ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 2014 թվականի N 1397-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 978-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 978-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
1) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.
«3.1. Սույն կարգի դրույթներին համապատասխան ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացին մասնակցելու համար ուսումնական հաստատությունները պետք է դիմեն մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը:».
2) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Ինստիտուցիոնալ հավատարմագիրը տրվում է 4 կամ 6 տարի ժամկետով: Ուսումնական հաստատությունն ստանում է հավատարմագրում` 4 տարի ժամկետով, եթե փորձագիտական զեկույցում նշված թերությունները ոչ էական են՝ ցածր ռիսկայնությամբ, ոչ հրատապ և կարող են վերացվել 4 տարվա ընթացքում: 4 տարի ժամկետով հավատարմագրում շնորհելու վերաբերյալ որոշման հրապարակումից հետո երկամսյա ժամկետում ուսումնական հաստատությունը ՈԱԱԿ է ներկայացնում փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման գործողությունների` հաստատության կողմից հաստատված ծրագիրը և համապատասխան ժամանակացույցը: Հավատարմագրում ստացած ուսումնական հաստատությունը պարտավոր է յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ իրականացնել ինստիտուցիոնալ ներքին գնահատում և արդյունքները ներկայացնել ՈԱԱԿ:».
3) 12.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12.1. Պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում տրվում է 2 տարի ժամկետով, եթե փորձագիտական զեկույցում նշված թերություններն էական են՝ բարձր ռիսկայնությամբ, և դրանց վերացումը հրատապ է, սակայն դրանք կարող են վերացվել 2 տարվա ընթացքում: 2 տարի ժամկետով պայմանական հավատարմագրում շնորհելու վերաբերյալ որոշման հրապարակումից հետո երկամսյա ժամկետում ուսումնական հաստատությունը ՈԱԱԿ է ներկայացնում փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման գործողությունների` հաստատության կողմից հաստատված ծրագիրը և համապատասխան ժամանակացույցը:».
4) 13-րդ կետում «պայմանական հավատարմագրման ժամկետի ավարտից հետո» բառերը փոխարինել «2 տարի հետո» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. դեկտեմբերի 17 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|