Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.07.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.11.05/59(1072).1 Հոդ.978.14
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
18.07.2014
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.07.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.07.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0137/04/13

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0137/04/13

2014 թ.

Նախագահող դատավոր`  Ա. Մկրտչյան

Դատավորներ`   

Ի. Վարդանյան

 

Ն. Տավարացյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

   

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Վ. Ավանեսյանի

   

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

 

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Ե. Սողոմոնյանի

   

2014 թվականի հուլիսի 18-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կենտրոնի հարկային տեսչության (այսուհետ` Տեսչության) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.03.2014 թվականի որոշման դեմ` ըստ Տեսչության դիմումի ընդդեմ «Հիդրոէներգաշին» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Տեսչությունը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ։

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Կ. Պետրոսյան) (այսուհետ՝ Դատարան) 18.10.2013 թվականի վճռով դիմումը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 14.03.2014 թվականի որոշմամբ Տեսչության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 18.10.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչությունը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ և 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ընկերությանը սնանկ ճանաչելու պայման հանդիսացող վճարային պարտավորության անվիճելիությունն արտացոլված է վերջինիս կողմից հաշվարկված և հարկային մարմին ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում:

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը չի կատարել ապացույցների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ գնահատում` անտեսելով այն հանգամանքը, որ Դատարանի կողմից քննության առարկա չի դարձվել որպես հիմնական ապացույց ներկայացված հաշվարկը, որում հստակ երևում է, որ 87.887.806 ՀՀ դրամը հանդիսանում է Ընկերության կողմից հաշվարկված և Տեսչություն ներկայացված հաշվարկներով առաջացած պարտավորությունը:

Բացի այդ, Դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ վարչական դատարանը 20.08.2013 թվականի թիվ ՎԴ/1809/05/13 վճռով բավարարել է Տեսչության հայցը և Ընկերությունից բռնագանձել 30.044.648 ՀՀ դրամ: Նշված վճիռը ստացել է օրինական ուժ և գտնվում է հարկադիր կատարման փուլում:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.03.2014 թվականի որոշումը և փոփոխել այն` դիմումը բավարարել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա մերժման, քանի որ դիմումատուի դիմումի հիմքում դրված է վիճարկման փուլում գտնվող վարչական ակտ, որն անվիճելի կարգով չի ապացուցում Ընկերության պարտավորության առկայությունը: Հարկ է նշել, որ սնանկության դիմումի հիմք հանդիսացող ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի խոշոր հարկ վճարողների տեսչության 18.08.2012 թվականի թիվ 1002281 ակտը թիվ ՎԴ/5624/05/12 վարչական գործի շրջանակներում վիճարկվում է ՀՀ վարչական դատարանում, և դեռ պարզ չէ տվյալ ակտի օրինականության ու ճշտության աստիճանը: Ավելին, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 04.10.2013 թվականի թիվ 1002281/1 հանձնարարագրով անցկացվել է վերստուգում, որի արդյունքում թիվ 1002281 ակտի գումարը 145.825.940 ՀՀ դրամից դարձել է 56.608.978 ՀՀ դրամ, որից 42.596.444 ՀՀ դրամն արդեն իսկ փոխանցվել է պետական բյուջե: Միաժամանակ ուշադրության է արժանի այն փաստը, որ ՀՀ վարչական դատարանի 20.08.2013 թվականի թիվ ՎԴ/1809/05/13 թվականի վճռով բավարարվել է Տեսչության հայցը` Ընկերությունից 30.044.648 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, և Ընկերությունը կատարել է օրինական ուժի մեջ մտած վճռի պահանջները:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Տեսչության կողմից կազմված մնացորդների վերաբերյալ տեղեկանքի և Ընկերության ԱԱՀ-ի, շահութահարկի, եկամտահարկի, եկամտային հարկի, պարտադիր սոցիալական ապահովության վճարի անձնական հաշվի քարտերի համաձայն` Ընկերության պարտավորությունները պետական բյուջեի նկատմամբ 12.08.2013 թվականի դրությամբ կազմում են 233.713.746 ՀՀ դրամ, որից 145.825.940 ՀՀ դրամը հանդիսանում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի խոշոր հարկ վճարողների տեսչության 18.08.2012 թվականի թիվ 1002281 ակտի գումարը (հատոր 1-ին, գ.թ. 6-17):

