Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.07.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.11.05/59(1072).1 Հոդ.978.10
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
18.07.2014
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.07.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.07.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0700/02/12

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0700/02/12

2014 թ.

Նախագահող դատավոր՝  Լ. Գրիգորյան

Դատավորներ՝   

Գ. Մատինյան  

 

Ն. Տավարացյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Է. Հայրիյանի

   

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

   

Ս. Անտոնյանի

   

Վ. Ավանեսյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

 

 

Գ. Հակոբյանի

   

Ե. Սողոմոնյանի

 2014 թվականի հուլիսի 18-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Վահան և Սամվել Ավետիսյանների, Մարինե Նազարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.08.2013 թվականի որոշման դեմ՝ ըստ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) հայցի ընդդեմ Մարինե Նազարյանի, Վահան և Սամվել Ավետիսյանների` գումարի բռնագանձման պահանջի մասին, ինչպես նաև Մարինե Նազարյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Բանկի, երրորդ անձինք Վահան և Սամվել Ավետիսյանների` պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է Վահան և Սամվել Ավետիսյաններից, Մարինե Նազարյանից համապարտությամբ բռնագանձել 27.921,41 ԱՄՆ դոլար և վճարված պետական տուրքը, ինչպես նաև, սկսած 16.06.2012 թվականից մինչև վարկի մնացորդի գումարը` 26.976,04 ԱՄՆ դոլարը, վերադարձնելու օրը հաշվարկել և բռնագանձել 10.02.2010 թվականի թիվ 229436 պայմանագրի 1.1 կետով սահմանված տարեկան 14% տոկոսադրույքն ու 3.2 և 3.3 կետերով նախատեսված տույժերը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Մարինե Նազարյանը պահանջել է անվավեր ճանաչել 10.02.2010 թվականին կնքված թիվ 229436 անշարժ գույքի վարկավորման և 05.02.2010 թվականին կնքված թիվ N1C146665 անշարժ գույքի առուվաճառքի և գրավի պայմանագրերը:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ն. Հովսեփյան) (այսուհետ՝ Դատարան) 02.04.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 02.08.2013 թվականի որոշմամբ Վահան և Սամվել Ավետիսյանների, Մարինե Նազարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 02.04.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Վահան և Սամվել Ավետիսյանները, Մարինե Նազարյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ կետը, 377-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, 415-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 6-րդ կետերը և 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, մասնավորապես` 10.02.2010 թվականին Բանկի և Մարինե Նազարյանի միջև կնքված բանկային հաշիվներով և սեփականության իրավունքով պատկանող գույքով երաշխավորության մասին թիվ 324900 պայմանագիրն ու 10.02.2010 թվականին Բանկի և Սամվել Ավետիսյանի միջև կնքված բանկային հաշիվներով և սեփականության իրավունքով պատկանող գույքով երաշխավորության մասին թիվ 324901 պայմանագիրը, որոնցով հիմնավորվում է, որ Վահան Ավետիսյանի` Բանկի հանդեպ ունեցած վարկային պարտավորության նկատմամբ Մարինե Նազարյանը և Սամվել Ավետիսյանը նշված երաշխավորության պայմանագրերով ստանձնել են սուբսիդիար, այլ ոչ թե համապարտ պատասխանատվություն: Ավելին, նշված երաշխավորության պայմանագրերով Բանկն իրավունք է ձեռք բերում դատական կարգով բռնագանձում տարածել երաշխավորներին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա, եթե երաշխավորները հրաժարվում են կամավոր կատարել պայմանագրով ստանձնած իրենց պարտավորությունները:

Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատական չի տվել այն հանգամանքին, որ Բանկը նշված երաշխավորության պայմանագրերով սահմանված կարգով երաշխավորներին չի տեղեկացրել պարտապան Վահան Ավետիսյանի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մասին:

 

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին կետը և 219-րդ հոդվածի 1-ին կետը:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը, կայացնելով դրամական միջոցներ գանձելու վերաբերյալ հայցը բավարարելու մասին վճիռ, եզրափակիչ մասում չնայած սահմանել է բռնագանձվող գումարի ընդհանուր չափը, սակայն առանձին չի նշել հիմնական պարտքի, վնասների, տուժանքի (տուգանքի, տույժի) չափերը, ինչպես նաև հաշվեգրվող տոկոսների չափը, ինչը վկայում է, որ դատական ակտը զուրկ է որոշակիությունից:

 

3) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1499-րդ հոդվածը:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատական չի տվել այն հանգամանքին, որ Դատարանը գործը դատաքննության նշանակելու մասին որոշում չի կայացրել և այն չի ուղարկել կողմերին:

 

4) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին կետը:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Բանկը պատրաստակամություն է հայտնել քննարկելու հաշտության համաձայնություն կնքելու առաջարկը, սակայն Վերաքննիչ դատարանը, անտեսելով նշված փաստը, կողմերին զրկել է գործը հաշտության համաձայնությամբ ավարտելու իրենց իրավունքից:

 

5) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածը, 131-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետը, 219-րդ հոդվածի 1-ին կետը, 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետը:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ Մարինե Նազարյանը հակընդդեմ հայցով պահանջել է անվավեր ճանաչել 10.02.2010 թվականին կնքված թիվ 229436 անշարժ գույքի վարկավորման և 05.02.2010 թվականին կնքված թիվ N1C146665 անշարժ գույքի առուվաճառքի և գրավի պայմանագրերը, մինչդեռ Դատարանը, դուրս գալով հայցի շրջանակներից, վճռել է մերժել Մարինե Նազարյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Բանկի, երրորդ անձինք Վահան, Սամվել Ավետիսյանների` պատճառված վնասը հատուցելու և պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին:

 

6) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 2-րդ կետը:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ գործում բացակայում է ընդհանուր իրավասության դատարանում գործի քննության 22.11.2012 թվականի դատական նիստի ձայնային արձանագրումը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 02.08.2013 թվականի որոշումը «սկզբնական հայցի մասով և հակընդդեմ հայցի մերժման մասով» և գործն ուղարկել նոր քննության։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 05.02.2010 թվականին Բանկի, Ռիմա Հովնանյանի, Վահան Ավետիսյանի և Մարինե Նազարյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի և գրավի թիվ N1C146665 պայմանագրով Ռիմա Հովնանյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 76 հասցեում գտնվող 183,5քմ մակերեսով անշարժ գույքը և 0,02811հա մակերեսով հողամասը 23.000.000 ՀՀ դրամով վաճառել է Վահան Ավետիսյանին և Մարինե Նազարյանին: Վերջիններս, ի ապահովումն Բանկի հանդեպ ունեցած թիվ 229436 վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման, գրավադրել են նշված անշարժ գույքը (հատոր 1-ին, գ.թ. 13-15)։

2) 10.02.2010 թվականին Բանկի և Վահան Ավետիսյանի միջև կնքված անշարժ գույքի գրավադրմամբ վարկավորման թիվ 229436 պայմանագրով (այսուհետ` Հիմնական պարտավորություն) Բանկը Վահան Ավետիսյանին տրամադրել է 30.000 ԱՄՆ դոլարի չափով վարկ` տարեկան 14,86% տոկոսադրույքով` մինչև 10.02.2020 թվականը վերադարձնելու պայմանով: Նշված պայմանագրի 3.1 կետի համաձայն` վարկառուին տրամադրված վարկի, դրա օգտագործման դիմաց հաշվարկված տոկոսագումարների և նախատեսված տուժանքների վերադարձնելիությունն ապահովված է Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 76 տան գրավով (թիվ N1C146665 պայմանագիր), Մարինե Նազարյանի երաշխավորությամբ (թիվ 324900 երաշխավորության պայմանագիր) և Սամվել Ավետիսյանի երաշխավորությամբ (թիվ 324901 երաշխավորության պայմանագիր) (հատոր 1-ին, գ.թ. 7-12)։

3) 10.02.2010 թվականին Բանկի և Մարինե Նազարյանի միջև կնքված բանկային հաշիվներով և սեփականության իրավունքով պատկանող գույքով երաշխավորության մասին թիվ 324900 պայմանագրով Մարինե Նազարյանը պարտավորվել է իր բանկային հաշիվներին առկա դրամական միջոցներով, ինչպես նաև սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով (շարժական և անշարժ) պատասխանատվություն կրել Բանկի առջև` Բանկի և Վահան Ավետիսյանի միջև 10.02.2010 թվականին կնքված թիվ 229436 պայմանագրով վերջինիս կողմից ստանձնած պարտավորությունները (այն է` պարտավորության (վարկի) գումարը, հաշվեգրված տոկոսները և տուժանքը վճարելու պարտավորությունները) չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար: Պայմանագրի 1.2 կետի համաձայն` երաշխավորությունը տրվում է մինչև պարտապանի կողմից Հիմնական պարտավորությամբ ստանձնած պարտավորությունները լրիվ ծավալով կատարելը: Պայմանագրի 2.1 կետի համաձայն` պարտատերը` Բանկը, պարտավոր է պարտապանի` Վահան Ավետիսյանի կողմից Հիմնական պարտավորությամբ ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու մասին հայտնել երաշխավորին: Պայմանագրի 2.2 կետի համաձայն` երաշխավորը պարտավորվել է կատարել Հիմնական պարտավորությամբ Վահան Ավետիսյանի ստանձնած պարտավորությունները` վերջինիս կողմից այդ պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու մասին Բանկի գրավոր կամ բանավոր հաղորդումը ստանալու պահից 5 բանկային օրվա ընթացքում: Պայմանագրի 2.6 կետի համաձայն` Բանկն իրավունք է ձեռք բերում դատական կարգով բռնագանձում տարածել երաշխավորին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա, եթե երաշխավորը հրաժարվում է կամավոր կատարել նույն պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները (հատոր 1-ին, գ.թ. 16)։

4) 10.02.2010 թվականին Բանկի և Սամվել Ավետիսյանի միջև կնքված բանկային հաշիվներով և սեփականության իրավունքով պատկանող գույքով երաշխավորության մասին թիվ 324901 պայմանագրով Սամվել Ավետիսյանը պարտավորվել է իր բանկային հաշիվներին առկա դրամական միջոցներով, ինչպես նաև սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով (շարժական և անշարժ) պատասխանատվություն կրել Բանկի առջև` Բանկի և Վահան Ավետիսյանի միջև 10.02.2010 թվականին կնքված թիվ 229436 պայմանագրով վերջինիս կողմից ստանձնած պարտավորությունները (այն է` պարտավորության (վարկի) գումարը, հաշվեգրված տոկոսները և տուժանքը վճարելու պարտավորությունները) չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար: Պայմանագրի 1.2 կետի համաձայն` երաշխավորությունը տրվում է մինչև պարտապանի կողմից Հիմնական պարտավորությամբ ստանձնած պարտավորությունները լրիվ ծավալով կատարելը: Պայմանագրի 2.1 կետի համաձայն` պարտատերը` Բանկը, պարտավոր է պարտապանի` Վահան Ավետիսյանի կողմից Հիմնական պարտավորությամբ ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու մասին հայտնել երաշխավորին: Պայմանագրի 2.2 կետի համաձայն` երաշխավորը պարտավորվել է կատարել Հիմնական պարտավորությամբ Վահան Ավետիսյանի ստանձնած պարտավորությունները` վերջինիս կողմից այդ պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու մասին Բանկի գրավոր կամ բանավոր հաղորդումը ստանալու պահից 5 բանկային օրվա ընթացքում: Պայմանագրի 2.6 կետի համաձայն` Բանկն իրավունք է ձեռք բերում դատական կարգով բռնագանձում տարածել երաշխավորի սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա, եթե երաշխավորը հրաժարվում է կամավոր կատարել սույն պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները (հատոր 1-ին, գ.թ. 17)։

5) Գործում առկա չէ Դատարանի 22.11.2013 թվականի դատական նիստի ձայնային արձանագրությունը (հատոր 1, գ.թ. 160):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

1) երաշխավորի մոտ համապարտ կամ սուբսիդիար պատասխանատվության ծագման հիմքերին և այդ պատասխանատվության ծավալին.

2) դրամական միջոցներ բռնագանձելու վերաբերյալ վճռի եզրափակիչ մասին ներկայացվող պահանջներին.

3) գործը դատաքննության նախապատրաստելիս գործը դատաքննության նշանակելու մասին որոշման կայացման անհրաժեշտությանը.

4) դատական ակտերի վերանայման փուլերում հաշտության համաձայնություն կնքելու առանձնահատկությանը.

5) գործը հարուցված հայցապահանջի շրջանակներում քննելու անհրաժեշտությանը.

6) քաղաքացիական գործում էլեկտրոնային կրիչի վրա դատական նիստի ձայնային արձանագրման բացակայության խնդրին:

 

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորությունների կատարումը կարող է ապահովվել երաշխավորությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` երաշխավորը, երաշխավորության պայմանագրով, այլ անձի պարտատիրոջ առջև պարտավորվում է պատասխանատվություն կրել այդ անձի կողմից իր պարտավորությունը լրիվ կամ մասնակի կատարելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 377-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում երաշխավորը և պարտապանը պարտատիրոջ առջև կրում են համապարտ պատասխանատվություն, եթե երաշխավորի սուբսիդիար պատասխանատվություն նախատեսված չէ օրենքով կամ երաշխավորության պայմանագրով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` երաշխավորը պարտատիրոջ առջև պատասխանատվություն է կրում նույն ծավալով, ինչ պարտապանը` ներառյալ տոկոսներ վճարելը, պարտքը բռնագանձելու կապակցությամբ դատական ծախսերը և պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքով առաջացած` պարտատիրոջ այլ վնասները հատուցելը, եթե այլ բան նախատեսված չէ երաշխավորության պայմանագրով, իսկ 3-րդ կետի համաձայն` համատեղ երաշխավորություն ստանձնած անձինք պարտատիրոջ առջև պատասխանատվություն են կրում համապարտ, եթե այլ բան նախատեսված չէ երաշխավորության պայմանագրով:

Վկայակոչված իրավադրույթներից հետևում է, որ օրենսդիրն ամրագրել է երաշխավորի համապարտ պատասխանատվության կանխավարկածը, ինչը ենթադրում է, որ պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում պարտատերն իրավունք ունի կատարման պահանջ ներկայացնել ինչպես պարտապանին և երաշխավորին միասին, այնպես էլ նրանցից յուրաքանչյուրին ինչպես լրիվ, այնպես էլ պարտքի մի մասով:

Երաշխավորի սուբսիդիար պատասխանատվությունը կարող է նախատեսվել միայն օրենքով կամ պայմանագրով: Պայմանագրով երաշխավորի պատասխանատվությունը կրում է սուբսիդիար բնույթ, եթե այդ մասին ուղղակիորեն սահմանված է պայմանագրում կամ երաշխավորին պահանջի ներկայացման ընթացակարգի վերաբերյալ պայմանագրային դրույթների կարգավորումից հետևում է, որ այն այդպիսին է:

Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` մինչև պահանջներն այն անձին ներկայացնելը, ով օրենքին, այլ իրավական ակտերին կամ պարտավորության պայմաններին համապատասխան կրում է հիմնական պարտապանի պատասխանատվությանը լրացուցիչ պատասխանատվություն (սուբսիդիար պատասխանատվություն), պարտատերը պետք է պահանջ ներկայացնի հիմնական պարտապանին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե հիմնական պարտապանը հրաժարվել է պարտատիրոջ պահանջը բավարարելուց, կամ պարտատերը ողջամիտ ժամկետում չի ստացել նրան ներկայացված պահանջի պատասխանը, ապա այդ պահանջը կարող է ներկայացվել սուբսիդիար պատասխանատվություն կրող անձին:

Նշված դրույթից հետևում է, որ պարտատերը սուբսիդիար պատասխանատվություն ստանձնած անձին պարտավորության կատարման պահանջ կարող է ներկայացնել միայն հիմնական պարտապանին այդպիսի պահանջ ներկայացնելուց հետո և միայն այն չափով, որ չափով պարտավորությունը չի կատարվել վերջինիս կողմից: Այսինքն` սուբսիդիար պատասխանատվություն կրող անձին պահանջը կարող է ներկայացվել, եթե

- հիմնական պարտապանը հրաժարվել է պարտատիրոջ պահանջը բավարարելուց, կամ

- պարտատերը ողջամիտ ժամկետում չի ստացել նրան ներկայացված պահանջի պատասխանը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ հայցի իրավունքը նյութական և դատավարական իրավունքների ինստիտուտ է: Հայցի իրավունքի դատավարական կողմը ենթադրում է դատարան դիմելու իրավունքը, իսկ նյութաիրավական կողմը` օրինական և հիմնավորված հայցապահանջների բավարարում ստանալու իրավունքը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր դեպքում երաշխավորի սուբսիդիար պատասխանատվություն նախատեսված լինելու պարագայում պարտատիրոջ հայցի իրավունքը (դատավարական կողմը) ծագում է հիմնական պարտապանի կողմից պարտավորության կատարումից հրաժարվելուց կամ ողջամիտ ժամկետում ներկայացված պահանջին պատասխան չստանալուց հետո միայն, հետևաբար նմանատիպ փաստական հանգամանքներ ունեցող գործերով վերոնշյալ հարցադրումների պարզաբանումը դատարանների կողմից կրում է պարտադիր բնույթ:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ նշված հարցադրումների պարզաբանումը պետք է իրականացվի երաշխավորության պայմանագրերի հետազոտման և պայմանագրային դրույթների համակողմանի վերլուծության և մեկնաբանության հիման վրա:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև երաշխավորի պատասխանատվության ծավալին: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 377-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` երաշխավորը պարտատիրոջ առջև պատասխանատվություն է կրում նույն ծավալով, ինչ պարտապանը` ներառյալ տոկոսներ վճարելը, պարտքը բռնագանձելու կապակցությամբ դատական ծախսերը և պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքով առաջացած` պարտատիրոջ այլ վնասները հատուցելը, եթե այլ բան նախատեսված չէ երաշխավորության պայմանագրով: Վերոգրյալից հետևում է, որ գործում է երաշխավորի լրիվ ծավալով պատասխանատվության սկզբունքը, եթե այլ բան նախատեսված չէ երաշխավորության պայմանագրով:

Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով նաև երաշխավորության ինստիտուտի մի շարք իրավանորմերի դիսպոզիտիվ կարգավորումը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր դեպքում երաշխավորի պատասխանատվության բնույթը և ծավալը հնարավոր է պարզել` երաշխավորության պայմանագրի դրույթները վերլուծելով և գնահատելով գործող իրավակարգավորման և վերոնշյալ վերլուծությունների համատեքսում:

Սույն գործով Դատարանը, արձանագրելով, որ պատասխանողների կողմից թույլ է տրվել պարտավորության խախտում, հայցը բավարարել է` պատասխանողներից հօգուտ հայցվորի համապարտության կարգով բռնագանձելով 27.921,41 ԱՄՆ դոլար պարտքի գումարը, ինչպես նաև 233.434,20 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը:

Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 375-րդ հոդվածը, 377-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կետերը, հիմնավոր է համարել Դատարանի այն եզրահանգումը, որ պատասխանող կողմը թույլ է տվել պարտավորության խախտում, որն էլ հանգեցրել է հայցվորի սեփականության իրավունքի խախտմանը, հետևաբար պատասխանող կողմը պարտավոր է հայցվորին վերադարձնել ոչ միայն նրան պատկանող գույքը` դրամը, այլև պարտավորության խախտման հետևանքով հայցվորի իրավունքի խախտման համար կատարված դատական ծախսերը, տոկոսագումարը, տույժի գումարը:

Վերոնշյալ մեկնաբանությունների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին, ուստի սույն որոշմամբ այդ հարցին կրկին չի անդրադառնում (տե՛ս, Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի թիվ 3-54(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը)։

Վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշման շրջանակներում անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի մեկնաբանությանը, նաև արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում վճիռ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում։ Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե′ս, Շողիկ Ղարիբյանն ընդդեմ Թամարա Վարդանյանի թիվ 3-558(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 31.10.2008 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ստորադաս դատարանները վիճելի փաստի, այն է` երաշխավորների պատասխանատվության բնույթի մասին եզրահանգման են եկել` լրիվ և բազմակողմանի չհետազոտելով գործում առկա ապացույցները և որևէ կերպ չհիմնավորելով նշված փաստի հաստատումը:

Մինչդեռ գործում առկա ապացույցների` 10.02.2010 թվականի թիվ 324900 և 10.02.2010 թվականի թիվ 324901 երաշխավորության պայմանագրերի համաձայն` Մարինե Նազարյանը և Սամվել Ավետիսյանը պարտավորվել են իրենց բանկային հաշիվներում առկա դրամական միջոցներով, ինչպես նաև սեփականության իրավունքով իրենց պատկանող ամբողջ գույքով (շարժական և անշարժ) պատասխանատվություն կրել Բանկի առջև` Վահան Ավետիսյանի կողմից 10.02.2010 թվականին կնքված թիվ 229436 պայմանագրով ստանձնած պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

Երաշխավորության թիվ 324900 և թիվ 324901 պայմանագրերի 2.1 կետի համաձայն` պարտատերը` Բանկը, պարտավորվել է պարտապանի` Վահան Ավետիսյանի կողմից Հիմնական պարտավորությամբ ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու մասին հայտնել երաշխավորներին:

Երաշխավորության թիվ 324900 և թիվ 324901 պայմանագրերի 2.2 կետի համաձայն` երաշխավորը պարտավորվել է կատարել հիմնական պարտավորությամբ պարտապանի ստանձնած պարտավորությունները` պարտապանի կողմից այդ պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու մասին պարտատիրոջ գրավոր կամ բանավոր հաղորդումը ստանալու պահից 5 բանկային օրվա ընթացքում:

Երաշխավորության թիվ 324900 և թիվ 324901 պայմանագրերի 2.5 կետի համաձայն` եթե երաշխավորը թույլ է տալիս պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման կետանց, ապա նշված պարտավորությունները կարող են կատարվել երաշխավորի` Բանկում առկա բանկային հաշիվների մնացորդների հաշվին, իսկ 2.6 կետի համաձայն` պարտատերն իրավունք է ձեռք բերում դատական կարգով բռնագանձում տարածել երաշխավորին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա, եթե երաշխավորը հրաժարվում է կամավոր կատարել պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները:

Վերը շարադրված պայմանագրային դրույթների վերլուծությունից հետևում է, որ կողմերը փոխադարձ կամաարտահայտությամբ սահմանել են երաշխավորներին պահանջների ներկայացման, դրանց բավարարման որոշակի ընթացակարգ: Ընդ որում, նշված ընթացակարգից միանշանակ պարզ չէ` կողմերի կամքն ուղղված է եղել երաշխավորների համապարտ, թե սուբսիդիար պատասխանատվություն սահմանելուն:

Մինչդեռ ստորադաս դատարանները, առանց հետազոտելու և գնահատելու նշված պայմանագրային դրույթները, դրանք պայմանագրերի մեկնաբանման վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածով սահմանված կանոններով չգնահատելով նույն օրենսգրքի 377-րդ և 415-րդ հոդվածների իրավակարգավորումների համատեքստում, հետևության են հանգել երաշխավորների համապարտ պատասխանատվության բնույթի վերաբերյալ, որպիսի եզրահանգումը վերը նշված պատճառաբանություններով հիմնավոր համարվել չի կարող:

Վճռաբեկ դատարանը հիմնավոր չի համարում նաև ստորադաս դատարանների հետևությունները երաշխավորների պատասխանատվության ծավալի մասին: Մասնավորապես, 10.02.2010 թվականի թիվ 324900 և 10.02.2010 թվականի թիվ 324901 երաշխավորության պայմանագրերի համաձայն` երաշխավորները պարտավորվել են իրենց բանկային հաշիվներին առկա դրամական միջոցներով, ինչպես նաև սեփականության իրավունքով իրենց պատկանող ամբողջ գույքով (շարժական և անշարժ) պատասխանատվություն կրել Բանկի առջև` Վահան Ավետիսյանի կողմից 10.02.2010 թվականին կնքված թիվ 229436 պայմանագրով ստանձնած պարտավորությունները (այն է` պարտավորության (վարկի) գումարը, հաշվեգրված տոկոսները և տուժանքը վճարելու պարտավորությունը) չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

Վերը նշված պայմանագրային դրույթով ըստ էության սահմանվել է երաշխավորների պատասխանատվության ծավալը` այն սահմանափակելով վարկի գումարը, հաշվեգրված տոկոսները և տուժանքը վճարելու պարտականությամբ, մինչդեռ ստորադաս դատարանները, հաստատված համարելով երաշխավորների լրիվ ծավալով պատասխանատվության փաստը, վերջիններիս վրա դրել են նաև դատական ծախսերը կրելու պարտականություն, ինչը չի բխում նշված պայմանագրային դրույթի կարգավորումից:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերի շրջանակը ճիշտ չի որոշել, դրանք չի պարզել պայմանագրային իրավակարգավորումների շրջանակներում և չի գնահատել գործում եղած ապացույցների բազմակողմանի և լրիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, ինչն ազդել է գործի ելքի վրա, հետևաբար Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ «Դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջների համաձայն, գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ և պատշաճ գնահատմամբ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, կայացրել է պատճառաբանված, հիմնավորված և օրինական վճիռ, որը բեկանելու հիմքեր վերաքննիչ բողոքում առկա չեն», Վճռաբեկ դատարանը գտնում է անհիմն և ոչ իրավաչափ:

 

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դրամական միջոցները գանձելու վերաբերյալ հայցը բավարարելու դեպքում դատարանը վճռի եզրափակիչ մասում սահմանում է բռնագանձվող գումարի ընդհանուր չափը` առանձին նշելով հիմնական պարտքի, վնասների, տուժանքի (տուգանքի, տույժի) չափերը, ինչպես նաև այն գումարի չափը, որի վրա հաշվեգրվում են տոկոսներ, այդ տոկոսների չափը և դրանց հաշվեգրման սկզբի տարին, ամիսը և ամսաթիվը:

Վկայակոչված հոդվածից հետևում է, որ դատավարական նորմով իմպերատիվ կերպով ամրագրված է, որ դատարանը դրամական միջոցները գանձելու վերաբերյալ հայցը բավարարելու դեպքում վճռի եզրափակիչ մասում սահմանում է նախ բռնագանձվող գումարի ընդհանուր չափը, ապա առանձին նշում է հիմնական պարտքի, վնասների, տուժանքի (տուգանքի, տույժի) չափերը, ինչպես նաև այն գումարի չափը, որի վրա հաշվեգրվում են տոկոսներ, այդ տոկոսների չափը և դրանց հաշվեգրման սկզբի տարին, ամիսը և ամսաթիվը:

Սույն գործով Դատարանը, հայցը բավարարելով, վճռի եզրափակիչ մասում սահմանել է. «Պատասխանողներ Վահան, Սամվել Ավետիսյաններից, Մարինե Նազարյանից համապարտությամբ հօգուտ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 27.921,41 ԱՄՆ դոլար և նաև վճարված 233.434,20 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը…»:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ի թիվս այլ հիմքերի՝ վերաքննիչ բողոքում որպես Դատարանի վճիռը բեկանելու հիմք` նշված է նաև այն հանգամանքը, որ Դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում։

Վերոնշյալ իրավանորմից հետևում է, որ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է և վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը որոշում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված նորմը ոչ միայն նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը կաշկանդված է վերաքննիչ բողոքի հիմքերով, այլ նաև նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտելով ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ: Հակառակ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի դրույթը կկրի հռչակագրային բնույթ, եթե դատարանները սահմանափակվեն զուտ այդ դրույթին համահունչ վերաքննիչ բողոքի հիմքերը դատական ակտում շարադրելով և չանդրադառնան այդ հիմքերի հիմնավորվածության հարցին: Հետևաբար բողոքում բարձրացված հիմքերը պարտադիր քննության առարկա պետք է դառնան վերադաս դատական ատյանում, և դատարանի կայացրած որոշումը պետք է պարունակի այդ հիմքերի վերաբերյալ եզրահանգումներ:

Մինչդեռ սույն գործով Վերաքննիչ դատարանը, չանդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին կետի խախտման վերաբերյալ բողոք բերած անձանց վերաքննիչ բողոքում ներկայացված հիմքին, անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը դրամական միջոցները գանձելու վերաբերյալ հայցը բավարարելու պարագայում վճռի եզրափակիչ մասում, սահմանելով բռնագանձվող գումարի ընդհանուր չափը, առանձին չի նշել հիմնական պարտքի, վնասների, տուժանքի (տուգանքի, տույժի) չափերը, որպիսի պարագայում վճռաբեկ բողոքը հիմնավոր է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին կետի և 219-րդ հոդվածի 1-ին կետի խախտման հիմքով:

 

3) Վճռաբեկ բողոքը երրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, ամրագրելով քաղաքացիական դատավարության փուլերը (գործի հարուցման, գործը դատաքննության նախապատրաստելու, դատաքննության և այլն), պարտավորեցում է դատարանին դատավարության մի փուլից անցումը մյուսին ձևակերպել առանձին դատավարական փաստաթղթով: Նշված իրավակարգավորումն ինքնանպատակ չէ և կոչված է երաշխավորելու գործին մասնակցող անձանց իրավունքների լիարժեք իրականացումը: Մասնավորապես, քաղաքացիական դատավարության յուրաքանչյուր փուլ ունի քաղաքացիական դատավարության ընդհանուր նպատակից բխող իր նպատակը, խնդիրները, դրանց լուծմանն ուղղված գործողությունների շրջանակը: Վերը նշվածով պայմանավորված` յուրաքանչյուր փուլում գործին մասնակցող անձանց իրավունքների և պարտականությունների շրջանակը ևս տարբեր է, հետևաբար վերջիններիս կողմից դատավարության համապատասխան փուլին անցնելու վերաբերյալ իրազեկումն ուղղակի անհրաժեշտություն է:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1499-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատավորը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն`գործը դատաքննության նշանակելու մասին որոշումն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, որում նշվում է գործի դատաքննության ժամանակի և վայրի մասին:

Կայացնելով գործը դատաքննության նշանակելու մասին որոշումը` դատարանը մի կողմից արձանագրում է գործը դատաքննության նախապատրաստելու փուլի ավարտը, մյուս կողմից` անցումը դատաքննության փուլին, որի շրջանակներում էլ իրականացվում է գործի ըստ էության քննությունը և լուծումը: Մասնավորապես, դատավարության այս փուլում դատարանը պարզում է հայցվորի պահանջները, պատասխանողի առարկությունները, անմիջականորեն հետազոտում է ապացույցները, պարզում է գործի փաստական հանգամանքները, կոնկրետ իրավահարաբերության սահմաններում կողմերի իրական իրավունքները և պարտականությունները: Վերը շարադրվածով պայմանավորված դատավարության այս փուլում գործին մասնակցող անձանց հիմնական իրավունքները հանգում են իրենց դիրքորոշումը ներկայացնելուն և ապացույցների հետազոտմանը մասնակցելուն: Հետևաբար օրենսդրի պահանջը` դատաքննության նշանակելու մասին որոշումն առանձին ակտի ձևով կայացնելու և այն գործին մասնակցող անձանց ուղարկելու վերաբերյալ, կոչված է ապահովելու վերջիններիս կողմից դատավարության այս փուլին նախապատրաստվելու և դատարան ներկայանալու իրական հնարավորությունը:

Սույն գործով Դատարանը 04.03.2013 թվականին կայացած նախնական դատական նիստում, որին մասնակցել է միայն հայցվորի ներկայացուցիչը, որոշում է կայացրել դատաքննության անցնելու վերաբերյալ` դատաքննության օր նշանակելով 18.03.2013 թվականը: Գործում առկա չէ դատարանի որոշում` գործը դատաքննության նշանակելու մասին, և այն գործին մասնակցող անձանց (մասնավորապես` պատասխանողին և երրորդ անձանց) ուղարկելու մասին ապացույց:

Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ սույն գործով դատաքննությունն իրականացվել է 18.03.2013 թվականին, անտեսել և գնահատման չի արժանացրել վերաքննիչ բողոքի այն հիմքը, որ Դատարանն առանձին դատական ակտի ձևով գործը դատաքննության նշանակելու մասին որոշում չի կայացրել և չի ուղարկել գործին մասնակցող անձանց, որպիսի պայմաններում վերջիններս իրազեկված չեն եղել, որ դատաքննությունը տեղի է ունենալու նշված օրը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1499-րդ հոդվածի խախտում, որն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

4) Վճռաբեկ բողոքը չորրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին կետի հանաձայն՝ կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձինք պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն:

Վկայակոչված իրավադրույթների փոխկապակցված վերլուծությունից հետևում է, որ կողմերի իրավունքն է դատավարության ցանկացած, այդ թվում նաև` դատական ակտերի վերանայման փուլերում գործն ավարտել հաշտության համաձայնությամբ, սակայն իրենց վերապահված այս իրավունքից կողմերը պետք է օգտվեն բարեխղճորեն` հաշվի առնելով նաև դատավարության այն փուլի առանձնահատկություննները, որի շրջանակներում իրացվելու է նշված իրավունքը: Մասնավորապես` կողմերի հաշտության համաձայնություն կնքելու իրավունքը դատական ակտերի վերանայման փուլերում օբյեկտիվորեն կարող է իրացվել մինչև բողոքի ըստ էության քննության ավարտը: Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը բխում է հետևյալ իրավանորմերի կարգավորումից.

ՀՀ քաղաքացիական դատավարության 217-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ դատարանում գործի քննությունն իրականացվում է վճռաբեկ դատարանում գործի քննության կանոններով, եթե նույն օրենսգրքի 4-րդ բաժնով այլ կանոններ նախատեսված չեն:

Վճռաբեկ դատարանում գործի քննությունը կանոնակարգող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավադրույթների (238-րդ և 241-րդ հոդվածներ) վերլուծությունից հետևում է, որ բողոքի ըստ էության քննության ավարտից հետո որևէ հիմքով բողոքի քննությունը վերսկսելու դատավարական կարգ նախատեսված չէ:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը բողոքի ըստ էության քննությունն ավարտել է 24.07.2013 թվականին, և դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 02.08.2013 թվականը: Բողոքի ըստ էության քննության ավարտից հետո` 01.08.2013 թվականին, Մարինե Նազարյանի ներկայացուցիչը գործի քննությունը վերսկսելու մասին դիմում է ներկայացրել Վերաքննիչ դատարան` պատճառաբանելով, որ Բանկը պատրաստակամություն է հայտնել քննարկել հաշտության համաձայնության առաջարկը: Վերաքննիչ դատարանը նշված դիմումը քննության չի առել:

Վերոնշյալ վերլուծությունների համատեքսում անդրադառնալով սույն գործի փաստերին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության 33-րդ հոդվածի խախտման վերաբերյալ բողոքում ներկայացված փաստարկն անհիմն է, քանի որ կողմերն իրենց վերապահված այդ իրավունքից կարող էին օգտվել մինչև բողոքի ըստ էության քննության ավարտը, մինչդեռ կողմի ներկայացուցիչն իրենց մտադրության մասին հայտնել է դատական ակտի կայացման փուլում, բացի այդ, Մարինե Նազարյանի կողմից հաշտության համաձայնության վերաբերյալ Բանկի կողմից ցանկություն հայտնելու մասին ընդամենը դիմում ներկայացնելը հիմք չէ այն որպես օրենքով սահմանված կարգով կողմերի միջև գրավոր ձևակերպված հաշտության համաձայնություն համարելու և քննարկման առարկա դարձնելու համար:

 

5) Վճռաբեկ բողոքը հինգերորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործով վճռաբեկ բողոքի հաջորդ հիմքը վերաբերում է Դատարանի կողմից հակընդդեմ հայցի առարկայի շրջանակներից դուրս գալուն:

Նշված հարցադրմանը պատասխանելու համար Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում վերահաստատել հայցի հիմքի և առարկայի վերաբերյալ նախկինում ձևավորած հետևյալ դիրքորոշումը.

Հայցի առարկան այն նյութաիրավական պահանջն է, որը հայցվորը ներկայացնում է պատասխանողի դեմ, և որի վերաբերյալ դատարանը որոշում է կայացնում: Ընդ որում, հայցի առարկայից պետք է տարբերել հայցի օբյեկտը, այսինքն` այն առարկան, որին ուղղված է հայցի առարկայի բովանդակությունը կազմող պահանջը: Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցի փաստական հիմքն այն հանգամանքներն են, որոնց հետ նյութական իրավունքի նորմը կապում է իրավահարաբերությունների առաջացումը, փոփոխումը կամ դադարումը: Հայցի փաստական հիմքն ըստ էության իրավաբանական փաստերն են, հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել հայցվորի պահանջի համար: Միաժամանակ, հայցի փաստական հիմքը վերջնականորեն որոշում է դատարանը` հիմնվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի վրա:

Վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ հայցի փաստական հիմքից բացի հայցի տարրերի մեջ ներառվում է նաև հայցի իրավական հիմքը, որն այն իրավական նորմերն են, որոնք կարգավորում են վիճելի իրավահարաբերությունը: Չնայած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հայցվորից չի պահանջում հայցադիմումում նշել այն իրավական նորմերը, որոնց վրա հիմնվում է հայցապահանջը, այնուամենայնիվ, հայցվորը բացի փաստական հանգամանքներից կարող է հայցադիմումում նշել այն իրավական նորմերը, որոնց հիման վրա կողմերի միջև ծագել են համապատասխան իրավահարաբերություններ, և որը վերջինիս հիմք է տալիս առկա փաստական հանգամանքների հետ միասին ներկայացնել համապատասխան պահանջ (տե′ս, Վիգեն Ուրուշանյանն ընդդեմ Սուրիկ Սեդրակյանի թիվ ԵՇԴ/0473/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ օրենսդրությունը հայցի հիմքը և առարկան փոխելու լիազորությունը վերապահում է միայն հայցվորին, և տվյալ դեպքում դատարանն ուղղակի հայցվորի համապատասխան միջնորդության առկայության դեպքում կարող է որոշում կայացնել բավարարելու կամ մերժելու հայցվորի` հայցի հիմքը կամ առարկան փոխելու վերաբերյալ միջնորդությունը, սակայն սեփական նախաձեռնությամբ վերոնշյալ գործողությունները կատարելու լիազորություն դատարանը չունի (տե′ս, Ա/Ձ Էդմոնդ Ասատրյանը և Կարինե Բաղջյանն ընդդեմ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/2924/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ դատարանի կողմից հայցի առարկայի անհիմն ընդլայնումը վերը շարադրված պատճառաբանությունների հիմքով ոչ միայն տնօրինչականության, մրցակցության սկզբունքների խախտում է, այլև հետագայում կարող է խոչընդոտ հանդիսանալ անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների իրացման համար: Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի (դատավորը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ) և 109-րդ հոդվածի 2-րդ կետի (դատարանը կարճում է գործի վարույթը, եթե նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ, բացառությամբ նույն օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքի) իրավակարգավորումից:

ՀՀ քաղաքացիական դատավարության 96-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` հակընդդեմ հայցը հարուցվում է հայց հարուցելու ընդհանուր կանոններով, հետևաբար վերը շարադրված իրավական վերլուծությունները հավասարապես կիրառելի են նաև հակընդդեմ հայցի պարագայում:

Սույն գործով սկզբնական հայցով պատասխանող Մարինե Նազարյանը հակընդդեմ հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Բանկի, երրորդ անձինք Վահան Ավետիսյանի, Սամվել Ավետիսյանի` 10.02.2010 թվականին կնքված թիվ 229436 անշարժ գույքի վարկավորման և 05.02.2010 թվականին կնքված թիվ N1C146665 անշարժ գույքի առուվաճառքի և գրավի պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջների մասին:

Հակընդդեմ հայցով հայցվորը գործի քննության ընթացքում հակընդդեմ հայցի առարկան չի փոխել, հետևաբար հակընդդեմ հայցով ներկայացված է եղել միայն պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջ: Մինչդեռ Դատարանը քննության է առել և մերժել է Մարինե Նազարյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Բանկի, երրորդ անձինք Վահան, Սամվել Ավետիսյանների` պատճառված վնասը հատուցելու և պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին:

Հետևաբար, սույն գործով հակընդդեմ հայցի առարկան կամ հայցապահանջի չափը հակընդդեմ հայցով հայցվորի կողմից չփոխելու պայմաններում Դատարանի կողմից հակընդդեմ հայցի առարկայից շեղումը խախտում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածը, 32-րդ հոդվածի 1-ին կետը, 131-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետը:

Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա, իսկ նույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ դատարանը վճիռ կայացնելիս որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը։

 Այսինքն` վերը նշված հոդվածների իմաստով դատարանը պարտավոր է՝

- քաղաքացիական գործը հարուցել միմիայն համապատասխան հայցի կամ դիմումի հիման վրա,

- քաղաքացիական գործը քննել միմիայն այդ գործով ներկայացված հայցապահանջների շրջանակում (տե′ս, օրինակ Լուսինե Իսրաելյանն ընդդեմ Կարեն Խաչատրյանի և մյուսների թիվ ԵԿԴ/3430/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.03.2012 թվականի որոշումը)։

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, չանդրադառնալով վերը նշված դատավարական նորմերի խախտման վերաբերյալ վերաքննիչ բողոքի հիմքին, անհիմն կերպով արձանագրել է, որ Դատարանի եզրահանգումը` հակընդդեմ հայցը մերժելու մասին օրինական է և իրավաչափ:

 

6) Վճռաբեկ բողոքը վեցերորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը, սույն գործով արձանագրելով ստորադաս դատարանների կողմից թույլ տրված նյութական և դատավարական նորմերի մի շարք խախտումներ, այդուհանդերձ գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի հիմքով:

Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե գործից բացակայում է դատական նիստի արձանագրությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական նիստերում, ինչպես նաև դատական նիստերից դուրս առանձին դատավարական գործողություններ կատարելիս վարվում է արձանագրություն:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատական նիստի դահլիճում ձայնագրման համակարգ տեղադրված լինելու դեպքում արձանագրությունը վարվում է դատական նիստի ձայնային արձանագրման և համակարգչային եղանակով միաժամանակ համառոտագրման միջոցով: Համառոտագրումը դատական նիստերի դահլիճում կատարվող գործողությունների մասին նշումներն են:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 148-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` հատուկ համակարգչային ձայնագրման համակարգով արձանագրություն վարելիս դրա համառոտագրումը կատարվում է միաժամանակ` համակարգչային եղանակով: Ձայնային արձանագրությունը գործի նյութերին կցվում է լազերային կրիչի վրա: Համառոտագրումը գործի նյութերին կցվում է թղթային կրիչի վրա` հավաստված դատական նիստի քարտուղարի ստորագրությամբ:

Վերը շարադրված իրավանորմերի փոխկապակցված վերլուծությունից հետևում է, որ դատական նիստի դահլիճում ձայնագրման համակարգ տեղադրված լինելու դեպքում դատական նիստի արձանագրումը ենթադրում է ձայնային արձանագրում` ամրագրված լազերային կրիչի վրա, և համակարգչային համառոտագրում` արտատպված թղթի վրա: Վերջիններիս միաժամանակյա առկայությունը պարտադիր է յուրաքանչյուր դատական նիստով, և դրանցից որևէ մեկի բացակայությունը ենթադրում է արձանագրության բացակայություն, ինչն էլ դատական ակտի պարտադիր բեկանման հիմք է հանդիսանում:

Սույն գործով Դատարանը 22.11.2013 թվականի դատական նիստն արձանագրել է ձայնային արձանագրման և համակարգչային եղանակով համառոտագրման միջոցով (հատոր 1-ին, գ.թ. 96), սակայն նշված դատական նիստի ձայնային արձանագրությունն ամրագրված չէ գործում առկա լազերային կրիչի վրա (հատոր 1-ին, գ.թ. 160), որպիսի պարագայում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 22.11.2013 թվականի դատական նիստի արձանագրությունը բացակայում է գործից:

Վերաքննիչ դատարանը, անտեսելով վերաքննիչ բողոքի նշված հիմքը, Դատարանի վճիռը թողել է օրինական ուժի մեջ այն դեպքում, երբ սույն գործով առկա է եղել Դատարանի վճռի պարտադիր բեկանման հիմք:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ և 6-րդ հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.2014 թվականի ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.08.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։

2. Դատական ծախսերի բաշխման հարցին, այդ թվում` վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 16.10.2013 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի չվճարված մասի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Է. Հայրիյան

Վ. Աբելյան

   

Ս. Անտոնյան

   

Վ. Ավանեսյան

   

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ե. Սողոմոնյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան