Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-717
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.04.1997-30.05.1998)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.04.21/8
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
03.04.1997
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.04.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.04.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.05.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

 

Մինչև էներգետիկայի մասին օրենքի ընդունումը Հայաստանի Հանրապետությունում էներգասպառողներին հիմնավորված սակագներով էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի հուսալի ու անվտանգ մատակարարումների ապահովման, էներգետիկայի բնագավառում մրցակցային հարաբերությունների զարգացման, ֆինանսական գործունեության բարելավման, տեղական և օտարերկրյա ներդրումների խթանման նպատակով որոշում եմ.

1. Ստեղծել էներգետիկայի բնագավառում (էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության, հաղորդում, բնական գազի տեղափոխում, բաշխում) սակագների սահմանումն ու լիցենզավորումն իրականացնող Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):

Հանձնաժողովն էներգետիկայի բնագավառում կարգավորող պետական մարմին է, որը գործում է օրենքներով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված որոշակի լիազորությունները հանձնաժողովին պատվիրակելու հիման վրա:

Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է սույն հրամանագրով, այլ իրավական ակտերով և անկախ է իր գործունեության մեջ` իրեն վերապահված իրավասության սահմաններում:

Հանձնաժողովի հիմնական խնդիրը էներգետիկայի բնագավառում էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության, հաղորդման, բնական գազի տեղափոխման, դրանց բաշխման գործունեությամբ զբաղվող պետական և ոչ պետական ձեռնարկությունների համար միատեսակ պայմաններ ապահովելով` Հայաստանի Հանրապետության էներգասպառողներին հիմնավորված սակագներով հուսալի ու անվտանգ էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի մատակարարման երաշխիքների ստեղծումն է:

2. Հանձնաժողովն էներգետիկայի բնագավառում իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) էլեկտրական և ջերմային էներգիայի ու բնական գազի սակագների հաստատումը.

բ) էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության և հաղորդման, բնական գազի տեղափոխման ու կարգավարական ծառայության, բաշխման գործունեության լիցենզավորումը, լիցենզիայի պայմանների պահպանման վերահսկումը և լիցենզիայի գործողության դադարեցումը.

գ) ձեռնարկությունների միջև կնքված էներգամատակարարման պայմանագրերի գրանցումը ու էներգասպառողներին էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի մատակարարման պայմանագրերի օրինակելի ձևերի մշակումը և կիրառումը.

դ) մրցակցության խթանումը և ներդրումների խրախուսումը.

ե) միջազգայնորեն ընդունված հաշվապահական հաշվառման ստանդարտների հիման վրա միասնական և ստանդարտացված համակարգի մշակումը, որը պետք է դառնա ֆինանսական և տնտեսական հաշվետվությունների ձև: Այս համակարգը հիմք պետք է ծառայի սակագների հաշվարկման և քննարկման համար.

զ) ձեռնարկությունների միջև առաջացած տարաձայնությունների լուծման նպատակով իր իրավասությունների սահմաններում քննարկումների անցկացումը.

է) էներգասպառողների շահերի պաշտպանությունը.

թ) նշված գործառույթներից բխող այլ գործունեություն:

3. Հանձնաժողովը կազմված է հինգ անդամից` նախագահ, տեղակալ և երեք անդամ:

Հանձնաժողովի անդամներին պաշտոնի է նշանակում և ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ:

Հանձնաժողովի անդամներից հանձնաժողովի նախագահ և հանձնաժողովի նախագահի տեղակալ նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ:

Հանձնաժողովի անդամների լիազորությունների ժամկետը հինգ տարի է: Հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելու դեպքում թեկնածու է առաջադրվում սահմանված ժամկետի մնացած ժամանակահատվածի համար:

Հանձնաժողովի անդամ կարող են նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք իրենց մասնագիտական կարողություններով ի վիճակի են ապահովել սույն հրամանագրով սահմանված պարտականությունների կատարումը:

Հանձնաժողովի անդամներ չեն կարող նշանակվել`

ա) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք.

բ) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված անձինք.

գ) օրենքով սահմանված կարգով որոշակի պաշտոն վարելու իրավունքից զրկված անձինք.

դ) 65 տարին լրացած անձինք:

Հանձնաժողովի անդամների լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել միայն սույն կետի «ա», «բ» և «զ» ենթակետերում նշված, ինչպես նաև նրանց` Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարման դեպքերում` Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ:

Հանձնաժողովի անդամները և աշխատակազմի աշխատողներն իրենց պաշտոնավարության ընթացքում էներգետիկայի բնագավառում ուղղակիորեն կամ անուղղակի արժեթղթեր, բաժնեմաս կամ փայամասնակցություն ունենալու իրավունք չունեն:

Հանձնաժողովի անդամները չեն կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք, լինել ներկայացուցչական մարմինների անդամ:

Նույն անձը ավելի քան երկու անգամ չի կարող նշանակվել հանձնաժողովի անդամի պաշտոնում:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնաժողովի աշխատանքից հեռացված անդամը չի կարող նշանակվել հանձնաժողովի անդամ կամ հանձնաժողովի աշխատակազմում զբաղեցնել այլ պաշտոն:

Հանձնաժողովի անդամները կարող են հրաժարական տալ` այդ մասին մեկ ամիս առաջ գրավոր տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության վարչապետին:

4. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով և ընդունում որոշումներ:

Հանձնաժողովի նիստերը անցկացվում են դռնբաց` առնվազն երկու շաբաթը մեկ անգամ:

Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե նիստին ներկա են հանձնաժողովի անդամներից առնվազն երեքը, այդ թվում` հանձնաժողովի նախագահը կամ նախագահի տեղակալը: Որոշումը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել հանձնաժողովի անդամների մեծամասնությունը:

5. Հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է հանձնաժողովի նախագահի տեղակալը, իսկ վերջինիս բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում` հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:

6. Հանձնաժողովի նախագահը`

ա) համակարգում և ապահովում է հանձնաժողովի բնականոն աշխատանքը.

բ) նախագահում է հանձնաժողովի նիստերը, ստորագրում հանձնաժողովի որոշումները և նիստերի արձանագրությունները.

գ) իր իրավասության շրջանակներում ներկայացնում է հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում.

դ) հաստատում է հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների հաստիքացուցակը, աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում հանձնաժողովի աշխատակազմի աշխատողներին:

7. Հանձնաժողովն իր աշխատանքը կազմակերպում է ինքնուրույն` հանձնաժողովի աշխատակազմի միջոցով:

8. Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի կազմում է հաջորդ տարվա իր ծախսերի նախահաշիվը (հանձնաժողովի բյուջեն) և սահմանված ժամկետում ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն, որն այն առանց փոփոխության պետական բյուջեի նախագծում առանձին հոդվածով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

Հանձնաժողովի ծախսերի նախահաշիվը պետք է ապահովի սույն հրամանագրում ամրագրված հանձնաժողովի գործառույթների իրականացումը:

Հանձնաժողովի գործունեության ֆինանսավորման աղբյուր են հանդիսանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր վճարները և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն:

9. Հանձնաժողովն իր իրավասության շրջանակներում ընդունում է որոշումներ, իսկ հանձնաժողովի նախագահը` արձակում հրամաններ, որոնք հաշվառվում են հանձնաժողովի գրանցման մատյանում: Հանձնաժողովի նորմատիվ իրավական ակտերը հրապարակվում են «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում» և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:

Հանձնաժողովը պարտավոր է ապահովել իր կողմից ընդունվող իրավական ակտերի մատչելիությունը: Հանձնաժողովը հրապարակում է նիստերի անցկացման տեղը և ժամանակը, օրակարգը, որոշումների նախագծերի բովանդակությունը` հնարավորություն ընձեռելով շահագրգիռ կողմերին և հասարակության ներկայացուցիչներին մասնակցելու նիստերին, ներկայացնելու տեղեկություններ և ունենալու ելույթներ:

Եթե շահագրգիռ կողմն անհարգելի պատճառով կրկին անգամ չի ներկայանում հանձնաժողովի նիստին, ապա որոշումն ընդունվում է առանց շահագրգիռ կողմի մասնակցության:

10. Հանձնաժողովն ամեն տարի ֆինանսական հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնին: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը ֆինանսական հաշվետվության հավաստիությունը ճշտելու նպատակով կարող է անցկացնել հանձնաժողովի գործունեության աուդիտ, իսկ հանձնաժողովը պարտավոր է աջակցել դրա անցկացմանը:

Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության Նախագահին և Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում տարեկան տեղեկատվություն հանձնաժողովի գործունեության մասին:

Հանձնաժողովը պարտավոր է ապահովել իր գործունեության վերաբերյալ տեղեկատվության հրապարակայնությունը:

Հանձնաժողովի գործունեությանն առնչվող բոլոր փաստաթղթերը պետք է հասու լինեն հասարակությանը:

11. Հայաստանի Հանրապետությունում էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության, հաղորդման, բնական գազի տեղափոխման, բաշխման նկատմամբ տեխնիկական հսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինները, որոնք հայտնաբերված խախտումների մասին տեղյակ են պահում հանձնաժողովին:

Հանձնաժողովն իր գործառույթներն իրականացնելիս հավաստի տեղեկատվություն ստանալու նպատակով իր իրավասության սահմաններում կարող է դիմել պետական մարմիններ և ազատ մուտք ունենալ էներգետիկայի բնագավառի ցանկացած ձեռնարկություն` անկախ սեփականության ձևից:

Հանձնաժողովն իր աշխատանքներում կարող է ներգրավել անկախ փորձագետների:

12. Հանձնաժողովի հաստատած սակագինը ենթակա չէ գանգատարկման:

Հանձնաժողովի այն որոշումները, որոնք ընդունվել են սույն հրամանագրի խախտումներով, ենթակա են գանգատարկման դատական կարգով:

13. Էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի սակագների սահմանման սկզբունքներն են`

ա) էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի սակագներով էներգետիկայի բնագավառի ձեռնարկությունների անվտանգ ու արդյունավետ գործունեությունն ապահովող շահագործման, պահպանման ծախսերի, հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքի ամորտիզացիոն հատկացումների, ինչպես նաև միջազգային ստանդարտներին համապատասխան և հիմնական միջոցների հիմնավորված վերագնահատված հաշվեկշռային արժեքի ամորտիզացիոն հատկացումների, հիմնանորոգման, կապիտալ ներդրումների, վարկերի սպասարկման ծախսերի փոխհատուցումը և շահույթի ապահովումը.

բ) էներգետիկայի բնագավառին ցույց տրված պետական աջակցության հաշվի առնելը.

գ) սպառողների տարբեր խմբերի համար տարբեր սակագների սահմանումը` կախված առաքման արժեքից.

դ) սպառողների համար տարբերակված սակագների սահմանումը` կախված սպառման ծավալից, տարվա եղանակից, օրվա ժամերից, ծառայությունների տեսակից:

Հանձնաժողովն ուսումնասիրում, հաստատում կամ մերժում է էներգետիկայի բնագավառի ձեռնարկությունների առաջարկած սակագները` սույն հրամանագրի դրույթներին համապատասխան:

Հանձնաժողովի գործող սակագների վերաբերյալ որոշումը ընդունվում է սակագները փոխելու մասին դիմումն ստանալուց հետո 90-օրյա ժամկետում: Նոր սակագների վերաբերյալ որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 30 օր հետո:

Սակագինը փոխելու մասին դիմումի ձևը և ներկայացվող փաստաթղթերի ցանկը սահմանում է հանձնաժողովը:

14. Էներգետիկայի բնագավառում`

ա) էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության, հաղորդման, բնական գազի տեղափոխման, բաշխման գործունեությունն իրականացվում է միայն հանձնաժողովի տված լիցենզիայի առկայության դեպքում: Էլեկտրական և ջերմային էներգիա արտադրողից լիցենզիա չի պահանջվում, եթե այդ էներգիան օգտագործվում է բացառապես սեփական կարիքների համար.

բ) լիցենզիա ունեցող ձեռնարկությունն իրավունք չունի իր լիցենզիան օտարել կամ փոխանցել մեկ այլ ձեռնարկության.

գ) լիցենզավորման պայմանները սահմանվում են սույն հրամանագրի, Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերի, ինչպես նաև ստանդարտների, անվտանգության տեխնիկայի կանոնների և այլ նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի դրույթներին ու պահանջներին համապատասխան:

15. Հանձնաժողովը լիցենզիայի հայտ ներկայացողներից պահանջում է ֆինանսական երաշխիքներ, որոնց ձևերը և ներկայացնելու կարգը սահմանում է հանձնաժողովը:

16. Լիցենզիա ստանալու համար ներկայացվող դիմումի և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի և դրանց ձևերի, ներկայացված փաստաթղթերի քննարկման և լիցենզիա տալու կարգը սահմանում է հանձնաժողովը:

17. Հանձնաժողովը որոշում ընդունելուց հետո 10-օրյա ժամկետում լիցենզիա տալը մերժելու վերաբերյալ որոշման պատճենը պաշտոնապես հանձնում է դիմողին:

18. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

ա) 15-օրյա ժամկետում հանձնաժողովն ապահովել իր գործունեության համար անհրաժեշտ աշխատանքային պայմաններով.

բ) երկամսյա ժամկետում լուծել հանձնաժողովին Երևան քաղաքում տարածք, ինչպես նաև գույք և 1997 թվականի գործունեության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու հարցերը.

գ) միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների ակտերը սույն հրամանագրի պահանջներին համապատասխանեցնելու համար:

19. Հայաստանի Հանրապետության վարչապետին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացնել հանձնաժողովի անդամների, հանձնաժողովի նախագահի և հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածությունները, հաշվի առնելով, որ հանձնաժողովի առաջին կազմի անդամների լիազորությունների ժամկետները սահմանվում են.

մեկ անդամի համար` մեկ տարի,

մեկ անդամի համար` երկու տարի,

մեկ անդամի համար` երեք տարի,

մեկ անդամի համար` (հանձնաժողովի նախագահի տեղակալ)` չորս տարի,

մեկ անդամի համար` (հանձնաժողովի նախագահ)` հինգ տարի:

20. Հանձնաժողովին`

ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ընթացիկ տարվա ծախսերի նախահաշիվը.

բ) մինչև 1997 թվականի հունիսի 30-ը սույն հրամանագրի պահանջներին համապատասխան գրանցել էներգետիկայի բնագավառի ձեռնարկությունների միջև գործող էներգամատակարարման պայմանագրերը և վերանայել գործող սակագները:

21. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան

 

 

Երևան
3 ապրիլի 1997 թ.
ՆՀ-717