ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԱՐԴ/0089/01/12 |
Քրեական գործ թիվ ԱՐԴ/0089/01/12 |
|
Նախագահող դատավոր՝ Ե. Դարբինյան |
Դատավորներ` | Գ. Ավետիսյան | |
Ս. Չիչոյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Հ. Ասատրյանի | |
Ս. Ավետիսյանի | ||
Ե. Դանիելյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղարությամբ |
Հ. Պետրոսյանի |
2014 թվականի օգոստոսի 15-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Սիլվա Ռոբիկի Խաչատրյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի փետրվարի 12-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնում 2011 թվականի սեպտեմբերի 16-ին հարուցվել է թիվ 48116311 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Նախաքննության մարմնի 2012 թվականի հուլիսի 9-ի որոշմամբ Սիլվա Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նույն օրը որոշում է կայացվել Ս.Խաչատրյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:
2012 թվականի հուլիսի 13-ին քրեական գործի վարույթը կասեցվել է՝ մինչև Ս.Խաչատրյանին հայտնաբերելը:
2012 թվականի հուլիսի 19-ին Ս.Խաչատրյանը հայտնաբերվել է, և քրեական գործով կասեցված վարույթը վերսկսվել է: Նույն օրը Ս.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
2012 թվականի օգոստոսի 7-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 4-ի դատավճռով ճանաչվել և հռչակվել է ամբաստանյալ Ս.Խաչատրյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ:
Նույն դատավճռով տուժողի ներկայացուցիչ Վ.Խեչյանի քաղաքացիական հայցը թողնվել է առանց քննության, և նրան իրավունք է վերապահվել քաղաքացիական դատավարության կարգով դիմել դատարան:
3. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի փետրվարի 12-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 4-ի դատավճիռը` թողել օրինական ուժի մեջ:
4. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի փետրվարի 12-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանը:
Վճռաբեկ դատարանի 2014 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:
2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Նախաքննության մարմինը Ս.Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա. «(…) 2005թ-ից հանդիսանալով ֆիզիկական անձ, բանավոր պայմանավորվածության համաձայն, մինչև 06.05.2009թ. իրականացրել է «ՄԱՊ» ՓԲ ընկերության կողմից արտադրված և իրեն վստահված տարբեր տեսակի գինիների, կոնյակների և պահածոների առաքում ԼՂՀ-ի տարածքում: Իսկ 11.05.2009թ. արդեն Ա/Ձ Ս.Խաչատրյանի և ընկերության միջև կնքվել է ապրանքների մատակարարման պայմանագիր և համապատասխան հաշիվ-ապրանքագրերով իրեն վստահված ապրանքները մինչև 31.12.2011թ. Ս.Խաչատրյանը կրկին վաճառել է ԼՂՀ-ի տարածքում: Նշված ժամանակահատվածում Ս.Խաչատրյանն ընկերության գույքը շարունակաբար հափշտակելու դիտավորությամբ վաճառքից ստացված ապրանքների` առանձնապես խոշոր չափի հասնող 32.935.1 հազ. ՀՀ դրամ գումարը չի մուտքագրել դրամարկղ, այլ ՓԲԸ-ին ցույց է տվել որպես չվաճառված ապրանք և նշված գումարը վատնելու եղանակով հափշտակելով` ծախսել է իր անձնական կարիքների համար» (տե՛ս քրեական գործ, հատոր 6, թերթ 201-210):
6. Առաջին ատյանի դատարանում դատական վիճաբանությունների փուլում մեղադրողը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 4-րդ մասով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 9-րդ կետով, հրաժարվել է Ս.Խաչատրյանին առաջադրված մեղադրանքից՝ Ս.Խաչատրյանի արարքում հանցակազմի բացակայության հիմնավորմամբ (տե՛ս քրեական գործ, հատոր 9, դատական նիստի արձանագրման համառոտագրում և լազերային սկավառակ, թերթ 199-200 և 205):
7. Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 4-ի դատավճռի համաձայն՝ «(…) դատարանը (...) գտնում է, որ «ՄԱՊ» ՓԲԸ-ի և Ա/Ձ Սիլվա Խաչատրյանի միջև առկա վեճը ենթակա է լուծման քաղաքացիական իրավունքի նորմերին համապատասխան և քաղաքացիական դատավարության կարգով, ուստի Ա/Ձ Սիլվա Խաչատրյանի արարքին քրեաիրավական գնահատական տալիս, նախաքննական մարմինը հանգել է սխալ հետևության այն մասին, որ Ա/Ձ Սիլվա Խաչատրյանի արարքում առկա է յուրացնելու կամ վատնելու հանցակազմ:
Դատական վիճաբանությունների փուլում մեղադրող Գոռ Ալոյանը ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 4-րդ մասով և 54 հոդվածով՝ հայտարարեց, որ հրաժարվում է Սիլվա Ռոբիկի Խաչատրյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքից:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366 հոդվածի 4-րդ մասի համաձայն դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազը մեղադրանքից հրաժարվելու դեպքում դատարանը մեղադրանքի այդ մասով կայացնում է արդարացնող դատավճիռ:
Վերը շարադրվածից ելնելով՝ դատարանը գտնում է, որ Ա/Ձ Սիլվա Խաչատրյանի վերաբերյալ պետք է կայացվի արդարացման դատավճիռ՝ մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելու հիմքով» (տե՛ս քրեական գործ, հատոր 9, թերթ 207-215):
8. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի փետրվարի 25-ի որոշման համաձայն՝ «Գործի նյութերով հիմնավորվել է, որ մեղադրողը դատական վիճաբանությունների փուլում իր ճառում հայտնել է, որ Դատարանում հետազոտված ապացույցներից պարզ է դարձել, որ Ս.Խաչատրյանի արարքում բացակայում է յուրացման հանցակազմը և հետո միայն հրաժարվել է Ս.Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքից, փաստորեն մեղադրողը Ս.Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքից հրաժարվել է վերջինիս գործողություններում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, ուստի Առաջին ատյանի դատարանի կողմից Ս.Խաչատրյանի վերաբերյալ կայացրած արդարացման դատավճիռը հիմնավորված է և օրինական և այն բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջից:
(…) [ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածի 2-րդ մասը] քրեադատավարական մյուս նորմերի նկատմամբ՝ այդ թվում նաև ընդհանուր մասում զետեղված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի նկատմամբ, կիրառման առումով, ունի գերակայություն: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածն այստեղ իմպերատիվ պահանջ է դնում Դատարանի առջև՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով և երկրորդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության, ինչպես նաև դատախազի` մեղադրանքից հրաժարվելու դեպքում, կայացնել արդարացման դատավճիռ:
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն քրեական գործով արդարացման դատավճիռ կայացնելու համար առկա են եղել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածի՝ թե 2-րդ, և թե 4-րդ մասերով նախատեսված հիմքերը, ուստի Առաջին ատյանի դատարանը ցանկացած դեպքում պարտավոր էր կայացնելու արդարացման դատավճիռ:
(…) Իսկ ինչ վերաբերում է բողոքի այն պատճառաբանությանը, որ Դատարանը որպես արդարացման դատավճիռ կայացնելու հիմք դատավճռի եզրափակիչ մասում նշել է մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելը, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ մեղադրողը մեղադրանքից հրաժարվել է արդարացնող՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով և նման հետևության է հանգել նաև Առաջին ատյանի դատարանը (…):» (տե՛ս քրեական գործ, հատոր 9, թերթ 266-274):
3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.
9. Բողոք բերած անձը փաստարկել է, որ սույն գործով ստորադաս դատարանները թույլ են տվել դատավարական իրավունքի նորմերի խախտումներ: Մասնավորապես, խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 1-ին, 7-րդ, 23-24-րդ, 35-րդ, 66-րդ, 306-րդ, 353-354-րդ, 366-րդ, 398-րդ հոդվածների պահանջները:
Համակարգային վերլուծության ենթարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` «Վարույթն առաջին ատյանի դատարանում» վերտառությամբ 9-րդ բաժնում ամրագրված նորմերը` բողոքաբերը եզրահանգել է, որ դատավճիռ կայացնելու համար դատարանը պետք է սպառի օրենքով նախատեսված դատական քննության բոլոր փուլերը, այսինքն` քրեական գործը պետք է անցնի դատական քննության բոլոր կառուցվածքային մասերով: Եթե դատարանը չի անցել այդ մասերը, ապա բացակայում են դատավճիռ կայացնելու պարտադիր նախադրյալները, ուստի այդ պայմաններում կայացված դատավճիռը ենթակա է բեկանման: Իսկ մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելու դեպքում դատարանն իրավունք չունի շարունակելու վարույթը` ապահովելու համար դատավճիռ կայացնելու նախապայմանները (մասնավորապես ամբաստանյալի մասնակցությունը դատական վիճաբանություններին, նրա վերջին խոսքի իրավունքը): Դատական քննության առարկան դատախազի կողմից դատարան ներկայացված մեղադրանքի օրինականությունը, հիմնավորվածությունն ու ապացուցվածությունը ստուգելն է: Այն դեպքում, երբ դատախազը հրաժարվում է մեղադրանքից, ապա դատարանը չի կարող վարույթը շարունակել և պարտավոր է կարճել քրեական գործի վարույթը և դադարեցնել քրեական հետապնդումը:
10. Դիրքորոշում արտահայտելով այն մասին, որ մեղադրանքից հրաժարվելը բացառում է դատավճիռ կայացնելը` բողոքաբերը նաև կարծիք է հայտնել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները վերաբերում են միայն մեղադրանքից մի ծավալով հրաժարվելու դեպքերին: Մի մասով մեղադրանքից հրաժարվելը մյուս մասով դատավարությունը շարունակելու խոչընդոտ չի հանդիսանում, ուստի դատարանը սպառում է դատավճիռ կայացնելու պատշաճ ընթացակարգը և կայացնում է մեղադրական դատավճիռ, որը մասամբ համարվում է արդարացման:
11. Բողոքաբերը վերլուծել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 66-րդ, 366-րդ հոդվածները և փաստել, որ ստորադաս դատարանները Ս.Խաչատրյանի նկատմամբ արդարացման դատավճիռ են կայացրել մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելու հիմքով՝ դրանով իսկ թույլ տալով դատավարական իրավունքի կոպիտ խախտում և օրենքի կամայական մեկնաբանություն: Այս կապակցությամբ բողոքաբերը նշել է, որ արդարացման հիմքերը չորսն են, որոնց շարքում դատախազի կողմից մեղադրանքից հրաժարվելը նշված չէ, քանի որ դա դատավարական գործողություն է, այլ ոչ թե արդարացման հիմք:
12. Վերոգրյալի հիման վրա`բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2014 թվականի փետրվարի 12-ի որոշումը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով`մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելու պատճառաբանությամբ կարճել քրեական գործի վարույթը և դադարեցնել քրեական հետապնդումը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է` մեղադրողի կողմից դատական վիճաբանությունների փուլում մեղադրանքից հրաժարվելու պայմաններում Առաջին ատյանի դատարանը Ս.Խաչատրյանի նկատմամբ պարտավոր էր կայացնել արդարացման դատավճի՞ռ, թե քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում:
14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 306-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն`«Մեղադրանքից դատախազի հրաժարվելու դեպքում դատարանը կարճում է քրեական գործով վարույթը և դադարեցնում քրեական հետապնդումը, (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն`«Դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազը մեղադրանքից հրաժարվելու դեպքում դատարանը մեղադրանքի այդ մասով կայացնում է արդարացնող դատավճիռ»:
Մեջբերված քրեադատավարական նորմերի համադրված վերլուծությունից հետևում է, որ դրանք մեղադրողի մեղադրանքից հրաժարվելու դեպքում տարբեր իրավական հետևանքներ են նախատեսում համապատասխան դատական ակտ կայացնելու տեսանկյունից: Նշված անհստակությանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Կ.Ստեփանյանի և Մ.Հովհաննիսյանի գործով որոշման մեջ` ելնելով դատական քննության փուլի առջև դրված խնդիրներից և դատավճռի`որպես արդարադատության իրականացման կարևորագույն ակտի նշանակությունից և արձանագրել է, որ «(…) դատական քննության միջոցով դատարանն իրականացնում է արդարադատություն, որը նրա բացառիկ սահմանադրական իրավազորությունն է: Հետևաբար, դատական քննությունն արդարադատության իրականացման յուրահատուկ դատավարական ձև է, որի առարկան իրավական վեճն է պետության (տուժողի) և ամբաստանյալի միջև: Դատական քննությունը միտված է վերոնշյալ վեճի, ինչպես նաև դատական քննության խնդիրների լուծմանը և ավարտվում է դատավճռի կայացմամբ: Ընդ որում, դատավճիռ կայացնելով`դատարանը լուծում է ոչ միայն բուն դատական քննության առջև ծառացած անմիջական խնդիրները, այլև քրեական դատավարության և արդարադատության այլ խնդիրներ (կանխարգելիչ, դաստիարակչական և այլն):
Դատավճիռն արդարադատության իրականացման հիմնական ակտն է, որն իրենից ներկայացնում է կոնկրետ իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի նորմի կիրառում: Սակայն, ի տարբերություն իրավակիրառման մյուս ակտերի, միայն դատավճռով է հնարավոր ամբաստանյալին մեղավոր ճանաչել և նրա նկատմամբ սահմանել պատիժ: Մյուս կողմից, եթե դատաքննության արդյունքում չի հաստատվում ամբաստանյալի մեղավորությունը, ապա դատարանը պարտավոր է կայացնել արդարացման դատավճիռ`ճանաչելով և հռչակելով հանցանքի կատարման մեջ ամբաստանյալի անմեղությունը`այն մեղադրանքով, որով նա ներգրավվել է որպես մեղադրյալ: Այլ խոսքով`արդարացման դատավճիռը ոչ այլ ինչ է, քան դատավարական գործունեության արդյունք, որով դատարանը փաստում է անձին ներկայացված մեղադրանքի անհիմն լինելը:
Արդարացման հիմքով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու դատարանի իրավասությունը, անշուշտ, անհրաժեշտ քրեադատավարական ինստիտուտ է, որը հնարավորություն է տալիս զերծ մնալ քրեական գործերն անտեղի դատաքննության փուլ տեղափոխելուց: Մինչդեռ, նշված հիմքով քրեական հետապնդման դադարեցումն արդեն իսկ սկսված դատաքննության պայմաններում, երբ հանցագործության փաստական հանգամանքները պարզելու նպատակով ուսումնասիրվում են ապացույցներ, արդարացված չէ և կարող է հանգեցնել ամբաստանյալի դատավարական երաշխիքների չեզոքացմանն ի համեմատ այն իրավիճակի, երբ նրա նկատմամբ կայացվեր արդարացման դատավճիռ: Խոսքը վերաբերում է օրինական ուժի մեջ մտած դատավճռի (այդ թվում`արդարացման) նախադատելի նշանակությանը, ինչը ենթադրում է, որ դատարանի կողմից գործով հաստատված փաստերի մասին դատավճռում արված եզրահանգումները պարտադիր են նույն հանգամանքների առնչությամբ քաղաքացիական կամ վարչական դատավարության կարգով գործեր քննող դատարանների և իրավակիրառ այլ մարմինների համար: Ավելին`քրեադատավարական օրենսդրությամբ առանձնակի կարգավորում է ստացել քաղաքացիական հայցով դատավճռի նշանակության խնդիրը, ըստ որի`նույն քաղաքացիական հայցով դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայությունը, որով հայցը մերժվել է, բացառում է քաղաքացիական հայցի հարուցումը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մաս): Մինչդեռ, քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը նման հատկանիշներով օժտված չէ:
Վերոգրյալից բացի, միայն արդարացման դատավճիռը կարող է ամբողջապես ռեաբիլիտացնել ամբաստանյալին հասարակության աչքերում: Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը, թեկուզև արդարացնող հիմքով, հասարակության մոտ կարող է նույնացվել անձի մեղքի «ապացուցված չլինելու» հետ, մինչդեռ դատական նիստում կայացված արդարացման դատավճիռը դատարանի հետևությունն է ամբաստանյալի անմեղության և ներկայացված մեղադրանքի հիմնազուրկ լինելու վերաբերյալ: Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի դատաքննությունն սկսելուց հետո դատարանն ամբաստանյալի մեղավորության կամ անմեղության հարցի լուծումը կարող է տալ բացառապես դատավճռով:
(…) [Մ]եղադրանքից հրաժարվել դատախազը կարող է միայն այն դեպքում, երբ դատարանում հետազոտված փաստական տվյալների գնահատման արդյունքում գալիս է համոզման, որ առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով կամ 2-րդ մասով նախատեսված որևէ հիմք: Ընդ որում, քրեադատավարական օրենսդրությունը չի սահմանափակում մեղադրանքից հրաժարվելու դատախազի իրավասությունը դատական քննության փուլով, և մեղադրողը կարող է հրաժարվել մեղադրանքից ինչպես դատաքննությունն սկսելուց հետո, այնպես էլ նախքան այդ (նման իրավիճակ հնարավոր է այն դեպքում, երբ, օրինակ`տեղի է ունեցել արարքի ապաքրեականացում):
(…) [Կ]ախված այն հանգամանքից, թե դատական քննության հատկապես որ փուլում է դատախազն արտահայտում մեղադրանքից հրաժարվելու իր կամահայտնությունը, դրա իրավական հետևանքները պետք է տարբեր լինեն: Մասնավորապես,
ա) այն դեպքում, երբ դատախազը մեղադրանքից հրաժարվում է նախքան դատաքննությունն սկսելը, դատարանը պետք է կայացնի քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում: Վճռաբեկ դատարանի վերոգրյալ դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ դատավճիռը`որպես դատավարական գործունեության արդյունք, չի կարող կայացվել դատական նիստի նախապատրաստական փուլում.
բ) այն դեպքում, երբ դատախազը մեղադրանքից հրաժարվում է դատաքննությունն սկսելուց հետո, դատարանը պետք է կայացնի արդարացման դատավճիռ, քանի որ դրա կայացումը հնարավոր է բացառապես քրեական գործն ըստ էության քննելու արդյունքում, իսկ գործող քրեադատավարական կարգավորումների պայմաններում դատարանում քրեական գործի ըստ էության քննությունն սկսվում է դատաքննության փուլով» (տե՛ս Կարեն Արարատի Ստեփանյանի և Մկրտիչ Աշոտի Հովհաննիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՏԴ2/0030/01/13 որոշման 20-23-րդ կետերը):
15. Վերահաստատելով սույն որոշման նախորդ կետում մեջբերված և համապատասխանաբար Կ.Ստեփանյանի և Մ.Հովհաննիսյանի գործով որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով կամ 2-րդ մասով նախատեսված որևէ հիմքով մեղադրողի մեղադրանքից հրաժարվելը դատարանում գործի հետագա վարույթը բացառող հանգամանք է: Իսկ առաջին ատյանի դատարանում վարույթը, որպես կանոն, կարող է ավարտվել դատավճիռ կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելով: Ընդ որում, այդ դատական ակտերի իրավական բնույթով պայմանավորված` դրանցից յուրաքանչյուրը կարող է կայացվել դատական քննության որոշակի փուլում: Ըստ այդմ, քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կամ արդարացման դատավճիռ կայացնելու համար կանխորոշող է նաև այն փաստը, թե դատական քննության հատկապես որ փուլում է մեղադրողը հրաժարվում մեղադրանքից: Այն դեպքում, երբ դատախազը մեղադրանքից հրաժարվում է նախքան դատաքննությունն սկսելը, դատարանը պետք է կայացնի քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում: Մինչդեռ, եթե դատախազը մեղադրանքից հրաժարվել է դատաքննությունն սկսելուց հետո, այդ թվում`դատական վիճաբանությունների փուլում, դատարանը պարտավոր է կայացնել արդարացման դատավճիռ:
Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում բողոքաբերի այն եզրահանգմանը, որ դատավճիռ կայացնելու համար դատարանը պետք է սպառի օրենքով նախատեսված դատական քննության բոլոր փուլերը, իսկ մեղադրանքից հրաժարվելու վերաբերյալ դատախազի հայտարարությունը բացառում է գործի վարույթը շարունակելը, հետևաբար նաև դատավճիռ կայացնելը (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը): Կ.Ստեփանյանի և Մ.Հովհաննիսյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ. «Դատաքննությունն իր ամբողջության մեջ դատավարական (դատական) գործողությունների կատարման և որոշումների կայացման բարդ համակարգ է, որն իրականացվում է քրեադատավարական օրենքով ամրագրված իրավական կանոններին համապատասխան` նպատակ ունենալով պարզել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի հիմնավորվածությունը: Այն դեպքում, երբ դատաքննության ընթացքում ի հայտ են գալիս ամբաստանյալի անմեղության մասին վկայող անհերքելի հանգամանքներ, որպիսին է նաև դատախազի կողմից մեղադրանքից հրաժարվելը, դատական քննության հետագա փուլերը դառնում են առարկայազուրկ, հետևաբար դատարանը պետք է ավարտի գործի քննությունը` կայացնելով արդարացման դատավճիռ: Այլ խոսքով` արդարացման դատավճիռ կայացնելու համար դատարանը պարտավոր չէ սպառել օրենքով նախատեսված դատական քննության բոլոր փուլերը, ինչն ուղղակիորեն բխում է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածի 2-րդ մասի այն պահանջից, որ «Դատարանը պարտավոր է սույն օրենսգրքի 35-րդ հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով և երկրորդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում տվյալ դատական նիստում կայացնել արդարացման դատավճիռ»» (տե՛ս նույն որոշման 24-րդ կետը):
16. Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածի 4-րդ մասը վերաբերում է բացառապես մեղադրանքից մի մասով հրաժարվելու դեպքերին (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը), ապա Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ հաստատում է Կ.Ստեփանյանի և Մ.Հովհաննիսյանի գործով որոշման մեջ արտահայտած այն իրավական դիրքորոշումը, որ. «(…) նշված քրեադատավարական նորմը չի նախատեսում, որ դատարանը կարող է արդարացման դատավճիռ կայացնել բացառապես այն դեպքում, երբ դատախազը մասնակիորեն է հրաժարվում մեղադրանքից, այլ ամրագրում է, որ դատախազի մեղադրանքից հրաժարվելու դեպքում դատարանը մեղադրանքի այդ մասով կայացնում է արդարացման դատավճիռ: Այս դեպքում «մեղադրանքի այդ մասով» ձևակերպումը պետք է հասկանալ որպես ամբաստանյալին վերագրվող այն հանցավոր արարքը, որը դատախազի կարծիքով չի հաստատվել դատական քննության ընթացքում, որը կարող է լինել ինչպես ամբողջ մեղադրանքը, այնպես էլ դրա մի մասը» (տե՛ս նույն որոշման 24-րդ կետը):
17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ նախաքննության մարմնի կողմից Ս.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-դ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (տե՛ս սույն որոշման 1-ին և 5-րդ կետերը):
Առաջին ատյանի դատարանում`դատական վիճաբանությունների փուլում, մեղադրողը հայտարարել է, որ հրաժարվում է Ս.Խաչատրյանին առաջադրված մեղադրանքից`հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):
Առաջին ատյանի դատարանը, հիմք ընդունելով մեղադրանքից հրաժարվելու մասին մեղադրողի դիրքորոշումը, 2013 թվականի դեկտեմբերի 4-ին կայացրել է դատավճիռ, որով Ս.Խաչատրյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-դ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում արդարացվել է (տե՛ս սույն որոշման 2-րդ և 7-րդ կետերը):
Վերաքննիչ դատարանը, գտնելով, որ դատարանը, արդարացման դատավճիռ կայացնելով, դատավարական իրավունքի նորմերի խախտում թույլ չի տվել, 2014 թվականի փետրվարի 12-ին որոշում է կայացրել դատախազի բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 4-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին (տե՛ս սույն որոշման 3-րդ և 8-րդ կետերը):
18. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-16-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո`Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրողի կողմից դատական վիճաբանությունների փուլում մեղադրանքից հրաժարվելու պայմաններում Առաջին ատյանի դատարանը Ս.Խաչատրյանի նկատմամբ պարտավոր էր կայացնել արդարացման դատավճիռ և ոչ թե քրեական գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում:
Անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, որ ստորադաս դատարանները Ս.Խաչատրյանի արդարացման դատավճռի հիմքում դրել են քրեադատավարական օրենքով չնախատեսված հիմք, այն է` մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելը (տես սույն որոշման 11-րդ կետը), ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով մեղադրողը պատճառաբանված հրաժարվել է մեղադրանքից` արարքում հանցակազմի բացակայության հիմքով (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում հստակ նշել է, որ Ս.Խաչատրյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-դ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցակազմը: Այս հանգամանքն ընդգծել է նաև Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում (տես սույն որոշման 7-8-րդ կետերը): Իսկ ինչ վերաբերում է դատավճռում տեղ գտած այն ձևակերպմանը, որ «Սիլվա Խաչատրյանի վերաբերյալ պետք է կայացվի արդարացման դատավճիռ` մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելու հիմքով», ապա Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգքրի 420-րդ հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի` արդարացման դատավճիռը (...) չի կարող բեկանվել քրեադատավարական օրենքի էական խախտման շարժառիթով, եթե արդարացվածի անմեղությունը կասկած չի հարուցում, գտնում է, որ քրեադատավարական օրենքի այս խախտումը չի կարող հիմք ծառայել արդարացման` գործն ըստ էության ճիշտ լուծող դատավճիռը բեկանելու համար:
19. Այսպիսով, հիմք ընդունելով վերը շարադրված հիմնավորումները` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ներկայացված վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստորադաս դատարանների դատական ակտերն օրինական են և հիմնավորված, հետևաբար բողոքը պետք է մերժել, իսկ Վերաքննիչ դատարանի դատական ակտը`թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2014 թվականի հունիսի 10-ի թիվ ՀՕ-48-Ն օրենքի 12-րդ հոդվածը և հաշվի առնելով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը բերվել է մինչև 2014 թվականի հուլիսի 3-ը` Վճռաբեկ դատարանը ղեկավարվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` մինչև վկայակոչված օրենքի ուժի մեջ մտնելը (2014 թվականի հուլիսի 3-ը) գործող խմբագրությամբ:
Ուստի, ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով`Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: Սիլվա Ռոբիկի Խաչատրյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի փետրվարի 12-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Դ. Ավետիսյան | |
Դատավորներ` |
Հ. Ասատրյան | |
Ս. Ավետիսյան | ||
Ե. Դանիելյան | ||
Ա. Պողոսյան | ||
Ս. Օհանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|