Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.11.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.01.12/1(1090) Հոդ.2
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
28.11.2014
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
28.11.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.11.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0666/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0666/02/08

2014 թ.

Նախագահող դատավոր՝  Ա. Պետրոսյան

Դատավորներ՝   

Ա. Խառատյան
 

Կ. Չիլինգարյան 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Գ. Հակոբյանի

   

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

   

Ս. Անտոնյանի

   

Վ. Ավանեսյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Է. Հայրիյանի

   

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

   

Ե. Սողոմոնյանի

2014 թվականի նոյեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ֆինանսների նախարարության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.05.2014 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) ընդդեմ Հակոբ Չիլիկյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Կոմիտեն պահանջել է Հակոբ Չիլիկյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 581.175 ՀՀ դրամ` որպես վարչական տուգանքի գումար, և Հակոբ Չիլիկյանին պարտադրել կատարելու ՀՀ մաքսային օրենսգրքի 40-րդ հոդվածով սահմանված պարտավորությունը:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Հունանյան) (այսուհետ` Դատարան) 19.11.2013 թվականի վճռով քաղաքացիական գործի վարույթը՝ վարչական տուգանքի գումարը բռնագանձելու պահանջի մասով, կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.05.2014 թվականի որոշմամբ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 19.11.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 1-ին մասը և 86-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը և 22-րդ հոդվածը, ՀՀ Ազգային ժողովի կողմից 28.11.2007 թվականին ընդունված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը, 8-րդ և 162-րդ հոդվածները, մինչև 01.01.2008 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին կետը, նույն հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետը, 109-րդ, 110-րդ, 219-րդ հոդվածները, նույն օրենսգրքի մինչև 03.07.2014 թվականը գործող խմբագրությամբ 131-րդ և 132-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ մինչև 01.01.2008 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` քաղաքացիական գործեր քննող դատարանը քննել է պետաիրավական, վարչաիրավական, հարկային և այլ իշխանական ենթակայության վրա հիմնված իրավահարաբերություններից ծագող գործերը, եթե մի կողմը քաղաքացի է: Դրանից ելնելով` Կոմիտեն 14.04.2005 թվականին սույն գործով հայցադիմումը ներկայացրել է Դատարան:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Դատարանը հայցը վարույթ է ընդունել ընդդատության կանոնների պահպանմամբ, որի պայմաններում Դատարանն այն պետք է քններ ըստ էության, թեկուզև այն հետագայում ընդդատյա է դարձել այլ դատարանի: Բացի այդ, Դատարանը պարտավոր էր գործի դատաքննությունը շարունակել նաև հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի կողմից 28.11.2007 թվականին ընդունված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի պահանջը: Այսինքն` բացակայել է գործի վարույթը կարճելու հիմքը:

Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս չի անդրադարձել վերաքննիչ բողոքում նշված այն հիմքին, որ հայցադիմումում նշվել է նաև երկրորդ պահանջը, որի վերաբերյալ Դատարանն անդրադարձ չի կատարել իր կողմից կայացված վճռում:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.05.2014 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր Ա. Առաքելյան) 14.04.2005 թվականին որոշում է կայացրել Կոմիտեի հայցն ընդդեմ Հակոբ Չիլիկյանի` նշանակված վարչական տուգանքի գումարը հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձելու և որոշակի գործողություն կատարել պարտադրելու պահանջների մասին, վարույթ ընդունելու և գործի քննությունը 05.05.2005 թվականին ժամը 15:00-ին նշանակելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 1).

2) Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր Ա. Առաքելյան) 05.05.2005 թվականին որոշում է կայացրել Հակոբ Չիլիկյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու և գործի վարույթը կասեցնելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 27).

3) Դատարանը 23.09.2013 թվականին որոշում է կայացրել նշված քաղաքացիական գործը վարույթ ընդունելու, գործի վարույթը վերսկսելու և 19.11.2013 թվականին ժամը 10:00-ին դատական նիստ նշանակելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 32).

4) 19.11.2013 թվականին նշանակված դատական նիստում Դատարանը գործի դատաքննությունը համարել է ավարտված և հայտարարել է վճռի հրապարակման վայրն ու ժամանակը (հատոր 1-ին, գ.թ. 38).

5) Դատարանի 19.11.2013 թվականի վճռով քաղաքացիական գործի վարույթը՝ վարչական տուգանքի գումարը բռնագանձելու պահանջի մասով, կարճվել է` վեճն ընդհանուր իրավասության դատարանի քննությանը ենթակա չլինելու հիմքով (հատոր 1-ին, գ.թ. 40):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցին, թե արդյոք 01.01.2008 թվականի դրությամբ ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող և դատաքննության փուլում կասեցված գործի վարույթը վերսկսելու պայմաններում այն ենթակա է կարճման` ենթակայության փոփոխության հիմքով:

28.11.2007 թվականին ընդունված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո ընդհանուր իրավասության դատարաններում նշված օրենսգրքի 8-րդ հոդվածով նախատեսված գործերի հետագա դատաքննությունը շարունակվում է նույն օրենսգրքով սահմանված կարգով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատաքննության փուլում չգտնվող գործերը հնգօրյա ժամկետում փոխանցվում են վարչական դատարանին` այդ մասին եռօրյա ժամկետում տեղեկացնելով դատավարության մասնակիցներին:

Նշված իրավադրույթներով օրենսդիրը, ըստ էության, կարգավորել է 28.11.2007 թվականին ընդունված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի ուժի մեջ մտնելուց (ուժի մեջ է մտել 01.01.2008 թվականին) հետո ընդհանուր իրավասության դատարանների վարույթում գտնվող հանրային իրավահարաբերություններից ծագող գործերի հետագա քննության կարգը:

28.11.2007 թվականին ընդունված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, այդ թվում՝

1) հանրային կամ այլընտրանքային ծառայությանն անցնելու կամ իրականացնելու հետ կապված վեճերը.

2) վարչական մարմինների միջև այն վեճերը, որոնք ենթակա չեն լուծման վերադասության կարգով.

3) հանրային իրավունքի բնագավառում գործող կամ գործելու նպատակ ունեցող միավորումների, այդ թվում՝ արհեստակցական միությունների, գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ վեճերով գործերը.

4) վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ այն գործերը, որոնք բխում են հանրային իրավահարաբերություններից:

Վերոհիշյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ 28.11.2007 թվականին ընդունված ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո նույն օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան այդ օրենսգրքի 8-րդ հոդվածով նախատեսված գործերի հետագա դատաքննությունն ընդհանուր իրավասության դատարաններում շարունակելու համար անհրաժեշտ է հետևյալ երեք պայմանների միաժամանակյա առկայությունը`

1) գործը պետք է նախատեսված լինի 28.11.2007 թվականին ընդունված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածով.

2) այդ գործը 01.01.2008 թվականի դրությամբ պետք է գտնվի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում.

3) այդ գործի քննությունը պետք է գտնվի դատաքննության փուլում:

Երրորդ պայմանի վերլուծությունից բխում է, որ 01.01.2008 թվականի դրությամբ ընդհանուր իրավասության դատարանների վարույթում գտնվող` 28.11.2007 թվականին ընդունված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածով նախատեսված գործերի հետագա քննությունը չի կարող շարունակվել նույն դատարաններում, եթե այդ գործերը չեն գտնվում 28.11.2007 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-277-Ն ՀՀ օրենքի իմաստով դատաքննության փուլում: Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը հիմնավորվում է քննարկվող նորմի տառացի մեկնաբանությամբ, ինչից ուղղակիորեն բխում է, որ այդ նորմը վերաբերում է «դատաքննության փուլում չգտնվող» գործերին:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ օրենսդրական նման իրավակարգավորումն ինքնանպատակ չէ և բխում է արդարադատության արդյունավետության սկզբունքից, անձի` ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի բովանդակությունից: Այսպես, ընդհանուր իրավասության դատարանների վարույթում 01.01.2008 թվականի դրությամբ գտնվող հանրային իրավահարաբերություններից ծագող այն գործերով, որոնցով դատարանը ձեռնամուխ է եղել գործի ըստ էության քննությանն ուղղված որոշակի դատավարական գործողություններ իրականացնելուն, նույն դատավարական գործողությունների կրկին իրականացումը բացառելու, գործի քննության անհարկի ձգձգումը կանխելու, դատավարական ռեսուրսների նպատակային և արդյունավետ օգտագործումն ապահովելու նկատառումով օրենսդիրն առավել նպատակահարմար է համարել այդպիսի գործերի հետագա քննությունն ընդհանուր իրավասության դատարանում շարունակելու դատավարական կարգը: Մինչդեռ, այն գործերը, որոնցով գործի ըստ էության քննություն չի իրականացվել, պետք է հանձնվեն վարչական դատարանին:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ 28.11.2007 թվականին ընդունված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածը վերը քննարկված գործերով, ըստ էության, բացառել է ենթակայության փոփոխության հիմքով վարույթի կարճման հնարավորությունը: Նման իրավակարգավորումը կոչված է երաշխավորելու անձի արդար դատաքննության հիմնարար իրավունքի իրացումը: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) նախադեպային իրավունքի համաձայն` արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով ՄԻԵԴ-ը նշել է, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տես, Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով ՄԻԵԴ-ի 19.06.2001 թվականի վճիռը,կետ 52):

Սույն գործի փաստերի համաձայն՝ Կոմիտեի հայցն ընդդեմ Հակոբ Չիլիկյանի` նշանակված վարչական տուգանքի գումարը ՀՀ պետական բյուջե բռնագանձելու և որոշակի գործողություն կատարել պարտադրելու պահանջների մասին, վարույթ է ընդունվել 14.04.2005 թվականին, նշված հայցի հիման վրա հարուցված գործի քննությունը նշանակվել է 05.05.2005 թվականին, 05.05.2005 թվականին որոշում է կայացվել Հակոբ Չիլիկյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու և գործի վարույթը կասեցնելու մասին, 23.09.2013 թվականին որոշում է կայացվել քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու և 19.11.2013 թվականին ժամը 10:00-ին դատական նիստ նշանակելու մասին, նույն օրը դատավորն ավարտված է համարել գործի դատաքննությունը և հայտարարել է վճռի հրապարակման վայրն ու ժամանակը:

Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետով, 19.11.2013 թվականին վճիռ է կայացրել քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին՝ պատճառաբանելով, որ սույն գործը հանրային իրավահարաբերություններից ծագող վեճ է, որը ենթակա չէ ընդհանուր իրավասության դատարանի քննությանը:

Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելով, պատճառաբանել է, որ սույն վեճը քաղաքացիաիրավական իրավահարաբերությունների շրջանակից դուրս է, քանի որ, նախևառաջ, այն հանրային բնույթի է (վարչական տուգանքի բռնագանձման հայց), երկրորդ` Կոմիտեն հանդիսանում է պետական մարմին: Հետևաբար Դատարանն իրավացիորեն կարճել է գործի վարույթը, քանի որ այն ենթակա չէ քաղաքացիական գործեր քննող ընդհանուր իրավասության դատարանի քննությանը:

Վերը շարադրված դիրքորոշման համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են, քանի որ 28.11.2007 թվականին ընդունված ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո սույն գործով միաժամանակ առկա են եղել ընդհանուր իրավասության դատարանում գործի հետագա դատաքննությունը շարունակելու` նույն օրենսգրքի 162-րդ հոդվածից բխող անհրաժեշտ պայմանները, դրանք են`

1) սույն գործը 28.11.2007 թվականին ընդունված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածով նախատեսված գործ է.

2) այն 01.01.2008 թվականի դրությամբ գտնվել է ընդհանուր իրավասության դատարանի վարույթում.

3) 01.01.2008 թվականի դրությամբ և դրանից հետո մինչև 19.11.2013 թվականը գործը գտնվել է դատաքննության փուլում:

 Ընդ որում, Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը հիմնավորվում է նրանով, որ 05.05.2005 թվականից մինչև 23.09.2013 թվականը սույն գործը ՀՀ Ազգային ժողովի կողմից 17.06.1998 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ գլխի վերնագրի («ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ») իմաստով գտնվել է դատաքննության փուլում, իսկ Դատարանը (դատավոր Ա. Հունանյան), 23.09.2013 թվականին նաև որոշում կայացնելով քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին, ՀՀ Ազգային ժողովի կողմից 28.11.2007 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-277-Ն ՀՀ օրենքով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացված 1498-րդ հոդվածով նախատեսված նախնական դատական նիստ չի հրավիրել, ինչպես նաև 19.11.2013 թվականին նշանակված դատական նիստում որոշում չի կայացրել գործը դատաքննության նշանակելու մասին, որպիսի դատավարական գործողություններից հետևում է, որ գործի քննությունն իրականացվել է առանց նախապատրաստական փուլի:

 

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է բողոք բերած անձի այն փաստարկը, որ Վերաքննիչ դատարանը խախտել է 28.11.2007 թվականին ընդունված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում։

Վերոնշյալ իրավանորմից հետևում է, որ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է և վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը որոշում է վերաքննիչ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված նորմը ոչ միայն նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը կաշկանդված է վերաքննիչ բողոքի հիմքերով, այլ նաև նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտելով ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ: Հակառակ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի դրույթը կկրի հռչակագրային բնույթ, եթե դատարանները սահմանափակվեն զուտ այդ դրույթին համահունչ վերաքննիչ բողոքի հիմքերը դատական ակտում շարադրելով և չանդրադառնան այդ հիմքերի հիմնավորվածության հարցին: Հետևաբար բողոքում բարձրացված հիմքերը պարտադիր քննության առարկա պետք է դառնան վերադաս դատական ատյանում, և դատարանի կայացրած որոշումը պետք է պարունակի այդ հիմքերի վերաբերյալ եզրահանգումներ:

Վերոնշյալ դիրքորոշման հաշվառմամբ անդրադառնալով վճռաբեկ բողոքի մյուս հիմքին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ի թիվս այլ հիմքերի՝ վերաքննիչ բողոքում որպես Դատարանի ակտը բեկանելու հիմք նշված է նաև այն հանգամանքը, որ Դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի մինչև 03.07.2014 թվականը գործող խմբագրությամբ 132-րդ հոդվածի պահանջները, վճիռ չի կայացրել գործով ներկայացված` պատասխանողին մաքսային պարտավորությունները կատարելուն պարտավորեցնելու պահանջի վերաբերյալ: Մինչդեռ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ բացակայում են բողոքի նշված հիմքի վերաբերյալ պատճառաբանությունները:

Նման պարագայում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, չանդրադառնալով վերաքննիչ բողոքի` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի մինչև 03.07.2014 թվականը գործող խմբագրությամբ 132-րդ հոդվածի խախտման վերաբերյալ հիմքին, ըստ էության քննության առարկա չդարձնելով Հակոբ Չիլիկյանին մաքսային պարտավորությունները կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասով բողոք բերած անձի հիմնավորումներն ու պահանջը, թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործն առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու համար` նկատի ունենալով այն հանգամանքը, որ սույն գործով արձանագրված դատավարական նորմերի խախտումները կարող են վերացվել միայն առաջին ատյանի դատարանում քննության ընթացքում: Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը բխում է նաև արդարադատության արդյունավետության շահերից և ուղղված է ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի ապահովմանը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.2014 թվականի ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.05.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Գ. Հակոբյան

 

Վ. ԱԲԵԼՅԱՆ

 

Ս. Անտոնյան

 

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

 

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

 

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան