ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ 07-158, 2-1834/2006 |
Քաղաքացիական գործ թիվ 07-158, 2-1834/2006 2014 թ. |
Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան |
Դատավորներ՝ |
Գ. Մատինյան |
Ա. Թումանյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի մասնակցությամբ դատավորներ Վ. ԱԲԵԼՅԱՆԻ Ս. Անտոնյանի Վ. Ավանեսյանի Ա. Բարսեղյանի Մ. Դրմեյանի Գ. Հակոբյանի Է. Հայրիյանի Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ Ե. Սողոմոնյանի
2014 թվականի նոյեմբերի 28-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Գրիգոր, Թամարա և Լուսինե Հովհաննիսյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.05.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ռաֆիկ Խաչատրյանի ընդդեմ Գրիգոր, Թամարա, Լուսինե և Արտյոմ Հովհաննիսյանների` պայմանագրային պարտավորությունը կատարելու և գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Գյումրու քաղաքապետարանը (այսուհետ` Քաղաքապետարան) և Ռաֆիկ Խաչատրյանը պահանջել են պարտադրել Գրիգոր, Թամարա, Լուսինե և Արտյոմ Հովհաննիսյաններին կատարելու պայմանագրով ստանձնած պարտավորությունները և ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տերյան և Մուսայելյան փողոցների խաչմերուկում գտնվող հողատարածքի թիվ 139/061 ժամանակավոր կացարանի ապօրինի զբաղեցրած տարածքը վերադարձնել Ռաֆիկ Խաչատրյանին:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Թամարա Հովհաննիսյանը պահանջել է պարտավորեցնել Քաղաքապետարանին ձևակերպելու ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տերյան փողոցի թիվ 139 հասցեում գտնվող ավտոտնակի և հարակից տարածքի օգտագործման իրավունքը և ստանալ սեփականության իրավունքի վկայական:
ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը (դատավոր` Հ. Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 19.09.2006 թվականի վճռով հայցը բավարարել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժել:
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 31.01.2007 թվականի որոշմամբ հայցը և հակընդդեմ հայցը թողնվել են առանց քննության:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի «Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և Ռաֆիկ Խաչատրյանի հայցի մասով վերսկսելու մասին» 21.03.2014 թվականի որոշմամբ թիվ 07-158 (06-3777) քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ, և վերսկսվել է քննությունը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.05.2014 թվականի որոշմամբ Թամարա, Գրիգոր, Արտյոմ և Լուսինե Հովհաննիսյանների վերաքննիչ բողոքը մերժել է և Դատարանի 19.09.2006 թվականի վճիռը` Ռաֆիկ Խաչատրյանի հայցը բավարարելու մասով, թողել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Գրիգոր, Թամարա և Լուսինե Հովհաննիսյանները:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ռաֆիկ Խաչատրյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի պահանջները, Վերաքննիչ դատարանում գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, 94-րդ հոդվածի 1-ին կետի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին կետի, 118-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.
Վերաքննիչ դատարանը, անտեսելով ՀՀ Սահմանադրությամբ, Կոնվենցիայով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված` դատավարության մասնակիցների դատական ծանուցումների հետ կապված պահանջներն ու դրույթները, դատաքննությունն իրականացրել է Արտյոմ և Լուսինե Հովհաննիսյաների կողմից դատական նիստի և ժամանակի մասին փաստացի ծանուցված չլինելու պարագայում:
2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ կետը, 104-րդ հոդվածի 4-րդ կետը, 210-րդ հոդվածի 5-րդ կետը, 206-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ դատական օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը գործի քննությունը վերսկսել է հայցվորի դիմումի հիման վրա: Հետևապես Վերաքննիչ դատարանը, վերսկսելով գործի քննությունը, քննության է առել հայցը և հակընդդեմ հայցը, այլ ոչ թե` վերաքննիչ բողոքը: Մինչդեռ, գործող դատավարությամբ Վերաքննիչ դատարանը գործը պետք է քններ վերաքննիչ բողոքի հիման վրա:
Բացի այդ, գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը Վերաքննիչ դատարանին իրավական հնարավորություն չի տվել վերսկսելու առանց քննության թողնված հայցի քննությունը, հետևապես Վերաքննիչ դատարանը դուրս է եկել իր լիազորություններից:
Վերաքննիչ բողոք բերողները բողոքը ներկայացրել են այն ներկայացնելու ժամանակ գործող դատավարական կանոններին համապատասխան. տվյալ ժամանակահատվածում գործող կանոնների համաձայն` վերաքննիչ բողոքի ներկայացման նպատակը գործն ըստ էության կրկին քննելու իրավական հնարավորության ապահովումն էր:
Հետևապես վերաքննիչ բողոքը ներկայացվել է գործը վերաքննիչ դատարանի կողմից ըստ էության քննություն իրականացնելու համար: Վերաքննիչ դատարանը բողոք բերողներին պետք է հնարավորություն տար ներկայացված վերաքննիչ բողոքը ներկայիս դատավարության կանոններին համապատասխանեցնելու համար:
3) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը դատական ակտի բեկանման հիմքում դրել է նաև հայցվորի կողմից Վերաքննիչ դատարանին ներկայացված ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 14.11.2008 թվականին տրված թիվ 2553391 սեփականության իրավունքի գրանցման վկայականը, որը Վերաքննիչ դատարանը դիտարկել է որպես սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանք:
Վերաքննիչ դատարանը որոշման մեջ չի նշել, թե հայցվորն իրենից անկախ ինչ պատճառներով տվյալ ապացույցը չի ներկայացրել առաջին ատյանի դատարանում:
4) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի, 53-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.
Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով պատասխանողների կողմից հայցվորին պատկանող Գյումրու թիվ 139/061 հասցեի տարածքն ապօրինի զբաղեցնելու հանգամանքը, չի նշել, թե որ ապացույցով է հաստատվում տվյալ հանգամանքը:
5) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.
Վերաքննիչ դատարանը պարտավոր էր կիրառել հայցային վաղեմություն և հայցը մերժեր, քանի որ հայցվորը սկսած 23.06.2003 թվականից, այնուհետև հայցն առանց քննության թողնելուց հետո` սկսած 31.01.2007 թվականից, տեղյակ էր, որ պատասխանողները հողատարածքը զբաղեցնում են «ապօրինի` առանց որևէ օրինական հիմքի», սակայն նշված պահից երեք տարվա ընթացքում չի դիմել դատարան գույքը պատասխանողի «ապօրինի տիրապետումից» հետ պահանջելու հայցով, իսկ Գրիգոր Հովհաննիսյանը 18.04.2014 թվականին դիմել է դատարան հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությամբ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 13.05.2014 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ բողոքը ներկայացրել են Թամարա, Գրիգոր և Լուսինե Հովհաննիսյանները, սակայն բողոքը ներկայացված է նաև Արտյոմ Հովհաննիսյանի ծանուցված չլինելու հանգամանքով այն դեպքում, երբ Արտյոմ Հովհաննիսյանը բողոք չի ներկայացրել, իսկ Լուսինե Հովհաննիսյանը բողոք ներկայացրել է բնակության իր այլ հասցեով այն դեպքում, երբ հայցի հարուցման ժամանակ հանդիսացել է մյուս բողոք բերողների ընտանիքի անդամը:
Վերաքննիչ դատարանն իրավասու էր վերսկսել բողոքի քննությունը և տալ վերջնական լուծում:
Վիճելի տարածքը վարձակալությամբ հանձնվել է Գյումրու քաղաքապետի 16.08.2002 թվականի թիվ 677 և 20.04.2005 թվականի թիվ 843 որոշումների հիման վրա, որոնք ինչպես հայց հարուցելու պահին, այնպես էլ մինչև այժմ որպես վարչական ակտեր չեն վիճարկվել, առոչինչ և ոչ իրավաչափ չեն ճանաչվել:
Վերաքննիչ դատարանը մատնանշել է այն հիմքերը, որոնց հիման վրա եզրակացրել է, որ պատասխանողները ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թիվ 139/061 հասցեի տարածքը զբաղեցնում են ապօրինի` առանց որևէ իրավական հիմքի:
Պատասխանողները հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը ներկայացրել են Վերաքննիչ դատարանում, այսինքն` Դատարանի կողմից վճիռ կայացնելուց հետո, ինչը նշանակում է, որ դրան չէր կարող ընթացք տրվել, անկախ այն հանգամանքից` հայցը վինդիկացիոն է, թե` նեգատոր:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Վերաքննիչ դատարանի «Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և Ռաֆիկ Խաչատրյանի հայցի մասով վերսկսելու մասին» 21.03.2014 որոշմամբ թիվ թիվ 07-158 (06-3777) քաղաքացիական գործը` ըստ Ռաֆիկ Խաչատրյանի հայցի ընդդեմ Գրիգոր, Թամարա, Լուսինե, Արտյոմ Հովհաննիսյանների` պայմանագրային պարտավորությունը պատասխանողներին կատարելուն պարտավորեցնելու և գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու պահանջների մասին, ընդունվել է վարույթ և վերսկսվել: Գործի քննությունը նշանակվել է 08.04.2014 թվականին` ժամը 12:00-ին: Նշված որոշումն ուղարկվել է դատավարության բոլոր մասնակիցներին (հատոր 2-րդ, գ.թ. 7-24):
2) Գրիգոր Հովհաննիսյանը 07.04.2014 թվականին Վերաքննիչ դատարանին հասցեագրած դիմումով հայտնել է, որ ստացել է իրեն, Թամարա, Արտյոմ և Լուսինե Հովհանիսյաններին Վերաքննիչ դատարանի կողմից ուղարկված և 08.04.2014 թվականի ժամը 12:00-ին նշանակված դատական նիստի վերաբերյալ ծանուցագրերը: Միաժամանակ Գրիգոր Հովհաննիսյանը Վերաքննիչ դատարանին տեղեկացրել է, որ հասցեատերերից հասցեագրված նամակը կարող է փոխանցել միայն կնոջը` Թամարա Հովհաննիսյանին, քանի որ Արտյոմ և Լուսինե Հովհանիսյանները փոխել են իրենց բնակության հասցեն (հատոր 2-րդ, գ.թ. 25-26):
3) Վերաքննիչ դատարանը 08.04.2014 թվականին նշանակված դատական նիստի ժամանակ որոշում է կայացրել վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգել և դատական նիստը նշանակել 22.04.2014 թվականին` ժամը 12:00-ին (հատոր 2-րդ, գ.թ. 28-29):
4) Վերաքննիչ դատարանի կողմից 22.04.2014 թվականին նշանակված դատական նիստի վայրի և ժամանակի մասին Լուսինե Հովհաննիսյանին ուղղված ծանուցագիրը հետ է վերադարձվել Վերաքննիչ դատարան` «Նման հասցեատեր չկա» նշումով (հատոր 2-րդ, գ.թ. 45):
5) Վերաքննիչ դատարանը 22.04.2014 թվականին նշանակված դատական նիստի ժամանակ որոշում է կայացրել վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգել և դատական նիստը նշանակել 06.05.2014 թվականին` ժամը 12:10-ին (հատոր 2-րդ, գ.թ. 55-56):
6) Վերաքննիչ դատարանի կողմից 06.05.2014 թվականին նշանակված դատական նիստի վայրի և ժամանակի մասին Լուսինե Հովհաննիսյանին ուղղված ծանուցագիրը հետ է վերադարձվել Վերաքննիչ դատարան` «Նման հասցեատեր չկա» նշումով (հատոր 2-րդ, գ.թ. 72):
7) Վերաքննիչ դատարանը 06.05.2014 թվականին նշանակված դատական նիստի ժամանակ արձանագրել է, որ պատասխանող կողմը դատական նիստին չի ներկայացել չնայած պատշաճ ծանուցմանը: Միաժամանակ որոշվել է բողոքի քննությունը շարունակել չներկայացած կողմի բացակայությամբ: Նույն դատական նիստով բողոքի քննությունը հայտարարվել է ավարտված, և հայտնվել է, որ գործով դատական ակտը կհրապարակվի 13.05.2014 թվականին` ժամը 12:00-ին (հատոր 2-րդ, գ.թ. 90-91):
8) Գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Լուսինե Հովհաննիսյանը Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ ծանուցվել է 06.05.2014 թվականի ժամը 12:10-ին նշանակված դատական նիստի վայրի և ժամանակի մասին:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ և վերահաստատել պատշաճ ծանուցման հետ կապված Վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած դիրքորոշումները:
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի համաձայն` բողոք բերած անձն իրավունք ունի ներկա գտնվելու վերաքննիչ դատարանի նիստին: Բացատրություններ տալու անհրաժեշտության դեպքում վերաքննիչ դատարանի նիստին կարող են կանչվել բողոք բերած անձը, ինչպես նաև գործին մասնակցող անձինք, որոնք պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին:
Վերաքննիչ դատարանում գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Դատական ծանուցագրերով դատարան են կանչվում նաև վկաները, փորձագետները և թարգմանիչները:
Վերաքննիչ դատարանում գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով կամ ուղարկվում է էլեկտրոնային փոստով` նույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով (այսուհետ` պատշաճ ձևով):
Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի կիրառման հարցին:
Վճռաբեկ դատարանը նշել է, որ տվյալ իրավական նորմը ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը (տե′ս, Վերգուշ Վարդանյանն ընդդեմ Եղիշ Թորոսյանի թիվ 3-19(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ անդրադարձել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի իրավական վերլուծությանը:
Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը, հիմնվելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վրա, նշել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով հանդիսանում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկը և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե′ս Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ «Չապ» ՍՊԸ-ի թիվ ՇԴ/0351/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 31.10.2008 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված` դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի` նրանց տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով պաշտպանվող մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ: Մրցակցային դատավարության սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ունենա գործում եղած կամ լրացուցիչ ներկայացված ապացույցների մասին տեղեկանալու և դրանց մասին մեկնաբանություններ ներկայացնելու հնարավորություն:
Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն, քանի որ այդպիսի հնարավորությունն է կողմերի դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության և մրցակցության սկզբունքների ապահովման կարևոր պայմանը (տե′ս, Հայկ Գասպարյանն ընդդեմ «Էս Թի Տրանս Մոբիլ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2095/02/12 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.11.2013 թվականի որոշումը):
Սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Լուսինե Հովհաննիսյանը պատշաճ ծանուցվել է Վերաքննիչ դատարանի 06.05.2014 թվականի ժամը 12:10-ին նշանակված դատական նիստի վայրի և ժամանակի մասին: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը 06.05.2014 թվականին նշանակված դատական նիստի ժամանակ արձանագրել է, որ պատասխանող կողմը դատական նիստին չի ներկայացել չնայած պատշաճ ծանուցմանը, նույն դատական նիստում բողոքի քննությունը շարունակվել է և հայտարարվել ավարտված: Միաժամանակ հայտնվել է, որ գործով դատական ակտը կհրապարակվի 13.05.2014 թվականին ժամը 12:00-ին:
Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջներին համապատասխան Լուսինե Հովհաննիսյանին պատշաճ ձևով չի տեղեկացրել նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին և գործը քննել է նրա բացակայությամբ:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից չեն ձեռնարկվել ակտիվ գործողություններ Լուսինե Հովհաննիսյանին Վերաքննիչ դատարանի 06.05.2014 թվականի ժամը 12:10-ին նշանակված դատական նիստի վայրի և ժամանակի մասին պատշաճ կերպով ծանուցելու համար:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջներին համապատասխան Լուսինե Հովհաննիսյանին պատշաճ ձևով չտեղեկացնելով նշանակված դատական նիստերի ժամանակի և վայրի մասին, գործը քննել է նրա բացակայությամբ, որպիսի պայմաններում վերջինս զրկված է եղել Վերաքննիչ դատարանում իր դատավարական իրավունքներից օգտվելու հնարավորությունից, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքում բերված այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանը գործը քննել է նաև Արտյոմ Հովհաննիսյանի դատավարական իրավունքի խախտմամբ` պատշաճ ձևով չծանուցելով նրան Վերաքննիչ դատարանի դատական նիստի վայրի և ժամանակի մասին, ապա Վճռաբեկ դատարանն այդ փաստարկը քննության չի առնում հետևյալ պատճառաբանությամբ`
Վերաքննիչ դատարանում գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` ստորադաս դատարանի` օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտը վճռաբեկ դատարանում բողոքարկելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` անձը կարող է վճռաբեկ բողոք բերել դատական ակտի` միայն իր համար անբարենպաստ մասի դեմ:
Սույն գործով վճռաբեկ բողոքի փաստարկը` Արտյոմ Հովհաննիսյանի դատավարական իրավունքի խախտման հիմքի վերաբերյալ, ներկայացվել է Գրիգոր, Թամարա և Լուսինե Հովհաննիսյանների կողմից:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Արտյոմ Հովհաննիսյանը վճռաբեկ բողոք չի ներկայացրել, իսկ Գրիգոր, Թամարա և Լուսինե Հովհաննիսյանները լիազորված չեն Արտյոմ Հովհաննիսյանի անունից հանդես գալու վճռաբեկ վարույթում և ստորագրելու վճռաբեկ բողոքը:
Վերը նշվածը հաշվի առնելով և համադրելով սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գրիգոր, Թամարա և Լուսինե Հովհաննիսյանները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 224-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով իրավասու են բողոքարկելու Վերաքննիչ դատարանի 13.05.2014 թվականի որոշումը միայն իրենց համար անբարենպաստ մասով, որպիսի պայմաններում վճռաբեկ բողոքի փաստարկը` Արտյոմ Հովհաննիսյանի դատավարական իրավունքի խախտման հիմքի վերաբերյալ, Վճռաբեկ դատարանը քննության առարկա չի կարող դարձնել:
Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոք բերած անձանց վճռաբեկ բողոքում նշված մյուս հիմքերին, ինչպես նաև վճռաբեկ բողոքի պատասխանում բերված մյուս փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանը դրանք քննության առարկա չի դարձնում, քանի որ վերաքննիչ բողոքը քննվել և որոշում է կայացվել Լուսինե Հովհաննիսյանի դատավարական իրավունքի խախտման պայմաններում, և նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքում նշված մյուս հիմքերի և վճռաբեկ բողոքի պատասխանում բերված մյուս փաստարկների քննությունը վճռաբեկ վարույթում կհանգեցնի Լուսինե Հովհաննիսյանի` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված յուրաքանչյուր անձի արդար դատաքննության իրավունքի տարրը կազմող կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքների խախտմանը:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի 1-ին հիմքի հիմնավոր լինելը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.2014 թվականի ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.05.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Վ. ԱԲԵԼՅԱՆ |
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | |
Ա. Բարսեղյան | |
Մ. Դրմեյան | |
Գ. Հակոբյան | |
Է. Հայրիյան | |
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ | |
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|