Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1171
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.10.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.12.03/66(1079) Հոդ.981
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
28.10.2014
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
28.10.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.2014

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

28 հոկտեմբերի 2014 թ.

 

1972 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՄԱՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Ա. Առաքելյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց` «1972 թվականի մարտի 29-ին ստորագրված` Տիեզերական օբյեկտների կողմից հասցված վնասի համար միջազգային պատասխանատվության մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 24.09.2014թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. 1972 թվականի մարտի 29-ին ստորագրված` Տիեզերական օբյեկտների կողմից հասցված վնասի համար միջազգային պատասխանատվության մասին կոնվենցիան (այսուհետ` Կոնվենցիա) ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1971թ. նոյեմբերի 29-ին և ստորագրվել է 1972 թվականի մարտի 29-ին` տիեզերական օբյեկտների կողմից վնաս հասցնելու համար պատասխանատվության վերաբերյալ արդյունավետ միջազգային կանոններ և ընթացակարգեր մշակելու և, մասնավորապես, Կոնվենցիայի պայմանների համաձայն` նման վնասից տուժածներին անհապաղ ամբողջական և արդարացի փոխհատուցման վճարումն ապահովելու, ինչպես նաև տիեզերական տարածության հետազոտման և խաղաղ նպատակներով օգտագործման բնագավառում միջազգային համագործակցության ամրապնդման նպատակով:

2. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

● որպես տիեզերք արձակող պետություն հանդես գալու պարագայում` բացարձակ պատասխանատվություն կրել երկրագնդի մակերևույթին կամ թռիչքի վիճակում գտնվող օդանավերին ՀՀ տիեզերական օբյեկտի կողմից պատճառված վնասի դիմաց փոխհատուցում վճարելու համար (հոդված II),

● այլ պետության(ների) հետ համատեղ տիեզերական օբյեկտ արձակելու պարագայում` կրել համապարտ և բաժնային պատասխանատվություն ցանկացած վնաս հասցնելու համար (հոդված V, կետ 1),

● եթե պահանջ ներկայացնող պետությունը և Հայաստանի Հանրապետությունը, որի կողմից փոխհատուցումը Կոնվենցիայի շրջանակներում ենթակա է վճարման, համաձայնություն են ձեռք բերում փոխհատուցման այլ ձևի շուրջ, ապա փոխհատուցումը վճարել պահանջ ներկայացնող պետության արժույթով կամ այդ պետության պահանջով՝ ՀՀ դրամով (հոդված XIII),

● հավասարապես կրել Պահանջների լուծման հարցերով հանձնաժողովի հետ կապված ծախսերը, եթե այլ բան որոշված չէ Հանձնաժողովի կողմից (հոդված XX),

●  եթե տիեզերական օբյեկտի պատճառած վնասը մեծ վտանգ է ներկայացնում մարդու կյանքի համար կամ լրջորեն միջամտում է բնակչության կենսապայմաններին կամ կենսական կենտրոնների գործունեությանը, ապա որպես Կողմ և, մասնավորապես, տիեզերք արձակող պետություն դիտարկել վնաս կրած պետությանը պատշաճ և անհապաղ աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը` նման պահանջով վերջինիս դիմելու դեպքում (հոդված XXI),

● որպես Կոնվենցիայի XXII հոդվածի 1-ին կետի իմաստով ցանկացած միջազգային միջկառավարական կազմակերպության անդամ պետություն ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ապահովելու համար այդպիսի կազմակերպության կողմից Կոնվենցիայի XXII հոդվածի 1-ին կետի համաձայն հայտարարության կատարումը (հոդված XXII, կետ 2),

● եթե Կոնվենցիայի XXII հոդվածի 1-ին կետի իմաստով միջազգային միջկառավարական կազմակերպությունը Կոնվենցիայի դրույթների ուժով պատասխանատվություն է կրում հասցված վնասի համար, ապա որպես այդ կազմակերպության անդամ հանդես գալու պարագայում` կրել համապարտ և բաժնային պատասխանատվություն՝ Կոնվենցիայի XXII հոդվածի 3-րդ կետում սահմանված պայմաններով (հոդված XXII, կետ 3):

3. Կոնվենցիայում հղում է կատարվում 1967 թվականի հունվարի 27-ի` «Տիեզերական տարածության, այդ թվում՝ Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման ու օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին» պայմանագրին, որը ՍԴՈ-1170 որոշմամբ ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը, որը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1992թ. մարտի 2-ից:

4. Հաշվի առնելով, որ այդ ոլորտում Հայաստանի Հանրապետությունը նախատեսում է իրականացնել մի շարք միջոցառումներ, մասնավորապես` արբանյակի բացթողում, շահագործում և այլն, ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Կոնվենցիան կնպաստի Հայաստանի Հանրապետությունում արբանյակային կապի ներդրմանը և զարգացմանը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 1972 թվականի մարտի 29-ին ստորագրված` Տիեզերական օբյեկտների կողմից հասցված վնասի համար միջազգային պատասխանատվության մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

28 հոկտեմբերի 2014 թվականի

ՍԴՈ-1171