Գլխավոր տեղեկություն
Համար
N 1178-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.11.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.11.12/62(1075) Հոդ.1005
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.10.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.11.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.11.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հոկտեմբերի 2014 թվականի N 1178-Ն

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Գրադարանների և գրադարանային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասի և 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել արտակարգ իրավիճակներում ազգային գրադարանային հավաքածուի տարահանման և պաշտպանության կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. նոյեմբերի 3

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

հոկտեմբերի 30-ի N 1178-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակներում ազգային գրադարանային հավաքածուի (այսուհետ` հավաքածու) տարահանման ու պաշտպանության միջոցառումների կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործված են հետևյալ հիմնական հասկացությունները`

1) տիրապետող կազմակերպություն` հավաքածուի կազմում ընդգրկված արժեքները տիրապետող կազմակերպություն.

2) անվտանգ տարածք` վտանգավոր տարածքից դուրս գտնվող` հավաքածուի տեղաբաշխման և պահպանման համար նախապատրաստված տարածք.

3) պահպանման կազմակերպություն` Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող` սահմանված կարգով ընտրված կազմակերպություն (կազմակերպություններ), որտեղ ապահովված են հավաքածուի պահպանության համար անհրաժեշտ` սույն կարգի 26-րդ կետի աղյուսակում ներկայացված բոլոր տեխնիկատնտեսական պայմանները.

4) լիազոր մարմին` մշակույթի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող գործադիր իշխանության հանրապետական մարմին.

5) տարահանում` արտակարգ իրավիճակներում վտանգավոր տարածքից հավաքածուի կազմակերպված դուրսբերում և հավաքածուի պահպանման համար նախապատրաստված անվտանգ տարածքում ժամանակավոր տեղաբաշխում.

6) տարահանման երթուղի` տարահանվող հավաքածուն տիրապետող կազմակերպությունից մինչև պահպանման կազմակերպությունը և պահպանման կազմակերպությունից մինչև տիրապետող կազմակերպությունը միացնող ճանապարհ (ճանապարհահատված).

7) համապատասխան մասնագետ` տիրապետող կազմակերպության հավաքածուի փաթեթավորման և տարահանման համար պատասխանատու աշխատող.

8) փաթեթավորում` հավաքածուի մեկուսացումն արտակարգ իրավիճակներում առաջացած ֆիզիկական վնասակար ազդեցություններից.

9) վտանգավոր տարածք` հավաքածու ներառող որոշակի տարածք կամ օբյեկտ, որտեղ տեխնածին և տարերային աղետների (հրդեհ, խոշոր վթար, ուժգին փոթորիկ, երկրաշարժ, հեղեղում, սողանք) հետևանքով առաջացել կամ կարող են առաջանալ հավաքածուի վրա բացասաբար ազդող գործոններ.

10) մասնակի տարահանում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 7-ի N 1230-Ա որոշմամբ հաստատված Ազգային գրադարանային հավաքածուի գրացուցակում ընդգրկված գրավոր հուշարձանների և փորձաքննությամբ արժևորված փաստաթղթերի տարահանում.

11) ընդհանուր տարահանում` հավաքածուի տարահանումն ամբողջությամբ:

3. Հավաքածուի տարահանումը և պաշտպանությունն անվտանգության ապահովման, արտակարգ իրավիճակներում դրանց դիմակայելու պատրաստության միջոցառումների գործընթացներ են, որոնք նախապես պլանավորվում են` հաշվի առնելով արտակարգ իրավիճակների տեսակը, չափերը, տարածվածությունը և հավաքածուի նկատմամբ դրանց վնասակար ազդեցության բնույթը: Տիրապետող կազմակերպությունում տարահանման նախապատրաստման և կատարման աշխատանքներն իրականացնում են տիրապետող կազմակերպության համապատասխան մասնագետները` կազմակերպության քաղաքացիական պաշտպանության պլանի կամ ժամանակացույցի հիման վրա: Հավաքածուի տարահանման միջոցառումների պլանավորման և իրականացման պատասխանատուն տիրապետող կազմակերպության ղեկավարը` քաղաքացիական պաշտպանության պետն է:

4. Ելնելով արտակարգ իրավիճակների հնարավոր ծավալի, սպառնալիքի տարածքային չափերից` հավաքածուի տարահանումը կարող է լինել մասնակի կամ ընդհանուր`

1) մասնակի տարահանման է ենթակա առավել արժեքավոր հավաքածուն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գրավոր հուշարձանները և արժևորված փաստաթղթերը.

2) ընդհանուր տարահանման է ենթակա հավաքածուն ամբողջությամբ:

5. Անվտանգ տարածքները և դրանցում գտնվող պահպանման կազմակերպությունները նախապես ընտրվում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից` համաձայնեցնելով լիազոր մարմնի հետ, և հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

6. Լիազոր մարմինը նախապես համապատասխան պայմանագրեր է կնքում ընտրված պահպանման կազմակերպությունների ղեկավարների հետ: Պայմանագրերի նախագծերը լիազոր մարմնի կողմից նախապես` աշխատանքային կարգով, հնարավոր սեղմ ժամկետում համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:

7. Ելնելով տիրապետող կազմակերպության քաղաքացիական պաշտպանության պլանից կամ ժամանակացույցից` տիրապետող կազմակերպությունը պետք է ձեռնարկի միջոցներ ու կազմի պլաններ` արտակարգ իրավիճակներին դիմակայելու պատրաստվածության և դրանց պատճառած հետևանքների վերացման համար:

8. Արտակարգ իրավիճակներին դիմակայելու պատրաստվածության պլանավորման ժամանակ կիրառվում է փուլային մոտեցում`

1) ռիսկերի գնահատում` տիրապետող կազմակերպության և հավաքածուի համար վտանգավոր գործոնների հայտնաբերում.

2) կանխարգելիչ միջոցառումներ` միջոցառումների իրականացում, որոնք հնարավորինս կբացառեն կամ կնվազեցնեն վտանգը.

3) պատրաստվածություն` տիրապետող կազմակերպության քաղաքացիական պաշտպանության պլանի կամ ժամանակացույցի շրջանակներում տարահանման նախապատրաստման, արձագանքման ու վերականգնման գործողությունների մշակում.

4) արձագանքում` գործողություններ և դրանց իրականացման եղանակներ, որոնք անհրաժեշտ է կատարել արտակարգ իրավիճակների ժամանակ.

5) վերականգնման աշխատանքներ` արտակարգ իրավիճակների հետևանքով տիրապետող կազմակերպությունում առաջացած վթարների վերացում և վնասված հավաքածուի վերականգնում:

9. Հավաքածուի տարահանման գործընթացի փուլերն են`

1) տարահանվող հավաքածուի փաթեթավորում և տեղափոխում.

2) տարահանված հավաքածուի ընդունում և պահպանման ապահովում` անվտանգ տարածքում գտնվող պահպանման կազմակերպությունում.

3) պահպանման կազմակերպությունից տարահանված հավաքածուն տիրապետող կազմակերպությանը վերադարձնելը:

 

II. ՏԱՐԱՀԱՆՎՈՂ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ

 

10. Լիազոր մարմինը հավաքածուի տարահանման գործընթացն սկսում է իրականացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման հիման վրա:

11. Լիազոր մարմնի ղեկավարը կամ նրա հանձնարարությամբ` ոլորտը համակարգող լիազոր մարմնի ղեկավարի տեղակալը, տիրապետող կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ, անցկացնում է խորհրդակցություն, իրազեկում է ստեղծված իրավիճակի մասին և ճշգրտում հավաքածուի տարահանման պլանը:

12. Տարահանվող հավաքածուի փաթեթավորման համար անհրաժեշտ արկղերը, նյութերը և ծառայությունները ձեռք են բերվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

13. Փաթեթավորմամբ պետք է ապահովվի հավաքածուի մեկուսացումը մթնոլորտային ազդեցություններից ու միկրոօրգանիզմներից և պաշտպանվի մեխանիկական վնասվածքներից, որի համար նախատեսվում է պատրաստել հատուկ արկղ:

14. Տարահանվող հավաքածուն փաթեթավորող և տարահանող պատասխանատու աշխատողների խմբի միջոցով տեղավորվում է փաթեթավորման արկղերում: Փաթեթավորման յուրաքանչյուր արկղում դրվում է նաև տվյալ տիրապետող կազմակերպության ղեկավարի կողմից ստորագրված և հաստատված հավաքածուի ցանկը:

15. Փաթեթավորման յուրաքանչյուր արկղ փակվում է իր կափարիչի վրա դրված փականքներով, որից հետո արկղերը կնքվում են տիրապետող կազմակերպության կնիքով, և մեկ աշխատանքային օրում կազմվում են արկղերի հանձնման-ընդունման ակտերը` երեք օրինակից: Արկղերի վրա դրվում են համապատասխան համարանիշեր, որոնք ունենում են երեք գույն` կարմիր` առավել արժեքավոր հավաքածուի համար, կապույտ` արժեքավոր հավաքածուի համար, կանաչ` մնացած հավաքածուների համար:

16. Տարահանվող հավաքածուի ուղեկցման համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով առանձնացվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության վերակարգեր:

17. Տարահանվող հավաքածուի համար պահանջվող լրացուցիչ տրանսպորտային միջոցները հատկացվում են, և վառելիքաքսուքային նյութերով ապահովումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

18. Տարահանման ենթակա հավաքածուի բարձման և բեռնաթափման աշխատանքներն իր կազմակերպությունում կազմակերպում է տիրապետող կազմակերպության ղեկավարը:

19. Տիրապետող կազմակերպության ղեկավարը տրանսպորտային միջոցին կցում է պատասխանատու մեկ աշխատող, ում տրամադրում է հավաքածուի հանձնման-ընդունման ակտերի երեք օրինակը` պահպանման կազմակերպությունում հավաքածուի հանձնում-ընդունումը ձևակերպելու համար:

20. Տրանսպորտային միջոցին կցված պատասխանատու աշխատողը, համաձայն տարահանման երթուղու, հավաքածուն տրանսպորտային միջոցով տեղափոխում է անվտանգ տարածքում գտնվող պահպանման կազմակերպություն:

 

III. ՏԱՐԱՀԱՆՎԱԾ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ` ԱՆՎՏԱՆԳ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

21. Պահպանման կազմակերպության ղեկավարը և նրա կողմից նշանակված պատասխանատու աշխատողներն ընդունում են բերված հավաքածուն` համաձայն տիրապետող կազմակերպության պատասխանատու աշխատողի կողմից ներկայացված ցուցակի:

22. Տիրապետող կազմակերպության պատասխանատու աշխատողը պահպանման կազմակերպության ղեկավարի հետ միասին կատարում է հավաքածուի հանձնման-ընդունման աշխատանքները: Տարահանված հավաքածուի հանձնման-ընդունման ակտերը` երեք օրինակից, ստորագրում են պահպանման կազմակերպության ղեկավարը և տիրապետող կազմակերպության պատասխանատու աշխատողը: Տարահանված հավաքածուի հանձնման-ընդունման ակտի մեկ օրինակը մնում է պահպանման կազմակերպությունում:

23. Տարահանված հավաքածուի արկղերն ստանալիս` պահպանման կազմակերպության ղեկավարն ստուգում է դրանց փականքների վրայի կնիքների անվնասությունը և անձեռնմխելիությունը: Դրանք վնասված լինելու դեպքում պահպանման կազմակերպության ղեկավարը հանձնման-ընդունման ակտում կատարում է համապատասխան նշում:

24. Տարահանված հավաքածուի տեղափոխումն իրականացրած տիրապետող կազմակերպության պատասխանատու աշխատողն իր ղեկավարին է ներկայացնում պահպանման հանձնված հավաքածուի հանձնման-ընդունման ակտի մյուս երկու օրինակները. դրանցից մեկը մնում է տիրապետող կազմակերպությունում, իսկ մյուս օրինակը տիրապետող կազմակերպության ղեկավարը ներկայացնում է լիազոր մարմին:

25. Պահպանման կազմակերպության ղեկավարը կազմակերպում է հավաքածուի տեղավորումը` դրանց պահպանության համար նախատեսված անվտանգ տարածքներում:

26. Պահպանման կազմակերպության ղեկավարն իր պատասխանատու աշխատողների միջոցով մշտապես հետևում է պահեստարաններում հավաքածուի համար անհրաժեշտ պայմանների պահպանմանը, որոնք ներկայացված են աղյուսակում.

 

Աղյուսակ

Նյութը (նյութերի խումբը)

Ջերմաստիճանը
(ՕC)

Խոնավությունը
 (%)

1

2

3

Մետաղներ

+18 - +20

մինչև 50

Ապակի, էմալ, կերամիկա

+12 - +20

55-65

Կիսաթանկարժեք քարեր

+15 - +18

50-55

Փայտ

+15 - +18

50-60

Գործվածք

+15 - +18

55-65

Կաշի, մագաղաթ, մորթի

+16 - +18

50-60

Ոսկոր, կոտոշ, կրիայի պատյան

+14 - +15

55-60

Թուղթ

+17 - +19

50-55

Յուղանկար

+12 - +18

60-70

Սև-սպիտակ լուսանկարչություն

+ 12

40-50

Գունավոր լուսանկարչություն

+5

40-50

27. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը` լիազոր մարմնի միջնորդությամբ, կազմակերպում է պահպանման կազմակերպությունների ուժեղացված հսկում:

 

IV. ՀԱՎԱՔԱԾՈՒՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ ՏԻՐԱՊԵՏՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

28. Արտակարգ իրավիճակների սպառնալիքի վերացման դեպքում, երբ հավաքածուին այլևս վտանգ չի սպառնում, հավաքածուն վերադարձվում է այն տիրապետող կազմակերպություն, որտեղից տարահանվել է:

29. Հավաքածուն տիրապետող կազմակերպություն վերադարձնելու մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

30. Պահպանման կազմակերպության ղեկավարը և տիրապետող կազմակերպության պատասխանատու աշխատողը տեղում կազմում են հավաքածուի վերադարձման մասին հանձնման-ընդունման ակտ` երեք օրինակից, որն ստորագրում են պահպանման կազմակերպության ղեկավարը և տիրապետող կազմակերպության ղեկավարը: Անհրաժեշտության դեպքում ակտում կատարվում է նշում արկղերի վրայի կնիքների վիճակի մասին: Ակտի մեկ օրինակը մնում է պահպանման կազմակերպության ղեկավարի մոտ, երկրորդ օրինակը ներկայացվում է տիրապետող կազմակերպության ղեկավարին, իսկ երրորդ օրինակն ուղարկվում է լիազոր մարմին:

31. Տիրապետող կազմակերպության ղեկավարը հավաքածուով բեռնված տրանսպորտային միջոցի ժամանումից հետո կազմակերպում է արկղերի բեռնաթափումը, բացում է դրանք, համեմատում կազմված ակտի հետ և տեղադրում համապատասխան տեղերում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան