Գլխավոր տեղեկություն
Համար
N 1230-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.11.2014-06.08.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.11.19/63(1076).1 Հոդ.1044.2
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.10.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.11.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.11.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հոկտեմբերի 2014 թվականի N 1230-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԸՆԴՈՒՆՎՈՂ ԱԿՏԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանին և Հայաստանի Հանրապետության տարածքում անասնաբուժական վերահսկողության իրականացման միասնական ընթացակարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) անասնաբուժական վերահսկողության իրականացման ժամանակ ընդունվող ակտերի օրինակելի ձևերը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2014 թ. նոյեմբերի 13
 Երևան

 

 

 

 Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2014 թվականի

հոկտեմբերի 30-ի N 1230-Ն որոշման

 

ՄԻԱՍՆԱԿԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. Կիրառման ոլորտը

 

1. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանին և Հայաստանի Հանրապետության տարածքում անասնաբուժական վերահսկողության իրականացման միասնական ընթացակարգով (այսուհետ՝ ընթացակարգ) կարգավորվում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանին և Հայաստանի Հանրապետության տարածքում անասնաբուժական վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն ընթացակարգի պահանջները կիրառվում են Հայաստանի Հանրապետության տարածքում անասնաբուժական պետական վերահսկողության ենթակա ապրանքների միասնական ցանկում ներառված ապրանքների (այսուհետ` վերահսկման ենթակա ապրանքներ) նկատմամբ: Հայաստանի Հանրապետության տարածքում անասնաբուժական պետական վերահսկողության ենթակա ապրանքների միասնական ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

3. Վերահսկման ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների և անհատների վերաբերյալ հսկողությունը (վերահսկողությունը) իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

II. Սույն ընթացակարգում օգտագործվող հասկացությունները

 

4. Սույն ընթացակարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները՝

1) անասնաբուժասանիտարական կանոններ՝ նորմատիվ փաստաթղթեր, որոնք սահմանում են միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջներ, ինչպես նաև զոոհիգիենիկ չափանիշներ, որոնց պահպանմանը չհետևելը կենդանիների, մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման սպառնալիք է առաջացնում.

2) միասնական անասնաբուժական պահանջներ՝ ենթահսկման ապրանքներին ներկայացվող պահանջներ, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետության տարածք կենդանիների վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների հարուցիչների և անասնաբուժասանիտարական տեսանկյունից վտանգավոր կենդանական ծագման ապրանքների (արտադրանքի) ներմուծման (ներթափանցման) և տարածման կանխարգելմանը.

3) անասնաբուժական սերտիֆիկատ՝ իրավասու լիազորված մարմնի կողմից տեղափոխման (փոխադրման) ենթակա վերահսկվող ապրանքի համար տրվող փաստաթուղթ, որով հավաստում է վերջինիս անասնաբուժասանիտարական անվտանգությունը և ապրանքի արտադրության վարչական տարածքի ապահովությունը կենդանիների վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների նկատմամբ.

4) սահմանային հսկողության կետ՝ լիազոր մարմնի սահմանային հսկիչ կետ (այսուհետ՝ ՍՀԿ)՝ իրավասու լիազորված մարմնի կառուցվածքային ստորաբաժանում, որն իրականացնում է սահմանային անասնաբուժական հսկողություն Հայաստանի Հանրապետության սահմանի անցակետերում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ վայրերում.

5) ներմուծող երկիր՝ ապրանքները ստացող երկիր.

6) արտահանող երկիր՝ երկիր, որտեղից ապրանքներն ուղղվում են ներմուծող երկիր.

7) ապրանքների տարանցիկ փոխադրում՝ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով ապրանքների տեղափոխում (փոխադրում), որոնց ուղարկման և ստացման վայրերը (կետերը) գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս.

8) անասնահամաճարակային վիճակ՝ որոշակի տարածքում անասնաբուժասանիտարական իրավիճակը կոնկրետ նշված ժամանակահատվածում, որը բնորոշվում է կենդանիների հիվանդությունների առկայությամբ, դրանց տարածվածությամբ և հիվանդացության մակարդակով.

9) կարանտին միջոցառումներ՝ հատուկ և կազմակերպչատնտեսական միջոցառումների համալիր, որն ուղղված է կենդանիների վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների օջախների տեղայնացմանը և վերացմանը.

10) անասնաբուժական օգտագործման դեղամիջոցներ (այսուհետ՝ դեղամիջոցներ)՝ նյութեր, որոնք օգտագործվում են կենդանիների հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման և բուժման նպատակով, սինթեզի կամ կենսաբանական տեխնոլոգիաների կիրառմամբ ստացված են արյունից, արյան պլազմայից, ինչպես նաև կենդանիների օրգաններից, բույսերից, հանքանյութերից, նաև նյութեր՝ բուսական, կենդանական կամ սինթետիկ ծագման նյութերը, որոնք օժտված են դեղաբանական ակտիվությամբ.

11) կերեր՝ բուսական, կենդանական, հանքային, քիմիական և մանրէաբանական ծագման մթերք, այդ թվում` դրանց խառնուրդները, որոնք օգտագործվում են բոլոր տեսակի կենդանիների կերակրման համար կամ որպես կերերի արտադրության բաղադրիչներ.

 

III. Ընդհանուր դրույթներ

 

5. Անասնաբուժության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի պաշտոնատար անձինք ծառայողական պարտականությունները կատարում են ծառայողական վկայականի առկայությամբ և ծառայողական համազգեստով:

6. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով վերահսկվող ապրանքների տեղափոխումը (փոխադրումը) թույլատրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված, այդ նպատակների համար նախատեսված անցակետերում կամ այլ վայրերում, որոնք հագեցվում են անասնաբուժական հսկողության միջոցներով և սարքավորումներով:

7. Հայաստանի Հանրապետության ռազմական տրանսպորտային միջոցների անցակետերում, ռազմական թռիչքադաշտերում և այլ վայրերում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից կազմակերպվում են անասնաբուժական հսկողության ՍՀԿ-ներ:

8. ՍՀԿ-ի պաշտոնատար անձինք Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի անցակետերում վերահսկվող ապրանքների ներմուծման ժամանակ իրականացնում են անասնաբուժական հսկողություն (վերահսկողություն) անկախ ապրանքի նշանակման վայրի:

9. Վերահսկվող ապրանքները ներմուծման, տարանցիկ փոխադրման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում տեղափոխման ժամանակ փոխադրման ամբողջ ընթացքում ուղեկցվում են անասնաբուժական սերտիֆիկատներով, որոնք տրվում են Հայաստանի Հանրապետության լիազորված պետական կառավարման մարմնի պաշտոնատար անձանց կողմից և արտահանող երկրների լիազոր մարմինների կողմից:

10. Վերահսկվող ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքի սահմաններում տեղափոխվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

11. Ներմուծվող վերահսկվող ապրանքների անասնաբուժական սերտիֆիկատները կազմվում են ռուսերեն, ինչպես նաև արտահանող երկրի լեզվով և (կամ) անգլերեն:

12. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող վերահսկվող ապրանքների օգտագործման պայմանների որոշումը (պահում, վերամշակում, որպես կենդանիների անասնակեր օգտագործում, հետվերադարձ, օգտահանում, ոչնչացում և այլն) և նմուշառումն իրականացնում է լիազոր մարմինը:

13. Անասնաբուժական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելիս Միասնական անասնաբուժական պահանջներին համապատասխանությունը հավաստող անասնաբուժական հավաստագրերի ձևակերպման համար հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության ազգային հավատարմագրման համակարգերում հավատարմագրված և Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում ներառված լաբորատորիաներում կատարված լաբորատոր փորձարկումների (հետազոտությունների) արձանագրությունները:

14. Անասնաբուժական հավաստագրերի, այլ ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերի ձևակերպման և բոլոր տեսակի անասնաբուժական հսկողություն անցկացնելու ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

15. Միջազգային փոխադրումներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով վերահսկվող ապրանքների տեղափոխում (փոխադրում) իրականացնելիս անձինք, որոնք մեղավոր են համապատասխան գործունեության բնագավառում միասնական անասնաբուժական պահանջների խախտման համար, կրում են պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Միասնական անասնաբուժական պահանջների բացահայտված խախտումների վերաբերյալ կազմվում է ակտ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1230-Ն որոշման N 2 հավելվածի (այսուհետ՝ N 2 հավելված) N 1 ձևի:

16. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում անասնաբուժության մեջ օգտագործվող դեղամիջոցների և կերային հավելումների ներմուծումը, փոխադրումը և օգտագործումն իրականացվում է լիազոր մարմնի կողմից դրանց գրանցման դեպքում:

17. Հայաստանի Հանրապետությունը փոխադարձաբար ճանաչում է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների անասնաբուժության մեջ օգտագործվող դեղամիջոցների և կերային հավելումների գրանցման արդյունքները:

18. Անասնաբուժության մեջ օգտագործվող դեղամիջոցների, ինչպես նաև քիմիական և մանրէաբանական սինթեզի կերային հավելումների ներմուծումը, փոխադրումը և օգտագործումն իրականացվում են առանց անասնաբուժական հավաստագրի, արտադրողի կողմից տրված դրանց որակը և անվտանգությունը հավաստող փաստաթղթի ուղեկցությամբ:

19. Ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման ժամանակ վերահսկվող ապրանքների նկատմամբ իրականացվում են հետևյալ միջոցառումները՝ փաստաթղթային և ֆիզիկական ստուգազննում, նմուշառում և լաբորատոր հետազոտություն:

20. Փաստաթղթայինը ներառում է`

1) վերահսկվող ապրանքների անվտանգությունը հավաստող փաստաթղթերի ստուգում.

2) տրված փաստաթղթերի բովանդակության համապատասխանությունը միասնական անասնաբուժական պահանջներին:

21. Ֆիզիկական ստուգազննումը ներառում է՝

1) վերահսկվող ապրանքների ստուգազննում և կենդանիների զննում.

2) ներկայացված փաստաթղթերի տվյալներին վերահսկվող ապրանքների համապատասխանության ստուգում. ուղեկցող փաստաթղթերում չնշված վերահսկվող ապրանքների առկայության և անհամատեղելի ապրանքների համատեղ տեղափոխման բացառման նպատակով.

3) վերահսկվող ապրանքների փոխադրման համար հաստատված անասնաբուժասանիտարական պահանջներին տրանսպորտային միջոցների համապատասխանություն.

4) տեղափոխման (փոխադրման) պայմանների և ռեժիմի համապատասխանություն.

5) փաթեթավորման և մակնշման հաստատված պահանջներին համապատասխանություն:

22. Կենդանիների ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման և Հայաստանի Հանրապետության տարածքում տեղափոխման (փոխադրման) ժամանակ ջրելատեղի և կերակրման կետերում յուրաքանչյուր խմբաքանակ ենթարկվում է զննման: Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի անցակետերում թույլատրվում է միայն փոխադրվող վերահսկվող ապրանքների հասանելի մասի ստուգազննում: Ստուգազննման արդյունքների հիման վրա կազմվում է համապատասխան ակտ՝ համաձայն N 2 հավելվածի N 2 ձևի:

23. Լաբորատոր հսկողությունն իրականացվում է համապատասխան հավատարմագրված լաբորատորիաներում հետազոտությունների անցկացման միջոցով՝ փոխադրվող վերահսկման ենթակա ապրանքների ստուգազննման արդյունքում զգայորոշման փոփոխությունների բացահայտման և կենդանիների վարակիչ հիվանդությունների բացառման նպատակով:

24. Լաբորատոր հետազոտությունների նպատակով նմուշառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

25. Սույն ընթացակարգի 19-րդ կետով սահմանված միջոցառումների իրականացման արդյունքների հիման վրա ՍՀԿ-ի կողմից վերահսկվող ապրանքը բաց է թողնվում կամ տեղաշարժը կասեցվում է կամ ներմուծումն արգելվում է կամ վերադարձվում է:

26. Վերահսկվող ապրանքի բացթողումը կամ տեղաշարժի կասեցումը կամ ներմուծման արգելքը կամ վերադարձը ձևակերպվում է ՍՀԿ-ի պաշտոնատար անձի կողմից ապրանքն ուղեկցող անասնաբուժական և այլ փաստաթղթերի վրա N 2 հավելվածի N 3 ձևին համապատասխան դրոշմակնիք դնելով:

27. Սահմանակից երկրների տարածք գյուղատնտեսական կենդանիների չարտոնված անցման դեպքերում կողմերի լիազոր մարմինները ձեռնարկում են կենդանիների վերադարձմանն ուղղված միջոցներ կամ այլ միջոցներ՝ պահպանելով անասնաբուժասանիտարական պահանջները:

28. Կախված վերահսկման ենթակա ապրանքի տեսակից և վայրի կամ տարածքի անասնահամաճարակային իրավիճակից՝ մինչև բեռնումը և բեռնաթափումից հետո տրանսպորտային միջոցը (երկաթուղային վագոն, սառեցնող թափքեր, կոնտեյներներ և այլն) ենթարկվում է անասնաբուժասանիտարական մշակման և տրվում է N 2 հավելվածի N 2 ձևի փաստաթուղթ:

 

IV. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ (ՓՈԽԱԴՐՄԱՆ) ԴԵՊՔՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

29. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքի սահմաններում բոլոր տեսակի փոխադրամիջոցներով վերահսկման ենթակա ապրանքների տեղափոխման գործընթացում (դրանց արտադրության և բեռնման ժամանակ) անասնաբուժական հսկողությունն իրականացվում է լիազոր մարմնի կողմից:

30. Վերահսկման ենթակա ապրանքների բեռնումն առանց անասնաբուժական հսկողության չի թույլատրվում:

31. Կենդանիների նկատմամբ անասնաբուժական հսկողությունն իրականացվում է դրանց բեռնման ժամանակ և ստացման վայրում՝ կենդանիներ ուղարկող և ստացող կազմակերպությունների տնտեսություններում կարանտին միջոցառումների պարտադիր իրականացմամբ:

32. Անասնաբուժական սերտիֆիկատի ձևակերպումն իրականացվում է բեռնման ժամանակ վերահսկվող ապրանքների ստուգազննման (զննման) և տրանսպորտային միջոցի անասնաբուժասանիտարական վիճակի գնահատման արդյունքների հիման վրա, վերահսկվող ապրանքի ծագման տարածքի անասնահամաճարակային իրավիճակի ապահովության և միասնական անասնաբուժական պահանջներին համապատասխանության պայմանով:

33. Եվրասիական տնտեսական միության տարածքում արտադրված (աճեցված) վերահսկման ենթակա ապրանքների անվտանգությունը հաստատող անասնաբուժական սերտիֆիկատների վերաձևակերպման ժամանակ և այդ նպատակով վերահսկվող ապրանքների կրկնակի լաբորատոր հետազոտություններ (փորձարկումներ) չի իրականացվում:

34. Եվրասիական տնտեսական միության տարածքում արտադրված վերահսկվող ապրանքի ստացման վայր ժամանումից հետո խմբաքանակի, ավելի մանր խմբաքանակների բաժանման դեպքում, վերաբեռնման վայրում լիազոր մարմնի կողմից ապրանքի նոր ստացողների համար տրվում են անասնաբուժական հավաստագրերի պատճեններ: Այդ պատճեններում (թերթի շրջադարձ կողմում) ավելացվում են հետևյալ տվյալները՝ վերահսկվող ապրանքի և նոր տրանսպորտային միջոցի համապատասխանությունն անասնաբուժասանիտարական պահանջներին, փոխադրամիջոցի համարանիշը, նրա մեջ վերաբեռնված վերահսկման ենթակա ապրանքների քանակը, բեռն ստացողի անվանումը և գտնվելու վայրը, վերբեռնման ամսաթիվը: Այդ տվյալները վավերացվում են լիազոր մարմնի կնիքով և լիազոր մարմնի պաշտոնատար անձի ստորագրությամբ: Անասնաբուժական հավաստագրի բնօրինակը պահվում է խմբաքանակի բաժանումն իրականացնող կազմակերպությունում: Միևնույն ստացողին ուղարկվող ապրանքի խմբաքանակի բաժանման դեպքում անասնաբուժական հավաստագրի բնօրինակը նրան ուղարկվում է առաջին կամ վերջին տրանսպորտային միջոցի հետ:

 

V. ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

35. Վերահսկվող ապրանքների անասնաբուժական սերտիֆիկատների ձևակերպումն իրականացվում է լիազոր մարմնի կողմից գործող օրենսդրության համաձայն: Արտահանողը հետևում է ներմուծող երկրի անասնաբուժական օրենսդրության պահանջներին:

 

VI. ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

36. Լիազոր մարմնի կողմից վերահսկվող ապրանքների ներմուծումը թույլատրվում է՝ հաշվի առնելով վերահսկվող ապրանքների արտադրության (պահման) վայրի անասնահամաճարակային իրավիճակը և կազմակերպության կամ անձի երրորդ երկրների կազմակերպությունների միասնական ռեեստրում առկայությունը: Թույլտվության գործողության ժամկետն օրացուցային տարվա կտրվածքով է:

37. Վերահսկվող ապրանքների յուրաքանչյուր խմբաքանակ ներմուծվում է վերահսկվող ապրանքի ուղարկման երկրի լիազոր մարմնի կողմից տրված անասնաբուժական սերտիֆիկատի առկայության դեպքում:

38. Արտահանող երկրի անասնաբուժական սերտիֆիկատով ուղեկցվող վերահսկման ենթակա ապրանքների խմբաքանակի բաժանման ժամանակ, երբ առկա են մի քանի ստացողներ, լիազոր մարմնի կողմից կազմվում են արտահանող երկրի անասնաբուժական հավաստագրի բնօրինակի պատճեններ, որոնցում, թերթի շրջադարձ կողմում, լրացվում են հետևյալ տվյալները՝ վերահսկվող ապրանքի և տրանսպորտային միջոցի համապատասխանությունն անասնաբուժասանիտարական պահանջներին, փոխադրամիջոցի համարանիշը, նրա մեջ վերաբեռնված վերահսկվող ապրանքների քանակը, բեռն ստացողի անվանումը և գտնվելու վայրը, վերաբեռնման ամսաթիվը: Այդ տվյալները վավերացվում են լիազոր մարմնի կնիքով և անասնաբուժական սերտիֆիկատի պատճենը ձևակերպող լիազոր մարմնի պաշտոնատար անձի ստորագրությամբ: Նշված պատճենը կցվում է ապրանքն ուղեկցող փաստաթղթերին:

39. Անասնաբուժական սերտիֆիկատի բնօրինակը պահվում է խմբաքանակի մասնատում իրականացնող կազմակերպությունում:

40. Փաստաթղթային հսկողության ավարտից հետո իրականացվում է վերահսկման ենթակա ապրանքների ստուգազննում:

41. Ստուգազննման է ենթարկվում մսի և ձկան յուրաքանչյուր տասը խմբաքանակից ոչ ավելի, քան մեկը, վերահսկման ենթակա մյուս ապրանքների դեպքում՝ տվյալ ապրանքի յուրաքանչյուր քսան խմբաքանակից ոչ ավելի, քան մեկը: Կենդանի կենդանիների յուրաքանչյուր խմբաքանակը զննման է ենթարկվում, որի ժամանակ կենդանիների նույնականացման համարները (դաջվածքներ, չիպեր, ականջի պիտակներ, տարբերանշաններ և այլն) համեմատվում են անասնաբուժական սերտիֆիկատում նշվածների հետ:

42. Վերահսկման ենթակա ապրանքների ստուգազննման գործընթացում անասնաբուժասանիտարական պահանջների խախտումների բացահայտման դեպքում սահմանային հսկիչ կետերի պաշտոնատար անձի կողմից անընդմեջ ստուգազննման են ենթարկվում տվյալ կազմակերպության ապրանքներով բեռնված իրար հաջորդող հինգ տրանսպորտային միջոցները:

43. Այն դեպքերում, երբ ստուգազննման արդյունքում բացահայտվում են տեղափոխվող (փոխադրվող) վերահսկման ենթակա ապրանքների անվտանգությունը չերաշխավորող տեսանելի (ակնառու) փոփոխություններ, իրականացվում է նմուշառում և լաբորատոր փորձաքննություն:

44. Անասնաբուժական հսկողության արդյունքների հիման վրա ընդունվում են սույն կարգի 25-րդ կետով սահմանված որոշումներ և ուղեկցող փաստաթղթերի վրա դրվում են համապատասխան դրոշմակնիքներ՝ համաձայն N 2 հավելվածի N 3 ձևի՝ «Ներմուծումը թույլատրվում է», «Ներկայացնել անասնաբուժական հսկողության» կամ «Վերադարձ», ինչից հետո ՍՀԿ-ի պաշտոնատար անձը փաստաթղթերը վավերացնում է կնիքով և ստորագրությամբ՝ նշելով իր ազգանունը և անվան սկզբնատառերը:

45. Ապրանքը վերադարձնելու մասին որոշման ընդունման դեպքում կազմվում են փաստաթղթեր՝ համաձայն N 2 հավելվածի NN 5 և 6 ձևերի:

46. Անցակետով տեղափոխման հաշվառման գրանցամատյանում վերահսկման ենթակա ապրանքների տեղափոխման վերաբերյալ բոլոր անհրաժեշտ տվյալները լրացվում են՝ համաձայն N 2 հավելվածի N 7 ձևի և ներդրվում են հաշվետվության էլեկտրոնային համակարգում (դրա ներդրմանը զուգընթաց):

47. Սահմանի անցման կետերում հսկողության ավարտից հետո վերահսկման ենթակա ապրանքներն ուղարկվում են նշանակման վայրեր, որտեղ իրականացվում է լիարժեք ստուգազննում: Անասնաբուժական հսկողության ավարտից հետո իրականացվում է արտահանող երկրի անասնաբուժական սերտիֆիկատի վերաձևակերպում, որի ժամանակ Եվրասիական տնտեսական միության անասնաբուժության սերտիֆիկատի և ուղեկցող փաստաթղթերի վրա դրվում են «Բացթողումը թույլատրվում է» կամ «Բացթողումը չի թույլատրվում» դրոշմակնիքներ՝ համաձայն N 2 հավելվածի N 3 ձևի և օգտագործման ցուցումների:

 

VII. ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

48. Կենդանիների տարանցիկ փոխադրման դեպքում լիազոր մարմնի կողմից տրվում է տարանցիկ փոխադրման թույլտվություն, որում նշվում է տարածքում փոխադրման երթուղին:

49. Սահմանային անցման կետերում վերահսկման ենթակա ապրանքների անասնաբուժական հսկողությունն իրականացվում է ապրանքատրանսպորտային բեռնագիրը և (կամ) անասնաբուժական սերտիֆիկատը ներկայացնելուց հետո:

50. Կենդանիների դեպքում փաստաթղթային ստուգազննման ավարտից հետո կատարվում է կենդանիների անասնաբուժական զննում, համեմատվում են անասնաբուժական սերտիֆիկատներում համարակալված կենդանիների նույնականացման համարները (դաջվածքները, չիպերը, ականջապիտակները, խարանները և այլն), ստուգվում են տեղափոխման պայմանները, կենդանիների առողջական վիճակը և նրանց հետագա տեղափոխման հնարավորությունը:

51. Վերահսկման ենթակա այլ ապրանքների տարանցիկ փոխադրումն իրականացվում է առանց ստուգազննման: Վերահսկման ենթակա ապրանքների՝ բացառությամբ կենդանիների տարանցիկ փոխադրման, ստուգազննումն անցակետում կատարվում է ապրանքների հայտարարագրի մեջ անհամապատասխանության վերաբերյալ տեղեկատվության առկայության ժամանակ:

52. Վերահսկողության արդյունքներով ՍՀԿ-ի պաշտոնատար անձն ընդունում է որոշում և ապրանքաուղեկցող փաստաթղթերի ու անասնաբուժական սերտիֆիկատի վրա Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման դեպքում դնում է դրոշմակնիք՝ համաձայն N 2 հավելվածի N 3 ձևի՝ «Տարանցիկ փոխադրումը թույլատրվում է» կամ «Տարանցիկ փոխադրումը չի թույլատրվում», իսկ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքը լքելիս համապատասխան սահմանային անցակետում դրվում է «Տարանցիկ փոխադրումն ավարտված է» կնիքը, որից հետո հավաստում է կնիքով և ստորագրությամբ՝ նշելով իր ազգանունը և սկզբնատառերը:

53. Տարանցիկ փոխադրման վերաբերյալ բոլոր անհրաժեշտ տվյալները գրանցվում են (արձանագրվում են) տարանցիկ փոխադրման փոխադրումների գրանցամատյանում՝ համաձայն N 2 հավելվածի N 9 ձևի և ներդրվում են էլեկտրոնային գրանցման համակարգում (դրա առկայության դեպքում):

54. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքում տարանցիկ փոխադրման թույլտվություն ստացած վերահսկման ենթակա ապրանքների սեփականատերը պահպանում է սույն հավելվածի 48-52-րդ կետերի պահանջները:

 

VIII. ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՎ ՏԵՂԱՇԱՐԺԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՍԵՑՎԱԾ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

55. Կասեցված վերահսկման ենթակա ապրանքի հետագա տեղաշարժի (վերադարձի) վերաբերյալ որոշում չընդունելու դեպքում վերահսկման ենթակա ապրանքի տեղաշարժը կասեցրած կողմի լիազոր մարմնի պաշտոնատար անձը պարտավոր է կողմի օրենսդրության համաձայն անասնաբուժության ոլորտում պաշտոնատար անձին քսանչորս ժամվա ընթացքում կողմի լիազորված մարմնի էլեկտրոնային փոստին դրա մասին տեղեկացնել՝ նշելով վերահսկվող ապրանքների սեփականատիրոջը, տեղափոխման վայրը, արտահանվող երկիրը, անասնաբուժական սերտիֆիկատի համարը (կամ ապրանքի անվտանգությունը հաստատող այլ փաստաթուղթ), փոխադրամիջոցի տեսակը և նրա գրանցման համարը, (ավիա) թռիչքը, վերահսկվող ապրանքի շարժի դադարեցման պատճառը՝ համաձայն N 2 հավելվածի N 11 ձևի:

56. Վերահսկման ենթակա ապրանքների տեղափոխման ժամանակ անասնաբուժասանիտարական պահանջների խախտումների հայտնաբերման դեպքում կազմվում է համապատասխան փաստաթուղթ՝ համաձայն N 2 հավելվածի N 5 ձևի, որը տրվում է ապրանքի սեփականատիրոջը (էքսպեդիտորին) և կողմի վերահսկողություն իրականացնող այլ պետական մարմիններին: Տեղաշարժը կասեցված վերահսկման ենթակա ապրանքների մասին նշում է կատարվում գրանցամատյանում՝ համաձայն N 2 հավելվածի 10-րդ ձևի: Տեղաշարժը կասեցված վերահսկման ենթակա ապրանքների հետագա շարժի մասին որոշումն ընդունվում է անասնաբուժության բնագավառում պաշտոնատար անձի կողմից յոթանասուներկու ժամվա ընթացքում՝ համաձայն կողմի օրենսդրության:

57. Լիազոր մարմնի կողմից տեղափոխումը կասեցված վերահսկման ենթակա ապրանքների հետագա տեղաշարժի վերաբերյալ որոշումն ստանալուց հետո այդ ապրանքների հետ կապված բոլոր գործողությունները կատարվում են լիազոր մարմնի պատասխանատու անձանց ներկայությամբ:

58. Վերահսկվող ապրանքը, որի անասնաբուժասանիտարական անվտանգությունը համապատասխան փաստաթղթերով չի հաստատվում, սեփականատիրոջ միջոցների հաշվին, առանց փորձաքննության իրականացման, ենթակա է օգտահանման (ոչնչացման) կամ վերադարձվում է բեռն ուղարկողին (արտահանողին):

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2014 թվականի

հոկտեմբերի 30-ի N 1230-Ն որոշման

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան