ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1910/02/13 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1910/02/13 |
Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան |
Դատավորներ՝ |
Գ. Մատինյան |
Ա. Թումանյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի մասնակցությամբ դատավորներ Գ. Հակոբյանի Վ. ԱԲԵԼՅԱՆԻ Ս. Անտոնյանի Վ. Ավանեսյանի Ա. Բարսեղյանի Մ. Դրմեյանի Է. Հայրիյանի Ե. Սողոմոնյանի
2014 թվականի հուլիսի 18-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Սեյրան և Ռուզաննա Մանթաշյանների, Իսկուհի Ավագյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.12.2013 թվականի որոշման դեմ` ըստ Սեյրան և Ռուզաննա Մանթաշյանների, Իսկուհի Ավագյանի հայցի ընդդեմ «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Բանկ)` անշարժ գույքի գրավի և անշարժ գույքի հաջորդող գրավի պայմանագրերը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Սեյրան և Ռուզաննա Մանթաշյանները, Իսկուհի Ավագյանը (այսուհետ՝ Հայցվորներ) պահանջել են անվավեր ճանաչել 04.05.2011 թվականին կնքված թիվ 111 և թիվ 112 անշարժ գույքի գրավի, 29.09.2011 թվականին կնքված թիվ 235, 02.04.2012 թվականին կնքված թիվ 43 և թիվ 44, 27.06.2012 թվականին կնքված թիվ 98 և թիվ 99, 17.12.2012 թվականին կնքված թիվ Ա-08 և թիվ Ա-09, 05.03.2013 թվականին կնքված թիվ Ա-08 և թիվ Ա-09 անշարժ գույքի հաջորդող գրավի պայմանագրերի 7.1 կետը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Է. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 10.10.2013 թվականի որոշմամբ հայցը թողնվել է առանց քննության:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 27.12.2013 թվականի որոշմամբ Հայցվորների վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10.10.2013 թվականի «Հայցն առանց քննության թողնելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Հայցվորները:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Բանկը։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության 3-րդ, 18-րդ, 19-րդ, 42-րդ, 83.5-րդ և 91-րդ հոդվածները, «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ, 6-րդ, 48-րդ, 49-րդ, 51-րդ, 53-րդ, 103-րդ, 132-րդ հոդվածները, 219-րդ հոդվածի 1-ին կետը և 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետը:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը որոշում կայացնելիս վկայակոչել է հենց վիճարկվող արբիտրաժային համաձայնությունը և գործը չի քննել ըստ էության:
Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքում նշված հիմքերին և հիմնավորումներին:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Դատարանը, հայցը թողնելով առանց քննության, հայցվորներին զրկել է դատական կարգով իրենց խախտված իրավունքները վերականգնելու հնարավորությունից:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ֆինանսական արբիտրաժը ոչ դատարան է, ոչ էլ արդարադատություն իրականացնող մարմին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են «բեկանել Վերաքննիչ դատարանի 27.12.2013 թվականի որոշումը և վերացնել Դատարանի 10.10.2013 թվականի «Հայցն առանց քննության թողնելու մասին» որոշումը»:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Դատարանի` «Հայցն առանց քննության թողնելու մասին» որոշումը բխում է միջազգային կոնվենցիաների, ՀՀ Սահմանադրության և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի դրույթներից:
Դատարանը չի սահմանափակել Հայցվորների՝ ՀՀ ընդհանուր իրավասության դատարան դիմելու իրավունքը, այլ կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դրույթը:
Կողմերն ազատ կամահայտնությամբ են եկել այդ համաձայնությանը, ուստի Դատարանը կատարել է օրենքի իմպերատիվ պահանջը:
Ներկա պահին որևէ օրենքով սահմանափակված չէ ֆինանսական արբիտրաժի կողմից վեճեր լուծելու հնարավորությունների սահմանը: Եթե կողմը գտնում է, որ տվյալ գործի շուրջ քննությունը և որոշում կայացնելը դուրս է ֆինանսական արբիտրաժի իրավասությունից, ապա նա նախ և առաջ պետք է դիմեր ֆինանսական արբիտրաժին` արբիտրաժային տրիբունալի իրավասության բացակայության կամ իրավասությունը գերազանցելու վերաբերյալ հայտարարությամբ, իսկ դրա վերաբերյալ կայացված որոշման հետ համաձայն չլինելու դեպքում` նոր դիմեր դատարան, որի կայացրած որոշումը կլիներ վերջնական:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Բանկի և Իսկուհի Ավագյանի` նաև որպես անհատ ձեռնարկատեր, Սեյրան Մանթաշյանի միջև 04.05.2011 թվականին կնքված թիվ 111, Բանկի և Ռուզաննա Մանթաշյանի, Դավիթ Հարությունյանի և անհատ ձեռնարկատեր Իսկուհի Ավագյանի միջև 04.05.2011 թվականին կնքված թիվ 112 անշարժ գույքի գրավի, Բանկի և Իսկուհի Ավագյանի` նաև որպես անհատ ձեռնարկատեր, Սեյրան և Ռուզաննա Մանթաշյանների, Դավիթ Հարությունյանի միջև 29.09.2011 թվականին կնքված թիվ 235, 02.04.2012 թվականին կնքված թիվ 43 և թիվ 44, 27.06.2012 թվականին կնքված թիվ 98 և թիվ 99, 17.12.2012 թվականին կնքված թիվ Ա-08 և թիվ Ա-09, 05.03.2013 թվականին կնքված թիվ Ա-08 և թիվ Ա-09 անշարժ գույքի հաջորդող գրավի պայմանագրերի 7.1 կետով նախատեսվել է, որ նշված պայմանագրերի կապակցությամբ ծագած վեճերը և տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում կողմերը գալիս են արբիտրաժային համաձայնության առ այն, որ նշված պայմանագրերի շուրջ ծագած բոլոր վեճերի լուծումը, բացառելով ընդհանուր իրավասության դատարանների ենթակայությունը, հանձնվելու է Հայաստանի բանկերի միության «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկին՝ «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքին, Հայաստանի բանկերի միության «Ֆինանսական արբիտրաժի» կանոնադրությանը և «Ֆինանսական արբիտրաժի կանոնակարգին» համապատասխան։ (հատոր 1-ին, գ.թ. 14-46).
2) Սեյրան և Ռուզաննա Մանթաշյանները, Իսկուհի Ավագյանը հայց են ներկայացրել Դատարան ընդդեմ Բանկի` անշարժ գույքի գրավի և անշարժ գույքի հաջորդող գրավի պայմանագրերի 7․1 կետն անվավեր ճանաչելու պահանջների մասին (հատոր 1-ին, գ.թ. 6-13).
3) Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 3-րդ կետով, 10.10.2013 թվականին որոշում է կայացրել հայցն առանց քննության թողնելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 123):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում է, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք արբիտրաժային համաձայնության առկայության պարագայում գործարքն անվավեր ճանաչելու վերաբերյալ վեճը ենթակա է արբիտրաժի քննությանը:
ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:
Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, ում նույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ, եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վարչական կարգով քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է միայն օրենքով նախատեսված դեպքերում: Վարչական կարգով ընդունված որոշումը կարող է բողոքարկվել դատարան:
Վկայակոչված իրավադրույթների, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ կետի իրավակարգավորումից հետևում է, որ քաղաքացիական շրջանառության մասնակիցների` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված հիմնարար իրավունքներից է իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը: Այդ իրավունքին համապատասխանում է պետության պարտականությունը` ստեղծել անհրաժեշտ և գործուն կառուցակարգեր` ուղղված նշված իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացմանը: Մասնավորապես, քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը գործող իրավակարգավորման պայմաններում կարող է իրականացվել դատական, վարչական և հասարակական (արբիտրաժային) ձևերով, որոնցից առավել երաշխավորվածը դատական պաշտպանությունն է: Իրավունքների պաշտպանության այս ձևի առանձնահատկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ վեճի քննությունը և լուծումն իրականացվում է օրենքով հստակ սահմանված դատավարական կարգով ու պարունակում է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու, կողմերի դատավարական իրավունքների իրացումն ապահովող կայուն երաշխիքներ:
Միևնույն ժամանակ օրենսդիրը, հաշվի առնելով վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի բարդությունը, պաշտպանության հայցվող արժեքի կարևորությունը, քաղաքացիական շրջանառության սուբյեկտների համար որոշակի վեճերի քննության և լուծման համար սահմանել է միայն իրավունքի պաշտպանության դատական ձևը` բացառելով այդպիսի վեճերի քննության և լուծման հնարավորությունը վարչական և հասարակական (արբիտրաժային) կարգով:
Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելով և դրա անվավերության հետևանքները կիրառելով:
Նույն օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքն անվավեր է նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):
ՀՀ Սահմանադրության 91-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:
ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում գործում են ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ դատարանները և վճռաբեկ դատարանը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև մասնագիտացված դատարաններ:
Վերը նշված հոդվածների վերլուծությունից բխում է, որ գործող կարգավորման համաձայն` վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու պահանջը ենթակա է քննության հենց ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ դատարանի և վճռաբեկ դատարանի կողմից:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործարքն անվավեր ճանաչելու վերաբերյալ պահանջների քննությունը բացառապես դատարանին վերապահելը պայմանավորված է ինչպես գործարքի անվավերության հիմքերի բացառիկությամբ, որոնց առկայության կամ բացակայության փաստը կարող է պարզվել միայն դատավարական որոշակի գործողությունների իրականացման արդյունքում, այնպես էլ այն հանգամանքով, որ գործարքներն ուղղված են քաղաքացիական շրջանառության մասնակիցների համար քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ առաջացնելուն, փոփոխելուն կամ դադարեցնելուն, հետևաբար նման վեճերի քննությունն անմիջականորեն առնչվում է քաղաքացիական շրջանառության մասնակիցների իրավունքներին և պատականություններին ու պահանջում է նմանատիպ վեճերի լուծման հնարավորինս երաշխավորված և արդյունավետ ընթացակարգ, որպիսին դատական պաշտպանությունն է:
Ընդ որում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 316-րդ հոդվածի իրավակարգավորումից հետևում է, որ գործարքը կարող է վիճարկվել ինչպես ամբողջությամբ, այնպես էլ մի մասով:
Սույն գործի փաստերի համաձայն` մի կողմից Բանկի և մյուս կողմից Սեյրան ու Ռուզաննա Մանթաշյանների, Իսկուհի Ավագյանի և Դավիթ Հարությունյանի միջև կնքվել են անշարժ գույքի գրավի ու անշարժ գույքի հաջորդող գրավի պայմանագրեր: Նշված պայմանագրերի 7.1 կետով նախատեսվել է, որ այդ պայմանագրերի կապակցությամբ ծագած վեճերը և տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում կողմերը գալիս են արբիտրաժային համաձայնության առ այն, որ նշված պայմանագրերի շուրջ ծագած բոլոր վեճերի լուծումը, բացառելով ընդհանուր իրավասության դատարանների ենթակայությունը, հանձնվելու է Հայաստանի բանկերի միության «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկին՝ «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքին, Հայաստանի բանկերի միության «Ֆինանսական արբիտրաժի» կանոնադրությանը և «Ֆինանսական արբիտրաժի կանոնակարգին» համապատասխան:
Սույն գործով հայցի առարկան նշված պայմանագրերի 7.1 կետն անվավեր ճանաչելու պահանջն է:
Վերաքննիչ դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 3-րդ կետով, վերաքննիչ բողոքը մերժելու և Դատարանի 10.10.2013 թվականի «Հայցն առանց քննության թողնելու մասին» որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին որոշման հիմքում դրել է այն հանգամանքը, որ գործի քննության ընթացքում պատասխանող կողմը միջնորդել է Դատարանին որոշում կայացնել հայցն առանց քննության թողնելու մասին` այն հիմնավորմամբ, որ առկա է կողմերի համաձայնությունը` պայմանագրերի հետ կապված վեճերը արբիտրաժի միջոցով լուծելու վերաբերյալ:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը վերոնշյալ դիրքորոշումների համատեքստում չէր կարող բավարար հիմք հանդիսանալ վերաքննիչ բողոքը մերժելու համար, քանի որ, ինչպես արդեն վերը նշվեց, գործող իրավակարգավորման համաձայն` վիճահարույց գործարքը կամ դրա մի մասն անվավեր ճանաչելու պահանջը ենթակա է քննության բացառապես ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ դատարանի և վճռաբեկ դատարանի կողմից, ու բացի այդ, արբիտրաժային համաձայնության կողմերն իրենք են պայմանավորվել վեճերը լուծման համար Հայաստանի բանկերի միության «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկին հանձնելը կատարել «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքին, Հայաստանի բանկերի միության «Ֆինանսական արբիտրաժի» կանոնադրությանը և «Ֆինանսական արբիտրաժի կանոնակարգին» համապատասխան, որը ևս նախատեսում է ընդհանուր սկզբունքից օրենքով նախատեսված սահմանափակումները:
Այսպես` «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենքի գործողությունը տարածվում է առևտրային արբիտրաժին առնչվող հարաբերությունների վրա` Հայաստանի Հանրապետության և այլ պետության կամ պետությունների միջև գործող պայմանագրերի պահպանման պայմանով:
«Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` նույն օրենքի իմաստով «առևտրային» հասկացությունը ներառում է առևտրային բնույթի բոլոր հարաբերությունները` ինչպես պայմանագրային, այնպես էլ ոչ պայմանագրային: Առևտրային բնույթի հարաբերությունները, մասնավորապես, ներառում են հետևյալ գործարքները` բանկերի կամ այլ ֆինանսական կազմակերպությունների և նրանց հաճախորդների միջև կնքված, ապրանքների ու ծառայությունների մատակարարման և փոխանակման, առևտրային ներկայացուցչության կամ գործակալման, ֆակտորինգի, վարձակալության, աշխատանքների կատարման, խորհրդատվության, նախագծման, լիցենզային, ներդրման, ֆինանսավորման, ապահովագրության, շահագործման կամ կոնցեսիայի, համատեղ ձեռնարկատիրության կամ արդյունաբերական, ձեռնարկատիրական համագործակցության այլ ձևերի, ծովային, օդային, երկաթուղային և ավտոմոբիլային փոխադրումների:
Նշված հոդվածների վերլուծությունից բխում է, որ առևտրային արբիտրաժի կողմից քննության ենթակա են միայն վերը նշված օրենքի իմաստով առևտրային բնույթի վեճերը:
«Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` նշված օրենքի դրույթները հիմնվում են հետևյալ սկզբունքների վրա և պետք է մեկնաբանվեն այդ սկզբունքներին համապատասխան` կողմերն ազատ են իրենց միջև վեճերի լուծման ընթացակարգի շուրջ համաձայնվելու հարցում, որը ենթակա է միայն օրենքով նախատեսված սահմանափակումների:
Նշված նորմի վերլուծությունից բխում է, որ «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի սկզբունքներից է կողմերի ազատությունը` իրենց միջև վեճի դեպքում ընտրելու դրա լուծման ընթացակարգը: Ընդ որում, այդ սկզբունքը գործում է այնքանով, որքանով սահմանափակված չէ նույն օրենքով կամ մեկ այլ օրենքով:
«Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքով նման սահմանափակման օրինակ է նույն օրենքի 1-ին հոդվածի 4-րդ մասը, որի բովանդակությունից բխում է, որ «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի գործողությունը չի բացառում Հայաստանի Հանրապետության մեկ այլ օրենքի գործողություն, որի համաձայն` որոշակի վեճեր չեն կարող հանձնվել արբիտրաժի լուծմանը: Այսինքն` նշված օրենքը չի բացառում այնպիսի իրավիճակ, երբ Հայաստանի Հանրապետության մեկ այլ օրենք բացառի որոշակի վեճերի հանձնումը արբիտրաժի լուծմանը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագրի պայմանները մեկնաբանելիս դատարանը պետք է ելնի նրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից:
Նշված պայմանագրերի 7.1 կետում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից ելնելով մեկնաբանելով այդ կետը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պայմանագրերի կողմերը վեճերի լուծման ընթացակարգի շուրջ համաձայնվել են հետևյալ պայմաններին`
1) նշված պայմանագրերի շուրջ ծագած բոլոր վեճերի լուծումը հանձնել Հայաստանի բանկերի միության «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկին,
2) բացառել ընդհանուր իրավասության դատարանների ենթակայությունը,
3) վեճերը լուծման համար Հայաստանի բանկերի միության «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկին հանձնելը կատարել «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքին, Հայաստանի բանկերի միության «Ֆինանսական արբիտրաժի» կանոնադրությանը և «Ֆինանսական արբիտրաժի կանոնակարգին» համապատասխան:
Նշված երրորդ պարտադիր պայմանի, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի վերոնշյալ դիրքորոշումների լույսի ներքո մեկնաբանելով 1-ին և 2-րդ կետերում նշված պայմանները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պայմանագրերի կողմերը, ազատ լինելով իրենց միջև վեճերի լուծման ընթացակարգի շուրջ համաձայնվելու հարցում, այնուամենայնիվ, կատարել են «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված պահանջը, և իրենց այդ ազատությունը ենթարկել են սահմանափակման` նախատեսելով, որ վեճերը լուծման համար Հայաստանի բանկերի միության «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկին հանձնելը կատարվելու է «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքին, Հայաստանի բանկերի միության «Ֆինանսական արբիտրաժի» կանոնադրությանը և «Ֆինանսական արբիտրաժի կանոնակարգին» համապատասխան:
Ավելին, անգամ պայմանագրերում վերը նշված 3-րդ պայմանը չնախատեսելու դեպքում «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված նորմը գործելու էր անմիջականորեն, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 438-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագիրը պետք է համապատասխանի այն կնքելու պահին գործող օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված` կողմերի համար պարտադիր կանոններին (իմպերատիվ նորմերին):
Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով գործարքն անվավեր ճանաչելու պահանջը ենթակա է քննության բացառապես դատարանում, մինչդեռ Վերաքննիչ դատարանը, անտեսելով վերը նշված իրավադրույթների իմպերատիվ պահանջը, ինչպես նաև սխալ գնահատելով կողմերի միջև կնքված արբիտրաժային համաձայնությունը, ոչ ճիշտ հետևության է հանգել հայցն առանց քննության թողնելու հիմքի առկայության վերաբերյալ, ինչն ազդել է գործի ելքի վրա:
Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.2014 թվականի ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.12.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Գ. Հակոբյան |
Վ. ԱԲԵԼՅԱՆ | |
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | |
Ա. Բարսեղյան | |
Մ. Դրմեյան | |
Է. Հայրիյան | |
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|