Գլխավոր տեղեկություն
Համար
N 1325-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.12.2014-22.04.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2014.12.10/8(66) Հոդ.1097
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.11.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.11.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 նոյեմբերի 2014 թվականի N 1325-Ն

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 9-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Հ. Աբրահամյան

 

 2014 թ. նոյեմբերի 27

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հիմնադրութային փաստաթղթի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման և նախատեսվող գործունեության բոլոր կատեգորիաների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության հանրային ծանուցման, քննարկումների և լսումների (այսուհետ՝ քննարկումներ) իրականացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հանրային ծանուցում և քննարկումներ իրականացվում են շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական և հիմնական գնահատումների ընթացքում, փորձաքննության նախնական և հիմնական փուլերում:

3. Հանրային ծանուցումը և քննարկումները, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 12-րդ, 13-րդ հոդվածների և 26-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 5-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերի, առաջին և երրորդ փուլերում, ձեռնարկողի հետ համատեղ իրականացնում են`

1) հիմնադրութային փաստաթղթի դեպքում` մարզպետը, Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետը կամ համապատասխան ազդակիր վարչական շրջանի ղեկավարը, իսկ նախատեսվող գործունեության դեպքում` ազդակիր համայնքի ղեկավարը (այսուհետ՝ քննարկումների պատասխանատու):

4. Հանրային ծանուցման և քննարկումների երկրորդ և չորրորդ փուլերը, օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի, 9-րդ կետի և 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն իրականացնում են շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոնը (այսուհետ՝ փորձաքննական կենտրոն) և քննարկումների պատասխանատուն՝ ձեռնարկողի մասնակցությամբ:

5. Ազդակիր համայնքների թիվը մեկից ավելի լինելու դեպքում հանրային ծանուցման և քննարկումների կազմակերպումը ձեռնարկողի հետ համատեղ ապահովում է այն համայնքի ղեկավարը, որի վարչական սահմանում նախատեսվում է գործունեությունը` ապահովելով բոլոր ազդակիր համայնքների ներկայացուցիչների մասնակցությունը:

6. Ազդակիր համայնքները որոշում է փորձաքննական կենտրոնը, նախնական փորձաքննության փուլում, ինչն ամրագրվում է տեխնիկական առաջադրանքում:

7. Մեկից ավելի համայնքների վարչական սահմաններում նախատեսվող գործունեությունն իրականացվելու դեպքում հանրային ծանուցման և քննարկումների կազմակերպումն իրականացնում են ձեռնարկողը և համայնքների ղեկավարները՝ համատեղ:

8. Հանրային քննարկումների անցկացման վայրի, օրվա և ժամի փոփոխման դեպքում քննարկում կազմակերպողը սույն կարգով սահմանված ժամկետներում հանրությանը նախապես տեղեկացնում է:

9. Հանրությունը քննարկումներին մասնակցելու համար կարող է նախօրոք էլեկտրոնային փոստով գրանցվել: Քննարկումների անցկացման վայրի, օրվա և ժամի փոփոխման դեպքում բոլոր գրանցվածները տեղեկացվում են հետադարձ էլեկտրոնային փոստով:

10. Հիմնադրութային փաստաթղթի և նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրության կարծիքների ստացումն իրականացվում է հանրային քննարկումների միջոցով: Հանրության կողմից կարող են ներկայացվել նաև գրավոր դիտողություններ և առաջարկություններ (կարծիքներ)` սույն կարգով նախատեսված կարգով ու ժամկետներում:

 

II. ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

11. Հանրային ծանուցումն իրականացվում է զանգվածային լրատվամիջոցներով, էլեկտրոնային փոստով, հայտարարություններով:

12. Ծանուցումը պարունակում է տվյալներ ձեռնարկողի, հիմնադրութային փաստաթղթի կամ նախատեսվող գործունեության իրականացման վայրի, շրջակա միջավայրի բաղադրիչների վրա հնարավոր ազդեցության, փաստաթղթերին ծանոթանալու վայրի, օրվա և ժամի, դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու ժամկետների, քննարկումների պատասխանատուի էլեկտրոնային փոստի հասցեի և հեռախոսահամարի մասին:

13. Համապատասխան փուլի փաստաթղթերն ստանալուց հետո քննարկումների պատասխանատուն օրենքի 12-րդ, 13-րդ հոդվածների, 26-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն, երեք աշխատանքային օրվա ընթացքում, ծանուցումը տեղադրում է իր պաշտոնական կայքում, փակցնում է իր նստավայրի և հանրային նշանակության շենքերի՝ հայտարարությունների համար առանձնացված ցուցատախտակի վրա, հրապարակում է Հայաստանի Հանրապետության պաշտոնաթերթում` քննարկումներից առնվազն յոթ աշխատանքային օր առաջ:

14. Յուրաքանչյուր փուլի համապատասխան փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակը տեղադրվում է քննարկումների պատասխանատուի էլեկտրոնային կայքում, տպագիր տարբերակը` քննարկումների պատասխանատուի նստավայրում, փորձաքննության փուլերում` փորձաքննական կենտրոնի էլեկտրոնային կայքում և նստավայրում:

15. Հանրությունը կարող է գրավոր դիտողություններ և առաջարկություններ ներկայացնել՝

1) նախնական փորձաքննության փուլում` ծանուցումից հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում.

2) նախնական գնահատման, հիմնական գնահատման և հիմնական փորձաքննության փուլերում`

ա. հիմնադրութային փաստաթղթի և Ա կատեգորիայի գործունեության տեսակների համար` ծանուցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում,

բ. Բ կատեգորիայի համար` ծանուցումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում,

գ. Գ կատեգորիայի (նախնական գնահատման փուլ) համար` ծանուցումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

16. Առաջին և երրորդ փուլերի քննարկումների վայրը, օրը և ժամը որոշում է քննարկումների պատասխանատուն` ձեռնարկողի հետ համատեղ, երկրորդ և չորրորդ փուլերի դեպքում փորձաքննական կենտրոնը` քննարկումների պատասխանատուի հետ համատեղ:

17. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության փուլերում փորձաքննական կենտրոնն իր պաշտոնական կայքում տեղադրում է հիմնադրութային փաստաթղթին կամ նախատեսվող գործունեությանն առնչվող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները և ոչ տեխնիկական լեզվով գրված փաստաթղթերի ամփոփ բովանդակությունը:

18. Հանրային քննարկումները վարում է քննարկումների պատասխանատուն կամ իր կողմից նշանակված անձը, որն ապահովում է քննարկումների ամբողջ ընթացքի պատշաճ տեսաձայնագրումը և արձանագրումը: Հանրային քննարկումները կարող են տեսաձայնագրվել այլ մասնակիցների կողմից և ներկայացվել փորձաքննական կենտրոն:

19. Հանրային քննարկումներին կարող են հրավիրվել ոլորտի մասնագետներ:

20. Հանրային քննարկումների արձանագրության մեջ նշվում են քննարկումների վայրը, օրը և ժամը, մասնակիցների կազմը, ինչպես նաև քննարկումներում հնչեցված բոլոր դիտողություններն ու առաջարկությունները: Արձանագրությունն ստորագրում են վարողը, արձանագրողը, քննարկումների պատասխանատուն և ձեռնարկողը: Մասնակիցների ցանկը` ստորագրություններով կցվում է արձանագրությանը:

21. Քննարկումների ընթացքում հանրության կողմից բարձրացված բոլոր բանավոր հարցադրումներին պատասխանը տրվում է ձեռնարկողի, քննարկումների պատասխանատուի, փորձաքննական կենտրոնի մասնագետի կողմից անմիջապես, իսկ սույն կարգի 15-րդ կետով սահմանված ժամկետներում ներկայացված գրավոր հարցադրումներին պատասխանվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում:

22. Քննարկումների պատասխանատուն քննարկումից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանրային քննարկումների արձանագրությունը և տեսաձայնագրությունը ներկայացնում է փորձաքննական կենտրոն:

23. Հանրային քննարկումների արձանագրությունը և տեսաձայնագրությունն ստանալուց հետո փորձաքննական կենտրոնը երեք աշխատանքային օրվա ընթացքում, տեղադրում է իր պաշտոնական կայքում:

24. Հանրության հիմնավոր դիտողությունները և առաջարկությունները ձեռնարկողի և փորձաքննական կենտրոնի կողմից հաշվի են առնվում: Հաշվի չեն առնվում գործող օրենսդրության պահանջներին հակասող և շրջակա միջավայրի վրա ազդեցությանը չվերաբերող, ինչպես նաև սխալ հաշվարկներ կամ տվյալներ պարունակող դիտողություններն ու առաջարկությունները և այդ կապակցությամբ տրվում են հիմնավոր պատճառաբանումներ:

25. Նախնական գնահատման գործընթացում իրականացված քննարկումների արձանագրությունները և տեսաձայնագրության կրիչը, հանրության դիտողությունների վերաբերյալ հիմնավոր պատասխանները կցվում են հայտին:

26. Հիմնական գնահատման գործընթացում իրականացված քննարկումների արձանագրությունները և տեսաձայնագրության կրիչը, հանրության դիտողությունների վերաբերյալ հիմնավոր պատասխանները ներառվում են հաշվետվություններում:

27. Քննարկումների արձանագրությունները, տեսաձայնագրությունները, հանրության դիտողությունները և առաջարկությունները, համապատասխան փաստաթղթերի հետ միասին, պահպանվում են «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում և կարգով:

28. Մարզին վերաբերող հիմնադրութային փաստաթղթի կամ նախատեսվող գործունեության հանրային քննարկումներն անց են կացվում համապատասխան մարզպետարանի շենքում: Եթե հանրային քննարկումը վերաբերում է որևէ համայնքի շրջակա միջավայրի վրա ազդեցությանը, դրանք կազմակերպվում են տվյալ համայնքի ղեկավարի նստավայրում կամ քննարկումների պատասխանատուի ընտրությամբ համապատասխան մարզի կամ համայնքի հանրային նշանակություն ունեցող տարածքում կամ այլ վայրում: Չորրորդ փուլի հանրային քննարկումները կարող են իրականացվել նաև Երևան քաղաքում:

29. Հանրության կարծիքը համարվում է դրական, եթե քննարկումներին ոչ մեկը չի ներկայանում կամ դիտողություններ կամ առաջարկություններ չի ներկայացվում:

 

III. ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ ՀԻՄՆԱԴՐՈՒԹԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԵՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ` Ա, Բ, Գ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ, ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
(ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ)

 

30. Նախնական գնահատման ընթացքում ձեռնարկողը, հիմնադրութային փաստաթուղթ մշակելու կամ պատվիրելու մտադրության կամ գործունեություն նախատեսելու դեպքում, համատեղ հանրային քննարկումներ կազմակերպելու համար, համաձայն օրենքի 12-րդ, 13-րդ հոդվածների, 16-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետի, դիմում է քննարկումների պատասխանատուին:

31. Նախնական գնահատման ընթացքում, ձեռնարկողը ծանուցումից հետո ոչ շուտ, քան յոթերորդ աշխատանքային օրը քննարկումների պատասխանատուի աջակցությամբ իրականացնում է հանրային քննարկումներ:

32. Նախնական գնահատման հանրային քննարկումներն իրականացվում են այն ազդակիր համայնքում, որի վարչական տարածքում իրականացվելու է հիմնադրութային փաստաթղթի դրույթները կամ նախատեսվող գործունեությունը:

33. Հանրային քննարկումների ընթացքում ձեռնարկողը կամ նրա ներկայացուցիչը մանրամասն ներկայացնում է գործունեություն իրականացնելու իրենց մտադրության մասին, պատասխանում այդ կապակցությամբ առաջադրված հարցադրումներին:

34. Նախնական գնահատման գործընթացում իրականացված քննարկումների արձանագրությունները և տեսաձայնագրության կրիչը, ինչպես նաև ձեռնարկողի կողմից կազմված ամփոփաթերթը, ստացված առաջարկությունների և դիտողությունների ընդունման կամ չընդունման վերաբերյալ հիմնավորումներով, կցվում են հայտին, իսկ հանրության դիտողությունների հիմնավորված պատասխանները ներառվում են հայտի կազմում և ներկայացվում փորձաքննական կենտրոն` նախնական փորձաքննության:

 

IV. ՆԱԽՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՓՈՒԼՈՒՄ ՀԻՄՆԱԴՐՈՒԹԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԵՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ` ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
(ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ)

 

35. Փորձաքննական կենտրոնը հիմնադրութային փաստաթղթի և նախատեսվող գործունեության (Ա, Բ, Գ)` նախնական փորձաքննության փուլում` նախնական գնահատման հայտի փորձաքննության արդյունքում ընդունում է օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված որոշման նախագիծ, իր պաշտոնական կայքի միջոցով քննարկումներից առնվազն յոթ աշխատանքային օր առաջ, ծանուցում դրանց հանրային քննարկումների վայրի, օրվա և ժամի մասին` համաձայն օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի:

36. Ծանուցումից առնվազն յոթ աշխատանքային օր հետո փորձաքննական կենտրոնը ձեռնարկողի և լսումների պատասխանատուի աջակցությամբ իրականացնում է հանրային քննարկում նախնական փորձաքննության արդյունքում որոշման նախագծի վերաբերյալ:

37. Հանրային քննարկումների ընթացքում համապատասխան որոշման նախագիծը և Գ կատեգորիայում ներառված նախատեսվող գործունեության համար հայտի փորձաքննության վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը ներկայացնում են փորձաքննական կենտրոնի այն մասնագետները, ովքեր իրականացնում են տվյալ հիմնադրութային փաստաթղթի կամ նախատեսվող գործունեության հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական փորձաքննությունը:

38. Հանրային քննարկումների ընթացքում ստացված դիտողություններն ու առաջարկությունները հաշվի են առնվում որոշումներում. տեխնիկական առաջադրանքում, Գ կատեգորիայում ներառված նախատեսվող գործունեության համար փորձաքննական եզրակացության նախագծում, իսկ հաշվի չառնելու դեպքում տրվում են հիմնավոր պատասխաններ:

 

V. ՀԻՄՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ ՀԻՄՆԱԴՐՈՒԹԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ Ա, Բ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ` ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ` ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
(ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼ)

 

39. Հիմնական գնահատման փուլում նախնական փուլի փորձաքննության արդյունքում փորձաքննական կենտրոնի կողմից տրված տեխնիկական առաջադրանքի համաձայն ձեռնարկողն իրականացնում է հիմնադրութային փաստաթղթի` շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատում կամ նախատեսվող գործունեության` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում: Գնահատման գործընթացին հանրությանը ներգրավելու նպատակով ձեռնարկողը դիմում է քննարկումների պատասխանատուին օրենքի 12-րդ, 13-րդ հոդվածների, 18-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի, 26-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն համատեղ ծանուցում և հանրային քննարկումներ կազմակերպելու համար:

40. Հիմնական գնահատման ընթացքում ծանուցումից առնվազն յոթ աշխատանքային օր հետո ձեռնարկողը քննարկումների պատասխանատուի աջակցությամբ իրականացնում է հանրային քննարկում:

41. Հանրային քննարկումների ժամանակ ներկայացնող անձը պատշաճ և ամբողջական տեղեկատվություն է տրամադրում հիմնադրութային փաստաթղթի կամ նախատեսվող գործունեության` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումների մասին, պատասխանում հանրության կողմից հնչեցված բոլոր հարցադրումներին:

42. Հիմնական գնահատման գործընթացում իրականացված քննարկումների արձանագրությունները, տեսաձայնագրության կրիչը, հանրության դիտողությունների հիմնավորված պատասխանները ներառվում են հաշվետվության կազմում:

 

VI. ՀԻՄՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՓՈՒԼՈՒՄ ՀԻՄՆԱԴՐՈՒԹԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ Ա, Բ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ` ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ` ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
(ՉՈՐՐՈՐԴ ՓՈՒԼ)

 

43. Հիմնադրութային փաստաթուղթ մշակող, պատվիրող և (կամ) գործունեություն նախատեսող ձեռնարկողը, օրենքով սահմանված կարգով տեխնիկական առաջադրանքին համապատասխան կազմված հաշվետվությունը` կից փաստաթղթերով, ներկայացնում է փորձաքննական կենտրոն:

44. Փորձաքննական կենտրոնը` հաշվետվությունների և կից փաստաթղթերի վերաբերյալ կարծիքների, եզրակացությունների ստացումից հետո ոչ շուտ, քան 20-րդ օրը, հաշվետվությունների էլեկտրոնային տարբերակները տեղադրում է իր պաշտոնական կայքում և նույն ժամկետում սահմանված կարգով ուղարկում քննարկումների պատասխանատուին հանրային ծանուցում և քննարկումներ կազմակերպելու համար` համաձայն օրենքի 12-րդ, 13-րդ հոդվածների, 19-րդ հոդվածի 2-րդ մասի, 3-րդ մասի 5-րդ կետի և 26-րդ հոդվածի:

45. Հիմնադրութային փաստաթղթի` շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման կամ նախատեսվող գործունեության` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունների լրամշակումների անհրաժեշտության դեպքում հանրային ծանուցման և քննարկումների ժամկետները համապատասխանաբար երկարաձգվում են: Այս դեպքում հանրային ծանուցումն ու քննարկումն իրականացվում են լրամշակված փաստաթղթերը ներկայացնելուց հետո:

46. Ծանուցումից առնվազն յոթ աշխատանքային օր հետո փորձաքննական կենտրոնը քննարկումների պատասխանատուի և ձեռնարկողի աջակցությամբ իրականացնում է հանրային քննարկում:

47. Հանրային քննարկումների ընթացքում փորձաքննական կենտրոնի մասնագետները պատշաճ և ամբողջական տեղեկատվություն են տրամադրում հիմնադրութային փաստաթղթի կամ նախատեսվող գործունեության, դրանց շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին, պատասխանում հանրության կողմից հնչեցված հարցադրումներին:

48. Քննարկումների պատասխանատուն, փորձաքննական կենտրոնը սույն կարգով նախատեսված ժամկետներում ընդունում են հանրության կողմից գրավոր դիտողություններ և առաջարկություններ: Քննարկումների պատասխանատուն արձանագրության ու տեսաձայնագրության հետ միասին ստացված կարծիքները և եզրակացությունները երեք աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է փորձաքննական կենտրոնին:

49. Փորձաքննական կենտրոնը հիմնադրութային փաստաթղթերի և բոլոր կատեգորիաների նախատեսվող գործունեությունների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացությունները տեղադրում է իր պաշտոնական կայքում՝ դրանք ձեռնարկողին տրամադրելուց հետո, յոթ աշխատանքային օրվա ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.12.2023, N 2343-Ն 30.12.2023, N 1325-Ն
09.03.2017, N 357-Ն 22.04.2017, N 1325-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան