Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.08.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.11.05/59(1072).1 Հոդ.978.32
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
15.08.2014
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
15.08.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԱՎԴ4/0044/01/13

ԱՎԴ4/0044/01/13

Նախագահող դատավոր` Կ. Ղազարյան

Դատավորներ`

 Գ. Մելիք-Սարգսյան

 Հ. Տեր-Ադամյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Օհանյանի

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

 

 

 

քարտուղարությամբ

Հ. Պետրոսյանի

 
մասնակցությամբ տուժող

Խ. Տատոյանի

 

 

 

2014 թվականի օգոստոսի 15-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Վազգեն Գևորգի Քոչարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի փետրվարի 25-ի որոշման դեմ ամբաստանյալ Վ.Քոչարյանի պաշտպան Վ.Զուռնաչյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2013 թվականի հոկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության 8-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է թիվ 91158613 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նախաքննության մարմնի 2013 թվականի նոյեմբերի 11-ի որոշմամբ Վազգեն Քոչարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով: Նույն օրը որոշում է կայացվել Վ.Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել հրամանատարության հսկողության հանձնելը:

2013 թվականի նոյեմբերի 13-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանը, դատական քննության արագացված կարգի կիրառմամբ, 2013 թվականի դեկտեմբերի 17-ի դատավճռով Վ.Քոչարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ նշանակել է պատիժ` կարգապահական գումարտակում պահելու ձևով` 6 (վեց) ամիս ժամկետով: Ամբաստանյալ Վ.Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխարինվել է կալանավորմամբ, և նա արգելանքի է վերցվել դատական նիստերի դահլիճում: Պատժի սկիզբը հաշվվել է 2013 թվականի դեկտեմբերի 17-ից:

3. Ամբաստանյալի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը՝ Վերաքննիչ դատարանը 2014 թվականի փետրվարի 25-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 17-ի դատավճիռը՝ օրինական ուժի մեջ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի փետրվարի 25-ի որոշման դեմ ամբաստանյալ Վ.Քոչարյանի պաշտպան Վ.Զուռնաչյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2014 թվականի հունիսի 30-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ամբաստանյալ Վ.Քոչարյանը դատապարտվել է այն բանի համար, որ «(...) նա 2013թ. հունիսի 22-ից 2013թ. հոկտեմբերի 29-ը զբաղեցնելով ՀՀ ՊՆ 70179 զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի հետախուզական դասակի 1-ին ջոկի հետախույզ-գնդացրորդի հաստիքը, կոչումով` շարքային, 2013թ. հոկտեմբերի 22-ին` ժամը 22:00-ի սահմաններում, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ` երեկոյան զբոսանքին չմասնակցելու և շարք չիջնելու համար անձնակազմի մյուս անդամներին շարահրապարակում պահելու պատճառով վիրավորանք է հասցրել իր նկատմամբ պետ հանդիսացող, նույն գումարտակի հրամանատարի հրետանու գծով օգնական, օրվա պատասխանատու սպա, կապիտան Խաչատուր Հրայրի Տատոյանին, այն է` նշված ժամանակ գնացել է շարահրապարակ և այնտեղ գտնվող անձնակազմի ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանք տվել Խ.Տատոյանի մոր հասցեին, դրանով անպարկեշտ ձևով ստորացրել վերջինիս պատիվն ու արժանապատվությունը» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 150-152):

6. Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունիսի 18-ի դատավճռով Վ.Քոչարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել կալանք՝ 1 ամիս ժամկետով: Վ.Քոչարյանի նկատմամբ նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան` 1 տարի ժամկետով (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 135-139):

7. Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 17-ի դատավճռի ներածական մասում արձանագրված է, որ Վ.Քոչարյանը հանդիսանում է նախկինում դատված և դատվածություն չունեցող: Իսկ դատավճռի նկարագրական-պատճառաբանական մասի համաձայն. «(...) Դատարանն ապացուցված է համարում, որ բացակայում են ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժն ինչպես ծանրացնող, այնպես էլ մեղմացնող հանգամանքները:

Որպես անձը բնութագրող տվյալներ՝ ամբաստանյալ Վազգեն Քոչարյանը կատարել է դիտավորյալ հանցագործություն, կատարածի համար զղջացել է, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2013 թվականի հունիսի 18-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է կալանքի և նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվելով փորձաշրջան մեկ տարի ժամանակով, «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2013 թվականի հոկտեմբերի 03-ի որոշման /այսուհետև՝ Համաներման ակտ/ 1-ին կետի 1-ին ենթակետի հիմքով 2013 թվականի դեկտեմբերի 17-ի Դատարանի որոշմամբ ազատվել է մեկ ամիս ժամկետով կալանքի ձևով նշանակված պատժից, դատվածությունը մարված, միջնակարգ կրթությամբ, ամուրի, ֆիզիկապես առողջ, հրամանատարության կողմից բնութագրվել է բացասական՝ որպես անկարգապահ զինծառայող (...):

Տուժող Խ.Տատոյանը խնդրել է ամբաստանյալի նկատմամբ նշանակել արարքին համարժեք օրենքով սահմանված պատիժ: (...)

Չնայած այն հանգամանքին, որ ամբաստանյալ Վազգեն Քոչարյանն իրեն մեղսագրվող ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը կատարել է գտնվելով փորձաշրջանի մեջ, սակայն Դատարանը գտնում է, որ Համաներման ակտի կիրառմամբ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2013 թվականի հունիսի 18-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտված և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառված՝ փորձաշրջանի մեջ գտնվող դատապարտյալ Վազգեն Քոչարյանին Դատարանի 17.12.2013թ. որոշմամբ պատժից ազատելու արդյունքում նաև նրա նկատմամբ սահմանված փորձաշրջանի վերացման պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի համաձայն, ամբաստանյալի դատվածությունը համարվում է մարված, և բացակայում է հանցագործությունների ռեցիդիվը:

ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան նախատեսում է չորս հիմնական պատժատեսակ` զինվորական ծառայության մեջ սահմանափակման ձևով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքի ձևով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկման ձևով` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

(...)

Դատարանը փաստում է, որ ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող ամբաստանյալ Վազգեն Քոչարյանի կողմից արդեն իսկ զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով հանցագործություն կատարելու համար վերջինիս նկատմամբ դատավճռով կալանքի ձևով նշանակված պատիժը չի ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակները, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ամբաստանյալը կրկին կատարել է համասեռ հանցագործություն, և Դատարանի համոզմամբ ամբաստանյալի նկատմամբ անհրաժեշտ է նշանակել մեղսագրվող արարքի համար նախատեսված կալանքից խիստ պատժատեսակ:

Միևնույն ժամանակ, Դատարանը հաշվի առնելով ամբաստանյալի անձը բնութագրող վերը նշված տվյալները, կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը, ելնելով պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից, գտնում է, որ ամբաստանյալին մեղսագրված արարքի համար նախատեսված պատիժներից կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելու պայմաններում կարող է ապահովվել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակները, այն է` վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին և կանխել հանցագործությունները» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 150-152):

8. Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ նշել է հետևյալը. «(...) [Առաջին ատյանի դատարանն] իրավացիորեն փաստել է, որ ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող ամբաստանյալ Վազգեն Քոչարյանի կողմից արդեն իսկ զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով հանցագործություն կատարելու համար վերջինիս նկատմամբ դատավճռով կալանքի ձևով նշանակված պատիժը չի ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48 հոդվածով սահմանված պատժի նպատակները` նկատի ունենալով այն հանգամանքը, որ ամբաստանյալը կրկին կատարել է համասեռ հանցագործություն, և Դատարանի համոզմամբ ամբաստանյալի նկատմամբ անհրաժեշտ է նշանակել մեղսագրվող արարքի համար նախատեսված կալանքից խիստ պատժատեսակ» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 48-52):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոք բերած անձը փաստարկել է, որ ինչպես Առաջին ատյանի դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը սխալ են կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-63-րդ հոդվածների պահանջները:

Ի հիմնավորումն վերոգրյալ փաստարկի՝ բողոքաբերը շարադրել և Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումների լույսի ներքո վերլուծել է հիշատակված քրեաիրավական դրույթները, որից հետո եզրակացություն է արել այն մասին, որ ստորադաս դատարանները չեն պատճառաբանել, թե ինչու Վ.Քոչարյանին վերագրվող հանցագործության համար նախատեսված պատիժներից նվազ խիստ տեսակը չէր կարող ապահովել պատժի նպատակների իրագործումը: Ըստ բողոքաբերի՝ ամբաստանյալի նկատմամբ պատժի տեսակը և չափն ընտրելիս դատարանները հաշվի չեն առել Վ.Քոչարյանի անձը դրականորեն բնութագրող մի շարք փաստական տվյալներ, նրա ընտանեկան դրությունը, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը:

Բողոքի հեղինակը հիմնազուրկ է համարել նաև ստորադաս դատարանների այն դատողությունը, որ ամբաստանյալի նկատմամբ պետք է նշանակել մեղսագրվող արարքի համար նախատեսված՝ կալանքից ավելի խիստ պատժատեսակը, քանի որ Վ.Քոչարյանն արդեն իսկ զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություն է կատարել և նրա նկատմամբ նշանակվել է կալանքի ձևով պատիժ, որը չի ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակները: Այս կապակցությամբ բողոքաբերը շեշտել է, որ Վ.Քոչարյանի նախկին դատվածությունը մարվել է, հետևաբար չէր կարող հաշվի առնվել սույն գործով նրա նկատմամբ պատիժ նշանակելիս:

10. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ բողոք բերած անձը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 2014 թվականի փետրվարի 25-ի որոշումը, Վ.Քոչարյանի նկատմամբ նշանակել պատիժ կարգապահական գումարտակում պահելու ձևով` 3 ամիս ժամկետով:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ ամբաստանյալ Վ.Քոչարյանի նկատմամբ պատիժ պետք է նշանակել կարգապահական գումարտակում պահելու ձևով, քանի որ նա նախկինում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործության համար արդեն իսկ դատապարտվել է կալանքի:

12. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:

ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով»:

ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի համաձայն՝

«1. Անձը դատվածություն ունեցող է համարվում մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչև դատվածությունը մարվելու կամ հանվելու պահը:

2. Դատվածությունը, սույն օրենսգրքին համապատասխան, հաշվի է առնվում հանցագործության ռեցիդիվի դեպքում և պատիժ նշանակելիս:

(…)

8. Դատվածությունը հանելը կամ մարելը վերացնում է դատվածության հետ կապված իրավական բոլոր հետևանքները: (…)»:

13. Վճռաբեկ դատարանը Ս.Աղախանյանի գործով որոշման մեջ իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ «(…) [ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի] վերլուծությունից հետևում է, որ դատվածությունը բնորոշվում է որպես անձի հանրային բարձր վտանգավորության մասին վկայող հանգամանք, հետևաբար դատվածություն ունեցող անձի համար նոր հանցագործություն կատարելու դեպքում ծագում են քրեաիրավական բնույթի բացասական հետևանքներ: Միևնույն ժամանակ, նախկինում դատվածություն ունենալը չի նշանակում, որն անձն իր ամբողջ կյանքի ընթացքում համարվում է հանրային բարձր վտանգավորություն ունեցող: Քրեական օրենքը նախատեսում է դատվածությունը հանելու կամ մարելու հնարավորություն, որի դեպքում անձը օրենքի տեսանկյունից համարվում է որևէ հանցանք չկատարած, ուստի և նրա դատվածությունը չի կարող առաջացնել քրեաիրավական բնույթի բացասական հետևանքներ, այդ թվում՝ չի կարող հաշվի առնվել նոր հանցագործության համար պատիժ նշանակելիս» (տե՛ս Սեյրան Կառլենի Աղախանյանի գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԱՎԴ/0082/01/12 որոշման 21-22-րդ կետերը):

Վերահաստատելով և զարգացնելով Ս.Աղախանյանի գործով որոշման մեջ ձևավորված իրավական դիրքորոշումը՝ Ա.Շաքարյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանը շեշտել է, որ «(…) մարված կամ հանված դատվածության պայմաններում անձի կողմից նախկինում հանցանք կատարած լինելը որպես նրա անձը բացասաբար բնութագրող հանգամանք հաշվի առնելն անթույլատրելի է: Նախկինում հանցանք կատարած լինելը դիտելով որպես հանցավորի բարոյահոգեբանական և քրեաիրավական բնութագիր՝ դատարանը պարտավոր է այն ուղղակիորեն արտացոլել պատժի և պատասխանատվության անհատականացման ժամանակ: Մինչդեռ, մարված կամ հանված դատվածության պայմաններում անձը քրեական օրենքի իմաստով համարվում է հանցագործություն չկատարած և նրա նախկին դատվածությունը քրեաիրավական հետևանք առաջացնել չի կարող, այդ թվում՝ չի կարող անդրադառնալ նոր հանցագործության համար նշանակվելիք պատժի վրա:

Ուստի, մարված կամ հանված դատվածության պայմաններում նախկինում հանցանք կատարած լինելը դիտելով որպես հանցավորի անձնավորությունը բացասաբար բնութագրող հանգամանք՝ դատարանը ոչ միայն կիմաստազրկի դատվածությունը հանելու, մարելու քրեաիրավական կառուցակարգերը, այլև կարող է խախտել պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները» (տե՛ս Արտաշ Իլյայի Շաքարյանի գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵԿԴ/0163/01/13 որոշման 15-րդ կետը):

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վ.Քոչարյանը 2013 թվականի հունիսի 18-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել կալանք՝ 1 ամիս ժամկետով: Նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան` 1 տարի ժամկետով (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանն իր 2013 թվականի դեկտեմբերի 17-ի դատավճռում արձանագրել է, որ Վ.Քոչարյանի դատվածությունը մարված է: Միևնույն ժամանակ դատարանն արձանագրել է, որ ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելով՝ Վ.Քոչարյանն արդեն իսկ զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություն է կատարել և նրա նկատմամբ կալանքի ձևով պատիժ է նշանակվել, որը չի ապահովել պատժի նպատակները, և ամբաստանյալը կրկին կատարել է համասեռ հանցագործություն: Ուստի դատարանը գտել է, որ ամբաստանյալ Վ.Քոչարյանի նկատմամբ անհրաժեշտ է նշանակել կալանքից խիստ պատժատեսակ (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Վերաքննիչ դատարանն իր հերթին արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն փաստել է, որ Վ.Քոչարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար կալանքի ձևով նշանակված պատիժը չի ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակները, ուստի ամբաստանյալի նկատմամբ անհրաժեշտ է նշանակել մեղսագրվող արարքի համար նախատեսված կալանքից խիստ պատժատեսակ (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

Փաստորեն, Վ.Քոչարյանը նախկինում դատապարտված է եղել և ստորադաս դատարաններն այդ դատվածությունը համարել են մարված: Չնայած այդ հանգամանքին՝ Վ.Քոչարյանի նկատմամբ պատժատեսակ ընտրելիս Առաջին ատյանի դատարանը հաշվի է առել այն, որ նա նախկինում հանցագործություն է կատարել, նրա նկատմամբ նշանակվել է կալանքի ձևով պատիժ, որը չի ապահովել պատժի նպատակները, իսկ Վերաքննիչ դատարանն իրավաչափ է համարել դա:

15. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 13-րդ կետում, և համապատասխանաբար, Ս.Աղախանյանի և Ա.Շաքարյանի գործերով որոշումներում առկա իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վ.Քոչարանի նախկին դատվածությունը ստորադաս դատարանների կողմից համարվել է մարված, որպիսի պայմաններում նրա նախկին դատվածությունը քրեաիրավական հետևանք առաջացնել չէր կարող, այդ թվում՝ չէր կարող անդրադառնալ նոր հանցագործության համար նշանակվելիք պատժի վրա:

16. Միևնույն ժամանակ, սույն գործի փաստական տվյալները հիմք ընդունելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վ.Քոչարյանին վերագրվող ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը կատարվել է 2013 թվականի հոկտեմբերի 22-ին: Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի հիմքով Վ.Քոչարյանը նախորդ դատավճռով նշանակված պատժից ազատվել է, և նրա նկատմամբ սահմանված փորձաշրջանը վերացվել է 2013 թվականի դեկտեմբերի 17-ին: Նույն օրը Վ.Քոչարյանի նկատմամբ սույն գործով կայացվել է մեղադրական դատավճիռ (տե՛ս սույն որոշման 5-րդ և 7-րդ կետերը):

ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ «Դատվածությունը մարվում է՝ պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում՝ փորձաշրջանն անցնելուց հետո»:

ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Եթե անձը մինչև դատվածությունը մարվելը նոր հանցանք է կատարում, ապա դատվածության մարման ժամկետն ընդհատվում է: Առաջին հանցագործության համար դատվածությունը մարվելու ժամկետը հաշվարկվում է վերստին՝ վերջին հանցագործության համար պատիժը (հիմնական և լրացուցիչ) փաստորեն կրելուց հետո: Այդ դեպքում անձը երկու հանցագործությունների համար էլ դատված է համարվում մինչև դրանցից առավել ծանր հանցագործության համար դատվածությունը մարվելու ժամկետը լրանալը»:

«Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման 9-րդ կետի 9-րդ ենթակետը նախատեսում է «Համաներումը չկիրառել այն անձանց նկատմամբ, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և որոնք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են փորձաշրջանի ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են փորձաշրջանի ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար»:

Ինչպես հետևում է սույն գործի փաստական տվյալներից՝ ամբաստանյալ Վ.Քոչարյանն իրեն մեղսագրվող դիտավորյալ հանցագործությունը կատարել է գտնվելով փորձաշրջանի մեջ, երբ նրա նախորդ դատվածությունը մարված չի եղել: Հետևաբար, Վ.Քոչարյանի առաջին դատվածության մարման ժամկետն ընդհատվել է, որպիսի պայմաններում ամբաստանյալի դատվածության մարված լինելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևություններն իրավաչափ չեն:

17. Վերոգրյալով հանդերձ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Վճռաբեկ դատարանը վերանայում է վերաքննիչ դատարանի (…) դատական ակտերը՝ վճռաբեկ բողոքում նշված հիմքերի և հիմնավորումների սահմաններում»:

Սույն գործով կայացված դատական ակտերը վճռաբեկ վերանայման են ենթարկվում ամբաստանյալի պաշտպանի բողոքի հիման վրա, որով վերջինս խնդրել է Վ.Քոչարյանի նկատմամբ նշանակված պատիժը մեղմացման առումով փոփոխել: Հետևաբար, Վճռաբեկ դատարանն իրավասու չէ իրավական հետևանք տալ սույն որոշման 16-րդ կետում արձանագրված խախտմանը:

18. Հիմք ընդունելով սույն որոշման 14-17-րդ կետերում շարադրված վերլուծությունը և եզրահանգումները՝ Վճռաբեկ դատարանը հիմնազուրկ է համարում բողոքաբերի այն փաստարկը, որ ամբաստանյալ Վ.Քոչարյանի նկատմամբ նշանակվել է ակնհայտ խիստ պատիժ, որը չի բխում ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով ամրագրված արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքից (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը): Այդ առումով բողոքաբերի փաստարկները չեն բխում գործի փաստական տվյալներից և չեն կարող հիմք հանդիսանալ սույն գործով կայացված դատական ակտերը բեկանելու և փոփոխելու համար:

Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Վ.Քոչարյանի պաշտպան Վ.Զուռնաչյանի վճռաբեկ բողոքը պետք է մերժել, իսկ Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 17-ի դատավճիռը և Վերաքննիչ դատարանի 2014 թվականի փետրվարի 25-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանությունները:

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2014 թվականի հունիսի 10-ի թիվ ՀՕ-48-Ն օրենքի 12-րդ հոդվածը և հաշվի առնելով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը բերվել է մինչև 2014 թվականի հուլիսի 3-ը` Վճռաբեկ դատարանը ղեկավարվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` մինչև վկայակոչված օրենքի ուժի մեջ մտնելը (2014 թվականի հուլիսի 3-ը) գործող խմբագրությամբ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Ամբաստանյալ Վազգեն Գևորգի Քոչարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի փետրվարի 25-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ս. Օհանյան

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան