Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1184
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.12.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.12.18/69(1082).1 Հոդ.1178
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
09.12.2014
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
09.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.12.2014

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

9 դեկտեմբերի 2014 թ.

 

2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-ԻՆ ՓԱՐԻԶՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԽԱՂՈՂԻ ԵՎ ԳԻՆՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2001 թվականի ապրիլի 3-ին Փարիզում ստորագրված` Խաղողի և գինու միջազգային կազմակերպություն հիմնադրելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2014 թվականի նոյեմբերի 27-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Խաղողի և գինու միջազգային կազմակերպությունը (այսուհետ՝ ԽՄԿ) ստեղծվել է 2001 թվականի ապրիլի 3-ին Փարիզում կնքված միջազգային համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) հիման վրա, որը հաջորդել է 1924 թվականին ստեղծված Խաղողի և գինու գրասենյակին: Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2004 թվականի հունվարի 1-ից՝ 31-րդ վավերագիրն ավանդապահին հանձնելուց հետո: 2014 թվականի օգոստոսի 27-ի դրությամբ Համաձայնագիրը վավերացրել է 45 պետություն:

Համաձայնագրի անբաժանելի մաս են կազմում թվով երկու հավելվածներ. Հավելված 1՝ «Խաղողի և գինու ոլորտում յուրաքանչյուր անդամ պետության դիրքը որոշելու մեթոդը» և Հավելված 2՝ «Անդամ պետությունների քվեարկելու իրավունքի, պարտադիր ֆինանսական ներդրումների որոշման, ինչպես նաև լեզուների ֆինանսավորման մեթոդները»:

2. Իր իրավասությունների շրջանակում ԽՄԿ-ի նպատակն է.

1) տեղեկացնել իր անդամներին այն միջոցառումների մասին, որոնք կարող են առնչվել խաղողագործության և գինեգործության ոլորտի արտադրողներին, սպառողներին և այլ դերակատարներին,

2) աջակցել՝ միջկառավարական և ոչ կառավարական միջազգային կազմակերպություններին, հատկապես ստանդարտացման գործունեություն իրականացնող կազմակերպություններին,

3) աջակցել գոյություն ունեցող գործելակերպերի և ստանդարտների միջազգային ներդաշնակեցմանը և, անհրաժեշտության դեպքում, նոր միջազգային ստանդարտների նախապատրաստմանը՝ խաղողագործության և գինեգործության արտադրանքի արտադրության և շուկայահանման պայմանները բարելավելու և սպառողների շահերն ապահովելու համար:

3. Նպատակներին հասնելու համար ԽՄԿ-ի գործունեությունը հանգում է հետևյալին.

1) նպաստել գիտատեխնիկական հետազոտություններին և փորձերին և ուղղորդել դրանք իր անդամների կարիքները հոգալու, արդյունքները գնահատելու, որակյալ փորձագետներ հրավիրելու և համապատասխան միջոցների արդյունքները շրջանառելու նպատակով,

2) մշակել առաջարկություններ ու մոնիտորինգի ենթարկել դրանց իրականացումը,

3) աջակցել սպառողների առողջության պաշտպանության և սննդամթերքի անվտանգությանը նպաստելու հարցերում,

4) խրախուսել անդամների միջև համագործակցությունը,

5) իր գործունեության ընթացքում հաշվի առնել անդամ պետություններից յուրաքանչյուրի առանձնահատկությունները՝ կապված գինեգործական ապրանքների արտադրության համակարգերի, ինչպես նաև գինեգործության և գինու ու խաղողի հիմքով ոգելից խմիչքների պատրաստման մեթոդների հետ,

6) պարբերաբար վերագնահատել իր կառույցների ու աշխատանքային ընթացակարգերի արդյունավետությունը:

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

1) կատարել ԽՄԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից՝ յուրաքանչյուր տարի Համաձայնագրի 1-ին և 2-րդ հավելվածների դրույթների կիրառմամբ սահմանված չափով ֆինանսական ներդրում,

2) ներկայացնել իր պատվիրակներին ԽՄԿ-ի Գլխավոր ասամբլեայի կազմում ընդգրկվելու համար՝ ելնելով այն հանգամանքից, որ յուրաքանչյուր անդամ է որոշում իր պատվիրակների թիվը, բայց կարող է ունենալ միայն երկու ձայն, իսկ համապատասխան դեպքերում` նաև լրացուցիչ թվով ձայներ, որոնք հաշվարկվում են օբյեկտիվ չափորոշիչների հիման վրա, որոնցով որոշվում է յուրաքանչյուր անդամ պետության համապատասխան դիրքը խաղողագործության և գինեգործության ոլորտում` Համաձայնագրի 1-ին և 2-րդ հավելվածներում նշված պայմանների ներքո,

3) ապահովել, որ ՀՀ պատվիրակները ներկա լինեն նիստերին,

4) որպես տեղեկատվության և հաղորդակցման աղբյուր, ԽՄԿ-ի դերին նպաստելու համար, պատճառաբանված հարցման դեպքում տրամադրել խաղողագործության և գինեգործության ոլորտին առնչվող տվյալներ և տեղեկատվություն:

5. Սույն Համաձայնագրով ստանձնված պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածով նախատեսված պահանջներին:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2001 թվականի ապրիլի 3-ին Փարիզում ստորագրված` Խաղողի և գինու միջազգային կազմակերպություն հիմնադրելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

9 դեկտեմբերի 2014 թ.
ՍԴՈ-1184