ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0826/02/12 |
Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0826/02/12 2014 թ. |
Նախագահող դատավոր՝ Ն. Բարսեղյան |
Դատավորներ՝ |
Ա. Մկրտչյան |
Ի. Վարդանյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Ավանեսյանի | |
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ | ||
Ս. Անտոնյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
|
Է. Հայրիյանի | |
Ե. Սողոմոնյանի |
2014 թվականի հուլիսի 18-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Սուսաննա Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.01.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Արտադրա-Տպագրական» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Սուսաննա Հարությունյանի` սեփականության իրավունքի խախտումները վերացնելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է պարտավորեցնել Սուսաննա Հարությունյանին վերացնելու ապօրինի շինարարությունը, իր արտադրական տարածքի մուտքի և ելքի սահմանափակումը:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 12.04.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.07.2013 թվականի որոշմամբ Սուսաննա Հարությունյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 12.04.2013 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ն. Կարապետյան) (այսուհետ՝ Դատարան) 13.11.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 31.01.2014 թվականի որոշմամբ Սուսաննա Հարությունյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 13.11.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է բերել Սուսաննա Հարությունյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 28-րդ, 112-րդ,149.5-րդ և 149.9-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը, 04.11.2013 թվականին նշանակելով նախնական դատական նիստ, նույն օրն ավարտել է գործի քննությունն ու նշանակել է վճռի հրապարակման օրն ու ժամը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ սույն գործում առկա չէ գործը դատաքննության նշանակելու որոշումն իրեն ուղարկելու վերաբերյալ որևէ ապացույց, քանի որ Դատարանը չի իրականացրել գործով ըստ էության քննություն` իրեն զրկելով իր դատական պաշտպանության իրավունքը լիարժեք իրականացնելու հնարավորությունից:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն, որ գործի քննության ընթացքում որևէ ապացույց ձեռք չի բերվել այն մասին, որ ինքը վիճելի պարիսպը կառուցել է Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասում, մինչդեռ Դատարանը որպես հայցի հիմնավորում` հիմք է ընդունել կողմերի սեփականության իրավունքի գրանցման վկայականները և ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության գրությունը, որտեղ որևէ հիշատակում չկա հողազավթման կամ պարիսպն Ընկերությանը պատկանող հողամասում կառուցված լինելու վերաբերյալ, մինչդեռ Դատարանը հիմք է ընդունել Ընկերության ներկայացուցիչների հողազավթում կատարելու մասին բանավոր հայտարարությունը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն, որ ՀՀ ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել է թիվ 16129013 քրեական գործը, և այն գտնվում է նախաքննության փուլում, սակայն Դատարանը, հիմք ընդունելով Ընկերության ներկայացուցիչների բանավոր հայտարարությունն այն մասին, թե իբր իրենք հաշտվել են քրեական գործի շրջանակներում, մերժել է իր միջնորդությունը` քաղաքացիական գործի վարույթը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի հիմքով կասեցնելու վերաբերյալ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 31.01.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1. 04.11.2013 թվականին կայացած դատական նիստի արձանագրության համառոտագրման համաձայն` Դատարանը նույն օրը նախնական դատական նիստում, որին ներկա է գտնվել միայն հայցվորի ներկայացուցիչը, արձանագրային որոշում է կայացրել դատաքննության անցնելու մասին և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի հիմքով գործի քննությունը հայտարարել է ավարտված` նշանակելով դատական ակտի հրապարակման օրն ու ժամը (հատոր 2, գ.թ. 83-85):
2. Գործում առկա չէ առանձին դատական ակտի ձևով կայացված գործը դատաքննության նշանակելու մասին որոշում և այն պատասխանողին ուղարկելու վերաբերյալ ապացույց:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։
Սույն որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանն անդրադառնում է այն իրավական խնդրին, թե արդյոք դատարանը նախնական դատական նիստի ավարտից անմիջապես հետո կարող է անցնել գործի դատաքննությանը այն պարագայում, երբ կողմերից մեկը ներկա չէ և չի իրազեկվել գործը դատաքննության նշանակելու մասին որոշման մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, ամրագրելով քաղաքացիական դատավարության փուլերը (գործի հարուցման, գործը դատաքննության նախապատրաստելու, դատաքննության և այլն), պարտավորեցնում է դատարանին դատավարության մի փուլից անցումը մյուսին ձևակերպել առանձին դատավարական փաստաթղթով: Նշված իրավակարգավորումն ինքնանպատակ չէ և կոչված է երաշխավորելու գործին մասնակցող անձանց իրավունքների լիարժեք իրականացումը: Մասնավորապես` քաղաքացիական դատավարության յուրաքանչյուր փուլ ունի քաղաքացիական դատավարության ընդհանուր նպատակից բխող իր նպատակը, խնդիրները, դրանց լուծմանն ուղղված գործողությունների շրջանակը: Վերը նշվածով պայմանավորված` յուրաքանչյուր փուլում գործին մասնակցող անձանց իրավունքների և պարտականությունների շրջանակը ևս տարբեր է, հետևաբար վերջիններիս կողմից դատավարության համապատասխան փուլին անցնելու վերաբերյալ իրազեկումն ուղղակի անհրաժեշտություն է:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1499-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատավորը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն`գործը դատաքննության նշանակելու մասին որոշումն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, որում նշվում է գործի դատաքննության ժամանակի և վայրի մասին:
Կայացնելով գործը դատաքննության նշանակելու մասին որոշումը` դատարանը մի կողմից արձանագրում է գործը դատաքննության նախապատրաստելու փուլի ավարտը, մյուս կողմից` անցումը դատաքննության փուլին, որի շրջանակներում էլ իրականացվում է գործի ըստ էության քննությունը և լուծումը: Մասնավորապես` դատավարության այս փուլում դատարանը պարզում է հայցվորի պահանջները, պատասխանողի առարկությունները, անմիջականորեն հետազոտում է ապացույցները, պարզում է գործի փաստական հանգամանքները, կոնկրետ իրավահարաբերության սահմաններում կողմերի իրական իրավունքները և պարտականությունները: Վերը շարադրվածով պայմանավորված` դատավարության այս փուլում գործին մասնակցող անձանց հիմնական իրավունքները հանգում են իրենց դիրքորոշումը ներկայացնելուն և ապացույցների հետազոտմանը մասնակցելուն: Հետևաբար օրենսդրի պահանջը` դատաքննության նշանակելու մասին որոշումն առանձին ակտի ձևով կայացնելու և այն գործին մասնակցող անձանց ուղարկելու վերաբերյալ, կոչված է ապահովելու վերջիններիս կողմից դատավարության այս փուլին նախապատրաստվելու և դատարան ներկայանալու իրական հնարավորությունը:
Վճռաբեկ դատարանի վերը նշված եզրահանգումը բխում է նաև Կոնվենցիայով երաշխավորված յուրաքանչյուրի` արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) իրավական դիրքորոշումներից: Մասնավորապես, Անկերլ ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանն արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում:
Ընդ որում, Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի վերլուծությանը, արձանագրել է, որ քաղաքացիական դատավարությունը կողմերի իրավահավասարության հիման վրա իրականացնելու սկզբունքի էությունը կայանում է նրանում, որ դատավարության բոլոր փուլերում կողմերն օժտված են իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջոցներ օգտագործելու հավասար հնարավորություններով (տե′ս, Լիլիթ Գևորքովան ընդդեմ Սվետլանա Միքայելյանի թիվ ԵԷԴ/1730/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
Հետևաբար այն դեպքում, երբ անձը չի տեղեկացվում դատաքննության փուլին անցնելու վերաբերյալ, որպես հետևանք զրկվում է դատավարության այդ փուլում օրենսդրորեն իրեն վերապահված դատավարական իրավունքներն իրացնելու հնարավորությունից` հայտնվելով դատավարության մյուս կողմի հետ համեմատ էականորեն նվազ բարենպաստ վիճակում, ինչն իրավահավասարության սկզբունքի խախտում է:
Վճռաբեկ դատարանը, միաժամանակ ելնելով գործի արդյունավետ քննության սկզբունքի ապահովման անհրաժեշտությունից, հարկ է համարում հավելել, որ դատարանը նախնական դատական նիստի ավարտից անմիջապես հետո կարող է որոշում կայացնել դատաքննությունը սկսելու մասին բացառապես այն դեպքում, երբ նախնական դատական նիստին ներկայացել են գործին մասնակցող բոլոր անձինք և նրանց հնարավոր է իրազեկել գործը դատաքննության նշանակելու մասին որոշման վերաբերյալ:
Սույն գործի փաստերի համաձայն` 04.11.2013 թվականին կայացած նախնական դատական նիստում Դատարանն արձանագրային որոշում է կայացրել դատաքննության անցնելու մասին և նույն օրն իրականացնելով գործի դատաքննությունը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի հիմքով գործի քննությունը հայտարարել է ավարտված` նշանակելով դատական ակտի հրապարակման օրն ու ժամը: Պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը չեն ներկայացել 04.11.2013 թվականին կայացած նախնական դատական նիստին: Գործում առկա չէ առանձին դատական ակտի ձևով կայացված գործը դատաքննության նշանակելու մասին որոշում և այն պատասխանողին ուղարկելու վերաբերյալ ապացույց:
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Դատարանի կողմից սույն գործով նախնական դատական նիստեր են հրավիրվել 23.11.2012, 15.01.2013 և 21.02.2013 թվականներին, որից հետո Դատարանի 21.02.2013 թվականի որոշմամբ գործը համարվել է դատաքննությանը նախապատրաստված, և դատաքննության օր է նշանակվել 14.03.2013 թվականը, որի վերաբերյալ Սուսաննա Հարությունյանի ներկայացուցիչ Արման Ապիտոնյանը պատշաճ կերպով ծանուցվել է, որպիսի հանգամանքը հաստատվում է սույն գործին կցված` վերջինիս կողմից ստացված և ստորագրված ծանուցագրերով (հատոր 1-ին, գ.թ. 81-82, 79-84), ուստի սույն քաղաքացիական գործի շրջանակներում տեղի են ունեցել երեք նախնական դատական նիստեր, որից հետո գործը նշանակվել է դատաքննության, և Սուսաննա Հարությունյանը զրկված չի եղել դատարանում իր իրավունքների և շահերի պաշտպանությունն իրականացնել ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով, սակայն ոչ Սուսաննա Հարությունյանը, ոչ վերջինիս ներկայացուցիչը չեն ներկայացել դատական նիստերին, որպիսի հանգամանքը հիմնավորվում է նաև գործի նյութերում առկա դատական նիստերի արձանագրություններով: Արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանի կողմից Սուսաննա Հարությունյանին բավարար հնարավորություն է ընձեռվել սույն գործով իր դատավարական իրավունքներն իրականացնելու, այդ թվում նաև` փոփոխված հայցապահանջի վերաբերյալ իր առարկություններն ու դիրքորոշումը հայտնելու հնարավորություն:
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրել է նաև այն հանգամանքը, որ գործը դատաքննության նշանակելու մասին Սուսաննա Հարությունյանին չծանուցելը, ինչպես նաև հիշյալ որոշումը չուղարկելը որևէ կերպ չի խախտում Սուսաննա Հարությունյանի դատավարական իրավունքը, առավել ևս, որ գործը դատաքննության նշանակելու մասին որոշման օրինակն այդուհանդերձ օրենքով սահմանված կարգով հանձնվել է Սուսաննա Հարությունյանի ներկայացուցիչ Արման Ապիտոնյանին, և վերջինս պատշաճ կերպով ծանուցվել է դատաքննության օրվա և ժամանակի մասին:
Վերոնշյալ վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն` վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:
Վերոնշյալ իրավանորմերից հետևում է, որ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է և վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը որոշում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը ճիշտ եզրահանգման չի եկել վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ հետևյալ պատճառաբանությամբ.
Ի թիվս այլ հիմքերի` վերաքննիչ բողոքում որպես Դատարանի վճիռը բեկանելու հիմք նշված է նաև այն հանգամանքը, որ Դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1499-րդ հոդվածի 2-րդ կետի խախտում, քանի որ 04.11.2013 թվականին նշանակելով նախնական դատական նիստ` նույն օրն անցել է դատաքննության և ավարտել է գործի քննությունը այն պարագայում, երբ պատասխանողը ներկա չի գտնվել դատական նիստին, հետևաբար Վերաքննիչ դատարանը պետք է ստուգեր Դատարանի վերոնշյալ գործողության իրավաչափությունը: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, անտեսելով այն հանգամանքը, որ սույն գործով կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտը մեկ անգամ արդեն իսկ բողոքարկվել է վերաքննության կարգով և բեկանվել է վերադաս դատական ատյանի կողմից, իսկ տվյալ պարագայում բողոքարկվել է բեկանված մասով գործի նոր քննության ընթացքում կայացած դատական ակտը, ընդ որում, բեկանված մասով գործը Դատարանում վարույթ է ընդունվել 23.09.2013 թվականին «Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին որոշմամբ» (հատոր 2-րդ, գ.թ. 48), անդրադարձել և գնահատական է տվել սույն գործի նախորդ քննության ընթացքում դատարանի գործողություններին` 23.11.2012, 15.01.2013, 21.02.2013 և 21.02.2013 թվականներին կայացած դատական նիստերի կապակցությամբ այն դեպքում, երբ դրանց վերաբերյալ որևէ փաստարկ առկա չի եղել վերաքննիչ բողոքում, բացի այդ, նշված գործողությունները վերոնշյալ հիմնավորումներով որևէ կերպ չէին կարող հանդիսանալ վերաքննության առարկա և պայմանավորել բողոքարկվող դատական ակտի իրավաչափությունը:
Միաժամանակ սույն գործով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը 04.11.2013 թվականին կայացած դատական նիստին արձանագրային որոշմամբ անցել է դատաքննության փուլ և ավարտել է այն` անտեսելով այն հանգամանքը, որ պատասխանողը ներկա չի գտնվել տվյալ դատական նիստին և չի ծանուցվել դատաքննության փուլին անցնելու վերաբերյալ, մասնավորապես`գործում առկա չէ գործը դատաքննության նշանակելու մասին առանձին դատական ակտի ձևով կայացված որոշում և այն պատասխանողին ուղարկելու վերաբերյալ ապացույց:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1499-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջը, սահմանափակել է կողմի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները, որպիսի դատավարական խախտումն ազդել է գործի ելքի վրա: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, անտեսելով նշված դատավարական խախտումը, Դատարանի վճիռը թողել է օրինական ուժի մեջ:
Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին, ապա կողմի դատավարական իրավունքի սահմանափակման պարագայում Վճռաբեկ դատարանը հնարավոր չի համարում դրանց անդրադառնալ:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.2014 թվականի ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.01.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Վ. Ավանեսյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Է. Հայրիյան | ||
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|