՁ ՍՊԸ-ն ընդդեմ «Օլիմպուորլդ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2043/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ փաստաբանը և վստահորդը սեփական հայեցողությամբ ոչ միայն կարող են սահմանել փաստաբանական գործունեության վճարի չափն ու վճարման կարգը, այլև վճարման պարտավորության ծագման պահը կարող են պայմանավորել որոշակի պայմանի իրականացման փաստով (օրինակ` գործի բարենպաստ ելքով, գործն ըստ էության լուծող դատական ակտի ուժի մեջ մտնելու հանգամանքով կամ այդ դատական ակտի կատարմամբ): Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ փաստաբանի և վստահորդի հարաբերությունների պայմանագրային կարգավորումը կրում է համանման բնույթ, և կողմերի միջև ծագել է վեճ փաստաբանական գործունեության վճարի չվճարման կապակցությամբ, դատարանները պարտավոր են նախ և առաջ պարզել.

1) պայմանագրով նախատեսված համապատասխան պայմանն իրականում ինչ է ենթադրում.

2) արդյո՞ք այդ պայմանի իրականացումը որևէ կերպ պայմանավորված է պայմանագրի կողմի կամ կողմերի վարքագծով.

3) պայմանը փաստացի իրականացել է, թե` ոչ.

4) եթե ոչ, արդյո՞ք կողմերից որևէ մեկն իր վարքագծով (գործողությամբ կամ անգործությամբ) նպաստել է պայմանի չիրականացմանը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ վերը նշված հարցադրումներին անդրադառնալիս դատարանները պետք է ղեկավարվեն պայմանագրերի մեկնաբանման կանոններով:

Այսպես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագրի պայմանները մեկնաբանելիս դատարանը պետք է ելնի նրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Պայմանագրի պայմանի տառացի նշանակությունը պարզ չլինելու դեպքում այն սահմանվում է պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե նույն հոդվածի 1-ին կետում պարունակվող կանոնները հնարավորություն չեն տալիս որոշել պայմանագրի բովանդակությունը, ապա պետք է պարզվի կողմերի իրական ընդհանուր կամքը` հաշվի առնելով պայմանագրի նպատակը: Ընդ որում, նկատի են առնվում բոլոր համապատասխան հանգամանքները, ներառյալ` պայմանագրին նախորդող բանակցությունները և թղթակցությունը, կողմերի փոխադարձ հարաբերություններում հաստատված գործելակերպը, գործարար շրջանառության սովորույթները, կողմերի հետագա վարքը:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածով նախատեսված պայմանագրի մեկնաբանության կանոններին: Վճռաբեկ դատարանը նշել է, որ վերոնշյալ հոդվածն ամրագրում է պայմանագրի մեկնաբանության երեք կանոն` պայմանագրի մեկնաբանումը` ելնելով դրա բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, պայմանագրի մեկնաբանումը` համադրելով այն պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ, և պայմանագրի մեկնաբանումը` կողմերի իրական ընդհանուր կամքը պարզելու միջոցով: Ընդ որում, այդ կանոնները կիրառվում են հաջորդաբար (տե'ս «Կարատ» ՍՊԸ-ն ընդդեմ «Էգնա Շին» ՍՊԸ-ի թիվ ՇԴ1/0303/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

Զարգացնելով վերը նշված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առանձին դեպքերում, գործի փաստական հանգամանքների առանձնահատկություններով պայմանավորված, պայմանագրի որևէ պայմանի մեկնաբանությունն իրականացնելիս չի բացառվում նաև վերը նշված կանոնների միաժամանակյա կիրառումը: Մասնավորապես` իրավակիրառ պրակտիկայում հնարավոր են դեպքեր, երբ պայմանագրի համապատասխան պայմանը թեև դրանում շարադրված բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ հստակ է, սակայն կողմերի կամ կողմի իրական կամքին չի համապատասխանում: Նման իրավիճակում միայն պայմանագրի մեկնաբանման տառացի կանոնը կիրառելով ոչ միայն կարող է սահմանափակվել շահագրգիռ անձի` գործի լրիվ և բազմակողմանի քննության իրավունքը, այլև պայմանագրի մեկնաբանման նպատակը կարող է ընդհանրապես չիրականացվել: Մինչդեռ, պայմանագրի մեկնաբանումն ինքնանպատակ գործընթաց չէ և նպատակաուղղված է կողմերի իրական կամքի բացահայտմանը` որպես հիմք ունենալով քաղաքացիական իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը` բարեխղճության սկզբունքը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ առաջանում է կամքի և կամահայտնության համապատասխանությունը պարզելու անհրաժեշտություն, պայմանագրի համապատասխան պայմանի մեկնաբանումը պետք է իրականացնել` հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները. այն դեպքերում, երբ պայմանագիրը կնքած կողմի կամքը չի համապատասխանում կամահայտնությանը, և պայմանագրի մյուս կողմը գիտեր կամ կարող էր իմանալ այդ մասին, պայմանագրի համապատասխան պայմանի մեկնաբանումը պետք է իրականացվի նաև կողմերի իրական ընդհանուր կամքը պարզելու միջոցով: Մինչդեռ այն դեպքում, երբ պայմանագիրը կնքած կողմի կամքը չի համապատասխանում կամահայտնությանը, և պայմանագրի մյուս կողմը չգիտեր կամ չէր էլ կարող իմանալ այդ մասին (բարեխիղճ կողմ), պայմանագրի մեկնաբանումը պետք է իրականացվի վերը շարադրված ընդհանուր կանոններին համապատասխան: Սույն գործով Դատարանը, հայցը մերժելով, պատճառաբանել է, որ ինչպես թիվ ԵԱՆԴ/1132/02/10, այնպես էլ թիվ ԵԱՆԴ/1506/02/10 քաղաքացիական գործերով դատական ակտի կատարումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով չի կատարվել և հօգուտ Տիգրան Հարությունյանի գումարի բռնագանձում չի իրականացվել, այսինքն` 31.01.2012 թվականի փաստաբանական ծառայություններ մատուցելու մասին պայմանագրի էական պայմանը չի առաջացել, ինչն էլ պետք է հիմք հանդիսանար տվյալ գումարի երեք տոկոսը Գեղամ Մելիքսեթյանի կողմից Սամվել Մարտիրոսյանին վճարելու համար:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով, հիմնավոր է համարել Դատարանի վերը շարադրված պատճառաբանությունները: Վերաքննիչ դատարանը միաժամանակ հավելել է, որ կիրառելի չէ նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 709-րդ հոդվածի 1-ին կետը, քանի որ ներկայացուցիչն աշխատանքը չի կատարել ողջ ծավալով (հանդես չի եկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում և կադաստրում), հետևաբար Գեղամ Մելիքսեթյանի մոտ չի ծագել չկատարած աշխատանքի համար գումար վճարելու պարտավորությունը:

Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքսում վերլուծելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն` Սամվել Մարտիրոսյանի և Գեղամ Մելիքսեթյանի միջև 31.01.2012 թվականին կնքվել է «Փաստաբանական ծառայություններ մատուցելու մասին» պայմանագիր, որով ներկայացուցիչը պարտավորվել է հօգուտ վստահորդի իրականացնել փաստաբանական գործունեություն, այն է` հանդես գալ դատարանում Տիգրան Հարությունյանի շահերի պաշտպանությամբ և ավարտել գործի հետ կապված գործողությունները, այդ թվում` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում և կադաստրում, իսկ վստահորդը պարտավորվել է կատարված փաստաբանական ծառայության դիմաց վճարել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից Տիգրան Հարությունյանի անվամբ ստացված գումարի 3 տոկոսը:

Վերը նշված պայմանագրային դրույթների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կողմերը, ըստ էության, փաստաբանական գործունեության վճարի վճարման պարտավորության ծագման պահը պայմանավորել են որոշակի պայմանի իրականացման, այն է` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն Տիգրան Հարությունյանի անվամբ գումար մուտքագրվելու փաստով: Սույն գործի փաստերի համաձայն` նշված պայմանն այդպես էլ չի իրականացվել, ինչը հիմք է տվել ստորադաս դատարաններին մերժել հայցվորի պահանջը:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս անդրադարձել է գործի բազմակողմանի հետազոտության հարցին (տես Շողիկ Ղարիբյանն ընդդեմ Թամարա Վարդանյանի թիվ 3-558(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 31.10.2008 թվականի որոշումը) և քանի որ չի տեսնում որևէ հիմք փոխելու այդ դիրքորոշումը, ուստի սույն որոշմամբ այդ հարցին կրկին չի անդրադառնում, այլ հիմք ընդունելով իր դիրքորոշումը` արձանագրում է, որ սույն գործով ստորադաս դատարանները բազմակողմանի չեն հետազոտել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչն էլ հանգեցրել է գործի սխալ լուծման:

Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ փաստաբանական գործունեության համար վճարելու` պայմանագրով նախատեսված պայմանը մեկնաբանելիս ստորադաս դատարանները չպետք է սահմանափակվեին այդ պայմանի տառացի մեկնաբանությամբ և պետք է պարզեին կողմերի իրական կամքը` հաշվի առնելով նաև մինչ «Փաստաբանական ծառայություններ մատուցելու մասին» պայմանագրի կնքումը և դրանից հետո կողմերի դրսևորած վարքագիծը: Նման անհրաժեշտությունը Վճռաբեկ դատարանի եզրահանգմամբ բխում է սույն գործի փաստերի առանձնահատկություններից:

Այսպես, սույն գործի փաստերի համաձայն` Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվել են թիվ ԵԱՆԴ/1132/02/10 և թիվ ԵԱՆԴ/1506/02/10 քաղաքացիական գործերը: Երկու գործերով էլ որպես դատավարության կողմ մասնակցել է Տիգրան Հարությունյանը, իսկ վերջինիս շահերը դատարանում 14.09.2010 թվականին տրված լիազորագրի հիման վրա ներկայացրել է փաստաբան Սամվել Մարտիրոսյանը: Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 27.01.2012 թվականին տրվել է թիվ ԵԱՆԴ/1132/02/10 կատարողական թերթը, համաձայն որի` Արտակ Կոստանդյանը պարտավորվել է պայմանագրով ստացած 100.000.000 ՀՀ դրամ և 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարները վերադարձնել Տիգրան Հարությունյանին: Կատարողական թերթում որպես պահանջատեր նշվել է Տիգրան Հարությունյանը, որպես վերջինիս ներկայացուցիչ` Սամվել Մարտիրոսյանը, իսկ որպես պարտապան` Արտակ Կոստանդյանը: Սույն գործով վիճելի պայմանը բովանդակող «Փաստաբանական ծառայություններ մատուցելու մասին» պայմանագիրը կնքվել է կատարողական թերթի տրամադրումից անմիջապես հետո` 31.01.2012 թվականին: Նշված կատարողական թերթը 30.01.2012 թվականին ներկայացվել է Ծառայություն` հարկադիր կատարման: Հարուցված կատարողական վարույթը, սակայն, ավարտվել է, քանի որ թիվ ԵԱՆԴ/1506/02/10 քաղաքացիական գործով կնքված հաշտության համաձայնությամբ Տիգրան Հարությունյանն Արտակ Կոստանդյանին ներել է թիվ ԵԱՆԴ/1132/02/10 քաղաքացիական գործով կայացրած վերջնական դատական ակտով սահմանված 100 միլիոն ՀՀ դրամ և 10.000 ԱՄՆ դոլար պարտքը և դիմում է ներկայացրել Ծառայություն` կատարողական թերթը վերադարձնելու համար:

Վերլուծելով սույն գործում առկա փաստերը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թիվ ԵԱՆԴ/1506/02/10 քաղաքացիական գործով վեճը լուծվել է հաշտության համաձայնության կնքմամբ, հետևաբար անհրաժեշտ էր գնահատել, թե արդյոք այդ հաշտության համաձայնությունը հաստատող դատական ակտը գործին մասնակցող անձանց համար բարենպաստ դատական ակտ էր: Նշված դատական ակտը կատարվել է կամովին, ուստի դատական ակտի հարկադիր կատարման անհրաժեշտությունը բացակայել է: Ընդ որում, թիվ ԵԱՆԴ/1506/02/10 քաղաքացիական գործով կնքված հաշտության համաձայնությունը վերացրել է նաև թիվ ԵԱՆԴ/1132/02/10 կատարողական թերթի պահանջների կատարման անհրաժեշտությունը:

Վերը նշված փաստական հանգամանքների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն գումար մուտքագրվելու վերաբերյալ պայմանը ենթակա էր գնահատման կողմերի իրական ընդհանուր կամքը պարզելու միջոցով: Միաժամանակ պետք է պարզվեր նաև սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստն այն մասին, թե արդյոք պայմանագրի կողմերից որևէ մեկն իր վարքագծով (գործողությամբ կամ անգործությամբ) օժանդակել է նշված պայմանի չիրականացմանը:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար` ապացույցները և գործի փաստերը վերոնշյալ մեկնաբանությունների լույսի ներքո պարզելու և գնահատելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.2014 թվականի ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.02.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին, այդ թվում` վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 26.04.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան