Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1168
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.10.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.10.30/59(1072) Հոդ.945
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
14.10.2014
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
14.10.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.10.2014

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

14 հոկտեմբերի 2014 թ.

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-ԻՆ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՇՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ս. Ավետիսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2014 թվականի հունիսի 11-ին Վիեննայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ավստրիայի Հանրապետության դաշնային կառավարության միջև օդային տրանսպորտի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2014 թվականի սեպտեմբերի 4-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ավստրիայի Հանրապետության դաշնային կառավարության միջև օդային տրանսպորտի մասին համաձայնագիրը (այսուհետ` «Համաձայնագիր») ստորագրվել է 2014թ. հունիսի 11-ին` Վիեննայում:

Համաձայնագրի անբաժանելի մասն է կազմում Համաձայնագրի` Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության կողմից նշանակված ավիաընկերության կամ ավիաընկերությունների կողմից շահագործվող երթուղիների մասին հավելվածը:

2. Համաձայնագրի նպատակն է երկու երկրների միջև կանոնավոր օդային հաղորդակցությունների կարգավորումը և երկու պետությունների ավիաընկերությունների համար ազատ մրցակցային դաշտի ապահովումը:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության հիման վրա ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

1) ապահովել, որպեսզի ըստ Համաձայնագրի ավիաընկերության (ավիաընկերությունների) նշանակման մասին ծանուցում ստացած ավիացիոն իշխանությունները, պահպանելով Համաձայնագրի դրույթները, անհապաղ անհրաժեշտ շահագործման թույլտվություն տրամադրեն Ավստրիայի Հանրապետության նշանակած ավիաընկերությանը (ավիաընկերություններին),

2) Ավստրիայի Հանրապետության նշանակած ավիաընկերության (ավիաընկերությունների) կողմից միջազգային հաղորդակցություններում շահագործվող օդանավերը, ինչպես նաև դրանց օգտագործման սարքավորումները, վառելիքի պաշարները ու քսայուղերը, և այդ օդանավում գտնվող պաշարները ՀՀ տարածք ժամանելիս ազատել բոլոր մաքսատուրքերից, ստուգման վճարներից և այլ տուրքերից կամ հարկերից` պայմանով, որ այդ սարքավորումները և պաշարները մնում են օդանավի մեջ այնքան ժամանակ, մինչև որ դրանք կվերաարտահանվեն,

3) չհարկել օդանավ շահագործող այն ընկերություններին, որոնց` որոշումներ կայացնելու լիազորություններով օժտված ղեկավարությունը գտնվում է Ավստրիայի Հանրապետությունում,

4) Ավստրիայի Հանրապետության կողմից հարցման դեպքում ցուցաբերել անհրաժեշտ օգնություն քաղաքացիական օդանավի անօրինական զավթման և այլ անօրինական գործողությունները կանխելու համար` ուղղված նման օդանավերի, դրանց ուղևորների և անձնակազմի, օդանավակայանների ու օդագնացության միջոցների թռիչքային անվտանգությանը և քաղաքացիական ավիացիայի անվտանգությանն ուղղված որևէ այլ սպառնալիքի դեմ,

5) վավեր ճանաչել Ավստրիայի Հանրապետության օրենքների և կանոնակարգերի, ներառյալ Ավստրիայի Հանրապետության պարագայում Եվրոպական միության օրենքների և կանոնակարգերի համաձայն համաձայնեցված հաղորդակցություններ կատարելու նպատակով տրված կամ վավերացված թռիչքային պիտանիության, թռիչքներ կատարելու համար որակավորման սերտիֆիկատները և լիցենզիաները, պայմանով, որ նման սերտիֆիկատները կամ լիցենզիաները տրվել կամ վավեր են ճանաչվել «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի կոնվենցիայի ներքո սահմանված նվազագույն չափանիշներին հավասար կամ ավելի բարձր,

6) թույլատրել, որպեսզի կանոնավոր օդային հաղորդակցությունների սակագները սահմանվեն յուրաքանչյուր ավիաընկերության կողմից` ելնելով շուկայում առևտրային նկատառումներից,

7) հայկական և ավստրիական կողմերի նշանակած ավիաընկերություններին տրամադրել արդար և հավասար հնարավորություններ` Համաձայնագրով կարգավորվող միջազգային օդային փոխադրումներ իրականացնելիս մրցակցելու համար, թույլատրել, որպեսզի յուրաքանչյուր նշանակված ավիաընկերություն որոշի իր կողմից առաջարկվող միջազգային օդային փոխադրման հաճախականությունը և տարողությունը` շուկայում կոմերցիոն նկատառումների հիման վրա, ինչպես նաև միակողմանիորեն չսահմանափակել ավստրիական կողմի նշանակած ավիաընկերությունների փոխադրումների ծավալը, հաճախականությունը կամ ծառայության կանոնավորությունը, կամ օդանավի տիպը կամ տիպերը` բացառությամբ, եթե դա պահանջվի «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի կոնվենցիայով նախատեսված միասնական պայմաններին համապատասխան,

8) բարյացակամորեն ուսումնասիրել ավստրիական կողմի ցանկացած հարցում` ուղղված որոշակի սպառնալիքին արձագանքելու անվտանգության հիմնավորված հատուկ միջոցառումներին, երաշխավորել, որպեսզի ՀՀ ավիացիոն իշխանություններն ավստրիական կողմի ավիացիոն իշխանություններին` վերջիններիս խնդրանքով, տրամադրեն այնպիսի վիճակագրական տվյալներ, որոնք կարող են հիմնավորված կերպով պահանջվել տեղեկատվական նպատակների համար` ՀՀ օրենքների և կանոնակարգերի համաձայն,

9) Համաձայնագրի առնչությամբ առաջացած վեճերը լուծել բանակցությունների միջոցով, իսկ ընդհանուր համաձայնության չգալու դեպքում վեճի լուծումը հանձնել արբիտրներից բաղկացած տրիբունալի լուծմանը:

4. Սույն Համաձայնագրով ստանձնված պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածով նախատեսված պահանջներին:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2014 թվականի հունիսի 11-ին Վիեննայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ավստրիայի Հանրապետության դաշնային կառավարության միջև օդային տրանսպորտի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան


14 հոկտեմբերի 2014 թ.
ՍԴՈ-1168