ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 սեպտեմբերի 2010 թվականի N 1182-Ն
ՀԱՓՇՏԱԿՎԱԾ, ԿՈՐԱԾ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԶԵՆՔԻ ՈՒ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց., փոփ. 19.11.14 N 1318-Ն)
Համաձայն «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1566-Ն որոշմամբ հաստատված ցանկի 3-րդ կետերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) հափշտակված, կորած և (կամ) հայտնաբերված զենքի ու ռազմամթերքի հաշվառման, հաշվառումից հանելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) հաշվառման օբյեկտների հաշվառման քարտի և հաշվառման օբյեկտների հաշվառման քարտի դասակարգչի ձևերը` համաձայն N 2 հավելվածի:
(1-ին կետը լրաց., փոփ. 19.11.14 N 1318-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1182-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՓՇՏԱԿՎԱԾ, ԿՈՐԱԾ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԶԵՆՔԻ ՈՒ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ
(վերնագիրը խմբ. 19.11.14 N 1318-Ն)
1. Սույն կարգով կարգավորվում են հափշտակված, կորած և (կամ) հայտնաբերված զենքն ու ռազմամթերքը հաշվառելու, հաշվառումից հանելու հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
1) հաշվառման ենթակա զենք ու ռազմամթերք (այսուհետ` զենք ու ռազմամթերք)` հափշտակված, կորած և (կամ) հայտնաբերված (առգրավված, գտնված, կամավոր հանձնված) մարտական, ծառայողական, քաղաքացիական զենքի ու ռազմամթերքի բոլոր տեսակները, որոնք ունեն անհատական համարներ.
2) զենքի ու ռազմամթերքի հաշվառման քարտ (այսուհետ` քարտ) (N 1 ձև)` հաշվառման փաստաթուղթ (հափշտակված, կորած և (կամ) հայտնաբերված զենքին ու ռազմամթերքին վերաբերող), որը լրացնում է վարույթն իրականացնող մարմինը և ուղարկում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն (այսուհետ` ինֆորմացիոն կենտրոն)՝ հաշվառման վերցնելու համար.
3) զենքի ու ռազմամթերքի հաշվառման քարտի դասակարգիչ (այսուհետ` դասակարգիչ) (N 2 ձև)` պայմանական ծածկագրերի ամբողջություն, որոնք անհրաժեշտ են քարտը լրացնելու և քարտում նշված տեղեկություններն ինֆորմացիոն կենտրոնի կողմից քարտադարանում մուտքագրելու համար.
4) հաշվառում` հափշտակված, կորած և (կամ) հայտնաբերված զենքի ու ռազմամթերքի վերաբերյալ` լրացված հաշվառման փաստաթղթի ընդունմանը, դրա մեջ նշված տեղեկությունների մշակմանը, համակարգմանն ու պահմանն ուղղված գործողություններ.
5) զենքի ու ռազմամթերքի քարտադարան (այսուհետ` քարտադարան)` ինֆորմացիոն կենտրոնում գործող թղթային և (կամ) էլեկտրոնային եղանակով վարվող պահոց, որտեղ հավաքվում, մշակվում, համակարգվում և պահվում է զենքի ու ռազմամթերքի մասին տեղեկատվությունը։
3. Զենքն ու ռազմամթերքը հաշվառման վերցնելու հիմքերն են`
1) զենքի կամ ռազմամթերքի հափշտակված լինելը.
2) զենքի կամ ռազմամթերքի կորած լինելը.
3) զենքի կամ ռազմամթերքի հայտնաբերված լինելը (գտնված, կամավոր հանձնված, առգրավված)։
4. Սույն կարգի 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում վարույթն իրականացնող մարմինը վարույթն սկսելուց հետո ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում լրացնում է N 1 ձևի քարտը` դասակարգչի համաձայն, և այն ուղարկում է ինֆորմացիոն կենտրոն՝ զենքն ու ռազմամթերքը հաշվառման վերցնելու համար:
5. Հավաքովի զենքի յուրաքանչյուր տարբեր համար ունեցող միավորի (դետալի) համար լրացվում է առանձին քարտ:
6. Սույն կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված հիմքի առկայության դեպքում վարույթն իրականացնող մարմինը զենքի ու ռազմամթերքի վերաբերյալ փորձագիտական եզրակացությունն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում լրացնում է հայտնաբերված զենքի ու ռազմամթերքի վերաբերյալ քարտը և ուղարկում ինֆորմացիոն կենտրոն` զենքն ու ռազմամթերքը հաշվառման վերցնելու համար:
7. Եթե զենքը կամ ռազմամթերքն անհատական համար չունեն, կամ այն անընթեռնելի է, և փորձագիտական եզրակացության համաձայն՝ հնարավոր չէ պարզել դրա համարը, ապա զենքն ու ռազմամթերքն ինֆորմացիոն կենտրոնում հաշվառման չեն վերցվում:
8. Քարտում պարտադիր լրացվում են վարույթն իրականացնող մարմնի կողմից հարուցված գործի կամ կազմված փաստաթղթի անվանումը և համարը, փաստաթուղթը կազմելու (հարուցելու) ամսաթիվը, վարույթն իրականացնող մարմնի անվանումը, զենքի ու ռազմամթերքի տեսակը, մոդելը, արտադրող (պատրաստող) երկիրը, դետալի ծածկագիրը (եթե հաշվառման միավորը դետալ է), սերիան, համարը, տրամաչափը, արտադրման (պատրաստման) տարեթիվը, զենքի ու ռազմամթերքի նկարագրությունը (հատուկ նշաններ, վնասվածքներ), հաշվառման վերցնելու հիմքը: Քարտում լրացվում են նաև, թե զենքն ու ռազմամթերքն ով է կորցրել, զենքն ու ռազմամթերքը կորցնելու, հափշտակելու, հայտնաբերելու ամսաթիվը և վայրը, զենքի շրջանառության հետ կապված լիցենզիայի կամ թույլտվության համարն ու ժամկետը, լիցենզիա կամ թույլտվություն տված մարմնի անվանումը, զենքի ու ռազմամթերքի պատկանելությունը, պետական մարմնի, կազմակերպության, իրավաբանական անձի անվանումը, ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, անձնագրային տվյալները, պետական մարմնի, կազմակերպության կամ իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի բնակության վայրը, զենքն ու ռազմամթերքը կորցնելու, հափշտակելու, հայտնաբերելու հանգամանքների նկարագրությունը:
9. Զենքն ու ռազմամթերքը նախքան հաշվառման վերցնելը ինֆորմացիոն կենտրոնն ստուգում է քարտում պարունակվող տվյալները:
10. Եթե պարզվում է, որ զենքը կամ ռազմամթերքն արդեն իսկ հաշվառված է ինֆորմացիոն կենտրոնում, կամ քարտում նշված տեղեկությունները մասամբ համընկնում են արդեն իսկ հաշվառված զենքի կամ ռազմամթերքի տվյալների հետ, ապա ներկայացվող զենքն ու ռազմամթերքը հաշվառման չեն վերցվում: Ինֆորմացիոն կենտրոնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է վարույթն իրականացնող մարմնին, ինչպես նաև՝ նախկինում զենքն ու ռազմամթերքը հաշվառման ներկայացրած՝ վարույթն իրականացնող մարմնին:
11. Սույն կարգի 10-րդ կետում նշված դեպքերում ինֆորմացիոն կենտրոնի կողմից տրամադրված տվյալների հիման վրա՝ սույն կարգի 10-րդ կետով նախատեսված վարույթն իրականացնող մարմինները համատեղ պարզում են հաշվառման ներկայացված և հաշվառման մեջ գտնվող զենքի ու ռազմամթերքի նույնականությունը:
12. Սույն կարգի 11-րդ կետով նախատեսված կարգով զենքի կամ ռազմամթերքի նույնականության հարցը լուծելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում զենքն ու ռազմամթերքը նախկինում հաշվառման ներկայացրած՝ վարույթն իրականացնող մարմինը համապատասխան գրություն է ուղարկում ինֆորմացիոն կենտրոն՝ զենքն ու ռազմամթերքը սույն կարգի 15-րդ կետով նախատեսված կարգով հաշվառումից հանելու կամ այն հաշվառման մեջ թողնելու վերաբերյալ: Ինֆորմացիոն կենտրոնն ստացված գրության հիման վրա անմիջապես կամ նախկինում հաշվառված զենքը և (կամ) ռազմամթերքը հանում է հաշվառումից կամ հաշվառման է վերցնում ներկայացված քարտում նշված զենքը և (կամ) ռազմամթերքը:
13. Զենքն ու ռազմամթերքը հաշվառումից հանելու հիմքերն են`
1) հափշտակված կամ կորած զենքի կամ ռազմամթերքի հայտնաբերումը.
2) հայտնաբերված (գտնված, կամավոր հանձնված, առգրավված) զենքի կամ ռազմամթերքի պատկանելության պարզումը.
3) հայտնաբերված (գտնված, կամավոր հանձնված, առգրավված) զենքի կամ ռազմամթերքի հաշվառման օրվանից 5 տարին լրանալը, եթե քրեական գործ չի հարուցվել, իսկ հարուցված լինելու դեպքում՝ քրեական գործով վերջնական որոշում ընդունելը, բայց ոչ վաղ, քան տվյալ զենքի կամ ռազմամթերքի հաշվառումից հետո 5 տարին լրանալը:
14. Վարույթն իրականացնող մարմինը սույն կարգի 13-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում գրություն է ուղարկում ինֆորմացիոն կենտրոն` զենքն ու ռազմամթերքը հաշվառումից հանելու համար, նշելով հաշվառումից հանելու հիմքը և հայտնաբերման (կամ պատկանելության պարզման) ամսաթիվը:
15. Ինֆորմացիոն կենտրոնը սույն կարգի 13-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում զենքն ու ռազմամթերքը հաշվառումից հանում է վարույթն իրականացնող մարմնից գրություն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ սույն կարգի 13-րդ կետի 3-րդ ենթակետում նշված հիմքի առկայության դեպքում` ինքնուրույն:
16. Սույն կարգի 15-րդ կետով նախատեսված կարգով հաշվառումից հանված քարտերը հանվում են քարտադարանից և արխիվացվում են՝ արխիվային գործի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
17. Քարտադարանից անմիջականորեն տեղեկություններ ստանալու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության դատախազությունը, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն, Հայաստանի Հանրապետության դատարանները: Մյուս պետական մարմինները քարտադարանից կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումների միջոցով` օրենքով սահմանված լիազորությունների սահմաններում: Ֆիզիկական և իրավաբանական անձինք քարտադարանից կարող են ստանալ իրենց պատկանող զենքի ու ռազմամթերքի մասին առկա տեղեկատվություն` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումների միջոցով: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումները տեղեկատվությունը տրամադրում են պետական մարմինների, իրավաբանական անձանց գրությունները կամ ֆիզիկական անձանց դիմումներն ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում:
18. Քարտադարանից տեղեկություններ ստանալու համար հարցումները և դրանց պատասխանները ձևակերպվում են գրավոր: Քարտադարանից անմիջականորեն տեղեկություններ ստանալու իրավունք ունեցող պետական մարմինների և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հարցումներին ինֆորմացիոն կենտրոնը պատասխանում է 3 աշխատանքային օրվա ընթացքում:
19. Հարցումն էլեկտրոնային եղանակով կատարելու դեպքում քարտադարանի ավտոմատացված համակարգը տրամադրվող տեղեկությունը հավաստում է` նշելով տեղեկության տրամադրման ամսաթիվը և ժամը: Հարցման ու տրամադրվող տեղեկության մասին տվյալներն էլեկտրոնային եղանակով արձանագրվում և պահվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Քարտադարանի ավտոմատացված համակարգից էլեկտրոնային եղանակով տեղեկությունների տրամադրման կարգը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:
(հավելվածը խմբ. 19.11.14 N 1318-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1182-Ն որոշման |
Ձև N 1
Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն Ք Ա Ր Տ
ՀԱՓՇՏԱԿՎԱԾ, ԿՈՐԱԾ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԶԵՆՔԻ ՈՒ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ
(վերնագիրը խմբ. 19.11.14 N 1318-Ն)
|
(քարտի դարձերեսը) |
22. Պետական մարմնի, կազմակերպության, իրավաբանական անձի անվանումը _______________
| |||||||||||
26. Զենքն ու ռազմամթերքը կորցնելու, հափշտակելու, հայտնաբերելու հանգամանքների նկարագրությունը ____________________________________________________ ____________________________________________________________________ ____________________________________________________________________ |
Քարտը լրացնելու ամսաթիվը |
_______________________ |
Քարտը լրացրեց_____________ (պաշտոնը, կոչումը) |
Պետ ________________________________________________ (կոչումը, անունը, ազգանունը, ստորագրությունը) |
__________________________ (ազգանունը, ստորագրությունը) |
|
Հեռախոսահամարը_____________________________________________________________ |
Ձև N 2
Դ Ա Ս Ա Կ Ա Ր Գ Ի Չ
ՀԱՓՇՏԱԿՎԱԾ, ԿՈՐԱԾ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԶԵՆՔԻ ՈՒ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏԻ
(վերնագիրը խմբ. 19.11.14 N 1318-Ն)
|
(հավելվածը խմբ. 19.11.14 N 1318-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.09.2023, N 1564-Ն | 24.09.2023, N 1182-Ն | |
11.05.2023, N 710-Ն | 01.06.2023, N 1182-Ն | |
19.11.2014, N 1318-Ն | 13.12.2014, N 1182-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|