Գլխավոր տեղեկություն
Համար
N 1148-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.01.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.12.26/33(512) Հոդ.351
Ընդունող մարմին
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
08.12.2014
Ստորագրող մարմին
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.01.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 դեկտեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 60514556

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

8 դեկտեմբերի 2014 թ.

ք. Երևան

N 1148-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 17-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 12-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 17-Ն որոշմամբ սահմանված հավելվածի`

1) 59.2-րդ կետի առաջին պարբերությունը «Հանձնաժողովի անդամներին,» բառերից հետո լրացնել «իրականացնել տեսանկարահանում և (կամ) ձայնագրում,» բառերով.

2) 79-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«79. Հանձնաժողովի որոշմամբ մրցույթին ներկա գտնվելու իրավունք ունեն մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցների (այսուհետ` Լրատվության միջոց) ներկայացուցիչներ, ինչպես նաև հրավիրված դիտորդներ:

Մրցույթին ներկա գտնվել և լուսաբանել կարող են յուրաքանչյուր Լրատվության միջոցը ներկայացնող մեկ լրագրող, մեկ լուսանկարիչ կամ տեսաձայնագրման մեկ օպերատոր: Մրցույթին ներկա գտնվելու համար Լրատվության միջոցը մրցույթից մեկ օր առաջ գրավոր, իսկ դրա անհնարինության դեպքում` բանավոր, դիմում է մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող համապատասխան աշխատակազմ` նշելով այն ներկայացուցչի տվյալները, ով ներկա է գտնվելու մրցույթին:

Մրցույթին ներկա գտնվող Լրատվության միջոցի ներկայացուցիչն իրավունք ունի.

ա) մրցույթ անցկացնելու սենյակում կատարել լուսանկարում, տեսանկարահանում.

բ) մրցույթ անցկացնելու սենյակից դուրս, մրցույթից առաջ կամ հետո, մրցույթի մասնակիցների, Հանձնաժողովի անդամների հետ անցկացնել հարցազրույցներ և ճեպազրույցներ.

գ) մրցույթի մասնակիցների վերաբերյալ մրցութային փաթեթում ներառված տվյալների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկատվություն ստանալ մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող համապատասխան աշխատակազմից:

Մրցույթին ներկա գտնվող Լրատվության միջոցի ներկայացուցիչը պարտավոր է.

ա) չխախտել մրցույթի բնականոն ընթացքը, չխանգարել մրցույթի մասնակիցներին, որևէ ձևով չմիջամտել Հանձնաժողովի աշխատանքներին.

բ) չխախտել մրցույթի մասնակիցների անձնական կյանքի և տվյալների անձեռնմխելիության իրավունքը, մրցույթի հարցազրույցի փուլի ընթացքում լուսանկարման, ձայնագրման կամ տեսանկարահանման միջոցով չկատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող են հանգեցնել սույն կարգի 59.1-ին կետի վեցերորդ պարբերությամբ սահմանված պահանջի խախտման:

Լրատվության միջոցի ներկայացուցչի կողմից սահմանված պահանջները խախտելու դեպքում, Հանձնաժողովը կազմում է արձանագրություն և իր որոշմամբ կարող է դադարեցնել Լրատվության միջոցի ներկայացուցչի աշխատանքը, ընդհուպ՝ դուրս հրավիրել սենյակից: Մինչ համապատասխան որոշում կայացնելը` Հանձնաժողովը կասեցնում է մրցույթը:

Հասարակական միավորումների ներկայացուցիչները Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են դիտորդի կարգավիճակով:

Հասարակական միավորումն առնվազն յոթ աշխատանքային օր առաջ մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող համապատասխան աշխատակազմ ներկայացնում է դիմում, որտեղ հստակ շարադրվում են այն խնդիրները, որոնց բացահայտումը հանդիսանում է առաքելության նպատակը: Յուրաքանչյուր դիտորդ մրցույթի ընթացքում առաջնորդվում է բացառապես նշված խնդիրների բացահայտմամբ` պահպանելով քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները:»:

 

ՀՀ քաղաքացիական ծառայության 

խորհրդի նախագահ

Մ. Բադալյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան