Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.07.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.11.05/60(1073) Հոդ.978.6
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
18.07.2014
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.07.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.07.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0417/02/12

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0417/02/12

2014 թ.

Նախագահող դատավոր՝  Լ. Գրիգորյան

Դատավորներ՝   

Ա. Թումանյան 

 

Գ. Մատինյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

   

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

   

Վ. Ավանեսյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

 

 

Է. Հայրիյանի

   

Ե. Սողոմոնյանի

 2014 թվականի հուլիսի 18-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Երևան Ջուր» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.02.2014 թվականի որոշման դեմ` ըստ Ընկերության հայցի ընդդեմ Իսկուհի Ավագյանի, Սեյրան և Ռուզաննա Մանթաշյանների, երրորդ անձինք ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան)` մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու, պատասխանողներին որոշակի գործողությունների կատարմանը պարտավորեցնելու պահանջների մասին,

 

 Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է պարտավորեցնել Իսկուհի Ավագյանին, Սեյրան և Ռուզաննա Մանթաշյաններին իրենց միջոցների հաշվին կառուցել Եղվարդի խճուղի թիվ 108/3 հասցեում գտնվող շինությունը շրջանցող 400մմ-անոց և 700մմ-անոց նոր ջրատարներ` համաձայն հայցվորի կողմից 19.04.2011 թվականին տրված թիվ ԱՍ73 տեխնիկական պայմանի: Ընկերությունը պահանջել է նաև պատասխանողներին պարտավորեցնել Ընկերությունից ջրատարների տեղափոխման տեխնիկական պայմաններ ստանալ և ջրատարների սանիտարապահպանական շերտագծի սահմաններում կառուցված շինությունները ապամոնտաժել, որպիսի պահանջից հետագայում հրաժարվել է:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Հարթենյան) (այսուհետ` Դատարան) 31.10.2013 թվականի վճռով հայցը` պատասխանողներին իրենց միջոցների հաշվին Եղվարդի խճուղի թիվ 108/3 հասցեում գտնվող շինությունը շրջանցող նոր ջրատարներ, համաձայն Ընկերության կողմից 19.04.2011 թվականի թիվ PR/803 գրությամբ տրված ԱՍ73 տեխնիկական պայմանի, կառուցելուն պարտավորեցնելու պահանջի մասով, մերժվել է, իսկ քաղաքացիական գործի վարույթը` պատասխանողներին Ընկերության ջրատարների տեղափոխման տեխնիկական պայմաններ ստանալուն պարտավորեցնելու, ջրատարների սանիտարապահպանական շերտագծի սահմաններում կառուցված շինություններն ապամոնտաժելուն պարտավորեցնելու պահանջների մասով, կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.02.2014 թվականի որոշմամբ Ընկերության և Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 31.10.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

 Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 11-րդ կետը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ, 14-րդ, 277-րդ, 278-րդ, 617-րդ հոդվածները, ՀՀ ջրային օրենսգրքի 3-րդ, 4-րդ հոդվածները, ՀՀ առողջապահության նախարարի 29.11.2002 թվականի թիվ 803 հրամանը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Ընկերությունը Երևան քաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը վարձակալման իրավունքով օգտագործում է 01.06.2006 թվականից` համաձայն 14.12.2005 թվականին Ընկերության, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի և «Քոմփանի Ժենեղալ Դեզ Օ» կազմակերպության միջև կնքված վարձակալության պայմանագրի: Տվյալ պայմանագրով և ՀՀ կառավարության 16.02.2006 թվականի թիվ 309-Ն որոշման հիման վրա` որպես պետական սեփականություն հանդիսացող գույք վարձակալությամբ Ընկերությանն են հանձնվել ջրաղբյուրները, ջրատարները, ՕԿՋ-ները, ինչպես նաև Երևան քաղաքի և մերձակա մի շարք համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը և այն ամբողջ գույքը, որն անհրաժեշտ է ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների իրականացման համար:

Վարձակալության պայմանագրի 4.3-րդ կետի համաձայն` հողը և հողին վերաբերող այն իրավունքները, որոնք անհրաժեշտ են ծառայությունների մատուցման համար, վարձատուի կողմից պետք է տրամադրվեն վարձակալին: Գույքի պահպանման վերաբերյալ պայմանները և վարձակալի պարտականությունները նույնպես վերաբերում են նաև հողին և հողի նկատմամբ իրավունքներին:

Վերաքննիչ դատարանը չի կատարել ապացույցների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտում, հաշվի չի առել այն հանգամանքը, որ թեև Իսկուհի Ավագյանին 19.04.2011 թվականին տրվել է ջրագծերի և կոյուղագծի շրջանցման տեխնիկական պայման, սակայն պատասխանողները չեն իրականացրել տվյալ տեխնիկական պայմանում նշված պարտավորությունները, մասնավորապես` շինարարական աշխատանքներ կատարելու համար չեն պատվիրել նախագիծ-նախահաշիվ համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպությունում և այն չեն համաձայնեցրել Ընկերության հետ:

 

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.02.2014 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել կամ գործն ուղարկել համապատասխան դատարան` նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ 19.03.2013 թվականի թիվ ԱՏ-15/03/2013-2-0259 տեղեկանքի համաձայն` Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 6/4 հասցեով անշարժ գույք գրանցված չէ: Կադաստրային գործի տվյալների համաձայն` Դավթաշեն, Եղվարդի խճուղի թիվ 108/3 ռեստորանային համալիր հասցեի անշարժ գույքը ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով գրանցված է Իսկուհի Ավագյանի, Սեյրան և Ռուզաննա Մանթաշյանների անվամբ (հատոր 1-ին, գ.թ. 92):

 2) Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամաս թիվ 6/4 հասցեում գտնվող շինության նկատմամբ 25.11.2010 թվականին գրանցվել է Ռուզաննա Սեյրանի Մանթաշյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 113-117):

3) ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ 17.05.2013 թվականի թիվ ԱՏ-15/05/2013-1-0285 տեղեկանքի համաձայն` Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 6/4 հասցեով անշարժ գույքը միավորվել է այլ գույքի հետ և ստացել Երևանի, Եղվարդի խճուղի թիվ 108/3 հասցեն: Ուստի ներկայումս Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 6/4 հասցեով անշարժ գույք առկա չէ (հատոր 2-րդ, գ.թ. 20):

4) Կառուցապատողներ Իսկուհի Ավագյանին, Սեյրան և Ռուզաննա Մանթաշյաններին Դավթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղի թիվ 108/3, Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 6/4 հասցեում հասարակական նշանակության օբյեկտի կառուցման համար 15.12.2010 թվականին տրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք (հատոր 2-րդ, գ.թ. 71):

5) Կառուցապատողներ Իսկուհի Ավագյանին, Սեյրան և Ռուզաննա Մանթաշյաններին Դավթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղի թիվ 108/3, Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 6/4 հասցեում հասարակական նշանակության օբյեկտի կառուցման համար 12.03.2011 թվականին տրվել է թիվ 01/18-Մ-454-108 շինարարության թույլտվություն (հատոր 2-րդ, գ.թ. 70):

6) ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի, այսուհետ` վարձատու, Ընկերության, այսուհետ` վարձակալ, «Քոմփանի Ժենեղալ Դեզ Օ» ընկերության, այսուհետ` հայտատու, միջև 14.12.2005 թվականին կնքվել է վարձակալության պայմանագիր (այսուհետ` Վարձակալության պայմանագիր) (հատոր 2-րդ, գ.թ. 73-76):

7) Իսկուհի Ավագյանը 01.04.2011 թվականին դիմում է ներկայացրել Ընկերություն, որով խնդրել է թույլ տալ իր տարածքի տակով անցնող ջրի խողովակների ուղղությունը փոխել (հատոր 1-ին, գ.թ. 65):

 8) Ընկերության գլխավոր տնօրեն Պասկալ Ռուայեն 19.04.2011 թվականի թիվ PR-800 գրությամբ Եղվարդի խճուղի թիվ 108/3 հասցեով անցնող ջրագծերի և կոյուղագծի շրջանցման տեխնիկական պայմանի տրամադրման վերաբերյալ Իսկուհի Ավագյանին հայտնել է, որ թույլատրվում է անջատել նախկին ջրագծերը և կառուցել նոր d=400 մմ և d=700 մմ պողպատե շրջանցող ջրագծեր: Թույլատրվում է անջատել նախկին կոյուղագիծը և կառուցել նոր d=800 մմ շրջանցող կոյուղագիծ: Շինարարական աշխատանքները կատարելու համար անհրաժեշտ է պատվիրել նախագիծ-նախահաշիվ համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպությանը և այն համաձայնեցնել Ընկերության հետ: Հողային աշխատանքներն իրականացնել համապատասխան շահագրգիռ կազմակերպությունների կողմից թույլտվության դեպքում: Ջրագծերի և կոյուղագծի միացումները պետք է իրականացվեն համապատասխան շահագործման տնօրինության կողմից: Միացման աշխատանքները կատարվում են հաճախորդի հաշվին, նրա կողմից համապատասխան դրամական փոխհատուցում կատարելու դեպքում: Տվյալ տեխնիկական պայմանն ուժի մեջ է 1 տարի գրանցման օրվանից, որից հետո ենթակա է վերանայման (հատոր 1-ին, գ.թ. 62):

9) Ընկերության 19.04.2011 թվականին թիվ PR-800 գրությամբ տրված թիվ ԱՍ73 տեխնիկական պայմանին համապատասխան աշխատանքներն Իսկուհի Ավագյանի կողմից չեն կատարվել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցին, թե արդյոք «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված պահանջները պարտադիր են այն պարագայում, երբ կառուցապատման համար տրամադրված ճարտարապետահատակագծային առաջադրանքով այդ մասին հատուկ վերապահում արված չէ:

 ՀՀ ջրային օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարությունը համապատասխան պետական կառավարման մարմինների միջոցով իրականացնում է ՀՀ ջրային օրենսգրքի նպատակները, ապահովում է ջրերի պահպանությունը, պաշտպանությունը վնասակար ազդեցությունից, օգտագործումը հանրության շահերի համար՝ հանուն բոլոր անձանց անվտանգության։

  ՀՀ ջրային օրենսգրքի 4-րդ հոդվածի համաձայն` ՀՀ տարածքում առկա ջրային ռեսուրսները պետական սեփականություն են ու տնօրինվում, տիրապետվում և օգտագործվում են օրենսդրությամբ սահմանված կարգով: Ջրի ազգային ծրագրով սահմանված պետական նշանակության ջրային համակարգերը պետական սեփականություն են և մասնավորեցման ենթակա չեն: Մայրուղային և միջհամայնքային ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի անօտարելի գոտիները պետական սեփականություն են և մասնավորեցման ենթակա չեն:

 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի պահանջել վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում, թեկուզև այդ խախտումները զուգորդված չեն եղել տիրապետումից զրկելու հետ:

 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 278-րդ հոդվածի համաձայն` նույն օրենսգրքի 274-277-րդ հոդվածներով նախատեսված իրավունքները պատկանում են նաև այն անձին, ով թեև սեփականատեր չէ, սակայն գույքը տիրապետում է օրենքով կամ պայմանագրով նախատեսված հիմքով: Այդ անձն իր տիրապետման պաշտպանության իրավունք ունի նաև ընդդեմ սեփականատիրոջ:

Վկայակոչված իրավանորմերից հետևում է, որ սեփականատերն իրավունք ունի ներկայացնել այնպիսի խախտումները վերացնելու պահանջ, որոնք, չզրկելով վերջինիս գույքի տիրապետման իրավունքից, խոչընդոտում են նրա այլ` գույքի օգտագործման և տնօրինման իրավունքների լիարժեք իրականացմանը` դրանով իսկ խախտելով այդ իրավունքները: Ընդ որում, նման պաշտպանություն օրենսդիրը նախատեսել է նաև տիտղոսային տիրապետողի համար, այսինքն՝ այն անձի, ով գույքը տիրապետում է օրինական հիմքերով: Այլ կերպ ասած՝ իրավունքների պաշտպանության միջոցների առումով տիտղոսային տիրապետողը հավասարեցվում է սեփականության իրավունքի սուբյեկտին:

  Սույն գործի փաստերի համաձայն` 14.12.2005 թվականին կնքված վարձակալության պայմանագով Ընկերությունը տիրապետում և օգտագործում է Երևան քաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը:

 Վարձակալության պայմանագրի 4.3-րդ կետի համաձայն` հողը և հողին վերաբերող բոլոր այն իրավունքները, որոնք անհրաժեշտ են ծառայություները մատուցելու համար, վարձատուի կողմից պետք է տրամադրվեն վարձակալին: Գույքի պահպանման վերաբերյալ պայմանները և վարձակալի պարտականությունները նմանապես վերաբերում են նաև հողին և հողի նկատմամբ իրավունքներին:

 Վարձակալության պայմանագրի վերը նշված կետից հետևում է, որ Արզական-Երևան ջրատարի նկատմամբ պայմանագրով ձեռք բերված Ընկերության իրավունքները հավասարապես տարածվում են նաև ջրատարի անօտարելի գոտիները կազմող սանիտարապահպանական շերտագծի հողերի վրա:

 Սույն գործով Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Դատարանի վճիռը, պատճառաբանել է, որ պատասխանող կողմը Եղվարդի խճուղու թիվ 108/3 հասցեով գտնվող անշարժ գույքի սեփականատերն է, իսկ նշված հասցեում կառուցապատումն իրականացրել է օրենքով սահմանված կարգի պահպանմամբ, և նման պայմաններում բացակայում է որևէ հիմք` պատասխանող կողմին հայցվորի պահանջը կատարելուն պարտավորեցնելու համար:

 Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը և Վերաքննիչ դատարանն անտեսել են այն հանգամանքը, որ ՀՀ առողջապահության նախարարի 29.11.2002 թվականի թիվ 803 հրամանով սահմանվել են «Խմելու տնտեսական նշանակության ջրմուղների և ջրամատակարարման աղբյուրների սանիտարական պահպանման գոտիներ» N 2-III.Ա-2-2 սանիտարական նորմեր ու կանոններ:

 Տվյալ սանիտարական կանոնները և նորմերը սահմանում են խմելու տնտեսական նշանակության ջրմուղների և ջրամատակարարման աղբյուրների սանիտարական պահպանման գոտիների կազմակերպմանը և շահագործմանը ներկայացվող սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ:

 Կազմակերպվում են սանիտարական պահպանման երեք գոտիներ, որոնցից երկրորդ և երրորդ գոտիները (սահմանափակման գոտիներ) ներառում են ջրամատակարարման աղբյուրների ջրի աղտոտման կանխարգելմանն ուղղված տարածքներ:

 Ջրատարների սանիտարական պահպանումն ապահովվում է սանիտարապահպանման շերտագծով:

 Սանիտարապահպանական շերտագծի լայնությունը ջրատարի եզրային գծերի երկու կողմից պետք է ընդունվի՝ մինչև 1.000 մմ ջրատարի տրամագծի դեպքում 10 մ ոչ պակաս:

«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները սահմանում են բնակչության համար շրջակա միջավայրի անվտանգության և ոչ վնասակարության չափանիշներն ու մարդու կենսագործունեության համար բարենպաստ պայմանների ապահովման պահանջները:

 Սանիտարական կանոնների կատարումը պարտադիր է բոլոր պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև պաշտոնատար անձանց և քաղաքացիների համար:

 Նման պարագայում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անկախ այն հանգամանքից, որ առկա է 15.12.2010 թվականին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանք և 12.03.2011 թվականին տրված շինարարության թույլտվություն, առանց հատուկ պայմանների, պատասխանող կողմը, «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի երկրորդ պարբերության համաձայն` պարտավոր էր պահպանել ՀՀ առողջապահության նախարարի 29.11.2002 թվականի թիվ 803 հրամանով սահմանված «Խմելու տնտեսական նշանակության ջրմուղների և ջրամատակարարման աղբյուրների սանիտարական պահպանման գոտիներ» N 2-III.Ա-2-2 սանիտարական նորմերն ու կանոնները և պահպաներ ջրագծի սանիտարապահպանական շերտագծի լայնությունը ջրատարի եզրային գծերի երկու կողմից 10 մետրից ոչ պակաս, ինչ նպատակով էլ տրվել էր տեխնիկական պայմանը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ անշարժ գույքի սեփականատերը կրում է այդ գույքի պահպանման հոգսը և պատասխանատու է երրորդ անձանց հետ հարաբերություններում այդ գույքի առնչությամբ ծագած իրավահարաբերություններում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։

Վերը նշված նորմից հետևում է, որ Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է հետազոտել և գնահատել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը և միայն նշված պահանջների պահպանման արդյունքում որոշել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու հարցը:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի հիմնավորվածության հարցին և արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե′ս, Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանն ընդդեմ Արմեն, Անահիտ Խաչատրյանների և մյուսների թիվ ԿԴ3/0026/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ստորադաս դատարանները ճիշտ չեն որոշել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը, չեն գնահատել գործում առկա բոլոր ապացույցները, ինչն ազդել է գործի ելքի վրա:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.2014 թվականի ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240- 2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

 Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.02.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ս. Անտոնյան

Վ. Աբելյան

    Վ. Ավանեսյան
   

Ա. Բարսեղյան

   

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան