Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 309-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.02.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.12.15/32(511) Հոդ.323
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
18.11.2014
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.11.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.02.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 դեկտեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 05014546

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

18 նոյեմբերի 2014 թ.

թիվ 309-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի ԹԻՎ 166-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով միասնականացնել ընկերությունների կողմից տեղեկատվական ամփոփագրերի միջոցով հրապարակվող տեղեկատվության կառուցվածքը և սպառողների համար հեշտացնել իրենց մատուցվող ֆինանսական ծառայությունների միջև համեմատություն կատարելու և տեղեկացված որոշում կայացնելու գործընթացը,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 3-րդ մասերը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի ««Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, Կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03» հաստատելու մասին» թիվ 166-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, Կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

1) Կանոնակարգը լրացնել նոր 2.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«2.1 Սույն կանոնակարգով սահմանված կանոնները կիրառվում են սպառողական վարկերի վրա, եթե այլ բան նախատեսված չէ սույն կանոնակարգի 7.1-րդ գլխով:»,

2) Կանոնակարգի 3-րդ կետը լրացնել նոր 27-րդ և 28-րդ ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«27) «Սպառողական վարկի էական պայմանների ընդհանրական թերթիկ (այսուհետ՝ Ընդհանրական թերթիկ)»՝ փաստաթուղթ, որով սահմանվում են տվյալ սպառողական վարկի գծով բոլոր հաճախորդների համար կիրառելի՝ վարկի էական պայմանները, սակագները, սպառողի իրավունքներն ու պարտավորությունները և ժամանակին չկատարելու դեպքում բացասական հետևանքները:

28) «Սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ (այսուհետ՝ Անհատական թերթիկ)»՝ փաստաթուղթ, որով սահմանվում են տվյալ սպառողական վարկի գծով վարկային պայմանագրի կնքման դեպքում տվյալ սպառողի համար կիրառելի՝ վարկի էական պայմանները, սակագները, սպառողի իրավունքներն ու պարտավորությունները և ժամանակին չկատարելու դեպքում բացասական հետևանքները:»,

3) Կանոնակարգի 4-րդ կետի 1-ին ենթակետը «Ֆինանսական օգնական համակարգի,» բառերից հետո լրացնել «, Ընդհանրական թերթիկի» բառերով,

4) Կանոնակարգի 4-րդ կետի 3-րդ ենթակետը «եզրերի» բառից հետո լրացնել «(օրինակ՝ ընկերությունները խուսափեն այնպիսի բառերի օգտագործումից, ինչպիսին «կետանց» բառն է)» բառերով,

5) Կանոնակարգը լրացնել նոր գլուխ 7.1-ով՝ հետևյալ բովանդակությամբ.

 

«ԳԼՈՒԽ 7.1. ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ

 

43.1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը և վարկային կազմակերպությունները բոլոր սպառողների համար յուրաքանչյուր սպառողական վարկի էական պայմանների վերաբերյալ տեղեկությունները հրապարակում են առանձին թերթիկի ձևով` համաձայն Հավելված 15-ի (վարկային գծերի (օվերդրաֆտների) դեպքում՝ համաձայն Հավելված 17-ի), ապահովում են դրա առկայությունը և հասանելիությունը ընկերության ինտերնետային կայքում և գործունեության վայրում ու տրամադրում են հաճախորդի կողմից դրսևորված հետաքրքրության և (կամ) պահանջի դեպքում:

43.2. Ընդհանրական թերթիկը ներառում է հետևյալ տեղեկությունները.

1) ընկերության լրիվ անվանումը և կապի միջոցները (հեռախոսահամար, հասցե, էլեկտրոնային փոստի հասցե),

2) վարկի էական պայմանները, այդ թվում՝

ա. վարկի տեսակը,

բ. վարկի գումարի նվազագույն և առավելագույն սահմանաչափերը,

գ. վարկի տրամադրման նվազագույն և առավելագույն ժամկետները,

դ. վարկի անվանական և փաստացի տարեկան տոկոսադրույքները: Ընդ որում` տրվում է աչքի ընկնող և առանձնացված ձևով նշում, որում բացատրվում է անվանական և տարեկան փաստացի տոկոսադրույքների տարբերությունը,

3) եթե վարկառուի պարտավորությունների կատարումն ապահովված է գրավով և (կամ) երաշխավորությամբ, ապա ապահովվածության մասում նշվում է՝

ա. գրավի տեսակը,

բ. երաշխավորության մասին,

4) այլ պայմանները, այդ թվում՝

ա. «վարկ հարաբերած գրավի արժեք» առավելագույն ցուցանիշը՝ տոկոսային արտահայտությամբ (գրավի առկայության դեպքում),

բ. մայր գումարի և տոկոսագումարների մարումների հաճախականությունը (չի կիրառվում վարկային գծերի (օվերդրաֆտների) դեպքում),

գ. վարկով ձեռք բերվող ապրանքի, ծառայության կամ աշխատանքի կատարման համար վճարվող կանխավճարի և վարկի գումարի տոկոսով արտահայտված հարաբերության նվազագույն և առավելագույն մեծությունները (չի կիրառվում վարկային գծերի (օվերդրաֆտների) դեպքում),

դ. վարկային գծերի (օվերդրաֆտների) դեպքում՝ արտոնյալ ժամկետը («գրեյս պերիոդ»), հաշվի նվազագույն շարժը և վճարման կարգը, չօգտագործված միջոցների դիմաց հաշվարկված տոկոսադրույքը,

5) վարկառուի կողմից ընկերության պարտադիր վճարման ենթակա վճարների չափը և պարբերականությունը,

6) վարկառուի իրավունքներ մասում ներկայացվում են տեղեկություններ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կրեդիտավորման պայմանագիրը լուծելու՝ սպառողի իրավունքի և 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու՝ սպառողի իրավունքի վերաբերյալ,

7) վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում հնարավոր բացասական հետևանքները մասում ներկայացվում է պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում տույժերի չափը և կիրառման դեպքերը, ինչպես նաև նշում վարկառուի կողմից պարտավորությունների կատարման դեպքում մարումների հերթականության և այլ հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ, այդ թվում՝

ա. գրավի առարկայի բռնագանձման վերաբերյալ,

բ. վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում վարկառուի այլ գույքի հաշվին պարտավորությունների մարման հնարավորության վերաբերյալ,

գ. վարկառուի վերաբերյալ տեղեկատվությունը «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով վարկային բյուրոյին տրամադրման վերաբերյալ,

8) վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը,

9) ընկերության կողմից վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետը, վարկային հայտ ներկայացնողին որոշման մասին տեղեկացնելու և վարկը վարկառուին տրամադրելու ժամկետը,

10) երաշխավորության վերաբերյալ բացատրական տեղեկատվությունը:

43.3 Ընդհանրական թերթիկում տվյալները լրացվում են լրացման ուղեցույցի օգնությամբ՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 16-ի: Վարկային գծերի (օվերդրաֆտների) դեպքում Ընդհանրական թերթիկը լրացվում է՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 18-ի: Լրացման ուղեցույցը նախատեսված է միայն ընկերության համար և չի տրամադրվում վարկառուին:

43.4 Եթե Ընդհանրական թերթիկում նշված վարկն ունի գործողության ժամկետ, ապա Ընդհանրական թերթիկի դիմային էջում նշվում է այն ժամանակահատվածը, որի ընթացքում տվյալ պայմաններն ուժի մեջ են: Եթե Ընդհանրական թերթիկի հրապարակման պահին հայտնի չէ, թե նշված վարկը մինչև որ ժամկետը կգործի, ապա Ընդհանրական թերթիկի դիմային էջի վրա նշվում է հրապարակման ամիսը և տարեթիվը:

43.5 Ընկերությունը չի կարող փոխել Ընդհանրական թերթիկի տեքստը և դիզայնը, սակայն կարող է ավելացնել իր լոգոն՝ ելնելով մարքետինգային քաղաքականությունից:

43.6 Ընկերությունը սպառողին տվյալ վարկի գծով, բացի սույն կանոնակարգի 43.2 կետով սահմանված տեղեկատվությունից, լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելու դեպքում այն կցում է Ընդհանրական թերթիկին:

43.7 Ընդհանրական թերթիկը յուրաքանչյուր վարկատեսակի համար առանձին է: Միասնական մեկ թերթիկի ձևով ներկայացնելու դեպքում թերթիկը պարունակում է յուրաքանչյուր վարկի վերաբերյալ օրենքով և սույն կանոնակարգով սահմանված տեղեկատվությունը առանձին:

43.8 Ընդհանրական թերթիկում սպառողական վարկի էական պայմանների փոփոխության դեպքում դրանք տեղադրվում (փակցվում) են գործունեության վայրում ոչ ուշ, քան այդ պայմանների կամ դրանցում փոփոխությունների ուժի մեջ մտնելը:

43.9 Ընկերությունը վարկային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո նախքան վարկային պայմանագրի կնքումը սպառողին տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի»,

6) Կանոնակարգի 49-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ`

«3) Սպառողական վարկերի գծով՝

ա. վարկի ձևակերպման վայրը (բանկո՞ւմ, թե՞ առևտրի կետերում, գլխամասո՞ւմ, թե՞ մասնաճյուղում),

բ. հայտարարություն այն մասին, որ ընկերությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի»,

7) Կանոնակարգի 57-րդ կետը լրացնել նոր 7-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«7) հայտարարություն այն մասին, որ ընկերությունը վարկային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:»,

8) Կանոնակարգը լրացնել Հավելված 15-ով, 16-ով, 17-ով և 18-ով` համաձայն սույն որոշման` համապատասխանաբար Հավելված 1-ի, Հավելված 2-ի, Հավելված 3-ի և Հավելված 4-ի (կցվում են):

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի փետրվարի 1-ին:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2014 թ. նոյեմբերի 20

Երևան

 

Հավելված 1
«Հավելված 15

 

Ներմուծեք նկարագրությունը_5831

 

Ներմուծեք նկարագրությունը_5868

»:

 

Հավելված 2
«Հավելված 16

 

Սպառողական վարկի էական պայմանների ընդհանրական թերթիկի (այսուհետ՝ Ընդհանրական թերթիկ) լրացման ուղեցույց

 

Սույն ուղեցույցը չի տրամադրվում վարկառուին:

 

1. Ընդհանրական թերթիկը տրամադրվում է միայն 10,000,000 ՀՀ դրամը չգերազանցող վարկերի համար:

2. «Գործողության սկիզբ» և «Ավարտ» տողերում լրացվում է տվյալ թերթիկի պայմանների գործողության սկիզբը և ավարտը` օր/ամիս/տարի ձևաչափով: Գործողության ժամկետներ սահմանված չլինելու դեպքում լրացվում է՝ Չի սահմանվում:

3. «1. Վարկատուի վերաբերյալ» վանդակում լրացվում է վարկատուի անվանումը, կազմակերպաիրավական տեսակը, փոստային հասցեն(երը) (օրինակ՝ ՀՀ, ք.Երևան, Նորք-Մարաշ, Աբգ 11), հեռախոսահամար(ներ)ը (օրինակ՝ +(37410) 123456) և էլեկտրոնային հասցեն(երը), որոնցով վարկառուն կարող է սպառիչ տեղեկություններ ստանալ տրամադրվող վարկի վերաբերյալ: Ընդ որում, եթե առկա է կենտրոնացված թեժ գիծ, ապա նշվում է թեժ գծի հեռախոսահամարը, եթե ոչ՝ նշվում է այն հեռախոսահամարը, որի միջոցով վարկառուն կարող է առանց խոչընդոտների կապ հաստատել վարկատուի հետ:

4. «2.1 Վարկի անվանում» տողում լրացվում է վարկատուի կողմից տրամադրվող սպառողական վարկի անվանումը և տեսակը: Օրինակ՝ «Էքսպրես վարկ» սպառողական վարկ:

5. «2.2 Վարկի գումար» տողում լրացվում են վարկի գումարի նվազագույն և առավելագույն արժեքները: Օրինակ՝ 500,000-10,000,000: Վարկի նվազագույն չափ սահմանված չլինելու դեպքում լրացվում է` առավելագույնը «սահմանված առավելագույն գումարը»: Օրինակ՝ առավելագույնը 10,000,000: Վարկի առավելագույն չափ սահմանված չլինելու դեպքում լրացվում է՝ սկսած «սահմանված նվազագույն գումարից»: Օրինակ՝ սկսած 500,000-ից:

6. «2.3 Վարկի ժամկետ» տողում լրացվում են վարկի նվազագույն և առավելագույն ժամկետները ամիսներով: Օրինակ՝ 3-24: Վարկի նվազագույն ժամկետ սահմանված չլինելու դեպքում լրացվում է՝ առավելագույնը «սահմանված առավելագույն ժամկետը»: Օրինակ՝ առավելագույնը 24: Վարկի առավելագույն ժամկետ սահմանված չլինելու դեպքում լրացվում է՝ սկսած «սահմանված նվազագույն ժամկետից»: Օրինակ՝ սկսած 3-ից:

7. «2.4 Տարեկան անվանական % (ՏԱՏ)» տողում լրացվում է վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը: Տվյալ վարկի համար տոկոսադրույքների նվազագույն և առավելագույն արժեքներ սահմանված լինելու դեպքում լրացվում է ՏԱՏ-ի նվազագույն և առավելագույն արժեքները: Օրինակ՝ 11-15:

8. «2.5 Տարեկան փաստացի % (ՏՓՏ)» տողում լրացվում է վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը: Այն դեպքում, երբ ՏԱՏ-ի և 5.1-5.6-րդ կետերով սահմանված վճարների համար լրացվել է նվազագույն և առավելագույն արժեքներ, ապա լրացվում են ՏՓՏ-ի նվազագույն և առավելագույն արժեքները: Օրինակ՝ 25,4-40:

9. «3.1 Գրավ» տողում լրացվում է վարկի ապահովման միջոց հանդիսացող գրավի տեսակ(ներ)ը և դրա(նց) նկատմամբ պահանջները: Օրինակ՝ ռուսական՝ երկրորդային շուկայից ձեռքբերվող ավտոմեքենա: Վարկի գրավի պահանջի բացակայության դեպքում համապատասխան տողում լրացվում է` Չի պահանջվում:

10. «3.2 Երաշխավորություն» տողում լրացվում է երաշխավոր անձի (անձանց) թիվը և նրա (նրանց) նկատմամբ պահանջները: Օրինակ՝ 2 ֆիզիկական անձ, որոնք վերջին 5 տարում ունեցել են լավ վարկային պատմություն: Երաշխավորի բացակայության դեպքում համապատասխան տողում լրացվում է` Չի պահանջվում:

11. «4.1 Վարկ/գրավ հարաբերակցություն» տողում լրացվում է «Վարկ հարաբերած գրավի արժեք» առավելագույն ցուցանիշը՝ տոկոսային արտահայտությամբ: Օրինակ՝ առավելագույնը 80: Վարկի գրավի պահանջի բացակայության դեպքում համապատասխան տողում դրվում է` Չի պահանջվում:

12. «4.2. Մայր գումարի մարումների հաճախականություն» և «4.2 Տոկոսագումարի մարումների հաճախականություն» տողերում համապատասխանաբար լրացվում են վարկի մայր գումարի և տոկոսագումարի մարման պարբերականությունները (ամսական, եռամսյակային, կիսամյակային, տարեկան և այլ): Եթե վարկատուի կողմից նախատեսված է վարկի մարման «այլ» պարբերականություն, ապա նշվում է պարբերականությունը և ձևը:

13. «4.3 Կանխավճար/վարկ հարաբերակցություն» տողում լրացվում են վարկի կանխավճարի նվազագույն և առավելագույն արժեքները՝ տոկոսային արտահայտությամբ: Օրինակ՝ 40-80: Կանխավճարի չափ սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում: Վարկի կանխավճարի նվազագույն չափ սահմանված չլինելու դեպքում լրացվում է` առավելագույնը «սահմանված առավելագույն արժեքը»: Օրինակ՝ առավելագույնը 80: Վարկի կանխավճարի առավելագույն չափ սահմանված չլինելու դեպքում լրացվում է՝ սկսած «սահմանված նվազագույն արժեքից»: Օրինակ՝ սկսած 40-ից:

14. «5.1 Վարկային հայտի ուսումնասիրության» տողում լրացվում է տվյալ վճարի գանձման չափը` որպես բացարձակ գումար կամ որպես տոկոս (մայր գումարի նկատմամբ) և պարբերականությունը (միանվագ): Օրինակ՝ 25,000 ՀՀ դրամ, միանվագ կամ 5% մայր գումարի նկատմամբ, միանվագ: Վարկային հայտի ուսումնասիրության վճար սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

15. «5.2 Վարկի սպասարկման» տողում լրացվում է տվյալ վճարի գանձման չափը՝ որպես բացարձակ գումար կամ որպես տոկոս (մայր գումարի, մնացորդի նկատմամբ) և պարբերականությունը (ամսական, տարեկան և այլն): Օրինակ՝ 125,000 ՀՀ դրամ, տարեկան կամ 5% մնացորդի նկատմամբ, տարեկան: Վարկի սպասարկման վճար սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

16. «5.3 Գրավի գնահատման» տողում լրացվում է տվյալ վճարի գանձման չափը՝ որպես բացարձակ գումար կամ որպես տոկոս (մայր գումարի նկատմամբ) և պարբերականությունը (միանվագ): Օրինակ՝ 10,000 ՀՀ դրամ, միանվագ կամ 5% մայր գումարի նկատմամբ, միանվագ: Գրավի բացակայության կամ գրավի գնահատման պահանջ սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

17. «5.4 Նոտարական վավերացման» տողում լրացվում է տվյալ վճարի գանձման չափը՝ որպես բացարձակ գումար կամ որպես տոկոս (մայր գումարի նկատմամբ) և պարբերականությունը (միանվագ): Օրինակ՝ 15,000 ՀՀ դրամ, միանվագ կամ 5% մայր գումարի նկատմամբ, միանվագ: Նոտարական վավերացման պահանջ սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

18. «5.5 Գրավի ապահովագրության» տողում լրացվում է տվյալ վճարի գանձման չափը՝ որպես բացարձակ գումար կամ որպես տոկոս (մայր գումարի, մնացորդի, գույքի արժեքի, մնացորդի և տոկոսագումարների նկատմամբ), և պարբերականությունը (միանվագ, տարեկան և այլն): Օրինակ՝ 250,000 ՀՀ դրամ, տարեկան: Գրավի բացակայության կամ գրավի ապահովագրման պահանջ սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

19. «5.6 Այլ միջնորդավճարներ» տողում այլ միջնորդավճարների առկայության դեպքում լրացվում է տվյալ վճարի անվանումը, գանձման չափը և պարբերականությունը: Այլ միջնորդավճարներ սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

20. Եթե 5.1-5.6-րդ կետերով սահմանված վճարների համար հնարավոր չէ լրացնել վճարի չափը, ապա համապատասխան տողում լրացվում են տվյալ վճարի նվազագույն և առավելագույն արժեքները:

21. «5.7 Ընդամենը այլ վճարներ» տողում լրացվում է այլ վճարների ընդհանուր գումարը: Օրինակ՝ 560,000 ՀՀ դրամ: Այն դեպքում, երբ ՏՓՏ-ի և 5.1-5.6-րդ կետերով սահմանված վճարների համար լրացվել է նվազագույն և առավելագույն արժեքներ, ապա լրացվում են այլ վճարների ընդհանուր գումարի նվազագույն և առավելագույն արժեքները:

22. «7.1 Վարկի մայր գումարը չվճարելու դեպքում» տողում լրացվում է տվյալ վարկի մայր գումարը չվճարելու դեպքում կիրառվող տույժ/տուգանքի չափը և կիրառման դեպքերը: ՝ 3 և ավել աշխատանքային օր ուշացման դեպքում` ժամկետանց վարկի մնացորդի 2%, օրական:

23. «7.2 Տոկոսագումարները չվճարելու դեպքում» տողում լրացվում է տվյալ վարկի տոկոսագումարները չվճարելու դեպքում կիրառվող տույժ/տուգանքի չափը և կիրառման դեպքերը: Օրինակ՝ ժամկետանց վարկի մնացորդի 0.1%, օրական:

24. «7.3 Այլ վճարները չկատարելու դեպքում» տողում լրացվում են տվյալ վարկի գծով պարտավորությունների չկատարման դեպքում կիրառվող այլ տույժ/տուգանքները և դրանց չափը: Այլ տույժ/տուգանք սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

25. «8. Փաստաթղթերի ցանկ» մասում լրացվում են այն հիմնական փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են վարկի ստացման համար:

26. «9. Վարկային հայտ» մասում լրացվում է վարկատուի կողմից վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետը օրերով, վարկային հայտ ներկայացնողին որոշման մասին տեղեկացնելու և վարկատուի կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո վարկը վարկառուին տրամադրելու ժամկետը օրերով:»:

 

Հավելված 3
«Հավելված 17

 

Ներմուծեք նկարագրությունը_5869

 

 

Ներմուծեք նկարագրությունը_5893

»:

 

Հավելված 4
«Հավելված 18

 

Վարկային գծի (օվերդրաֆտի) էական պայմանների ընդհանրական թերթիկի (այսուհետ՝ Ընդհանրական թերթիկ) լրացման ուղեցույց

 

Սույն ուղեցույցը չի տրամադրվում վարկառուին:

 

1. Ընդհանրական թերթիկը տրամադրվում է միայն 10,000,000 ՀՀ դրամը չգերազանցող վարկերի համար:

2. «Գործողության սկիզբ» և «Ավարտ» տողերում լրացվում է տվյալ թերթիկի պայմանների գործողության սկիզբը և ավարտը՝ օր/ամիս/տարի ձևաչափով: Գործողության ժամկետներ սահմանված չլինելու դեպքում լրացվում է՝ Չի սահմանվում:

3. «1. Վարկատուի վերաբերյալ» վանդակում լրացվում է վարկատուի անվանումը, կազմակերպաիրավական տեսակը, փոստային հասցեն(երը) (օրինակ՝ ՀՀ, ք. Երևան, Նորք-Մարաշ, Աբգ 11), հեռախոսահամար(ներ)ը (օրինակ՝ +(37410) 123456) և էլեկտրոնային հասցեն(երը), որոնցով վարկառուն կարող է սպառիչ տեղեկություններ ստանալ տրամադրվող վարկի վերաբերյալ: Ընդ որում, եթե առկա է կենտրոնացված թեժ գիծ, ապա նշվում է թեժ գծի հեռախոսահամարը, եթե ոչ՝ նշվում է այն հեռախոսահամարը, որի միջոցով վարկառուն կարող է առանց խոչընդոտների կապ հաստատել վարկատուի հետ:

4. «2.1 Վարկի անվանում» տողում լրացվում է վարկատուի կողմից տրամադրվող սպառողական վարկի անվանումը և տեսակը: Օրինակ՝ «Էքսպրես» վերականգնվող վարկային գիծ:

5. «2.2 Վարկի գումար» տողում լրացվում են վարկի գումարի նվազագույն և առավելագույն արժեքները: Օրինակ՝ 500,000-10,000,000 ՀՀ դրամ կամ աշխատավարձի մինչև 200%-ը, բայց առավելագույնը 250.000 ՀՀ դրամ: Վարկի նվազագույն չափ սահմանված չլինելու դեպքում լրացվում է` առավելագույնը «սահմանված առավելագույն գումարը»: Օրինակ՝ առավելագույնը 10,000,000 ՀՀ դրամ: Վարկի առավելագույն չափ սահմանված չլինելու դեպքում լրացվում է՝ սկսած «սահմանված նվազագույն գումարից»: Օրինակ՝ սկսած 500,000 ՀՀ դրամից: Ապահովվածությամբ օվերդրաֆտների դեպքում լրացվում է

6. «2.3 Վարկի ժամկետ» տողում լրացվում է վարկի նվազագույն և առավելագույն ժամկետները ամիսներով: Օրինակ՝ 3-24: Վարկի նվազագույն ժամկետ սահմանված չլինելու դեպքում լրացվում է՝ առավելագույնը «սահմանված առավելագույն ժամկետը»: Օրինակ՝ առավելագույնը 24: Վարկի առավելագույն ժամկետ սահմանված չլինելու դեպքում լրացվում է՝ սկսած «սահմանված նվազագույն ժամկետից»: Օրինակ՝ սկսած 3-ից:

7. «2.4 Տարեկան անվանական % (ՏԱՏ)» տողում լրացվում է վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը: Տվյալ վարկի համար տոկոսադրույքների նվազագույն և առավելագույն արժեքներ սահմանված լինելու դեպքում լրացվում է ՏԱՏ-ի նվազագույն և առավելագույն արժեքները: Օրինակ՝ 11-15:

8. «2.5 Տարեկան փաստացի % (ՏՓՏ)» տողում լրացվում է վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը: Այն դեպքում, երբ ՏԱՏ-ի և 5.1-5.6-րդ կետերով սահմանված վճարների համար լրացվել է նվազագույն և առավելագույն արժեքներ, ապա լրացվում են ՏՓՏ-ի նվազագույն և առավելագույն արժեքները: Օրինակ՝ 25,4-40:

9. «3.1 Գրավ» տողում լրացվում է վարկի ապահովման միջոց հանդիսացող գրավի տեսակ(ներ)ը և դրա(նց) նկատմամբ պահանջները: Օրինակ` ռուսական` երկրորդային շուկայից ձեռքբերվող ավտոմեքենա: Վարկի գրավի պահանջի բացակայության դեպքում համապատասխան տողում լրացվում է` Չի պահանջվում:

10. «3.2 Երաշխավորություն» տողում լրացվում են երաշխավոր անձի (անձանց) թիվը և նրա (նրանց) նկատմամբ պահանջները: Օրինակ՝ 2 ֆիզիկական անձ, որոնք վերջին 5 տարում ունեցել են լավ վարկային պատմություն: Երաշխավորի բացակայության դեպքում համապատասխան տողում լրացվում է` Չի պահանջվում:

11. «4.1 Վարկ/գրավ հարաբերակցություն» տողում լրացվում է «Վարկ հարաբերած գրավի արժեք» առավելագույն ցուցանիշը՝ տոկոսային արտահայտությամբ: Օրինակ՝ առավելագույնը 80: Վարկի գրավի պահանջի բացակայության դեպքում համապատասխան տողում դրվում է` Չի պահանջվում:

12. «4.2. Արտոնյալ ժամկետ (Գրեյս պերիոդ)» տողում լրացվում է վարկի համար սահմանված արտոնյալ ժամկետը և կիրառման դեպքը: Օրինակ՝ վարկի կանխիկացմանը հաջորդող 15 օրվա ընթացքում վարկը օգտագործելու դեպքում տոկոսագումար չի գանձվում կամ վարկի կանխիկացումից հետո մինչև հաջորդ ամսվա 20-ը վարկը օգտագործելու դեպքում տոկոսագումար չի գանձվում: Արտոնյալ ժամկետ սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի սահմանվում:

13. «4.3 Հաշվի նվազագույն շարժ և վճարման կարգ» տողում լրացվում է հաշվի նվազագույն շարժը՝ որպես բացարձակ գումար կամ որպես տոկոս և այդ գումարի վճարման կարգը (պարբերականությունը): Օրինակ՝ 10,000 ՀՀ դրամ կամ 5% օգտագործված մասի նկատմամբ վճարում մինչև հաջորդ ամսվա 10-ը: Հաշվի նվազագույն շարժ սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

14. «4.4 Չօգտագործված մասի դիմաց հաշվարկվող %» տողում լրացվում է վարկի չօգտագործված մասի դիմաց հաշվարկվող տոկոսադրույքը: Օրինակ՝ 13: Չօգտագործված մասի դիմաց հաշվարկվող % սահմանված չլինելու դեպքում լրացվում է՝ Չի սահմանվում:

15. «5.1 Վարկային հայտի ուսումնասիրության» տողում լրացվում է տվյալ վճարի գանձման չափը` որպես բացարձակ գումար կամ որպես տոկոս (մայր գումարի նկատմամբ) և պարբերականությունը (միանվագ): Օրինակ՝ 25,000 ՀՀ դրամ, միանվագ կամ 5% մայր գումարի նկատմամբ, միանվագ: Վարկային հայտի ուսումնասիրության վճար սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

16. «5.2 Վարկի սպասարկման» տողում լրացվում է տվյալ վճարի գանձման չափը՝ որպես բացարձակ գումար կամ որպես տոկոս (մայր գումարի, մնացորդի նկատմամբ) և պարբերականությունը (ամսական, տարեկան և այլն): Օրինակ՝ 125,000 ՀՀ դրամ, տարեկան կամ 5% մնացորդի նկատմամբ, տարեկան: Վարկի սպասարկման վճար սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

17. «5.3 Գրավի գնահատման» տողում լրացվում է տվյալ վճարի գանձման չափը՝ որպես բացարձակ գումար կամ որպես տոկոս (մայր գումարի նկատմամբ) և պարբերականությունը (միանվագ): Օրինակ՝ 10,000 ՀՀ դրամ, միանվագ կամ 5% մայր գումարի նկատմամբ, միանվագ: Գրավի բացակայության կամ գրավի գնահատման պահանջ սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

18. «5.4 Նոտարական վավերացման» տողում լրացվում է տվյալ վճարի գանձման չափը՝ որպես բացարձակ գումար կամ որպես տոկոս (մայր գումարի նկատմամբ) և պարբերականությունը (միանվագ): Օրինակ՝ 15,000 ՀՀ դրամ, միանվագ կամ 5% մայր գումարի նկատմամբ, միանվագ: Նոտարական վավերացման պահանջ սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

19. «5.5 Գրավի ապահովագրության» տողում լրացվում է տվյալ վճարի գանձման չափը՝ որպես բացարձակ գումար կամ որպես տոկոս (մայր գումարի, մնացորդի, գույքի արժեքի, մնացորդի և տոկոսագումարների նկատմամբ), և պարբերականությունը (միանվագ, տարեկան և այլն): Օրինակ՝ 250,000 ՀՀ դրամ, տարեկան: Գրավի բացակայության կամ գրավի ապահովագրման պահանջ սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

20. «5.6 Քարտի սպասարկման» տողում լրացվում է տվյալ վճարի գանձման չափը՝ որպես բացարձակ գումար և պարբերականությունը (ամսական, տարեկան և այլն): Օրինակ՝ 10,000 ՀՀ դրամ, տարեկան: Քարտի սպասարկման վճար սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

21. «5.7 Կանխիկացման (վարկատուի բանկոմատներից կանխիկացման)» տողում լրացվում է տվյալ վճարի գանձման չափը՝ որպես բացարձակ գումար կամ որպես տոկոս: Օրինակ՝ 500 ՀՀ դրամ կամ 3% կամ 1%, նվազագույնը 300 ՀՀ դրամ: Կանխիկացման վճար սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

22. «5.8 Այլ միջնորդավճարներ» տողում այլ միջնորդավճարների առկայության դեպքում լրացվում է տվյալ վճարի անվանումը, գանձման չափը և պարբերականությունը: Այլ միջնորդավճարներ սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

23. Եթե 5.1-5.8-րդ կետերով սահմանված վճարների համար հնարավոր չէ լրացնել վճարի չափը, ապա համապատասխան տողում լրացվում են տվյալ վճարի նվազագույն և առավելագույն արժեքները:

24. «5.9 Ընդամենը այլ վճարներ» տողում լրացվում է այլ վճարների ընդհանուր գումարը: Օրինակ՝ 560,000 ՀՀ դրամ: Այն դեպքում, երբ ՏՓՏ-ի և 5.1-5.6-րդ կետերով սահմանված վճարների համար լրացվել է նվազագույն և առավելագույն արժեքները, ապա լրացվում է այլ վճարների ընդհանուր գումարի նվազագույն և առավելագույն արժեքները:

25. «7.1 Վարկի մայր գումարը չվճարելու դեպքում» տողում լրացվում է տվյալ վարկի մայր գումարը չվճարելու դեպքում կիրառվող տույժ/տուգանքի չափը և կիրառման դեպքերը: Օրինակ՝ 3 և ավելի աշխատանքային օր ուշացման դեպքում` ժամկետանց վարկի մնացորդի 2%, օրական:

26. «7.2 Տոկոսագումարները չվճարելու դեպքում» տողում լրացվում է տվյալ վարկի տոկոսագումարները չվճարելու դեպքում կիրառվող տույժ/տուգանքի չափը և կիրառման դեպքերը: Օրինակ՝ ժամկետանց վարկի մնացորդի 0.1%, օրական:

27. «7.3 Այլ վճարներ» տողում լրացվում են տվյալ վարկի գծով պարտավորությունների չկատարման դեպքում կիրառվող այլ տույժ/տուգանքները և դրանց չափը: Այլ տույժ/տուգանք սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

28. «8. Փաստաթղթերի ցանկ» մասում լրացվում են այն հիմնական փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են վարկի ստացման համար:

29. «9. Վարկային հայտ» մասում լրացվում է վարկատուի կողմից վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետը օրերով, վարկային հայտ ներկայացնողին որոշման մասին տեղեկացնելու և վարկատուի կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո վարկը վարկառուին տրամադրելու ժամկետը օրերով:»:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան