Գլխավոր տեղեկություն
Համար
N 197-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.04.20/22(825) Հոդ.274
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.03.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 մարտի 2011 թվականի N 197-Ն

 

ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԴԻՊԼՈՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 10-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. մարտի 11
Երևան

 

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2011 թվականի

մարտի 3-ի N 197-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԴԻՊԼՈՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների (այսուհետ` շրջանավարտ) պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննություններ հանձնելու ընդհանուր պայմանները:

2. Շրջանավարտների` ըստ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի (բակալավր և մագիստրոս) և մասնագիտությունների ամփոփիչ ատեստավորման քննությունների հանձնումը կազմակերպվում է 2011 թվականից մինչև 2016/2017 ուսումնական տարվա ավարտը:

(2-րդ կետը փոփ. 06.11.14 N 1218-Ն)

3. Մագիստրոսի կրթական ծրագրով ամփոփիչ ատեստավորման քննություններին (ավարտական թեզի պաշտպանությանը) կարող են մասնակցել միայն մագիստրոսի ոչ պետական ավարտական փաստաթուղթ (դիպլոմ) և համապատասխան որակավորում ունեցող շրջանավարտները:

4. Շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման ու անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարն ստեղծում է ընդունող հանձնաժողով և հաստատում քննությունների կազմակերպման ընթացակարգը:

5. Ամփոփիչ ատեստավորման քննություններ հանձնելու նպատակով շրջանավարտները մինչև տվյալ տարվա ապրիլի 15-ը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն (այսուհետ՝ նախարարություն) են ներկայացնում`

1) քննությունների մասնակցության մասին դիմում-հայտ, որը նշված ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չէ.

2) ավարտական փաստաթղթի (դիպլոմի) ու ներդիրի (միջուկի) բնօրինակը և պատճենը.

3) անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, զինվորական գրքույկ, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը և պատճենը.

4) 2 լուսանկար (3 X 4 չափսի):

(5-րդ կետը փոփ. 06.11.14 N 1218-Ն)

6. Շրջանավարտն ամփոփիչ ատեստավորման քննությունները` ըստ մասնագիտությունների և նախարարության սահմանած մասնագիտական-առարկայական ծրագրերի, տվյալ տարվա ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման ժամանակահատվածում հանձնում է պետական կամ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում, որոնց ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանով:

7. Սույն կարգի 6-րդ կետում նշված բարձրագույն ուսումնական հաստատությունները քննությունները կազմակերպելու և անցկացնելու նպատակով շրջանավարտից (բացառությամբ «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Զինապարտության մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված արտոնություններից օգտվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների) կարող են գանձել ծառայության վճար:

8. Մագիստրոսի կրթական ծրագրով շրջանավարտների ավարտական թեզի պաշտպանության ժամկետը, ընդունող հանձնաժողովի առաջարկությամբ, հաստատվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանով:

9. Տվյալ բուհի համապատասխան մասնագիտության գծով ձևավորվում է մեկ միասնական ամփոփիչ ատեստավորման հանձնաժողով: Հանձնաժողովները յուրաքանչյուր տարի կազմվում են ըստ կրթական ծրագրերի և մասնագիտությունների՝ ոչ ուշ, քան դրանց աշխատանքներն սկսվելուց երկու շաբաթ առաջ և գործում են միայն տվյալ ուսումնական տարվա համար նախատեսվող քննաշրջանի ժամկետներում:

10. Յուրաքանչյուր մասնագիտության գծով ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահին (ոչ տվյալ բուհի աշխատող) և անդամներին նշանակում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը՝ գիտական կազմակերպությունների, պետական և ոչ պետական հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտական աստիճան և կոչում ունեցող` տվյալ բուհի հաստիքային աշխատողների կազմից:

11. Ամփոփիչ ատեստավորման քննություններն անցկացվում են բանավոր (համապատասխան հարցման թերթում շրջանավարտը պարտադիր գրի է առնում իր պատասխանը):

12. Յուրաքանչյուր առարկայից ամփոփիչ ատեստավորման քննության, ինչպես նաև ավարտական թեզի (դիպլոմային նախագծի) պաշտպանության տևողությունը չպետք է գերազանցի 45 րոպեն: Քննությունների արդյունքները գնահատվում (գերազանց, լավ, բավարար, անբավարար) և հայտարարվում են նույն օրը` ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նիստի արձանագրության կազմումից հետո:

13. Ամփոփիչ ատեստավորման քննություններից դրական գնահատական ստացած (ավարտական թեզը պաշտպանած) շրջանավարտին ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի որոշմամբ շնորհվում է ստացած մասնագիտությանը համապատասխան որակավորում: Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո հանձնաժողովի նախագահը մեկ շաբաթվա ընթացքում հաշվետվություն է ներկայացնում նախարարություն՝ վերջինիս կողմից տվյալների ամփոփման և համապատասխան բուհերի պետական նմուշի դիպլոմի շնորհման համար (պահպանելով նախկին դիպլոմի ներդիրի ընթացիկ գնահատականները):

14. Ամփոփիչ ատեստավորման քննություններից անբավարար գնահատական ստացած շրջանավարտին նույն ուսումնական տարվա ընթացքում քննությունների վերահանձնում չի թույլատրվում:

(հավելվածը փոփ. 06.11.14 N 1218-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան