ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
16 դեկտեմբերի 2014 թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2014 թվականի օգոստոսի 6-ին ստորագրված` «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2014 թվականի դեկտեմբերի 10-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2014 թվականի օգոստոսի 6-ին:
2. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (այսուհետ` Բանկ) համաձայնում է Համաձայնագրում սահմանված կամ նշված պայմաններով Հայաստանի Հանրապետությանը տրամադրել քսաներեք միլիոն (23.000.000) ԱՄՆ դոլարին համարժեք գումար, որը կարող է ժամանակ առ ժամանակ փոխարկվել արժույթի փոխարկման միջոցով` Համաձայնագրի II հոդվածի 2.07-րդ բաժնի դրույթների համաձայն, Համաձայնագրի Առդիր 1-ում նկարագրված ծրագրի («Ծրագիր») ֆինանսավորմանն օժանդակելու նպատակով:
Ծրագրի փակման ամսաթիվը 2020 թվականի մայիսի 31-ն է (Առդիր 2, Բաժին IV, մաս «Բ», կետ 2):
Վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից արտոնյալ ժամկետը` 10 տարի:
3. Համաձայնագրի Առդիր 1-ում նկարագրված ծրագրի նպատակն է` բարելավել արոտավայրերի և անասնապահական համակարգերի արտադրողականությունն ու կենսունակությունը նպատակային համայնքներում և ավելացնել ընտրված անասնապահական և բարձրարժեք ագրոպարենային արժեշղթաների արտադրանքի շուկայահանումը:
4. Համաձայնագիրն ունի երեք առդիր` Առդիր 1. «Ծրագրի նկարագրությունը», Առդիր 2. «Ծրագրի կատարումը», Առդիր 3. «Մարման ժամանակացույցը», Հավելված, Լրացուցիչ նամակներ և դրանց կից հավելվածներ:
5. Ծրագիրը կազմված է հետևյալ մասերից` Մաս I. «Համայնքների արոտավայրերի/անասնապահության կառավարման համակարգը», Մաս II. «Արժեշղթայի զարգացումը», Մաս III. «Պետական հատվածի հաստատությունների ամրապնդումը», Մաս IV. «Ծրագրի համակարգումը և կառավարումը»:
6. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
● վճարել վճարման ենթակա սկզբնական միանգամյա միջնորդավճարը` Վարկի գումարի մեկ տոկոսի մեկ քառորդի (0.25%) չափով (հոդված II, բաժին 2.03),
● կիսամյակային մուծումներով՝ յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ին և օգոստոսի 1-ին, տոկոսադրույքի յուրաքանչյուր ժամանակահատվածի համար վճարել տոկոսը, որը հավասար է Վարկի արժույթի համար սահմանված կողմնորոշիչ տոկոսադրույքին գումարած Փոփոխական սփրեդը` պայմանով, որ Վարկի հիմնական գումարն ամբողջությամբ կամ դրա մի մասը փոխարկելու դեպքում փոխարկման ժամանակահատվածում ՀՀ կողմից վճարման ենթակա տոկոսները կորոշվեն Ընդհանուր պայմանների հոդված IV-ի դրույթների համաձայն: Չնայած վերոհիշյալին, եթե Վարկի մասհանված հաշվեկշռի որևէ գումար չի վճարվում սահմանված ժամկետում, և 30 օրվա ընթացքում վճարումը չի կատարվում, ապա վճարման ենթակա տոկոսները հաշվարկել Ընդհանուր պայմանների 3.02-րդ բաժնի «ե» կետին համապատասխան (հոդված II, կետեր 2.04 և 2.05),
● կիսամյակային մուծումներով, յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ին և օգոստոսի 1-ին` սկսած 2024 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2038 թվականի օգոստոսի 1-ը ներառյալ մարել Վարկի հիմնական գումարը 3.33%-ի չափով, իսկ 2039 թվականի փետրվարի 1-ին` 3.43%-ի չափով (հոդված II, բաժին 2.06, Առդիր 3, կետ 1),
● եթե վարկի միջոցներն ամբողջությամբ մասհանվել են հիմնական գումարի վճարման առաջին ամսաթվի դրությամբ, ապա հիմնական գումարի վճարման յուրաքանչյուր ամսաթվին ՀՀ կողմից մարվելիք Վարկի հիմնական գումարը որոշել Բանկի կողմից` բազմապատկելով` ա) մասհանված վարկային մնացորդը հիմնական գումարի վճարման առաջին ամսաթվի դրությամբ, բ) հիմնական գումարի վճարման յուրաքանչյուր ամսաթվի համար` Առդիր 3-ի Մասնակի մարումների բաժնով` անհրաժեշտության դեպքում ճշգրտելով մարվելիք գումարը` նվազեցնելու համար սույն առդիրի 4-րդ կետում նշվող ցանկացած գումար, որի նկատմամբ կիրառվում է արժույթի փոխարկումը (Առդիր 3, կետ 1),
● հիմնական գումարի վճարման ամսաթվի դրությամբ Վարկի միջոցների ամբողջությամբ չառհանման դեպքում մարել հիմնական գումարի վճարման առաջին ամսաթվի դրությամբ առհանված Վարկի գումարը` համաձայն Համաձայնագրի 3-րդ առդիրի 1-ին կետով նախատեսված կարգի, ինչպես նաև վճարման առաջին ամսաթվից հետո առհանված գումարը մարել առհանման ամսաթվին հաջորդող` հիմնական գումարի վճարման յուրաքանչյուր ամսաթվին Բանկի կողմից որոշված չափով` բազմապատկելով մասհանված յուրաքանչյուր գումարը կոտորակային թվով, որի համարիչում հիմնական գումարի վճարման ամսաթվի համար Համաձայնագրի 3-րդ ժամանակացույցի 1-ին պարբերության աղյուսակում սահմանված մասնակի մարման սկզբնական մասնաբաժինն է (Մասնակի մարման սկզբնական մասնաբաժին), իսկ հայտարարում` այդ ամսաթվի դրությամբ կամ դրան հաջորդող հիմնական գումարի վճարման ամսաթվերին մարման ենթակա բոլոր սկզբնական մասնակի մարման մասնաբաժինների հանրագումարը. անհրաժեշտության դեպքում նշված գումարները ճշգրտել` նվազեցնելով Համաձայնագրի 3-րդ առդիրի 4-րդ կետում նշվող այն գումարները, որոնց վրա տարածվում է արժույթի փոխարկումը (Առդիր 3, կետ 2),
● հիմնական գումարի վճարման որևէ ամսաթվին նախորդող երկու օրացուցային ամսվա ընթացքում Վարկից մասհանված գումարները մարել հիմնական գումարի վճարման յուրաքանչյուր ամսաթվին` սկսած մասհանման ամսաթվին հաջորդող հիմնական գումարի վճարման երկրորդ ամսաթվից (Առդիր 3, կետ 3, ենթակետ «ա»),
● հայտնել Ծրագրի նպատակների իրագործման` ՀՀ հանձնառության մասին և այս նպատակով, Ընդհանուր պայմանների V հոդվածի դրույթների համաձայն, Ծրագիրն իրականացնել գյուղատնտեսության նախարարության (ԳՆ) միջոցով (հոդված III, 3.01),
● չսահմանափակելով Համաձայնագրի 3.01 բաժնի դրույթները, և բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետությունը և Բանկը ձեռք չեն բերում այլ համաձայնություն՝ ապահովել Ծրագրի իրականացումը Համաձայնագրի 2-րդ առդիրի դրույթների համաձայն (հոդված III, 3.02),
● Ծրագրի պատշաճ և արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով Ծրագրի իրականացման ողջ ընթացքում գյուղատնտեսության նախարարության կազմում պահպանել` Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ` Բանկի համար ընդունելի մանդատով, աշխատակազմով, այլ ռեսուրսներով և տեխնիկական առաջադրանքով: Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակը պատասխանատու է Ծրագրի ամենօրյա համակարգման և իրականացման համար (Առդիր 2, Բաժին I, մաս «Ա», կետ 1),
● ապահովել Ծրագրի իրականացումը՝ Հակակոռուպցիոն ուղեցույցների դրույթներին համապատասխան (Առդիր 2, Բաժին I, մաս «Բ»),
● Ընդհանուր պայմանների 5.09-րդ բաժնի դրույթների համաձայն` պահպանել կամ ապահովել ֆինանսական կառավարման համակարգի պահպանումը, չսահմանափակելով վերոհիշյալը` յուրաքանչյուր օրացուցային կիսամյակին հաջորդող քառասունհինգ օրվա ընթացքում կազմել և Բանկին ներկայացնել Ծրագրի` աուդիտ չանցած միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ տվյալ կիսամյակի համար` Բանկի պահանջները բավարարող ձևով և բովանդակությամբ (Առդիր 2, Բաժին II, մաս «Բ», կետեր 1 և 2),
● Ծրագրի համար պահանջվող և Վարկի միջոցներից ֆինանսավորվող բոլոր ապրանքները, աշխատանքները և ոչ խորհրդատվական ծառայությունները ձեռք բերել՝ Գնումների ուղեցույցների I բաժնում նշված պահանջների և Համաձայնագրի 2-րդ առդիրի III բաժնի դրույթների համաձայն (Առդիր 2, Բաժին III, մաս «Ա», կետ 1),
● Ծրագրի համար պահանջվող և Վարկի միջոցների հաշվին ֆինանսավորվող խորհրդատվական բոլոր ծառայությունները ձեռք բերել Խորհրդատուների ուղեցույցների I և IV բաժիններում նշված պահանջների և Համաձայնագրի 2-րդ Առդիրի III բաժնի դրույթների համաձայն (Առդիր 2, Բաժին III, մաս «Ա», կետ 2),
● գնահատել, ուսումնասիրել, հաստատել և մշտադիտարկման ենթարկել Համայնքային հիմնադրամի ենթածրագրերը և Նպատակային ենթածրագրերը, Ծրագրի գործառնական ձեռնարկում և I. Գ բաժնում ամրագրված ընդունելիության չափանիշներին և ընթացակարգերին համապատասխան հատկացնել Համայնքային հիմնադրամի ֆինանսավորում` ընտրված Համայնքային հիմնադրամի շահառուներին և Նպատակային ենթածրագրերի դրամաշնորհներ` ընտրված Նպատակային ենթածրագրերի շահառուներին (Առդիր 2, Բաժին I, մաս «Գ», կետ 1),
● անցկացնել Ծրագրի առաջընթացի մշտադիտարկում և գնահատում (Առդիր 2, Բաժին II, մաս «Ա», կետ 1):
7. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Ծրագիրը, որի համար վարկային միջոցներ են ներգրավվում, հասցեական բնույթ չունի, հստակ չի երևում, թե Հայաստանի Հանրապետության որ համայնքների համար ինչ բնույթի աշխատանքների արդյունքում պետք է ապահովվեն «Լրացուցիչ հմ. 3 նամակի լրացում» վերտառությամբ աղյուսակում ներկայացված ցուցանիշները: Ծրագրի հասցեականության բացակայությունը մեծացնում է նաև վարկային ռեսուրսների օգտագործման ռիսկայնության աստիճանը:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ կառավարությունն առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնի վարկային միջոցների ներգրավման ծրագրային հիմնավորումների հարցին, ինչը կբարձրացնի նաև նման ծրագրերի իրականացման թափանցիկության աստիճանը:
8. Սահմանադրական դատարանը նաև արձանագրում է, որ ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի 2014 թվականի մարտի 26-ի թիվ 11/3 որոշմամբ հաստատված` Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացված ծրագրերի ընթացիկ հաշվետվությամբ արձանագրվել են տարբեր բնույթի խախտումներ:
Սույն գործով քննության առարկա վարկային համաձայնագրի կատարման ընթացքում հնարավոր խախտումները բացառելու համար անհրաժեշտ է հասցեագրված վերահսկողություն վարկային միջոցների նպատակային օգտագործման նկատմամբ։
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2014 թվականի օգոստոսի 6-ին ստորագրված` «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող 16 դեկտեմբերի 2014 թ.
Գ. Հարությունյան
ՍԴՈ-1186