2) Ընկերությանը սնանկ ճանաչելու դիմումին կից Տեսչությունը ներկայացրել է Ընկերության 2012 թվականի շահութահարկի հաշվարկը, որը կնքված և ստորագրված չէ Ընկերության կողմից (հատոր 1-ին, գ․թ․ 21-24):

3) Տեսչությունը թե´ վերաքննիչ բողոքում և թե´ վճռաբեկ բողոքում փաստարկում է, որ ՀՀ վարչական դատարանի 20.08.2013 թվականի թիվ ՎԴ/1809/05/13 վճռով բավարարվել է Տեսչության հայցն ընդդեմ Ընկերության` 30.044.648 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, և վճիռը գտնվում է կատարման փուլում:

4) Ընկերությունը, առարկելով ՀՀ վարչական դատարանի 20.08.2013 թվականի թիվ ՎԴ/1809/05/13 վճռի վերաբերյալ Տեսչության բողոքներում բերված փաստարկների դեմ, վճռաբեկ բողոքի պատասխանում նշել է, որ վճիռն ամբողջությամբ կատարվել է՝ վճռաբեկ բողոքի պատասխանին կից ներկայացնելով ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևանի քաղաքի պետական եկամուտների կոմիտեի հայցերով բռնագանձումների բաժնի ավագ հարկադիր կատարող Ա. Ավդալյանի որոշումները, որոնցով վերացվել է Ընկերությանը պատկանող գույքի և դրամական միջոցների վրա դրված արգելանքը, և կատարողական վարույթը կարճվել է:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ սնանկ ճանաչելու պայման հանդիսացող վճարային պարտավորության անվիճելիության հատկանիշի մեկնաբանմանը` վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումը, ինչպես նաև այդ պայմանների առկայության ապացուցման առանձնահատկություններին:

 «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է: Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` պարտապանը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել` հարկադրված սնանկության դիմումի հիման վրա, եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն): Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:

Վճռաբեկ դատարանն անդրադարձել է վերոգրյալ նորմերի վերլուծությանը և արձանագրել է, որ հարկադրված սնանկության դեպքում վճարային պարտավորության անվիճելիությունը, այդպիսի պարտավորության առնվազն 60-օրյա ժամկետով կետանցը և վճռի կայացման պահին այդպիսի կետանցի շարունակվելն այն երեք պայմաններն են, որոնցից յուրաքանչյուրի առկայությունն անհրաժեշտ է, իսկ բոլորինը միասին բավարար անձին սնանկ ճանաչելու համար: Վճարային պարտավորության անվիճելիությունն առկա է այն դեպքում, երբ պարտապանը չի առարկում սնանկ ճանաչելու պահանջի դեմ: Այդուհանդերձ, օրենքի վերոնշյալ դրույթը կարգավորում է նաև այն դեպքերը, երբ պարտապանը վիճարկում է պարտավորության անվիճելի լինելու փաստը, այլ կերպ ասած` առարկում է իրեն սնանկ ճանաչելու պահանջի դեմ, և այդ առարկությունները վերաբերում է վճարային պարտավորությանը (այլ ոչ թե կետանցին կամ կետանցի շարունակվելուն): Նման պայմաններում վերը հիշատակված հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «անվիճելի վճարային պարտավորություն» եզրույթի բովանդակությունը բացահայտելու համար անհրաժեշտ է այն դիտարկել նույն կետի «դ» ենթակետի համատեքստում: Մասնավորապես` այն պարտավորությունը, որը վիճարկվում է պարտապանի կողմից կամ որի դեմ պարտապանը ներկայացրել է առարկություն, անվիճելի է, եթե այդպիսի առարկությունն ուղղված է պահանջի մի մասի դեմ, իսկ մնացած մասը չի վիճարկվում: Այլ կերպ` չվիճարկվող մասը, եթե այն գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, անվիճելի է դարձնում պարտավորությունն առնվազն այդ մասով (տե'ս, «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Գևորգ Հարոյանի թիվ ԵՇԴ/0009/04/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե'ս, Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանն ընդդեմ Արմեն Խաչատրյանի և այլոց թիվ ԿԴ3/0026/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշումը):

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն՝ պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրողը:

Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 48-րդ հոդվածի իրավական վերլուծությանը:

Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը` ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տե′ս, Էդգար Մարկոսյանը և Զարուհի Գևորգյանն ընդդեմ Սեդա Սարգսյանի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության պարտավորությունները պետական բյուջեի նկատմամբ 12.08.2013 թվականի դրությամբ կազմել են 233.713.746 ՀՀ դրամ, որից 145.825.940 ՀՀ դրամը, ըստ Տեսչության կողմից կազմված մնացորդների վերաբերյալ տեղեկանքին կից ներկայացված անձնական հաշվի քարտերի, հանդիսացել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի խոշոր հարկ վճարողների տեսչության 18.08.2012 թվականի թիվ 1002281 ակտով առաջադրված պարտավորությունը, իսկ վճռաբեկ բողոքի հիմքում ընկած 87.887.806 ՀՀ դրամի չափով առաջացած պարտավորության անվիճելի լինելու վերաբերյալ Տեսչությունը ներկայացրել է մնացորդների վերաբերյալ տեղեկանք` առ 12.08.2013 թվականի դրությամբ և Ընկերության 2012 թվականի շահութահարկի հաշվարկը, ինչպես նաև նշել է, որ ՀՀ վարչական դատարանի 20.08.2013 թվականի թիվ ՎԴ/1809/05/13 թվականի վճռով բավարարվել է Տեսչության հայցը` Ընկերությունից 30.044.648 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, և նշված վճիռը գտնվում է հարկադիր կատարման փուլում:

Դատարանը, Տեսչության դիմումի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Ընկերությունը դատաքննությամբ ապացուցել է, որ առկա են պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր` դատարան ներկայացնելով սնանկության դիմումի համար հիմք հանդիսացող պարտավորությունների, այդ թվում` ստուգման ակտի` վարչական դատավարության կարգով քննվող թիվ ՎԴ/5624/05/12 վարչական գործի շրջանակներում վիճարկելու փաստը հաստատող ապացույց:

Վերաքննիչ դատարանը, հիմնավոր համարելով Դատարանի վերոգրյալ եզրահանգումը, մերժել է վերաքննիչ բողոքը:

Վճռաբեկ դատարանը, լրացուցիչ պատճառաբանելով դատական ակտը, գտնում է, որ ստորադաս դատարանի եզրահանգումները հիմնավոր են հետևյալ պատճառաբանությամբ․

Վճռաբեկ բողոքի հիմքում ընկած պետական բյուջեի հանդեպ պարտավորության անվիճելի լինելու հանգամանքը դիմող կողմը հիմնավորում է այն փաստարկով, որ դրանք առաջացել են Ընկերության կողմից ներկայացված հաշվետվություններով: Մինչդեռ որպես ապացույց Տեսչության կողմից ներկայացված է իր իսկ կողմից կազմված տեղեկանքը և Ընկերության ԱԱՀ-ի, շահութահարկի, եկամտահարկի, եկամտային հարկի, պարտադիր սոցիալական ապահովության վճարի անձնական հաշվի քարտերը՝ որպես պարտավորությունների ծագման հիմք ներկայացնելով միայն Ընկերության 2012 թվականի շահութահարկի հաշվարկը, որը ստորագրված և կնքված չէ Ընկերության կողմից:

Բացի այդ, Տեսչությունը նշում է, որ վճռաբեկ բողոքի հիմքում նշված պարտավորություններում ներառված են նաև ՀՀ վարչական դատարանի 20.08.2013 թվականի թիվ ՎԴ/1809/05/13 օրինական ուժի մեջ մտած վճռի գումարները, իսկ Ընկերությունը, առարկելով Տեսչության փաստարկների դեմ, նշում է, որ ՀՀ վարչական դատարանի 20.08.2013 թվականի թիվ ՎԴ/1809/05/13 օրինական ուժի մեջ մտած վճիռն ամբողջությամբ կատարված է:

Վերոնշյալ փաստարկի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ այն դեպքում, երբ պարտատերն ի հիմնավորումն վճարային պարտավորության անվիճելիության վկայակոչում է օրինական ուժի մեջ մտած վճիռ և նշում, որ այն գտնվում է հարկադիր կատարման փուլում, միաժամանակ պետք է հիմնավորի հարուցված կատարողական վարույթի` իր համար բացասական ելքը, այն է` կատարողական վարույթն ավարտվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով կամ կասեցվել է նույն օրենքի 37-րդ հոդվածի 8-րդ կետի հիմքով:

Այսպես, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` հարկադիր կատարողն ավարտում է կատարողական վարույթը, եթե պարտապանը չունի գույք կամ եկամուտներ, որոնց վրա կարելի է բռնագանձում տարածել և հարկադիր կատարողի՝ նույն օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով իրականացված հետախուզումը և (կամ) պահանջատիրոջ կողմից պարտապանի գույքը փնտրելու ուղղությամբ ձեռնարկված՝ օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` հարկադիր կատարողը պարտավոր է կասեցնել կատարողական վարույթը, եթե գույքի բռնագանձման վերաբերյալ վճռի հարկադիր կատարման ընթացքում պարտապանի ողջ գույքի վրա բռնագանձում տարածելու պարագայում պարզվում է, որ այդ գույքն օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի և ավելի չափով բավարար չէ պարտատիրոջ (պահանջատիրոջ) հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումն ապահովելու համար կամ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության որևէ կատարողական վարույթով (վարույթներով) պարտատիրոջ (պահանջատիրոջ) պահանջը բավարարելու դեպքում գույքի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի և ավելի չափով անբավարարության դեպքում անհնարին կդառնա այդ կամ այլ կատարողական վարույթով (վարույթներով) որևէ այլ պարտատիրոջ (պահանջատիրոջ) հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումը:

Վկայակոչված հոդվածներով ամրագրված` կատարողական վարույթն ավարտելու կամ կասեցնելու հիմքերը ևս իրենց բնույթով փաստում են պարտապանի անվճարունակության վերաբերյալ:

Ավելին, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 8-րդ կետի իրավակարգավորումն իր շարունակական զարգացումն է ստացել «Սնանկության մասին» ՀՀ օրենքում: Այսպես, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե գույքի բռնագանձման վերաբերյալ վճռի հարկադիր կատարման ընթացքում, պարտապանի ողջ գույքի վրա բռնագանձում տարածելու պարագայում, պարզվում է, որ այդ գույքն օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի և ավելի չափով բավարար չէ պարտատիրոջ (պահանջատիրոջ) հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումն ապահովելու համար կամ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության որևէ կատարողական վարույթով (վարույթներով) պարտատիրոջ (պահանջատիրոջ) պահանջը բավարարելու դեպքում գույքի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի և ավելի չափով անբավարարության դեպքում անհնարին կդառնա այդ կամ այլ կատարողական վարույթով (վարույթներով) որևէ այլ պարտատիրոջ (պահանջատիրոջ) հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումը, ապա հարկադիր կատարողը պարտավոր է անհապաղ կասեցնել կատարողական վարույթը (վարույթները) և առաջարկել պարտատիրոջը և պարտապանին նրանցից որևէ մեկի նախաձեռնությամբ ոչ պակաս, քան 60-օրյա ժամկետում սնանկության հայց ներկայացնել դատարան։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Տեսչությունն ի հիմնավորումն Ընկերության պարտավորությունների մի մասի անվիճելիության` վկայակոչել է ՀՀ վարչական դատարանի 20.08.2013 թվականի թիվ ՎԴ/1809/05/13 օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով Տեսչության հայցը` 30.044.648 ՀՀ դրամի բռնագանձման պահանջի մասին, բավարարվել է: Սույն գործով հիմնավորվել է, որ նշված վճիռը գտնվել է հարկադիր կատարման փուլում, սակայն Տեսչությունը չի ներկայացրել որևէ ապացույց` կատարողական վարույթը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով կամ նույն օրենքի 37-րդ հոդվածի 8-րդ կետի հիմքով համապատասխանաբար ավարտված կամ կասեցված լինելու վերաբերյալ: Ավելին, սույն գործով հիմնավորվում է այն փաստը, որ վերոնշյալ վճռի պահանջն ամբողջությամբ կատարվել է:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Տեսչության կողմից չի հիմնավորվել ՀՀ վարչական դատարանի 20.08.2013 թվականի թիվ ՎԴ/1809/05/13 օրինական ուժի մեջ մտած վճռից հետո պետական բյուջեի նկատմամբ Ընկերության անվիճելի պարտավորության առկայությունը, որն էական է սնանկության դիմումի քննության համար, իսկ միակողմանի կազմված տեղեկանքն ու անձնական հաշվի քարտերը, ինչպես նաև Ընկերության շահութահարկի հաշվարկը, որում բացակայում են Ընկերության կնիքն ու ստորագրությունը, չեն կարող հաստատել հարկադրված սնանկության՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերի առկայությունը: Վերոգրյալը թույլ է տալիս եզրահանգելու, որ պարտապանը բավարար հիմքեր ունի պահանջի դեմ առարկելու համար, որպիսի պայմաններում պարտապանի կողմից ներկայացվել են այնպիսի փաստարկներ և հանգամանքներ, որոնց գնահատման արդյունքում սնանկ ճանաչելու դիմումի հիմքում ընկած պահանջը պետք է լրացուցիչ հիմնավորվի թույլատրելի այլ ապացույցներով կամ հաստատվի «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված կարգով: Հակառակ դեպքում կվտանգվի սնանկության ճանաչման կարևոր սկզբունքը` պահանջի անվիճելիությունը, քանի որ պահանջի հիմնավորվածության վիճելի լինելու` պարտապանի կողմից առարկելու բավարար հիմքերի առկայության պայմաններում պարտատիրոջ օրինական շահերը կարող են պաշտպանվել քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով հայց հարուցելու եղանակով:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը, մերժելով Տեսչության դիմումը` Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, իսկ Վերաքննիչ դատարանը, մերժելով այդ վճռի դեմ Տեսչության բերած վերաքննիչ բողոքը, ճիշտ են մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը` հանգելով հիմնավոր եզրակացության առ այն, որ դիմումատուի դիմումի հիմքում դրված վճարային պարտավորությունը և դրա հիմքերն անվիճելի չեն, իսկ պարտապանը դրանց դեմ առարկելու բավարար հիմքեր ունի:

Վերոնշյալ հիմնավորմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված` Վճռաբեկ դատարանի` դատական ակտը օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը` սույն որոշման պատճառաբանություններով:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.2014 թվականի ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.03.2014 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` սույն որոշման պատճառաբանություններով:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ս. անտոնյան

 

Վ. ԱԲԵԼՅԱՆ

 

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

 

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

 

Է. Հայրիյան

 

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան