Գլխավոր տեղեկություն
Համար
N 1516-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.01.2015-17.10.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.02.02/4(516) Հոդ.1248.32
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.12.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.01.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 2014 թվականի N 1516-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 894-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի «Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը և բնակելի տարածության կարիք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց (ընտանիքներին) հաշվառելու, կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի N 983-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 894-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 3-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 30-ի N 1419-Ն որոշմամբ սահմանված ծրագրի շահառու ճանաչված մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտների տվյալները ներառվում են բնակելի տարածության կարիք ունեցող անձանց հերթացուցակ` սույն որոշման N 2 հավելվածի 27-29-րդ կետերով սահմանված կարգով, որպես առանձին սոցիալական խումբ` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում առկա «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շահառուների համար կազմված անհատական ծրագրին և որպես շահառու հաշվառման տարեթվին համապատասխան.».

2) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին ենթակետով.

«2.1) սույն որոշման 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի համաձայն ձևավորված ցուցակներում ներառված անձանց (ընտանիքների) կացարանի առաջնահերթ տրամադրման մասին որոշումն ընդունվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից գործող ոչ առևտրային կազմակերպությունների հետ աշխատանքների համակարգման խորհրդի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի որոշմամբ.».

3) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ և 4-րդ ենթակետերով.

«3) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով բնակելի տարածության կարիք ունեցող անձանց հերթացուցակում ներառված անձանց (ընտանիքների) համար պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական տան կացարաններից հատկացվող կացարանների թվաքանակը՝ հաշվի չառնել սույն որոշման N 2 հավելվածի 4-րդ կետով սահմանված կարգով բաշխվող կացարանների թվի մեջ.

4) ձևավորել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից գործող ոչ առևտրային կազմակերպությունների հետ աշխատանքների համակարգման խորհուրդ:».

4) N 1 հավելվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման N 3 հավելվածի 14-րդ կետի 7-րդ և 8-րդ ենթակետով սահմանված կարգով որպես «միայնակ չաշխատող կենսաթոշակառու» հաշվառված անձինք (ընտանիքներ), այդ թվում` նրա (նրանց) աշխատելու դեպքում,».

5) ուժը կորցրած ճանաչել N 1 հավելվածի 1-ին կետի 4-րդ ենթակետը.

6) N 2 հավելվածի՝

ա. 4-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասվող անձինք.»,

բ. 16-րդ կետը «նախարարը» բառից հետո լրացնել «(այսուհետ՝ նախարար)» բառերով,

գ. 19-րդ կետի «այն» բառը փոխարինել «սույն կարգի 17-րդ կետով նախատեսված դիմումն» բառերով,

դ. 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21. Բնակելի տարածության համար հաշվառումը մերժվում է, եթե դիմողը`

1) օտարել է բնակարան (բնակելի տուն)` հաշվառման վերցնելու ժամկետին նախորդող 5 տարիների ընթացքում.

2) որոշմամբ սահմանված կարգով բնակվում է կացարանում.

3) որոշմամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում:»,

ե. 31-րդ կետը «հերթականության» բառից հետո լրացնել «՝ նախարարի հրամանի համաձայն» բառերով,

զ. 32.1-ին կետի 2-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2337-Ն որոշման 3-րդ կետով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությամբ» բառերով.

7) N 2 հավելվածը լրացնել՝

ա. հետևյալ բովանդակությամբ նոր՝ 20.1-ին կետով.

«20.1. Կենտրոնը խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա հաշվառված անձին հաշվառում է՝ նրա օրինական ներկայացուցչի տվյալներով` նշելով, որ բնակելի տարածություն ստանալու իրավունքը ծագում է այդ երեխայի համար՝ նրա 18 տարեկանը լրանալու օրը:»,

բ. հետևյալ բովանդակությամբ նոր՝ 32.2-րդ, 32.3-րդ, 32.4-րդ, 32.5-րդ և 32.6-րդ կետերով.

«32.2. Սոցիալական տան ազատված կացարանում բնակելի տարածության կարիք ունեցող անձանց հաշվառման ցուցակում ընդգրկված անձին (ընտանիքին) արտահերթ տեղավորման որոշումն ընդունում է նախարարը՝ նախարարին կից գործող ոչ առևտրային կազմակերպությունների հետ աշխատանքների համակարգման խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) պատշաճ հիմնավորված առաջարկության դեպքում:

32.3. Սոցիալական տան ազատված կացարանում բնակելի տարածության կարիք ունեցող անձանց հաշվառման ցուցակում ընդգրկված անձին (ընտանիքին) արտահերթ տեղավորման հարցը խորհրդի քննարկմանը կարող է ներկայացվել՝

1) նախարարության պատասխանատու ստորաբաժանման կողմից.

2) խորհրդի անդամ կազմակերպություններից որևէ մեկի կողմից.

3) բնակելի տարածության կարիք ունեցող անձի (ընտանիքի) դիմելու դեպքում:

32.4. Խորհրդի քննարկմանը սոցիալական տան ազատված կացարանում բնակելի տարածության կարիք ունեցող անձանց հաշվառման ցուցակում ընդգրկված անձին (ընտանիքին) արտահերթ տեղավորման առաջարկությանը կից ներկայացվում են այն տվյալները, փաստերը, հանգամանքները և դրանք հավաստող փաստաթղթերը, որոնք հիմք են հանդիսացել տվյալ առաջարկության համար:

32.5. Սույն կարգի 32.4-րդ կետով նախատեսված առաջարկության համար կողմնորոշիչ հանգամանքներ են՝

1) դիմողի որոշակի բնակության վայր չունենալը.

2) դիմողի ընտանիքում մինչև 5 տարեկան երեխաների թիվը.

3) դիմողի կամ դիմողի կնոջ հղի լինելը.

4) դիմողի՝ փաստացի բնակության ընտանիքում միջանձնային լարված հարաբերությունների և (կամ) բռնության կամ բռնության սպառնալիքի առկայությունը.

5) դիմողի՝ տվյալ ուսումնական տարում մասնագիտական ուսումնական համապատասխան հաստատություն ընդունվելը կամ սովորելը.

6) դիմողի կամ դիմողի ընտանիքի անդամի՝ ժամկետային զինծառայությունից զորացրված լինելը.

7) դիմողի կամ դիմողի ընտանիքի անդամի՝ քրեակատարողական հիմնարկից վերադարձած, Քրեական օրենսգրքով սահմանված հանրային աշխատանքներ կատարող անձ լինելը, պատիժը պայմանականորեն չկիրառելու փորձաշրջանում գտնվելը, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված լինելը.

8) դիմողի կամ դիմողի ընտանիքի անդամների հաշմանդամություն ունենալու հանգամանքը.

9) ընտանիքում նույն կարգավիճակ ունեցող (առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասված անձ, մանկատան շրջանավարտ լինելը և այլն) քույրեր, եղբայրներ լինելը.

10) կյանքի դժվարին վիճակում գտնվելու այլ հանգամանքներ:

32.6. Խորհրդի նիստը հրավիրվում է առաջարկությունը պաշտոնապես ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում:»,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 33.1-ին կետով.

«33.1. Եթե բնակելի տարածության կարիք ունեցող անձանց համապատասխան սոցիալական խմբի հաշվառման ցուցակի` այդ պահի դրությամբ առաջին համարով հաշվառված անձն առանց ծնողական խնամքի մնացած երեխա է, որի բնակելի տարածության իրավունքը ծագում է ավելի ուշ ժամկետում` նրա 18 տարեկանը լրանալու օրը, ապա նախարարությունը սույն կարգի 33-րդ կետով սահմանված ուսումնասիրությունը կազմակերպում է հերթացուցակում ընդգրկված հաջորդ անձի (ընտանիքի) համար, իսկ առանց ծնողական խնամքի մնացած երեխան հերթացուցակում պահպանում է իր տեղը` մինչև նրա 18 տարեկանը լրանալը:»,

դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ VII.I գլխով.

 

«VII.I ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

47.1. Խորհրդի անհատական կազմը հաստատում է նախարարը:

47.2. Խորհուրդը կազմված է 9 անդամից, այն ձևավորվում է սոցիալական պաշտպանության ոլորտում առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ ունեցող ոչ առևտրային կազմակերպությունների 8 ներկայացուցչից` խորհրդի կազմում գործունեության 2 տարվա ժամկետով: Խորհրդի նախագահը նախարարն է:

47.3. Խորհրդի կազմից ոչ առևտրային կազմակերպության ներկայացուցիչ(ներ)ը (կազմակերպությունը) կարող է (են) դուրս գալ իր դիմումի (պաշտոնական գրության) հիման վրա կամ խորհրդի որոշմամբ` խորհրդի նիստերին 3 և ավելի անգամ անընդմեջ չմասնակցելու դեպքում:

47.4. Խորհրդի աշխատանքները կազմակերպում է նախարարության պատասխանատու ստորաբաժանումը:

47.5. Խորհրդի կազմում ընդգրկվում են այն ոչ առևտրային կազմակերպությունները, որոնք ներկայացրել են անդամության հայտ և դրանց տվյալներն առավելապես են համապատասխանում նախարարության կողմից տրված հայտարարության մեջ նշված չափանիշներին և պահանջվող տեղեկություններին: Սույն կարգի 47.3-րդ կետով նախատեսված դեպքում՝ խորհրդի կազմը համալրվում է հայտագրված կազմակերպություններից մեկով` նախարարի որոշմամբ:

47.6. Ոչ առևտրային կազմակերպությունների հայտագրման համար նախարարության հայտարարությունը տեղադրվում է նախարարության պաշտոնական կայք-էջում (www.mlsa.am)՝ խորհրդի անհատական կազմի ձևավորման տարվան հաջորդող 2-րդ տարվա մինչև ապրիլի 1-ը:

47.7. Խորհրդի կազմում ընդգրկվելու համար հայտագրված ոչ առևտրային կազմակերպությունների թիվը 8-ից ավելի լինելու դեպքում՝ դրանք ընտրվում են ստորև նշված առաջնահերթություններով՝

1) ոչ առևտրային կազմակերպության իրականացրած ծրագրերի, դրանցում ընդգրկված շահառուների թիվը.

2) ոչ առևտրային կազմակերպության սոցիալական պաշտպանության ոլորտում առավել երկար ժամանակահատված գործելու հանգամանքը:

47.8. Խորհրդի աշխատանքները կանոնակարգվում են սոցիալական համագործակցության հանրապետական համաձայնագրով (այսուհետ` համաձայնագիր) ընդունված համագործակցության նպատակներին և սկզբունքներին համապատասխան:

47.9. Համագործակցության հիմնական նպատակներն են՝

1) ապահովել սոցիալական աջակցության բնագավառի պետական քաղաքականության մշակման մասնակցային գործընթաց.

2) բարձրացնել սոցիալական ծառայությունների մատչելիությունը և կողմնորոշումը՝ դեպի սոցիալական աջակցություն ստացողները, դրանց որակի բարելավումը, սոցիալական համախմբվածության ամրապնդումը` խոցելի խմբերի սոցիալական մեկուսացվածությունը նվազեցնելով.

3) նպաստել սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի` սոցիալական ծառայություններ տրամադրող մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց համագործակցության ինստիտուտի զարգացմանը.

4) աղքատ, սոցիալապես անապահով, ինչպես նաև մեկուսացված խմբերի տնտեսական և սոցիալական խոցելիության նվազեցումը.

5) սոցիալական ոլորտում սոցիալական աշխատանքի դերի ու նշանակության բարձրացումը.

6) վստահության մթնոլորտի ձևավորումը:

47.10. Համագործակցության հիմնական սկզբունքները համակառավարումը, հավասար պատասխանատվությունը, թափանցիկության ապահովումը և ժողովրդավարությունն են:

47.11. Խորհրդի հիմնական լիազորություններն են՝

1) սոցիալական աշխատանքի էթիկայի կանոնների քննարկումը և դրանց հավանություն տալը.

2) նախարարին առաջարկություններ ներկայացնելը՝

ա. սոցիալական աջակցության բնագավառում իրականացվող պետական քաղաքականության հիմնական ուղղությունների, բարեփոխումների մասին,

բ. խորհրդի անդամ(ներ)ի կողմից վերհանված` սոցիալական աջակցության բնագավառում առկա խնդիրների, դրանց լուծմանն ուղղված առաջարկությունների մասին,

գ. քաղաքացիների ներկայացրած դիմումների մասին,

դ. նախարարի` սոցիալական աջակցության բնագավառում հայեցողական լիազորությունների իրականացման ժամանակ ընդունվող որոշումների մասին.

3) ըստ անհրաժեշտության քննարկում է սոցիալական աջակցության բնագավառում գործող ոչ առևտրային կազմակերպությունների գործողությունները, տալիս դրանց մասնագիտական գնահատական` սոցիալական աշխատանքի էթիկայի կանոններին համապատասխանելու մասին.

4) մշտադիտարկում է սոցիալական համագործակցության հանրապետական համաձայնագրին միացած կողմերի գործունեությունը, և ըստ անհրաժեշտության տալիս գնահատական՝ ընդունված համագործակցության նպատակներին և սկզբունքներին համապատասխանության մասին.

5) համագործակցության նպատակների իրականացմանն ուղղված այլ լիազորություններ:

47.12. Խորհրդի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք իրավազոր են, եթե դրանց մասնակցում են անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, և որոշումներն ընդունվում են քվեարկության միջոցով:

47.13. Խորհրդի առաջարկությունը համարվում է իրավաչափ, եթե խորհրդի նիստին մասնակցել են խորհրդի անդամների կեսից ավելին և առաջարկության համար կողմ են քվեարկել նիստի մասնակիցների կեսից ավելին:

47.14. Խորհրդի հրավերով աշխատանքներին կարող են մասնակցել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, հասարակական և այլ կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:».

8) N 2 հավելվածի N 1 օրինակելի ձևի «Պայմանագիր N ՍԽ» հատվածի՝

ա. 2.4.6-րդ կետը «համապատասխան» բառից հետո լրացնել «երեք ամսից ավելի բացակայելու դեպքում՝ նախապես այդ մասին հայտնել ծառայություն մատուցողին»,

բ. 3.1.4-րդ կետում «2.4.9-րդ» բառերը փոխարինել «2.4.6-րդ, 2.4.9-րդ» բառերով, իսկ «2.4.12-րդ կետով» բառերը՝ «2.4.2-րդ և 2.4.12-րդ կետերով» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից գործող ոչ առևտրային կազմակերպությունների հետ աշխատանքների համակարգման խորհրդի անհատական կազմի ձևավորման կարգը և աշխատակարգը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. դեկտեմբերի 26
Երևան